Ճշմարիտ քրիստոնյաները հարգանք են դրսևորում Աստծու Խոսքի հանդեպ
«Քո խոսքը ճշմարտություն է» (ՀՈՎՀ. 17։17)։
1. Եհովայի վկաների հետ զրուցելիս ի՞նչ կարևոր առանձնահատկություն նկատեցիր, որով նրանք տարբերվում են մյուս կրոններից։
ՀԻՇՈ՞ՒՄ ես առաջին զրույցը, որ ունեցար Եհովայի վկաների հետ։ Ի՞նչը քեզ տպավորեց։ Շատերն ասում են. «Ինձ տպավորեց այն, որ Վկաները իմ բոլոր հարցերին Աստվածաշնչով էին պատասխանում»։ Որքա՜ն ուրախացանք, երբ իմացանք, թե Աստված ինչ նպատակ ունի երկրի առնչությամբ, ինչ է պատահում մահից հետո և ինչ հույս կա մեր մահացած հարազատների համար։
2. Որո՞նք են պատճառներից մի քանիսը, որ սկսեցիր գնահատել Աստվածաշունչը։
2 Երբ շարունակեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը, հասկացանք, որ այն չի սահմանափակվում միայն կյանքի, մահվան և ապագայի վերաբերյալ հարցերին պատասխանելով։ Համոզվեցինք, որ այն ամենագործնական խորհուրդներ պարունակող գիրքն է աշխարհում։ Այդ խորհուրդները չեն հնանում, և բոլոր նրանք, ովքեր հետևում են դրանց, կյանքում երջանիկ ու հաջողակ են լինում (կարդա՛ Սաղմոս 1։1–3)։ Իսկական քրիստոնյաները Աստվածաշունչը միշտ ընդունել են «ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղ. 2։13)։ Հայացք նետելով անցյալին՝ կնկատենք, թե ինչ հակադրություն կա այն մարդկանց միջև, ովքեր իսկապես հարգանք են դրսևորել Աստծու Խոսքի հանդեպ, և ովքեր՝ ոչ։
ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
3. Ո՞ր հարցն էր սպառնում առաջին դարի քրիստոնեական ժողովի միասնությանը, և ի՞նչն էր վտանգի ենթարկվում։
3 Տասներեք տարի էր անցել այն դեպքից, երբ առաջին անգամ սուրբ ոգով օծվել էր անթլփատ այլազգի մի մարդ՝ Կոռնելիոսը։ Այդ տարիների ընթացքում այլազգիներից շատերն էին ընդունել քրիստոնեությունը, և մի հարց էր բարձրացել, որը սպառնում էր քրիստոնեական ժողովի միասնությանը։ Հարցն այն էր, թե արդյոք նախքան մկրտվելը այլազգիները չպետք է թլփատվեին հրեաների սովորության պես։ Այս հարցի պատասխանը հեշտ չէր գտնել հրեայի համար։ Հրեաները, որոնք պահում էին Օրենքը, նույնիսկ այլազգի մարդու տուն չէին մտնում, էլ ուր մնաց ջերմ փոխհարաբերություններ ունենային նրա հետ։ Հրեա քրիստոնյաները արդեն իսկ դաժան հալածանքներ էին կրում դավանափոխ լինելու համար։ Եթե անթլփատ այլազգիներին նրանք ընդունեին որպես իրենց եղբայրներ, դրանով ավելի կխորանար այն վիհը, որ գոյացել էր ավանդապաշտ հրեաների և իրենց միջև, և նրանք ավելի մեծ նախատինքի կենթարկվեին (Գաղ. 2։11–14)։
4. Ովքե՞ր էին քննելու առաջ եկած խնդիրը, և ի՞նչ հարցեր կարող էին ծագել այդ քննարկման վերաբերյալ։
4 Մ.թ. 49-ին առաքյալներն ու Երուսաղեմի երեցները, որոնք թլփատված հրեաներ էին, «հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը» (Գործ. 15։6)։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ հանդիպմանը, կրոնական ձանձրալի, չոր ու ցամաք քննարկում չէր, այլ դավանաբանական հարցերի շուրջ կենդանի քննարկում։ Հարցը քննվեց երկու տարբեր տեսանկյուններից։ Երկու կողմերն էլ համոզիչ փաստարկներ բերեցին։ Ի՞նչ որոշում կկայացվեր։ Արդյո՞ք այն հիմնված կլիներ անձնական նախապատվության կամ նախապաշարման վրա։ Թե՞ պատասխանատու երեցները կհետաձգեին որոշումը, մինչև որ Իսրայելում կրոնական առումով իրենց համար բարենպաստ իրավիճակ տիրեր։ Կամ արդյո՞ք որոշ փոխզիջումների կգնային, մինչև որ երկու կողմերն ընդհանուր հայտարարի գային։
5. Մ.թ. 49-ին Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպումը ինչո՞վ է տարբերվում հետագայում գումարված եկեղեցաժողովներից։
5 Եկեղեցական ժողովներին հատուկ են փոխզիջումների գնալը և ուրիշների վրա ճնշում գործադրելը, որպեսզի համաձայնություն տան առաջ քաշված գաղափարներին։ Սակայն Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխզիջումներ չեղան, և ոչ ոք որևէ մեկի վրա ազդեցություն չբանեցրեց՝ ընդունելու իր տեսակետը։ Նրանք միաձայն որոշում կայացրին։ Ինչպե՞ս։ Որքան էլ համոզված լինեին, որ իրենց տեսակետը ճիշտ է, բոլոր ներկաները հարգանք ունեին Աստծու Խոսքի հանդեպ, և նրանք հարցը քննեցին Աստվածաշնչի լույսի ներքո (կարդա՛ Սաղմոս 119։97–101)։
6, 7. Ինչպե՞ս Աստծու Խոսքը օգնեց թլփատության հարցի վերաբերյալ լուծում գտնելու։
6 Ամոս 9։11, 12-րդ համարներն օգնեցին գտնելու հարցի լուծումը։ Այնտեղ գրված խոսքերը մեջբերված են Գործեր 15։16, 17-ում. «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու կվերականգնեմ Դավթի ընկած տաղավարը, կվերականգնեմ նրա ավերակները և վերստին կկանգնեցնեմ այն, որպեսզի մարդկանցից մնացածները ջանադրաբար փնտրեն Եհովային բոլոր ազգերից եղող ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,— ասում է Եհովան»։
7 Գուցե մեկը առարկի՝ ասելով. «Այդ համարներում չի ասվում, թե այլազգի հավատացյալը չպետք է թլփատվի»։ Ճիշտ է, սակայն հրեա քրիստոնյաները, ակներևաբար, հենց այդպես էին հասկանում այդ խոսքերը։ Թլփատված այլազգիներին նրանք եղբայրներ էին համարում, ոչ թե «ազգերից եղող ժողովուրդ» (Ելք 12։48, 49)։ Օրինակ՝ «Յոթանասնիցի» մի թարգմանության մեջ Եսթեր 8։17-ում գրված է. «Այլազգիներից շատերը թլփատվում էին և հրեա էին դառնում» (Bagster’s version of the Septuagint)։ Հետևաբար, Աստվածաշնչի այն խոսքերը, որ Իսրայելի տնից մնացածները (հրեաները և թլփատված պրոզելիտները) «ազգերից եղող ժողովրդի» (չթլփատված այլազգիների) հետ մի ժողովուրդ է դառնալու Աստծու անվան համար, պարզ հասկանալի էին հրեաներին. այլազգիներից չէր պահանջվում թլփատվել քրիստոնյա դառնալու համար։
8. Ինչո՞ւ էր քաջություն պահանջվում որոշմանը թիկունք կանգնելու համար։
8 Աստծու Խոսքը և սուրբ ոգին մղեցին անկեղծ քրիստոնյաներին «միաձայն համաձայնության» գալու (Գործ. 15։25)։ Այդ որոշումը կարող էր պատճառ դառնալ, որ հրեա քրիստոնյաները ավելի շատ հալածանքների ենթարկվեին։ Սակայն այս հավատարիմ ծառաները լիովին թիկունք կանգնեցին աստվածաշնչյան հիմք ունեցող այդ որոշմանը (Գործ. 16։4, 5)։
ՆԿԱՏԵԼԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
9. Ի՞նչն էր գլխավոր պատճառներից մեկը, որ ճշմարիտ երկրպագությունն աղավաղվեց, և ո՞ր կարևոր ուսմունքը քննության ենթարկվեց։
9 Պողոս առաքյալը կանխագուշակել էր, որ առաքյալների մահից հետո քրիստոնեական հավատը աղավաղվելու էր կեղծ ուսմունքներով (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 2։3, 7)։ Նրանց մեջ, ովքեր չէին հանդուրժելու «առողջ ուսմունքը», պատասխանատվություններ ունեցող մարդիկ էին լինելու (2 Տիմոթ. 4։3)։ Պողոսն իր օրերի երեցներին զգուշացրեց. «Հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործ. 20։30)։ «Նոր բրիտանական հանրագիտարանը» բացատրում է, թե որն էր գլխավոր պատճառներից մեկը, որ մուտք գործեցին կեղծ ուսմունքներ. «Այն քրիստոնյաները, որոնք կրթվել էին հունական փիլիսոփայությամբ, սկսեցին մտածել, թե անհրաժեշտ է հավատը բացատրել փիլիսոփայական տերմիններով՝ թե՛ իրենց մտավոր բավարարվածության և թե՛ կրթված հեթանոսներին դավանափոխ անելու համար» (The New Encyclopædia Britannica)։ Կարևոր ուսմունքներից մեկը, որ աղավաղվեց հեթանոսական գաղափարների պատճառով, Հիսուս Քրիստոսի ով լինելն էր։ Աստվածաշունչը նրան կոչում է Աստծու Որդի։ Իսկ հունական փիլիսոփայությունը սիրողները պնդեցին, թե նա Աստված է։
10. Ինչպե՞ս էր հնարավոր գտնել Քրիստոսի ով լինելու մասին հարցի պատասխանը։
10 Այդ հարցը մի քանի անգամ քննարկվեց եկեղեցական ժողովներում։ Դրա պատասխանը կարելի էր հեշտությամբ գտնել, եթե ներկաները ճիշտ վերաբերմունք ունենային Աստվածաշնչի հանդեպ, սակայն նրանց մեծ մասը զուրկ էր դրանից։ Իրականում, նախքան ժողովի սկսվելը մեծամասնությունն արդեն որոշում էր կայացրել, և հեռանալիս իրենց դիրքորոշման մեջ նրանք առավել քան երբևէ հաստատուն էին։ Այն բոլոր որոշումները, որ կայացվեցին եկեղեցական ժողովներում, գրեթե առնչություն չունեին Աստվածաշնչի հետ։
11. Որքանո՞վ կարևորվեց այսպես կոչված եկեղեցու հայրերի հեղինակությունը և ինչո՞ւ։
11 Ինչո՞ւ եկեղեցու առաջնորդները մանրազնին չքննեցին Աստվածաշունչը։ Պատմաբան Չարլզ Ֆրիմենը պատասխանում է, որ նրանց համար, ովքեր հավատում էին, թե Հիսուսն Աստված է, «դժվար էր հերքել Հիսուսի այն խոսքերը, որոնք ցույց են տալիս, որ նա ստորադաս է Հայր Աստծուց»։ Քանի որ նրանք չէին կարող հերքել այդ փաստը, եկեղեցական ավանդույթներին և հեղինակություն ունեցող անձանց տեսակետներին ավելի մեծ կարևորություն տվեցին, քան այն տեղեկությանը, որը գրի է առնված Ավետարաններում։ Մինչ օրս հոգևորականներից շատերը ավելի մեծ տեղ են տալիս այսպես կոչված եկեղեցու հայրերի խոսքերին, քան Աստծու Խոսքին։ Եթե Երրորդության ուսմունքի մասին երբևէ խոսել ես ճեմարանում սովորողներից որևէ մեկի հետ, ապա, անշուշտ, նկատել ես դա։
12. Ի՞նչ բացասական ազդեցություն ունեցավ կայսրը։
12 Եկեղեցական ժողովներում մեծ դեր ունեցավ Հռոմի կայսրերի միջամտությունը։ Պրոֆեսոր Ռիչարդ Ռուբենստինը Նիկիայի տիեզերական ժողովի մասին հետևյալը գրեց. «Կոստանդինը հավանության արժանացրեց եպիսկոպոսներին և այնքան հարստացրեց նրանց, որ նրանք չէին էլ կարող երազել։ Առնվազն մեկ տարվա ընթացքում նոր կայսրը վերադարձրեց ու վերանորոգեց գրեթե բոլոր եկեղեցիները, վերականգնեց նրանց աշխատանքը և այն փառքը, որ վերցվել էր նրանցից.... Նա քրիստոնյա եկեղեցականներին արժանացրեց այն նույն պատվին, որ նախկինում ունեին հեթանոս քահանաները»։ Այդ պատճառով «Կոստանդինը մեծ ազդեցություն ունեցավ Նիկիայի տիեզերաժողովում և, հավանաբար, նույնիսկ կարող էր թելադրել, թե ինչ որոշում կայացնել»։ Չարլզ Ֆրիմենը հաստատում է. «Դա նախադեպ եղավ, որ կայսրը ոչ միայն միջամտի եկեղեցին ամրապնդելուն, այլև ուսմունքները փոխելուն» (կարդա՛ Հակոբոս 4։4)։
13. Ըստ քեզ՝ ի՞նչ գործոններ ազդեցին եկեղեցու հայրերի վրա, որ ուշադրություն չդարձնեն Աստվածաշնչի պարզ ուսմունքներին։
13 Մինչ եկեղեցիների պատվական այրերը դժվարանում էին որոշել Հիսուս Քրիստոսի ինքնությունը, հասարակ ժողովրդից շատերը գիտեին այդ հարցի հստակ պատասխանը։ Քանի որ նրանք հետաքրքրված չէին իրենց քսակները կայսրի ոսկով լցնելով կամ եկեղեցական հիերարխիայում կարիերա ստեղծելով, կարող էին օբյեկտիվ մոտեցում ունենալ հարցին, այսինքն՝ այն քննել Աստվածաշնչի լույսի ներքո։ Եվ նրանք այդպես էլ անում էին։ Այդ ժամանակների աստվածաբան Գրիգոր Նյուսացին հեգնանքով այսպիսի խոսքեր է ասել հասարակ ժողովրդի մասին. «Շոր ծախողները, դրամափոխներն ու նպարավաճառները՝ բոլորն էլ «աստվածաբաններ» են։ Եթե հարցնես դրամի արժեքը, ոմն «փիլիսոփա» կբացատրի, որ Որդին տարբերվում է Հորից։ Եթե հարցնես՝ հացն ինչ արժե, պատասխանը կլինի՝ Հայրը Որդուց մեծ է։ Իսկ եթե ուզենաս իմանալ, թե արդյոք լոգարանը պատրաստ է, կլսես՝ Որդին արարվել է»։ Այո՛, ի տարբերություն հիերարխիայի անդամների՝ հասարակ ժողովրդից շատերը իրենց համոզմունքները հիմնում էին Աստվածաշնչի վրա։ Ինչ խոսք, Նյուսացին ու եկեղեցու հայրերը ճիշտ կվարվեին, եթե լսեին նրանց։
«ՈՐՈՄՆԵՐԸ» ԵՎ «ՑՈՐԵՆԸ» ՄԻԱՍԻՆ ԵՆ ԱՃՈՒՄ
14. Ինչո՞ւ կարող ենք եզրակացնել, որ առաջին դարից սկսած՝ երկրի վրա միշտ եղել են ճշմարիտ օծյալ քրիստոնյաներ։
14 Հիսուսը, մի առակ պատմելով, ցույց տվեց, որ սկսած առաջին դարից՝ երկրի վրա միշտ լինելու էին ճշմարիտ օծյալ քրիստոնյաներ։ Նրանց նա համեմատեց «ցորենի» հետ, որը աճելու էր «որոմների» մեջ (Մատթ. 13։30)։ Իհարկե, մենք համոզված չենք կարող ասել, թե կոնկրետ որ անհատները կամ մարդկանց որ խմբերն են պատկանել օծյալ ցորեն դասակարգին, բայց կարող ենք հաստատ ասել, որ միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր խիզախորեն պաշտպանել են Աստծու Խոսքը և ջրի երես են հանել եկեղեցու ոչ աստվածաշնչյան ուսմունքները։ Եկեք քննենք մի քանի օրինակ։
15, 16. Նշի՛ր այն անհատներից մի քանիսին, որոնք հարգանք են դրսևորել Աստծու Խոսքի հանդեպ։
15 Ֆրանսիայի արքեպիսկոպոս Ագոբարդ Լիոնցին (մ.թ. 779–840) խոսում էր պատկերների երկրպագության, սրբերին նվիրված եկեղեցիների ու եկեղեցու ոչ աստվածաշնչյան հիմք ունեցող պատարագների ու ծեսերի դեմ։ Նրա ժամանակակիցներից մեկը՝ եպիսկոպոս Կլավդիոսը, նույնպես մերժում էր եկեղեցու ավանդույթները և հավանություն չէր տալիս սրբերին աղոթելուն ու մասունքները պաշտելուն։ 11-րդ դարում Ֆրանսիայի սարկավագապետ Բերենգարիոս Տուրցուն վտարեցին եկեղեցուց, քանի որ նա մերժում էր գոյափոխության վերաբերյալ կաթոլիկ եկեղեցու ուսմունքը։ Ավելին, նա ուսուցանում էր, որ Աստվածաշունչը վեր է եկեղեցու ավանդույթներից։
16 12-րդ դարում ապրած Պիտեր Բրուիցին և Հենրի Լոզանցին այն մարդկանցից էին, ովքեր սիրում էին աստվածաշնչյան ճշմարտությունը։ Պիտերը հրաժարվեց քահանայությունից, քանի որ կարծում էր, որ նորածնի մկրտության, գոյափոխության, մահացածների համար աղոթելու և խաչը պաշտելու մասին կաթոլիկ եկեղեցու ուսմունքները չունեն աստվածաշնչյան հիմք։ 1140թ.-ին իր հավատալիքների համար Պիտերը կյանքով վճարեց։ Հենրին, որը վանական էր, խոսում էր եկեղեցիներում կատարվող այլասերված գործերի դեմ, ինչպես նաև պնդում, որ պատարագները չունեն աստվածաշնչյան հիմք։ Նա ձերբակալվեց 1148թ.-ին և կյանքի մնացած մասը անցկացրեց բանտում։
17. Ի՞նչ կարևոր քայլեր ձեռնարկեցին Վալդոն ու նրա հետևորդները։
17 Մոտավորապես այն ժամանակ, երբ Պիտեր Բրուիցիին կենդանի այրեցին այն բանի համար, որ համարձակվել էր քննադատել եկեղեցուն, ծնվեց մի երեխա, որը հետագայում մեծ ազդեցություն էր ունենալու աստվածաշնչյան ճշմարտության տարածման վրա։ Նրա ազգանունը Վալդո էր կամ Վալդեսa։ Ի տարբերություն Պիտեր Բրուիցիին և Հենրի Լոզանցուն՝ նա հոգևորական չէր, բայց այնքան էր գնահատում Աստծու Խոսքը, որ հրաժարվեց իր նյութական իրերից և ձեռնարկեց Աստվածաշնչի որոշ հատվածների թարգմանությունը այն լեզվով, որով սովորաբար խոսում էին Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Երբ որոշ անհատներ իրենց մայրենի լեզվով լսեցին աստվածաշնչյան պատգամը, այնքան տպավորվեցին, որ նույնպես հրաժարվեցին իրենց ունեցվածքից ու իրենց կյանքը նվիրեցին Աստծու Խոսքի ճշմարտությունը ուրիշներին պատմելուն։ Սա շատ անհանգստացրեց եկեղեցուն։ 1184թ.-ին այս նախանձախնդիր տղամարդիկ ու կանայք, որոնք հետագայում կոչվեցին վալդենսներ, պապի հրամանով վտարվեցին եկեղեցուց, իսկ եպիսկոպոսը նրանց զրկեց իրենց տներից։ Դրա շնորհիվ աստվածաշնչյան պատգամը տարածվեց այլ վայրերում։ Հետագայում Եվրոպայի շատ մասերում կարելի էր գտնել Վալդոյի, Պիտեր Բրուիցիի և Հենրի Լոզանցու հետևորդների, ինչպես նաև ուրիշ այլախոհների։ Հաջորդ դարերում աստվածաշնչյան ճշմարտության այլ ջատագովներ էլ եղան։ Նրանք էին՝ Ջոն Ուիքլիֆը (մոտ 1330–1384), Վիլյամ Թինդալը (մոտ 1494–1536), Հենրի Գրուն (1781–1862) և Ջորջ Սթորզը (1796–1879)։
«ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԿԱՊԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՉԷ»
18. Բացատրի՛ր, թե Աստվածաշունչն ուսումնասիրելու ինչ մեթոդ էին օգտագործում 19-րդ դարի Աստծու Խոսքի անկեղծ ուսումնասիրողները և թե ինչու էր այն արդյունավետ։
18 Աստվածաշնչյան ճշմարտության թշնամիները, որքան էլ ուզեն, չեն կարող կանխել դրա տարածումը։ «Աստծու Խոսքը կապանքների մեջ չէ»,— ասվում է 2 Տիմոթեոս 2։9-ում։ 1870թ.-ին Աստվածաշնչի մի խումբ անկեղծ ուսումնասիրողներ սկսեցին փնտրել ճշմարտությունը։ Ի՞նչ մեթոդով էին նրանք ուսումնասիրում։ Ինչ-որ մեկը հարց էր բարձրացնում, այնուհետև քննարկում էին այն։ Գտնում էին այդ հարցին առնչվող բոլոր աստվածաշնչյան համարները, իսկ հետո, երբ համաձայնության էին գալիս այն հարցի շուրջ, թե ինչպես են այդ համարները փոխկապակցված, իրենց եզրակացությունն էին ներկայացնում ու գրի առնում։ Արդյոք դա չի՞ վստահեցնում քեզ, որ, առաջին դարի առաքյալների ու երեցների պես, այդ հավատարիմ մարդիկ՝ 1800-ականների վերջում ապրող մեր «հոգևոր նախահայրերը», վճռել էին իրենց հավատալիքները հիմնել միմիայն Աստծու Խոսքի վրա։
19. Ո՞րն է 2012 թվականի տարվա խոսքը, և ինչո՞ւ է այն տեղին։
19 Աստվածաշունչը շարունակում է մնալ մեր հավատալիքների հիմքը։ Դա հիշելով՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը 2012 թվականի համար որպես տարվա խոսք ընտրել է Հովհաննես 17։17-ը, որտեղ Հիսուսը վստահությամբ լի ասում է. «Քո խոսքը ճշմարտություն է»։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ստանալ Աստծու հավանությունը, պետք է քայլի ճշմարտության մեջ։ Ուրեմն թող որ բոլորս շարունակ ձգտենք առաջնորդվել Աստծու Խոսքով։
[ծանոթագրություն]
a Վալդեսի ստույգ անունը հայտնի չէ։ Երբեմն նա կոչվել է Պիեռ Վալդես, երբեմն էլ Պիտեր Վալդո։
[մեջբերում 8-րդ էջի վրա]
2012 թվականի տարվա խոսքն է. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. 17։17)
[նկար 7-րդ էջի վրա]
Վալդո
[նկար 7-րդ էջի վրա]
Ուիքլիֆ
[նկար 7-րդ էջի վրա]
Թինդալ
[նկար 7-րդ էջի վրա]
Գրու
[նկար 7-րդ էջի վրա]
Սթորզ