ԳԼՈՒԽ 6
Ստեփանոս՝ «բարությամբ և զորությամբ լցված» մարդ
Ստեփանոսը համարձակորեն վկայություն է տալիս Սինեդրիոնի առաջ
1-3. ա) Ի՞նչ ճնշող իրավիճակում հայտնվեց Ստեփանոսը, սակայն ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։
ՍԻՆԵԴՐԻՈՆՈՒՄ կրկին դատավարություն է։ Քահանայապետ Կայիափայի նախաձեռնությամբ դարձյալ հավաքվել է 71 հոգուց բաղկացած ատյանը։ Այդ ազդեցիկ իշխանավորների մեծ մասը թշնամաբար է տրամադրված Հիսուսի աշակերտների նկատմամբ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նույն մարդիկ մահվան դատապարտեցին Հիսուսին։ Սակայն այս անգամ կիսաշրջանով նստած դատավորների առաջ կանգնած է Ստեփանոս աշակերտը։ Արդյոք այդ ճնշող մթնոլորտը սարսափեցնո՞ւմ է նրան։
2 Ընդհակառա՛կը։ Դատավորները նկատում են, «որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է» (Գործ. 6։15)։ Հրեշտակները Եհովա Աստծու պատգամաբերներն են, հետևաբար վախենալու պատճառ չունեն։ Նրանք հանգիստ են ու խաղաղ։ Նույնը կարելի է ասել Ստեփանոսի մասին։ Նրա հանգստությունն այնքան ակնհայտ է, որ անգամ ատելությամբ լի դատավորներն են տեսնում դա։ Ինչպե՞ս է նրան հաջողվում հանդարտ մնալ։
3 Այս հարցի պատասխանը շատ ուսանելի է մերօրյա քրիստոնյաների համար։ Ուստի նախ պարզենք, թե Ստեփանոսը ինչու հայտնվեց այդ դժվարին իրավիճակում։ Ինչպե՞ս էր նա մինչ այդ պաշտպանել իր հավատը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
«Նրանք գրգռեցին ժողովրդին» (Գործեր 6։8-15)
4-5. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Ստեփանոսը օրհնություն էր ժողովի համար։ բ) Ի՞նչ իմաստով էր Ստեփանոսը «բարությամբ և զորությամբ լցված»։
4 Ստեփանոսը իսկական օրհնություն էր նորաստեղծ ժողովի համար։ Ինչպես տեղեկացանք նախորդ գլխից, նա այն յոթ խոնարհ եղբայրների թվում էր, ովքեր պատրաստակամորեն օգնության հասան առաքյալներին՝ կարևոր նշանակում ստանձնելով։ Եթե հաշվի առնենք, թե ինչ ունակություններով ու պարգևներով էր օժտված Ստեփանոսը, թերևս ավելի տպավորվենք նրա խոնարհությունից։ Գործեր 6։8-ում կարդում ենք, որ նա «մեծամեծ հրաշքներ ու նշաններ էր անում», ինչպիսին առաքյալներից ոմանք էին անում։ Ստեփանոսը նաև «բարությամբ և զորությամբ լցված» անձնավորություն էր։ Ի՞նչ է դա նշանակում։
5 Ակնհայտ է, որ նա մեղմ էր ու բարի, ինչը մարդկանց շատ էր գրավում։ Ստեփանոսի համոզիչ ու անկեղծ խոսքի շնորհիվ ունկնդիրներից շատերը վստահությամբ էին լցվում, որ նրա սովորեցրած ճշմարտությունները անչափ օգտակար են։ Ստեփանոսը լի էր զորությամբ, որովհետև Եհովայի ոգին նրա վրա էր։ Չէ՞ որ նա խոնարհաբար հնազանդվում էր սուրբ ոգու առաջնորդությանը։ Այնուամենայնիվ, Ստեփանոսը չէր հպարտանում այս բոլոր պարգևներով և ունակություններով, այլ ողջ փառքը ուղղում էր Եհովային և սիրով ու հոգատարությամբ էր վարվում նրանց հետ, ում քարոզում էր։ Զարմանալի չէ, որ հակառակորդները նրա մեջ մեծ վտանգ էին տեսնում։
6-8. ա) Ստեփանոսի հակառակորդներն ի՞նչ երկու մեղադրանք ներկայացրին նրա դեմ և ինչո՞ւ։ բ) Ինչո՞վ է օգտակար Ստեփանոսի օրինակը։
6 Սկզբում մի քանիսը փորձեցին վիճաբանել Ստեփանոսի հետ, բայց չկարողացան «հակառակվել այն իմաստությանը և ոգուն, որոնցով [նա] խոսում էր»։a Զայրացած հակառակորդները «գաղտնի դրդեցին» որոշ մարդկանց կեղծ մեղադրանքներ ներկայացնել այս անկեղծ քրիստոնյայի դեմ։ Թշնամիները նաև «գրգռեցին ժողովրդին, երեցներին ու դպիրներին», որ բռնի ուժով նրան տանեն Սինեդրիոն (Գործ. 6։9-12)։ Հակառակորդները Ստեփանոսին մեղադրեցին երկու բանում՝ Աստծուն և Մովսեսին հայհոյելու մեջ։ Նրանք ինչպե՞ս էին հիմնավորում իրենց մեղադրանքները։
7 Աստծուն հայհոյելու մեղադրանքը թշնամիները հիմնավորում էին նրանով, թե Ստեփանոսը խոսում է «սուրբ վայրի»՝ Երուսաղեմի տաճարի դեմ (Գործ. 6։13)։ Իսկ Մովսեսին հայհոյելու մեղադրանքը՝ նրանով, թե Ստեփանոսը խոսում է Օրենքի դեմ և խրախուսում է փոխել Մովսեսի հաստատած ավանդույթները։ Դրանք շատ լուրջ մեղադրանքներ էին, քանի որ այն օրերում հրեաները մեծ նշանակություն էին տալիս տաճարին, Մովսիսական օրենքին և հետագայում ավելացված բանավոր ավանդություններին։ Այս մեղադրանքներով թշնամիներն ուզում էին ասել, թե Ստեփանոսը վտանգավոր մարդ է, ուստի արժանի է մահվան։
8 Ցավոք, կրոնական առաջնորդները հաճախ են դիմել նման խաբեության՝ Աստծու ծառաների համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով։ Անգամ այսօր նրանք երբեմն պետական իշխանություններին Եհովայի վկաների դեմ են տրամադրում և հալածանք հրահրում։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեր դեմ կեղծ կամ աղավաղված մեղադրանքներ են ներկայացվում։ Ստեփանոսի օրինակից շատ բան կարող ենք սովորել։
Համարձակ վկայություն՝ «փառքի Աստծու» մասին (Գործեր 7։1-53)
9-10. Ինչո՞ւ են ոմանք քննադատում Սինեդրիոնի առաջ Ստեփանոսի ներկայացրած ելույթը, և այն քննելիս ի՞նչ պետք է հիշենք։
9 Ինչպես արդեն նշեցինք, երբ Ստեփանոսի դեմ մեղադրանքներ հնչեցին, նրա երեսը հրեշտակի երեսի պես հանդարտ ու խաղաղ էր։ Եվ ահա Կայիափան հարցրեց նրան. «Այդ ամենը այդպե՞ս է» (Գործ. 7։1)։ Ի պատասխան՝ Ստեփանոսը մի տպավորիչ ելույթ արեց։
10 Որոշ քննադատներ պնդում են, թե իր երկար ելույթի մեջ Ստեփանոսն այդպես էլ չհերքեց իր դեմ ուղղված մեղադրանքները։ Բայց իրականում Ստեփանոսը հիանալի օրինակ թողեց բարի լուրը պաշտպանելու հարցում (1 Պետ. 3։15)։ Հիշենք, որ նրան մեղադրում էին տաճարի և Օրենքի դեմ խոսելու, այսինքն՝ Աստծուն և Մովսեսին հայհոյելու մեջ։ Ի պատասխան՝ Ստեփանոսն իր ելույթում անդրադարձավ Իսրայելի պատմության երեք ժամանակաշրջանների՝ ուշադրություն հրավիրելով որոշ հանգամանքների վրա։ Առանձին-առանձին քննենք այդ ժամանակաշրջանները։
11-12. ա) Ստեփանոսն ինչո՞ւ անդրադարձավ Աբրահամի օրինակին։ բ) Ստեփանոսն ինչո՞ւ հիշատակեց Հովսեփին։
11 Նահապետների ժամանակաշրջան (Գործ. 7։1-16)։ Փորձելով ընդհանուր եզրեր գտնել իր ունկնդիրների հետ՝ Ստեփանոսն իր ելույթի սկզբում խոսեց Աբրահամի մասին, որի հավատը ակնածանքով էր լցնում հրեաներին։ Նա նշեց, որ «փառքի Աստված» Եհովան առաջին անգամ հայտնվեց Աբրահամին Միջագետքում (Գործ. 7։2)։ Իրականում այդ հավատարիմ անձնավորությունը պանդուխտ էր Ավետյաց երկրում։ Նրա օրերում ո՛չ տաճար կար, ո՛չ էլ Մովսիսական օրենք։ Ուստի ոչ ոք չէր կարող իրավամբ պնդել, թե Աստծու հանդեպ հավատարմությունը միշտ կախված է այդ երկու բաներից։
12 Հրեաները պատկառանքով էին վերաբերվում նաև Աբրահամի ծոռ Հովսեփին։ Ստեփանոսը հիշեցրեց նրանց, որ Հովսեփի հարազատ եղբայրները՝ Իսրայելի ցեղերի նախահայրերը, հալածեցին և ստրկության վաճառեցին այդ արդար մարդուն։ Սակայն արդյունքում նրա միջոցով Աստված Իսրայելին փրկեց սովից։ Անկասկած, Ստեփանոսը նմանություն էր տեսնում Հովսեփի ու Հիսուս Քրիստոսի միջև։ Սակայն նա չխոսեց այդ մասին, որպեսզի Սինեդրիոնի անդամները որքան հնարավոր է երկար լսեն իրեն։
13. Մովսեսի մասին խոսելով՝ Ստեփանոսն ինչպե՞ս հերքեց իր դեմ ուղղված մեղադրանքներից մեկը, և ի՞նչ կարևոր միտք ընդգծեց։
13 Մովսեսի ժամանակաշրջան (Գործ. 7։17-43)։ Սինեդրիոնի անդամները հիմնականում սադուկեցիներ էին։ Նրանք ընդունում էին միայն Մովսեսի գրքերը։ Ուստի իմաստություն դրսևորելով՝ Ստեփանոսը բավական երկար խոսեց Մովսեսի մասին։ Այդպիսով նա ցույց տվեց, որ խորապես հարգում է թե՛ Մովսեսին, թե՛ Օրենքը և հերքեց իր դեմ ուղղված մեղադրանքները (Գործ. 7։38)։ Ստեփանոսը նշեց, որ հրեաները չընդունեցին 40-ամյա Մովսեսին, թեև վերջինս ուզում էր փրկել նրանց։ Բացի այդ՝ ավելի քան 40 տարի անց հրեաները մի քանի անգամ ապստամբեցին Մովսեսի դեմ։b Այս ամենի մասին հիշեցնելով՝ Ստեփանոսը մի կարևոր միտք ընդգծեց. Աստծու ժողովուրդը շարունակ մերժել էր Եհովայի կողմից նշանակված առաջնորդներին։
14. Ստեփանոսն ի՞նչ միտք շեշտեց Մովսեսի օրինակով։
14 Ստեփանոսն իր ունկնդիրներին հիշեցրեց, որ համաձայն Մովսեսի խոսքերի՝ Իսրայելում նրա պես մարգարե էր ի հայտ գալու։ Ո՞վ էր լինելու այդ մարգարեն, և ինչպե՞ս էին նրան ընդունելու։ Ստեփանոսն իր ելույթի վերջում տվեց այդ հարցերի պատասխանները։ Իսկ մինչ այդ նա ևս մի կարևոր միտք ընդգծեց. Եհովան կարող է սուրբ դարձնել ցանկացած վայր։ Այդպիսին էր, օրինակ, այն վայրը, որտեղ նա այրվող թփի միջից խոսել էր Մովսեսի հետ։ Ուրեմն մի՞թե Եհովան ակնկալում է, որ իրեն երկրպագություն մատուցեն միայն մեկ վայրում, ինչպիսին Երուսաղեմի տաճարն էր։ Շուտով Ստեփանոսը պատասխանեց այդ հարցին։
15-16. ա) Ստեփանոսն ինչո՞ւ խոսեց խորանի մասին։ բ) Ստեփանոսն ինչո՞ւ հիշատակեց Սողոմոնի տաճարը։
15 Խորանը և տաճարը (Գործ. 7։44-50)։ Ստեփանոսը հիշեցրեց Սինեդրիոնին, որ երբ Երուսաղեմի տաճարը դեռ չկար, մարդիկ երկրպագում էին Եհովային խորանում։ Դա վրանի նման շարժական մի կառույց էր, որը Աստծու պատվերով պատրաստել էր Մովսեսը։ Ո՞վ կհամարձակվեր ասել, թե խորանը տաճարից ստորակարգ էր։ Չէ՞ որ այնտեղ երկրպագություն էր մատուցել հենց ինքը Մովսեսը։
16 Հետագայում Սողոմոնը կառուցել էր Երուսաղեմի տաճարը։ Շինարարության ավարտից հետո նա մի աղոթք էր մատուցել Աստծուն, որից մեջբերում անելով՝ Ստեփանոսն ասաց. «Բարձրյալը ձեռքով շինված տներում չի բնակվում» (Գործ. 7։48; 2 Տար. 6։18)։ Թեպետ այդ տաճարը կարևոր դեր էր խաղում Եհովայի նպատակների իրականացման մեջ, սակայն նա առանց դրա էլ կարող էր իրագործել իր կամքը։ Ուստի Աստծու ծառաները չպետք է կարծեին, թե անհնար է ընդունելի երկրպագություն մատուցել նրան՝ առանց որևէ ձեռակերտ շինության։ Ստեփանոսն ազդեցիկ կերպով եզրափակեց այս միտքը՝ «Եսայիա» գրքից մեջբերելով հետևյալ խոսքերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Այդ ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,— ասում է Եհովան։— Կամ ո՞րն է իմ բնակության վայրը։ Մի՞թե իմ ձեռքը չի արել այս բոլոր բաները» (Գործ. 7։49, 50; Ես. 66։1, 2)։
17. Ստեփանոսն իր ելույթում ա) ինչպե՞ս բացահայտեց ունկնդիրների սխալ մղումները, բ) ինչպե՞ս հերքեց իր դեմ ուղղված մեղադրանքները։
17 Մի պահ խորհիր Ստեփանոսի ելույթի մասին։ Ի՜նչ վարպետությամբ նա բացահայտեց իր հակառակորդների սխալ մղումները։ Ստեփանոսը ցույց տվեց, որ Եհովան ավանդույթների կամ հանգամանքների գերի չէ. նա ճկուն Աստված է և իր նպատակն իրագործելու համար կարող է զանազան միջոցներ օգտագործել։ Ուստի այն անհատները, ովքեր չափից շատ կարևորություն էին տալիս Երուսաղեմի տաճարին և Օրենքի շուրջ հյուսված ավանդույթներին, չէին հասկանում Օրենքի ու տաճարի գոյության իրական իմաստը։ Ստեփանոսն իր ելույթում անուղղակիորեն տվեց հետևյալ կարևոր հարցը. «Մի՞թե Եհովային հնազանդվելով՝ ավելի մեծ պատիվ չեք բերի Օրենքին ու տաճարին»։ Ստեփանոսը Եհովային հնազանդվելու հարցում ջանք ու եռանդ չէր խնայում, ուստի իր ելույթի միջոցով նա փայլուն կերպով հիմնավորեց իր քայլերը և հերքեց մեղադրանքները։
18. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Ստեփանոսին։
18 Ի՞նչ կարող ենք սովորել Ստեփանոսի ելույթից։ Ակնհայտ է, որ նա շատ լավ գիտեր Սուրբ Գրքերը։ Մենք էլ «ճշմարտության խոսքը ուղիղ կմատուցենք», եթե ջանադրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը (2 Տիմոթ. 2։15)։ Ստեփանոսը նաև բարության ու նրբանկատության լավ օրինակ է։ Հիշենք, որ նա ելույթ էր ունենում իր ոխերիմ թշնամիների առաջ։ Այդուհանդերձ, ձգտում էր հնարավորության սահմաններում ընդհանուր եզրեր գտնել նրանց հետ՝ խոսելով այն մասին, ինչ նրանք թանկ էին համարում։ Բացի այդ՝ Ստեփանոսը նրանց հարգանքով էր դիմում՝ տարեցներին կոչելով «հայրեր» (Գործ. 7։2)։ Մենք նույնպես պետք է Աստծու Խոսքի ճշմարտությունը մատուցենք «մեղմությամբ և խոր հարգանքով» (1 Պետ. 3։15)։
19. Քաջ Ստեփանոսն ինչպե՞ս հայտնեց Սինեդրիոնին Եհովայի դատաստանական լուրը։
19 Թեև մենք չենք ցանկանում վիրավորել մարդկանց, սակայն չենք էլ վախենում ճշմարտությունը հայտնելուց և չենք մեղմում Եհովայի դատաստանական պատգամները։ Այս հարցում նույնպես Ստեփանոսը լավ օրինակ է թողել։ Նա անկասկած տեսավ, որ իր բերած բոլոր փաստարկները իրականում որևէ դրական ազդեցություն չթողեցին Սինեդրիոնի սառնասիրտ դատավորների վրա։ Ուստի սուրբ ոգուց մղված՝ Ստեփանոսն իր ելույթի վերջում անվախորեն ասաց, որ նրանք առանձնապես չէին տարբերվում իրենց նախահայրերից, ովքեր մերժել էին թե՛ Հովսեփին, թե՛ Մովսեսին և թե՛ մյուս բոլոր մարգարեներին (Գործ. 7։51-53)։ Ավելին՝ Սինեդրիոնի այդ դատավորները սպանել էին Մեսիային, ում մասին կանխագուշակել էին Մովսեսն ու բոլոր մարգարեները։ Ո՞վ էր ուրեմն խախտել Օրենքը։ Հենց նրա՛նք, այն էլ՝ ամենախայտառակ ձևով։
«Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ ոգին» (Գործեր 7։54-8։3)
20-21. Սինեդրիոնն ինչպե՞ս արձագանքեց Ստեփանոսի խոսքերին, և Եհովան ինչպե՞ս զորացրեց իր ծառային։
20 Ստեփանոսի անհերքելի խոսքերը սաստիկ զայրացրին դատավորներին։ Այլևս չկարողանալով զսպել իրենց՝ նրանք սկսեցին կրճտացնել իրենց ատամները։ Պարզ էր, որ հավասարակշռությունը կորցրած այդ անհատներից անիմաստ էր ողորմություն սպասել։ Ստեփանոսի հանդեպ նրանք նույնքան «ողորմած» կլինեին, որքան Հիսուսի հանդեպ եղան։
21 Ստեփանոսին քաջություն էր պետք, որ կարողանար հաղթահարել գալիք փորձությունը։ Այդ պահին Եհովան նրան մի տեսիլք տվեց, ինչն անշուշտ քաջալերեց իր հավատարիմ ծառային։ Ստեփանոսը տեսավ Աստծու փառքը, ինչպես նաև Հիսուսին՝ Եհովայի աջ կողմում կանգնած։ Նա սկսեց նկարագրել իր տեսիլքը, սակայն գազազած դատավորները փակեցին իրենց ականջները։ Ինչո՞ւ։ Որոշ ժամանակ առաջ Հիսուսը այդ նույն դատավորներին հայտնել էր, որ ինքն է Մեսիան և շուտով կլինի իր Հոր աջ կողմում (Մարկ. 14։62)։ Ստեփանոսի տեսիլքը վկայեց, որ Հիսուսի խոսքերը ճշմարիտ էին, մինչդեռ Սինեդրիոնը ուրացել էր Մեսիային ու սպանել նրան։ Անկարող լինելով լսելու այդ ամենը՝ բոլորը միասին հարձակվեցին Ստեփանոսի վրա, նրան քաղաքից դուրս տարան ու քարկոծեցին, մինչև որ նա մահացավ։c
22-23. Ի՞նչ առումով էր Ստեփանոսի մահը նման Հիսուսի մահվանը, և այսօր քրիստոնյաներն ինչո՞ւ կարող են Ստեփանոսի պես հանդարտ լինել։
22 Իր Տիրոջ պես՝ Ստեփանոսը մահացավ խաղաղ սրտով, Եհովայի հանդեպ վստահությամբ լի ու ներեց իրեն սպանողներին։ Ակներևաբար Ստեփանոսը դեռ շարունակում էր տեսնել իր տեսիլքը՝ Աստծու Որդուն՝ կանգնած Եհովայի կողքին, ուստի բացականչեց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ ոգին»։ Անկասկած, Ստեփանոսին ծանոթ էին Հիսուսի հետևյալ մխիթարական խոսքերը. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհ. 11։25)։ Ապա Ստեփանոսը բարձրաձայն աղոթեց Աստծուն. «Եհո՛վա, այս մեղքի դիմաց հաշիվ մի՛ պահանջիր նրանցից»։ Սա ասելուց հետո նա ննջեց մահվան քնով (Գործ. 7։59, 60)։
23 Այդպես Ստեփանոսը դարձավ առաջին քրիստոնյա մարտիրոսը՝ նահատակը (տես ««Մարտիրոս» բառի իմաստը» շրջանակը)։ Նա առաջինն էր, բայց, ցավոք, վերջինը չէր։ Առայսօր Եհովայի հավատարիմ ծառաները սպանվում են մոլեռանդ կրոնավորների, ազգայնամոլների և այլ կատաղի հակառակորդների կողմից։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք նույնքան հանդարտ լինել ու վստահել Եհովային, որքան Ստեփանոսը։ Հիսուսն արդեն Թագավոր է և բացառիկ զորություն է ստացել իր Հորից։ Ոչինչ չի կարող խանգարել նրան հարություն տալու իր հավատարիմ հետևորդներին (Հովհ. 5։28, 29)։
24. Սողոսն ինչպե՞ս աջակցեց Ստեփանոսի սպանությանը, և վերջինիս մահն ի՞նչ ազդեցություն թողեց։
24 Ստեփանոսի սպանության ականատեսներից էր Սողոս անունով մի երիտասարդ։ Նա հավանություն էր տալիս Ստեփանոսի սպանությանը, նույնիսկ հսկում էր քարկոծողների հագուստը։ Այդ դեպքից կարճ ժամանակ անց Սողոսը քրիստոնյաների դեմ դաժան հալածանքի ալիք բարձրացրեց։ Բայց Ստեփանոսի մահը մնայուն ազդեցություն թողեց։ Այն ամրապնդեց քրիստոնյաների վճռականությունը՝ մղելով նրանց մինչև մահ հավատարիմ մնալու։ Դեռ ավելին՝ Ստեփանոսի մահը վերջին հաշվով դրական ազդեցություն թողեց նաև Սողոսի վրա։ Հետագայում հայտնի դառնալով որպես Պողոս առաքյալ՝ նա մեծ ափսոսանքով էր հիշում, որ աջակցել է Ստեփանոսի սպանությանը (Գործ. 22։20)։ Նա իր մասին հետևյալն ասաց. «Ես հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ էի» (1 Տիմոթ. 1։13)։ Անշուշտ, Պողոսը երբեք չմոռացավ Ստեփանոսին ու նրա տպավորիչ ելույթը։ Հետաքրքիր է, որ իր որոշ ելույթների ու նամակների մեջ առաքյալն անդրադարձավ այն մտքերին, որոնք Ստեփանոսն ընդգրկել էր իր ելույթում (Գործ. 7։48; 17։24; Եբր. 9։24)։ Ժամանակի ընթացքում Պողոսը կարողացավ լիովին հետևել հավատի ու համարձակության այն օրինակին, որ թողել էր Ստեփանոսը՝ «բարությամբ և զորությամբ լցված» այդ անձնվեր քրիստոնյան։ Իսկ մենք կկարողանա՞նք։
a Հակառակորդներից ոմանք «Ազատագրվածների ժողովարանից» էին։ Հավանաբար նրանք մի ժամանակ գերի էին ընկել հռոմեացիների ձեռքը, բայց հետո ազատ էին արձակվել։ Հնարավոր է նաև, որ այդ մարդիկ ազատություն ստացած ստրուկներ էին, որոնք հետագայում պրոզելիտներ էին դարձել։ Հակառակորդներից ոմանք էլ, ինչպես օրինակ՝ տարսոնացի Սողոսը, Կիլիկիայից էին։ Աստվածաշնչում չի ասվում, թե արդյոք Սողոսն այն կիլիկիացիների թվում էր, ովքեր փորձում էին լռեցնել Ստեփանոսին։
b Ստեփանոսի ելույթում այնպիսի տեղեկություններ ենք գտնում, որոնք չկան Աստվածաշնչի այլ մասերում։ Օրինակ՝ նա նշում է Եգիպտոսում Մովսեսի ստացած կրթության մասին, հայտնում է, թե վերջինս քանի տարեկանում է փախել Եգիպտոսից և որքան ժամանակ է մնացել Մադիանում։
c Ամենայն հավանականությամբ, Սինեդրիոնը առանց հռոմեացիների թույլտվության իրավունք չուներ մահապատիժ իրագործելու (Հովհ. 18։31)։ Որն էլ լիներ պարագան, Ստեփանոսի սպանությունն ավելի շատ նման է կատաղած ամբոխի հարձակման, քան դատարանով սահմանված մահապատժի։