ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
Մահապատժի ենթարկելիս ինչո՞ւ էին կոտրում հանցագործների ոտքերը
Հիսուսին և երկու հանցագործներին տանջանքի ցցի վրա մահվան մատնելու առնչությամբ Ավետարանում կարդում ենք. «Հրեաները խնդրեցին Պիղատոսին, որ կոտրեն նրանց ոտքերը և մարմինները վերցնեն» (Հովհաննես 19։31)։
Հրեական օրենքի համաձայն՝ ցցից կախված հանցագործի դիակը «ամբողջ գիշեր չպետք է մնար ցցի վրա» (2 Օրենք 21։22, 23)։ Ակներևաբար, հրեաները այս նույն կանոնը կիրառում էին այն մարդկանց նկատմամբ, ում հռոմեացիներն էին մահվան մատնում ցցի վրա։ Մարդու ոտքերը կոտրելը արագացնում էր նրա մահը, ինչը հնարավորություն էր տալիս դիակը թաղելու, նախքան շաբաթը կսկսեր մայրամուտին։
Շատ դեպքերում դատապարտված մարդուն մեխերով գամում էին ցցին՝ դրանք խրելով նրա ձեռքերի ու ոտքերի մեջ։ Երբ ցիցը կանգնեցնում էին, նա կախված էր մնում անտանելի ցավերի մեջ, և մարմնի ծանրությունից մեխերը պատռում էին վերքերը։ Շնչելու համար անհատը պետք է ձգվեր դեպի վեր՝ հենվելով ոտքերի մեջ խրված մեխի կամ մեխերի վրա։ Սակայն եթե նրա ոտքերի ոսկորները կոտրված լինեին, նա չէր կարողանա դա անել։ Շնչահեղձության, եթե ոչ շոկի պատճառով, մահը արագ վրա կհասներ։
Ինչպե՞ս էին հնում պարսատիկներ օգտագործում պատերազմների ժամանակ
Պարսատիկը այն զենքն է, որով Դավիթը սպանեց հսկա Գողիաթին։ Ակներևաբար, Դավիթը սովորել էր այն գործածել հովվություն անելու տարիներին (1 Սամուել 17։40–50)։
Աստվածաշնչյան ժամանակների թե՛ եգիպտական և թե՛ ասորեստանյան արվեստում պատկերված է պարսատիկ։ Այն կաշվե կամ կտորի լայնացող միջնամաս ունեցող զենք էր, որի երկու ծայրերին պարան կամ թել էր ամրացված։ Պարսատիկ նետողը այդ միջնամասում հարթ կամ կլոր քար էր դնում, որի տրամագիծը 5–7,5 սանտիմետր էր, և որը թերևս կշռում էր 250 գրամ։ Պարսատիկը թափով պտտեցնելով գլխավերևում, ապա մի ծայրը բաց թողնելով՝ նա քարը նետում էր մեծ ուժով ու ճշգրտությամբ։
Մերձավոր Արևելքում արված պեղումների ժամանակ մեծ քանակությամբ պարսաքարեր են գտնվել, որոնք օգտագործվել են հին ժամանակներում մղվող պատերազմներում։ Հմուտ ռազմիկները քարեր են նետել 160–240 կիլոմետր ժամ արագությամբ։ Գիտնականները համաձայնության չեն գալիս այն հարցում, թե արդյոք պարսաքարը կարող է նույն տարածությունը անցնել, ինչ նետը, բայց ինչ խոսք, այն նույնչափ մահացու է (Դատավորներ 20։16)։