Աստվածաշնչի գիրք համար 42. Ղուկաս
Գրողը՝ Ղուկաս
Գրվելու վայրը՝ Կեսարիա
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 56–58թթ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 3–մ.թ. 33թթ.
1. Ինչպիսի՞ Ավետարան է գրել Ղուկասը։
ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ գրվել է սուր միտք ունեցող և բարեսիրտ մարդու կողմից։ Այս լավ հատկությունների և Աստծու ոգու առաջնորդության շնորհիվ ստեղծվել է մի պատմություն, որը ճշգրիտ է և լի է ջերմ զգացմունքներով։ Բացման խոսքերում նա ասում է. «Ես նույնպես, որ սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել եմ, որոշեցի տրամաբանական հաջորդականությամբ գրել դրանք»։ Նրա մանրամասն, ստուգված տեղեկությունների վրա հիմնված պատմությունը լիովին հաստատում է այս պնդումը (Ղուկ. 1։3)։
2, 3. Ի՞նչ ապացույցներ կան, որ այս Ավետարանը բժիշկ Ղուկասն է գրել։
2 Թեև Ղուկասի անունը արձանագրության մեջ ոչ մի տեղ չի հանդիպում, հին հեղինակավոր աղբյուրները հաստատում են, որ նա է գրողը։ Մուրատորիի ֆրագմենտում (մ.թ. մոտ 170թ.) Ավետարանը վերագրվում է Ղուկասին։ Դա են ընդունում նաև երկրորդ դարի այնպիսի գրողներ, ինչպիսիք են Իրենեոսը և Կղեմես Ալեքսանդրացին։ Նաև այն, թե ինչպես է գրի առնվել Ավետարանը, նույնպես համոզիչ կերպով փաստում է, որ գրողը Ղուկասն է։ Կողոսացիներ 4։14-ում Պողոսը նրա մասին գրում է՝ «սիրելի բժիշկ Ղուկասը», և հենց գիտական ոճը, որով գրվել է Ավետարանը, մղում է եզրակացնելու, որ այն գրել է կրթված մարդ, օրինակ՝ բժիշկ։ Հիանալի գրելաոճն ու հարուստ բառապաշարը, որը գերազանցում է բոլոր երեք ավետարանագիրների բառապաշարը, թույլ են տալիս նրան հանգամանորեն և խորությամբ զարգացնել այն կարևոր թեման, որը թղթին է հանձնել։ Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ անառակ որդու մասին առակը երբևէ գրված լավագույն կարճ պատմությունն է։
3 Ղուկասն օգտագործում է ավելի քան 300 բժշկական տերմիններ և բառեր, որոնց բժշկական իմաստ է հաղորդում, և որոնք Քրիստոնեական Հունարեն Գրություններն արձանագրողները այդպես չեն գործածել (եթե ընդհանրապես գործածել են այդ բառերը)a։ Օրինակ՝ բորոտության մասին խոսելիս Ղուկասը, ի տարբերություն մյուսների, միշտ չէ, որ օգտագործում է նույն տերմինը։ Նրանց համար բորոտությունը բորոտություն է, բայց բժիշկը տարբերում է բորոտության տարբեր փուլեր։ Այդ պատճառով Ղուկասը գրում է, որ «մի մարդ կար բորոտությամբ լեցուն», իսկ Ղազարոսի պարագայում ասում է, որ նա «լի էր խոցերով»։ Մյուս ավետարանագիրներից ոչ մեկը չի նշում, որ Պետրոսի զոքանչը «բարձր ջերմության մեջ» էր (5։12; 16։20; 4։38)։ Թեև մյուս երեքը ասում են, որ Պետրոսը կտրեց քահանայապետի ծառայի ականջը, բայց միայն Ղուկասն է հիշատակում, որ Հիսուսը բուժեց նրան (22։51)։ Միայն բժիշկը կարող է պատմել մի կնոջ մասին, «որ տասնութ տարի հիվանդ էր, որի պատճառը չար ոգին էր. նա կծկված էր ու չէր կարողանում ուղղվել»։ Բացի «սիրելի բժիշկ Ղուկասից», ուրիշ ո՞վ կարող էր մանրամասնորեն նկարագրել, թե ինչպես մի սամարացի առաջին օգնություն ցույց տվեց մի մարդու՝ «կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ և գինի լցնելով» (13։11; 10։34)։
4. Հավանաբար ե՞րբ է գրվել Ղուկասի Ավետարանը, և ինչո՞ւ կարող ենք նման եզրակացություն անել։
4 Ե՞րբ է Ղուկասը գրել իր Ավետարանը։ Գործեր 1։1-ը ցույց է տալիս, որ «Գործեր» գիրքը գրողը (որը նույնպես Ղուկասն է) նախ շարադրեց «առաջին պատմությունը»՝ Ավետարանը։ Հավանական է, որ «Գործեր» գրքի գրությունը ավարտվել է մ.թ. մոտ 61-ին, երբ Ղուկասը Հռոմում էր Պողոսի հետ, որը սպասում էր կայսրի ընդունելությանը։ Ուստի Ղուկասը Ավետարանը հավանաբար գրել է Կեսարիայում, ուր եկավ Փիլիպպեից Պողոսի հետ, որը վերադառնում էր իր երրորդ միսիոներական շրջագայությունից։ Ղուկասը այս գիրքը գրել է մ.թ. մոտ 56–58-ին, երբ Պողոսը երկու տարի բանտում էր Կեսարիայում նախքան կայսրին բողոքելը և Հռոմ ուղարկվելը։ Քանի որ Ղուկասը Պաղեստինում էր, լավ առիթ ունեցավ Հիսուսի կյանքի և ծառայության մասին «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտելու»։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Ղուկասի Ավետարանը գրվել է Մարկոսի Ավետարանից առաջ։
5. Ի՞նչ աղբյուրների է դիմել Ղուկասը, որպեսզի «ճշգրտությամբ հետազոտի» Հիսուսի կյանքի իրադարձությունները։
5 Ինչ խոսք, Ղուկասը իր արձանագրած դեպքերի ականատեսը չէր եղել, քանի որ 12 առաքյալներից մեկը չէր և Հիսուսի հետևորդը դարձավ, հավանաբար, միայն նրա մահից հետո։ Սակայն նա սերտորեն համագործակցել է Պողոսի հետ միսիոներական ծառայության մեջ (2 Տիմոթ. 4։11; Փիլիմ. 24)։ Ուստի տրամաբանական է, որ նկատելի է Պողոսի ազդեցությունը նրա Ավետարանի վրա։ Դա կարող ենք տեսնել՝ համեմատելով Ղուկաս 22։19, 20 և 1 Կորնթացիներ 11։23–25 համարները, որոնցում նրանք նկարագրում են Տիրոջ ընթրիքը։ Ղուկասը գուցե որպես աղբյուր օգտվել է նաև Մատթեոսի Ավետարանից։ «Բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտելու համար» նա Հիսուսի կյանքի իրադարձությունների մասին անձամբ հարցուփորձ է արել բազմաթիվ ականատեսներից, օրինակ՝ կենդանի մնացած աշակերտներից և հավանաբար Հիսուսի մայր Մարիամից։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նա ամեն բան արել է, որ վստահարժան տեղեկություններ հավաքի։
6. Ղուկասի Ավետարանում արձանագրված ո՞ր տեղեկությունները ուրիշ ոչ մի տեղ չեն կրկնվում, և ո՞ւմ համար է այն գրվել։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։
6 Չորս Ավետարաններն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գրողները պարզապես չեն կրկնում պատմությունները, ոչ էլ գրում են, որպեսզի մի քանի վկայություն ներկայացնեն Աստվածաշնչի ամենակարևոր իրադարձությունները հաստատելու համար։ Ղուկասի արձանագրությունը առանձնահատուկ է։ Նրա Ավետարանում արձանագրված տեղեկությունների 59 տոկոսը չի հանդիպում մյուս Ավետարաններում։ Նա գրի է առել առնվազն վեց հրաշքներ և ավելի քան տասներկու օրինակներ է հիշատակել, որոնք չեն նշել մյուս ավետարանագիրները։ Նրա Ավետարանի մեկ երրորդը գրված է պատմողական ոճով, իսկ երկու երրորդը՝ խոսակցական։ Այն մյուս երեք Ավետարաններից շատ ավելի երկար է։ Մատթեոսը իր Ավետարանը գրել է առաջին հերթին հրեաների համար, Մարկոսը ոչ հրեաների, հատկապես հռոմեացիների, իսկ Ղուկասն իր Ավետարանը ուղղել է «պատվարժան Թեոֆիլոսին», նրա միջոցով էլ բոլոր մարդկանց՝ հրեաներին և ոչ հրեաներին (Ղուկ. 1։3, 4)։ Իր արձանագրությունը ուղղելով ողջ մարդկությանը՝ Ղուկասը նշում է Հիսուսի տոհմաբանությունը և թվում է մինչև Ադամ՝ Աստծու որդին, և ոչ թե մինչև Աբրահամ, ինչպես որ Մատթեոսը, որն իր Ավետարանը արձանագրել է կոնկրետ հրեաների համար։ Ղուկասը նաև նշում է Սիմեոնի մարգարեական խոսքերն այն մասին, որ Հիսուսը «կհեռացնի ազգերին ծածկող խավարը», և ասում է, որ «ամեն մարմին պիտի տեսնի, թե ինչպես է Աստված փրկություն տալիս» (3։38; 2։29–32; 3։6)։
7. Ի՞նչ համոզիչ ապացույց կա, որ Ղուկասի Ավետարանը վավերական է։
7 Ավետարանից երևում է, որ Ղուկասը հիանալի պատմիչ է. նրա արձանագրությունը հետևողականորեն է շարադրված և ճշգրիտ է։ Այս առանձնահատկությունները զորեղ ապացույց են այն բանի, որ գրվածը վավերական է։ Ուշադրության են արժանի մի իրավաբան-գրողի խոսքերը. «Վեպերում, լեգենդներում և կեղծ ցուցմունքներում իրադարձությունները կատարվում են անհայտ վայրում, անորոշ ժամանակում։ Հետևաբար, խախտվում է առաջին կանոնը, որը մեզ՝ իրավաբաններիս, սովորեցնում են գրագետ ձևով կազմված դատական դիմում ներկայացնելու վերաբերյալ. այդ կանոնն է՝ կոնկրետ նշել տեղն ու ժամանակը։ Մինչդեռ աստվածաշնչյան արձանագրությունը տալիս է դեպքերի կատարման կոնկրետ տեղն ու ժամանակը ամենայն ճշգրտությամբ»b։ Որպես ապացույց՝ նա մեջբերում է Ղուկաս 3։1, 2-ը. «Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի մարզի կառավարիչն էր, նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի մարզի կառավարիչը, և Լյուսանիասը՝ Աբիլենեի մարզի կառավարիչը, Կայիափայի և ավագ քահանա Հաննայի օրերում Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում»։ Այստեղ տեղի և ժամանակի վերաբերյալ ոչ մի անորոշություն չկա. Ղուկասը հիշատակում է յոթ պաշտոնյաների, որպեսզի կարողանանք ճշգրիտ որոշել Հովհաննեսի և Հիսուսի ծառայության սկիզբը։
8. Ինչպե՞ս է Ղուկասը «ճշգրտությամբ» մատնանշում Հիսուսի ծնվելու ժամանակը։
8 Ղուկասը նաև երկու ուրիշ մանրամասն է տալիս, որոնցով կարող ենք որոշել Հիսուսի ծնվելու ժամանակը, երբ ասում է. «Այն օրերին Օգոստոս կայսրից հրամանագիր դուրս եկավ, որ ամբողջ բնակեցված երկրում գրանցում անցկացվի։ (Այս առաջին գրանցումը կատարվեց, երբ Կյուրենիոսը կառավարիչ էր Ասորիքում)» (Ղուկ. 2։1, 2)։ Դա այն ժամանակ էր, երբ Հովսեփն ու Մարիամը գնացին Բեթլեհեմ՝ գրանցվելու։ Հիսուսը ծնվեց այնտեղc։ Մենք չենք կարող չհամաձայնվել մի մեկնաբանի հետ, որն ասաց. «Ղուկասը միշտ կարողանում է կատարյալ ճշգրտության հասնել։ Որպես պատմիչ՝ նա ամենաբարձր գնահատականի է արժանի»d։ Ուստի կարող ենք վստահել Ղուկասի այն խոսքերին, որ նա «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել է»։
9. Հիսուսի ասած ո՞ր մարգարեությունն է տպավորիչ կերպով կատարվել մ.թ. 70թ.-ին, ինչի մասին արձանագրել է Ղուկասը։
9 Ղուկասը նաև ցույց է տալիս, թե ինչպես են Եբրայերեն Գրություններում արձանագրված մարգարեությունները ճշգրտորեն կատարվել Հիսուս Քրիստոսի առնչությամբ։ Նա մեջբերում է Հիսուսի խոսքերը (24։27, 44)։ Ի հավելումն այս ամենի՝ Ղուկասը ճշգրտորեն արձանագրել է ապագա իրադարձությունների մասին Հիսուսի ասած մարգարեությունները։ Դրանցից շատերն արդեն կատարվել են մանրամասնությամբ։ Օրինակ՝ ինչպես որ Հիսուսը կանխագուշակել էր, Երուսաղեմի շուրջը սուր գերաններով պատնեշ կանգնեցվեց, և մ.թ. 70 թ.-ին արյունալի ջարդերի ժամանակ այն կործանվեց (Ղուկ. 19։43, 44; 21։20–24; Մատթ. 24։2)։ Պատմաբան Հովսեպոս Փլավիոսը, որը հռոմեական զորքի հետ այնտեղ էր, վկայում է, որ Երուսաղեմի շրջակայքի ծառերը մոտ 16 կիլոմետր տրամագծով կտրվել էին գերաններ պատրաստելու համար, որ պատնեշը մոտ 7 կիլոմետր երկարություն ուներ, որ շատ կանայք ու երեխաներ մահացան սովից, որ ավելի քան 1000000 հրեաներ կորցրին իրենց կյանքը, և 97000 հրեա գերի տարվեց։ Մինչ օրս Հռոմում՝ Տիտոսի հաղթակամարի վրա, պատկերված է հռոմեացիների հաղթական երթը ավարով, որ վերցրել են Երուսաղեմի տաճարիցe։ Կարող ենք վստահ լինել, որ Ղուկասի կողմից արձանագրված մյուս մարգարեությունները նույնպես ճշգրտորեն կկատարվեն։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
10. Ի՞նչ որոշեց անել Ղուկասը։
10 Նախաբան (1։1–4)։ Ղուկասը գրում է, որ սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել է և որոշել է դրանք գրել տրամաբանական հաջորդականությամբ, որպեսզի «պատվարժան Թեոֆիլոսը.... լիովին համոզվի» դրանց ճշգրտության մեջ (1։3, 4)։
11. Ի՞նչ ուրախալի իրադարձությունների մասին է նշվում Ղուկասի Ավետարանի առաջին գլխում։
11 Հիսուսի կյանքի վաղ տարիները (1։5–2։52)։ Հրեշտակը երևում է տարեց Զաքարիային, որ բարի լուր հայտնի նրան. նրա կինը մի որդի է ծնելու, և նրա անունը Հովհաննես է լինելու։ Սակայն Զաքարիան համր է լինելու և չի կարողանալու խոսել մինչև այն օրը, երբ երեխան ծնվի։ Ինչպեսև խոստացվել էր, նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիանում է, չնայած որ «տարիքն առած» է։ Մոտ վեց ամիս անց Գաբրիել հրեշտակը երևում է Մարիամին և ասում նրան, որ հղիանալու է «Բարձրյալի զորությամբ» ու մի որդի է ունենալու, որի անունը Հիսուս է լինելու։ Մարիամը այցելում է Եղիսաբեթին և ուրախ ողջույնից հետո բացականչում է. «Հոգիս մեծարում է Եհովային և սիրտս չի կարող չցնծալ իր Փրկիչ Աստծով»։ Մարիամը խոսում է Եհովայի սուրբ անվան և նրա մեծ ողորմության մասին նրանց հանդեպ, ովքեր վախենում են նրանից։ Երբ Հովհաննեսը ծնվում է, Զաքարիայի լեզուն արձակվում է, և նա նույնպես խոսում է Աստծու ողորմության, ինչպես նաև այն մասին, որ Հովհաննեսը մարգարե է լինելու և պատրաստելու է Եհովայի ճանապարհը (1։7, 35, 46, 47)։
12. Ի՞նչ է ասվում Հիսուսի ծննդի և մանկության մասին։
12 Սահմանված ժամանակին Հիսուսը ծնվում է Բեթլեհեմում, և հրեշտակը այս «մեծ ուրախությունը ավետում է» հովիվներին, որոնք գիշերը իրենց հոտերին պահակություն են անում։ Օրենքի համաձայն՝ նրան թլփատում են, իսկ ավելի ուշ, երբ ծնողները նրան բերում են տաճար, որ «ներկայացնեն Եհովային», տարիքն առած Սիմեոնը և մարգարեուհի Աննան երեխայի վերաբերյալ խոսքեր են ասում։ Վերադառնալով Նազարեթ՝ երեխան «մեծանում է ու զորանում և լցվում է իմաստությամբ, և Աստծու բարեհաճությունը նրա վրա է» (2։10, 22, 40)։ 12 տարեկանում Հիսուսը ծնողների հետ Նազարեթից Երուսաղեմ է գալիս, և ուսուցիչները հիանում են նրա հասկացողությամբ ու պատասխաններով։
13. Ի՞նչ է քարոզում Հովհաննեսը, և ի՞նչ է տեղի ունենում Հիսուսի մկրտության ժամանակ ու անմիջապես դրանից հետո։
13 Ծառայության նախապատրաստում (3։1–4։13)։ Տիբերիոս կայսեր իշխանության 15-րդ տարում Աստծու խոսքը լինում է Զաքարիայի որդի Հովհաննեսին, և նա «մկրտություն է քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար», որ ամեն մարմին «տեսնի, թե ինչպես է Աստված փրկություն տալիս» (3։3, 6)։ Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվում է Հորդանանում, Հիսուսը նույնպես մկրտվում է և մինչ աղոթում է, սուրբ ոգին իջնում է նրա վրա, ու նրա Հայրը երկնքից իր հավանությունն է հայտնում։ Հիսուս Քրիստոսը այժմ մոտ 30 տարեկան է (Ղուկասը թվարկում է նրա տոհմաբանությունը)։ Մկրտությունից հետո ոգին նրան առաջնորդում է անապատ, և նա 40 օր այնտեղ է մնում։ Բանսարկուն փորձում է Հիսուսին, սակայն ապարդյուն, հետո նա հեռանում է «մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (4։13)։
14. Որտե՞ղ է Հիսուսը բացեիբաց խոսում իր հանձնարարության մասին, և ինչպե՞ս են նրան լսողները արձագանքում։
14 Հիսուսի ծառայության սկիզբը, հատկապես Գալիլեայում (4։14–9։62)։ Իր հայրենի քաղաք Նազարեթի ժողովարանում Հիսուսը բացեիբաց խոսում է իր հանձնարարության մասին՝ կարդալով ու իր վրա կիրառելով Եսայիա 61։1, 2 համարներում արձանագրված մարգարեությունը. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ և Եհովայի բարեհաճության տարին քարոզեմ» (4։18, 19)։ Սկզբում մարդիկ հիացմունքով են լսում Հիսուսին, բայց հետո բարկությամբ են լցվում ու փորձում են սպանել նրան։ Ուստի նա իջնում է Կափառնայում, որտեղ շատերին բուժում է։ Մարդկանց բազմությունը հետևում է նրան և չի թողնում, որ հեռանա, բայց նա ասում է. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (4։43)։ Եվ սկսում է քարոզել Հրեաստանի ժողովարաններում։
15. Ինչպե՞ս են Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, ինչպես նաև Մատթեոսը դառնում Հիսուսի աշակերտները։
15 Գալիլեայում Հիսուսը Սիմոնի (նաև Պետրոս է կոչվում), Հակոբոսի և Հովհաննեսի համար հրաշք է անում. նա օգնում է նրանց մեծ քանակությամբ ձուկ բռնելու։ Հետո Սիմոնին ասում է. «Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս»։ Ուստի նրանք թողնում են ամեն բան և գնում նրա հետևից։ Հիսուսը շարունակում է աղոթել և սովորեցնել։ Նա «Եհովայի զորությունն ունի, որպեսզի բուժի մարդկանց» (5։10, 17)։ Հիսուսը հրավիրում է Ղևիին (Մատթեոս)՝ արհամարհված հարկահավաքին, որ իր հետևորդը դառնա։ Ղևին Հիսուսի համար մեծ ճաշկերույթ է անում։ «Նստած հյուրերի մեջ ներկա են նաև շատ հարկահավաքներ» (5։29)։ Դրա պատճառով Հիսուսի ու փարիսեցիների միջև տեղի է ունենում առաջին բախումը։ Նրանք բարկությամբ են բորբոքվում ու չարիք են մտածում Հիսուսի դեմ։
16. ա) Ե՞րբ է Հիսուսը ընտրում 12 առաքյալներին։ բ) Ի՞նչ մտքեր է ընդգծում Ղուկասը Լեռան քարոզը համառոտ ներկայացնելիս։
16 Ամբողջ գիշեր Աստծուն աղոթելուց հետո Հիսուսը իր աշակերտների միջից ընտրում է 12 առաքյալներին։ Նորից սկսում է բուժումներ անել։ Հետո ներկայացնում է այն քարոզը, որի մասին գրված է Ղուկաս 6։20–49-ում։ Այս համարներում համառոտ գրված է Լեռան քարոզը, որը արձանագրված է Մատթեոսի Ավետարանում՝ 5–7-րդ գլուխներում։ Հիսուսը հակադրում է երկու խմբի մարդկանց՝ ասելով. «Երջանիկ եք դուք՝ աղքատներդ, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը.... Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ամբողջությամբ ստացել եք» (6։20, 24)։ Նա իր ունկնդիրներին հորդորում է սիրել թշնամիներին, լինել ողորմած, առատաձեռն և բարի բաներ հանել սրտի բարի գանձերից։
17. ա) Ի՞նչ հրաշքներ է անում Հիսուսը։ բ) Ի՞նչ է Հիսուսը պատասխանում Հովհաննես Մկրտչի աշակերտների այն հարցին, թե արդյոք ինքն է Մեսիան։
17 Հիսուսը վերադառնում է Կափառնայում։ Այստեղ մի հարյուրապետ խնդրում է նրան, որ բուժի իր հիվանդ ծառային։ Նա իրեն արժանի չի համարում, որ Հիսուսն իր հարկի տակ մտնի, ուստի խնդրում է, որ նա նեղություն չքաշի և միայն «մի խոսք» ասի։ Ծառան բուժվում է, իսկ Հիսուսն ասում է. «Նույնիսկ Իսրայելում այսքան մեծ հավատ չգտա» (7։7, 9)։ Առաջին անգամ Հիսուսը հարություն է տալիս մահացած մարդու՝ Նային քաղաքում ապրող մի այրի կնոջ մինուճար որդուն։ Հիսուսը «խղճում» է կնոջը ու հարություն տալիս նրա որդուն (7։13)։ Այդ լուրը տարածվում է ողջ Հրեաստանում, և բանտում գտնվող Հովհաննես Մկրտիչը իր աշակերտներին ուղարկում է Հիսուսի մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պիտի գա»։ Հիսուսը պատասխանում է ուղարկվածներին. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսեցիք ու տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է քարոզվում։ Երջանիկ է նա, ով չի գայթակղվում իմ պատճառով» (7։19, 22, 23)։
18. Ի՞նչ օրինակներով, գործերով ու խորհուրդներ տալով է Հիսուսը քարոզում Թագավորությունը։
18 Դրանից հետո 12 առաքյալների հետ նա «շրջում է քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը»։ Նա պատմում է սերմնացանի առակը և վերջում ասում. «Ուստի ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում. որովհետև ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նույնիսկ այն, ինչ որ կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (8։1, 18)։ Հիսուսը շարունակում է հրաշքներ ու զարմանալի գործեր անել։ Նաև 12 առաքյալներին դևեր հանելու, հիվանդություններ բուժելու իշխանություն է տալիս և ուղարկում է «Աստծու թագավորությունը քարոզելու և բուժումներ անելու»։ Հինգ հազար մարդ հրաշքով կերակրվում է։ Հիսուսը լեռան վրա այլակերպվում է, հաջորդ օրը բուժում է մի դիվահար տղայի, որին առաքյալները չէին կարողացել բուժել։ Նրանց, ովքեր ուզում են հետևել իրեն, Հիսուսը զգուշացնում է. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի»։ Որպեսզի անհատը հարմար լինի Աստծու Թագավորության համար, պետք է իր ձեռքը արորի վրա դնի ու հետևում եղած բաներին չնայի (9։2, 58)։
19. Ինչպե՞ս է Հիսուսը օրինակով ցույց տալիս, թե ինչ է նշանակում սիրել մերձավորին։
19 Հիսուսի ծառայությունը Հրեաստանում (10։1– 13։21)։ Հիսուսը 70 աշակերտների ուղարկում է «հնձի»։ Նրանք ուրախությամբ վերադառնում են, քանի որ հաջողություններ են ունենում ծառայության մեջ։ Երբ Հիսուսը քարոզում է, մի մարդ, ցանկանալով արդարացնել իրեն, հարցնում է նրան. «Ո՞վ է իմ մերձավորը»։ Ի պատասխան՝ Հիսուսը մի առակ է պատմում սամարացու մասին։ Մի մարդ՝ կիսամեռ, ավազակների կողմից ծեծված, ընկած է ճանապարհին։ Հանկարծ մի քահանա է անցնում ու անտեսելով նրան՝ շարունակում է իր ճանապարհը։ Նույն ձևով է վարվում մյուս անցորդը, որը ղևտացի է։ Սակայն երբ անցնում է բոլորի կողմից արհամարհված մի սամարացի, խղճահարվում է ու կանգ առնում։ Նախ մշակում է նրա վերքերը ու կապում դրանք, հետո բարձրացնում է նրան, դնում է իր էշի վրա, տանում մի իջևանատուն և վճարում է իջևանատիրոջը՝ նրան հոգ տանելու համար։ Հետևաբար, հենց նա է մերձավորը, ով «ողորմածաբար վարվեց նրա հետ» (10։2, 29, 37)։
20. ա) Ի՞նչ դաս է սովորեցնում Հիսուսը Մարթայի տանը։ բ) Ինչպե՞ս է նա շեշտում աղոթքի կարևորությունը։
20 Մարթան հրավիրում է Հիսուսին իր տուն։ Հիսուսը մեղմորեն հանդիմանում է նրան, որ չափից շատ է անհանգստանում տան գործերի մասին, և գովում է Մարիամին, որ լավ բաժինն է ընտրել, քանի որ նախընտրել է նստել ու լսել իրեն։ Իր աշակերտներին նա սովորեցնում է տիպար աղոթքը, նաև շեշտում, որ հարկավոր է հաստատակամ լինել աղոթելու հարցում՝ ասելով. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք»։ Նա դև է հանում մի համր մարդու միջից ու երջանիկ կոչում նրանց, «ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»։ Մի առիթով ճաշի ժամանակ Հիսուսը մեղադրում է փարիսեցիներին Օրենքը աղավաղելու համար և վայեր ասում նրանց, որ վերցրել են «գիտելիքներ ձեռք բերելու բանալին» (11։9, 28, 52)։
21. Ի՞նչ է զգուշացնում Հիսուսը ագահության առնչությամբ և ի՞նչ է հորդորում աշակերտներին անել։
21 Կրկին Հիսուսի մոտ մեծ բազմություն է հավաքվում, և ինչ-որ մեկը խնդրանք է ուղղում. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ Հիսուսը մատնացույց է անում խնդրի արմատը՝ պատասխանելով. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»։ Հետո պատմում է մի հարուստ մարդու մասին, որը քանդեց իր ամբարները և ավելի մեծերը կառուցեց իր բարիքները հավաքելու համար, սակայն հենց այդ գիշեր մահացավ, և նրա ունեցվածքը ուրիշներին մնաց։ Հիսուսը հստակ ասում է. «Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ»։ Հետո նա հորդորում է իր աշակերտներին նախ փնտրել Աստծու Թագավորությունը՝ ասելով. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա»։ Մի առիթով, երբ նա շաբաթ օրը բուժում է մի կնոջ, որ 18 տարի հիվանդ է, նորից ընդհարում է տեղի ունենում իր ու հակառակորդների միջև։ Սակայն Հիսուսը քողազերծում է նրանց, ու նրանք ամաչում են (12։13, 15, 21, 32)։
22. Թագավորության մասին խոսելիս ի՞նչ դիպուկ առակներ է պատմում Հիսուսը։
22 Հիսուսի ծառայությունը Պիրեայում (13։22–19։27)։ Իր ունկնդիրներին Աստծու Թագավորության մասին պատմելիս Հիսուսը ազդեցիկ օրինակներ է բերում։ Նա ասում է, որ նրանք, ովքեր դիրք ու պատիվ են փնտրում, կցածրացվեն։ Նա, ով սեղան է գցում, թող կանչի աղքատներին, որոնք փոխարենը չեն կարող հատուցել, և նա երջանիկ կլինի ու իր «հատուցումը արդարների հարության ժամանակ կստանա»։ Հետո առակ է պատմում մի մարդու մասին, որը մեծ ընթրիք է կազմակերպում։ Իրար հետևից հրավիրվածները սկսում են պատրվակ բերել. մեկը արտ է գնել, մյուսը հինգ լուծ եզ է գնել, երրորդը նոր է ամուսնացել։ Տանտերը զայրացած պատվիրում է ծառային գնալ ու բերել «աղքատներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին» և հայտնում է, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկը «չի ճաշակի» իր ընթրիքը (14։14, 21, 24)։ Հետո Հիսուսը պատմում է կորած, բայց գտնված ոչխարի մասին առակը՝ ասելով. «Այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն» (15։7)։ Մեկ դրախմա կորցրած կնոջ մասին առակը, որում կինն ավլում է հատակը ու գտնում այն, նույնպես ընդգծում է այդ միտքըf։
23. Ի՞նչ է ուզում ասել Հիսուսը անառակ որդու առակով։
23 Այնուհետև Հիսուսը պատմում է անառակ որդու մասին առակը, որում փոքր որդին հորից խնդրում է իր բաժինը և հետո այն վատնում՝ «ցոփ ու շվայտ կյանք վարելով»։ Երբ հայտնվում է ծայրահեղ կարիքի մեջ, խելքի է գալիս ու որոշում տուն վերադառնալ՝ հուսալով, որ հայրը ողորմած կգտնվի իր հանդեպ։ Իրոք, հայրը խղճահարվում է ու «վազում, նրա վզովն ընկնում ու համբուրում»։ Նա ամենալավ պատմուճանն է հագցնում նրան, մեծ խնջույք է կազմակերպում, և «նրանք սկսում են ուրախանալ»։ Սակայն ավագ որդին զայրանում է։ Հայրը մեղմությամբ ուղղում է նրան՝ ասելով. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես եղել, և իմ ողջ ունեցածը քոնն է, բայց մենք պետք է ուրախանանք ու ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (15։13, 20, 24, 31, 32)։
24. Ի՞նչ ճշմարտություններ է սովորեցնում Հիսուսը հարուստ մարդու և Ղազարոսի առակով, ինչպես նաև փարիսեցու և հարկահավաքի օրինակով։
24 Երբ փողասեր փարիսեցիները լսում են անարդար տնտեսի մասին առակը, սկսում են ծաղրել Հիսուսին, բայց նա ասում է. «Դուք ձեզ մարդկանց առաջ արդար եք ներկայացնում, բայց Աստված գիտի ձեր սրտերը, որովհետև ինչը որ մարդիկ կարևոր են համարում, Աստծու աչքին նողկալի է» (16։15)։ Հարուստ մարդու և Ղազարոսի առակով Հիսուսը ցույց է տալիս, թե ինչ մեծ անդունդ գոյություն ունի Աստծու հավանությունն ունեցողների և չունեցողների միջև։ Հիսուսը զգուշացնում է իր աշակերտներին, որ գայթակղության պատճառները անխուսափելիորեն պիտի լինեն, բայց «վա՜յ նրան, ում միջոցով դրանք կլինեն»։ Նա նաև նշում է, որ դժվարություններ կլինեն, երբ «մարդու Որդին իրեն հայտնի դարձնի»։ «Հիշե՛ք Ղովտի կնոջը»,— ասում է նա (17։1, 30, 32)։ Մեկ ուրիշ առակով Հիսուսը հավաստիացնում է, որ Աստված անպայման կօգնի նրանց, ովքեր «օր ու գիշեր աղաղակում են իրեն» (18։7)։ Հետո մեկ ուրիշ առակ է պատմում և դատապարտում նրանց, ովքեր վստահ են, թե արդար են. մի փարիսեցի աղոթում է տաճարում և շնորհակալություն հայտնում, որ ինքը մյուս մարդկանց պես չէ։ Իսկ հեռվում կանգնած է հարկահավաքը և նույնիսկ չի ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել։ Նա աղոթում է. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»։ Ի՞նչ գնահատական է տալիս Հիսուսը։ Նա հարկահավաքին ավելի արդարացված է համարում, քան փարիսեցուն, որովհետև «ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (18։13, 14)։ Երիքովում Հիսուսը հյուրընկալվում է հարկահավաք Զաքեոսի տանը։ Այնտեղ նա տասը մնասների առակն է պատմում և ցույց տալիս, թե ինչ է լինում, երբ մարդ հավատարմորեն օգտագործում է իրեն վստահված միջոցները ու երբ դրանք թաքցնում է և չի դնում գործի մեջ։
25. Ի՞նչ իրադարձությամբ են սկսվում Հիսուսի ծառայության վերջին օրերը, և ի՞նչ մարգարեական զգուշացումներ է նա տալիս։
25 Ծառայության վերջին օրերը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19։28–23։25)։ Երբ Հիսուսը էշի քուռակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, բազմաթիվ աշակերտներ սկսում են ողջունել նրան և ասել՝ «նա, ով որպես թագավոր է գալիս Եհովայի անունով», փարիսեցիները ասում են Հիսուսին, որ սաստի աշակերտներին։ Սակայն Հիսուսը պատասխանում է. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն» (19։38, 40)։ Նա նշանակալից մարգարեություն է ասում Երուսաղեմի կործանման վերաբերյալ՝ նշելով, որ նրա շուրջ սուր գերաններով պատնեշ է կանգնեցվելու, որ ամեն կողմից նեղություն է կրելու, որ նրա մեջ եղող երեխաներին գետին են տապալելու և որ քարը քարի վրա չեն թողնելու։ Այնուհետև Հիսուսը ուսուցանում է տաճարում՝ բարի լուրն ավետելով և հմուտ օրինակների ու անհերքելի փաստարկների միջոցով պատասխանելով ավագ քահանաների, դպիրների ու սադուկեցիների խորամանկ հարցերին։ Նա վառ նկարագրում է վերջը բնորոշող մեծ նշանը և նորից նշում է, որ Երուսաղեմը շրջապատվելու է թշնամիների զորքով։ Մարդիկ կնվաղեն վախից, բայց երբ այս բաները լինեն, նրա հետևորդները «ուղիղ կկանգնեն և կբարձրացնեն իրենց գլուխները, որովհետև նրանց ազատագրումը մոտենում է»։ Նրանք պետք է արթուն մնան, որ խուսափեն այն ամենից, ինչ պետք է լինի (21։28)։
26. ա) Ի՞նչ ուխտերի մասին է խոսում Հիսուսը, և ինչի՞ հետ է նա դրանք կապում։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը զորություն ստանում փորձության ժամանակ և ձերբակալության պահին ի՞նչ հանդիմանություն է տալիս։
26 Մ.թ. 33թ. նիսանի 14-ն է։ Հիսուսը նշում է Պասեքը, հետո «նոր ուխտի» մասին է խոսում իր հավատարիմ առաքյալների հետ։ Նա նշում է, թե ինչ կապ ունի այդ ուխտը այն խորհրդանշական ընթրիքի հետ, որը պատվիրում է նշել ի հիշատակ իրեն։ Նաև ասում է նրանց. «Ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար» (22։20, 29)։ Այդ գիշեր, մինչ Հիսուսը աղոթում է Ձիթենյաց լեռան վրա, «մի հրեշտակ երևում է ու զորացնում է նրան։ Բայց նա սաստիկ տագնապի մեջ լինելով՝ շարունակում է ավելի ջերմեռանդորեն աղոթել, և նրա քրտինքը արյան կաթիլների պես է դառնում, որ գետին են թափվում»։ Մթնոլորտը ավելի է լարվում, երբ դավաճան Հուդան ամբոխին ուղեկցում է Հիսուսի մոտ՝ նրան ձերբակալելու։ Աշակերտները հարցնում են. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»։ Եվ նրանցից մեկը քահանայապետի ծառային սրով հարվածում է ու կտրում նրա ականջը, սակայն Հիսուսը հանդիմանում է նրանց ու բուժում ծառայի ականջը (22։43, 44, 49)։
27. ա) Ի՞նչ սխալ է անում Պետրոսը։ բ) Ի՞նչ մեղադրանքներ են ներկայացնում Հիսուսի դեմ, և ի՞նչ հանգամանքների ներքո է նա հարցաքննվում ու դատվում։
27 Հիսուսին բռնում են ու տանում քահանայապետի տուն՝ հարցաքննելու, իսկ Պետրոսը այդ ցուրտ գիշեր մի խումբ մարդկանց հետ տաքանում է խարույկի մոտ։ Երեք անգամ նրա մասին ասում են, որ Հիսուսի հետ է եղել, բայց նա երեք անգամն էլ ուրանում է։ Հետո կանչում է աքաղաղը։ Տերը շրջվում է ու նայում Պետրոսին, և Պետրոսը հիշում է Հիսուսի խոսքերը, որ ասել էր իրեն այդ մասին, և դուրս գալով՝ դառնապես լաց է լինում։ Սինեդրիոնի դահլիճում հարցաքննելուց հետո Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ և մեղադրում ազգը քայքայելու, կայսրին հարկեր վճարելը արգելելու և իրեն «Քրիստոս թագավոր» անվանելու մեջ։ Իմանալով, որ Հիսուսը գալիլեացի է՝ Պիղատոսը նրան ուղարկում է Հերովդեսի մոտ, որն այդ օրերին նույնպես Երուսաղեմում է։ Հերովդեսը իր պահապան զինվորների հետ ծաղրում է Հիսուսին, ստորացնում նրան և հետ ուղարկում Պիղատոսի մոտ՝ դատվելու կատաղի ամբոխի առաջ։ Պիղատոսը «Հիսուսին հանձնում է նրանց կամքին» (23։2, 25)։
28. ա) Ի՞նչ է խոստանում Հիսուսը այն հանցագործին, որը հավատ է ցույց տալիս իր հանդեպ։ բ) Ի՞նչ է Ղուկասը գրում Հիսուսի մահվան, թաղման և հարության մասին։
28 Հիսուսի մահը, հարությունը և համբարձումը (23։26–24։53)։ Հիսուսին ցցին են գամում երկու հանցագործների միջև։ Նրանցից մեկը ծաղրում է Հիսուսին, բայց մյուսը հավատ է դրսևորում և խնդրում նրան հիշել իրեն, երբ գա իր Թագավորությամբ։ Հիսուսն էլ խոստանում է. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (23։43)։ Հետո անսովոր մի խավար է իջնում, սրբարանի վարագույրը վերից վար մեջտեղից պատռվում է, և Հիսուսը բարձր ձայնով կանչում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին»։ Սա ասելուց հետո նա շունչը տալիս է։ Նրա մարմինը իջեցնում են և դնում ժայռի մեջ փորված մի գերեզմանում։ Շաբաթվա առաջին օրը կանայք, ովքեր նրա հետ եկել էին Գալիլեայից, գնում են գերեզման, բայց Հիսուսի մարմինը չեն գտնում այնտեղ։ Ինչպես որ կանխագուշակել էր Հիսուսը, երրորդ օրը հարություն է առնում (23։46)։
29. Ի՞նչ ուրախալի իրադարձությամբ է ավարտվում Ղուկասի Ավետարանը։
29 Հիսուսը հայտնվում է իր աշակերտներից երկուսին, որոնք գնում են Էմմաուս։ Նա խոսում է նրանց հետ իր չարչարանքների մասին և բացատրում Գրքերը։ Հանկարծ նրանք ճանաչում են Հիսուսին, բայց վերջինս անհետանում է։ Նրանք էլ ասում են իրար. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը»։ Հենց նույն ժամին նրանք վեր են կենում ու գնում Երուսաղեմ, որ մյուս աշակերտներին պատմեն տեղի ունեցածը։ Մինչ նրանք խոսում են այս ամենի մասին, Հիսուսը հայտնվում է նրանց մեջտեղում։ Ուրախությունից աշակերտները չեն կարողանում հավատալ իրենց տեսածին և զարմանում են։ Այդ ժամանակ Հիսուսը «ամբողջությամբ բաց է անում նրանց միտքը», որ ըմբռնեն Գրքերի իմաստը։ Ղուկասը ավարտում է իր Ավետարանը Հիսուսի համբարձման նկարագրությամբ (24։32, 45)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
30, 31. ա) Ինչպե՞ս է Ղուկասը ամրացնում մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ Եբրայերեն Գրությունները Աստծուց են ներշնչված։ բ) Հիսուսի ո՞ր խոսքերն է Ղուկասը մեջբերում դա հաստատելու համար։
30 Ղուկասի Ավետարանը ամրացնում է անհատի վստահությունը Աստծու Խոսքի հանդեպ և զորացնում է հավատը, որպեսզի նա կարողանա դիմանալ այս չար աշխարհի հարվածներին։ Ղուկասը շատ օրինակներ է բերում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ճշգրտորեն կատարվել Եբրայերեն Գրությունների մարգարեությունները։ Նա գրում է, որ Հիսուսը իր հանձնարարությունը նկարագրում է՝ մեջբերելով «Եսայիա» գրքի խոսքերը, ու թերևս այս մարգարեության կատարումն է Ղուկասի Ավետարանի գլխավոր թեման (Ղուկ. 4։17–19; Ես. 61։1, 2)։ Սա մեկն է այն դեպքերից, երբ Հիսուսը մեջբերեց Մարգարեներից։ Նա նաև մեջբերեց Օրենքից, օրինակ, երբ դիմադրեց Բանսարկուին, որը երեք անգամ փորձեց նրան, ինչպես նաև Սաղմոսներից, երբ իր հակառակորդներին հարցրեց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է»։ Ղուկասի արձանագրության մեջ ուրիշ շատ մեջբերումներ են արվում Եբրայերեն Գրություններից (Ղուկ. 4։4, 8, 12; 20։41–44; 2 Օրենք 8։3; 6։13, 16; Սաղ. 110։1)։
31 Երբ Հիսուսը, էշի քուռակի վրա նստած, մտավ Երուսաղեմ, ինչպես որ կանխագուշակվել էր Զաքարիա 9։9-ում, մարդկանց բազմությունը ուրախությամբ ողջունեց նրան՝ այդպիսով կիրառելով Սաղմոս 118։26-ը նրա առնչությամբ (Ղուկ. 19։35–38)։ Ղուկասի Ավետարանի ընդամենը երկու համարում ցույց է տրվում, թե ինչպես Հիսուսի վրա կատարվեցին վեց մարգարեություններ Եբրայերեն Գրություններից, որոնցում խոսվում էր նրա անարգալից մահվան և հարության մասին (Ղուկ. 18։32, 33; Սաղ. 22։7; Ես. 50։6; 53։5–7; Հովհ. 1։17)։ Հարությունից հետո Հիսուսը իր աշակերտներին համոզիչ կերպով բացատրեց Եբրայերեն Գրությունների կարևորությունը. «Ապա [Հիսուսը] ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի, ասացի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»։ Այդ ժամանակ նա ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը» (Ղուկ. 24։44, 45)։ Հիսուս Քրիստոսի այդ առաջին աշակերտների նման՝ մենք նույնպես կարող ենք գիտելիքներ ձեռք բերել և ամուր հավատ ունենալ՝ ուշադրություն դարձնելով Եբրայերեն Գրությունների մարգարեությունների կատարմանը, որը ճշգրտորեն բացատրել են Ղուկասը և Հունարեն Գրություններն արձանագրած մյուս տղամարդիկ։
32. Ինչպե՞ս է Ղուկասի Ավետարանը ընդգծում Թագավորության թեման, և ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք Թագավորության հանդեպ։
32 Իր Ավետարանում Ղուկասը շարունակաբար ընթերցողների ուշադրությունը հրավիրում է Աստծու Թագավորության վրա։ Առաջին գլխից մինչև վերջին գլուխները նա խոսում է Թագավորության հույսի մասին՝ սկսելով նրանից, որ հրեշտակը Մարիամին խոստանում է, որ մի որդի կծնի, որը «հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի», և ավարտելով առաքյալների հետ Թագավորության ուխտ կապելու մասին Հիսուսի խոսքերով (1։33; 22։28, 29)։ Ղուկասը ցույց է տալիս, որ Հիսուսը առաջնորդություն էր վերցնում Թագավորության քարոզչության գործում։ Նա ուղարկեց 12 առաքյալներին, ապա 70-ին՝ կատարելու հենց այս գործը (4։43; 9։1, 2; 10։1, 8, 9)։ Այն, որ Թագավորություն մտնելու համար անհրաժեշտ են վճռականություն ու նվիրվածություն, ընդգծված է Հիսուսի հետևյալ խոսքերում. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա և ամենուրեք Աստծու թագավորությունը հռչակիր.... Ով որ ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար» (9։60, 62)։
33. Բեր օրինակներ, թե ինչպես է Ղուկասը ընդգծում աղոթքի կարևորությունը։ Ի՞նչ դաս կարող ենք սովորել։
33 Ղուկասն ընդգծում է աղոթքի կարևորությունը։ Այս առումով նրա Ավետարանը առանձնահատուկ է։ Այն պատմում է, որ բազմաթիվ մարդիկ աղոթում էին, երբ Զաքարիան տաճարում էր, նաև որ ի պատասխան երեխա ունենալու մասին աղոթքի՝ ծնվեց Հովհաննես Մկրտիչը, և որ Աննա մարգարեուհին գիշեր ու ցերեկ աղոթում էր։ Այնտեղ նաև նշվում է, որ Հիսուսը աղոթում էր մկրտվելիս, իր 12 առաքյալներին ընտրելուց առաջ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով, և որ նա աղոթում էր այլակերպության ժամանակ։ Հիսուսը հորդորեց իր առաքյալներին, որ «միշտ աղոթք անեն և չհանձնվեն»։ Նա ցույց տվեց դրա կարևորությունը հաստատակամ այրու օրինակով, որը շարունակ խնդրում էր դատավորին, մինչև որ նա արդարադատություն գործադրեց։ Միայն Ղուկասն է պատմում, որ առաքյալները Հիսուսին խնդրեցին, որ իրենց աղոթել սովորեցնի, և այն մասին, թե ինչպես հրեշտակը զորացրեց Հիսուսին, երբ վերջինս աղոթում էր Ձիթենյաց լեռան վրա։ Նա միակն է, որ գրի է առել Հիսուսի վերջին աղոթքը. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին» (1։10, 13; 2։37; 3։21; 6։12; 9։28, 29; 18։1–8; 11։1; 22։39–46; 23։46)։ Ինչպես այն ժամանակ, երբ Ղուկասը գրեց իր Ավետարանը, այնպես էլ այսօր աղոթքը զորացնում է բոլոր նրանց, ովքեր կատարում են Աստծու կամքը։
34. Հիսուսի ո՞ր հատկությունները, որոնց մասին նշում է Ղուկասը, քրիստոնյաները պետք է ընդօրինակեն։
34 Իր խորաթափանց մտքով և սահուն, պատկերավոր ոճով Ղուկասը ջերմություն և կյանք է հաղորդում Հիսուսի ուսմունքներին։ Հիսուսի սերը, բարությունը, ողորմությունը և կարեկցանքը թույլերի, ճնշվածների, հարստահարվածների նկատմամբ ցույց են տալիս, թե ինչ մեծ տարբերություն կար նրա և սահմանափակ մտածելակերպ ունեցող, խստասիրտ ու կեղծավոր դպիրների և փարիսեցիների միջև (4։18; 18։9)։ Հիսուսը մշտապես քաջալերում և օգնում էր աղքատներին, ծառաներին, կույրերին և փշրված սիրտ ունեցողներին՝ այդպիսով հրաշալի օրինակ թողնելով բոլոր նրանց համար, ովքեր «սերտորեն նրա հետքերին են հետևում» (1 Պետ. 2։21)։
35. Ինչո՞ւ իսկապես կարող ենք երախտագետ լինել Աստծուն Ղուկասի Ավետարանի համար։
35 Ճիշտ ինչպես որ Հիսուսը՝ Աստծու կատարյալ, հրաշագործ Որդին, սեր ու հոգատարություն դրսևորեց իր աշակերտների և անկեղծ սիրտ ունեցող բոլոր մարդկանց հանդեպ, այնպես էլ մենք պետք է ձգտենք մեր ծառայությունը կատարել սիրով՝ «մեր Աստծու խոր կարեկցանքը» ընդօրինակելով (Ղուկ. 1։78)։ Ուստի Ղուկասի Ավետարանը իսկապես շատ օգտակար է։ Ինչ խոսք, մենք պետք է երախտապարտ լինենք Եհովային, որ ներշնչել է Ղուկասին՝ «սիրելի բժշկին», գրի առնելու այս ճշգրիտ, քաջալերական Ավետարանը, որը մատնանշում է փրկությունը Թագավորության միջոցով, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու տված փրկության միջոցը (Կող. 4։14; Ղուկ. 3։6)։
[ծանոթագրություններ]
a «The Medical Language of Luke», 1954, Վ. Կ. Հոբարտ, էջ xi–xxviii։
b «A Lawyer Examines the Bible», 1943, Ի. Հ. Լինթոն, էջ 38։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 766, 767 (անգլ.)։
d «Modern Discovery and the Bible», 1955, Ա. Ռենդլ Շորթ, էջ 211։
e «Հրեական պատերազմի մասին», հատ. V, էջ 491–515, 523 (xii, 1–4, (անգլ.)); VI, էջ 420 (ix, 3); տե՛ս նաև «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 751, 752 (անգլ.)։
f Դրախման հունական արծաթե դրամ էր, որը կշռում էր մոտ 3,4 գրամ։