Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ գրի է առնվել հին եբրայերեն, արամերեն և հունարեն լեզուներով։ Հետևաբար մարդկանց մեծամասնության համար այն մատչելի է միայն թարգմանությամբ։
Այսօր աշխարհում ամենաշատ թարգմանված գիրքը Աստվածաշունչն է, որը մասամբ մատչելի է ավելի քան 2 400 լեզուներով։ Որոշ լեզուներում Աստվածաշնչի մեկից ավելի թարգմանություններ կան։ Եթե դուք ընտրության հնարավորություն ունեք, անշուշտ կցանկանաք օգտվել լավագույն թարգմանությունից։
Ճիշտ ընտրություն կատարելու համար դուք պետք է իմանաք հետևյալ հարցերի պատասխանները՝ ինչպիսի՞ թարգմանություններ են մատչելի, որո՞նք են դրանցից յուրաքանչյուրի առավելությունները՝ մյուսների հետ համեմատած, և ինչո՞ւ պետք է զգույշ լինեք Աստվածաշնչի որոշ թարգմանություններ կարդալիս։
Միմյանցից անչափ տարբեր թարգմանություններ
Աստվածաշնչի թարգմանությունները տարբեր ոճի են լինում, սակայն բաժանվում են հիմնականում երեք տեսակի։ Դրանցից մեկը տողացի թարգմանություններն են։ Այս թարգմանություններում տրված է լինում բնագիր լեզվով տեքստը և նրա բառացի թարգմանությունը։
Երկրորդ տեսակը վերապատմված թարգմանություններն են։ Այդպիսի թարգմանություն կատարողները ազատորեն վերապատմում են Աստվածաշնչի պատգամը և այն մատուցում այնպես, որ ընթերցողի համար գրավիչ լինի Աստվածաշունչը։
Երրորդ տեսակի թարգմանություններում հավասարակշռված մոտեցում է դրսևորվում՝ ի տարբերություն վերոհիշյալ երկու տեսակի թարգմանությունների։ Այդ թարգմանությունները կատարողները ձգտում են պահպանել բնագիր լեզվի արտահայտությունների իմաստն ու ոգին, նաև ձգտում են դրանք դյուրընթեռնելի դարձնել։
Բառացի թարգմանությունները ամենալա՞վն են
Բառացի թարգմանություններում հաճախ հնարավոր չի լինում լավագույնս փոխանցել Աստվածաշնչի յուրաքանչյուր համարի իմաստը։ Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն են։ Ահա դրանցից երկուսը.
1. Չկան միանման երկու լեզուներ, որ ունենան միևնույն քերականությունը, բառապաշարը և շարադասությունը։ Եբրայերեն լեզվի պրոֆեսոր Ս. Ռ. Դրայվերը ասում է, որ լեզուները միմյանցից «տարբերվում են ոչ միայն քերականությամբ և բառապաշարով, այլև.... նախադասության կառուցվածքով»։ Տարբեր լեզուներով խոսող մարդիկ տարբեր մտածողություն ունեն։ «Հետևաբար,— շարունակում է պրոֆեսոր Դրայվերը,— տարբեր լեզուներում նախադասության կառուցվածքը տարբեր է լինում»։
Քանի որ չկա մի լեզու, որ ճշգրտորեն արտացոլի աստվածաշնչային եբրայերենի և հունարենի քերականությունն ու բառապաշարը, հետևաբար Աստվածաշնչի բառ առ բառ թարգմանությունը պարզ չի կարող լինել և նույնիսկ կարող է սխալ իմաստ փոխանցել։ Քննենք հետևյալ օրինակները։
Եփեսացիներին ուղղած նամակում Պողոս առաքյալը օգտագործել է մի արտահայտություն, որը բառացի թարգմանվում է «մարդկանց կողմից զառ գցել» ձևով (Եփեսացիներ 4։14, Հունարեն Գրությունների՝ Թագավորության տողացի թարգմանություն, անգլ.)a։ Այս արտահայտությունը վերաբերում է զառերի միջոցով մարդկանց խաբելուն։ Սակայն շատ լեզուներում այս արտահայտության բառացի թարգմանությունը գրեթե իմաստ չի կազմում։ Այդ արտահայտության իմաստն ավելի պարզ կլինի, եթե այն թարգմանվի «մարդկանց խորամանկություն» ձևով։
Հռոմեացիներին նամակ գրելիս Պողոսը գործածեց հունարեն մի արտահայտություն, որը բառացի նշանակում է «ոգով եռալ» (Հռոմեացիներ 12։11, Թագավորության տողացի թարգմանություն)։ Ձեր լեզվում այդ արտահայտությունը ինչ–որ իմաստ կազմո՞ւմ է։ Այն իրականում նշանակում է «ոգով բոցավառվել»։
Իր ամենահայտնի քարոզներից մեկում Հիսուսը օգտագործեց մի արտահայտություն, որը հաճախ թարգմանվում է «երանի հոգով աղքատներին» ձևով (Մատթեոս 5։3)։ Սակայն այդ արտահայտության բառացի թարգմանությունը շատ լեզուներում պարզ չէ։ Որոշ դեպքերում բառ առ բառ թարգմանությունը կարող է նույնիսկ փոխանցել այն միտքը, որ այդ մարդիկ անհավասարակշռված են կամ կենսուրախ չեն ու վճռականություն չունեն։ Սակայն այստեղ իրականում Հիսուսը մարդկանց սովորեցնում էր, որ նրանց երջանկությունը կախված է ոչ թե ֆիզիկական կարիքները բավարարելուց, այլ այն բանից, որ գիտակցեն, որ Աստծու առաջնորդության կարիքն ունեն (Ղուկաս 6։20)։ Ուստի այդ արտահայտությունը ավելի ճիշտ կհնչի, եթե թարգմանվի, օրինակ, «նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» ձևով (Մատթեոս 5։3)։
2. Բառի կամ արտահայտության իմաստը կարող է փոխվել՝ կախված համատեքստից։ Օրինակ՝ եբրայերեն այն բառը, որը սովորաբար վերաբերում է մարդու ձեռքին, կարող է տարբեր իմաստներ ունենալ։ Կախված համատեքստից՝ այն կարող է, օրինակ, թարգմանվել «իշխանություն» կամ «առատաձեռնություն» (Բ Թագաւորաց 8։3; Գ Թագաւորաց 10։13, ԱԱ)։ Այս բառը «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» անգլերեն հրատարակության մեջ թարգմանվել է ավելի քան 40 ձևով։
Քանի որ, կախված համատեքստից, միևնույն բառը կարող է տարբեր ձևով թարգմանվել, «Նոր աշխարհ թարգմանության» մեջ մոտ 5 500 հունարեն բառերի համար գործածվել է 16 000 անգլերեն բառ, իսկ 8 500 եբրայերեն բառերի համար՝ 27 000 անգլերեն բառb։ Ինչո՞ւ են այդ բառերը տարբեր ձևերով թարգմանվել։ Թարգմանչական կոմիտեն եկել էր այն եզրակացության, որ այդ բառերը ըստ համատեքստի թարգմանելը ավելի կարևոր էր, քան բառ առ բառ թարգմանելը։ Նույնիսկ այդ դեպքում անգլերեն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ հնարավորության սահմաններում եբրայերեն և հունարեն բառերը թարգմանվել են հետևողականորեն։
Հստակ է, որ Աստվածաշունչը թարգմանելիս բավական չէ պարզապես բնագիր լեզվում գործածվող բառերը ամեն անգամ նույն ձևով թարգմանել։ Թարգմանիչները պետք է առողջ դատողություն գործի դնեն, որ ընտրեն այնպիսի բառեր, որոնք ճշգրտորեն և հասկանալի կերպով կփոխանցեն բնագիր տեքստի մտքերը։ Բացի այդ, նրանք պետք է թարգմանելիս նախադասությունները կազմեն իրենց լեզվի քերականության կանոնների համաձայն։
Ի՞նչ կարելի է ասել ազատ թարգմանությունների մասին
Այն թարգմանիչները, որոնց թարգմանությունները հաճախ համարվում են Աստվածաշնչի վերապատմված կամ ազատ թարգմանություններ, այնպես են փոխանցում տեքստը, որ այն շատ է տարբերվում բնագրից։ Ինչո՞ւ։ Նրանք կամ իրենց տեսակետն են ավելացնում՝ ենթադրելով, թե ինչ իմաստ կարող էր ունենալ բնագիրը, կամ կրճատում են որոշ տեղեկություններ։ Վերապատմված թարգմանությունները գուցե գրավիչ լինեն, քանի որ դրանք հեշտ է ընթերցել։ Սակայն դրանցում երբեմն աղավաղվում և անհասկանալի է դառնում բնագիր տեքստի իմաստը։
Աստվածաշնչի վերապատմված մի թարգմանության մեջ Հիսուսի հայտնի տիպար աղոթքը այսպես է ներկայացված՝ «Հայր մեր, որ երկնքում ես, բացահայտիր քեզ» (Մատթեոս 6։9, The Message։ The Bible in Contemporary Language)։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ Հիսուսի խոսքերը ավելի ճշգրիտ են տրված՝ «Հայր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը»։ Իսկ նկատեք, թե ինչպես են որոշ Աստվածաշնչեր ներկայացնում Հովհաննես 17։26 համարը։ Մի ազատ թարգմանության համաձայն՝ իր ձերբակալության գիշերը Հիսուսն իր Հորն աղոթելիս ասել է. «Ես ճանաչեցրի քեզ նրանց» (Today’s English Version)։ Սակայն ավելի ճշգրիտ մի թարգմանության մեջ Հիսուսի աղոթքը այսպես է ներկայացված՝ «ես ճանաչեցրի նրանց քո անունը»։ Նկատեցի՞ք, թե ինչպես են որոշ թարգմանիչներ թաքցնում այն փաստը, որ Աստված անուն ունի, որը պետք է օգտագործել և պատվել։
Ինչո՞ւ պետք է զգույշ լինել
Որոշ ազատ թարգմանություններ աղավաղում են բնագիր տեքստում տեղ գտած բարոյական չափանիշները։ Օրինակ՝ մի թարգմանության մեջ 1 Կորնթացիներ 6։9, 10 համարները այսպես են ներկայացված. «Չե՞ք գիտակցում, որ դուք այսպես չպետք է ապրեք։ Անարդար մարդիկ, ովքեր չեն մտածում Աստծու մասին, չեն մտնի նրա թագավորությունը։ Նրանք, ովքեր շահագործում են միմյանց, չարաշահում են սեռական հարաբերությունները, ապականում են երկիրը և նրանում եղած ամեն բան, չեն կարող լինել Աստծու թագավորության քաղաքացիները» (The Message։ The Bible in Contemporary Language)։
Համեմատենք այդ թարգմանությունը ավելի ճշգրիտ թարգմանության՝ «Նոր աշխարհ թարգմանության» հետ։ Այնտեղ գրված է. «Ի՞նչ է, չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու։ Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ այն տղամարդիկ, որոնք օգտագործվում են անբնական նպատակներով, ո՛չ էլ այն տղամարդիկ, որոնք կենակցում են տղամարդկանց հետ, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու»։ Ուշադրություն դարձրեք, որ նախորդ պարբերության մեջ բերված ազատ թարգմանության մեջ նույնիսկ չեն նշվում վարքի այն ձևերը, որոնցից մենք պետք է խուսափենք, և որոնց մասին մանրամասնորեն արձանագրել է Պողոսը։
Աստվածաշնչի ուսմունքները սխալ հասկանալը նույնպես կարող է աղավաղել թարգմանությունը։ Օրինակ՝ «Ժամանակակից անգլերեն թարգմանության» (Today’s English Version) մեջ, որը սովորաբար կոչվում է «Բարի լուր Աստվածաշունչ», իր հետևորդներին ուղղված Հիսուսի խոսքերը այսպես են ներկայացված. «Նեղ դռնով մտեք, որովհետև լայն է դժոխքի դուռը, և հեշտ է այնտեղ տանող ճանապարհը, և շատերն են նրանով գնացողները» (Մատթեոս 7։13)։ Թարգմանիչներն այստեղ ավելացրել են «դժոխք» բառը, չնայած որ Մատթեոսի արձանագրության մեջ հստակ նշվում է «կործանում» բառը։ Ինչո՞ւ են նրանք այդպես վարվել։ Հավանաբար այն պատճառով, որ ցանկացել են փոխանցել այն միտքը, թե չարերը հավիտյան կչարչարվեն և ոչ թե կկործանվենc։
Ինչպես գտնել ամենալավ թարգմանությունը
Աստվածաշունչը գրվել է պարզ լեզուներով, որոնցով խոսել են հասարակ մարդիկ՝ հողագործները, հովիվները և ձկնորսները (Նէեմիա 8։8, 12; Գործեր 4։13)։ Ուստի լավ թարգմանությունը այն է, որում Աստվածաշնչի պատգամը ներկայացված է այնպես, որ այն հասկանալի լինի ազնվասիրտ մարդկանց համար՝ անկախ նրանց ծագումից։ Լավ թարգմանության մեջ պետք է ակնհայտ լինեն նաև հետևյալ բաները.
◗ Ճշգրտորեն փոխանցված լինի բնագրի պատգամը, որ գրվել է Աստծու ներշնչմամբ (2 Տիմոթեոս 3։16)։
◗ Բառերը թարգմանված լինեն բառացի, եթե բնագիր տեքստի բառապաշարն ու կառուցվածքը թույլ են տալիս այդպես թարգմանել։
◗ Փոխանցված լինի բառի կամ արտահայտության ճիշտ իմաստը, եթե բառացի թարգմանությունը աղավաղում է և անհասկանալի է դարձնում բնագրի իմաստը։
◗ Օգտագործված լինի բնական և հասկանալի լեզու, որն ընթերցանությունը հաճելի է դարձնում։
Իսկ այդպիսի թարգմանություն կա՞։ Այս պարբերագիրը ընթերցող միլիոնավոր մարդիկ գերադասում են կարդալ «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք ճիշտ են համարում այն մեթոդը, որ կիրառել է թարգմանչական կոմիտեն։ Այդ մասին կարդում ենք անգլերեն առաջին հրատարակության նախաբանում. «Մենք չենք առաջարկում վերապատմված Աստվածաշունչ։ Մենք ձգտել ենք հնարավորինս բառացի թարգմանել տեքստը, եթե ժամանակակից անգլերեն լեզուն թույլ է տվել, և եթե բառացի թարգմանությունը չի թաքցրել բնագրի ճիշտ իմաստը և դժվարհասկանալի չի դարձրել այն»։
«Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է ավելի քան 60 լեզվով և ընդհանուր հաշվով՝ տպագրվել է ավելի քան 145 000 000 օրինակով։ Եթե այս թարգմանությունը կա ձեր լեզվով, կարող եք Եհովայի վկաներից խնդրել մեկ օրինակ և օգուտներ քաղել այս ճշգրիտ թարգմանությունից։
Աստվածաշունչը անկեղծորեն ուսումնասիրողները ցանկանում են հասկանալ Աստծու կողմից ներշնչված պատգամը և գործել դրա համաձայն։ Եթե դուք էլ նույն ցանկությունն ունեք, ապա պետք է Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանություն ձեռք բերեք։ Իրոք, արժե այդպիսի թարգմանություն ունենալ։
[ծանոթագրություններ]
a Տողացի թարգմանությունը հնարավորություն է տալիս ընթերցողին տեսնել յուրաքանչյուր բառի բառացի նշանակությունը բնագիր տեքստի տակ։
b Ուշադրության է արժանի այն, որ անգլերեն լեզվով Աստվածաշնչի որոշ թարգմանություններում ավելի շատ տարբերակներ են գործածվում եբրայերեն և հունարեն բառերի համար, քան «Նոր աշխարհ թարգմանության» մեջ, հետևաբար դրանցում ավելի քիչ է պահպանվել հետևողականությունը։
c Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդը հող է դառնում, որ մահվան ժամանակ հոգին մահանում է, և որ մարդը այլևս մտքեր կամ զգացմունքներ չի ունենում (Ծննդոց 3։19; Ժողովող 9։5, 6; Եզեկիէլ 18։4)։ Այն չի սովորեցնում, որ չարերի հոգիները հավիտյան տանջվում են կրակե դժոխքի մեջ։
[մեջբերում 21–րդ էջի վրա]
Վերապատմված թարգմանությունները գուցե գրավիչ լինեն, քանի որ դրանք հեշտ է ընթերցել։ Սակայն դրանցում երբեմն աղավաղվում և անհասկանալի է դառնում բնագիր տեքստի իմաստը
[մեջբերում 22–րդ էջի վրա]
«Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է ավելի քան 60 լեզվով և ընդհանուր հաշվով՝ տպագրվել է ավելի քան 145 000 000 օրինակով
[Շրջանակ/նկար 20–րդ էջի վրա]
ՎԵՐԱՊԱՏՄՎԱԾ ՄԻ ՀԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Աստվածաշնչի վերապատմված կամ ազատ թարգմանությունները նորույթ չեն։ Հին ժամանակներում հրեաները արել են թարգմանություններ, որոնք այժմ կոչվում են արամերեն թարգումներ կամ Գրությունների վերապատմված ազատ թարգմանություններ։ Թեև դրանք ճշգրիտ թարգմանություններ չեն, սակայն ցույց են տալիս, թե ինչպես են հրեաները հասկացել Աստվածաշնչի որոշ հատվածներ, և օգնում են թարգմանիչներին հասկանալ որոշ բարդ հատվածների իմաստը։ Օրինակ՝ Յոբ 38։7–ում Աստծու «բոլոր որդիքը» արտահայտության համար գրված է «հրեշտակների խմբեր»։ Իսկ Ծննդոց 10։9–ում Նեբրովթին նկարագրելու համար թարգումներում գործածվում է եբրայերենի ժխտական մի նախդիր, որը նշանակում է «դեմ» կամ «ընդդեմ» և ոչ թե պարզապես «առջև», որը չեզոք իմաստ ունի։ Այս ազատ թարգմանությունները գործածվել են Աստվածաշնչի հետ միասին, սակայն երբեք չեն փոխարինել Աստվածաշնչին։
[նկար]
ՄԻ ՀԱՏՎԱԾ ՈՒՈԼԹՈՆԻ «ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ»՝ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ 1657–ԻՆ, ՅՈԲ 38։1–15
Աստվածաշնչի եբրայերեն տեքստը («Լատիներեն տողացի թարգմանության» հետ)
Համապատասխան տեքստը արամերեն թարգումից
[նկար 19–րդ էջի վրա]
«ՀՈՒՆԱՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՈՂԱՑԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻ ՀԱՏՎԱԾ, ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 4։14
Ձախ սյունակում տրված է բառացի թարգմանությունը, աջ սյունակում՝ իմաստային թարգմանությունը
[նկար 18–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Background։ Shrine of the Book, Israel Museum, Jerusalem