ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11
Մկրտություն. ինչպե՞ս պատրաստվել
«Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (ԳՈՐԾ. 8։36)։
ԵՐԳ 50 Իմ նվիրման աղոթքը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1-2. Ինչո՞ւ չպետք է վհատվես, եթե դեռ պատրաստ չես մկրտվելու (տես ամսագրի շապիկի նկարը)։
ՄՏԱԾՈ՞ՒՄ ես մկրտվելու մասին։ Ինչ խոսք, դա լավ նպատակ է։ Իսկ պատրա՞ստ ես հիմա անելու այդ քայլը։ Եթե կարծում ես, որ պատրաստ ես, և երեցները համաձայն են, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում մկրտվիր։ Եհովային ծառայելով՝ դու բավականություն պատճառող կյանքով կապրես։
2 Սակայն հնարավոր է՝ քեզ ասել են, որ մկրտվելու համար դեռ պետք է հոգևորապես առաջադիմես, կամ գուցե ինքդ ես եկել այդ եզրահանգման։ Որն էլ լինի պարագան, մի՛ վհատվիր։ Դու կարող ես հասնել մկրտության, անկախ նրանից՝ երիտասարդ ես, թե տարեց։
«Ի՞ՆՉՆ Է ԻՆՁ ԽԱՆԳԱՐՈՒՄ»
3. Մի եթովպացի պալատական ի՞նչ հարցրեց Փիլիպոսին, և ի՞նչ հարց է ծագում (Գործեր 8։36, 38)։
3 Կարդա Գործեր 8։36, 38։ Մի եթովպացի պալատական Փիլիպոս ավետարանչին ասաց. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»։ Եթովպացին ուզում էր մկրտվել։ Բայց արդյո՞ք նա պատրաստ էր անելու այդ կարևոր քայլը։
4. Ինչի՞ց է երևում, որ եթովպացին ուզում էր խորացնել իր գիտելիքները։
4 Եթովպացին «եկել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու» (Գործ. 8։27)։ Ամենայն հավանականությամբ, նա հրեաների կրոնն էր ընդունել։ Անկասկած, նա Եհովայի մասին սովորել էր Եբրայերեն Գրություններից, բայց նա ուզում էր ավելին իմանալ։ Ի՞նչ էր անում եթովպացին, երբ Փիլիպոսը ճանապարհին հանդիպեց նրան։ Նա Եսայիայի մարգարեության փաթույթն էր կարդում (Գործ. 8։28)։ Այնտեղ հոգևոր խոր ճշմարտություններ էին գրված։ Երևում է, որ նա չէր ուզում սահմանափակվել հիմնական ճշմարտություններով, այլ ուզում էր խորացնել իր գիտելիքները։
5. Ճշմարտությունը իմանալը ի՞նչ անելու էր մղում եթովպացուն։
5 Այդ մարդը եթովպացիների թագուհուն ծառայող բարձրաստիճան պաշտոնյա էր, և թագուհու «բոլոր գանձերը նրա հսկողության տակ էին» (Գործ. 8։27)։ Ուստի նա պետք է որ շատ զբաղված մարդ լիներ։ Չնայած դրան՝ նա Եհովային պաշտելու համար ժամանակ էր հատկացնում։ Այդ պաշտոնյան չէր բավարարվում միայն սովորելով ճշմարտությունը, նա նաև վարվում էր իր սովորածի համաձայն։ Նա Եթովպիայից եկել էր Երուսաղեմ, որպեսզի տաճարում պաշտեր Եհովային։ Ճամփորդության համար այդ մարդը պետք է շատ ժամանակ և միջոցներ ծախսեր։ Սակայն Եհովային պաշտելու համար նա պատրաստ էր ցանկացած զոհողության։
6-7. Եհովայի նկատմամբ եթովպացու սերը ինչպե՞ս աճեց։
6 Եթովպացին Փիլիպոսից որոշ կարևոր ճշմարտություններ իմացավ, այդ թվում՝ թե ով է Մեսիան (Գործ. 8։34, 35)։ Նա անկասկած տպավորվեց՝ իմանալով, թե Հիսուսը ինչ է արել իր համար։ Իսկ դա ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա վրա։ Նա կարող էր մնալ այնպիսին, ինչպիսին որ կար՝ հարգված պրոզելիտ։ Բայց նա խորացրեց իր սերը Եհովայի և նրա Որդու հանդեպ և արդյունքում մի շատ կարևոր որոշում կայացրեց՝ մկրտվել ու դառնալ Հիսուս Քրիստոսի հետևորդ։ Տեսնելով, որ այդ մարդը պատրաստ է մկրտության՝ Փիլիպոսը մկրտեց նրան։
7 Եթովպացու օրինակը կօգնի քեզ պատրաստվել մկրտության։ Դու նույնպես վստահությամբ կարող ես ասել. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»։ Տեսնենք, թե ինչպես կարող ես անել այն նույն քայլերը, որ անում էր եթովպացին. նա ավելացնում էր իր գիտելիքները, վարվում էր իր սովորածի համաձայն և խորացնում էր սերը Աստծու հանդեպ։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՍՈՎՈՐԵԼ
8. Ըստ Հովհաննես 17։3-ի՝ ի՞նչ պետք է անենք։
8 Կարդա Հովհաննես 17։3։ Արդյո՞ք Հիսուսի այս խոսքերն են մղել քեզ, որ ուսումնասիրես Աստվածաշունչը։ Շատերիս դեպքում հենց այդպես է եղել։ Այս նույն խոսքերը մեզ նաև մղում են, որ շարունակենք գիտելիքներ ստանալ։ Ողջ հավիտենության ընթացքում մենք կշարունակենք «ճանաչել.... միակ ճշմարիտ Աստծուն» (Ժող. 3։11)։ Որքան շատ գիտելիքներ ստանանք Եհովայի մասին, այնքան ավելի կմտերմանանք նրա հետ (Սաղ. 73։28)։
9. Ի՞նչ պետք է անենք Աստվածաշնչի հիմնական ուսմունքները սովորելուց հետո։
9 Երբ նոր ենք սկսում սովորել Եհովայի մասին, մենք նախ ծանոթանում ենք Աստվածաշնչի հիմնական ուսմունքներին։ Եբրայեցիներին գրած իր նամակում Պողոս առաքյալը դրանք անվանեց «տարրական բաներ»։ Առաքյալը նկատի չուներ, որ «սկզբնական ուսմունքները» կարևոր չեն։ Նա պարզապես դրանք համեմատեց կաթի հետ, որով երեխան է սնվում (Եբր. 5։12; 6։1)։ Այնուամենայնիվ, Պողոսը բոլոր քրիստոնյաներին հորդորեց սովորել ոչ միայն հիմնական ուսմունքները, այլև Աստծու Խոսքի ավելի խոր ճշմարտությունները։ Իսկ դու փափագ զարգացրե՞լ ես Աստվածաշնչի խոր ճշմարտությունների հանդեպ։ Ուզո՞ւմ ես հոգևորապես աճել և ավելին սովորել Եհովայի և նրա նպատակների մասին։
10. Ինչո՞ւ են ոմանք դժվարանում սովորել։
10 Մեզանից շատերը, սակայն, դժվարանում են սովորել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Դպրոցում սիրե՞լ ես կարդալ և ուսումնասիրություններ անել։ Հաճույքո՞վ ես սովորել, թե՞ եկել ես այն եզրակացության, որ գիրք կարդալը քեզ համար չէ։ Եթե դժվարանում ես սովորել, հիշիր, որ շատերի համար է դժվար։ Բայց Եհովան կարող է օգնել քեզ. չէ՞ որ նա լավագույն Ուսուցիչն է։
11. Ինչո՞ւ ենք ասում, որ Եհովան «Մեծագույն Ուսուցիչն» է։
11 Եհովան իրեն կոչում է «քո Մեծագույն Ուսուցիչը» (Ես. 30։20, 21)։ Նա համբերատար, բարի և կարեկից Ուսուցիչ է և իր աշակերտների մեջ լավն է փնտրում (Սաղ. 130։3)։ Եհովան երբեք մեր կարողությունից ավելին չի պահանջում։ Հիշիր, որ նա է ստեղծել մեր ուղեղը, ինչը հիանալի պարգև է (Սաղ. 139։14)։ Բացի այդ՝ մենք սովորելու բնատուր հակում ունենք։ Մեր Ստեղծիչը ցանկանում է, որ մենք հավիտյան սովորենք և հաճույք ստանանք դրանից։ Ուստի իմաստուն վարված կլինենք, եթե այսօրվանից աստվածաշնչյան ճշմարտությունները սովորելու «փափագ զարգացնենք» (1 Պետ. 2։2)։ Ուրեմն հասանելի նպատակներ դիր ու Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու գրաֆիկ ունեցիր (Հեսու 1։8)։ Եհովայի օգնությամբ դու կսկսես ավելի հաճույքով ընթերցել և սովորել նրա մասին։
12. Ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք Հիսուսի կյանքն ու ծառայությունը։
12 Կանոնավորաբար խորհիր Հիսուսի կյանքի և ծառայության մասին։ Եհովային ծառայելու գաղտնիքը Հիսուսի հետքերին սերտորեն հետևելն է։ Դա հատկապես կարևոր է այս դժվար ժամանակներում (1 Պետ. 2։21)։ Հիսուսը նախապես ասել էր, որ իր աշակերտները դժվարություններ կունենան (Ղուկ. 14։27, 28)։ Սակայն նաև վստահեցրել էր, որ նրանք իր նման կարող են հավատարիմ մնալ Աստծուն (Հովհ. 16։33)։ Ուստի ուսումնասիրիր Հիսուսի կյանքը և նպատակ դիր, որ ընդօրինակես նրան քո առօրյա կյանքում։
13. Ի՞նչ պետք է շարունակ խնդրենք Եհովայից և ինչո՞ւ։
13 Միայն գիտելիքներ ունենալը բավական չէ։ Գիտելիքներ ստանալու նպատակն է՝ ավելին իմանալ Եհովայի մասին և այնպիսի հատկություններ զարգացնել, ինչպիսիք են նրա հանդեպ սերն ու հավատը (1 Կորնթ. 8։1-3)։ Գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ խնդրիր Եհովային, որ ավելացնի հավատդ (Ղուկ. 17։5)։ Եհովան անպատասխան չի թողնի նման աղոթքները։ Մեր Աստծու մասին ճշգրիտ գիտելիքների վրա հիմնված անկեղծ հավատը կօգնի քեզ, որ անես հաջորդ քայլը (Հակ. 2։26)։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՎԱՐՎԵԼ ՍՈՎՈՐԱԾԻԴ ՀԱՄԱՁԱՅՆ
14. Պետրոս առաքյալը ինչպե՞ս ընդգծեց սովորածի համաձայն վարվելու կարևորությունը (տես նաև նկարը)։
14 Պետրոս առաքյալը ընդգծեց, թե որքան կարևոր է, որ Քրիստոսի հետևորդները վարվեն իրենց սովորածի համաձայն։ Նա հիշատակեց Նոյի վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրությունը։ Եհովան Նոյին հայտնել էր, որ պատրաստվում է Ջրհեղեղի միջոցով կործանել այդ ժամանակվա չար հասարակությանը։ Սակայն միայն այդ լուրն իմանալը բավական չէր, որ Նոյն ու իր ընտանիքը փրկվեին։ Նկատի առնենք, որ նախաջրհեղեղյան ժամանակաշրջանի մասին խոսելիս Պետրոսը հետևյալ արտահայտությունն օգտագործեց՝ «մինչ կառուցվում էր տապանը» (1 Պետ. 3։20)։ Հսկայական տապան կառուցելով՝ Նոյն ու իր ընտանիքը վարվեցին այն ամենի համաձայն, ինչ իմացել էին Աստծուց (Եբր. 11։7)։ Այնուհետև Պետրոսը Նոյի ձեռնարկած քայլերը համեմատեց մկրտության հետ՝ ասելով. «Այն, ինչը համապատասխանում է սրան, այսինքն՝ մկրտությունը.... հիմա էլ ձեզ է փրկում» (1 Պետ. 3։21)։ Ուրեմն մկրտությանը պատրաստվելու համար քո արած քայլերը կարելի է համեմատել այն աշխատանքի հետ, որն արեցին Նոյն ու իր ընտանիքը՝ տարիներ շարունակ կառուցելով տապանը։ Իսկ ի՞նչ պետք է անես դու, որ պատրաստ լինես մկրտության։
15. Անկեղծորեն զղջալը ի՞նչ է ներառում։
15 Կարևոր քայլերից մեկը մեղքերի համար անկեղծորեն զղջալն է (Գործ. 2։37, 38)։ Անկեղծ զղջումը մղում է մարդուն արմատական փոփոխություններ անելու։ Իսկ դու հրաժարվե՞լ ես Եհովային տհաճ այնպիսի սովորություններից, ինչպիսիք են անբարո ապրելակերպը, ծխելը և հայհոյանքներ ու վիրավորական բառեր օգտագործելը (1 Կորնթ. 6։9, 10; 2 Կորնթ. 7։1; Եփես. 4։29)։ Եթե դեռ ոչ, ապա փորձիր կատարել այդ փոփոխությունները։ Աջակցության և առաջնորդության համար դիմիր քեզ Աստվածաշունչ ուսուցանող անհատին կամ ժողովի երեցներին։ Եթե պատանի ես և դեռ ծնողներիդ հետ ես ապրում, խնդրիր նրանց, որ օգնեն քեզ ձերբազատվել այն վատ սովորություններից, որոնք խանգարում են, որ մկրտվես։
16. Ի՞նչ է ներառում լավ հոգևոր գրաֆիկ ունենալը։
16 Հոգևոր լավ գրաֆիկ ունենալը նույնպես կարևոր է։ Այն ներառում է քրիստոնեական հանդիպումներին հաճախելը և դրանց մասնակցելը (Եբր. 10։24, 25)։ Իսկ երբ համապատասխանես քարոզիչ դառնալու պահանջներին, քարոզչական գործին մասնակցելը նույնպես ընդգրկիր քո գրաֆիկում։ Որքան շատ մասնակցես կյանքեր փրկող այդ գործին, այնքան ավելի մեծ հաճույք կստանաս դրանից (2 Տիմոթ. 4։5)։ Եթե պատանի ես և դեռ ծնողներիդ հետ ես ապրում, հարցրու ինքդ քեզ. «Ծնողնե՞րս են միշտ հիշեցնում, որ հաճախեմ ժողովներին և մասնակցեմ ծառայությանը, թե՞ ինքս եմ նախաձեռնություն վերցնում այդ հարցում»։ Երբ քո նախաձեռնությամբ ես անում այդ քայլերը, արտահայտում ես քո հավատը և սեր ու երախտագիտություն ես ցուցաբերում Եհովայի հանդեպ։ Դրանք «աստվածանվեր գործեր» են՝ ընծաներ, որ տալիս ես Եհովային (2 Պետ. 3։11; Եբր. 13։15)։ Հոժարակամությամբ և սիրով տրված նվերները հաճելի են Աստծուն (համեմատիր 2 Կորնթացիներ 9։7)։ Երբ Եհովային լավագույնն ենք տալիս, ուրախությամբ ենք լցվում։
ԽՈՐԱՑՐՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԴ
17-18. Ո՞ր կարևոր հատկությունը կօգնի քեզ հասնել մկրտության և ինչո՞ւ (Առակներ 3։3-6)։
17 Մկրտության հասնելու ճանապարհին դու դժվարություններ կունենաս։ Որոշ մարդիկ հավատիդ համար գուցե ծաղրեն քեզ։ Գուցե նաև հակառակության բախվես (2 Տիմոթ. 3։12)։ Վատ սովորությունները հաղթահարելիս հնարավոր է՝ երբեմն սայթաքես, կամ էլ հիասթափվես՝ մտածելով, որ նպատակիդ հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունես անցնելու։ Ի՞նչը կօգնի, որ դիմանաս։ Մի կարևոր հատկություն՝ Եհովայի հանդեպ սերը։
18 Այդ սերը լավագույն բանն է, որ ունես (կարդա Առակներ 3։3-6)։ Աստծու հանդեպ ուժգին սերը կօգնի քեզ հաղթահարել կյանքի դժվարությունները։ Աստվածաշնչում հաճախ է խոսվում նվիրված սիրո մասին, որ Եհովան տածում է իր ծառաների հանդեպ։ Այն ուժգին կապվածություն է, որը երբեք չի անցնում (Սաղ. 100։5)։ Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով (Ծննդ. 1։26)։ Ուստի կարող ենք ընդօրինակել նրան նվիրված սեր ցուցաբերելու հարցում։ Տեսնենք, թե ինչպես։
19. Ինչպե՞ս կարող ես խորացնել երախտագիտությունդ (Գաղատացիներ 2։20)։
19 Նախ՝ երախտագիտություն զարգացրու (1 Թեսաղ. 5։18)։ Ամեն օր ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս է Եհովան սեր ցուցաբերել իմ հանդեպ»։ Այնուհետև՝ աղոթքով շնորհակալություն հայտնիր նրան՝ նշելով կոնկրետ բաներ, որ նա արել է քեզ համար։ Պողոս առաքյալի պես՝ ուշադիր եղիր և տես, թե ինչպես է Եհովան անձամբ քո հանդեպ սեր դրսևորում (կարդա Գաղատացիներ 2։20)։ Ինքդ քեզ հարցրու. «Ուզո՞ւմ եմ ես էլ սեր դրսևորել Եհովայի նկատմամբ»։ Եհովայի հանդեպ սերը կօգնի քեզ դիմադրել գայթակղություններին և հաղթահարել դժվարությունները։ Այն կօգնի նաև, որ լավ հոգևոր սովորություններ պահպանես և ամեն օր փաստես, որ սիրում ես քո երկնային Հորը։
20. Ի՞նչ է նշանակում նվիրվել Աստծուն, և որքանո՞վ է այդ որոշումը կարևոր։
20 Եհովայի հանդեպ սերը ժամանակի ընթացքում կմղի քեզ մի հատուկ աղոթք անել։ Դու կորոշես քո անձը Եհովային նվիրել։ Երբ նվիրվում ես Եհովային, քո առաջ հրաշալի հեռանկար է բացվում։ Դու կարող ես պատկանել նրան հավիտյան։ Երբ նվիրվում ենք Եհովային, դրանով խոստանում ենք, որ միշտ կծառայենք նրան՝ անկախ կյանքի վերելքներից ու վայրէջքներից։ Այդ խոստումը կյանքում մեկ անգամ ենք տալիս։ Իրոք որ, նվիրումը լուրջ քայլ է։ Կյանքում շատ լավ որոշումներ կարող ես կայացնել, բայց այդ որոշումներից լավագույնը նվիրումը կլինի (Սաղ. 50։14)։ Սատանան կփորձի թուլացնել քո սերը Եհովայի հանդեպ՝ հույս ունենալով կոտրել քո անարատությունը։ Թույլ չտաս, որ նա հաղթի (Հոբ 27։5)։ Եհովայի հանդեպ ամուր սերը կօգնի քեզ ապրել նվիրմանդ համաձայն և ավելի մտերմանալ քո երկնային Հոր հետ։
21. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մկրտությունը ոչ թե ավարտ է, այլ սկիզբ։
21 Եհովային նվիրվելուց հետո հաջորդ կարևոր քայլը կատարելու համար խոսիր ժողովի երեցների հետ։ Միշտ հիշիր, որ մկրտությունը ոչ թե ավարտ է, այլ սկիզբ։ Դրանով սկսում ես քայլել Եհովային հավիտյան ծառայելու ճանապարհով։ Ուրեմն այսօրվանից խորացրու սերդ քո երկնային Հոր հանդեպ։ Այնպիսի նպատակներ դիր, որոնք կօգնեն, որ սերդ օրեցօր աճի։ Այս ամենը կմղի քեզ մկրտվելու։ Դա հիասքանչ օր կլինի, բայց մկրտությունը միայն սկիզբն է։ Թող որ Եհովայի և նրա Որդու հանդեպ քո սերը աճի հավիտյան։
ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
a Մկրտության հասնելու համար մենք պետք է ճիշտ մղումներ ունենանք։ Մենք նաև պետք է ճիշտ քայլեր անենք։ Քննելով եթովպացի պալատականի օրինակը՝ կտեսնենք, թե Աստվածաշունչ ուսումնասիրողները ինչ պետք է անեն մկրտության պահանջներին համապատասխանելու համար։
b ՆԿԱՐ։ Երիտասարդ քույրը շնորհակալություն է հայտնում Եհովային այն ամենի համար, ինչ ստացել է նրանից։