«Դուք իմ ընկերներն եք»
«Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (ՀՈՎՀ. 15։14)։
1, 2. ա) Ինչպիսի՞ մարդիկ էին Հիսուսի ընկերները։ բ) Ինչո՞ւ է կարևոր լինել Հիսուսի ընկերը։
ՎԵՐՆԱՏԱՆԸ Հիսուսի կողքին նստած էին շատ տարբեր մարդիկ. եղբայրներ Պետրոսն ու Անդրեասը, որոնք ձկնորսներ էին, նախկին մաքսահավաք Մատթեոսը (հրեաներն ատում էին մաքսահավաքներին), Հակոբոսն ու Հովհաննեսը, որոնք Հիսուսին մանկուց գիտեին, Նաթանայելը, որը Հիսուսին ընդամենը մի քանի տարի էր ճանաչում և այլոք (Հովհ. 1։43–50)։ Բոլոր նրանք, ովքեր այդ գիշեր Երուսաղեմում էին և ներկա էին Պասեքի տոնակատարությանը, համոզված էին, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան՝ կենդանի Աստծու Որդին (Հովհ. 6։68, 69)։ Հենց այդ ժամանակ Հիսուսն ասաց այնպիսի խոսքեր, որոնք ջերմացրին նրանց սիրտը. «Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամեն բաները, որ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհ. 15։15)։
2 Հիսուսի այս խոսքերը վերաբերում են նաև մեր օրերում ապրող բոլոր օծյալ քրիստոնյաներին, իսկ ավելի լայն իմաստով՝ նրանց ընկերակից «ուրիշ ոչխարներին» (Հովհ. 10։16)։ Թեև բոլորս տարբեր ենք, սակայն պատիվ ունենք լինելու Հիսուսի ընկերը։ Եվ դա անչափ կարևոր է մեզ համար, քանի որ դրա շնորհիվ դառնում ենք նաև Եհովայի ընկերը։ Իրականում, անհնար է մտերմանալ Եհովայի հետ առանց Հիսուսի հետ մտերմանալու (կարդա՛ Հովհաննես 14։6, 21)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որպեսզի ոչ միայն դառնանք, այլև մնանք նրա ընկերը։ Այս հարցի մասին կխոսվի քիչ հետո։ Իսկ հիմա եկեք քննենք, թե ինչպիսի ընկեր էր Հիսուսը, և ինչպես էր նրա ընկերակցությունն անդրադառնում իր աշակերտների վրա։
Ինչպիսի՞ ընկեր էր Հիսուսը
3. Ինչո՞վ էր հայտնի Հիսուսը։
3 «Հարուստի ընկերները շատ են»,— գրեց Սողոմոն թագավորը (Առակ. 14։20, ՆԱ)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ անկատար մարդիկ հակված են ընկերություն անելու նրանց հետ, ումից ինչ–որ շահ ունեն։ Սակայն Աստծու Որդին այդ մարդկանցից չէր։ Նրան չէր տպավորում մարդու ֆինանսական վիճակը կամ դիրքը։ Ճիշտ է, Հիսուսը սիրով լցվեց մի հարուստ երիտասարդ իշխանի հանդեպ և հրավիրեց նրան դառնալու իր հետևորդը։ Սակայն պատվիրեց նրան վաճառել իր ողջ ունեցվածքը և բաժանել աղքատներին (Մարկ. 10։17–22; Ղուկ. 18։18, 23)։ Քրիստոսը հայտնի էր ոչ թե նրանով, որ ուներ հարուստ ու նշանավոր ընկերներ, այլ նրանով, որ ընկերակցում էր խոնարհների և արհամարհված մարդկանց հետ (Մատթ. 11։19)։
4. Ի՞նչ թերություններ ունեին Հիսուսի ընկերները։
4 Հիսուսի ընկերներն, ինչ խոսք, թերություններ ունեին։ Օրինակ՝ Պետրոսը երբեմն իրերին հոգևոր տեսանկյունից չէր նայում (Մատթ. 16։21–23)։ Իսկ Հակոբոսն ու Հովհաննեսը, փառասիրությունից դրդված, մի անգամ խնդրեցին, որ Հիսուսը իր Թագավորությունում բարձր դիրքի արժանացնի իրենց։ Նրանց այդ խնդրանքը բարկացրեց մյուս առաքյալներին։ Սակայն նրանք էլ էին անընդհատ վիճում, թե ով է իրենցից մեծ։ Այդուհանդերձ, Հիսուսը միանգամից չէր զայրանում, այլ համբերատարությամբ փորձում էր ուղղել իր ընկերների մտածելակերպը (Մատթ. 20։20–28)։
5, 6. ա) Ինչո՞ւ Հիսուսը շարունակեց ընկերություն անել իր առաքյալների հետ։ բ) Ինչո՞ւ Հիսուսը դադարեց Հուդայի հետ ընկերություն անելուց։
5 Հիսուսը ընկերություն էր անում անկատար մարդկանց հետ ոչ թե այն պատճառով, որ չափազանց հանդուրժող էր, կամ աչք էր փակում նրանց թերությունների վրա, այլ որ կենտրոնանում էր նրանց լավ մղումների ու դրական հատկությունների վրա։ Օրինակ՝ մի անգամ երբ Հիսուսը գտնվում էր չափազանց ծանր վիճակում, Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը նրան աջակցելու փոխարեն քնով անցան։ Դա, անկասկած, տխրեցրեց Հիսուսին։ Սակայն նույնիսկ այդ պահին նա իր ուշադրությունը դարձրեց առաքյալների լավ կողմերին. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթ. 26։41)։
6 Իսկ Հուդայի պարագայում Հիսուսը այլ կերպ վարվեց. նա դադարեց նրա հետ ընկերություն անելուց։ Թեև Հուդան ընկեր էր ձևանում, Հիսուսի աչքից չէր վրիպել այն, որ իր նախկին մտերիմ ընկերոջ սիրտն ապականվել է։ Հուդան դարձել էր աշխարհի ընկերը, հետևաբար՝ Աստծու թշնամին (Հակ. 4։4)։ Ուստի Հիսուսը 11 հավատարիմ առաքյալներին իր ընկերներն անվանեց միայն այն բանից հետո, երբ Հուդան դուրս գնաց (Հովհ. 13։21–35)։
7, 8. Ինչպե՞ս Հիսուսը արտահայտեց իր սերը ընկերների հանդեպ։
7 Հիսուսը չէր կենտրոնանում իր ընկերների սխալների վրա և միշտ մտածում էր նրանց բարօրության մասին։ Օրինակ՝ նա աղոթքով խնդրեց իր Հորը պաշտպանել նրանց փորձությունների ժամանակ (կարդա՛ Հովհաննես 17։11)։ Նա հաշվի էր առնում իր ընկերների սահմանափակ կարողությունները (Մարկ. 6։30–32)։ Հիսուսը չէր ցանկանում հայտնել միայն իր մտքերը։ Նա ձգտում էր իմանալ նրանց մտքերն ու զգացումները՝ լսելով և հասկանալով նրանց (Մատթ. 16։13–16; 17։24–26)։
8 Աստծու Որդին ապրեց ու մահացավ իր ընկերների համար։ Ճիշտ է, նա գիտեր, որ Եհովայի արդարության սկզբունքների համաձայն՝ պետք է զոհի իր կյանքը (Մատթ. 26։27, 28; Եբր. 9։22, 28)։ Բայց իր կյանքը տալով՝ նա արտահայտեց նաև իր սերը։ «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր հոգին տա իր ընկերների համար»,— ասաց Հիսուսը (Հովհ. 15։13)։
Ինչպե՞ս արձագանքեցին աշակերտները
9, 10. Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Հիսուսի առատաձեռնությանը։
9 Հիսուսն առատաձեռն անձնավորություն էր։ Նա սիրում էր իր ընկերներին և իր ժամանակն ու միջոցներն էր տրամադրում նրանց։ Զարմանալի չէ, որ մարդիկ ձգտում էին մտերմանալ նրա հետ և իրենց հերթին առատաձեռն լինել նրա նկատմամբ (Ղուկ. 8։1–3)։ Իր անձնական փորձից Հիսուսը կարող էր ասել. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ–լեցուն։ Որովհետև ինչ չափով որ չափում եք, փոխարենը՝ նույն չափով էլ ձեզ կչափեն» (Ղուկ. 6։38)։
10 Սակայն որոշ մարդիկ շահադիտական նկատառումներով էին շփվում Հիսուսի հետ։ Այս կեղծ ընկերները լքեցին նրան, քանի որ սխալ հասկացան նրա խոսքերը։ Քրիստոսին վստահելու փոխարեն՝ այդ մարդիկ սխալ եզրակացություններ արեցին և երես թեքեցին նրանից։ Բայց առաքյալներն այդպես չվարվեցին։ Թեև նրանց ընկերությունը հաճախ էր փորձության ենթարկվում, այդ հավատարիմ մարդիկ ամեն ջանք թափում էին, որպեսզի պահպանեն այն։ Թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում նրանք չէին թողնում Հիսուսին (կարդա՛ Հովհաննես 6։26, 56, 60, 66–68)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը Աստծու Որդին իր ընկերներին գնահատանքով ասաց. «Դուք եք, որ իմ փորձությունների մեջ միշտ ինձ հետ մնացիք» (Ղուկ. 22։28)։
11, 12. Ինչո՞ւմ վստահեցրեց Հիսուսը իր աշակերտներին և ինչպե՞ս նրանք արձագանքեցին։
11 Սակայն շատ չանցած, այն նույն աշակերտները, որոնց Հիսուսը գովել էր հավատարմության համար, թողեցին նրան։ Առաքյալները տրվեցին մարդավախությունը, որը խեղդեց Քրիստոսի հանդեպ նրանց սերը։ Բայց Հիսուսը դարձյալ ներեց նրանց։ Իր մահից և հարությունից հետո նա հայտնվեց իր աշակերտներին և վստահեցրեց, որ շարունակում է մնալ նրանց ընկերը։ Ավելին, նա մի սրբազան գործ հանձնարարեց նրանց՝ աշակերտներ պատրաստել «բոլոր ազգերի մարդկանցից» և իր վկաները լինել «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Մատթ. 28։19; Գործ. 1։8)։ Ինչպե՞ս արձագանքեցին աշակերտները։
12 Աշակերտներն իրենց անձը անմնացորդ նվիրեցին Թագավորության լուրը տարածելու գործին։ Շատ չանցած՝ Եհովայի սուրբ ոգու աջակցությամբ ողջ Երուսաղեմը լցվեց նրանց ուսմունքով (Գործ. 5։27–29)։ Նույնիսկ մահվան սպառնալիքի ներքո նրանք չդադարեցրին իրենց գործը։ Քրիստոսի պատվերը ստանալուց ընդամենը մի քանի տասնամյակ անց Պողոսը կարող էր գրել, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը» (Կող. 1։23)։ Աշակերտներն ապացուցեցին, որ իսկապես գնահատում են Հիսուսի հետ ունեցած ընկերությունը։
13. Ինչպե՞ս էին Հիսուսի ուսմունքները ազդել աշակերտների վրա։
13 Հիսուսի նոր աշակերտներն ընդունեցին նրա ուսմունքները և ահռելի փոփոխություններ արեցին իրենց կյանքում։ Նրանցից ոմանք ժամանակին համասեռամոլներ, շնացողներ, հարբեցողներ կամ գողեր էին (1 Կորնթ. 6։9–11)։ Ուրիշներն էլ սխալ վերաբերմունք ունեին այլազգիների հանդեպ (Գործ. 10։25–28)։ Այսուհանդերձ այդ մարդիկ հնազանդվեցին Հիսուսին. հանեցին հին անձնավորությունը և հագան նորը (Եփես. 4։20–24)։ Նրանք հասկացան, թե որն է «Քրիստոսի միտքը» և ընդօրինակեցին նրա մտածելակերպն ու գործելակերպը (1 Կորնթ. 2։16)։
Ընկերություն Քրիստոսի հետ այսօր
14. Ի՞նչ պետք է աներ Հիսուսը, երբ գար «իրերի համակարգի վախճանը»։
14 Առաջին դարի քրիստոնյաներից շատերը անձամբ ճանաչում էին Հիսուսին, կամ էլ տեսել էին նրան հարությունից հետո։ Մենք, սակայն, նման պատիվ չենք ունեցել։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի ընկերները դառնալ։ Օրինակ՝ հնազանդվելով այն առաջնորդությանը, որը տալիս է հավատարիմ և իմաստուն ծառան։ Այդ դասակարգը կազմված է Հիսուսի օծյալ եղբայրներից, որոնք դեռ երկրի վրա են։ Հիսուսը խոստացավ, որ երբ գար «իրերի համակարգի վախճանը», նա այս ծառային կնշանակեր «իր ողջ ունեցվածքի վրա» (Մատթ. 24։3, 45–47)։ Այսօր այն անհատների մեծ մասը, որը ձգտում է լինել Քրիստոսի ընկերը, ծառա դասակարգի անդամ չէ։ Ինչպե՞ս են նրանք արձագանքում «ծառայի» առաջնորդությանը և ինչպե՞ս է դա անդրադառնում Քրիստոսի հետ ունեցած մեր ընկերության վրա։
15. Ինչի՞ հիման վրա է Հիսուսը այծերին բաժանելու ոչխարներից։
15 Կարդա՛ Մատթեոս 25։31–40։ Հիսուսը ծառա դասակարգի անդամներին եղբայրներ կոչեց։ Այծերի ու ոչխարների առակում նա ընդգծեց այն միտքը, որ իր եղբայրների, նույնիսկ նրանցից «փոքրագույնի» հանդեպ մեր վերաբերմունքը Հիսուսն ընդունում է որպես իր հանդեպ ցույց տված վերաբերմունք։ Դրանից է կախված՝ «այծերի» խմբի մեջ կմտնենք, թե «ոչխարների»։ Փաստորեն, աջակցելով հավատարիմ և իմաստուն ծառային՝ երկրային հույս ունեցողները ցույց են տալիս, որ ցանկանում են լինել Հիսուսի ընկերները։
16, 17. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ընկերություն ենք անում Քրիստոսի եղբայրների հետ։
16 Եթե երկրային հույս ունես և ցանկանում ես ապրել Աստծու Թագավորության ներքո, ապա պետք է ընկերություն անես Հիսուսի եղբայրների հետ։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Քննարկենք երեք միջոց։ Առաջին՝ ամբողջ սրտով մասնակցիր Թագավորության գործին։ Հիսուսը պատվիրեց իր եղբայրներին քարոզել բարի լուրը ողջ աշխարհով մեկ (Մատթ. 24։14)։ Սակայն Քրիստոսի օծյալ եղբայրների մնացորդի համար դժվար է կատարել այդ առաջադրանքը առանց ուրիշ ոչխարների աջակցության։ Հետևաբար մասնակցելով քարոզչական գործին՝ ուրիշ ոչխարները օգնում են Քրիստոսի եղբայրներին կատարելու իրենց սուրբ հանձնարարությունը։ Հիսուսը, ինչպես նաև հավատարիմ և իմաստուն ծառան, խորապես գնահատում են իրենց ընկերների օգնությունը։
17 Երկրորդ միջոցը քարոզչական գործին ֆինանսապես աջակցելն է։ Հիսուսը հորդորեց իր հետևորդներին ընկերներ ձեռք բերել «անարդար հարստության» միջոցով (Ղուկ. 16։9)։ Դա ամենևին չի նշանակում, որ Աստծու և Քրիստոսի հետ ընկերությունը կարելի է գնել։ Քրիստոսը մեզ խրախուսում է օգտագործել նյութական միջոցները Թագավորության շահերն առաջ տանելու համար։ Ուստի մենք նվիրաբերություններ ենք անում Թագավորության սրահների շինարարության, ժողովի կարիքների և համաշխարհային քարոզչական գործի համար, ինչպես նաև օգտագործում ենք մեր միջոցները, որպեսզի գնանք ծառայության։ Այդպես վարվելով՝ մենք փաստում ենք, որ ընկերներ ենք ոչ միայն խոսքով, այլև «գործով ու ճշմարտությամբ» (1 Հովհ. 3։16–18)։ Անկախ նրանից՝ շատ ենք նվիրաբերում, թե քիչ, Եհովան և Հիսուսը գնահատում են ուրախ տվողին (2 Կորնթ. 9։7)։
18. Ինչո՞ւ պետք է հնազանդվենք երեցներին։
18 Երրորդ միջոցը երեցների առաջնորդությանը հետևելն է։ Այս մարդիկ նշանակվում են սուրբ ոգով Հիսուսի գլխավորությամբ (Եփես. 5։23)։ «Հնազանդվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվեք»,— գրեց Պողոս առաքյալը (Եբր. 13։17)։ Երբեմն գուցե դժվար լինի ընդունել երեցների՝ Աստվածաշնչի հիման վրա տրված խորհուրդները։ Պատճառը կարող է լինել այն, որ տեսնում ենք նրանց թերությունները։ Այդուհանդերձ, Հիսուսը՝ ժողովի Գլուխը, հավանություն է տալիս այս անկատար մարդկանց։ Ուստի չհետևելով նրանց տված առաջնորդությանը՝ մենք վտանգում ենք Հիսուսի հետ ունեցած մեր ընկերությունը։ Եթե չենք կենտրոնանում երեցների թերությունների վրա և ուրախությամբ հետևում ենք նրանց տված առաջնորդությանը, փաստում ենք մեր սերը Քրիստոսի հանդեպ։
Որտե՞ղ գտնել լավ ընկերներ
19, 20. Ո՞ւմ կարող ենք գտնել ժողովում, և ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
19 Հիսուսը շարունակում է հոգ տանել մեր մասին ոչ միայն հոգատար հովիվների, այլև հոգևոր մայրերի, եղբայրների և քույրերի միջոցով (կարդա՛ Մարկոս 10։29, 30)։ Երբ դու առաջին անգամ սկսեցիր շփվել Եհովայի վկաների հետ, ինչպե՞ս արձագանքեցին քո հարազատները։ Հնարավոր է՝ նրանք օգնեցին քեզ մոտենալու Աստծուն և Քրիստոսին։ Բայց Հիսուսը նշեց, որ երբեմն «մարդու թշնամիները իր տան անդամներն» են լինում (Մատթ. 10։36)։ Որքա՜ն մխիթարական է, որ ժողովում կարող ես ունենալ ընկերներ, ովքեր արյունակից եղբորից կամ քրոջից մտերիմ են (Առակ. 18։24)։
20 Պողոսը Հռոմի ժողովում շատ ընկերներ էր ձեռք բերել։ Դա երևում է նրանց ուղղված իր ողջույններից (Հռոմ. 16։8–16)։ Իսկ Հովհաննես առաքյալը եզրափակեց իր նամակը հետևյալ խոսքերով. «Իմ բարևներն ուղարկիր ընկերներին՝ անուն առ անուն» (3 Հովհ. 14)։ Ակնհայտ է, որ նա նույնպես հավատարիմ շատ ընկերներ ուներ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին և առաջին դարի քրիստոնյաներին ամուր ընկերական կապեր հաստատելու և դրանք պահպանելու հարցում։ Այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպիսի՞ ընկեր էր Հիսուսը։
• Ի՞նչ գործերի մղեց Հիսուսի ընկերությունը աշակերտներին
• Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ Քրիստոսի ընկերն ենք։
[նկար 14–րդ էջի վրա]
Հիսուսին հետաքրքրում էր, թե ինչ են մտածում և զգում իր ընկերները
[նկարներ 16–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ուզում ենք լինել Հիսուսի ընկերը