Հետևենք Հիսուսի օրինակին
«Ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 13։15)։
1. Հիսուսն ինչո՞ւ է քրիստոնյաների համար օրինակ համարվում։
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ պատմության ընթացքում միայն մեկ մարդ է իր ողջ կյանքն ապրել առանց մեղք գործելու։ Այդ մարդը Հիսուսն է։ Նրանից բացի ուրիշ «մարդ չ’կայ որ չ’մեղանչէ» (Գ Թագաւորաց 8։46; Հռովմայեցիս 3։23)։ Այդ պատճառով ճշմարիտ քրիստոնյաները Հիսուսին համարում են կատարյալ օրինակ, որին հարկավոր է հետևել։ Մ. թ. նիսանի 14–ին՝ նախքան իր մահը, Հիսուսն անձամբ հորդորեց իր հետևորդներին ընդօրինակել իրեն։ Նա ասաց. «Ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք» (Յովհաննէս 13։15)։ Այդ վերջին գիշերվա ընթացքում Հիսուսը նշեց մի քանի ոլորտներ, որոնցում քրիստոնյաները պետք է ձգտեն նմանվել իրեն։ Այս հոդվածում մենք կքննարկենք դրանցից մի քանիսը։
Խոնարհության անհրաժեշտությունը
2, 3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը խոնարհության կատարյալ օրինակ է։
2 Երբ Հիսուսն իր աշակերտներին հորդորում էր հետևել իր օրինակին, նա մասնավորապես խոսում էր խոնարհության մասին։ Մեկից ավելի անգամներ նա խորհուրդ էր տվել իր հետևորդներին լինել խոնարհ, իսկ նիսանի 14–ին նա ինքը խոնարհություն դրսևորեց՝ լվանալով առաքյալների ոտքերը։ Ապա Հիսուսն ասաց. «Եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք» (Յովհաննէս 13։14)։ Այնուհետև ասաց, որ հետևեն իրեն։ Խոնարհության ի՜նչ հիանալի օրինակ։
3 Պողոս առաքյալը հայտնում է, որ նախքան երկիր գալը Հիսուսն ‘Աստծո կերպարանքում էր’։ Այնուամենայնիվ, նա ունայնացրեց իրեն և մարդու կերպարանք ընդունեց։ Դեռ ավելին, նա «իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2։6–8)։ Մի պահ խորհիր այս մասին. Հիսուսը, որ տիեզերքում երկրորդ անձնավորությունն է, համաձայնվեց հրեշտակներից էլ ավելի ցածրանալ, ծնվել որպես անօգնական մանուկ, հնազանդվել անկատար ծնողների և ի վերջո մահանալ ինչպես արհամարհված ոճրագործ (Կողոսացիս 1։15, 16; Եբրայեցիս 2։6, 7)։ Ինչպիսի՜ խոնարհություն։ Հնարավո՞ր է արդյոք այդ տեսակ մտայնություն և խոնարհություն մշակել (Փիլիպպեցիս 2։3–5)։ Հնարավոր է, բայց հեշտ չէ։
4. Ինչո՞վ են մարդիկ հպարտանում, սակայն ինչո՞ւ է հպարտությունը վտանգավոր։
4 Խոնարհության հակառակը հպարտությունն է (Առակաց 6։16–19)։ Հպարտությունն էր, որ Սատանային կործանման դատապարտեց (Ա Տիմոթէոս 3։6, ԷԹ)։ Այն հեշտությամբ արմատներ է գցում մարդու սրտում, որից հետո դժվար է նրան արմատախիլ անել։ Մարդիկ հպարտանում են իրենց երկրով, ազգային պատկանելությամբ, հարստությամբ, ստացած կրթությամբ, հաջողություններով, հասարակության մեջ ունեցած դիրքով, արտաքինով, մարզվածությամբ և ուրիշ շատ բաներով։ Սակայն դրանցից և ոչ մեկը նշանակություն չունի Եհովայի համար (Ա Կորնթացիս 4։7)։ Եվ եթե մենք դրանցով հպարտանում ենք, վնասում ենք Աստծո հետ մեր փոխհարաբերությունները։ «Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը [«խոնարհը», ԱԱ]. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին» (Սաղմոս 138։6; Առակաց 8։13)։
Խոնարհություն մեր եղբայրության մեջ
5. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ երեցները խոնարհ լինեն։
5 Ո՛չ Եհովայի ծառայության մեջ մեր մասնակցությունն ու ձեռք բերած հաջողությունները և ո՛չ էլ նույնիսկ ժողովում ունեցած պատասխանատվությունները չպետք է հպարտության պատճառ լինեն (Ա Մնացորդաց 29։14; Ա Տիմոթէոս 6։17, 18)։ Իրականում, որքան մեծ են մեր պատասխանատվությունները, այնքան ավելի խոնարհ պետք է լինենք։ Պողոս առաքյալը հորդորում է երեցներին ‘չտիրապետել’ նրանց վրա, ովքեր Աստծո ժառանգությունն են, փոխարենը՝ ‘հոտին օրինակներ լինել’ (Ա Պետրոս 5։3)։ Երեցները նշանակված են ծառայելու և օրինակներ լինելու համար, ոչ թե տիրելու և իշխելու (Ղուկաս 22։24–26; Բ Կորնթացիս 1։24)։
6. Քրիստոնեական կյանքի ո՞ր ոլորտներում է խոնարհություն պահանջվում։
6 Միայն երեցները չէ, որ պետք է խոնարհություն դրսևորեն։ Երիտասարդներին, որոնք տարեցների հետ համեմատած ավելի սուր միտք ունեն և ֆիզիկապես ավելի ուժեղ են, ինչով և գուցե հպարտանան, Պետրոս առաքյալը գրեց. «Իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Ա Պետրոս 5։5)։ Այո՛, քրիստոնեական խոնարհությունը կարևոր է բոլորի համար։ Խոնարհություն է պահանջվում բարի լուրը քարոզելիս, հատկապես երբ անտարբերության կամ թշնամական վերաբերմունքի ենք հանդիպում։ Խոնարհություն է պահանջվում, որպեսզի խորհուրդ ընդունենք կամ պարզեցնենք մեր կյանքը, որ ավելի շատ մասնակցություն ունենանք ծառայության մեջ։ Բացի այդ, ինչպես խոնարհություն, այնպես էլ համարձակություն ու հավատ պետք է դրսևորենք, երբ մեզ վարկաբեկում են, դատական գործեր են հարուցում մեր դեմ կամ էլ դաժան հալածանքների են ենթարկում (Ա Պետրոս 5։6)։
7, 8. Ի՞նչ կերպերով կարող ենք մեր մեջ խոնարհություն մշակել։
7 Ինչպե՞ս կարող է անհատը հաղթահարել հպարտությունը և ‘խոնարհությամբ մյուսներին իր անձից ավելի լավ համարել’ (Փիլիպպեցիս 2։3)։ Նա իր մասին պետք է ունենա այնպիսի տեսակետ, ինչպիսին Եհովան ունի։ Սեփական անձի մասին ճիշտ տեսակետ ունենալու վերաբերյալ Հիսուսն ասաց. «Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք. որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու» (Ղուկաս 17։10)։ Հիշենք, որ ինչ էլ անելու լինենք, ոչինչ չի կարող համեմատվել այն ամենին, ինչ Հիսուսն է արել։ Այնուհանդերձ, Հիսուսը խոնարհ էր։
8 Մենք կարող ենք Եհովայից օգնություն խնդրել, որ մեր մասին ճիշտ տեսակետ զարգացնենք։ Սաղմոսերգուի պես կարող ենք աղոթել. «Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին» (Սաղմոս 119։66)։ Եհովան կօգնի մեզ, որ իմաստուն լինենք և հավասարակշռված տեսակետ զարգացնենք մեր անձի մասին, և նա կօրհնի մեզ խոնարհություն դրսևորելու համար (Առակաց 18։12)։ Հիսուսն ասել է. «Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ» (Մատթէոս 23։12)։
Բարու և չարի վերաբերյալ ճիշտ տեսակետ
9. Ինչպիսի՞ն է Հիսուսի տեսակետը բարու և չարի հանդեպ։
9 Չնայած որ Հիսուսը երեսուներեք տարի ապրեց անկատար մարդկանց մեջ, նա մնաց «առանց մեղքի» (Եբրայեցիս 4։15)։ Մեսիայի մասին մարգարեանալիս սաղմոսերգուն հետևյալն ասաց. «Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը» (Սաղմոս 45։7; Եբրայեցիս 1։9)։ Այս հարցում ևս քրիստոնյաները ձգտում են ընդօրինակել Հիսուսին։ Նրանք ոչ միայն զանազանում են բարին չարից, այլ նաև ատում են չարը և սիրում բարին (Ամովս 5։15)։ Դա օգնում է նրանց դիմադրել մեղք գործելու բնածին հակմանը (Ծննդոց 8։21; Հռովմայեցիս 7։21–25)։
10. Եթե մենք համառորեն ‘չարն ենք գործում’, դրանով ի՞նչ ենք ցույց տալիս։
10 Հիսուսը մի առիթով փարիսեցի Նիկոդեմոսին ասաց. «Ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, որ Աստուծով գործուեցան» (Յովհաննէս 3։20, 21)։ Ուշադրություն դարձրու. Հովհաննեսը Հիսուսի մասին խոսեց որպես «ճշմարիտ Լոյս[ի], որ ամեն մարդի լուսաւորում է» (Յովհաննէս 1։9, 10)։ Իսկ Հիսուսն ասաց, որ եթե մենք ‘չարն ենք գործում’, այսինքն՝ սխալ և Աստծուն անընդունելի բաներ ենք անում, ուրեմն ատում ենք լույսը։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ատում ես Հիսուսին և նրա չափանիշները։ Իրականում մարդիկ հենց դա են անում, երբ համառորեն շարունակում են մեղք գործել։ Գուցե նրանք չեն կարծում, թե դրանով ատում են Հիսուսին, բայց հստակ է, որ Հիսուսն այդպես է մտածում։
Ինչպե՞ս զարգացնենք բարու և չարի վերաբերյալ Հիսուսի տեսակետը
11. Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե ցանկանում ենք բարու և չարի վերաբերյալ Հիսուսի տեսակետը զարգացնել։
11 Մենք պետք է պարզ հասկանանք, թե Եհովայի աչքին ինչն է բարի, և ինչը՝ չար։ Մենք դա կարող ենք հասկանալ միայն Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչն ուսումնասիրելով։ Այդպիսի ուսումնասիրությունների ժամանակ մենք պետք է աղոթենք Աստծուն, ինչպես սաղմոսերգուն աղոթեց. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները» (Սաղմոս 25։4)։ Սակայն հիշիր, որ Սատանան մոլորեցնող է (Բ Կորնթացիս 11։14)։ Նա կարող է քողարկել չարը և այնպես անել, որ անզգույշ քրիստոնյաների աչքին դա ընդունելի թվա։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է խորհրդածել այն ամենի շուրջ, ինչ սովորում ենք, և ուշադիր լսել ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ տված խորհուրդներին (Մատթէոս 24։45–47)։ Ուսումնասիրությունը, աղոթքը և սովորածի շուրջ խորհրդածելը կօգնեն մեզ հասունանալ և լինել այն մարդկանցից, «որոնք իրենց ըմբռնողականությունը, գործի դնելով, մարզել են բարին ու չարը զանազանելու համար» (Եբրայեցիս 5։14, ՆԱ)։ Այդպիսով մենք կսովորենք ատել չարը և սիրել բարին։
12. Աստվածաշնչի ո՞ր խորհուրդն է օգնում մեզ անօրենություն չգործել։
12 Եթե մենք ատենք չարը, ապա թույլ չենք տա, որ չարն անելու ցանկությունը աճի մեր սրտում։ Հիսուսի մահից շատ տարիներ անց Հովհաննես առաքյալը գրեց. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է» (Ա Յովհաննէս 2։15, 16)։
13, 14. ա) Քրիստոնյայի համար ինչո՞ւ է վտանգավոր աշխարհի հանդեպ սերը։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել աշխարհը սիրելուց։
13 Ոմանք գուցե մտածեն, թե աշխարհում ամեն ինչ չէ, որ չար է կամ սխալ։ Եթե նույնիսկ այդպես է, այնուամենայնիվ, աշխարհն ու նրա գայթակղությունները կարող են հեշտությամբ հեռացնել մեզ Եհովային ծառայելուց։ Աշխարհում ոչինչ չկա, որ նախատեսված լինի մեզ Աստծուն մոտեցնելու համար։ Ուստի, երբ սկսում ենք սիրել այն, ինչ աշխարհում է, նույնիսկ այն բաները, որոնք ինքնին չար չեն, մենք վտանգավոր ուղու վրա ենք կանգնում (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Բացի այդ, աշխարհում եղած բաների մեծ մասը իրականում չար է և կարող է ապականել մեզ։ Եթե հեռուստատեսությամբ ֆիլմեր ենք դիտում, որոնք խրախուսում են բռնություն, նյութապաշտություն կամ սեռական անբարոյություն, ապա դրանք կարող են մեզ համար ընդունելի դառնալ, իսկ հետո՝ փորձություն։ Եթե մենք ընկերակցում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնց գլխավոր հետաքրքրությունը իրենց կյանքի բարեկեցությունն է և շահավետ գործարքներ ձեռնարկելը, ապա նրանց հետաքրքրությունները կարող են դառնալ մերը (Մատթէոս 6։24; Ա Կորնթացիս 15։33)։
14 Իսկ եթե մենք հաճույք ստանանք Եհովայի Խոսքից, «մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը» կկորցնեն իրենց գրավչությունը։ Եվ եթե ընկերակցենք նրանց հետ, ովքեր Աստծո Թագավորության շահերին առաջնային տեղ են տալիս, մենք կնմանվենք նրանց, կսիրենք այն, ինչ նրանք են սիրում, և կխուսափենք այն ամենից, ինչից նրանք են խուսափում (Սաղմոս 15։4; Առակաց 13։20)։
15. Հիսուսի նման՝ ինչպե՞ս կարող է արդարությունը սիրելը և անօրենությունն ատելը զորացնել մեզ։
15 Անօրենությունն ատելը և արդարությունը սիրելը օգնեց Հիսուսին աչքերը հառել «իր առաջին դրուած ուրախութեան[ը]» (Եբրայեցիս 12։2)։ Նույնը կարելի է ասել մեր մասին։ Մենք գիտենք, որ «աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ»։ Ցանկացած հաճույք, որ այս աշխարհը առաջարկում է, միայն ժամանակավոր է։ Սակայն «Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Քանի որ Հիսուսը կատարեց Աստծո կամքը, նա հնարավորություն տվեց մարդկանց հավիտենական կյանք ստանալ (Ա Յովհաննէս 5։13)։ Թող որ ընդօրինակենք նրան և քաղենք այն օգուտները, որ հնարավոր են դարձել նրա անարատության շնորհիվ։
Դիմագրավենք հալածանքները
16. Հիսուսն ինչո՞ւ հորդորեց իր հետևորդներին սիրել միմյանց։
16 Հիսուսը ցույց տվեց, թե իր աշակերտները էլ ինչում պետք է ընդօրինակեն իրեն՝ ասելով. «Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի» (Յովհաննէս 15։12, 13, 17)։ Շատ պատճառներ կան, թե ինչու են քրիստոնյաները սիրում իրենց եղբայրներին։ Երբ Հիսուսն ասաց վերոհիշյալ խոսքերը, նա գլխավորապես մտածում էր այն մասին, թե ինչ ատելության էին նրանք հանդիպելու աշխարհի կողմից։ Նա ասաց. «Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ ....Ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու» (Յովհաննէս 15։18, 20)։ Այո, նույնիսկ հալածվելիս քրիստոնյաները Հիսուսին են նմանվում։ Նրանք պետք է սիրո ամուր կապեր հաստատեն, որպեսզի կարողանան դիմադրել ատելությանը։
17. Աշխարհն ինչո՞ւ է ատում ճշմարիտ քրիստոնյաներին։
17 Աշխարհն ինչո՞ւ պետք է ատեր քրիստոնյաներին։ Որովհետև Հիսուսի պես նրանք ևս «աշխարհքիցը չեն» (Յովհաննէս 17։14, 16)։ Նրանք չեզոք են զինվորական և քաղաքական հարցերում, ինչպես նաև պահում են Աստվածաշնչի սկզբունքները, հարգում են կյանքի սրբությունը և ապրում բարոյական բարձր չափանիշներով (Գործք 15։28, 29; Ա Կորնթացիս 6։9–11)։ Նրանց մոտ առաջին տեղը զբաղեցնում են հոգևոր և ոչ թե նյութական նպատակները։ Նրանք ապրում են աշխարհում, բայց, ինչպես գրեց Պողոսը, լիովին չեն օգտվում աշխարհից (Ա Կորնթացիս 7։31)։ Ճիշտ է, ոմանք իրենց հիացմունքն են արտահայտել Եհովայի վկաների բարձր չափանիշների վերաբերյալ։ Սակայն Եհովայի վկաները փոխզիջումների չեն գնում, որպեսզի ուրիշների հիացմունքին արժանանան, կամ՝ որպեսզի նրանց կողմից ընդունված լինեն։ Արդյունքում՝ աշխարհում մարդկանց մեծամասնությունը նրանց չի հասկանում, և շատերն էլ ատում են նրանց։
18, 19. Հետևելով Հիսուսի օրինակին՝ ինչպե՞ս են քրիստոնյաները դիմագրավում հակառակությունն ու հալածանքը։
18 Առաքյալները ականատես եղան աշխարհի ուժգին ատելությանը, երբ Հիսուսին ձերբակալեցին ու մահապատժի դատապարտեցին։ Նրանք նաև տեսան, թե Հիսուսն ինչպես դիմագրավեց այդ ատելությունը։ Գեթսեմանիի պարտեզում Հիսուսի կրոնական հակառակորդները գալիս են ձերբակալելու նրան։ Պետրոսը փորձում է սրով պաշտպանել Հիսուսին, բայց վերջինս նրան ասում է. «Սուրդ տեղը դիր. որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն» (Մատթէոս 26։52; Ղուկաս 22։50, 51)։ Հին ժամանակներում իսրայելացիները սրերով էին կռվում իրենց թշնամիների դեմ։ Սակայն այժմ հանգամանքներն այլ էին։ Աստծո Թագավորությունը «այս աշխարհքիցը չէ[ր]» և չուներ պետական սահմաններ, որոնք հարկավոր լիներ պաշտպանել (Յովհաննէս 18։36)։ Շուտով Պետրոսը հոգևոր ազգի մաս էր կազմելու, որի անդամները երկնային քաղաքացիություն էին ունենալու (Գաղատացիս 6։16; Փիլիպպեցիս 3։20 ԷԹ, 21)։ Այսուհետև Հիսուսի հետևորդներն ատելություն ու հալածանք էին դիմագրավելու, այնպես, ինչպես Հիսուսը դիմագրավեց. անվախորեն, բայց խաղաղ ձևով։ Նրանք հարցերի լուծումը Եհովային էին թողնելու՝ վստահ, որ նա ուժ կտա իրենց՝ տոկալու (Ղուկաս 22։42)։
19 Տարիներ անց Պետրոսը գրեց. «Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք.... որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին» (Ա Պետրոս 2։21–23)։ Ինչպես նախազգուշացրել էր Հիսուսը, քրիստոնյաները տարիներ շարունակ դաժան հալածանքների են ենթարկվում։ Ե՛վ առաջին դարում, և՛ մեր օրերում նրանք հետևել են Հիսուսի օրինակին և հավատարմության ու տոկունության հիանալի համբավ ձեռք բերել՝ պահպանելով իրենց անարատությունը և մնալով խաղաղարար (Յայտնութիւն 2։9, 10)։ Թող որ մենք էլ այդպես վարվենք, երբ հանգամանքները պահանջեն (Բ Տիմոթէոս 3։12)։
«Տէր Յիսուս Քրիստոսին հագէք»
20–22. Ինչպե՞ս են քրիստոնյաները ‘հագնում Տեր Հիսուս Քրիստոսին’։
20 Պողոսը Հռոմի ժողովին գրեց. «Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն» (Հռովմայեցիս 13։14)։ Քրիստոնյաները, այսպես ասած, ‘հագնում’ են Հիսուսին ինչպես հագուստ։ Նրանք ձգտում են ընդօրինակել նրա հատկություններն ու գործերը այն չափով, որ անկատար լինելով հանդերձ, արտացոլեն իրենց Տիրոջը (Ա Թեսաղոնիկեցիս 1։6)։
21 Մենք կարող ենք հաջողությամբ ‘հագնել Տեր Հիսուս Քրիստոսին’, եթե ծանոթանանք Տիրոջ կյանքին ու ջանանք ապրել այնպես, ինչպես նա է ապրել։ Մենք պետք է նրա պես խոնարհ լինենք, սիրենք արդարությունը, ատենք անօրենությունը, սիրենք եղբայրներին, չլինենք աշխարհից և համբերությամբ տոկանք հալածանքներին։ Մենք ‘մարմնի համար խնամք չենք տանում դեպի ցանկություն’ այն իմաստով, որ աշխարհիկ նպատակները և մարմնի ցանկությունների բավարարումը չենք դարձնում մեր կյանքի գլխավոր նպատակը։ Հակառակը, որոշումներ կայացնելիս կամ պրոբլեմներ լուծելիս մենք հարցնում ենք ինքներս մեզ. «Ի՞նչ կաներ Հիսուսը այս իրավիճակում։ Իսկ ի՞նչ է ուզում, որ ես անեմ»։
22 Ի վերջո, մենք ընդօրինակում ենք Հիսուսին՝ «արքայութեան աւետարանը» մշտապես քարոզելով (Մատթէոս 4։23; Ա Կորնթացիս 15։58)։ Դրանով նույնպես քրիստոնյաները հետևում են Հիսուսի թողած օրինակին, և հաջորդ հոդվածում կքննարկվի, թե ինչպես։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնյան խոնարհ լինի։
• Ինչպե՞ս կարող ենք բարու և չարի վերաբերյալ ճիշտ տեսակետ զարգացնել։
• Ինչպե՞ս են քրիստոնյաներն ընդօրինակում Հիսուսին՝ հակառակություն և հալածանք դիմագրավելիս։
• Ինչպե՞ս է հնարավոր ‘հագնել Տեր Հիսուս Քրիստոսին’։
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը խոնարհության կատարյալ օրինակ թողեց
[նկար 8–րդ էջի վրա]
Կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև քարոզչական գործում, քրիստոնյայից խոնարհություն է պահանջվում
[նկար 9–րդ էջի վրա]
Սատանան կարող է այնպես անել, որ ժամանցի ապականված ձևերը քրիստոնյային ընդունելի թվան
[նկար 10–րդ էջի վրա]
Եղբայրական սերը կզորացնի մեզ հալածանքների ժամանակ