Գլուխ 3
Եհովայի քրիստոնյա վկաները առաջին դարում
«ԻՄ ՎԿԱՆԵՐԸ կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Հրաժեշտի այս խոսքերով Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց լինել իր վկաները։ Արդյո՞ք Հիսուսի այս խոսքերը նշանակում էին, որ աշակերտները Եհովայի համար վկաներ չէին լինելու։ Ամենևի՛ն։
Այս խոսքերով Հիսուսը իր աշակերտներին տվեց աննախադեպ մի առանձնաշնորհում։ Նրանք պետք է լինեին թե՛ Եհովայի, թե՛ Հիսուսի վկաները։ Որպես Աստծուն հավատարիմ հրեաներ՝ Հիսուսի առաջին աշակերտները արդեն իսկ վկաներ էին Եհովայի համար (Ես. 43։10–12)։ Սակայն այդուհետ նրանք վկայություն էին տալու նաև Հիսուսի մասին, որն իր Մեսիական Թագավորության միջոցով սրբացնելու էր Եհովայի անունը։ Վկայություն տալով Հիսուսի մասին՝ նրանք փառավորելու էին Աստծուն (Հռոմ. 16։25–27; Փիլիպ. 2։9–11)։ Աշակերտները վկայում էին, որ Եհովան չի ստել և կատարել է Մեսիայի, կամ՝ Քրիստոսի մասին մոտ 4000 տարի առաջ տված իր խոստումը։
Եհովայի՝ առաջին դարի քրիստոնյա վկաներին տրվեց նաև մի առանձնահատուկ հանձնարարություն, որը ճշմարիտ քրիստոնյաները կատարում են առ այսօր։
«Գնացեք.... աշակերտներ պատրաստեք»
Հարությունից հետո Հիսուսը երևաց Գալիլեայի լեռան վրա հավաքված աշակերտներին։ Այստեղ էր, որ նա հանձնարարեց նրանց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Տեսնենք, թե ինչ է ներառում այս կարևոր պատասխանատվությունը։
«Գնացեք»,— ասաց Հիսուսը։ Բայց ո՞ւմ մոտ։ «Բոլոր ազգերի» մարդկանց մոտ։ Սա նոր պատվեր էր, որը հատկապես դժվար էր կատարել հրեա քրիստոնյաների համար (համեմատի՛ր Գործեր 10։9–16, 28)։ Մինչ Հիսուսի օրերը հրեաները ընդունում էին այլազգի մարդկանց միայն այն դեպքում, երբ նրանք էին գալիս Իսրայել՝ ճշմարիտ երկրպագության հանդեպ հետաքրքրությունից մղված (1 Թագ. 8։41–43)։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը պատվիրել էր իր աշակերտներին գնալ ու քարոզել, բայց միայն «Իսրայելի տան կորած ոչխարներին» (Մատթ. 10։1, 6, 7)։ Հիմա արդեն նրանց պատվեր էր տրվում գնալ բոլոր ազգերի մարդկանց մոտ։ Ի՞նչ նպատակով։
«Աշակերտներ պատրաստեք»,— պատվիրեց Հիսուսը։ Այո՛, աշակերտներին պատվեր տրվեց օգնել մարդկանց դառնալու աշակերտ։ Ի՞նչ էր դա նշանակում։ Աշակերտը նա է, ով սովորում է, մեկը, որին ուսուցանում են։ Բացի այդ, նա նաև հետևորդ է։ Աշակերտը նա է, ով Հիսուսի իշխանությունը ոչ միայն ընդունում է սրտի խորքում, այլև փաստում է դա գործերով՝ հնազանդվելով նրան։ «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանի» համաձայն՝ «աշակերտ» թարգմանված հունարեն բառը (մաթետես) «ունի անձնական կապվածության իմաստ, մի բան, ինչը ձևավորում է այն անհատի ողջ կյանքը, ով նկարագրվում է որպես [աշակերտ]» (Theological Dictionary of the New Testament)։
«Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի»,— շարունակեց Հիսուսը։ Որպեսզի անհատը Աստծու Որդու հետ անձնական կապվածություն զարգացնի, հարկավոր էր նրան «սովորեցնել պահել այն ամենը», ինչ պատվիրել էր նա, այդ թվում «թագավորության բարի լուրը» քարոզելը (Մատթ. 24։14)։ Միմիայն այսպես մարդիկ կարող էին դառնալ բառի բուն իմաստով աշակերտ։ Ուստի մկրտվում են միայն նրանք, ովքեր ուսուցանվում են և դառնում ճշմարիտ աշակերտներ։
«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»,— հավաստիացրեց Հիսուսը։ Այն, ինչ սովորեցրեց Հիսուսը, միշտ գործնական է և արդիական։ Հետևաբար, քրիստոնյաներն առ այսօր աշակերտներ պատրաստելու պատասխանատվություն ունեն։
Լուրջ պատասխանատվություն էր վստահված Քրիստոսի հետևորդներին. նրանք պետք է իրականացնեին աշակերտներ պատրաստելու գործը բոլոր ազգերի մեջ։ Դրա համար նրանք պետք է վկայություն տային Եհովա Աստծու անվան և նրա Թագավորության մասին, քանի որ Հիսուսը՝ նրանց Առաջնորդը, հենց այդպիսի օրինակ էր թողել (Ղուկ. 4։43; Հովհ. 17։26)։ Նրանք, ովքեր ընդունում էին Քրիստոսի սովորեցրած բաները և դառնում էին աշակերտներ, դառնում էին նաև Եհովայի քրիստոնյա վկաներ։ Եհովայի համար վկա դառնալը պայմանավորված էր արդեն ոչ թե նրանով, որ մարդն ազգությամբ հրեա էր, այլ նրա կատարած ընտրությամբ։ Նրանք, ովքեր դառնում էին վկա, դա անում էին, քանի որ սիրում էին Եհովային և ցանկանում էին նրա գերիշխանության հպատակները լինել (1 Հովհ. 5։3)։
Բայց առաջին դարում Եհովայի քրիստոնյա վկաները արդյոք կատարեցի՞ն իրենց հանձնարարված գործը՝ ծառայեցի՞ն որպես Աստծու և Քրիստոսի վկաներ ու «աշակերտներ պատրաստեցի՞ն տարբեր ազգերից»։
«Մինչև աշխարհի ծայրերը»
Իր աշակերտներին հանձնարարություն տալուց կարճ ժամանակ անց Հիսուսը վերադարձավ Հոր մոտ՝ երկինք (Գործ. 1։9–11)։ Տասը օր անց՝ մ.թ. 33-ի Պենտեկոստեին, սկիզբ դրվեց աշակերտներ պատրաստելու լայնածավալ գործին։ Հիսուսը թափեց խոստացված սուրբ ոգին իր աշակերտների վրա, ովքեր սպասում էին դրան (Գործ. 2։1–4; համեմատի՛ր Ղուկաս 24։49 և Գործեր 1։4, 5)։ Դրա շնորհիվ նրանք լցվեցին նախանձախնդրությամբ՝ քարոզելու հարություն առած Հիսուսի մասին, ինչպես նաև այն մասին, որ ապագայում նա վերադառնալու է իր թագավորական իշխանությամբ ու զորությամբ։
Հետևելով Հիսուսի հրահանգներին՝ առաջին դարի աշակերտները սկսեցին Աստծու և Քրիստոսի մասին վկայություն տալ հենց Երուսաղեմում (Գործ. 1։8)։ Պենտեկոստեի տոնին նախաձեռնություն վերցնելով՝ Պետրոս առաքյալը «հիմնովին վկայություն տվեց» տարբեր երկրներից եկած հազարավոր հրեաների (Գործ. 2։5–11, 40)։ Շուտով հավատացյալ տղամարդկանց թիվը հասավ մոտ 5000-ի (Գործ. 4։4; 6։7)։ Իսկ որոշ ժամանակ անց Փիլիպոսը «Աստծու թագավորության և Հիսուս Քրիստոսի անվան բարի լուրը» քարոզեց սամարացիներին (Գործ. 8։12)։
Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Մ.թ. 36-ից սկսած, երբ անթլփատ այլազգի Կոռնելիոսը դարձավ քրիստոնյա՝ բարի լուրը սկսեց քարոզվել բոլոր ազգերի մարդկանց (Գործ., գլ. 10)։ Թագավորության պատգամը իրականում այնքան արագ տարածվեց, որ մ.թ. մոտ 60-ին Պողոս առաքյալը կարող էր ասել, որ այն «քարոզվեց երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։23)։ Այսպիսով՝ առաջին դարի վերջում Հիսուսի հավատարիմ հետևորդները աշակերտներ էին պատրաստել Հռոմեական կայսրության ողջ տարածքում՝ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում։
Առաջին դարի Եհովայի քրիստոնյա վկաները կարողացան այդքան կարճ ժամանակում հսկայածավալ գործ իրականացնել։ Ուստի հարց է ծագում. «Արդյոք նրանք կազմակերպվա՞ծ էին գործում։ Եթե այո, ապա ինչպե՞ս»։
Ինչպես էր կազմակերպված քրիստոնեական ժողովը
Մովսեսի ժամանակներից ի վեր հրեա ազգը առանձնահատուկ դիրքի էր արժանացել. այն ծառայում էր որպես Աստծու ժողով։ Աստված այս ժողովը շատ լավ էր կազմակերպել։ Կային նշանակված երեցներ, գլուխներ, դատավորներ ու գլխավորներ (Հեսու 23։1, 2)։ Սակայն հրեա ազգը կորցրեց իր առանձնաշնորհյալ դիրքը, քանի որ մերժեց Եհովայի Որդուն (Մատթ. 21։42, 43; 23։37, 38; Գործ. 4։24–28)։ Մ.թ. 33-ի Պենտեկոստեին Իսրայելի ժողովը փոխարինվեց քրիստոնեական ժողովովa։ Իսկ ինչպե՞ս էր կազմակերպված քրիստոնեական ժողովը։
Պենտեկոստեի ժամանակ աշակերտները «սովորում էին առաքյալներից», ինչն էլ հիմք էր ծառայում նրանց միության համար։ Առաջին իսկ օրվանից նրանք «միաբան» էին (Գործ. 2։42, 46)։ Աշակերտներ պատրաստելու գործին զուգահեռ՝ նոր ժողովներ էին կազմավորվում նախ Երուսաղեմում, հետո քաղաքի սահմաններից դուրս (Գործ. 8։1; 9։31; 11։19–21; 14։21–23)։ Քրիստոսի հետևորդները սովորություն ունեին միասին հավաքվելու հասարակական վայրերում և տներում (Գործ. 19։8, 9; Հռոմ. 16։3, 5; Կող. 4։15)։
Ինչի՞ շնորհիվ էր, որ գնալով մեծացող քրիստոնեական ժողովը չէր պառակտվում՝ բաժանվելով տարբեր վայրերում գործող անկախ ժողովների։ Նրանք միասնական էին, քանի որ ունեին մեկ Առաջնորդ։ Հենց սկզբից Հիսուս Քրիստոսն էր նշանակված Տերը և ժողովի Գլուխը, և այս փաստը ընդունում էին բոլոր ժողովները (Գործ. 2։34–36; Եփես. 1։22)։ Քրիստոսը երկնքից ակտիվորեն առաջնորդում էր երկրի վրա գտնվող ժողովի գործունեությունը։ Ինչպե՞ս։ Սուրբ ոգու և հրեշտակների միջոցով, որ իր Հայրը տրամադրել էր իրեն (Գործ. 2։33; համեմատի՛ր Գործեր 5։19, 20; 8։26; 1 Պետ. 3։22)։
Քրիստոնեական ժողովի միասնությունը պահպանելու համար Հիսուսի տրամադրության տակ էր նաև կառավարիչ մարմինը, որը գործում էր երկրի վրա։ Սկզբում կառավարիչ մարմինը կազմված էր Հիսուսի հավատարիմ առաքյալներից։ Հետագայում նրանում ընդգրկվեցին Երուսաղեմի ժողովի երեցները, ինչպես նաև Պողոս առաքյալը, թեև նա Երուսաղեմում չէր բնակվում։ Յուրաքանչյուր ժողով ընդունում էր այս երեցների խորհրդի հեղինակությունը և նրան էր դիմում առաջնորդություն ստանալու համար, երբ կազմակերպչական և ուսմունքային հարցեր էին ծագում (Գործ. 2։42; 6։1–6; 8։14–17; 11։22; 15։1–31)։ Ինչպիսի՞ն էր լինում արդյունքը։ «Ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։4, 5)։
Կառավարիչ մարմինը սուրբ ոգու առաջնորդությամբ վերահսկում էր վերակացուներ և ծառայող օգնականներ նշանակելու գործը։ Նրանք պետք է հոգ տանեին ժողովների մասին։ Այդ նշանակումները ստանում էին այն տղամարդիկ, ովքեր համապատասխանում էին որոշակի հոգևոր չափանիշների, որոնք նույնն էին բոլոր ժողովների համար և սահմանված չէին առանձին ժողովների կողմից (1 Տիմոթ. 3։1–13; Տիտոս 1։5–9; 1 Պետ. 5։1–3)։ Վերակացուները պետք է հետևեին Սուրբ Գրքի և սուրբ ոգու առաջնորդությանը (Գործ. 20։28; Տիտոս 1։9)։ Իսկ ժողովի բոլոր անդամներին հորդոր էր տրվում «հնազանդվել.... նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» (Եբր. 13։17)։ Այդ ամենի շնորհիվ միասնություն էր տիրում ոչ միայն առանձին ժողովներում, այլև ամբողջ քրիստոնեական ժողովում։
Թեև Եհովայի քրիստոնյա վկաների ժողովում որոշ տղամարդիկ պատասխանատու դիրք ունեին, սակայն նրանք մյուսներից առանձնացած հոգևորական դաս չէին կազմում։ Նրանք բոլորն էլ եղբայրներ էին, իսկ նրանց առաջնորդը մեկն էր՝ Քրիստոսը (Մատթ. 23։8, 10)։
Ճանաչվում էին սուրբ վարքով ու սիրով
Եհովայի՝ առաջին դարի վկաները միայն իրենց «շուրթերի պտուղը» մատուցելով չէ, որ վկայություն էին տալիս (Եբր. 13։15)։ Աշակերտ լինելը անդրադառնում էր քրիստոնյա վկայի ողջ կյանքի վրա։ Այս քրիստոնյաները ոչ միայն քարոզում էին իրենց համոզմունքների մասին, այլև թույլ էին տալիս, որ դրանք փոխեն իրենց կյանքը։ Նրանք հանում էին հին անձնավորությունը իր մեղավոր գործերով և ջանում էին հագնել նոր անձնավորությունը՝ կերտված Աստծու կամքի համաձայն (Կող. 3։5–10)։ Քրիստոնյաները ճշմարտախոս էին և ազնիվ, աշխատասեր ու վստահելի (Եփես. 4։25, 28)։ Նրանք նաև մաքուր էին բարոյապես. սեռական անբարոյությունը խստիվ արգելված էր։ Արգելված էր նաև հարբեցողությունն ու կռապաշտությունը (Գաղ. 5։19–21)։ Ուստի քրիստոնեությունը իրավամբ հայտնի դարձավ որպես «Ճանապարհ»՝ կյանքի ուղի կամ ապրելակերպ, որը կենտրոնացած է Հիսուսի հանդեպ հավատի՝ սերտորեն նրա հետքերին հետևելու վրա (Գործ. 9։1, 2; 1 Պետ. 2։21, 22)։
Սակայն քրիստոնյաների ունեցած բոլոր հատկություններից հատկապես աչքի էր ընկնում սերը։ Վաղ քրիստոնյաները սիրառատ հոգատարություն էին դրսևորում իրենց հավատակիցների հանդեպ (Հռոմ. 15։26; Գաղ. 2։10)։ Նրանք սիրում էին հավատակիցներին ոչ թե իրենց անձի պես, այլ իրենց անձից առավել (համեմատի՛ր Փիլիպպեցիներ 2։25–30)։ Նրանք պատրաստ էին նույնիսկ մահանալու միմյանց համար։ Սակայն դա զարմանալի չէր։ Չէ՞ որ Հիսուսն էլ հոժարակամորեն մահացավ նրանց համար (Հովհ. 15։13; համեմատի՛ր Ղուկաս 6։40)։ Նա իր հետևորդներին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։ Քրիստոսը պատվիրեց իր հետևորդներին այդպիսի անձնազոհ սեր դրսևորել, և առաջին դարի աշակերտները ճշգրտորեն կատարում էին այդ պատվերը (Մատթ. 28։20)։
«Այս աշխարհի մի մասը չեն»
Աշակերտներ պատրաստելու գործը կատարելու և Եհովայի ու Քրիստոսի վկաները լինելու համար առաջին դարի քրիստոնյաները չպետք է տարվեին աշխարհի գործերով։ Նրանք պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեին իրենց տրված հանձնարարությունը։ Հիսուսը հենց այդպես էր վարվել։ Պիղատոսին նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհ. 18։36)։ Իսկ իր աշակերտների մասին հստակորեն նշեց. «Դուք աշխարհի մի մասը չեք» (Հովհ. 15։19)։ Հիսուսին ընդօրինակելով՝ վաղ քրիստոնյաները հեռու էին մնում աշխարհի գործերից. չէին միջամտում քաղաքականությանը և չէին մասնակցում պատերազմներին (համեմատի՛ր Հովհաննես 6։15)։ Նրանք նաև չէին հրապուրվում աշխարհի «հմայքով». չէին ընկնում նյութական իրեր ձեռք բերելու հետևից և չէին տարվում ցոփ ու շվայտ զվարճություններով (Ղուկ. 12։29–31; Հռոմ. 12։2; 1 Պետ. 4։3, 4)։
Առաջին դարի քրիստոնյա վկաները հեռու էին մնում աշխարհից և դրանով տարբերվում էին մյուս մարդկանցից։ Պատմաբան Է. Ջ. Հարդին իր՝ «Քրիստոնեությունը և հռոմեական պետությունը» գրքում գրում է. «Քրիստոնյաները օտարներ ու պանդուխտներ էին իրենց շրջապատող աշխարհում. նրանց քաղաքացիությունը երկնքում էր. այն թագավորությունը, որի հետ նրանք կապում էին իրենց հույսը, աշխարհից չէր։ Հասարակական գործերի հանդեպ հետաքրքրվածության պակասը հենց սկզբից դարձավ քրիստոնեությանը բնորոշ գիծ» (Christianity and the Roman Government)։
Հալածված՝ արդարության համար
«Ծառան մեծ չէ իր տիրոջից, եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն»,— նախազգուշացրեց Հիսուսը (Հովհ. 15։20)։ Տանջանքի ցցի վրա սպանվելուց առաջ նա դաժան հալածանքի ենթարկվեց (Մատթ. 26։67; 27։26–31, 38–44)։ Ինչպես որ նա նախազգուշացրել էր, շատ չանցած՝ իր աշակերտները նույն վերաբերմունքին արժանացան (Մատթ. 10։22, 23)։ Բայց ինչո՞ւ։
Վաղ քրիստոնյաները կարճ ժամանակում նկատվեցին բոլորի կողմից։ Նրանք ապրում էին բարոյական բարձր չափանիշներով և Աստծուն նվիրված մարդիկ էին։ Նրանք աշակերտներ պատրաստելու գործը կատարում էին բացահայտորեն և նախանձախնդրությամբ։ Արդյունքում հազարավոր մարդիկ դուրս եկան կեղծ կրոններից և դարձան քրիստոնյա։ Այս մարդիկ նույնպես չէին միջամտում աշխարհի գործերին և չէին երկրպագում կայսրին։ Ուստի զարմանալի չէ, որ շատ շուտով դարձան դաժան հալածանքի թիրախ։ Նման վերաբերմունքի հետևում կանգնած էին կեղծ կրոնական առաջնորդները և քրիստոնյաների մասին սխալ տեղեկություններ ունեցող կառավարիչները (Գործ. 12։1–5; 13։45, 50; 14։1–7; 16։19–24)։ Սակայն այս մարդիկ ընդամենը միջոց էին իրական հալածողի՝ «առաջին օձի»՝ Սատանայի ձեռքում (Հայտն. 12։9, համեմատի՛ր Հայտնություն 12։12, 17)։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Սատանան։ Վերացնել քրիստոնեությունը և վերջ դնել քրիստոնյաների համարձակ վկայությանը։
Սակայն հալածանքները, որքան էլ շատ լինեին, չէին կարող լռեցնել Եհովայի՝ առաջին դարի քրիստոնյա վկաներին։ Նրանք քարոզելու հանձնարարությունը Քրիստոսի միջոցով ստացել էին Աստծուց և վճռել էին առավել հնազանդել Աստծուն, քան թե մարդկանց (Գործ. 4։19, 20, 29; 5։27–32)։ Քրիստոնյաները ապավինում էին Եհովայի զորությանը՝ վստահ լինելով, որ նա կվարձատրի իր հավատարիմ վկաներին տոկունության համար (Մատթ. 5։10; Հռոմ. 8։35–39; 15։5)։
Պատմությունը հաստատում է, որ Հռոմեական կայսրության կառավարիչները չկարողացան ոչնչացնել Եհովայի քրիստոնյա վկաներին։ Առաջին դարի հրեա պատմագիր Հովսեպոսը գրում է. «Քրիստոնյաները, որ այդպես կոչվել են [Հիսուսի] անունով, գոյություն ունեն մինչև այսօր [մ.թ. մոտ 93թ.]» (Jewish Antiquities, XVIII, 64, iii, 3)։
Եհովայի՝ առաջին դարի քրիստոնյա վկաների տված վկայության մասին արձանագրությունը բացահայտում է մի քանի հստակ առանձնահատկություններ, որ ունեին նրանք։ Այս աշակերտները համարձակորեն և մեծ եռանդով էին կատարում իրենց վստահված պատասխանատվությունը, այն է՝ վկայել Աստծու և Քրիստոսի մասին և աշակերտներ պատրաստել։ Նրանք կազմակերպված էին՝ որպես մի ժողով, որում բոլորը եղբայրներ էին, ու նրանց մեջ չկար առանձին հոգևորական դաս։ Նրանք ապրում էին բարոյական բարձր չափանիշներով և սիրում էին միմյանց։ Նրանք հեռու էին մնում աշխարհի գործերից և չէին հրապուրվում դրա «հմայքով»։ Նրանք հալածվում էին արդարության համար։
Առաջին դարի վերջում, սակայն, քրիստոնյաների այս միաբան ժողովին սպառնում էր մի լուրջ ու կործանարար վտանգ։
[ծանոթագրություն]
a Քրիստոնեական Հունարեն Գրություններում «ժողով» բառը երբեմն հավաքական իմաստ է կրում և վերաբերում է քրիստոնեական ժողովին ընդհանուր առմամբ (1 Կորնթ. 12։28)։ Այն կարող է վերաբերել նաև որևէ քաղաքում կամ որևէ մեկի տանը հավաքվող խմբի (Գործ. 8։1; Հռոմ. 16։5)։
[մեջբերում 26-րդ էջի վրա]
Նոր աշակերտները պետք է ոչ թե պասիվ հավատացյալներ լինեին, այլ հնազանդ հետևորդներ
[մեջբերում 27-րդ էջի վրա]
Եհովայի համար վկա դառնալը պայմանավորված էր արդեն ոչ թե մարդու ազգությամբ, այլ նրա ընտրությամբ
[մեջբերում 28-րդ էջի վրա]
Մինչև առաջին դարի վերջը Եհովայի քրիստոնյա վկաները աշակերտներ պատրաստեցին Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում
[մեջբերում 29-րդ էջի վրա]
Առաջին դարի քրիստոնյաների մեջ չկար առանձին հոգևորական դաս
[շրջանակ 27-րդ էջի վրա]
Քրիստոնեությունը տարածվեց եռանդուն քարոզչության շնորհիվ
Նախանձախնդրության անմար կրակով տոգորված՝ Եհովայի վաղ քրիստոնյա վկաները մեծագույն եռանդով հռչակեցին բարի լուրը գրեթե ամենուր։ Էդուարդ Գիբոնը «Հռոմեական կայսրության թուլացումն ու անկումը» գրքում նշում է, որ «քրիստոնյաները իրենց եռանդի շնորհիվ.... հասան [Հռոմեական] կայսրության ամեն պրովինցիա և գրեթե ամեն քաղաք» (The Decline and Fall of the Roman Empire)։ Պրոֆեսոր Ջ. Ու. Թոմփսոնը «Միջին դարերի պատմություն» գրքում գրում է. «Քրիստոնեությունը աննախադեպ թափով տարածվեց ողջ հռոմեական աշխարհում։ 100 թվականին արդեն Միջերկրականի ափի բոլոր պրովինցիաներում քրիստոնյաների համայնքներ կային» (History of the Middle Ages)։
[շրջանակ 30-րդ էջի վրա]
Քրիստոնեության հաղթանակները
Աստվածաշնչից բացի, այլ աղբյուրներ ևս հաստատում են, որ վաղ քրիստոնյաները անպարսավելի վարք են ունեցել և անձնազոհ սեր են դրսևորել։ Պատմաբան Ջոն Լորդը գրում է. «Քրիստոնեության իսկական հաղթանակները երևում էին այն բանից, որ այդ ուսմունքներն ընդունողները լավ մարդիկ էին դառնում.... Մենք ունենք փաստեր, որոնք վկայում են նրանց անբասիր կյանքի, անթերի բարքերի, օրինապահ քաղաքացի լինելու և քրիստոնեական առաքինությունների մասին» (The Old Roman World)։
[նկար 31-րդ էջի վրա]
Թեև կառավարիչ մարմինը առաջնորդություն էր տալիս ժողովներին, սակայն բոլորը Քրիստոսին էին ընդունում՝ որպես իրենց միակ Առաջնորդ
[նկար 32-րդ էջի վրա]
Վաղ քրիստոնյաները դարձան դաժան հալածանքի թիրախ