Հրաշքներ, որոնք դուք տեսե՛լ եք
«ՀՐԱՇՔ» բառը նաև երկրորդ իմաստն ունի, որն է՝ «չափազանց արտակարգ կամ անսովոր իրադարձություն, բան կամ նվաճում»։ Մենք բոլորս էլ տեսել ենք այնպիսի հրաշքներ, որոնք առնչություն չունեն Աստծու միջամտության հետ։
Բնության օրենքների վերաբերյալ անընդհատ ավելացնելով իրենց գիտելիքները՝ մարդիկ կարողացել են հասնել նրան, ինչը մի ժամանակ անհասանելի էր թվում։ Օրինակ՝ հարյուրավոր տարիներ առաջ, ըստ ամենայնի, մարդկանց մեծամասնությանը անհնարին էր թվում այն ամենը, ինչ ներկայումս սովորական բան է՝ համակարգիչները, հեռուստատեսությունը, տիեզերական տեխնիկան և գիտության ժամանակակից այլ նվաճումներ։
Որոշ գիտնականներ, ընդունելով, որ իրենք միայն սահմանափակ գիտելիքներ ունեն այն ամենի վերաբերյալ, ինչ հայտնագործում են Աստծու ստեղծագործությունների մեջ, խոստովանում են, որ իրենք այլևս չեն կարող վստահությամբ ասել, որ ինչ–որ բան անհնար է։ Նրանք ամենաշատը կարող են ասել, որ դա անհավանական է։ Այդպիսով նրանք չեն բացառում ապագա «հրաշքները»։
Նույնիսկ եթե նկատի ունենանք «հրաշք» բառի գլխավոր իմաստը, այսինքն՝ որ տվյալ երևույթը «վերագրվում է գերբնական զորությանը», կարող ենք ասել, որ ամեն մեկս էլ հրաշքներ տեսել է։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արևը, լուսինը և աստղերը. բոլորն էլ «գերբնական զորության» արդյունք են՝ Արարչի ձեռքի գործեր։ Իսկ ո՞վ կարող է լիովին ու ամենայն մանրամասնությամբ բացատրել, թե ինչպես է գործում մարդկային մարմինը, ինչպես է աշխատում ուղեղը, կամ ինչպես է զարգանում սաղմը։ Մարդու մարմնի վերաբերյալ մի գրքում հետևյալն է ասվում. «Մարդու օրգանիզմը, որը կառավարվում ու համակարգվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից, բարդ զգայական ապարատ է, ինքնակարգավորվող շարժիչ, ինքնավերարտադրվող համակարգիչ, իսկապես մի զմայլելի ու շատ առումներով առեղծվածային ստեղծագործություն» («The Body Machine»)։ Աստված, որը ստեղծել է «մարդու օրգանիզմը», իսկապես հրաշք է արել, հրաշք, որը շարունակում է ապշեցնել մեզ։ Ուրիշ հրաշքներ էլ կան, որոնք դուք տեսել եք, թեպետ գուցե չեք մտածել, որ դրանք հրաշքներ են։
Կարո՞ղ է գիրքը հրաշք լինել
Ոչ մի գիրք չունի այնպիսի լայն տարածում, ինչպիսին Աստվածաշունչը։ Չե՞ք կարծում, որ Աստվածաշունչը հրաշք է։ Կարո՞ղ ենք նրա գոյությունը վերագրել «գերբնական զորությանը»։ Ճիշտ է, Աստվածաշունչը գրվել է մարդկանց կողմից, սակայն նրանք հաստատում են, որ գրի են առել Աստծու մտքերը, ոչ թե իրենցը (Բ Թագաւորաց 23։1, 2; Բ Պետրոս 1։20, 21)։ Հապա խորհեք։ Եղել են մոտ 40 անհատներ, որոնք ապրել են ավելի քան 1 600 տարիներ ընդգրկող ժամանակամիջոցում։ Նրանք ծագումով տարբեր մարդիկ են եղել՝ հովիվ, զինվորական, ձկնորս, քաղաքացիական ծառայող, բժիշկ, քահանա, թագավոր։ Այդուհանդերձ, այդ մարդիկ ի վիճակի են եղել հաղորդելու հույսի մի միասնական պատգամ, որը և՛ ճշմարտացի է, և՛ ճշգրիտ։
Մանրազնին ուսումնասիրությունների հիման վրա Եհովայի վկաները Աստվածաշունչը համարում են «ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք», ինչպես գրում է Պողոս առաքյալը (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Նրանց հրատարակություններում տարիներ շարունակ բացատրվել է, թե Աստվածաշնչում հանդիպող այսպես կոչված հակասությունները ինչպես են ներդաշնակվում նրա ամբողջական պատգամի հետ։ Աստվածաշնչի ներքին ներդաշնակությունը ինքնին փաստում է, որ նրա հեղինակը Աստված է։a
Ոչ մի ուրիշ գիրք վերացման նպատակով չի ենթարկվել այնպիսի եռանդուն փորձերի, ինչպիսին Աստվածաշունչը։ Սակայն Աստվածաշունչը մինչև օրս գոյություն ունի և այն էլ ավելի քան 2 000 լեզուներով՝ թարգմանված մասամբ կամ լրիվ։ Այն, որ Աստվածաշունչը որպես գիրք պահպանվել է, և որ բնագրի անաղարտությունը չի տուժել, վկայում է Աստծու միջամտության մասին։ Աստվածաշունչը իսկապես հրաշք է։
Հրաշք, որը «կենդանի է եւ զօրաւոր»
Անցյալի հրաշքները՝ հրաշագործ բուժումներ ու հարության դեպքեր, այլևս տեղի չեն ունենում։ Սակայն մենք հիմնավոր պատճառ ունենք վստահ լինելու, որ Աստծու գալիք նոր աշխարհում դարձյալ այդպիսի հրաշքներ տեղի կունենան, այս անգամ համաշխարհային մասշտաբով։ Այդ հրաշքները մնայուն թեթևացում կբերեն և կգերազանցեն մեր բոլոր ակնկալիքները։
Աստվածաշունչ–հրաշքը նույնիսկ այսօր կարող է անել այն, ինչ հավասարազոր է հրաշքներ գործելուն. այն կարող է մղել մարդուն փոխելու իր ներքին անձնավորությունը դեպի լավը (տե՛ս «Աստծու Խոսքի ուժը» շրջանակի օրինակը, էջ 8)։ Եբրայեցիս 4։12–ում գրված է. «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները»։ Այո՛, Աստվածաշունչը կարևոր դեր է խաղացել աշխարհի տարբեր ծայրերում ապրող ավելի քան վեց միլիոն մարդկանց կյանքը վերափոխելու մեջ՝ նրանց տալով կյանքի իմաստ և ապագայի չքնաղ հույս։
Ինչո՞ւ թույլ չտաք, որ Աստվածաշունչը ձեր կյանքում էլ հրաշք գործի։
[ծանոթագրություն]
a Եթե ցանկանում եք այսպես կոչված հակասությունների օրինակներ քննել ու համոզվել, որ դրանք իրականում հակասություններ չեն, տեսեք «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը (գլուխ 7)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկարազարդում 7–րդ էջի վրա]
ԱՐԴԵՆ ՄԱՀԱՑԵ՞Լ ԷՐ, ԹԵ՞ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ ԷՐ
Համաձայն Յովհաննէս 19։33, 34–ի՝ Հիսուսն արդեն մահացել էր, երբ «զինուորներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ»։ Սակայն Մատթէոս 27։49, 50 համարները, ինչպես թարգմանված է որոշ թարգմանություններում, մատնանշում են, որ Հիսուսը դեռ կենդանի էր, երբ այս ամենը տեղի ունեցավ։ Ինչպե՞ս բացատրել այս տարբերությունը։
Մովսիսական օրենքով արգելվում էր մահապատժի ենթարկված հանցագործի մարմինը ամբողջ գիշեր կախված թողնել ծառից (Բ Օրինաց 21։22, 23)։ Ուստի, Հիսուսի օրերում, եթե ցցին գամված հանցագործը օրվա վերջում դեռ մահացած չէր լինում, սովորություն կար ջարդել նրա սրունքները, ինչով արագացվում էր մահը։ Ջարդված սրունքներով՝ հանցագործն այլևս ի վիճակի չէր լինի ուղղվելու, այնպես որ կարողանար նորմալ շնչել։ Այն, որ զինվորները Հիսուսի կողքին ցից հանված երկու հանցագործների սրունքները կոտրեցին, սակայն Հիսուսի սրունքները չկոտրեցին, մատնացույց է անում, որ ըստ նրանց՝ Հիսուսն արդեն մահացել էր։ Հավանաբար, զինվորը խոցեց նրա կողքը զուտ այն պատճառով, որ ոչ մի կասկած չմնա, թե Հիսուսը մահացել է, և որ բացառվի վերակենդանացման ցանկացած հնարավորություն, ինչի մասին հետագայում գուցե սուտ լուրեր տարածվեին, թե նա հարություն է առել։
Մատթէոս 27։49, 50 համարներում, ըստ որոշ թարգմանությունների, հիշյալ դեպքերն այլ հաջորդականությամբ են ներկայացված։ Այդ թարգմանություններում ասվում է. «Մեկ ուրիշ մարդ վերցրեց նիզակը ու խոցեց նրա կողքը, և արյուն ու ջուր դուրս եկավ։ Հիսուսը դարձյալ մեծ ձայնով աղաղակեց և իր ոգին ավանդեց»։ Ուրիշ տառատեսակով ընդգծված նախադասությունը, սակայն, չի հանդիպում Աստվածաշնչի բոլոր հին ձեռագրերում։ Շատ մասնագետներ ենթադրում են, որ այդ խոսքերը ընդմիջարկվել են հետագայում. վերցվել են Հովհաննեսի Ավետարանից, բայց դրվել են սխալ տեղում։ Ուստի շատ թարգմանություններ այս նախադասությունը առանձնացնում են կոր կամ քառակուսի փակագծերով, տալիս են ծանոթագրություն կամ էլ ամբողջությամբ բաց են թողնում։
Հիշյալ նախադասությունը Վեսթքոթի և Հորթի հիմնական տեքստում, որից մեծապես օգտվել են «Նոր աշխարհ թարգմանության» (անգլ.) թարգմանիչները, դրված է կրկնակի քառակուսի փակագծերի մեջ։ Այս աշխատությունում նշվում է. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ [այդ նախադասությունը] ներմուծվել է գրագիրների կողմից»։
Միանգամայն ակնհայտ է, հետևաբար, որ Յովհաննէս 19։33, 34–ում գրվածը հիմնավոր է, և որ Հիսուսն արդեն մահացել էր, երբ հռոմեացի զինվորը նիզակով խոցեց նրան։
[շրջանակ/նկարազարդում 8–րդ էջի վրա]
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
Զգացած լինելով ամուսնալուծված ընտանիքի դառնությունները՝ պատանի Դետլեֆը ներքաշվեց թմրանյութերի, ալկոհոլի ու «հեվի մետալի» աշխարհը։b Նա մտավ մի խմբի մեջ, որի անդամները հայտնի են սափրագլուխներ անունով, ու իր ագրեսիվ վարքի պատճառով սկսեց խնդիրներ ունենալ ոստիկանության հետ։
1992 թ.–ին 60 սափրագլուխներ խմբակային ծեծկռտուքի մեջ մտան 35 պանկիների հետ Գերմանիայի հյուսիս–արևելքում գտնվող մի ռեստորան–բարի մոտ։ Թոմաս անունով մի պանկու այնքան ծեծեցին, որ նա ստացած վնասվածքներից մահացավ։ Պարագլուխներից մի քանիսը, այդ թվում Դետլեֆը դատապարտվեցին ազատազրկման։ Նրանց դատը զանգվածային լրատվության միջոցներում լայն արձագանք ստացավ։
Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Դետլեֆը ազատվեց բանտից, Եհովայի վկաները նրան մի թերթիկ տվեցին։ Թերթիկը կոչվում էր՝ «Ինչո՞ւ է կյանքը այդքան պրոբլեմներով ծանրաբեռնված»։ Դետլեֆն անմիջապես հասկացավ, որ թերթիկի բովանդակությունը ճշմարտություն է, և սկսեց Աստվածաշունչը ուսումնասիրել Վկաների օգնությամբ։ Նրա կյանքը ամբողջությամբ փոխվեց։ 1996 թ.–ից նա եռանդուն Եհովայի վկա է։
Զեխֆրիդ անունով մի նախկին պանկի Թոմասի՝ սպանված երիտասարդի մտերիմ ընկերներից էր։ Հետագայում նա նույնպես դարձավ Եհովայի վկա և այժմ ժողովի երեց է։ Երբ Զեխֆրիդը այցելեց Դետլեֆի ժողով՝ աստվածաշնչային ելույթ ներկայացնելու (ի դեպ, Թոմասի մայրը երբեմն հաճախում է այդ ժողովի հանդիպումներին), Դետլեֆը նրան ճաշի հրավիրեց։ Մոտ տասը տարի առաջ նրանք հազիվ թե կարողանային սանձել իրենց ատելությունը։ Այսօր նրանց եղբայրական սերը ակնհայտ է։
Դետլեֆն ու Զեխֆրիդը բաղձանքով սպասում են այն ժամանակին, երբ կդիմավորեն հարություն առած Թոմասին երկրային դրախտում։ Դետլեֆն ասում է. «Այդ մասին մտածելուց միայն սկսում եմ արտասվել։ Այնքա՜ն եմ ցավում արածիս համար»։ Նրանք երկուսն էլ ցանկանում են այն ժամանակ օգնել Թոմասին, ինչպես որ այսօր են օգնում մարդկանց, ճանաչել Եհովային և ուրախանալ Աստվածաշնչի տված հույսով։
Այո՛, ահա այսպիսի զորություն ունի Աստծու Խոսքը։
[ծանոթագրություն]
b Անունները փոխված են։
[նկար 6–րդ էջի վրա]
Մարդկային մարմինը զարմանահրաշ ստեղծագործություն է
[թույլտվությամբ]
Anatomy Improved and Illustrated, London, 1723, Bernardino Genga