Դուք նրանց թվո՞ւմ եք, ում սիրում է Աստված
«Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 14։21)։
1, 2. ա) Ինչպե՞ս է Եհովան մարդկության հանդեպ սեր դրսևորել։ բ) Ի՞նչ հաստատեց Հիսուսը մ.թ. 33 թ. նիսանի 14–ի գիշերը։
ԵՀՈՎԱՆ սիրում է մարդ արարածին։ Իրականում, նա այնքան է սիրում մարդկանց, «որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Քանի որ մոտենում է Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն, ճշմարիտ քրիստոնյաները պետք է առավել, քան երբևէ գիտակցեն, որ Եհովան «սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար» (Ա Յովհաննէս 4։10)։
2 Մ.թ. 33 թ. նիսանի 14–ի գիշերը Հիսուսը և իր 12 առաքյալները հավաքվել էին Երուսաղեմում՝ մի վերնատանը՝ Պասեքը տոնելու համար, որը հիշեցնում էր Եգիպտոսից իսրայելացիների ազատագրումը (Մատթէոս 26։17–20)։ Երբ նրանք նշեցին այս հրեական տոնը, Հիսուսն ուղարկեց Հուդա Իսկարիովտացուն՝ իրագործելու իր մտադրությունը, ապա հաստատեց մի հիշատակի ընթրիք, որը քրիստոնյաների համար դարձավ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկո։a Մնացած 11 առաքյալների հետ միասին Հիսուսը ճաշակեց այս ընթրիքը՝ իր մարմնի ու արյան համար որպես խորհրդանիշներ գործածելով անթթխմոր հացն ու կարմիր գինին։ Այն մասին, թե ինչ արեց նա հետո, արձանագրել են Ավետարանների գրողներից Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը, ինչպես նաև Պողոս առաքյալը, որն այդ արարողությունն անվանեց «Տէրունական ընթրիք» (Ա Կորնթացիս 11։20, ԱԹ; Մատթէոս 26։26–28; Մարկոս 14։22–25; Ղուկաս 22։19, 20)։
3. Ինչո՞վ է Հովհաննես առաքյալի հաղորդագրությունը՝ Հիսուսի կյանքի վերջին ժամերի վերաբերյալ, տարբերվում մյուս ավետարանագիրների արձանագրությունից։
3 Հետաքրքիր է, որ Հովհաննես առաքյալը ոչինչ չի նշել հացն ու գինին փոխանցելու մասին. հավանաբար պատճառն այն է, որ իր անունը կրող Ավետարանը գրելու ժամանակ (մոտավորապես մ.թ. 98–ին) այդ արարողությունն արդեն քաջ հայտնի էր վաղեմի քրիստոնյաներին (Ա Կորնթացիս 11։23–26)։ Սակայն, նա միակն է, որ ներշնչված լինելով՝ որոշ կարևոր տեղեկություններ է գրել այն մասին, թե ինչ է ասել և արել Հիսուսը իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելուց անմիջապես առաջ և հետո։ Այդ հուզիչ մանրամասնությունների մասին կարելի է կարդալ Հովհաննեսի Ավետարանի շատ գլուխներում։ Այդ արձանագրությունները հստակորեն ցույց են տալիս, թե ինչպիսի մարդկանց է Աստված սիրում։ Եկեք քննության ենթարկենք «Յովհաննէս» գրքի 13–17 գլուխները։
Սովորենք Հիսուսի սիրո օրինակից
4. ա) Ինչպե՞ս է Հովհաննեսը ընդգծում, թե ինչ կարևոր թեմա շոշափեց Հիսուսը իր աշակերտների հետ հանդիպման ժամանակ։ բ) Ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Եհովան սիրում է Հիսուսին։
4 Սիրո թեման աչքի է ընկնում վերոհիշյալ գլուխներում, որտեղ արձանագրված է Հիսուսի հրաժեշտի խորհուրդը՝ ուղղված իր հետևորդներին։ Այդ գլուխներում 31 անգամ հանդիպում է «սեր» բառը տարբեր դրսևորումներով։ Հիսուսի խոր սերը իր Հոր՝ Եհովայի, և իր հետևորդների հանդեպ ուրիշ ոչ մի արձանագրության մեջ այնքան ակնառու չէ, որքան այդ գլուխներում։ Եհովայի նկատմամբ Հիսուսի սերը երևում է բոլոր Ավետարանների հաղորդագրություններում, որտեղ տրվում է նրա կյանքի նկարագիրը, բայց միայն Հովհաննեսն է նշում Հիսուսի բացահայտորեն ասված խոսքերը. «Ես սիրում եմ Հօրը» (Յովհաննէս 14։31)։ Հիսուսը նաև ասաց, որ Եհովան էլ իրեն է սիրում և բացատրեց, թե ինչու։ «Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք,— ասաց նա։— Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ» (Յովհաննէս 15։9, 10)։ Այո, Եհովան սիրում է իր Որդուն, քանի որ նա կատարյալ հնազանդություն է դրսևորում։ Ինչ հրաշալի դաս կարող են քաղել Հիսուս Քրիստոսի բոլոր հետևորդները։
5. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց իր սերը աշակերտների նկատմամբ։
5 Հովհաննեսի Ավետարանում Քրիստոսի մեծ սերն իր հետևորդների նկատմամբ հստակորեն երևում է առաքյալների հետ վերջին հանդիպման մասին հաղորդագրության հենց սկզբում։ Հովհաննեսը պատմում է. «Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց» (Յովհաննէս 13։1)։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց մի անմոռանալի դաս սովորեցրեց ուրիշներին սիրով ծառայելու վերաբերյալ. նա լվաց նրանց ոտքերը։ Սա մի բան էր, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է պատրաստակամորեն աներ Հիսուսի և իր եղբայրների համար, բայց նրանք թերացան այդ հարցում։ Այս խոնարհ արարքը կատարելուց հետո Հիսուսը դիմեց իր աշակերտներին՝ ասելով. «Եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք» (Յովհաննէս 13։14, 15)։ Ճշմարիտ քրիստոնյաները պետք է պատրաստակամ և ուրախ լինեն՝ իրենց եղբայրներին ծառայելու (Մատթէոս 20։26, 27; Յովհաննէս 13։17)։
Կատարենք նոր պատվիրանը
6, 7. ա) Ի՞նչ կարևոր մանրամասնություն է արձանագրել Հովհաննեսը Հիշատակի երեկոն հաստատելու վերաբերյալ։ բ) Ի՞նչ նոր պատվիրան տվեց Հիսուսն իր աշակերտներին, և ինչո՞վ էր այն նոր։
6 Միայն Հովհաննեսն է նիսանի 14–ին վերնատանը տեղի ունեցած դեպքերը նկարագրելիս հիշատակում այն մասին, որ Հուդա Իսկարիովտացին հեռանում է (Յովհաննէս 13։21–30)։ Համաձայն նրա Ավետարանի հաղորդագրության՝ Հիսուսն իր մահվան Հիշատակի երեկոն հաստատեց միայն այն ժամանակ, երբ իրեն դավաճանող առաքյալը սենյակից դուրս եկավ։ Հետո նա մանրամասնորեն զրուցեց իր հավատարիմ առաքյալների հետ, հրաժեշտի խորհուրդ և ուրիշ հրահանգներ տվեց։ Քանի որ մենք պատրաստություններ ենք տեսնում Հիշատակի երեկոյին ներկա լինելու, մեզ պետք է հետաքրքրի, թե ինչ է ասել Հիսուսն այդ իրադարձության առնչությամբ, մանավանդ որ մենք ուզում ենք լինել նրանց թվում, ում սիրում է Աստված։
7 Իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելուց հետո աշակերտներին տված առաջին պատվիրանը նոր էր նրանց համար։ Նա ասաց. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք։ Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։34, 35)։ Ի՞նչ առումով էր այս պատվիրանը նոր։ Նույն երեկոյան՝ ավելի ուշ, Հիսուսը բացատրեց. «Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար» (Յովհաննէս 15։12, 13)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ իսրայելացիներին պատվիրված էր ‘սիրել իրենց ընկերոջը իրենց անձի պես’ (Ղեւտացոց 19։18)։ Բայց Հիսուսի պատվիրանն ավելին էր բովանդակում։ Քրիստոնյաները պետք է սիրեին միմյանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց իրենց, և պատրաստ լինեին նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել հանուն եղբայրների։
8. ա) Ի՞նչ է նշանակում «անձնազոհ սեր ցուցաբերել»։ բ) Ինչպե՞ս են Եհովայի վկաներն անձնազոհ սեր ցուցաբերում այսօր։
8 Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանը հարմար ժամանակ է ինքներս մեզ քննելու (թե՛ անհատապես, թե՛ որպես ժողով), որպեսզի տեսնենք, թե իսկապես ունե՞նք ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը՝ սերը, որ դրսևորեց Քրիստոսը։ Այսպիսի անձնազոհ սերը կարող է նշանակել (երբեմն այդպես էլ եղել է), որ քրիստոնյան միշտ պատրաստ է իր կյանքը վտանգի ենթարկել հանուն իր եղբոր՝ փոխանակ նրան մատնելու։ Իսկ ավելի հաճախ դա նշանակում է պատրաստ լինել անձնական հետաքրքրություններին վերաբերող հարցերում զոհողությունների գնալ քրիստոնյա եղբայրներին, ինչպես նաև մյուսներին օգնելու և նրանց ծառայելու համար։ Այս հարցում հիանալի օրինակ է թողել Պողոս առաքյալը (Բ Կորնթացիս 12։15; Փիլիպպեցիս 2։17)։ Եհովայի վկաներն ամենուրեք հայտնի են անձնազոհ ոգի դրսևորելու պատրաստակամությամբ, նրանով, որ օգնում են իրենց հավատակիցներին ու հարևաններին, և որ իրենց դրացուն հաղորդում են Աստվածաշնչի ճշմարտությունըb (Գաղատացիս 6։10)։
Փոխհարաբերություններ, որոնք հարկավոր է գանձի պես պահել
9. Ի՞նչ պետք է սիրով անենք, որպեսզի պահպանենք Աստծո և նրա Որդու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները, որոնք թանկ են մեզ համար։
9 Մեզ համար ավելի թանկ բան չկա, քան Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի կողմից սիրված լինելը։ Նրանց սիրուն արժանանալու և այդ սերը զգալու համար, սակայն, մեզանից ակնկալվում է որոշակի քայլեր անել։ Իր աշակերտների հետ անցկացրած վերջին գիշերը Հիսուսն ասաց. «Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան» (Յովհաննէս 14։21)։ Քանի որ մեզ համար շատ թանկ են Աստծո և նրա Որդու հետ մեր փոխհարաբերությունները, մենք սիրով հնազանդվում ենք նրանց պատվերներին։ Այդ թվում է նաև նոր պատվիրանը, այն է՝ անձնազոհ սեր ցուցաբերել և կատարել այն հանձնարարությունը, որը տվեց Քրիստոսը իր հարությունից հետո՝ «քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ», նաև «աշակերտ դարձ[նել]» նրանց, ով ընդունում է բարի լուրը (Գործք Առաքելոց 10։42; Մատթէոս 28։19, 20)։
10. Թանկագին փոխհարաբերություններ ունենալու ինչպիսի՞ հնարավորություն ունեն օծյալները և «այլ ոչխարները»։
10 Նույն գիշերը՝ ավելի ուշ, իր հավատարիմ առաքյալ Հուդայի (Թադեոսի) հարցին նա այսպես պատասխանեց. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ’օթեւանենք» (Յովհաննէս 14։22, 23)։ Նույնիսկ այսօր դեռևս երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաները, որոնք կոչված են Քրիստոսի հետ երկնքից կառավարելու, առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ ունեն Եհովայի և նրա Որդու հետ (Յովհաննէս 15։15; 16։27; 17։22; Եբրայեցիս 3։1; Ա Յովհաննէս 3։2, 24)։ Իսկ «այլ ոչխարներին»՝ նրանց համախոհներին, որոնք հավիտյան երկրի վրա ապրելու հույսն ունեն, նույնպես հնարավորություն է տրված թանկագին հարաբերություններ ունենալ իրենց «հովիւ» Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև իրենց Աստծո՝ Եհովայի հետ, եթե հնազանդվեն նրանց (Յովհաննէս 10։16; Սաղմոս 15։1–5; 25։14)։
Դուք «այս աշխարհից չէք»
11. Ի՞նչ սթափեցնող նախազգուշացում է տվել Հիսուսն իր աշակերտներին։
11 Իր հավատարիմ աշակերտների հետ այդ վերջին հանդիպման ժամանակ՝ իր մահից առաջ, Հիսուսը սթափեցնող նախազգուշացում տվեց. եթե ինչ–որ մեկը սիրված է Աստծո կողմից, ապա ատված կլինի աշխարհի կողմից։ Նա ասաց. «Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։ Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն» (Յովհաննէս 15։18–20)։
12. ա) Ինչո՞ւ Հիսուսը զգուշացրեց իր աշակերտներին, որ աշխարհը ատելու է նրանց։ բ) Ինչի՞ մասին պետք է խորհրդածենք մենք բոլորս, մինչ մոտենում է Հիշատակի երեկոն։
12 Հիսուսի այս խոսքերը նախազգուշացում էին իր 11 առաքյալների և նրանցից հետո բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար, որպեսզի աշխարհից ատված լինելը չվհատեցներ ու չհուսահատեցներ նրանց։ Նա ավելացրեց. «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից ետ մնաք։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ» (Յովհաննէս 16։1–3)։ Աստվածաշնչյան մի բառարան բացատրում է, որ «գայթակղել» բառն այս համատեքստում նշանակում է՝ «այնպես անել, որ անհատը աստիճանաբար կորցնի իր վստահությունը և լքի այն անձնավորությանը, որին պետք է վստահի ու հնազանդվի. այնպես անել, որ անհատը հեռանա նրանից»։ Մինչ մոտենում է Հիշատակի երեկոն, եկեք խորհրդածենք այն մասին, թե ինչ կյանք են վարել Աստծո՝ անցյալի և ներկայի հավատարիմ ծառաները, և ընդօրինակելով նրանց՝ մենք էլ տոկուն ու ամուր լինենք փորձությունների մեջ ընկնելիս։ Թույլ մի տվեք, որ հակառակությունը կամ հալածանքը պատճառ լինեն, որ հեռանաք Եհովայից ու Հիսուսից, փոխարենը՝ վճռական եղեք նրանց վստահելու և հնազանդվելու մեջ։
13. Ի՞նչ խնդրեց Հիսուսն իր հետևորդների համար Հորն ուղղված իր աղոթքում։
13 Երուսաղեմում գտնվող վերնատնից հեռանալուց առաջ Հորն ուղղած իր աղոթքում Հիսուսն ասաց. «Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ» (Յովհաննէս 17։14–16)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան հոգում է այն անհատներին, որոնց սիրում է, և զորացնում է նրան, քանի որ նրանք հեռու են մնում աշխարհից (Եսայիա 40։29–31)։
Մնացեք Հոր և Որդու սիրո մեջ
14, 15. ա) Ինչի՞ նմանեցրեց իրեն Հիսուսը՝ ի հակադրություն որթի «անպիտան ճիւղերի»։ բ) Ովքե՞ր են «ճշմարիտ որթատունկի» «ճիւղերը»։
14 Նիսանի 14–ի գիշերը իր հավատարիմ աշակերտների հետ մտերմիկ զրույցի ժամանակ Հիսուսն իրեն նմանեցրեց «ճշմարիտ որթատունկի», որը անհավատարիմ Իսրայելի՝ ‘անպիտան որթի’ հակառակն է։ Նա ասաց. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է» (Յովհաննէս 15։1)։ Դրանից դարեր առաջ Երեմիա մարգարեն արձանագրեց Եհովայի հետևյալ խոսքերը՝ ուղղված իր ուխտադրուժ ժողովրդին. «Ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, .... բայց դու ինչպէ՜ս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար» (Երեմիա 2։21)։ Իսկ Ովսե մարգարեն գրեց. «Մի սաղարթածաւալ որթ է Իսրայէլը. պտուղ է բերում իրան համար....։ Կոկուած էր [«Փոփոխական է», Արևմտ. Աստ.] նորանց սիրտը» (Ովսէէ 10։1, 2)։
15 Փոխանակ ճշմարիտ երկրպագության պտուղ բերելու՝ Իսրայելը ուրացավ Աստծուն և իր համար պտուղ բերեց։ Հիսուսն իր հավատարիմ աշակերտներին հանդիպելուց երեք օր առաջ հրեա կեղծավոր առաջնորդներին ասաց. «Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն» (Մատթէոս 21։43)։ Այդ նոր ազգը «Աստծու Իսրայէլն» է՝ բաղկացած 144 000 օծյալ քրիստոնյաներից, որոնք նմանեցվում են Հիսուս Քրիստոսի՝ «ճշմարիտ որթատունկի» «ճիւղերին» (Գաղատացիս 6։16; Յովհաննէս 15։5; Յայտնութիւն 14։1, 3)։
16. Ի՞նչ խրախուսանք տվեց Հիսուսն իր 11 հավատարիմ առաքյալներին, և ի՞նչ կարելի է ասել հավատարիմ մնացորդի մասին, որ ապրում է այս վերջին օրերում։
16 Հիսուսն իր 11 առաքյալներին նաև ասաց. «Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ Մնացէք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք» (Յովհաննէս 15։2, 4)։ Եհովայի ժողովրդի ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ օծյալ քրիստոնյաների հավատարիմ մնացորդը ‘մնացել է’ իր Գլխի՝ Հիսուս Քրիստոսի մեջ, այսինքն՝ մնացել է նրա հետ միասնության մեջ (Եփեսացիս 5։23)։ Նրանք մաքրվել և զտվել են (Մաղաքիա 3։2, 3)։ Սկսած 1919 թ.–ից՝ նրանք Թագավորության առատ պտուղներ են տվել. նախ՝ օծյալ քրիստոնյաների մնացորդը, և ապա՝ 1935 թ.–ից ի վեր՝ անվերջ ավելացող «մեծ բազմութիւնը»՝ օծյալ քրիստոնյաների համախոհները (Յայտնութիւն 7։9; Եսայիա 60։4, 8–11)։
17, 18. ա) Հիսուսի ո՞ր խոսքերն են օգնում օծյալ մնացորդին և «այլ ոչխարներին» մնալ Եհովայի սիրո մեջ։ բ) Ինչո՞վ է օգտակար Հիշատակի երեկոյին ներկա գտնվելը։
17 Հիսուսի հետևյալ խոսքերը վերաբերում են թե՛ օծյալ քրիստոնյաներին և թե՛ նրանց համախոհներին. «Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք։ Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք։ Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ» (Յովհաննէս 15։8–10)։
18 Մենք բոլորս էլ ցանկանում ենք մնալ Աստծո սիրո մեջ, իսկ դա օգնում է մեզ մեր գործում արդյունավետ լինել։ Այդ արդյունավետությունը դրսևորվում է նրանով, որ օգտվում ենք ցանկացած հնարավորությունից՝ «արքայութեան .... Աւետարանը» քարոզելու համար (Մատթէոս 24։14)։ Նաև մեր ձեռքից եկած ամեն բան անում ենք, որպեսզի մեր կյանքում ցուցաբերենք «Հոգու պտուղը» (Գաղատացիս 5։22, 23)։ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա լինելը ուժ կտա մեզ, որ շարունակենք վստահորեն քարոզել, և մեկ անգամ ևս կհիշեցնի մեզ մեր հանդեպ Աստծո և Քրիստոսի ունեցած մեծ սիրո մասին (Բ Կորնթացիս 5։14; 15)։
19. Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
19 Հիշատակի երեկոն հաստատելուց հետո Հիսուսը խոստացավ, որ իր Հայրը հավատարիմ հետևորդներին կուղարկի «Մխիթարիչը [«օգնականը» ՆԱ]՝ Սուրբ Հոգին» (Յովհաննէս 14։26)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես է այս ոգին օգնում օծյալ մնացորդին և «այլ ոչխարներին» հավատարիմ մնալու Եհովայի սիրո մեջ։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչյան հաշվարկներով՝ 2002 թ.–ին նիսանի 14–ը սկսում է մարտի 28–ին՝ արևամուտից հետո։ Այդ օրը՝ երեկոյան, Եհովայի վկաները ամբողջ աշխարհով մեկ հավաքվելու են՝ հիշելու Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մահը։
b Տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծո Թագավորությունը հռչակողները» գիրքը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից, գլուխ 19 և 32։
Կրկնության հարցեր
• Ի՞նչ գործնական դաս տվեց Հիսուսն իր աշակերտներին սիրով ծառայելու վերաբերյալ։
• Ի՞նչ առումով է Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանը հարմար ժամանակ ինքներս մեզ քննելու համար։
• Ինչո՞ւ մեզ չպետք է «գայթակղեցնի» Հիսուսի զգուշացումը աշխարհի կողմից ատված և հալածված լինելու վերաբերյալ։
• Ո՞վ է «ճշմարիտ որթատունկը», ովքե՞ր են «ճիւղերը» և ի՞նչ է ակնկալվում նրանցից։
[նկար 15–րդ էջի վրա]
Հիսուսն իր առաքյալներին անմոռանալի դաս տվեց սիրով ծառայելու մասին
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Քրիստոսի աշակերտները հնազանդվում են իր՝ անձնազոհ սեր ցուցաբերելու պատվիրանին