Ինչո՞ւ արժե առաջնորդվել Աստծու ոգով
«Դո՛ւ ես իմ Աստվածը։ Քո ոգին բարի է. թող որ այն առաջնորդի ինձ» (ՍԱՂ. 143։10)։
1. Օրինակով պարզաբանի՛ր, թե ինչպես անտեսանելի ուժը կարող է առաջնորդել անհատին։
ԵՐԲԵՎԷ օգտվե՞լ ես կողմնացույցից ճանապարհդ գտնելու համար։ Կողմնացույցը մի պարզ սարք է, որն աշխատում է մագնիսական սլաքի միջոցով, որը միշտ ցույց է տալիս դեպի հյուսիս։ Անտեսանելի մագնիսական ուժի շնորհիվ կողմնացույցի սլաքը ունի Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկություն։ Դարեր շարունակ հետազոտողներն ու ճանապարհորդները թե՛ ցամաքի վրա, թե՛ ծովում կողմնացույց են օգտագործել, որ չմոլորվեն։
2, 3. ա) Դարեր առաջ ի՞նչ հզոր ուժ է օգտագործել Եհովան։ բ) Ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ Աստծու անտեսանելի գործուն ուժը կառաջնորդի մեզ կյանքում։
2 Կա մեկ այլ անտեսանելի ուժ, որը շատ ավելի կարևոր առաջնորդություն է տալիս մեզ։ Այդ ուժի մասին գրված է Աստվածաշնչի առաջին համարներում։ Խոսելով, թե ինչ է իրագործել Եհովան դարեր առաջ՝ «Ծննդոց» գրքում ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Արարելու համար նա օգտագործեց մի հզոր ուժ, ինչպես որ նշվում է շարունակության մեջ. «Աստծու գործուն ուժը շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1։1, 2)։ Ի՞նչ ուժ էր դա։ Սուրբ ոգին՝ Աստծու գործուն ուժը, որով նա արարել է ամեն բան։ Մենք երախտապարտ ենք Եհովային, որ օգտագործել է այդ ոգին, որպեսզի կյանք տա մեզ ու ստեղծի մնացած բոլոր բաները (Հոբ 33։4; Սաղ. 104։30)։
3 Որպես կենդանի էակներ՝ պե՞տք է ակնկալենք, որ Աստծու գործուն ուժը կշարունակի ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա։ Այո՛, քանի որ Աստծու Որդին իր աշակերտներին ասաց. «Ոգին.... կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ» (Հովհ. 16։13)։ Ի՞նչ է այդ ոգին, և ինչո՞ւ պետք է ցանկանանք առաջնորդվել դրանով։
Ինչ է սուրբ ոգին
4, 5. ա) Ըստ Երրորդության կողմնակիցների՝ ի՞նչ է սուրբ ոգին։ բ) Ինչպե՞ս կբացատրեիր, թե իրականում ինչ է սուրբ ոգին։
4 Հավանաբար, ծառայության մեջ հանդիպել ես մարդկանց, ովքեր հավատում են Երրորդությանը։ Նրանց կարծիքով՝ սուրբ ոգին ոգեղեն անձնավորություն է, որը հավասար է Աստծուն՝ Հորը (1 Կորնթ. 8։6)։ Այդ պատճառով Աստվածաշնչի շատ թարգմանություններում սուրբ ոգին մեծատառով է գրվել («Սուրբ Հոգի»)։ Ուշագրավ է, սակայն, թե կաթոլիկ աստվածաբան Էդմունդ Ֆորթմանն ինչ է ասում այս մասին մի գրքում. «Թեև այս ոգին հաճախ նկարագրվում է որպես անձնավորություն, բայց ակնհայտ է, որ [Եբրայերեն Գրությունների] սրբազան գրողները երբեք չեն մտածել, թե այդ ոգին անձնավորություն է, ու երբեք չեն ներկայացրել այն որպես այդպիսին» (The Triune God)։
5 Այդ դեպքում ի՞նչ է սուրբ ոգին։ Ծննդոց 1։2-ում օգտագործված եբրայերեն «ռուախ» բառը, որը սովորաբար թարգմանվում է «ոգի», կարող է թարգմանվել նաև «քամի» (Ծննդ. 8։1)։ Ինչպես որ չենք տեսնում քամին, բայց տեսնում և զգում ենք նրա ուժի ազդեցությունը, այդպես էլ չենք տեսնում ոչ նյութական, անդեմ սուրբ ոգին, բայց տեսնում ենք դրա ազդեցությունը։ Այս ոգին ուժ է, որն Աստված գործադրում է մարդկանց ու այլ բաների վրա՝ իր կամքն իրագործելու համար։ Դժվա՞ր է հավատալ, որ այդ զարմանահրաշ ուժը առաջ է գալիս սուրբ Աղբյուրից՝ Ամենակարող Աստծուց։ Ամենևի՛ն (կարդա՛ Եսայիա 40։12, 13)։
6. Ի՞նչ կարևոր բան խնդրեց Դավիթը Եհովայից։
6 Եհովան շարունակո՞ւմ է օգտագործել իր ոգին, որ առաջնորդի մեզ մեր կյանքում։ Նա սաղմոսերգու Դավթին խոստացավ. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (Սաղ. 32։8)։ Իսկ Դավիթը ցանկանո՞ւմ էր ստանալ այդ առաջնորդությունը։ Այո՛, քանի որ Եհովային խնդրեց. «Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դո՛ւ ես իմ Աստվածը։ Քո ոգին բարի է. թող որ այն առաջնորդի ինձ» (Սաղ. 143։10)։ Մենք նույնպես պետք է ցանկանանք առաջնորդվել Աստծու ոգով։ Ինչո՞ւ։ Քննենք չորս պատճառ։
Մենք չենք կարող ինքներս առաջնորդել մեզ
7, 8. ա) Ինչո՞ւ չենք կարող առանց Աստծու օգնության առաջնորդել մեզ։ բ) Օրինակով բացատրի՛ր, թե ինչու այս ամբարիշտ աշխարհում Աստծու առաջնորդության կարիքն ունենք։
7 Առաջին պատճառը, թե ինչու պետք է ցանկանանք առաջնորդվել Աստծու ոգով, այն է, որ չենք կարող ինքներս առաջնորդել մեզ։ «Առաջնորդել» նշանակում է «ուղղություն տալ կամ ցույց տալ այն ճանապարհը, որով հարկավոր է գնալ»։ Սակայն Եհովան չի ստեղծել մեզ այնպես, որ կարողանանք ինքներս առաջնորդել մեզ, հատկապես որ անկատար ենք։ Երեմիա մարգարեն գրեց. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմ. 10։23)։ Ինչո՞ւ։ Եհովան Երեմիային հայտնեց պատճառը։ Խոսելով մեր ներքին էության մասին՝ նա ասաց. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմ. 17։9; Մատթ. 15։19)։
8 Արդյոք անմտություն չի՞ լինի անփորձ մարդու համար, որ, առանց հմուտ առաջնորդության և առանց կողմնացույցի, ճանապարհ ընկնի՝ անցնելով անծանոթ և անմարդաբնակ տարածքով։ Չիմանալով, թե ինչպես գոյատևել անբարենպաստ պայմաններում և ինչպես բարեհաջող տեղ հասնել՝ նա իր կյանքը վտանգի կենթարկի։ Նմանապես, այն անհատը, ով կարծում է, թե կարող է ուղղություն տալ իր ընթացքին այս ամբարիշտ աշխարհում՝ թույլ չտալով, որ Աստված ցույց տա իրեն ճիշտ ճանապարհը, իր կյանքը մեծ վտանգի է ենթարկում։ Միակ միջոցը, որի շնորհիվ կարող ենք հաջողությամբ անցնել այս աշխարհի միջով, Դավթի պես Եհովային աղոթելն է. «Թող իմ քայլերը հաստատ մնան քո շավիղներում, որտեղ իմ ոտքերը չեն սասանվի» (Սաղ. 17։5; 23։3)։ Ինչպե՞ս է հնարավոր այդպիսի առաջնորդություն ստանալ։
9. Ինչպես պատկերված է 17-րդ էջում, ինչպե՞ս է Աստծու ոգին ապահով առաջնորդություն տալիս մեզ։
9 Եթե խոնարհ ենք ու ցանկանում ենք ունենալ Եհովայի առաջնորդությունը, նա կտա մեզ իր սուրբ ոգին, որը ապահով կառաջնորդի մեր քայլերը։ Ինչպե՞ս կօգնի մեզ նրա գործուն ուժը։ Հիսուսն իր աշակերտներին բացատրեց. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ ասացի ձեզ» (Հովհ. 14։26)։ Եթե կանոնավորաբար ու աղոթքով ուսումնասիրենք Աստծու Խոսքը, այդ թվում Քրիստոսի սովորեցրած բոլոր բաները, սուրբ ոգին կօգնի մեզ ավելի լավ ըմբռնելու Եհովայի խոր իմաստությունը, որպեսզի ավելի ճշգրտորեն կատարենք նրա կամքը (1 Կորնթ. 2։10)։ Եվ ինչպիսի շրջադարձ էլ որ լինի կյանքում, ոգին ցույց կտա մեզ, թե որ ճամփով գնանք։ Այն կհիշեցնի մեզ աստվածաշնչյան սկզբունքները, որոնք արդեն գիտենք, և կօգնի հասկանալու, թե հաջորդ քայլն անելիս ինչպես պետք է կիրառենք դրանք։
Հիսուսը առաջնորդվում էր Աստծու ոգով
10, 11. Աստծու միածին Որդին ի՞նչ էր ակնկալում սուրբ ոգուց, և ինչպե՞ս այն օգնեց իրեն։
10 Երկրորդ պատճառը, թե ինչու պետք է ցանկանանք առաջնորդվել սուրբ ոգով, այն է, որ Աստված դրանով էր առաջնորդում իր Որդուն։ Երկիր գալուց առաջ Աստծու միածին Որդին գիտեր հետևյալ մարգարեությունը. «Նրա վրա Եհովայի ոգին կլինի՝ իմաստության ու հասկացողության ոգին, խորհրդի ու զորության ոգին, գիտության ու Եհովայի հանդեպ վախի ոգին» (Ես. 11։2)։ Պատկերացրու, թե որքան շատ էր Հիսուսը ցանկանում ստանալ Աստծու ոգու օգնությունը, երբ ապրում էր այստեղ՝ երկրի վրա։
11 Եհովայի խոսքերը իրականացան։ Ավետարանի արձանագրությունը ցույց է տալիս, թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի մկրտությունից անմիջապես հետո։ Կարդում ենք. «Հիսուսը, սուրբ ոգով լցված, Հորդանանից հեռացավ, և ոգին նրան առաջնորդում էր անապատում» (Ղուկ. 4։1)։ Մինչ անապատում Հիսուսը ծոմ էր պահում, աղոթում էր և խորհրդածում, Եհովան հավանաբար հայտնեց և ցույց տվեց նրան, թե ինչ ճանապարհով է գնալու։ Աստծու ոգին գործում էր Հիսուսի մտքի ու սրտի վրա՝ առաջնորդելով նրա մտքերն ու որոշումները։ Արդյունքում՝ յուրաքանչյուր իրավիճակում նա գիտեր, թե ինչպես վարվել, և վարվում էր ճիշտ այնպես, ինչպես իր Հայրն էր ցանկանում։
12. Ինչո՞ւ է անհրաժեշտ Աստծուց խնդրել, որ նրա ոգին առաջնորդի մեզ։
12 Հասկանալով, թե Աստծու ոգին ինչ մեծ դեր ունի իր կյանքում՝ Հիսուսն իր աշակերտներին ցույց տվեց այն խնդրելու և դրանով առաջնորդվելու կարևորությունը (կարդա՛ Ղուկաս 11։9–13)։ Ինչո՞ւ է սուրբ ոգին այդքան անհրաժեշտ մեզ։ Քանի որ այն կարող է վերափոխել մեր միտքը, որ համապատասխանի Քրիստոսի մտքին (Հռոմ. 12։2; 1 Կորնթ. 2։16)։ Թույլ տալով, որ Աստծու ոգին առաջնորդի մեր կյանքը՝ կկարողանանք Քրիստոսի պես մտածել և ընդօրինակել նրան (1 Պետ. 2։21)։
Աշխարհի ոգին կմոլորեցնի մեզ
13. Ի՞նչ է աշխարհի ոգին, և ի՞նչ հետևանքների է այն հանգեցնում։
13 Երրորդ պատճառը, թե ինչու պետք է ցանկանանք ունենալ Աստծու ոգու առաջնորդությունը, այն է, որ առանց դրա մենք կմոլորվենք այն պիղծ ոգու կողմից, որն այսօր գործում է մարդկանց մեծամասնության վրա։ Աշխարհն ունի իր զորեղ մղիչ ուժը, որը խրախուսում է սուրբ ոգուն լիովին հակառակ ընթացք բռնել։ Աշխարհի ոգին մարդկանց մեջ չի ձևավորում Քրիստոսի միտքը, այլ այնպես է անում, որ նրանց մտքերն ու գործերը նմանվեն աշխարհի իշխանի՝ Սատանայի մտքերին ու գործերին (կարդա՛ Եփեսացիներ 2։1–3; Տիտոս 3։3)։ Երբ անհատը ենթարկվում է աշխարհի ոգու ազդեցությանը և անում է մարմնի գործերը, հետևանքները ողբալի են լինում։ Այդ անհատը չի ժառանգի Աստծու Թագավորությունը (Գաղ. 5։19–21)։
14, 15. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել այս աշխարհի ոգուն։
14 Եհովան տվել է բոլոր անհրաժեշտ բաները, որ հակառակվենք աշխարհի ոգուն։ Պողոս առաքյալն ասաց, որ «շարունակենք զորանալ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ.... որպեսզի կարողանանք դիմադրել չար օրում» (Եփես. 6։10, 13)։ Իր ոգու միջոցով Եհովան զորացնում է մեզ, որպեսզի դիմադրենք մեզ մոլորեցնելու համար ներդրած Սատանայի ջանքերին (Հայտն. 12։9)։ Աշխարհի ոգին զորեղ է, ու մենք չենք կարող միանգամայն խուսափել դրանից։ Սակայն կարող ենք թույլ չտալ, որ այն պղծի մեզ։ Սուրբ ոգին շատ ավելի զորեղ է աշխարհի ոգուց, և այն կօգնի մեզ։
15 Այն մարդկանց մասին, ովքեր առաջին դարում թողեցին քրիստոնեությունը, Պետրոսը գրեց. «Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք մոլորվեցին» (2 Պետ. 2։15)։ Որքա՜ն երախտագետ մենք պետք է լինենք, որ «ոչ թե աշխարհի ոգին ենք ստացել, այլ այն ոգին, որն Աստծուց է» (1 Կորնթ. 2։12)։ Ենթարկվելով դրա ազդեցությանը ու լիարժեք օգտվելով այն ամենից, ինչ տալիս է Եհովան, որ հոգևորապես ամուր լինենք ու մնանք ճիշտ ճանապարհի վրա՝ մենք կարող ենք դիմադրել այս ամբարիշտ աշխարհի սատանայական ոգուն (Գաղ. 5։16)։
Սուրբ ոգին լավ պտուղ է առաջ բերում
16. Ի՞նչ պտուղ կարող է սուրբ ոգին առաջ բերել մեր մեջ։
16 Չորրորդ պատճառը, թե ինչու պետք է ցանկանանք, որ Աստծու ոգին գործի մեր մեջ, այն է, որ այդ ոգին լավ պտուղ է առաջ բերում նրանց մեջ, ովքեր առաջնորդվում են դրանով (կարդա՛ Գաղատացիներ 5։22, 23)։ Մեզանից ո՞ր մեկը չէր ցանկանա ավելի շատ սեր դրսևորել և ավելի ուրախ ու խաղաղ լինել։ Ո՞ր մեկը չէր ուզենա ավելի շատ համբերատարություն, բարություն և առաքինություն ունենալ։ Եվ ո՞ր մեկը օգուտ չէր քաղի, եթե ավելի մեծ հավատ զարգացներ, ավելի մեղմ լիներ ու ավելի շատ ինքնատիրապետում դրսևորեր։ Աստծու ոգին հիանալի հատկություններ է զարգացնում մեր մեջ, որոնք օգտակար են թե՛ մեզ համար, թե՛ այն մարդկանց, որոնց հետ ապրում ու ծառայում ենք։ Մենք պետք է անդադար ջանք թափենք, որ զարգացնենք այս պտուղը, քանի որ սահման չկա, թե որքան պտուղ կարող է սուրբ ոգին առաջ բերել մեր մեջ։
17. Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ջանք թափել, որ զարգացնենք ոգու պտուղը։
17 Իմաստությամբ կվարվենք, եթե քննենք մեր խոսքերն ու արարքները՝ համոզվելու համար, որ առաջնորդվում ենք սուրբ ոգով և զարգացնում դրա պտուղը (2 Կորնթ. 13։5ա; Գաղ. 5։25)։ Եթե տեսնում ենք, որ կարիք ունենք զարգացնելու ոգու պտղի հատկություններից մի քանիսը, ավելի շատ ջանք պետք է ներդնենք սուրբ ոգով առաջնորդվելու համար, որպեսզի զարգացնենք դրանք։ Այդպես կվարվենք, եթե ուսումնասիրենք դրա յուրաքանչյուր երեսակը Աստվածաշնչի և մեր քրիստոնեական հրատարակությունների միջոցով։ Մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք ոգու պտուղը դրսևորել մեր առօրյայում և հետո ջանադրաբար կաշխատենք, որ զարգացնենք այնa։ Երբ տեսնենք Աստծու ոգու ազդեցությունը մեր, ինչպես նաև մեր հավատակիցների կյանքում, մեզ համար ավելի պարզ կլինի, թե ինչու պետք է առաջնորդվենք դրանով։
Ենթարկվո՞ւմ ես Աստծու ոգու ազդեցությանը
18. Աստծու ոգու առաջնորդությունը ընդունելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
18 Հիսուսը՝ որպես Աստծու «հմուտ վարպետ», որը մասնակցել է տիեզերքի արարչագործությանը, ամեն բան գիտեր երկրի մագնիսական դաշտի մասին, որը մարդիկ օգտագործում են տեղորոշման համար (Առակ. 8։30; Հովհ. 1։3)։ Ճիշտ է, ոչինչ չի վկայում, որ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ երբևէ օգտագործել է այդ ուժը իր ճանապարհը գտնելու համար, սակայն Աստվածաշունչը նշում է, որ իր կյանքում նա զգացել է Աստծու սուրբ ոգու զորեղ ազդեցությունը։ Երբ այդ ոգին մղում էր Հիսուսին գործերի, նա ենթարկվում էր դրա ազդեցությանը և գործում համապատասխանաբար (Մարկ. 1։12, 13; Ղուկ. 4։14)։ Դու է՞լ ես այդպես վարվում։
19. Ի՞նչ պետք է անենք, որ սուրբ ոգին դառնա մեր կյանքն առաջնորդող ուժը։
19 Աստծու զորեղ ուժը շարունակում է գործել այն անհատների մտքերի ու սրտերի վրա, ովքեր ցանկանում են առաջնորդվել դրանով։ Ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ այն գործի քեզ վրա ու առաջնորդի ճիշտ ուղղությամբ։ Անդադար աղոթիր Եհովային՝ խնդրելով, որ տա իր ոգին ու օգնի քեզ ենթարկվելու դրա ազդեցությանը (կարդա՛ Եփեսացիներ 3։14–16)։ Վարվիր աղոթքներիդ համապատասխան՝ խորհուրդներ փնտրելով Աստծու գրավոր Խոսքում՝ Աստվածաշնչում, որը սուրբ ոգու արդյունք է (2 Տիմոթ. 3։16, 17)։ Հնազանդվիր այնտեղ գրի առնված իմաստուն հրահանգներին և պատրաստակամությամբ արձագանքիր սուրբ ոգու առաջնորդությանը։ Գործիր՝ հավատալով, որ Եհովան կարող է այս ամբարիշտ աշխարհում ճիշտ առաջնորդություն տալ քո կյանքին։
[ծանոթագրություն]
a Յուրաքանչյուր հատկությունը քննելու համար օգտվիր ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից» (անգլ., ռուս.)։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչպե՞ս կարող է սուրբ ոգին ազդել մեր կյանքի վրա։
• Որո՞նք են այն չորս պատճառները, որ պետք է ցանկանանք առաջնորդվել Աստծու ոգով։
• Ի՞նչ կարող ենք անել, որ լիովին օգուտներ քաղենք սուրբ ոգու առաջնորդությունից։
[նկար 15-րդ էջի վրա]
Հիսուսն առաջնորդվում էր Աստծու ոգով
[նկար 17-րդ էջի վրա]
Աստծու զորեղ ուժը գործում է մարդկանց մտքերի ու սրտերի վրա՝ առաջնորդելով նրանց և մղելով գործերի