ԳԼՈՒԽ 15
Նրանք «զորացնում էին ժողովները»
Շրջագայող եղբայրներն օգնում են ժողովներին ամուր մնալ հավատի մեջ
1-3. ա) Ո՞վ էր Պողոսի նոր ուղեկիցը, և ինչպիսի՞ անձնավորություն էր նա։ բ) Ի՞նչ ենք սովորելու այս գլխից։
ՊՈՂՈՍՆ ու իր ուղեկիցը խորդուբորդ ճանապարհով քայլում են դեպի հաջորդ քաղաքը։ Առաքյալը նայում է նրան ու խորհում։ Երիտասարդական ավյունով լի այդ եղբայրը մոտ 20 տարեկան է։ Նրա անունը Տիմոթեոս է։ Յուրաքանչյուր քայլ հեռացնում է նրան իր հայրենի վայրերից։ Մութն ընկնում է։ Լյուստրան և Իկոնիոնը աստիճանաբար ձուլվում են հորիզոնին։ Ի՞նչ է սպասում նրանց։ Պողոսն ինչ-որ չափով պատկերացնում է։ Չէ՞ որ սա նրա երկրորդ միսիոներական շրջագայությունն է։ Առաքյալը գիտի, որ առջևում բազմաթիվ դժվարություններ ու վտանգներ են լինելու։ Արդյոք երիտասարդ եղբայրը կդիմանա՞։
2 Պողոսը վստահ է Տիմոթեոսի ուժերի վրա, նույնիսկ ավելի շատ, քան հենց ինքը Տիմոթեոսը՝ այդ համեստ երիտասարդը։ Առաքյալը մինչ այդ տեղի ունեցած դեպքերից վերջնականապես համոզվել է, որ իրեն համապատասխան ուղեկից է հարկավոր։ Պողոսը գիտի, որ շրջագայող եղբայրների ծառայությունը, որը կապված է ժողովներ այցելելու և դրանք ամրացնելու հետ, անկոտրում կամք ու միասնականություն է պահանջում։ Ինչո՞ւ է Պողոսը կարևորում դա։ Թերևս իր ու Բառնաբասի միջև վերջերս տեղի ունեցած վիճաբանության պատճառով, ինչի հետևանքով նրանք բաժանվել են։
3 Այս գլխից շատ բան կսովորենք տարաձայնությունները հարթելու մասին։ Կիմանանք նաև, թե ինչու Պողոսը հենց Տիմոթեոսին ընտրեց, որ ուղեկցի իրեն։ Բացի այդ՝ կտեսնենք, թե ինչ անգնահատելի գործ են կատարում շրջանային վերակացուները։
«Եկ անպայման վերադառնանք ու այցելենք եղբայրներին» (Գործեր 15։36)
4. Ի՞նչ էր մտադիր անել Պողոսը իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ։
4 Նախորդ գլխից իմացանք, որ Պողոսը, Բառնաբասը, Հուդան և Շիղան զորացրին Անտիոքի ժողովը՝ նրանց հայտնելով թլփատության վերաբերյալ կառավարիչ մարմնի որոշումը։ Ի՞նչ արեց Պողոսը դրանից հետո։ Նա մտադիր էր նոր շրջագայություն ձեռնարկել։ Ուստի Բառնաբասին ասաց. «Եկ անպայման վերադառնանք ու այցելենք եղբայրներին այն բոլոր քաղաքներում, որոնցում Եհովայի խոսքը քարոզեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպես են» (Գործ. 15։36)։ Առաքյալը չէր առաջարկում զուտ ընկերական այցելություն կատարել այդ նորահավատ քրիստոնյաներին։ «Գործեր» գիրքը ցույց է տալիս, թե որն էր Պողոսի երկրորդ միսիոներական շրջագայության նպատակը։ Նախ՝ նա մտադիր էր շարունակել եղբայրներին հայտնել կառավարիչ մարմնի հրահանգները (Գործ. 16։4)։ Երկրորդ՝ Պողոսը՝ որպես շրջագայող վերակացու, վճռել էր հոգևորապես ամրացնել այդ ժողովները և օգնել նրանց հաստատուն մնալ հավատի մեջ (Հռոմ. 1։11, 12)։ Ինչպե՞ս է Եհովայի ժամանակակից կազմակերպությունը հետևում այս օրինակին։
5. Մեր օրերում Կառավարիչ մարմինը ինչպե՞ս է առաջնորդում և քաջալերում ժողովներին։
5 Մեր օրերում Քրիստոսն իր ժողովը առաջնորդում է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի միջոցով։ Այդ հավատարիմ օծյալ տղամարդիկ նամակների, տպագիր ու էլեկտրոնային հրատարակությունների, հանդիպումների և այլ բաների միջոցով ամբողջ աշխարհում առաջնորդում ու քաջալերում են բոլոր ժողովներին։ Կառավարիչ մարմինը նաև ջանք է թափում, որ սերտ կապ պահի յուրաքանչյուր ժողովի հետ։ Այս նպատակով այն շրջանային վերակացուներ է նշանակում։ Այսօր շրջագայական ծառայություն են կատարում հազարավոր երեցներ, ովքեր նշանակված են անմիջապես Կառավարիչ մարմնի կողմից։
6-7. Ի՞նչ պարտականություններ ունեն շրջանային վերակացուները։
6 Շրջանային վերակացուները ժողովներ այցելելիս ջանք են թափում անհատական ուշադրություն ցուցաբերել յուրաքանչյուրի հանդեպ և Աստվածաշնչի օգնությամբ քաջալերել բոլորին։ Ինչպե՞ս։ Ընդօրինակելով Պողոսին և առաջին դարի մյուս շրջագայող եղբայրներին։ Ահա թե Պողոսը ինչ էր գրել իր ծառայակից Տիմոթեոսին. «Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով.... Ավետարանչի գործն արա» (2 Տիմոթ. 4։2, 5)։
7 Այս խորհրդին հետևելով՝ մերօրյա շրջանային վերակացուները և նրանց կանայք տեղի քարոզիչների հետ մասնակցում են ծառայության տարբեր ձևերի։ Նրանք եռանդուն ծառայողներ են և հմուտ ուսուցիչներ։ Այս հատկություններն անհրաժեշտ են հոտի վրա դրական ազդեցություն թողնելու համար (Հռոմ. 12։11; 2 Տիմոթ. 2։15)։ Շրջագայական ծառայություն կատարող եղբայրները աչքի են ընկնում իրենց անձնվեր սիրով։ Նրանք պատրաստակամորեն տրամադրում են իրենց ժամանակն ու ուժերը ուրիշներին ծառայելուն, նույնիսկ եթե դրա համար պետք է ճանապարհորդեն անբարենպաստ եղանակին կամ էլ վտանգավոր տեղանքով (Փիլիպ. 2։3, 4)։ Շրջանային վերակացուները աստվածաշնչյան ելույթների միջոցով քաջալերում, ուսուցանում և հորդորում են յուրաքանչյուր ժողովին։ Ժողովում բոլորն օգուտներ են քաղում՝ խորհրդածելով նրանց վարքի մասին և ընդօրինակելով նրանց հավատը (Եբր. 13։7)։
«Բարկության ուժեղ պոռթկում եղավ» (Գործեր 15։37-41)
8. Բառնաբասն ինչպե՞ս արձագանքեց Պողոսի առաջարկին։
8 Բառնաբասն ընդունեց եղբայրներին այցելելու մասին Պողոսի առաջարկը (Գործեր 15։36)։ Նրանք հաջողությամբ համագործակցել էին առաջին շրջագայության ժամանակ և արդեն ծանոթ էին թե՛ տեղանքին, թե՛ մարդկանց (Գործ. 13։2-14։28)։ Ուստի երկրորդ անգամ նույն ծառայությունը կատարելու միտքը գործնական ու խելամիտ էր թվում։ Սակայն մի խնդիր ծագեց։ Գործեր 15։37-ում ասվում է. «Բառնաբասը որոշել էր իր հետ վերցնել նաև Հովհաննեսին, որին Մարկոս էին կոչում»։ Բառնաբասը պարզապես առաջարկ չարեց։ Նա արդեն որոշե՛լ էր իրենց հետ շրջագայության տանել իր զարմիկ Մարկոսին։
9. Պողոսն ինչո՞ւ չէր ուզում, որ Մարկոսն իրենց հետ գա։
9 Սակայն Պողոսը չէր ուզում, որ Մարկոսն իրենց հետ գա։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչում ասվում է. «Պողոսը կարծում էր, թե տեղին չի լինի իրենց հետ վերցնել նրան, քանի որ նա Պամփյուլիայից հեռացել էր իրենցից և իրենց հետ չէր գնացել գործին մասնակցելու» (Գործ. 15։38)։ Առաջին միսիոներական շրջագայության ժամանակ Մարկոսը միացել էր Պողոսին ու Բառնաբասին, սակայն որոշ ժամանակ անց հեռացել էր նրանցից (Գործ. 12։25; 13։13)։ Երբ միսիոներները հասել էին Պամփյուլիա, Մարկոսը, թողնելով իր նշանակումը, վերադարձել էր տուն՝ Երուսաղեմ։ Աստվածաշնչում չի ասվում, թե ինչու էր նա այդպես վարվել, սակայն Պողոսը ակներևաբար կարծում էր, որ դա անպատասխանատու քայլ էր։ Հավանաբար նա Մարկոսին հուսալի անձնավորություն չէր համարում նման ծառայության համար։
10. Ի՞նչ եղավ Պողոսի ու Բառնաբասի միջև ծագած վեճի հետևանքով։
10 Բայց Բառնաբասն անզիջում էր։ Նա վճռել էր ամեն գնով Մարկոսին իրենց հետ տանել։ Պողոսն էլ պակաս անզիջում չէր։ Գործեր 15։39-ում ասվում է. «Բարկության ուժեղ պոռթկում եղավ, այնպես որ նրանք բաժանվեցին իրարից»։ Բառնաբասը Մարկոսի հետ նավով գնաց իր հայրենի Կիպրոս կղզին։ Իսկ Պողոսը իր ծրագիրն իրագործելու նպատակով «ընտրեց Շիղային, և երբ եղբայրները Պողոսին հանձնեցին անզուգական բարության Աստծուն՝ Եհովային, նա ճանապարհ ընկավ» (Գործ. 15։40)։ Նրանք միասին «անցնում էին Ասորիքի ու Կիլիկիայի միջով և զորացնում էին ժողովները» (Գործ. 15։41)։
11. Ո՞ր հատկությունները կօգնեն, որ չխզենք մեր փոխհարաբերությունները մեզ վիրավորած անհատի հետ։
11 Պողոսն ու Բառնաբասը մեզ նման անկատար մարդիկ էին։ Այդ եղբայրները կառավարիչ մարմնի հատուկ ներկայացուցիչներն էին։ Հնարավոր է նույնիսկ, որ Պողոսը հետագայում կառավարիչ մարմնի անդամ դարձավ։ Սակայն վերոհիշյալ իրավիճակում նրանց անկատարությունը գլուխ բարձրացրեց։ Արդյոք նրանք մեկընդմիշտ խզեցի՞ն իրենց փոխհարաբերությունները։ Ո՛չ։ Անկատար լինելով հանդերձ՝ Պողոսն ու Բառնաբասը շատ խոնարհ էին և Քրիստոսի միտքն ունեին։ Անկասկած, ժամանակի ընթացքում նրանք սեր ու ներողամտություն դրսևորեցին (Եփես. 4։1-3)։ Բացի այդ՝ հետագայում Պողոսը Մարկոսի հետ համագործակցեց այլ նշանակումներումa (Կող. 4։10)։
12. Ընդօրինակելով Պողոսին ու Բառնաբասին՝ ի՞նչ հատկություններ պետք է ցուցաբերեն մերօրյա վերակացուները։
12 Ճիշտ է, Պողոսն ու Բառնաբասը վիճեցին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք էությամբ բարկացկոտ մարդիկ էին։ Բառնաբասը հայտնի էր որպես ջերմ ու առատաձեռն անձնավորություն։ Դա էր պատճառը, որ նրան ոչ թե իր անունով էին կոչում՝ Հովսեփ, այլ առաքյալների կողմից դրված Բառնաբաս անունով, որ նշանակում է «մխիթարության որդի» (Գործ. 4։36)։ Պողոսը նույնպես հայտնի էր իր ջերմությամբ ու քնքշությամբ (1 Թեսաղ. 2։7, 8)։ Մեր օրերում բոլոր երեցները, այդ թվում՝ շրջանային վերակացուները, պետք է ընդօրինակեն Պողոսին ու Բառնաբասին։ Նրանք պետք է միշտ ձգտեն լինել խոնարհ և մեղմորեն վարվեն մյուս երեցների, ինչպես նաև ողջ հոտի հետ (1 Պետ. 5։2, 3)։
«Նրա մասին լավ էին խոսում» (Գործեր 16։1-3)
13-14. ա) Ո՞վ էր Տիմոթեոսը, և հավանաբար ի՞նչ հանգամանքներում էր Պողոսը հանդիպել նրան։ բ) Պողոսն ինչո՞ւ հատուկ ուշադրություն դարձրեց Տիմոթեոսին։ գ) Ի՞նչ նշանակում ստացավ Տիմոթեոսը։
13 Իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ Պողոսն այցելեց Հռոմի Գաղատիա պրովինցիա, որտեղ մի քանի ժողովներ կային։ Ապա առաքյալը գնաց «Դերբե, իսկ հետո Լյուստրա»։ Այնտեղ «մի աշակերտ կար՝ Տիմոթեոս անունով, որ մի հավատացյալ հրեա կնոջ որդի էր, իսկ նրա հայրը հույն էր» (Գործ. 16։1)։b
14 Ակներևաբար առաքյալը Տիմոթեոսի ընտանիքի հետ ծանոթացել էր դեռևս մ. թ. մոտ 47 թ.-ին, երբ առաջին անգամ այցելել էր այդ քաղաք։ Այժմ իր երկրորդ այցի ժամանակ, որ տեղի ունեցավ երկու-երեք տարի անց, Պողոսը հատուկ ուշադրություն դարձրեց այդ երիտասարդին։ Ինչո՞ւ։ Որովհետև «նրա մասին լավ էին խոսում» ոչ միայն իր քաղաքի եղբայրները, այլև Իկոնիոնի, որը գտնվում էր Լյուստրայից մոտավորապես 30 կմ (20 մղոն) հեռավորության վրա (Գործ. 16։2)։ Ուստի երեցները սուրբ ոգու առաջնորդությամբ մի շատ կարևոր նշանակում վստահեցին Տիմոթեոսին՝ շրջագայական գործում աջակցել Պողոսին ու Շիղային (Գործ. 16։3)։
15-16. Տիմոթեոսն ինչի՞ շնորհիվ էր լավ համբավ ձեռք բերել։
15 Ինչպե՞ս էր Տիմոթեոսը նման լավ համբավ ձեռք բերել այդքան երիտասարդ տարիքում։ Իր գիտելիքների՞, ընդունակությունների՞, թե՞ արտաքինի շնորհիվ։ Նման հատկանիշները հաճախ են տպավորում մարդկանց։ Ժամանակին նույնիսկ Սամուել մարգարեն էր վրիպել ու ըստ արտաքինի դատել։ Սակայն Եհովան հիշեցրել էր նրան. «Աստված այնպես չի նայում, ինչպես որ մարդն է նայում, քանի որ մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամ. 16։7)։ Ուստի կարելի է ասել, որ Տիմոթեոսը իր հավատակիցների շրջանում բարի անուն էր վայելում ոչ թե իր ունակությունների կամ արտաքինի շնորհիվ, այլ իր լավ հատկությունների։
16 Տարիներ անց Պողոսը հիշատակեց Տիմոթեոսի հատկություններից մի քանիսը։ Առաքյալը նշեց, որ նա ճիշտ տրամադրվածություն ուներ, անձնվեր սեր էր ցուցաբերում և ջանադրաբար էր կատարում իր աստվածապետական հանձնարարությունները (Փիլիպ. 2։20-22)։ Նա աչքի էր ընկնում նաև «կեղծավորությունից զերծ» հավատով (2 Տիմոթ. 1։5)։
17. Ինչպե՞ս կարող են երիտասարդներն ընդօրինակել Տիմոթեոսին։
17 Այսօր շատ երիտասարդներ ընդօրինակում են Տիմոթեոսին և Աստծուն հաճելի հատկություններ են զարգացնում։ Դրա շնորհիվ նրանք անգամ վաղ տարիքում լավ անուն են ձեռք բերում թե՛ Եհովայի, թե՛ նրա ժողովրդի առջև (Առակ. 22։1; 1 Տիմոթ. 4։15)։ Այդ երիտասարդները կեղծավորությունից զերծ հավատ են ցուցաբերում ու երկակի կյանք չեն վարում (Սաղ. 26։4)։ Ուստի նրանցից շատերը, Տիմոթեոսի պես, կարևոր դեր են խաղում ժողովում։ Երբ որևէ երիտասարդ դառնում է բարի լուրի քարոզիչ, իսկ հետագայում նվիրվում է Եհովային ու մկրտվում, ուրախության ու քաջալերանքի աղբյուր է դառնում Աստծուն սիրող մարդկանց համար։
«Շարունակում էին հաստատվել հավատի մեջ» (Գործեր 16։4, 5)
18. ա) Ի՞նչ էին անում Պողոսն ու Տիմոթեոսը իրենց շրջագայական ծառայության ընթացքում։ բ) Ինչպե՞ս էին օրհնվում ժողովները։
18 Պողոսն ու Տիմոթեոսը երկար տարիներ ծառայեցին միասին։ Որպես շրջագայող վերակացուներ՝ այդ եղբայրները կատարում էին կառավարիչ մարմնի տված հանձնարարությունները։ Ինչպես նշվում է Աստվածաշնչում, «երբ նրանք անցնում էին քաղաքներով, այնտեղ լինողներին փոխանցում էին Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների կողմից վճռված հրահանգները, որպեսզի հետևեն դրանց» (Գործ. 16։4)։ Ակնհայտ է, որ ժողովները հնազանդվում էին կառավարիչ մարմնի առաջնորդությանը։ Արդյունքում «շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։5)։
19-20. Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է հնազանդվեն նրանց, «ովքեր առաջնորդություն են վերցնում»։
19 Մեր օրերում Եհովայի վկաները նույնպես բազում օրհնություններ են վայելում, քանի որ հնազանդվում են այն եղբայրներին, «ովքեր առաջնորդություն են վերցնում» (Եբր. 13։17)։ Այս աշխարհի տեսարանն անընդհատ փոխվում է։ Ուստի շատ կարևոր է, որ ժամանակին ընդունենք «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից տրվող հոգևոր սնունդը (Մատթ. 24։45; 1 Կորնթ. 7։29-31)։ Այդպես վարվելով՝ կխուսափենք հոգևոր աղետից և անարատ կմնանք այս աշխարհում (Հակ. 1։27)։
20 Ինչ խոսք, վերակացուները, այդ թվում՝ Կառավարիչ մարմնի անդամները, անկատար են, ինչպես որ Պողոսը, Բառնաբասը, Մարկոսը և առաջին դարի մյուս օծյալ երեցները (Հռոմ. 5։12; Հակ. 3։2)։ Բայց քանի որ Կառավարիչ մարմինն ամեն ինչում հետևում է Աստծու Խոսքին, ինչպես նաև առաքյալների օրինակին, արժանի է վստահության (2 Տիմոթ. 1։13, 14)։ Նրանց առաջնորդությանը հետևելով՝ ժողովներն ամրանում են և հաստատվում հավատի մեջ։
a Տես «Մարկոս՝ բազում նշանակումներ ունեցող եղբայր» շրջանակը։
b Տես «Տիմոթեոսը «ծառայեց բարի լուրի տարածման համար»» շրջանակը։