Կենտրոնացիր քեզ համար Եհովայի արած բաների վրա
ՀԻՍՈՒՍԻ հարությունից կարճ ժամանակ անց իր աշակերտներից երկուսը Երուսաղեմից Էմմաուս էին գնում։ «Մինչ իրար հետ խոսում էին ու քննարկում,— ասվում է Ղուկասի Ավետարանում,— Հիսուսը մոտեցավ և սկսեց նրանց հետ քայլել, բայց նրանք չճանաչեցին նրան»։ Ապա Հիսուսը հարցրեց նրանց. ««Այդ ինչի՞ մասին եք իրար հետ քննարկում»։ Նրանք էլ տխուր դեմքերով կանգ առան»։ Ինչո՞ւ էին նրանք տխուր։ Աշակերտները այն կարծիքին էին, որ Հիսուսը այդ ժամանակ ազատագրելու էր Իսրայելին այլազգիների տիրապետությունից, սակայն նման բան տեղի չունեցավ։ Փոխարենը՝ Հիսուսին մահվան մատնեցին։ Այդ պատճառով էլ նրանք տխուր էին (Ղուկ. 24։15–21; Գործ. 1։6)։
Հիսուսը սկսեց տրամաբանել աշակերտների հետ։ «Սկսելով Մովսեսից ու Մարգարեների գրվածքներից՝ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում»։ Իսկապես, շատ նշանակալից և հավատ զորացնող դեպքեր էին տեղի ունեցել Աստծու Որդու ծառայության ընթացքում։ Մինչ աշակերտները լսում էին Հիսուսի բացատրությունը, նրանց տրամադրությունը փոխվեց՝ տխրությունը վերածվեց ուրախության։ Ավելի ուշ՝ երեկոյան, նրանք ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկ. 24։27, 32)։ Ի՞նչ դաս կարող ենք սովորել Հիսուսի աշակերտների արձագանքից։
Չիրականացած ակնկալիքներ. ինչպե՞ս են ազդում մեզ վրա
Երկու աշակերտները, որոնք Էմմաուսի ճանապարհին էին, տխուր էին, քանի որ իրենց ակնկալած իրադարձությունները տեղի չէին ունեցել։ Նրանք զգում էին այն, ինչ նկարագրված է Առակներ 13։12-ում. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը»։ Նմանապես, մեզանից ոմանք, ովքեր տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայում են Եհովային, մտածում են, թե «մեծ նեղությունը» արդեն պետք է տեղի ունեցած լիներ (Մատթ. 24։21; Հայտն. 7։14)։ Հասկանալի է, որ այդպիսի չիրականացած ակնկալիքները գուցե մի պահ տխրություն պատճառեն։
Հիշիր, սակայն, որ այդ երկու աշակերտները վերստին ուրախություն գտան այն բանից հետո, երբ Հիսուսը օգնեց նրանց կենտրոնանալու մարգարեությունների վրա, որոնք արդեն կատարվել էին իրենց կյանքի ընթացքում։ Մենք էլ, այսպես վարվելով, կարող ենք պահպանել մեր ուրախությունը և հաղթահարել հիասթափության զգացումը։ Մայքլ անունով փորձառու մի երեց ասում է. «Մի՛ կենտրոնացիր այն բանի վրա, ինչ Եհովան դեռ չի արել։ Հակառակը՝ կենտրոնացիր այն բանի վրա, ինչ նա արդեն արել է»։ Ի՜նչ հրաշալի խորհուրդ։
Ինչ է արել Եհովան
Նկատի առ, թե ինչ առանձնահատուկ բաներ է Եհովան արդեն իրագործել։ Հիսուսն ասաց. «Ով հավատում է ինձ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից ավելի մեծ գործեր կանի» (Հովհ. 14։12)։ Այսօր Աստծու ծառաները կատարում են քրիստոնյաների կողմից երբևէ արված ամենամեծ գործը։ Ավելի քան յոթ միլիոն անհատներ սպասում են այն օրվան, երբ կվերապրեն մեծ նեղությունից։ Միայն պատկերացրու՝ նախկինում երբեք չի եղել այնպես, որ Եհովայի հավատարիմ ծառաների այս մեծ բանակը քարոզի այսքան շատ երկրներում։ Եհովան իրականություն է դարձրել Հիսուսի մարգարեական խոսքերը, որ «սրանցից ավելի մեծ գործեր» կանեն իր ծառաները։
Ուրիշ ի՞նչ է արել Եհովան մեզ համար։ Նա հնարավոր է դարձրել, որ ազնվասիրտ մարդիկ փոխաբերական իմաստով դուրս գան այս չար աշխարհից և մտնեն հոգևոր դրախտ, որն ինքն է ստեղծել (2 Կորնթ. 12։1–4)։ Ժամանակ տրամադրիր խորհելու այդ դրախտի որոշ առանձնահատկությունների մասին, որոնք հասանելի են մեզ։ Օրինակ՝ նայիր քո անձնական գրադարանին կամ Թագավորության սրահի գրադարանին։ Թերթիր ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» կամ աչքի անցկացրու «Դիտարանի գրադարանը»։ Լսիր աստվածաշնչյան թեմաներով ներկայացման ձայնագրությունը։ Վերհիշիր, թե ինչ տեսար ու լսեցիր վերջին համաժողովի ժամանակ։ Մտածիր նաև առողջ ընկերակցության մասին, որ վայելում ենք մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հետ։ Որքա՜ն առատաձեռն է Եհովան։ Նա հոգևոր առատ կերակուր է տալիս և սիրառատ եղբայրություն. իրոք, հոգևոր դրախտ։
Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները» (Սաղ. 40։5)։ Այո՛, կենտրոնանալով այն հրաշալի բաների վրա, որ Եհովան արդեն արել է մեզ համար, և խորհելով մեր մասին նրա մտածմունքների շուրջ՝ մենք կվերագտնենք մեր ուժը, որ հավատարմորեն տոկանք ծառայության մեջ, որը ամբողջ սրտով մատուցում ենք մեր երկնային Հորը՝ Եհովային (Մատթ. 24։13)։
[նկար 31-րդ էջի վրա]
Հիսուսն օգնեց իր աշակերտներին կենտրոնանալու այն բանի վրա, թե Եհովան ինչ էր արել իրենց համար
[նկարներ 32-րդ էջի վրա]
Վերհիշիր, թե ինչ տեսար ու լսեցիր վերջին համաժողովի ժամանակ