ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
«Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»
1, 2. Ինչո՞ւ չենք կարող ինքներս մոտենալ Եհովային, և ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը մեզ համար այս առնչությամբ։
ԵՐԲԵՎԷ կորցրե՞լ ես ճանապարհդ։ Գուցե կհիշես, որ ընկերոջդ կամ հարազատիդ այցելելիս մոլորվել ես։ Շարունակելով ճանապարհդ անծանոթ տեղանքով՝ հավանաբար կանգ ես առել ու հարցուփորձ արել։ Ի՞նչ կզգայիր, եթե ինչ-որ մեկը ոչ միայն ուղղություն ցույց տար քեզ, այլև սիրով առաջարկեր. «Ինձ հետևիր։ Ես կուղեկցեմ քեզ»։ Անկասկած, դու անչափ երախտապարտ կլինեիր այդ մարդուն։
2 Հիսուս Քրիստոսը հենց այսպիսի մի բան է արել մեզ համար։ Մենք ինքներս երբեք չէինք կարողանա մոտենալ Աստծուն։ Ժառանգած մեղքի ու անկատարության պատճառով մարդկությունը մոլորվել է և «հեռու է այն կյանքից, որ Աստված է առաջարկում» (Եփեսացիներ 4։17, 18)։ Ճանապարհը գտնելու համար մենք օգնության կարիք ունենք։ Եվ Հիսուսը՝ մեր Օրինակը, չի սահմանափակվում միայն խորհուրդներ կամ ուղղություն տալով։ Ինչպես նախորդ գլխից իմացանք, նա հրավիրում է մեզ. «Եկ ու իմ հետևորդը դարձիր» (Մարկոս 10։21)։ Հիսուսը նաև ցույց է տալիս, որ ծանրակշիռ պատճառ կա ընդունելու այդ հրավերը։ Մի առիթով նա ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Քննենք, թե ինչու ենք ասում, որ Հորը կարող ենք մոտենալ միայն Որդու միջոցով։ Հետո, դրանք ի մտի ունենալով, կիմանանք, թե ինչու է Հիսուսը «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։
Կարևոր դեր Եհովայի նպատակներում
3. Ինչո՞ւ պետք է Աստծուն մոտենանք Հիսուսի միջոցով։
3 Առաջին և գլխավոր պատճառը, թե ինչու կարող ենք մոտենալ Աստծուն միայն Հիսուսի միջոցով, այն է, որ Եհովան իր Որդուն ամենակարևոր դերն է շնորհել։a Եհովայի բոլոր նպատակներում նա առանցքային դեր ունի (2 Կորնթացիներ 1։20; Կողոսացիներ 1։18-20)։ Եվ որպեսզի հասկանանք, թե որքան կարևոր դեր ունի Հիսուսը, անդրադառնանք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Եդեմի պարտեզում, որտեղ առաջին մարդկային զույգը միացավ Սատանային ու ըմբոստացավ Եհովայի դեմ (Ծննդոց 2։16, 17; 3։1-6)։
4. Եդեմում տեղի ունեցած ըմբոստության արդյունքում ի՞նչ հարց առաջ քաշվեց, և ի՞նչ որոշեց Եհովան՝ խնդիրը լուծելու համար։
4 Եդեմում տեղի ունեցած ըմբոստության արդյունքում մի շատ կարևոր հարց առաջ քաշվեց. արդյոք նա, ով կրում է Եհովա անունը, իսկապես սրբությամբ, բարությամբ, արդարությամբ և սիրով է վարվում իր բոլոր գործերում։ Այս կարևոր հարցին պատասխանելու համար Եհովան որոշեց երկիր ուղարկել իր կատարյալ ոգեղեն որդիներից մեկին։ Ինչ խոսք, դա ծանր առաջադրանք էր լինելու. զոհաբերելով իր կյանքը՝ որդին պետք է սրբացներ իր Հոր անունը ու փրկագներ մարդկությանը։ Մինչև վերջ հավատարիմ մնալով՝ որդին պետք է վերացներ Սատանայի ըմբոստության հետևանքով առաջ եկած բոլոր խնդիրները (Եբրայեցիներ 2։14, 15; 1 Հովհաննես 3։8)։ Սակայն Եհովան ուներ բյուրավոր կատարյալ ոգեղեն որդիներ (Դանիել 7։9, 10)։ Ո՞ր մեկին նա կընտրեր այս կարևոր առաջադրանքն անելու համար։ Եհովան ընտրեց իր «միածին Որդուն»՝ նրան, ով հետագայում հայտնի դարձավ որպես Հիսուս Քրիստոս (Հովհաննես 3։16)։
5, 6. Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց, որ վստահում է իր Որդուն, և ինչի՞ վրա էր հիմնված այդ վստահությունը։
5 Պե՞տք է արդյոք զարմանալ, թե ինչու Եհովան այդպիսի ընտրություն կատարեց։ Ամենևի՛ն։ Հայրը լիովին վստահում էր իր միածին Որդուն։ Դեռ վերջինիս երկիր գալուց դարեր առաջ նա կանխագուշակել էր, որ այս Որդին նվիրված է մնալու՝ չնայած ծանր փորձություններին (Եսայիա 53։3-7, 10-12; Գործեր 8։32-35)։ Մի պահ պատկերացրու, թե ինչ է դա նշանակում. ինչպես մյուս բանական արարածները, Որդին նույնպես ուներ ազատ կամք և կարող էր ինքնուրույն որոշել, թե կյանքի ինչպիսի ուղի ընտրի։ Այդուհանդերձ, Եհովան այնքան էր վստահում նրան, որ նախապես ասել էր, որ նա հավատարիմ է մնալու։ Իսկ ինչի՞ վրա էր հիմնված նրա վստահությունը՝ գիտելիքների։ Եհովան շատ լավ է ճանաչում իր Որդուն և գիտի, թե նա որքան է ուզում հաճեցնել իրեն (Հովհաննես 8։29; 14։31)։ Որդին սիրում է Հորը, Հայրն էլ Որդուն է սիրում (Հովհաննես 3։35)։ Այդ սիրո շնորհիվ նրանց միջև կա միասնության և վստահության այնպիսի կապ, որն անհնար է խզել (Կողոսացիներ 3։14)։
6 Հասկանալով, թե ինչ կարևոր դեր ունի Որդին, թե ինչ վստահություն ունի Հայրը նրա նկատմամբ, և թե սիրո ինչ մեծ կապ կա նրանց միջև՝ չենք զարմանում, որ Աստծուն կարող ենք մոտենալ միայն Հիսուսի միջոցով։ Այնուամենայնիվ, Որդու միջոցով Հորը մոտենալու համար ևս մի պատճառ կա։
Միայն Որդին է լիովին ճանաչում Հորը
7, 8. Ինչո՞ւ Հիսուսը կարող էր ասել, որ ոչ ոք լիովին չի ճանաչում Հորը՝ «բացի Որդուց»։
7 Եթե ուզում ենք մոտենալ Եհովային, պետք է մի շարք պահանջների համապատասխանենք (Սաղմոս 15։1-5)։ Բացի Որդուց՝ ուրիշ ո՞վ կարող է ավելի լավ իմանալ Աստծու չափանիշները և այն, թե ինչպես է հնարավոր ստանալ նրա հավանությունը։ Հիսուսն ասաց. «Իմ Հայրը ամեն ինչ ինձ է հանձնել. ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն՝ բացի Հորից, և ոչ ոք լիովին չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, ինչպես նաև նրանցից, ում Որդին կամենա հայտնել Հոր մասին ճշմարտությունը» (Մատթեոս 11։27)։ Տեսնենք, թե ինչու Հիսուսը չչափազանցրեց, երբ ասաց՝ «բացի Որդուց» ոչ ոք լիովին չի ճանաչում Հորը։
8 Լինելով «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը»՝ Որդին առանձնահատուկ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ (Կողոսացիներ 1։15)։ Պատկերացրու, թե որքան մտերիմ են եղել Հայր ու Որդի, որքան է նրանց մտերմությունը ամրացել անթիվ-անհամար տարիների ընթացքում, երբ երկուսով են եղել, սկսել են միասին ստեղծագործել, ու առաջ են եկել մյուս ոգեղեն արարածները (Հովհաննես 1։3; Կողոսացիներ 1։16, 17)։ Միայն պատկերացրու, թե ինչ եզակի հնարավորություն է ունեցել Որդին. այդ ողջ ընթացքում նա իր Հոր կողքին էր և կարող էր հասկանալ նրա մտածելակերպը, իմանալ նրա կամքը, չափանիշները, գործելակերպը։ Ուստի բոլորովին էլ չափազանցություն չէր, երբ Հիսուսն ասաց, որ բոլորից լավ է ճանաչում Հորը։ Եհովայի հետ մտերմության շնորհիվ նա կարող էր բացահայտել նրա էությունը, մի բան, որն ուրիշ ոչ ոք չէր կարող անել։
9, 10. ա) Ի՞նչ կերպերով Հիսուսը բացահայտեց իր Հոր էությունը։ բ) Եհովայի հավանությունն ունենալու համար ի՞նչ պետք է անենք։
9 Հիսուսի սովորեցրածները արտացոլում էին Եհովայի մտքերն ու զգացմունքները, ինչպես նաև ցույց էին տալիս, թե նա ինչ է պահանջում իր երկրպագուներից։b Հիսուսը այլ կերպ էլ բացահայտեց Հոր էությունը։ Նա ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Հիսուսը կատարելապես ընդօրինակեց իր Հորը թե՛ խոսքերով, թե՛ գործերով։ Ուստի երբ Աստվածաշնչում կարդում ենք, թե որքան ազդեցիկ ու գրավիչ էին նրա խոսքերը, թե ինչպիսի կարեկցանքով էր նա բուժում հիվանդներին և խղճահարվում ու արտասվում՝ ուրիշի ցավը տեսնելով, հասկանում ենք, թե նմանատիպ իրավիճակներում ինչ կասեր կամ ինչպես կվարվեր Եհովան (Մատթեոս 7։28, 29; Մարկոս 1։40-42; Հովհաննես 11։32-36)։ Հոր գործելակերպն ու կամքը կատարելապես արտացոլվում էին Հիսուսի խոսքերում և արարքներում (Հովհաննես 5։19; 8։28; 12։49, 50)։ Հետևաբար Եհովայի հավանությունն ունենալու համար պետք է ուշադրություն դարձնենք Հիսուսի սովորեցրածներին և օրինակին (Հովհաննես 14։23)։
10 Քանի որ Հիսուսը լիովին ճանաչում էր Եհովային և կատարելապես ընդօրինակում նրան, պարզ է, թե ինչու Հայրը որոշեց, որ իրեն մոտենալ հնարավոր է միայն Որդու միջոցով։ Այժմ քննենք, թե ինչ նշանակություն ունեն Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։
«Ես եմ ճանապարհը»
11. ա) Ինչո՞ւ միայն Հիսուսի միջոցով կարող ենք մտերիմ հարաբերություններ ունենալ Աստծու հետ։ բ) Ինչպե՞ս է Հովհաննես 14։6-ը ընդգծում Հիսուսի առանձնահատուկ դերը (տես ծանոթագրությունը)։
11 Քիչ առաջ իմացանք, որ Աստծուն հնարավոր է մոտենալ միայն Հիսուսի միջոցով։ Այժմ մանրամասնորեն քննենք, թե ինչ է դա նշանակում մեզ համար։ Հիսուսն է «ճանապարհը» այն իմաստով, որ միայն նրա միջոցով կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Ինչո՞ւ։ Մինչև մահ պահելով իր հավատարմությունը՝ Հիսուսը իր կյանքը որպես փրկագին տվեց մեզ համար (Մատթեոս 20։28)։ Առանց փրկագնի՝ անհնար կլիներ մտերիմ հարաբերություն հաստատել Աստծու հետ։ Մեղքի պատճառով Աստծու և մարդկանց միջև պատնեշ է առաջացել, քանի որ Աստված սուրբ է ու երբեք հավանություն չի տալիս մեղքին (Եսայիա 6։3; 59։2)։ Սակայն Հիսուսի քավիչ զոհը քանդեց այդ պատնեշը, այն ծածկեց կամ քավեց մեղքը (Եբրայեցիներ 10։12; 1 Հովհաննես 1։7)։ Եթե ընդունենք Աստծու կողմից տրված փրկության այս միջոցը և հավատ դրսևորենք Քրիստոսի զոհի հանդեպ, ապա ձեռք կբերենք Աստծու հավանությունը։ Աստծու հետ «հաշտվելու» ուրիշ ճանապարհ չկա (Հռոմեացիներ 5։6-11)։c
12. Ի՞նչ իմաստներով է Հիսուսը «ճանապարհը»։
12 Հիսուսը «ճանապարհն» է նաև աղոթքի հարցում։ Եհովային ուղղված մեր անկեղծ աղոթքները կլսվեն, եթե աղոթենք Հիսուսի միջոցով (1 Հովհաննես 5։13, 14)։ Նա ասաց. «Ինչ որ Հորից խնդրեք իմ անունով, նա կտա ձեզ.... Խնդրեք և կստանաք, որպեսզի լիակատար ուրախություն զգաք» (Հովհաննես 16։23, 24)։ Հիսուսի անունով կարող ենք աղոթել Եհովային և նրան դիմել՝ ասելով «Հա՛յր մեր» (Մատթեոս 6։9)։ Հիսուսը «ճանապարհն» է նաև այն իմաստով, որ մեզ համար օրինակ է թողել։ Ինչպես արդեն նշվեց, նա կատարելապես ընդօրինակում էր իր Հորը։ Նրա օրինակից տեսնում ենք, թե ինչպես պետք է ապրենք, որ հաճեցնենք Եհովային։ Հետևաբար Աստծուն մոտենալու համար պետք է հետևենք Հիսուսի հետքերին (1 Պետրոս 2։21)։
«Ես եմ.... ճշմարտությունը»
13, 14. ա) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ իր խոսքը ճշմարիտ է։ բ) Ի՞նչ պետք է աներ Հիսուսը «ճշմարտությունը» լինելու համար և ինչո՞ւ։
13 Հիսուսը միշտ ճշմարտությունն էր ասում իր Հոր մարգարեական խոսքի մասին (Հովհաննես 8։40, 45, 46)։ Նրա բերանում խաբեություն չկար (1 Պետրոս 2։22)։ Նույնիսկ հակառակորդներն էին ընդունում, որ նա «Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն է սովորեցնում» (Մարկոս 12։13, 14)։ Սակայն երբ Հիսուսն ասաց՝ «ես եմ.... ճշմարտությունը», նկատի չուներ միայն, որ ճշմարտությունը խոսքով է հայտնում, քարոզում և սովորեցնում։ Նա շատ ավելին նկատի ուներ։
14 Դարեր առաջ արդեն Եհովան իր ծառաներից ոմանց ներշնչել էր գրի առնել բազմաթիվ մարգարեություններ Մեսիայի՝ Քրիստոսի մասին։ Այդ մարգարեությունները պարունակում էին մանրամասն տեղեկություններ նրա կյանքի, ծառայության և մահվան վերաբերյալ։ Բացի այդ՝ Մովսիսական օրենքում կային ստվերներ, կամ՝ մարգարեական օրինակներ Մեսիայի վերաբերյալ (Եբրայեցիներ 10։1)։ Արդյոք Հիսուսը մինչև մահ հավատարիմ կմնա՞ր՝ այդպիսով կատարելով այն ամենը, ինչ իր մասին մարգարեացվել էր։ Միայն այդ դեպքում կապացուցվեր, որ Եհովան ճշմարիտ մարգարեությունների Աստված է։ Ի՜նչ մեծ պատասխանատվություն էր դրված Հիսուսի ուսերին։ Իր ապրելակերպով՝ իր ամեն մի խոսքով ու արարքով, Հիսուսը փաստեց, որ մարգարեական այդ օրինակները ճշմարիտ են (2 Կորնթացիներ 1։20)։ Այո՛, Հիսուսն էր «ճշմարտությունը»։ Եհովայի մարգարեական խոսքն իրականություն դարձավ Հիսուսով (Հովհաննես 1։17; Կողոսացիներ 2։16, 17)։
«Ես եմ.... կյանքը»
15. Ի՞նչ է նշանակում հավատալ Որդուն, և այդ հավատը ինչի՞ կարող է մեզ առաջնորդել։
15 Հիսուսը «կյանքն» է, քանի որ միայն նրա միջոցով կարող ենք ստանալ կյանք, այսինքն՝ «իսկական կյանք» (1 Տիմոթեոս 6։19)։ Աստվածաշունչն ասում է. «Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, այդ կյանքը չի տեսնի. Աստված բարկացած կմնա նրա վրա։» (Հովհաննես 3։36)։ Ի՞նչ է նշանակում հավատալ Աստծու Որդուն։ Նշանակում է համոզված լինել, որ առանց նրա անհնար է կյանք ստանալ։ Դեռ ավելին, հարկավոր է գործերով փաստել, որ հավատ ունենք, շարունակ սովորել Հիսուսից և որքան հնարավոր է հետևել նրա ուսմունքներին ու օրինակին (Հակոբոս 2։26)։ Այսպիսով՝ Աստծու Որդուն հավատալը առաջնորդում է մեզ հավիտենական կյանքի՝ ոգով օծված քրիստոնյաների «փոքր հոտի» համար անմահ ոգեղեն կյանք երկնքում և «ուրիշ ոչխարների» «մեծ բազմության» համար կատարյալ կյանք երկրային դրախտում (Ղուկաս 12։32; 23։43; Հայտնություն 7։9-17; Հովհաննես 10։16)։
16, 17. ա) Ինչպե՞ս Հիսուսը կփաստի, որ «կյանք» է անգամ մահվան քնով ննջածների համար։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
16 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր արդեն ննջել են մահվան քնով։ Հիսուսը «կյանք» է նաև նրանց համար։ Իր ընկեր Ղազարոսին հարություն տալուց կարճ ժամանակ առաջ նա Մարթային՝ Ղազարոսի քրոջը, ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը։ Ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհաննես 11։25)։ Եհովան իր Որդուն է վստահել «մահվան ու գերեզմանի բանալիները»՝ օժտելով նրան հարություն տալու զորությամբ (Հայտնություն 1։17, 18)։ Փառավորված Հիսուսը այդ բանալիներով կբացի գերեզմանի դռները ու կազատի բոլոր մահացածներին մարդկության համընդհանուր գերեզմանի ճիրաններից (Հովհաննես 5։28, 29)։
17 «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Այս պարզ խոսքերով Հիսուսը ամփոփեց իր երկրային կյանքի և ծառայության նպատակը։ Նրա խոսքերը մեզ համար էլ մեծ նշանակություն ունեն։ Հիշիր, որ հետո Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Նրա խոսքերը այսօր նույնքան գործնական են, որքան այն ժամանակ, երբ նա ասաց դրանք։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ եթե հետևենք Հիսուսին, երբեք չենք մոլորվի։ Միմիայն նա կարող է ցույց տալ մեզ այն ճանապարհը, որը տանում է «Հոր մոտ»։
Ինչպե՞ս կարձագանքես
18. Ի՞նչ է նշանակում լինել Հիսուսի ճշմարիտ հետևորդ։
18 Այժմ, երբ հասկանում ենք, թե ինչ կարևոր դեր ունի Հիսուսը և որքան լավ է ճանաչում Հորը, կարող ենք լիարժեք վստահությամբ հետևել Որդուն։ Ինչպես նախորդ գլխից իմացանք, Հիսուսի ճշմարիտ հետևորդ դառնալը ներառում է ոչ միայն խոսքեր ու զգացմունքներ, այլև գործեր։ Հետևել Քրիստոսին նշանակում է ապրել՝ ընդօրինակելով նրան և կիրառելով նրա ասածները (Հովհաննես 13։15)։ Հենց այս հարցում էլ քեզ կօգնի գիրքը, որը կարդում ես։
19, 20. Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գիրքը, որի օգնությամբ կկարողանաս հետևել Քրիստոսին։
19 Հաջորդող գլուխներում մանրամասնորեն կուսումնասիրենք Հիսուսի կյանքը և ծառայությունը։ Այդ գլուխները կազմում են երեք բաժին։ Առաջին բաժնում կծանոթանանք Հիսուսի հատկություններին ու գործելակերպին։ Երկրորդում կիմանանք, թե որքան եռանդուն է նա եղել քարոզելու և ուսուցանելու գործում։ Իսկ երրորդ բաժնում կքննենք, թե ինչպես է նա սեր դրսևորել։ 3-րդ գլխից սկսած՝ գլուխներում ընդգրկված կլինի շրջանակ՝ «Ինչպե՞ս կարող ես հետևել Հիսուսին»։ Այնտեղ նշված աստվածաշնչյան համարներն ու հարցերը կօգնեն մեզ խորհրդածել, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին խոսքով ու գործով։
20 Եհովա Աստծու շնորհիվ դու չես մոլորվի և օտարացած չես լինի նրանից քո ժառանգած մեղքի պատճառով։ Մեր հանդեպ սիրուց մղված՝ Եհովան շատ թանկ գին վճարեց՝ Որդուն ուղարկելով երկիր, որ ցույց տա իր հետ հաշտվելու ճանապարհը (1 Հովհաննես 4։9, 10)։ Թող Եհովայի անսահման սերը մղի քեզ ընդունելու Հիսուսի հրավերը. «Իմ հետևորդը դարձիր» (Հովհաննես 1։43)։
a Որդու դերը այնքան կարևոր է, որ Աստվածաշնչում կան բազմաթիվ մարգարեական անուններ և տիտղոսներ, որոնք վերաբերում են Հիսուսին (տես «Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մի քանիսը» շրջանակը)։
b Կարդա Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 10։29-31; 18։12-14, 21-35; 22։36-40 համարներում։
c Հունարեն բնագիր տեքստում Հովհաննես 14։6-ում գրված «ճանապարհ» բառը օգտագործվում է որոշյալ հոդով, ինչը ցույց է տալիս Հիսուսի առանձնահատուկ դերը. նա է միակ ճանապարհը, և միայն նրա միջոցով է հնարավոր մոտենալ Հորը։