Հալածանքները աճ են բերում Անտիոքում
ՍՏԵՓԱՆՈՍԻ նահատակությունից հետո հալածանքը Երուսաղեմում ավելի սաստկացավ, և Հիսուսի աշակերտներից շատերը տեղափոխվեցին այլ վայրեր։ Նրանցից ոմանք ապաստան գտան Ասորիքի (Սիրիա) Անտիոք քաղաքում՝ մոտավորապես 550 կմ դեպի հյուսիս (Գործք 11։19)։ Այնտեղ հետագայում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք իրենց խոր ազդեցությունը թողեցին քրիստոնեության ողջ պատմության վրա։ Այդ ամենի մասին լիարժեք գաղափար կազմելու համար լավ կլինի նախ փոքր–ինչ տեղեկանալ, թե ինչ քաղաք էր Անտիոքը։
Հռոմեական կայսրության քաղաքներից միայն Հռոմն ու Ալեքսանդրիան էին, որ իրենց մեծությամբ, բարգավաճումով և կարևորությամբ գերազանցում էին Անտիոքին (ներկայումս՝ Անթաքիա, Թուրքիա)։ Ասորիքի այս խոշորագույն քաղաքը մեծ ազդեցություն ուներ Միջերկրածովյան ավազանի հյուսիս–արևելյան մասում։ Այն գտնվում էր նավարկելի Որոնտես գետի ափին (վերջինս Անտիոքը միացնում էր նրանից 32 կմ հեռավորության վրա գտնվող Պիեռիայի Սելևկիա քաղաք–նավահանգստի հետ)։ Անտիոքով էր անցնում նաև Հռոմի ու Տիգրիս–Եփրատ հովտի առևտրական կարևորագույն ճանապարհը։ Լինելով առևտրի խոշորագույն կենտրոն՝ այս քաղաքը առևտրական հարաբերությունների մեջ էր ողջ կայսրության հետ ու ամեն տեսակի մարդիկ ազատ ելումուտ էին անում այնտեղ՝ իրենց հետ բերելով նաև զանազան լուրեր հռոմեական աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող կրոնական անցուդարձի մասին։
Անտիոքում ծաղկում էր հելլենական կրոնն ու փիլիսոփայությունը։ Սակայն «Քրիստոսի ժամանակներում,— գրում է պրոֆեսոր Գլանվիլ Դոունին,— որևէ հին կրոնական կամ փիլիսոփայական ուղղություն ընտրելը անձնական նախապատվության հարց էր, քանզի մարդկանցից յուրաքանչյուրը ջանում էր ինքնուրույն հասնել իր հոգևոր պահանջների բավարարմանը» («A History of Antioch in Syria»)։ Շատերին միանգամայն գոհացնում էր հուդայականությանը բնորոշ միաստվածության գաղափարը, ծիսակատարություններն ու բարոյագիտությունը։
Մ.թ.ա. 300–ից՝ քաղաքի հիմնադրումից ի վեր, հրեական մեծ համայնքներ էին գոյացել Անտիոքում։ Հրեաների թիվը 20 000–ից 60 000–ի էր հասնում, որը կազմում էր բնակչության 10 տոկոսից ավելին։ Հովսեպոսը գրում է, որ Սելևկյանների թագավորական դինաստիան հրեաներին խրախուսում էր բնակվել Անտիոքում՝ ապահովելով նրանց քաղաքացիական բոլոր իրավունքներով։ Այդ ժամանակներում Եբրայերեն գրություններն արդեն մատչելի էին հունարեն լեզվով և դրա շնորհիվ գնալով աճում էր Մեսիային սպասող հրեաների հավատալիքներին կողմնակից անհատների հետաքրքրությունը։ Այնպես որ, հույներից շատերը ինքնակամորեն թողնում էին իրենց դավանանքը և ընդունում հրեաների հավատը (դառնում էին պրոզելիտներ)։ Այս բոլոր գործոնները նպաստում էին, որ Անտիոքում բարեբեր հող նախապատրաստվեր քրիստոնյա աշակերտներ պատրաստելու համար։
Վկայություն ստանալու հերթը հասնում է հեթանոսներին
Հիսուսի հետևորդների մեծամասնությունը, ովքեր հալածանքների պատճառով լքել էին Երուսաղեմը, իրենց հավատի մասին պատմում էին միայն հրեաներին։ Սակայն Անտիոքում կային որոշ «կիպրացի եւ կիւրենացի» աշակերտներ, որոնք այդ մասին զրուցում էին նաև հունախոս անհատների հետ (Գործք 11։20, ՆԿ–ի ՆԱԹ)։ Թեև հունախոս հրեաները և հրեական դավանանքի եկած այլազգիները՝ պրոզելիտները, քարոզվում էին սկսած մ.թ. 33–ի Պենտեկոստեից, սակայն Անտիոքում կատարվող քարոզչությունը այլ բնույթ ուներ. այն ուղղված չէր միայն հրեաներին։ Թեև հեթանոս Կոռնելիոսը և նրա ընտանիքը արդեն Հիսուսի աշակերտներն էին, սակայն որպեսզի միանգամայն պարզ լիներ այլազգի մարդկանց ևս քարոզելու անհրաժեշտությունը՝ Եհովան Պետրոս առաքյալին տեսիլք էր տվել (Գործք 10։1–48)։
Լինելով մի քաղաք, որտեղ վաղուց ապրում էր հրեական խոշոր համայնքը, և որտեղ հրեաների ու հեթանոսների միջև աչքի զարնող թշնամություն չկար, ոչ–հրեաները վկայություն էին ստանում և սիրով արձագանքում բարի լուրին։ Անշուշտ, Անտիոքի ընդհանուր մթնոլորտը ևս մեծապես նպաստում էր դեպքերի նման զարգացմանը, և «բազմաթիւ մարդիկ» էին հավատացյալ դառնում (Գործք 11։21, ԱԹ)։ Երբ քրիստոնյա էին դառնում հրեական դավանանքն ընդունած անհատները, ովքեր դրանից առաջ հեթանոսական աստվածների էին երկրպագություն մատուցել, նրանք սկսում էին իրենց անփոխարինելի դերն ունենալ նույն աստվածներին պաշտող հեթանոսներին քարոզելու գործում։
Լսելով Անտիոքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Երուսաղեմում գտնվող ժողովը Բառնաբասին ուղարկում է պարզելու, թե ինչ է այնտեղ կատարվում։ Դա շատ լավ ընտրություն էր. Բառնաբասը կիպրացի էր, ինչպես և նրանք, ովքեր արդեն սկսել էին քարոզել ոչ–հրեաներին։ Նա իրեն կաշկանդված չէր զգա Անտիոքի հեթանոսների մեջ։ Հեթանոսներն էլ, իրենց հերթին, Բառնաբասին օտարի պես չէին ընդունի։a Նա կարո՛ղ էր հասկանալ, թե ինչ աշխատանք էին կատարել այնտեղի եղբայրները։ Ուստի, երբ «եկաւ եւ տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը.... եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ» (Գործք 11։22–24)։
«Անտիոքում վաղ միսիոներության հաջողությունների հավանական պատճառը,— գրում է պատմաբան Դոունին,— թերևս այն է, որ այս քաղաքում միսիոներները ստիպված չեն եղել վախենալու հրեա մոլեռանդներից, ինչպես Երուսաղեմում էր։ Բացի այդ, քաղաքը՝ որպես Ասորիքի մայրաքաղաք, կուսակալի հսկողության տակ էր և հասարակական մեծ կարգապահություն կար այնտեղ, ինչը բացառում էր ամբոխային հարձակումները, մի բան, որը չէր կարելի ասել Երուսաղեմի մասին, որտեղ Հուդայի գործերի հավատարմատարները (համենայն դեպս այդ ժամանակվա ընթացքում) ի վիճակի չէին եղել կասեցնելու հրեա մոլեռանդների հարձակումները»։
Քանի որ պայմանները բարենպաստ էին, և անելու գործ՝ ինչքան ասես, Բառնաբասը, հավանաբար, օգնության կարիք զգալով, մտածել էր իր ընկերակցի՝ Սողոսի մասին (նույն ինքը՝ Պողոս)։ Իսկ ինչո՞ւ հենց նրա։ Ըստ երևույթին այն պատճառով, որ Պողոսը, թեև տասներկու առաքյալներից չէր, սակայն առաքելություն էր ստացել՝ այլ ազգերին քարոզելու (Գործք 9։15, 27; Հռովմայեցիս 1։5; Յայտնութիւն 21։14)։ Այսպիսով, Անտիոքի հեթանոսներին բարի լուրը քարոզելու համար Պողոսը Բառնաբասին լիովին համապատասխան գործընկեր էր (Գաղատացիս 1։16)։ Բառնաբասը ճանապարհվեց Տարսոն, գտավ Սողոսին ու բերեց Անտիոք (Գործք 11։25, 26; տեսե՛ք շրջանակը, էջ 26, 27)։
Քրիստոնյաներ են կոչվում Աստծո կամքով
Բառնաբասն ու Պողոսը «մի ամբողջ տարի.... ուսուցանում էին շատ շատերին։ Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ «աշակերտածներին [«Աստծո կամքով», ՆԱ] «քրիստոնեաներ» անուանեցին»։ Դժվար թե հրեաներն առաջինը կոչած լինեին Հիսուսի հետևորդներին քրիստոնյաներ (հունարեն) կամ մեսիականներ (եբրայերեն), քանի որ նրանք մերժել էին Հիսուսին որպես Մեսիայի կամ Քրիստոսի։ Ուստի հետագայում ևս նրան չէին ճանաչի որպես այդպիսին՝ նրա հետևորդներին կոչելով քրիստոնյաներ։ Ոմանք այն կարծիքին են, որ հեթանոսները ծաղրանքով կամ նվաստացնելու միտումով էին աշակերտներին քրիստոնյաներ կոչում։ Սակայն, Աստվածաշունչն ասում է, որ «քրիստոնյա» անունը Աստծո կամքով էր տրված (Գործք 11։26)։
Քրիստոնեական Հունարեն գրություններում այդ նոր անվան հետ գործածված բայը, որը թարգմանվել է «անվանեցին», միշտ կապված է ինչ–որ գերբնական, առեղծվածային կամ աստվածային բանի հետ։ Ուստի այն թարգմանվում է սովորաբար «մարգարեանալ», «աստծուց խոսել», «աստծո հրամանը, պատվերը տալ կամ էլ երկնքից սովորեցնել» արտահայտություններով։ Քանի որ Հիսուսի հետևորդները քրիստոնյաներ են կոչվել «Աստծո կամքով», ապա հնարավոր է, որ Եհովայի ղեկավարությամբ այդ անունը տված լինեն Սողոսն ու Բառնաբասը։
Քանի որ Հիսուսի աշակերտները նոր անունով սկսեցին հանդես գալ, ուստի նրանց այլևս չէին շփոթում հուդայականությունից սերված ինչ–որ աղանդի հետ, որից նրանք այնքա՜ն տարբերվում էին։ Մ.թ. մոտ 58–ին հռոմեացի պաշտոնյաներն արդեն քաջատեղյակ էին, թե ովքեր են քրիստոնյաները (Գործք 26։28)։ Ըստ պատմիչ Տակիտոսի՝ մ.թ. 64–ին այդ անունը հայտնի էր նաև հռոմեացիներին։
Եհովան օգտագործում է իրեն հավատարիմ մարդկանց
Բարի լուրը մեծ թափով առաջ էր ընթանում Անտիոքում։ Եհովայի օրհնությամբ և Հիսուսի հետևորդների քարոզելու վճռականության շնորհիվ Անտիոքը դարձավ առաջին դարի քրիստոնեության կենտրոնը։ Այնտեղի ժողովները իսկական հենարան էին դարձել, որպեսզի Աստծո առաջնորդությամբ բարի լուրը քարոզվեր նաև հեռավոր երկրներում։ Այդ մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ Պողոս առաքյալի միսիոներական բոլոր ճանապարհորդությունների ելակետը հանդիսացել է Անտիոքը։
Արդի ժամանակներում ևս հակառակության դիմաց քրիստոնյաների դրսևորած եռանդն ու վճռականությունը նպաստել են ճշմարիտ քրիստոնեության տարածմանը և հնարավորություն տվել շատերին լսելու բարի լուրը և ըստ արժանվույն գնահատելու։b Ուստի, եթե մաքուր երկրպագությանը աջակցելու պատճառով հակառակության եք հանդիպում, հիշեք, որ Եհովան պատճառներ ունի դրանք թույլ տալու։ Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր մարդկանց հարկավոր է հնարավորություն ընձեռել, որպեսզի Աստծո Թագավորության մասին լսեն և հնարավորություն ունենան դրսևորելու իրենց դիրքորոշումը։ Եհովային հավատարմորեն ծառայելու ձեր վճռականությունը կարող է կարևոր գործոն հանդիսանալ դրանում՝ օգնելով որևէ մեկին գտնել ճշմարտության ճանապարհը։
[ծանոթագրություններ]
a Պարզկա օրերին Կիպրոս կղզին երևում է Անտիոքի հյուսիս–արևմտյան մասում գտնվող Կասիոս լեռան վրայից։
b Տեսե՛ք «Դիտարան» 1999 թ. օգոստոսի 1, էջ 9 (ռուս.), «Արթնացե՛ք» 1999 թ. ապրիլի 22, էջ 21–22 (ռուս.) և «Եհովայի վկաների 1999 թ. տարեգիրքը» էջ 251, 252 (ռուս.)։
[շրջանակ/նկարներ 26–րդ, 27–րդ էջերի վրա]
Սողոսի «համր տարիները»
ՆԱԽՔԱՆ մոտավորապես մ.թ. 45–ին Անտիոք գալը, Սողոսի մասին Գործք Առաքելոց գրքում վերջին անգամ հիշատակվում է Երուսաղեմի դեպքերի առնչությամբ, թե ինչպես ձախողվեց նրա դեմ կազմակերպված դավադրությունը, և նա հավատակիցների օգնությամբ ուղարկվեց Տարսոն (Գործք 9։28–30; 11։25)։ Բայց քանի որ այդ դեպքը տեղի է ունեցել մ.թ. 36–ին, ուստի հարց է ծագում, թե ինչո՞վ էր նա զբաղված այդ ինը տարիների ընթացքում, որոնք կոչում են «համր տարիներ»։
Երուսաղեմից Սողոսն ուղղվել էր Ասորիքի և Կիլիկիայի տարածքները, որտեղից Հուդայի ժողովներին տեղեկություն էր հասել, թե «նա, որ մեզ այն ժամանակ հալածում էր, այժմ քարոզում է այն հաւատը, որը մի ժամանակ քանդում էր» (Գաղատացիս 1։21–23)։ Ամենայն հավանականությամբ, այս լուրը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Սողոսը ծառայում էր Բառնաբասի հետ Անտիոքում։ Սակայն Սողոսն, անկասկած, մինչ այդ ևս անգործ չի եղել։ Մ.թ. 49–ին Ասորիքում և Կիլիկիայում արդեն մի շարք ժողովներ գոյություն ունեին, որոնցից մեկը գտնվում էր Անտիոքում։ Կարծիք կա, որ մնացած ժողովները Սողոսի այդ «համր տարիների» գործունեության արդյունքն են (Գործք 11։26; 15։23, 41)։
Որոշ հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ Սողոսի կյանքի որոշ դրամատիկ դեպքեր պետք է որ տեղի ունեցած լինեն հենց այդ ժամանակահատվածի ընթացքում։ Այլապես դժվար է որոշել, թե իր միսիոներական ծառայության ընթացքում երբ է նա ունեցել որպես ‘Քրիստոսի պաշտոնյա’ իր կրած բազում նեղությունները (Բ Կորնթացիս 11։23–27)։ Ե՞րբ էր Պողոսը հրեաներից երեսունինը հարված ստացել, այն էլ՝ հինգ անգամ։ Որտե՞ղ էին նրան երեք անգամ խարազանել։ Որտե՞ղ էր «բազում անգամ» բանտարկվել։ Հռոմում նա շատ ավելի ուշ է կալանավորվել։ Մենք տեղյակ ենք միայն նրա մեկ անգամ Փիլիպպեում մտրակահարվելու և բանտարկվելու մասին։ Բայց ի՞նչ կարելի է ասել մնացած դեպքերի մասին (Գործք 16։22, 23)։ Մի աղբյուրից տեղեկանում ենք, որ Սողոսը այդ ժամանակահատվածում «Քրիստոսի մասին քարոզում էր հայրենիքից դուրս գտնվող հրեաների ժողովարաններում և հալածվում էր թե՛ կրոնականների, և թե՛ քաղաքացիական իշխանությունների կողմից»։
Սողոսը նաև չորս անգամ նավաբեկության է ենթարկվել, որոնցից միայն մեկի մասին է, որ Գրությունները մանրամասն տեղեկություններ են տալիս, այն նավաբեկության, որը տեղի ունեցավ իր կրած նեղությունների մասին կորնթացիներին գրելուց հետո (Գործք 27։27–44)։ Ուստի, մնացածները տեղի են ունեցել այն ճանապարհորդությունների ժամանակ, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք։ Գուցե այս դեպքերից որևէ մեկը, կամ նույնիսկ՝ բոլորն էլ, տեղի են ունեցել հենց նրա «համր տարիների» ընթացքում։
Այդ ժամանակահատվածին վերաբերող մեկ այլ դեպք նկարագրված է Բ Կորնթացիս 12։2–5-ում։ Սողոսն ասում է. «Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ.... յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք, մինչև դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնուած չէ խօսել»։ Ամենայն հավանականությամբ, Սողոսն այստեղ խոսում էր իր մասին։ Քանի որ այս խոսքերը նա գրի է առել մ.թ. 55–ին, ապա «տասնչորս տարի առաջ»–ը եղել է մ.թ. 41 թ.–ը՝ նրա «համր տարիներից մեկը»։
Անկասկած, այդ տեսիլքը յուրահատուկ դեր էր խաղացել՝ խորացնելով Սողոսի ըմբռնողականությունը։ Արդյո՞ք դա տրվել էր այն նպատակով, որպեսզի նա պատրաստ լիներ ծառայելու որպես «հեթանոսների առաքեալ» (Հռովմայեցիս 11։13)։ Արդյո՞ք դա ազդեց այն բանի վրա, թե նա հետագայում ինչպես մտածեց, գրեց և խոսեց։ Միգուցե քրիստոնյա դառնալուց հետո մինչև Անտիոք կանչվելու ժամանակահատվածում ընկած տարիներն էին պահանջվել, որպեսզի նա հասունանա իր ապագա պատասխանատվությունների համար։ Ինչպիսին էլ որ լինի պատասխանը, մի բանում կարող ենք վստահ լինել. երբ Բառնաբասը նրան հրավիրեց Անտիոք՝ քարոզչության մեջ առաջնորդություն վերցնելու, եռանդուն Սողոսը լիովին պատրաստ էր դրան (Գործք 11։19–26)։
[քարտեզ 25–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՍՈՐԻՔ
Որոնտես
Անտիոք
Սելևկիա
ԿԻՊՐՈՍ
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
Երուսաղեմ
[թույլտվությամբ]
Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկարներ 24–րդ էջի վրա]
Վերևում՝ Անտիոքն այսօր
Մեջտեղում՝ Սելևկիայի մի տեսարան հարավից
Ներքևում՝ Սելևկիայի նավահանգիստի պատը