ԳԼՈՒԽ 124
Քրիստոսը մատնվում է ու ձերբակալվում
ՄԱՏԹԵՈՍ 26։47–56 ՄԱՐԿՈՍ 14։43–52 ՂՈՒԿԱՍ 22։47–53 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։2–12
ՀՈՒԴԱՆ ՄԱՏՆՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ
ՊԵՏՐՈՍԸ ԿՏՐՈՒՄ Է ՄԻ ՄԱՐԴՈՒ ԱԿԱՆՋԸ
ՀԻՍՈՒՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ
Կեսգիշերն արդեն անցել է։ Քահանաները համաձայնվել են Հուդային վճարել 30 կտոր արծաթ, որ նա մատնի Հիսուսին։ Ուստի Հուդան ավագ քահանաների և փարիսեցիների մի մեծ ամբոխի հետ գալիս է Հիսուսին գտնելու։ Նրանց հետ գալիս են նաև մի խումբ հռոմեացի զինվորներ իրենց զորապետի գլխավորությամբ։
Երբ Հուդան Պասեքի ընթրիքից հետո դուրս է եկել, ակներևաբար անմիջապես գնացել է ավագ քահանաների մոտ (Հովհաննես 13։27)։ Նրանք էլ անմիջապես հավաքել են իրենց պահապաններին, ինչպես նաև մի խումբ զինվորների։ Հնարավոր է՝ սկզբում Հուդան նրանց ուղեկցել է այն վերնասենյակը, որտեղ Հիսուսն ու իր առաքյալները նշել են Պասեքը։ Այժմ զինված ամբոխը անցնում է Կեդրոն Հեղեղատը և գալիս է դեպի Գեթսեմանի պարտեզ։ Բացի զենքերից, նրանք իրենց ձեռքերում ունեն ջահեր ու լապտերներ, որպեսզի կարողանան գիշերով գտնել Հիսուսին։
Հուդան այդ ամբոխին տանում է դեպի Ձիթենյաց լեռը՝ վստահ լինելով, որ Հիսուսն այնտեղ կլինի։ Վերջին շաբաթվա ընթացքում Բեթանիայից Երուսաղեմ գնալիս ու վերադառնալիս Հիսուսն ու իր առաքյալները հաճախ են կանգ առել Գեթսեմանի պարտեզում։ Սակայն մթության մեջ ինչպե՞ս կարող են զինվորները, որոնք գուցե երբեք չեն տեսել Հիսուսին, ճանաչել նրան։ Նրանց օգնելու համար Հուդան մի նշան է տալիս։ Նա ասում է. «Ում որ համբուրեմ, նա է։ Ձերբակալեք նրան և պահակների հսկողությամբ տարեք» (Մարկոս 14։44)։
Հուդան ամբոխին առաջնորդում է դեպի պարտեզ։ Տեսնելով Հիսուսին իր առաքյալների հետ՝ նա մոտենում է նրան և ասում. «Ողջո՛ւյն, Ռաբբի՛»։ Ապա քնքշորեն համբուրում է նրան։ Հիսուսն ասում է. «Բարեկա՛մ, ինչո՞ւ եկար այստեղ» (Մատթեոս 26։49, 50)։ Այնուհետև ինքն իր հարցին պատասխանելով՝ Հիսուսն ասում է. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում» (Ղուկաս 22։48)։ Հիսուսը այլևս չի շարունակում խոսել այդ մատնիչի հետ։
Հիսուսը, առաջ գնալով ու կանգնելով լապտերների ու ջահերի լույսի տակ, հարցնում է. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանում են. «Հիսուս նազովրեցուն»։ Հիսուսն էլ քաջաբար ասում է. «Ես եմ» (Հովհաննես 18։4, 5)։ Տեսնելով նրա քաջությունը՝ այդ մարդիկ անակնկալի են գալիս ու հետ-հետ գնալով՝ գետին են ընկնում։
Այդ առիթից օգտվելու և մթության մեջ փախչելու փոխարեն՝ Հիսուսը կրկին հարցնում է, թե ում են նրանք փնտրում։ Երբ նրանք նորից ասում են՝ Հիսուս Նազովրեցուն, նա հանդարտորեն պատասխանում է. «Ձեզ ասացի, որ ես եմ։ Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան»։ Նույնիսկ այս լարված պահին Հիսուսը հիշում է, որ ավելի վաղ ասել է, որ իր առաքյալներից «ոչ մեկին չի կորցնի» (Հովհաննես 6։39; 17։12)։ Այո՛, Հիսուսը պահպանել է իր հավատարիմ առաքյալներին և նրանցից ոչ մեկը չի կորել՝ «բացի կործանման որդուց»՝ Հուդայից (Հովհաննես 18։7–9)։ Ուստի Հիսուսը այժմ խնդրում է, որ իր առաքյալներին թույլ տան գնալ։
Երբ զինվորները ոտքի են կանգնում և գնում են դեպի Հիսուսը, առաքյալները հասկանում են, թե ինչ է տեղի ունենալու։ Ուստի հարցնում են. «Տե՛ր, սրով հարվածե՞նք» (Ղուկաս 22։49)։ Մինչ Հիսուսը կպատասխանի, Պետրոսը, որի մոտ է առաքյալների բերած երկու սրերից մեկը, հարձակվում է քահանայապետի ծառաներից մեկի՝ Մալքոսի վրա և կտրում նրա աջ ականջը։
Սակայն Հիսուսը, դիպչելով Մալքոսի ականջին, բուժում է այն։ Այնուհետև նա մի կարևոր դաս է սովորեցնում՝ ասելով Պետրոսին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն»։ Հիսուսը թույլ է տալիս, որ իրեն ձերբակալեն։ Նա ասում է. «Ինչպե՞ս կկատարվեն Սուրբ Գրքերում գրվածները, որ այսպե՛ս պետք է լինի» (Մատթեոս 26։52, 54)։ Ապա ավելացնում է. «Մի՞թե չպետք է խմեմ այն բաժակը, որ Հայրը տվեց ինձ» (Հովհաննես 18։11)։ Նա լիովին համամիտ է իր Հոր հետ և հնազանդվում է նրա կամքին ու անգամ պատրաստ է զոհել իր կյանքը։
Այնուհետև Հիսուսը հարցնում է ամբոխին. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր տաճարում նստում և սովորեցնում էի, և չձերբակալեցիք ինձ։ Բայց այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի կատարվեն մարգարեների գրածները» (Մատթեոս 26։55, 56)։
Այդ ժամանակ զինվորների խումբը, զորապետը և պահապանները բռնում են Հիսուսին ու կապում։ Տեսնելով դա՝ առաքյալները փախչում են։ Սակայն «մի երիտասարդ»՝ հավանաբար Մարկոս աշակերտը, մնում է ամբոխի մեջ, որպեսզի հետևի Հիսուսին (Մարկոս 14։51)։ Բայց նրան ճանաչում են և փորձում են բռնել։ Այդ պահին նա թողնում է իր կտավե վերնահագուստը և փախչում։