Ինչո՞ւ աղոթել Հիսուսի անունով
ՀԻՍՈՒՍԸ հաճախ էր սովորեցնում աղոթքի մասին։ Նրա օրերում հրեա կրոնական առաջնորդները աղոթում էին «գլխավոր փողոցների անկյուններում»։ Ինչո՞ւ։ «Որպեսզի մարդկանց կողմից նկատվեին»։ Ակներևաբար, նրանք ցանկանում էին ի ցույց դնել իրենց աստվածավախությունը։ Շատերը երկար, կրկնվող աղոթքներ էին ասում, կարծես «շատ խոսքեր» էին անհրաժեշտ, որ Աստված լսեր իրենց աղոթքները (Մատթեոս 6։5–8)։ Հիսուսը ցույց տվեց, որ նման ձևով աղոթելը անօգուտ էր, ու այդպիսով օգնեց անկեղծ անհատներին իմանալ, թե ինչից պետք է խուսափեն աղոթելիս։ Սակայն նա միայն չսովորեցրեց այն, թե ինչպես չպետք է աղոթել։
Հիսուսը սովորեցրեց, որ մեր աղոթքներից պետք է երևա, որ ցանկանում ենք, որ Աստծու անունը սրբացվի, որ գա նրա Թագավորությունը, և կատարվի նրա կամքը։ Նա նաև սովորեցրեց, որ տեղին է Աստծուց օգնություն խնդրել անձնական հարցերի համար (Մատթեոս 6։9–13; Ղուկաս 11։2–4)։ Օրինակների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ մենք պետք է հաստատակամություն, հավատ և խոնարհություն դրսևորենք, եթե ցանկանում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները (Ղուկաս 11։5–13; 18։1–14)։ Եվ ուսուցանելուց բացի՝ նա իր անձնական օրինակով էր սովորեցնում (Մատթեոս 14։23; Մարկոս 1։35)։
Նման ուսուցումն, անկասկած, օգնեց Հիսուսի աշակերտներին բարելավել իրենց աղոթքների որակը։ Սակայն աղոթքի վերաբերյալ ամենակարևոր դասը Հիսուսը սովորեցրեց իր երկրային կյանքի վերջին գիշերը։
«Շրջադարձային կետ եղավ աղոթքի պատմության մեջ»
Հիսուսն իր վերջին գիշերն ամբողջությամբ անցկացրեց՝ իր հավատարիմ առաքյալներին հորդորներ տալով։ Դա հարմար ժամանակ էր մի նոր բան սովորեցնելու համար։ «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը,— ասաց Հիսուսը։— Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»։ Ավելի ուշ նա հետևյալ քաջալերական խոստումը տվեց. «Ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։ Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ»։ Իսկ այդ հանդիպման վերջում նա ասաց. «Մինչև այս պահը դուք ոչինչ չեք խնդրել իմ անունով։ Խնդրե՛ք և կստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհաննես 14։6, 13, 14; 16։24)։
Այս խոսքերը շատ կարևոր էին։ Մի աշխատության մեջ ասվում է, որ այդ համարը «շրջադարձային կետ եղավ աղոթքի պատմության մեջ»։ Հիսուսը չէր ուզում ասել, որ այդուհետ, Աստծու փոխարեն, իրեն պետք է աղոթեին։ Ընդհակառակը՝ նա Եհովա Աստծուն աղոթելու նոր միջոց ներկայացրեց։
Ինչ խոսք, Աստված միշտ լսում է իր հավատարիմ ծառաների աղոթքները (Ա Թագաւորաց 1։9–19; Սաղմոս 65։2)։ Այնուամենայնիվ, սկսած այն ժամանակից, երբ Իսրայելն ընտրվեց որպես Աստծու ուխտյալ ժողովուրդ՝ նրանք, ովքեր ցանկանում էին, որ Աստված լսեր իրենց աղոթքները, պետք է ընդունեին, որ Իսրայելը Աստծու կողմից ընտրված ազգ էր։ Իսկ հետագայում՝ սկսած Սողոմոնի ժամանակներից, այդպիսի անհատները պետք է ընդունեին, որ տաճարն էր այն տեղը, որ Աստված ընտրել էր զոհեր մատուցելու համար (Բ Օրինաց 9։29; Բ Մնացորդաց 6։32, 33)։ Սակայն երկրպագության այս ձևը ժամանակավոր էր։ Ինչպես գրեց Պողոս առաքյալը, Իսրայելին տրված Օրենքը, ինչպես նաև տաճարում մատուցվող զոհերը «գալիք բարիքների ստվերն էին և ոչ թե հենց այդ բարիքների բուն էությունը» (Եբրայեցիներ 10։1, 2)։ Ստվերը պետք է ճանապարհ պատրաստեր իրականության համար (Կողոսացիներ 2։17)։ Սկսած մ.թ. 33–ից՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար այլևս պետք չէր ենթարկվել Մովսիսական օրենքին։ Անհրաժեշտ էր հնազանդվել նրան, ում մատնացույց էր անում Օրենքը՝ Հիսուս Քրիստոսին (Հովհաննես 15։14–16; Գաղատացիներ 3։24, 25)։
Անուն, «որը վեր է մյուս բոլոր անուններից»
Հիսուսը Եհովային աղոթելու հիմնավոր պատճառ ցույց տվեց՝ ներկայացնելով իրեն որպես մի զորավոր ընկեր, որը ճանապարհ է բացում մեր աղոթքների համար, որպեսզի Աստված լսի ու պատասխանի դրանց։ Ինչպե՞ս է Հիսուսն անում դա։
Քանի որ բոլորս մեղքի մեջ ենք ծնվել, ոչ մի գործ կամ զոհաբերություն չի կարող մաքրել մեզ այդ արատից կամ իրավունք տալ մեր սուրբ Աստծու՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու (Հռոմեացիներ 3։20, 24; Եբրայեցիներ 1։3, 4)։ Սակայն Հիսուսը իր կատարյալ կյանքը տվեց և Աստծուն փրկագին վճարեց մարդկության մեղքերի համար (Հռոմեացիներ 5։12, 18, 19)։ Այժմ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ իրենց մեղքերը մաքրվեն, կարող են Եհովայի առաջ մաքուր լինել և «խոսելու ազատություն» ունենալ, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հավատ դրսևորեն Հիսուսի զոհաբերության հանդեպ և աղոթեն նրա անունով (Եփեսացիներ 3։11, 12)։
Երբ աղոթում ենք Հիսուսի անունով, ցույց ենք տալիս, որ հավատ ենք ընծայում Աստծու նպատակների իրականացման մեջ նրա ունեցած դերի առնվազն երեք կողմին. 1) նա «Աստծու Գառն» է, որի զոհաբերությունը հիմք է հանդիսանում մեղքերի ներման համար։ 2) Եհովան հարություն է տվել նրան, և այժմ նա գործում է որպես «քահանայապետ»՝ գործի դնելով փրկանքի բերած օգուտները։ 3) Նա է միակ «ճանապարհը» Եհովային աղոթքով մոտենալու համար (Հովհաննես 1։29; 14։6; Եբրայեցիներ 4։14, 15)։
Հիսուսի անունով աղոթելիս մենք պատիվ ենք բերում նրան։ Դա տեղին է, քանի որ Եհովան կամենում է, որ «Հիսուսի անունով խոնարհվի ամեն ծունկ.... և ամեն լեզու հայտնապես ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար» (Փիլիպպեցիներ 2։10, 11)։ Սակայն ավելի կարևոր է այն, որ Հիսուսի անունով աղոթելը փառք է բերում Եհովային՝ նրան, ով հանուն մեզ տվել է իր Որդուն (Հովհաննես 3։16)։
Մենք պետք է «բոլոր սրտով» աղոթենք և ոչ թե մեխանիկորեն
Աստվածաշունչը տարբեր տիտղոսներ և անուններ է օգտագործում Հիսուսի համար, ինչը օգնում է մեզ պատկերացնել նրա ունեցած դիրքը։ Դրանք օգնում են մեզ տեսնել բազմաթիվ օգուտներ, որ ստանում ենք այն ամենի շնորհիվ, որ Հիսուսն արել է, անում է և դեռ անելու է հօգուտ մեզ (տե՛ս «Հիսուսի կարևոր դերը վերնագրով շրջանակը, )։ Այո, Հիսուսին տրվել է «մի այնպիսի անուն, որը վեր է մյուս բոլոր անուններից»a։ Ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա նրան է տրվել (Փիլիպպեցիներ 2։9; Մատթեոս 28։18)։
Զուտ սովորություն չպետք է լինի
Եթե ուզում ենք, որ Եհովան լսի մեր աղոթքները, պետք է դրանք ուղղենք Հիսուսի անունով (Հովհաննես 14։13, 14)։ Բայց չենք ցանկանում, որ «Հիսուսի անունով» արտահայտությունը կրկնելը պարզապես սովորություն դառնա։ Ինչո՞ւ։
Քննենք մի օրինակ։ Գործարարից ստացված նամակի վերջում գուցե գրված լինի «Հարգանքներով՝ Ձեր....» արտահայտությունը, որը սովորաբար գրվում է այդպիսի նամակներում։ Ձեր կարծիքով՝ այդ բառերն արտահայտում են գործարարի անկեղծ զգացմունքնե՞րը, թե՞ նա պարզապես հետևում է պաշտոնական նամակներ գրելու ընդունված կարգին։ Ինչ խոսք, մեր աղոթքներում Հիսուսի անունը օգտագործելը ավելի կարևոր նշանակություն պետք է ունենա, քան պաշտոնական նամակի եզրափակումը։ Չնայած որ մենք պետք է «անդադար աղոթք անենք», սակայն դա պետք է անենք «բոլոր սրտով» և ոչ թե մեխանիկորեն (1 Թեսաղոնիկեցիներ 5։17; Սաղմոս 119։145)։
Ինչպե՞ս կարելի է խուսափել «Հիսուսի անունով» արտահայտությունը մեխանիկորեն գործածելուց։ Կարելի է խորհրդածել Հիսուսի սիրտ ջերմացնող հատկությունների շուրջ։ Մտածեք, թե ինչեր է նա արդեն արել ձեզ համար և ինչեր դեռ պետք է անի։ Աղոթքում շնորհակալություն հայտնեք Եհովային և փառաբանեք նրան այն բանի համար, որ նա այդպիսի հրաշալի ձևով է օգտագործել իր Որդուն։ Այդ դեպքում դուք ավելի մեծ վստահություն կունենաք Հիսուսի հետևյալ խոստման հանդեպ՝ «եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ» (Հովհաննես 16։23)։
a Ըստ Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանի»՝ «անուն» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել «ամեն բան, որ անունը ներառում է՝ հեղինակություն, բնավորության գծեր, պաշտոն, վեհություն, հզորություն [և] գերազանցություն»։