ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ
Եհովան «կողմնակալ չէ»
Երբևէ խտրականության զոհ դարձե՞լ ես։ Իսկ եղե՞լ է այնպես, որ մերժեն քո խնդրանքը, որևէ ծառայություն կամ էլ արհամարհանքով վերաբերվեն քեզ մաշկիդ գույնի, ծագմանդ կամ սոցիալական կարգավիճակիդ պատճառով։ Եթե այո, ապա դու միակ անձնավորությունը չես։ Սակայն մխիթարական է իմանալ, որ նման հակվածություն ունեն միայն մարդիկ, ոչ Աստված։ Պետրոս առաքյալը համոզվածությամբ ասաց. «Աստված կողմնակալ չէ» (կարդա՛ Գործեր 10։34, 35)։
Պետրոսը այս խոսքերն ասաց մի այլազգի մարդու՝ Կոռնելիոսի տանը։ Պետրոսը հրեա էր և ապրում էր այն ժամանակներում, երբ այլազգիները անմաքուր էին համարվում և նրանց հետ ոչ մի շփում չէին ունենում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Պետրոսը Կոռնելիոսի տանը։ Եհովա Աստված էր նրան այնտեղ ուղարկել։ Պետրոսը Աստծուց տեսիլք էր ստացել, որտեղ նրան ասվել էր. «Ինչ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»։ Պետրոսը չգիտեր, որ դրանից մի օր առաջ Կոռնելիոսին նույնպես տեսիլք էր տրվել, որտեղ հրեշտակը պատվիրել էր նրան կանչել իրեն (Գործեր 10։1–15)։ Երբ Պետրոսը հասկացավ, որ դա Եհովայի առաջնորդությունն է, համաձայնվեց գնալ և զրուցել Կոռնելիոսի հետ։
Պետրոսն ասաց. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ» (Գործեր 10։34)։ «Կողմնակալ» բառի վերաբերյալ մի աստվածաշնչագետ ասում է. «Կողմնակալ է այն դատավորը, որը վճիռ է կայացնում՝ նայելով մարդու արտաքինին. նրան չի հետաքրքրում՝ այդ անհատը իրականում մեղավոր է, թե ոչ»։ Աստված չի դատում անհատին՝ ելնելով նրա ռասայական, ազգային պատկանելությունից կամ սոցիալական կարգավիճակից։
Եհովան տեսնում է, թե ինչպիսին է մեր սիրտը (1 Սամուել 16։7; Առակներ 21։2)։ Պետրոսն ասում է. «Բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։35)։ Վախենալ Աստծուց նշանակում է հարգել, պատվել ու վստահել նրան՝ խուսափելով ցանկացած բանից, ինչը տհաճ է նրան։ Արդարություն գործել նշանակում է պատրաստակամորեն անել այն, ինչը ճիշտ է Աստծու աչքում։ Եհովային հաճելի է այն մարդը, ով ակնածանքով ճիշտ է վարվում (2 Օրենք 10։12, 13)։
Երբ Եհովան նայում է երկնքից, տեսնում է միայն մեկ ռասա՝ մարդկային ռասան
Եթե քո հանդեպ կողմնակալ են եղել, քեզ համար կարող են մխիթարական լինել Պետրոսի խոսքերը։ Եհովան բոլոր ազգերի մարդկանց հրավիրում է միանալու ճշմարիտ երկրպագությանը (Հովհաննես 6։44; Գործեր 17։26, 27)։ Նա լսում է իր ծառաների աղոթքները, անկախ նրանից, թե ինչ ռասայի կամ ազգության են պատկանում և ինչ սոցիալական կարգավիճակ ունեն (1 Թագավորներ 8։41–43)։ Կարող ենք վստահ լինել, որ երբ Եհովան նայում է երկնքից, տեսնում է միայն մեկ ռասա՝ մարդկային ռասան։ Չե՞ք ցանկանա ավելի շատ բան իմանալ անկողմնակալ Աստծու մասին։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հունիս ամսվա համար