«Քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»
ՀԻՍՈՒՍԻ մահվան օրը, որ համապատասխանում է հրեական նիսան ամսվա 14–րդ օրվան, սկսվեց հինգշաբթի երեկոյան՝ մ.թ. 33 թ. մարտի 31–ի մայրամուտին։ Այդ երեկո Հիսուսն ու իր առաքյալները հավաքվեցին Երուսաղեմի տներից մեկի վերնասենյակում՝ Պասեքը տոնելու։ Պատրաստվելով ‘այս աշխարհից Հոր մոտ ելնել’՝ Հիսուսը ցույց տվեց, որ իր առաքյալներին մինչև վերջ է սիրել (Յովհաննէս 13։1)։ Ինչպե՞ս։ Նա իր աշակերտներին արժեքավոր դասեր սովորեցրեց՝ գալիք բաներին նախապատրաստելով։
Երեկոյի ընթացքում Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Յովհաննէս 16։33)։ Ի՞նչ էր ուզում ասել նա այդ գոտեպնդող խոսքերն արտասանելիս։ Մասամբ հետևյալը. «Աշխարհում տիրող չարությունը ո՛չ դառնացրեց ինձ, ո՛չ էլ մղեց վրեժխնդրության։ Ես թույլ չեմ տվել, որ աշխարհը մտցնի ինձ իր կաղապարի մեջ։ Նույնը հնարավոր է նաև ձեր դեպքում»։ Այն, ինչ պատմեց Հիսուսն իր հավատարիմ առաքյալներին իր երկրային կյանքի վերջին ժամերի ընթացքում, կօգներ, որ նրանք նույնպես հաղթեին աշխարհին։
Ո՞վ չի համաձայնի, որ այսօր չարությունը տարածված է աշխարհում։ Ինչպե՞ս է ազդում մեզ վրա անարդարությունն ու բռնությունը, որն անիմաստ է։ Դառնանո՞ւմ ենք։ Կանգնում ենք նույնությամբ պատասխանելու գայթակղության առջև՞։ Իսկ ինչպե՞ս է մեզ վրա անդրադառնում շրջապատում տիրող բարոյական անկումը... Եթե այս ամենին գումարենք նաև մեր թերություններն ու մեղավոր հակումները, արդյունքում կստացվի, որ ստիպված ենք լինում պայքար մղել երկու ճակատներով. ընդդեմ արտաքին չար աշխարհի և մեր ներքին վատ հակումների։ Կարո՞ղ ենք իրականում հույս ունենալ, թե առանց Աստծո օգնության հաղթանակով դուրս կգանք։ Ինչպե՞ս ստանալ նրա օգնությունը։ Ի՞նչ հատկություններ պետք է մշակենք, որպեսզի կարողանանք դիմադրել մարմնական հակումներին։ Պատասխանը գտնելու համար, եկեք տեսնենք, թե ինչ սովորեցրեց Հիսուսն իր սիրելի աշակերտներին իր երկրային կյանքի վերջին օրվա ընթացքում։
Խոնարհությամբ հաղթել հպարտությանը
Քննարկենք, օրինակ, հպարտության կամ գոռոզամտության հարցը։ Այս կապակցությամբ Աստվածաշնչում ասվում է. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18)։ Գրություններում տրվում է նաև հետևյալ խորհուրդը. «Եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է» (Գաղատացիս 6։3)։ Այո՛, հպարտության պատճառով մարդ կարող է կործանվել ու խաբվել։ Մենք իմաստությամբ կվարվենք, եթե ատենք «հպարտութիւնն ու ամբարտաւանութիւը» (Առակաց 8։13)։
Ունեի՞ն արդյոք Հիսուսի աշակերտները հպարտության ու մեծամտության հետ կապված խնդիրներ։ Առնվազն մեկ անգամ նրանք վիճեցին այն հարցի շուրջ, թե ով է իրենցից ամենամեծը (Մարկոս 9։32–36)։ Իսկ մեկ ուրիշ առիթով Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին Թագավորությունում բարձր դիրք զբաղեցնելու մասին (Մարկոս 10։35–45)։ Հիսուսը ցանկանում էր օգնել իր աշակերտներին ազատվել նման հակումներից։ Ուստի Պասեքի ընթացքում նա վեր կացավ, սրբիչը կապեց մեջքին ու սկսեց լվանալ իր աշակերտների ոտքերը։ Պարզ է, թե ինչ էր նա ցանկանում սովորեցնել։ «Եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք»,— ասաց Հիսուսը (Յովհաննէս 13։14)։ Հպարտությունը հարկավոր էր փոխարինել հակառակ հատկությամբ՝ խոնարհությամբ։
Սակայն հպարտությունը հաղթահարելը հեշտ չէ։ Նույն երեկո՝ այն բանից հետո, երբ Հիսուսը արձակեց դավաճանության պատրաստ Հուդա Իսկարիովտացուն, 11 առաքյալների միջև մի բուռն վիճաբանություն սկսվեց։ Ի՞նչն էր հուզում աշակերտներին։ Այն, թե նրանցից ով պիտի համարվեր ամենամեծը։ Իր աշակերտներին հանդիմանելու փոխարեն՝ Հիսուսը նորից համբերատարությամբ շեշտեց ուրիշներին ծառայելու կարևորությունը։ Նա ասաց. «Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։ Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս»։ Իր ցույց տված օրինակի մասին հիշեցնելով՝ նա ավելացրեց. «Ես ձեր միջումը ծառայողի պէս եմ» (Ղուկաս 22։24–27)։
Առաքյալները դաս քաղեցի՞ն։ Ինչպես երևում է, այո՛։ Ահա թե ինչ գրեց Պետրոս առաքյալը տարիներ անց. «Ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ [«խոնարհ», ԷԹ] եղէք» (Ա Պետրոս 3։8)։ Որքան ուրեմն կարևոր է, որ մենք նույնպես խոնարհությամբ հաղթահարենք հպարտությունը։ Խոհեմություն կդրսևորենք, եթե չտարվենք փառքի, իշխանության կամ բարձր դիրքի հասնելու ձգտումներով։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Յակոբոս 4։6)։ Նման բան է ասվում նաև մի հին ու իմաստուն առակի մեջ. «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։
Հաղթահարել ատելությունը. ինչպե՞ս
Քննարկենք աշխարհում տարածված մեկ ուրիշ հատկություն՝ ատելությունը։ Լինի դա վախի, տգիտության, նախապաշարմունքի, կեղեքման, անարդարության, թե ռասայական խտրականության պատճառով՝ ատելությունը կարծես տարածված է ամենուր (Բ Տիմոթէոս 3։1–4)։ Այն տարածված է եղել նաև Հիսուսի օրերում։ Հրեական հասարակության մեջ հարկահավաքները ատված վտարանդիներ էին։ Հրեաները չէին շփվում նաև սամարացիների հետ (Յովհաննէս 4։9)։ Բացի այդ, նրանք արհամարհում էին հրեա չհանդիսացող անհատներին։ Սակայն Հիսուսի հաստատած երկրպագության ձևը ի վերջո պետք է ընդգրկեր բոլոր ժողովուրդներին պատկանող մարդկանց (Գործք 10։34, 35; Գաղատացիս 3։28)։ Ուստի՝ իր աշակերտներին նա սիրով նոր բան պատվիրեց։
Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք»։ Նրանք պետք է սովորեին սեր ցուցաբերել. Հիսուսը շարունակեց իր խոսքերը հետևյալ կերպ. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։34, 35)։ Այդ պատվիրանը նոր էր, քանի որ ավելին էր ընդգրկում, քան «քո ընկերին սիրես քո անձի պէս» սկզբունքը (Ղեւտացոց 19։18)։ Ի՞նչ առումով։ Հիսուսը պարզաբանեց՝ ասելով. «Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Յովհաննէս 15։12, 13)։ Նրանք պետք է պատրաստ լինեին զոհելու իրենց իսկ կյանքը միմյանց կամ ուրիշների համար։
Ինչպե՞ս կարող էին անկատար մարդիկ իրենց կյանքից հեռացնել ատելությունը։ Եթե այն փոխարինեին անձնազոհ սիրով։ Միլիոնավոր անկեղծ անհատներ՝ էթնիկական, մշակութային, կրոնական և քաղաքական բոլոր խմբերից, հենց դա էլ անում են։ Այսօր նրանք միավորվում են համերաշխ, ատելությունից զերծ մի հասարակության մեջ, որը Եհովայի վկաների համաշխարհային եղբայրությունն է։ Նրանք հետևում են Հովհաննես առաքյալի՝ Աստծո կողմից ներշնչված խոսքերին. «Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է. եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում» (Ա Յովհաննէս 3։15)։ Ճշմարիտ քրիստոնյաները ոչ միայն հրաժարվում են բոլոր տեսակի պատերազմներին մասնակցելուց, այլև ջանքեր են թափում միմյանց հանդեպ սեր ցույց տալու։
Իսկ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր հավատակիցները չեն և գուցե մեր հանդեպ ատելություն են ցուցաբերում։ Ցցի վրա գամված՝ Հիսուսն աղոթեց իրեն հալածողների համար. «Հայր, թողիր [ներիր] դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ինչ են անում» (Ղուկաս 23։34)։ Երբ ատելությամբ լի մարդիկ մինչ ի մահ քարկոծեցին Ստեփանոսին, նրա վերջին խոսքերը եղան. «Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար» (Գործք 7։59)։ Հիսուսն ու Ստեփանոսը լավագույնն էին ցանկանում նույնիսկ իրենց ատողներին։ Նրանց սրտում ատելություն չկար։ Աստվածաշունչը քաջալերում է. «Բարի գործենք ամենին» (Գաղատացիս 6։10)։
Օգնական, որ կմնա հավիտյան
Ընթրիքը՝ 11 հավատարիմ առաքյալների հետ, շարունակվում էր։ Հիսուսը տեղեկացրեց նրանց, որ կարճ ժամանակ հետո այլևս ֆիզիկապես իրենց հետ չի լինի (Յովհաննէս 14։28; 16։28)։ Սակայն նա հավաստիացրեց. «Ես Հօրը կ’աղաչեմ, եւ ուրիշ Մխիթարիչ [«օգնական», ՆԱ] կ’տայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան» (Յովհաննէս 14։16)։ Խոստացյալ օգնականը Աստծո սուրբ ոգին էր, որը խորիմաստ բաներ էր սովորեցնելու Գրություններից և հիշեցնելու էր այն ամենը, ինչ Հիսուսն ուսուցանել էր նրանց իր երկրային ծառայության ընթացքում (Յովհաննէս 14։26)։
Իսկ ինչպե՞ս կարող է սուրբ ոգին օգնել մեզ այսօր։ Աստվածաշունչը Աստծո ներշնչումով գրված Խոսքն է. այն մարդիկ, ովքեր մարգարեություններ են հայտնել ու գրի են առել այդ գիրքը, մղված են եղել սուրբ ոգու կողմից (Բ Պետրոս 1։20, 21; Բ Տիմոթէոս 3։16, ԱՆԹ)։ Ուստի Գրություններն ուսումնասիրելով և մեր սովորածը կիրառելով՝ ձեռք ենք բերում գիտելիքներ, իմաստություն, հասկացողություն, ըմբռնողականություն, խորաթափանցություն և խոհեմություն։ Մի՞թե դրա շնորհիվ ավելի լավ պատրաստված չենք լինի այս չար աշխարհի ճնշումները դիմագրավելու։
Աստծո սուրբ ոգին օգնական է նաև մեկ ուրիշ առումով։ Այն բարերար ազդեցություն գործող մի զորություն է, որը աստվածահաճո հատկություններ ցուցաբերելու հնարավորություն է տալիս նրանց, ում վրա ազդում է։ «Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն»,— ասում է Աստվածաշունչը։ Մի՞թե հենց սրանք չեն այն հատկությունները, որոնք կարող են օգնել մեզ պայքարել անբարոյության, կռվարարության, նախանձի, բարկության և նման այլ բաների հանդեպ մեր հակվածության դեմ (Գաղատացիս 5։19–23)։
Աստծո սուրբ ոգուն ապավինելով՝ մենք կարող ենք նաև ‘զորության գերազանցություն’ ստանալ պայքարելու համար ցանկացած դժվարության կամ վհատության դեմ (Բ Կորնթացիս 4։7)։ Թեև այն մեր դժվարություններն ու փորձությունները չի վերացնի, բայց անկասկած կօգնի, որ կարողանանք դիմանալ դրանց (Ա Կորնթացիս 10։13)։ «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց»,— գրել է Պողոս առաքյալը (Փիլիպպեցիս 4։13, Արևմտ. Աստ.)։ Իսկ Աստված զորացնում է իր սուրբ ոգու միջոցով։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել սուրբ ոգու համար, որը խոստացվել էր նրանց, ովքեր ‘սիրում են Հիսուսին, ու պահում նրա պատվիրանները’ (Յովհաննէս 14։15)։
«Կացէք իմ սէրի մէջ»
Իր մարդկային կյանքի վերջին գիշերը Հիսուսը առաքյալներին պատվիրեց նաև հետևյալը. «Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի» (Յովհաննէս 14։21)։ «Կացէք իմ սէրի մէջ»,— քաջալերեց նա (Յովհաննէս 15։9)։ Ինչպե՞ս է Հոր և Որդու սիրո մեջ մնալն օգնում մեզ ներքին պայքարում՝ ընդդեմ մեղավոր հակումների, ինչպես նաև արտաքին պայքարում՝ ընդդեմ չար աշխարհի։
Հապա մտածեք. արդյոք կկարողանա՞նք վերահսկել մեր վատ հակումները, եթե ուժեղ մղում չունենանք՝ դա անելու։ Իսկ ի՞նչը կարող է ավելի մեծ մղիչ ուժ հանդիսանալ, եթե ոչ՝ Եհովա Աստծո ու նրա Որդու հետ լավ հարաբերություններ ունենալը։ Էրնեստոa անունով մի երիտասարդ ուժգին պայքար է մղել հրաժարվելու համար իր անբարո կյանքից, որ պատանեկան տարիներից ի վեր վարել էր։ Ահա թե ինչ է ասում նա. «Ես Աստծուն հաճեցնելու ցանկություն ունեի։ Աստվածաշնչից իմանալով, որ նա հավանություն չի տալիս իմ ապրելակերպին՝ որոշեցի ուրիշ անձնավորություն դառնալ՝ Աստծո չափանիշներով ապրող։ Ամեն օր ստիպված էի լինում պայքարել բացասական, անմաքուր մտքերի դեմ, որ շարունակում էին հեղեղել ինձ։ Սակայն ես վճռել էի այդ պայքարից հաղթանակած դուրս գալ և անդադար աղոթում էի Աստծուն՝ օգնություն ստանալու համար։ Երկու տարի անց ամենադժվարն արդեն ետևում էր։ Բայցևայնպես, ես շարունակում եմ խստապահանջ լինել իմ նկատմամբ»։
Արտաքին աշխարհի դեմ մղվող պայքարի կապակցությամբ քննենք Հիսուսի վերջին աղոթքը, որ նա ասաց Երուսաղեմի վերնատնից դուրս գալուց առաջ։ «Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։ Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ»,— խնդրեց նա Հորը իր աշակերտների համար (Յովհաննէս 17։15, 16)։ Որքա՜ն մխիթարական են այս խոսքերը։ Եհովան ‘պահում’ է այն անհատներին, ում սիրում է, ու քանի դեռ նրանք շարունակում են աշխարհից զատված մնալ, զորացնում է նրանց։
«Հաւատացէք»
Հիսուսի պատվերները քննելը իրոք կարող է օգնել մեզ հաղթանակով դուրս գալ չար աշխարհի, ինչպես նաև մեր մեղավոր հակումների դեմ մղվող պայքարից։ Թեև այս հաղթանակները կարևոր են, սակայն դրանք չեն վերացնի ո՛չ այս աշխարհը, ո՛չ էլ մեր ժառանգած մեղքը։ Բայց հուսահատվելու կարիք չկա։
Աստվածաշնչում հետևյալ հայտարարությունն է արվում. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Հիսուսն իր կյանքը տվեց, որպեսզի «ամեն նորան հաւատացողը» փրկվի մեղքից ու մահից (Յովհաննէս 3։16)։ Ուստի Աստծո կամքի ու նպատակների մասին մեր գիտելիքները շատացնելով՝ եկեք հետևենք Հիսուսի տված այս խորհրդին. «Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք» (Յովհաննէս 14։1)։
[ծանոթագրություն]
a Ուրիշ անուն է օգտագործված։
[նկար 6–րդ և 7–րդ էջերի վրա]
«Կացէք իմ սէրի մէջ»,— իր առաքյալներին հորդորեց Հիսուսը
[նկար 7–րդ էջի վրա]
Ազատագրումը մեղքից ու նրա հետևանքներից շուտով իրականություն կդառնա