ԳԼՈՒԽ 18
Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»
ՄԱՏԹԵՈՍ 4։12 ՄԱՐԿՈՍ 6։17–20 ՂՈՒԿԱՍ 3։19, 20 ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։22–4։3
ՀԻՍՈՒՍԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԿՐՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ ԲԱՆՏԱՐԿՎՈՒՄ Է
Մ.թ. 30թ. գարնանը՝ Պասեքը տոնելուց հետո, Հիսուսն իր աշակերտների հետ հեռանում է Երուսաղեմից։ Սակայն նրանք չեն վերադառնում տուն՝ Գալիլեա, այլ գնում են Հրեաստանի այլ տարածքներ, որտեղ մկրտում են շատերին։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Հովհաննես Մկրտիչը անում է այդ գործը։ Նրա աշակերտներից մի քանիսը դեռ նրա հետ են։ Հովհաննեսն իր աշակերտների հետ հավանաբար գտնվում է Հորդանան գետի հովտում։
Հիսուսն անձամբ ոչ մեկի չի մկրտում։ Նրա առաջնորդությամբ աշակերտներն են մկրտում մարդկանց։ Հիսուսի ծառայության այս շրջանում և՛ նա, և՛ Հովհաննեսը ուսուցանում են այն հրեաներին, ովքեր զղջում են Աստծու Օրենքի ուխտի դեմ գործած իրենց մեղքերի համար (Գործեր 19։4)։
Բայց Հովհաննեսի աշակերտները նախանձով են լցվում Հիսուսի հանդեպ և գանգատվում են նրանից. «Այն մարդը [Հիսուսը], որ.... քեզ հետ էր.... մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում» (Հովհաննես 3։26)։ Սակայն Հովհաննեսը չի նախանձում Հիսուսին, ընդհակառակը՝ ուրախանում է Հիսուսի հաջողություններով և ցանկանում է, որ իր աշակերտներն էլ ուրախանան։ Նա հիշեցնում է նրանց. «Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ասացի, թե ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել»։ Հովհաննեսը այդ միտքը բացատրում է այնպիսի մի օրինակով, որը բոլորը կարող են հասկանալ. «Ով հարս ունի, նա է փեսան։ Սակայն փեսայի ընկերը, երբ կանգնում է նրա մոտ ու լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է։ Ուստի իմ ունեցած այս ուրախությունը լիակատար է» (Հովհաննես 3։28, 29)։
Դեռևս ամիսներ առաջ Հովհաննեսը, օրինակում հիշատակված փեսայի ընկերոջ պես, անչափ ուրախացավ, երբ իր աշակերտներին ծանոթացրեց Հիսուսի հետ։ Նրա աշակերտներից ոմանք սկսեցին հետևել Հիսուսին և հետագայում պետք է օծվեին սուրբ ոգով։ Հովհաննեսն ուզում է, որ իր մյուս աշակերտները նույնպես հետևեն Հիսուսին, քանի որ իր նպատակն է ճանապարհ պատրաստել Քրիստոսի ծառայության համար։ Հովհաննես Մկրտիչն ասում է. «Նա պետք է աճի, իսկ ես պետք է նվազեմ» (Հովհաննես 3։30)։
Հովհաննես անունով մի աշակերտ, որն արդեն դարձել էր Հիսուսի հետևորդը, հետագայում գրեց Հիսուսի ծագման և մարդկության փրկության հարցում նրա ունեցած կարևոր դերի մասին. «Ով վերևից է գալիս, վեր է ամենքից.... Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։ Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհաննես 3։31, 35, 36)։ Սա շատ կարևոր ճշմարտություն է, որ մարդիկ պետք է իմանան։
Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հովհաննես Մկրտիչը ասում է իր աշակերտներին, որ իր գործունեությունն ու դերը նվազելու են, Հերովդես թագավորը բանտարկում է նրան։ Հերովդեսը ամուսնացել էր իր եղբայր Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի հետ։ Երբ Հովհաննեսը հանրորեն դատապարտում է Հերովդեսի այդ անբարո արարքը, Հերովդեսը հրամայում է նրան բանտ նետել։ Լսելով Հովհաննեսի բանտարկության լուրը՝ Հիսուսն իր աշակերտների հետ հեռանում է Հրեաստանից և «գնում Գալիլեա» (Մատթեոս 4։12; Մարկոս 1։14)։