«Ի՞նչ է ճշմարտությունը»
ՀՌՈՄԵԱԿԱՆ կառավարիչ Պոնտացի Պիղատոսը այդ հարցը ցինիկաբար տվեց Հիսուսին։ Սակայն իրականում նրան չէր հետաքրքրում պատասխանը, և Հիսուսը չպատասխանեց։ Հավանաբար, Պիղատոսը ճշմարտությունը համարում էր դժվարըմբռնելի մի բան (Հովհաննես 18։38)։
Այսօր ճշմարտության հանդեպ այսպիսի արհամարհական վերաբերմունք ունեն շատերը, այդ թվում նաև կրոնական առաջնորդները, կրթության բնագավառի աշխատողները ու քաղաքական գործիչները։ Նրանք կարծում են, որ ճշմարտությունը՝ հատկապես բարոյականության ու հոգևորի հետ կապված հարցերում, բացարձակ չէ, այլ հարաբերական է և փոփոխական։ Եթե այդպես է, նշանակում է՝ մարդիկ կարող են ինքնուրույն որոշել, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ (Եսայիա 5։20, 21)։ Նման տեսակետը նաև մղում է նրանց մտածելու, թե անցած սերունդների արժեքներն ու բարոյական չափանիշները հնացած են։
Հետաքրքիր է, թե ինչը մղեց Պիղատոսին տալու այդ հարցը։ Հիսուսը նրան ասել էր. «Ես հենց այս բանի համար ծնվեցի ու եկա աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (Հովհաննես 18։37)։ Հիսուսի համար ճշմարտությունը անորոշ, անըմբռնելի մի հասկացություն չէր։ Նա իր աշակերտներին խոստացավ. «Ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։
Որտե՞ղ կարելի է գտնել այդ ճշմարտությունը։ Մի անգամ Հիսուսը, երբ աղոթում էր Աստծուն, այսպիսի խոսքեր ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Աստվածաշունչը, որը գրվել է Աստծու ներշնչանքով, պարունակում է այն ճշմարտությունը, որը կարող է հուսալի առաջնորդություն լինել մեզ համար և պայծառ ապագայի՝ հավիտենական կյանքի հույս տալ (2 Տիմոթեոս 3։15–17)։
Պիղատոսն անտարբերությամբ մերժեց ճշմարտությունն իմանալու հնարավորությունը։ Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ իմանալու, թե ինչ ճշմարտություն էր սովորեցնում Հիսուսը։