Գլուխ 2
Հիսուս Քրիստոսը՝ Հավատարիմ Վկան
ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ վկաների մի մեծ բազմություն մոտ 4000 տարի շարունակ վկայություն էր տվել։ Սակայն Աստծու գերիշխանության և նրա ծառաների անարատության վերաբերյալ վիճաբանական հարցերը դեռևս մնում էին չլուծված։ Եկել էր ժամանակը, երբ երկրի վրա պետք է հայտնվեր խոստացված թագավորական «սերունդը»՝ Մեսիան (Ծննդ. 3։15)։
Ո՞ւմ ընտրեց Եհովան իր միլիոնավոր ոգեղեն որդիներից՝ այս հարցերին վերջնական լուծում տալու համար։ Բոլորն էլ ականատես էին եղել Եդեմում կատարվածին և անկասկած գիտեին, թե ինչ վիճաբանական հարցեր էին բարձրացվել։ Բայց ո՞վ էր ամենից շատ ցանկանում սրբացնել Եհովայի անունը և պաշտպանել նրա գերիշխանության իրավունքը։ Ո՞վ կկարողանար վերջնական պատասխան տալ Սատանայի այն պնդմանը, թե փորձության ներքո ոչ ոք հավատարիմ չի մնա Աստծուն և թիկունք չի կանգնի նրա գերիշխանությանը։ Եհովան ընտրեց իր Անդրանիկ, միածին Որդուն՝ Հիսուսին (Հովհ. 3։16; Կող. 1։15)։
Հիսուսը պատրաստակամորեն ու խոնարհաբար ընդունեց այդ հանձնարարությունը, թեև դա նշանակում էր, որ նա պետք է թողներ իր երկնային բնակավայրը, որտեղ իր Հոր հետ ապրել էր ավելի երկար, քան որևէ մեկը (Հովհ. 8։23, 58; Փիլիպ. 2։5–8)։ Ի՞նչը մղեց նրան այդպես վարվելու. Եհովայի հանդեպ խոր սերը և նրա անունը ամեն նախատինքից մաքրված տեսնելու մեծ ցանկությունը (Հովհ. 14։31)։ Հիսուսին մղում էր նաև մարդկանց հանդեպ սերը (Առակ. 8։30, 31; համեմատի՛ր Հովհաննես 15։13)։ Մ.թ.ա. 2թ. աշնանը նա որպես մարդ ծնվեց երկրի վրա։ Դա հնարավոր դարձավ, երբ Եհովան սուրբ ոգու միջոցով Հիսուսի կյանքը փոխադրեց մի հրեա կույսի՝ Մարիամի արգանդը (Մատթ. 1։18; Ղուկ. 1։26–38)։ Այդպիսով Հիսուսը ծնվեց որպես իսրայելացի (Գաղ. 4։4)։
Հիսուսը ցանկացած իսրայելացուց ավելի լավ գիտեր, որ պետք է Եհովայի համար ծառայեր որպես վկա։ Ինչո՞ւ։ Նա այն ազգից էր, որին Եհովան Եսայիա մարգարեի միջոցով ասել էր. «Դուք եք իմ վկաները» (Ես. 43։10)։ Բացի այդ, երբ մ.թ. 29-ին Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում, Եհովան նրան օծեց սուրբ ոգով (Մատթ. 3։16)։ Այդպիսով նա, ինչպես հետագայում ինքն էլ նշեց, լիազորվեց «հռչակելու Եհովայի բարեհաճության տարին» (Ես. 61։1, 2; Ղուկ. 4։16–19)։
Հիսուսը հավատարմորեն կատարեց իրեն տրված հանձնարարությունը և դարձավ Եհովայի մեծագույն վկան, որ երբևէ ապրել էր երկրի վրա։ Ուստի Հովհաննես առաքյալը, որը կանգնած էր Հիսուսի մոտ նրա մահվան ժամանակ, բոլոր հիմքերն ուներ հետագայում նրան կոչելու «Հավատարիմ Վկա» (Հայտն. 1։5)։ Հայտնություն 3։14-ում փառավորված Հիսուսն իրեն անվանում է «Ամեն», «հավատարիմ և ճշմարիտ վկա»։ Ինչի՞ մասին վկայեց այս «Հավատարիմ Վկան»։
Վկայեց «ճշմարտության մասին»
Հռոմեացի կառավարիչ Պիղատոսի առաջ կանգնած՝ Հիսուսն ասաց. «Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ ձայնը» (Հովհ. 18։37)։ Իսկ ի՞նչ ճշմարտության մասին էր Հիսուսը վկայում։ Նա վկայում էր Եհովայի ճշմարտության՝ նրա հավիտենական նպատակների հայտնության մասին (Հովհ. 18։33–36)։
Ինչպե՞ս Հիսուսը վկայություն տվեց այս ճշմարտության մասին։ Հունարեն «վկայել» բայը ունի նաև «հռչակել, հաստատել, դրական արտահայտվել, լավն ասել, հավանություն տալ» իմաստները։ Այս բայի (մարտիրո) մեկ այլ ձևը սովորաբար հանդիպում է հատկապես առևտրային գործարքներին վերաբերող հին հունական պապիրուսներում՝ ստորագրության կողքին։ Իր ծառայությամբ Հիսուսը պետք է հաստատեր Աստծու ճշմարտությունը։ Դրա համար նա պետք է հռչակեր, կամ՝ քարոզեր այդ ճշմարտությունն ուրիշներին։ Սակայն միայն խոսքերը բավական չէին։
«Ես եմ.... ճշմարտությունը»,— ասաց Հիսուսը (Հովհ. 14։6)։ Այո՛, նա ապրեց այնպես, որ իրականանա Աստծու հայտնած ճշմարտությունը։ Թագավորության և Մեսիական Թագավորի հետ կապված Աստծու նպատակը հստակորեն գրի էր առնվել մարգարեությունների մեջ։ Հիսուսն իր ողջ երկրային կյանքով, որն ավարտվեց զոհաբերական մահով, իրականացրեց իրեն վերաբերող բոլոր մարգարեությունները։ Այդպիսով նա հաստատեց ու երաշխավորեց, որ Եհովայի մարգարեական խոսքը ճշմարիտ է։ Ուստի Պողոս առաքյալը կարող էր ասել. «Որքան որ Աստծու խոստումներ կան, նրա միջոցով «այո» եղան։ Դրա համար էլ նրա միջոցով «ամեն» ենք ասում [նշանակում է՝ «թող այդպես լինի» կամ «անշուշտ»]՝ փառք տալով Աստծուն» (2 Կորնթ. 1։20)։ Այո՛, Հիսուսն այն անձնավորությունն է, որի միջոցով իրականանում են Աստծու խոստումները (Հայտն. 3։14)։
Վկայեց Աստծու անվան մասին
Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը Հորն աղոթելիս Հիսուսը նաև ասաց. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ։ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, ու նրանք պահեցին քո խոսքը։ Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհ. 17։6, 26)։ Իրականում սա էր Աստծու Որդու երկիր գալու գլխավոր նպատակը։ Ի՞նչ առումով էր Հիսուսը Աստծու անունը հայտնի դարձնում։
Հիսուսի հետևորդներն արդեն գիտեին ու գործածում էին Աստծու անունը։ Նրանք այն տեսնում ու կարդում էին Աստվածաշնչի եբրայերեն ձեռագրերում, որ կային ժողովարաններում։ Հիսուսի հետևորդները Աստծու անունը տեսնում ու կարդում էին նաև «Յոթանասնից»-ի՝ Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանության մեջ, որով ուսուցանում էին ուրիշներին։ Նրանք այս թարգմանությունից մեջբերումներ են արել իրենց նամակներում և Ավետարաններում։ Պարզ է, որ նրանք գիտեին Աստծու անունը։ Այդ դեպքում ի՞նչ իմաստով էր Հիսուսը նրանց հայտնի դարձնում այն։
Աստվածաշնչյան ժամանակներում անունները նշանակություն ունեին։ Ջ. Հ. Թայերի՝ «Նոր կտակարանի հունարեն-անգլերեն բառարանում» ասվում է. «Ն[որ] Կ[տակարանում] Աստծու անունը ներկայացնում է այն բոլոր հատկությունները, որոնք նրա երկրպագուների համար ամփոփված են [Եհովա] անվան մեջ, և որոնցով Աստված ինքն իրեն հայտնեց մարդկանց» (A Greek-English Lexicon of the New Testament)։ Հիսուսն Աստծու անունը հայտնի դարձրեց՝ ոչ միայն գործածելով այն, այլև բացահայտելով, թե ինչպիսին է այդ անունը կրող անձնավորությունը՝ նրա նպատակները, գործերը և հատկությունները։ Նա եղել էր «Հոր գրկում», ուստի կարող էր այնպիսի տեղեկություններ հայտնել նրա մասին, որ ուրիշ ոչ ոք չգիտեր (Հովհ. 1։18)։ Ավելին, Հիսուսն այնքան ճշգրտորեն էր ընդօրինակում Աստծուն, որ առաքյալները կարող էին Որդու մեջ «տեսնել» Հորը (Հովհ. 14։9)։ Իր խոսքերով ու գործերով նա վկայեց Աստծու անվան մասին։
Վկայեց Աստծու Թագավորության մասին
Լինելով «Հավատարիմ Վկա»՝ Հիսուսը նախանձախնդրորեն հռչակում էր Աստծու Թագավորությունը։ Նա վճռականորեն ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը.... պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43)։ Հիսուսն այդ երկնային Թագավորությունը հռչակեց այժմյան Պաղեստինի գրեթե ողջ տարածքում՝ ոտքով անցնելով հարյուրավոր կիլոմետրեր։ Նա քարոզում էր այնտեղ, որտեղ մարդիկ կային և կլսեին իրեն՝ ծովափերին ու սարալանջերին, քաղաքներում ու գյուղերում, ժողովարաններում ու տաճարում, շուկաներում ու տներում։ Սակայն Հիսուսը գիտեր, որ իր հնարավորությունները սահմանափակ են, որ նա չի կարող լինել ամեն տեղ և քարոզել ամենքին (համեմատի՛ր Հովհաննես 14։12)։ Ուստի որպեսզի բարի լուրը քարոզվեր ամբողջ աշխարհում, նա իր աշակերտներին կրթում էր և ուղարկում՝ հռչակելու Թագավորությունը (Մատթ. 10։5–7; 13։38; Ղուկ. 10։1, 8, 9)։
Հիսուսը ջանասեր ու նախանձախնդիր վկա էր և թույլ չէր տալիս, որ որևէ բան շեղի իրեն իր գործից։ Թեև նա հոգատարություն էր դրսևորում մարդկանց հանդեպ, սակայն այն աստիճան չէր կենտրոնանում մարդկանց ժամանակավոր թեթևացում բերող գործերի վրա, որ աչքաթող աներ Աստծու տված հանձնարարությունը, այն է՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վերջնական լուծման՝ Աստծու Թագավորության վրա։ Մի անգամ, երբ նա հրաշքով կերակրեց մոտ 5000 մարդու (կանանց ու երեխաների հետ հաշված՝ հավանաբար ավելի քան 10000 հոգի), մի խումբ հրեաներ ցանկացան նրան թագավոր դարձնել։ Ի՞նչ արեց Հիսուսը։ «Նորից մենակ լեռը գնաց» (Հովհ. 6։1–15; համեմատի՛ր Ղուկաս 19։11, 12; Գործեր 1։6–9)։ Թեև նա հրաշքով շատ բուժումներ էր անում, սակայն թե՛ նրան հավատացողները, թե՛ չհավատացողները հիմնականում ճանաչում էին նրան որպես «ուսուցիչ» և ոչ թե հրաշագործ (Մատթ. 8։19; 9։11; 12։38; 19։16; 22։16, 24, 36; Հովհ. 3։2)։
Ակնհայտ է, որ Աստծու Թագավորության մասին վկայելը ամենակարևոր գործն էր Հիսուսի կյանքում։ Եհովայի կամքն է, որ ամեն ոք իմանա, թե ինչ է իր Թագավորությունը, և թե ինչպես է այն իրագործելու իր նպատակները։ Այդ Թագավորությունը շատ թանկ է Աստծու համար, քանի որ դրա միջոցով նա սրբացնելու է իր անունը և մաքրելու է այն ամեն նախատինքից։ Հիսուսը գիտեր դա, ուստի Աստծու Թագավորությունը իր քարոզչության հիմնական թեման էր (Մատթ. 4։17)։ Իր սիրտը դնելով Թագավորությունը հռչակելու գործի մեջ՝ նա թիկունք կանգնեց Եհովայի լիիրավ գերիշխանությանը։
Հավատարիմ Վկա՝ մինչև մահ
Ոչ ոք չի կարող սիրել Եհովային ու թիկունք կանգնել նրա գերիշխանությանը առավել, քան Հիսուսը։ Լինելով «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը»՝ նա «լիովին ճանաչում էր Հորը», քանի որ երկնքում եղած ժամանակ շատ մտերիմ է եղել նրա հետ (Կող. 1։15; Մատթ. 11։27)։ Նա անհամար տարիներ հոժարակամորեն ենթարկվել էր Աստծու գերիշխանությանը, դեռևս մինչև առաջին տղամարդու ու կնոջ արարումը (համեմատի՛ր Հովհաննես 8։29, 58)։ Հիսուսը, հավանաբար, խոր ցավ զգաց, երբ Ադամն ու Եվան մերժեցին Աստծու գերիշխանությունը։ Չնայած դրան՝ նա մոտ 4000 տարի երկնքում համբերատարությամբ սպասեց, մինչև որ վերջապես եկավ ժամանակը, որ նա երկրի վրա ծառայի որպես Եհովայի մեծագույն վկա։
Հիսուսը լիովին հասկանում էր, որ ուղղակիորեն ներգրավված է վիճաբանական հարցերի մեջ։ Գուցե թվար, թե Եհովան ամեն կողմից պաշտպանում է նրան (համեմատի՛ր Հոբ 1։9–11)։ Ճիշտ է, նա երկնքում ցույց էր տվել իր հավատարմությունն ու նվիրվածությունը, բայց ապրելով որպես մարդ երկրի վրա՝ կպահպանե՞ր իր անարատությունը ցանկացած փորձության ներքո։ Կկարողանա՞ր դիմադրել Սատանային այնպիսի իրավիճակում, որում իր թշնամին ակնհայտ առավելություններ ուներ։
Այդ նենգ Հակառակորդը՝ Սատանան, ժամանակ չկորցրեց և Հիսուսի մկրտությունից ու սուրբ ոգով օծվելուց կարճ ժամանակ անց փորձեց նրան։ Նա ուզում էր, որ Հիսուսը եսասիրաբար վարվեր, իր անձը բարձրացներ և ի վերջո մերժեր Հոր գերիշխանությունը։ Սակայն Հիսուսի վճռական պատասխանը ցույց տվեց, թե վիճաբանական հարցերում ում կողմն էր դիրք բռնել։ Նա Սատանային ասաց. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»։ Որքա՜ն էր նա տարբերվում Ադամից (Մատթ. 4։1–10)։
Այն ուղին, որով պետք է անցներ Հիսուսը, լի էր տառապանքով և ավարտվելու էր մահով։ Եվ նա շատ լավ գիտեր դա (Ղուկ. 12։50; Եբր. 5։7–9)։ Այդուհանդերձ, «լինելով մարդու կերպարանքում՝ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա» (Փիլիպ. 2։7, 8)։ Այսպիսով Հիսուսը փաստեց, որ Սատանան անգութ ստախոս է, և վերջնական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք որևէ մեկը հավատարիմ կմնա Աստծու գերիշխանությանը, եթե Սատանային թույլ տրվի փորձության ենթարկել նրան։ Իր մահով նա նույնիսկ ավելին արեց։
Մահանալով տանջանքի ցցի վրա՝ Հիսուսը նաև «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթ. 20։28; Մարկ. 10։45)։ Նրա կատարյալ մարդկային կյանքը քավիչ արժեք ուներ։ Իր կյանքը տալով՝ նա հնարավորություն ստեղծեց մեզ համար ոչ միայն մեղքերի ներում ստանալու, այլև դրախտ երկրի վրա հավիտենական կյանք ունենալու, ինչը ներդաշնակ է Աստծու սկզբնական նպատակին (Ղուկ. 23։43; Գործ. 13։38, 39; Եբր. 9։13, 14; Հայտն. 21։3, 4)։
Եհովան ցույց տվեց իր սերն ու հավանությունը Հիսուսի՝ «Հավատարիմ Վկայի» հանդեպ՝ մահվան երրորդ օրը նրան հարություն տալով։ Դրանով փաստվեց, որ Թագավորության մասին Հիսուսի տված վկայությունը ճշմարիտ էր (Գործ. 2։31–36; 4։10; 10։36–43; 17։31)։ Նա երկրի վրա մնաց 40 օր և այդ ընթացքում բազմաթիվ անգամ հայտնվեց իր առաքյալներին։ Հետո երկինք համբարձվեց (Գործ. 1։1–3, 9)։
Հիսուսն ասել էր, որ Աստծու Մեսիական Թագավորությունը հաստատվելու է հեռավոր ապագայում (Ղուկ. 19։11–27)։ Այդ իրադարձությամբ սկսվելու էր նաև նրա «ներկայությունը և աշխարհի վախճանը» (Մատթ. 24։3)։ Իսկ ինչպե՞ս կարող էին երկրի վրա գտնվող նրա հետևորդները հասկանալ, թե «երբ են լինելու այս բաները»։ Հիսուսը նրանց տվեց տարբեր երեսակներից բաղկացած մի նշան. լինելու էին պատերազմներ, երկրաշարժեր, սովեր, համաճարակներ, շատանալու էր անօրինությունը։ Այդ նշանի կարևորագույն երեսակն այն էր, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու էր ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար։ Այսօր տեսնում ենք այդ ուշագրավ նշանի բոլոր երեսակները, ինչը փաստում է, որ ապրում ենք Հիսուսի՝ երկնային Թագավորի ներկայության և աշխարհի վախճանի ժամանակաշրջանումa (Մատթ. 24։3–14)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի հետևորդների մասին։ Նրա ներկայության այս ժամանակաշրջանում տարբեր եկեղեցիների պատկանող անհատներ իրենց համարում են Քրիստոսի հետևորդը (Մատթ. 7։22)։ Սակայն Աստվածաշնչում ասվում է, որ կա միայն «մեկ հավատ» (Եփես. 4։5)։ Ուստի ինչպե՞ս կարելի է ճանաչել ճշմարիտ քրիստոնյաների ժողովը, որն ունի Աստծու հավանությունը և հետևում է նրա առաջնորդությանը։ Դու կարող ես քննել, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը առաջին դարի քրիստոնեական ժողովի վերաբերյալ, և պարզել, թե ովքեր են այսօր հետևում այդ նույն օրինակին։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գրքի 10-րդ գլուխը՝ «Աստվածաշնչյան մարգարեություն, որի կատարումը տեսնում եք» վերնագրով (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 20-րդ էջի վրա]
Ծնվել է, որ ճշմարտության մասին վկայի
[մեջբերում 21-րդ էջի վրա]
Աստծու Թագավորությունը Հիսուսի քարոզչության հիմնական թեման էր
[մեջբերում 22-րդ էջի վրա]
Հիսուս Քրիստոսը եղել է Եհովայի մեծագույն վկան, որ երբևէ ապրել է երկրի վրա
[նկար ամբողջ 23-րդ էջի վրա]