ԳԼՈՒԽ 18
«Փնտրեն Աստծուն.... գտնեն նրան»
Պողոսն ընդհանուր եզրեր է գտնում իր լսարանի հետ և իր ելույթը հարմարեցնում է նրանց կարիքներին
1-3. ա) Պողոսն ինչո՞ւ էր զայրացած։ բ) Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Պողոսի ելույթից։
ՊՈՂՈՍԸ շրջում է Հունաստանի Աթենք քաղաքի փողոցներով։ Դպրոցների ու համալսարանների այդ քաղաքում ժամանակին ապրել և աշխատել են Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը։ Բայց Պողոսն ամենևին էլ տպավորված չէ։ Ընդհակառակը, նա շատ զայրացած է։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ աթենացիները պաշտում են անթիվ-անհամար աստվածների։ Ուստի առաքյալն ամեն քայլափոխին կեղծ աստվածներին նվիրված տաճարներ է տեսնում։ Հրապարակներում ու փողոցներում միայն կուռքեր են։ Պողոսը գիտի, որ ճշմարիտ Աստվածը՝ Եհովան, ատում է կռապաշտությունը (Ելք 20։4, 5)։ Ուստի նա էլ կուռքերի հանդեպ նույն վերաբերմունքն ունի։
2 Պողոսը մտնում է ագորա՝ շուկայի հրապարակ, և ապշահար կանգ առնում։ Հրապարակի գլխավոր մուտքի մոտ՝ հյուսիս-արևմտյան անկյունում, շարված են Հերմես աստծու արձանիկները՝ մեծ սեռական օրգաններով։ Չորսբոլորը միայն կուռքերին նվիրված սրբատեղիներ են։ Ինչպե՞ս է Պողոսը քարոզելու կռապաշտության մեջ մխրճված այս քաղաքում։ Կկարողանա՞ զսպել իր զգացմունքները և ընդհանուր եզրեր գտնել աթենացիների հետ։ Արդյոք նրան կհաջողվի՞ օգնել գեթ մի քանիսին գտնելու ճշմարիտ Աստծուն։
3 Այս հարցերի պատասխանը կստանանք՝ ուսումնասիրելով Պողոսի ելույթը՝ արձանագրված Գործեր 17։22-31-ում։ Այդ ելույթը, որն առաքյալը ներկայացրեց Աթենքի ուսյալ հասարակության առջև, համոզիչ խոսքի, խորագիտության ու նրբանկատության վառ օրինակ է։ Մենք բազմաթիվ դասեր կսովորենք այն մասին, թե ինչպես կարող ենք ընդհանուր եզրեր գտնել մարդկանց հետ՝ օգնելով նրանց տրամաբանել։
Քարոզչություն «հրապարակում» (Գործեր 17։16-21)
4-5. Որտե՞ղ էր քարոզում Պողոսը, և ինչո՞ւ նրա համար հեշտ չէր դա անել։
4 Պողոսը Աթենք եկավ իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ՝ մ. թ. մոտ 50 թ.-ին։a Նա կանգ առավ այդ քաղաքում՝ սպասելով Շիղային ու Տիմոթեոսին, ովքեր պետք է գային Բերիայից։ Այդ ընթացքում Պողոսը, իր սովորության համաձայն, գնում էր ժողովարան և այնտեղ «տրամաբանում հրեաների» հետ։ Առաքյալը փորձում էր վկայություն տալ նաև Աթենքի ոչ հրեա բնակիչներին։ Այդ նպատակով նա գնում էր ագորա՝ հրապարակ, որտեղ շատ մարդիկ կային (Գործ. 17։17)։ Ագորան գտնվում էր Ակրոպոլիսի հյուսիս-արևմուտքում և զբաղեցնում էր մոտ 5 հեկտար (12 ակր) տարածք։ Շուկայի հրապարակը զուտ առևտուր անելու տեղ չէր։ Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, ագորան Աթենքի «տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն էր»։ Աթենացիները սիրում էին գնալ այնտեղ և գաղափարական զրույցներ վարել։
5 Պողոսի համար հեշտ չէր լինելու քարոզել շուկայի հրապարակում գտնվող մարդկանց։ Նրա ունկնդիրների մեջ կային էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփայական դպրոցների ներկայացուցիչներ, որոնք տարբեր գաղափարախոսությունների կողմնակիցներ էին։b Էպիկուրյանները հավատում էին, թե կյանքը պատահական է առաջացել, և ապրում էին հետևյալ նշանաբանով. «Աստծուց վախենալու կարիք չկա։ Մահից հետո ցավ չկա։ Բարուն կարելի է հասնել։ Չարին կարելի է դիմանալ»։ Իսկ ստոյիկները մեծ նշանակություն էին տալիս գիտելիքներին ու տրամաբանությանը։ Նրանց պատկերացմամբ՝ Աստված անձնավորություն չէր։ Թե՛ ստոյիկները և թե՛ էպիկուրյանները չէին ընդունում հարության ուսմունքը, որը սովորեցնում էին Քրիստոսի աշակերտները։ Ակնհայտ է, որ այս երկու խմբերի փիլիսոփայական գաղափարները անհամատեղելի էին այն վեհ ճշմարտությունների հետ, որոնք քարոզում էր Պողոսը։
6-7. Հույն փիլիսոփաներից ոմանք ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի քարոզչությանը, և նմանատիպ ի՞նչ վերաբերմունքի ենք արժանանում այսօր։
6 Պողոսին լսող փիլիսոփաներն ինչպե՞ս արձագանքեցին նրա քարոզչությանը։ Ոմանք առաքյալին «դատարկախոս» (բառացի՝ «սերմնաքաղ») անվանեցին (Գործ. 17։18, տես նաև ծանոթագրությունը)։ Մի գիտնական այս բառի հետ կապված հետևյալն է նշում. «Սկզբում հույները այդպես էին կոչում սերմեր կտցող փոքրիկ թռչուններին, իսկ հետագայում՝ այն մարդկանց, ովքեր շուկայի հրապարակում սննդի մնացորդներ ու դեն նետված իրեր էին հավաքում։ Ի վերջո, այդ բառը փոխաբերական իմաստ ձեռք բերեց։ [«Սերմնաքաղ»] սկսեցին անվանել այն անհատներին, ովքեր այստեղից-այնտեղից կցկտուր տեղեկություններ էին հավաքում, որոնք առանձնապես չէին հասկանում»։ Փաստորեն, ուսյալ աթենացիները Պողոսին անգրագետ էին համարում, ով առանց հասկանալու կրկնում է ուրիշի խոսքերը։ Սակայն, ինչպես կտեսնենք, այդ պիտակը առաքյալին թևաթափ չարեց։
7 Այսօր նույնպես մեր քարոզչական գործունեության պատճառով մարդիկ հաճախ մեզ պիտակներ են կպցնում։ Որոշ ուսուցիչներ ու դասախոսներ էվոլյուցիոն տեսությունը որպես փաստ են ներկայացնում՝ պնդելով, թե կրթված մարդը չի կարող չընդունել այն։ Նրանց խոսքերից հետևում է, որ այդ տեսությունը մերժողները անգրագետ են։ Այդ ուսյալ մարդիկ դրդում են մյուսներին մտածելու, թե մենք «սերմնաքաղներ» ենք, քանի որ հայտնում ենք Աստվածաշնչի տեսակետը և փաստերով ապացուցում Արարչի գոյությունը։ Բայց նրանց կարծիքը մեզ ամենևին էլ թևաթափ չի անում։ Մենք շարունակում ենք վստահությամբ քարոզել, որ կյանքը երկրի վրա առաջ է եկել բանական Ստեղծչի՝ Եհովա Աստծու շնորհիվ (Հայտն. 4։11)։
8. ա) Ոմանք ի՞նչ ասացին Պողոսի մասին։ բ) Ի՞նչ կարող է նշանակել այն փաստը, որ Պողոսին տարան Արեոպագոս (տես ծանոթագրությունը)։
8 Ագորայում հավաքվածներից ոմանք էլ այլ կարծիք ունեին Պողոսի մասին. «Թվում է՝ նա օտար աստվածների քարոզիչ է» (Գործ. 17։18)։ Պողոսն իրո՞ք նոր աստվածների մասին էր քարոզում աթենացիներին։ Սա շատ լուրջ հարց էր. դարեր առաջ այդպիսի մեղադրանք էին հարուցել Սոկրատեսի դեմ, ինչի հետևանքով նրան մահապատժի էին ենթարկել։ Զարմանալի չէ, որ Պողոսին տարան Արեոպագոս և պահանջեցին, որ բացատրի իրենց համար տարօրինակ ուսմունքները։c Ինչպե՞ս էր առաքյալը հիմնավորելու իր խոսքերը այն մարդկանց առջև, ովքեր ծանոթ չէին Սուրբ Գրքերին։
«Ո՛վ աթենացի մարդիկ» (Գործեր 17։22, 23)
9-11. ա) Պողոսն ինչպե՞ս փորձեց ընդհանուր եզրեր գտնել իր ունկնդիրների հետ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին ծառայության մեջ։
9 Հիշենք, որ աթենացիների կռապաշտությունը զայրացրել էր Պողոսին։ Սակայն իր բարկությունն արտահայտելու և Աթենքի բնակիչներին քննադատելու փոխարեն՝ նա հանգստություն պահպանեց և նրբանկատորեն փորձեց շահել իր ունկնդիրներին՝ ձգտելով ընդհանուր եզրեր գտնել նրանց հետ։ Առաքյալն ասաց. «Ո՛վ աթենացի մարդիկ, տեսնում եմ, որ դուք ավելի շատ եք վախենում աստվածներից, քան մյուսները» (Գործ. 17։22)։ Ըստ էության, Պողոսն աթենացիներին ասաց. «Տեսնում եմ, որ դուք շատ կրոնասեր եք»։ Այսպիսով նա գովեց նրանց, ինչը իմաստուն քայլ էր։ Առաքյալը հասկանում էր, որ կեղծ ուսմունքների ճիրաններում գտնվող այդ մարդկանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր կցանկանան լսել ճշմարտությունը։ Ի վերջո, ինքն էլ ժամանակին «տգիտությամբ և անհավատությամբ էր վարվում» (1 Տիմոթ. 1։13)։
10 Շարունակելով իր միտքը՝ Պողոսը նշեց, որ տեսել է աթենացիների կրոնասիրության մի վառ ապացույց՝ մի զոհասեղան, որը նվիրված էր «Անծանոթ Աստծուն»։ Համաձայն մի աշխատության՝ «հույները, ինչպես և մյուս ազգերը զոհասեղաններ էին նվիրում «անծանոթ աստվածներին»։ Նրանք մտավախություն ունեին, թե երկրպագություն մատուցելիս միգուցե անտեսեն որևէ աստծու, և վերջինս, ոչ մի զոհասեղան չտեսնելով, վիրավորվի»։ Հետևաբար աթենացիներն ընդունում էին, որ կա մի Աստված, ում իրենք չեն ճանաչում։ Պողոսը հենց այս հանգամանքն օգտագործեց, որպեսզի բարի լուրը հայտնի նրանց։ Առաքյալն ասաց. «Ուստի ում հանդեպ դուք առանց իմանալու նվիրվածություն եք դրսևորում, նրա մասին եմ ձեզ քարոզում» (Գործ. 17։23)։ Ի՜նչ հիանալի հնարամտություն, բայցև անհերքելի փաստարկ։ Պողոսը նոր կամ օտար աստծու չէր քարոզում, ինչպես ոմանք էին պնդում։ Նա ընդամենը պատմում էր այն Աստծու մասին, որին աթենացիները ծանոթ չէին՝ ճշմարիտ Աստծու։
11 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին ծառայության մեջ։ Եթե ուշադիր լինենք, գուցե նկատենք, որ մեր զրուցակիցը կրոնասեր է։ Թերևս դա երևա այն առարկաներից, որոնք նա կրում է, կամ որոնք կան իր տան ներսում թե դրսում։ Այդ դեպքում կարող ենք ասել. «Տեսնում եմ՝ կրոնասեր մարդ եք։ Շատ էի ուզում Աստծուն հավատացող մարդու հանդիպել»։ Նրբանկատորեն արտահայտելով մեր հարգանքը զրուցակցի կրոնական հայացքների նկատմամբ՝ թերևս կարողանանք ընդհանուր եզրեր գտնել։ Հիշիր, որ մենք չենք ուզում մարդկանց մասին կանխակալ կարծիք ունենալ հավատալիքների պատճառով։ Չէ՞ որ մեր հավատակիցների մեջ էլ կան շատերը, ովքեր մի ժամանակ անկեղծորեն հետևել են կեղծ ուսմունքներին։
Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։24-28)
12. Պողոսն ինչպե՞ս իր ելույթը հարմարեցրեց լսարանին։
12 Փաստորեն, Պողոսին հաջողվեց ընդհանուր եզրեր գտնել աթենացիների հետ։ Բայց արդյոք առաքյալը կկարողանա՞ր մինչև վերջ պահել նրանց ուշադրությունը։ Նա հաշվի առավ, որ իր ունկնդիրները լավ գիտեն հունական փիլիսոփայությունը, բայց ծանոթ չեն Սուրբ Գրքերին։ Ուստի մի քանի մեթոդ կիրառեց, որպեսզի իր ելույթը հարմարեցնի լսարանին։ Առաջին՝ սուրբգրային ճշմարտությունները ներկայացնելիս Պողոսը Սուրբ Գրքերից ուղղակի մեջբերումներ չարեց։ Երկրորդ՝ առաքյալն իրեն չառանձնացրեց մյուսներից և իր ելույթում օգտագործեց «մենք», «մեզ» դերանունները։ Երրորդ՝ նա մեջբերումներ արեց հունական գրականությունից, որպեսզի ցույց տա, որ նրանց հեղինակները նույնպես նման մտքեր են արտահայտել։ Քննենք Պողոսի հիանալի ելույթը և տեսնենք, թե նա ինչ կարևոր ճշմարտություններ հայտնեց այն Աստծու մասին, որին աթենացիները ծանոթ չէին։
13. Պողոսն ի՞նչ հայտնեց տիեզերքի ծագման և ճշմարիտ Աստծու վերաբերյալ։
13 Աստված է ստեղծել տիեզերքը։ Պողոսն ասաց. «Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան, Նա, երկնքի և երկրի Տերը լինելով, ձեռակերտ տաճարներում չի բնակվում»d (Գործ. 17։24)։ Տիեզերքը պատահաբար չի առաջացել։ Ճշմարիտ Աստված է ստեղծել ամեն բան (Սաղ. 146։6)։ Ի տարբերություն Աթենասի և մյուս աստվածությունների, որոնց փառքը կախված էր տաճարներից ու զոհասեղաններից՝ Գերիշխան Տերը՝ երկնքի ու երկրի Արարիչը, մարդու ձեռքով կառուցված տաճարներում պարզապես չի տեղավորվի (1 Թագ. 8։27)։ Պողոսի խոսքերի իմաստը պարզ էր. ճշմարիտ Աստվածը շատ ավելի բարձր է ու զորեղ, քան մարդակերտ տաճարներում գտնվող ձեռակերտ կուռքերը (Ես. 40։18-26)։
14. Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Աստված մարդկանցից կախում չունի։
14 Աստված մարդկանցից կախում չունի։ Աթենացիները սովորաբար իրենց աստվածներին շքեղ հագուստներ էին հագցնում, թանկ նվերներ էին տալիս, ուտելիք ու խմիչք էին մատուցում, կարծես կուռքերն այդ ամենի կարիքն ունեին։ Այնուամենայնիվ, Պողոսին լսող հույն փիլիսոփաներից ոմանք թերևս ընդունում էին, որ աստծուն մարդկանցից ոչինչ պետք չէ։ Եթե այդպես է, նրանք հավանաբար համաձայնվեցին առաքյալի այն խոսքերին, որ Աստված ոչ մի բանի կարիք չունի, այդ թվում՝ մարդկանց մատուցած ծառայության։ Եվ իրոք, ի՞նչ կարող է մարդ արարածը տալ ամեն բանի Արարչին։ Չէ՞ որ նա է մարդկանց տալիս բոլոր անհրաժեշտ բաները՝ «կյանք, շունչ», արև, անձրև, պտղաբեր ժամանակներ և այլն (Գործ. 17։25; Ծննդ. 2։7)։ Ուրեմն Աստված է տվողը, իսկ մարդիկ ստացողներն են։ Ուստի Արարիչը նրանցից կախում չունի։
15. Պողոսն ինչպե՞ս հերքեց հույների սխալ պատկերացումը իրենց ազգի մասին, և ի՞նչ կարևոր դաս ենք սովորում նրա օրինակից։
15 Աստված է ստեղծել մարդուն։ Հույները կարծում էին, որ մյուս ազգերից բարձր են։ Սակայն ազգայնամոլությունը դեմ է աստվածաշնչյան սկզբունքներին (2 Օրենք 10։17)։ Ուստի Պողոսը նրբանկատորեն ու հմտորեն անդրադարձավ այդ հարցին։ Առաքյալն ասաց, որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը»։ Այս խոսքերն, անկասկած, մտածելու տեղիք տվեցին իր ունկնդիրներին (Գործ. 17։26)։ Պողոսը մեջբերում էր բոլոր մարդկանց նախահոր՝ Ադամի մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունը (Ծննդ. 1։26-28)։ Եթե բոլոր ազգերը առաջ են եկել մեկ մարդուց, ուրեմն չեն կարող բարձր կամ ցածր լինել միմյանցից։ Մի՞թե հնարավոր էր չհասկանալ Պողոսի խոսքերը։ Դրանք պարզից էլ պարզ էին։ Մենք մի կարևոր դաս ենք քաղում նրա օրինակից։ Թեև ձգտում ենք ծառայության մեջ խոհեմ ու նրբանկատ լինել, սակայն չենք մեղմում աստվածաշնչյան ճշմարտությունները, որպեսզի գոհացնենք մեր ունկնդիրներին։
16. Ի՞նչ նպատակով է Արարիչը ստեղծել մարդկանց։
16 Աստծու նպատակն է, որ մարդիկ մտերիմ լինեն իր հետ։ Պողոսի ունկնդիրների մեջ կային փիլիսոփաներ, որոնք թերևս հաճախ էին վիճաբանել մարդու գոյության իմաստի մասին։ Եվ բնականաբար, երբեք չէին կարողացել այդ հարցին սպառիչ պատասխան տալ։ Մինչդեռ Պողոսը հայտնեց, թե ինչ նպատակով է Արարիչը ստեղծել մարդկանց։ Աստված ցանկանում է, որ մարդիկ «փնտրեն.... միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն [իրեն], թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։27)։ Ճիշտ է, աթենացիները չէին ճանաչում այդ Աստծուն, բայց դա չէր նշանակում, թե նրան հնարավոր չէր ճանաչել։ Ավելին՝ Աստված հեռու չէ այն անհատներից, ովքեր իրոք ուզում են գտնել իրեն ու ծանոթանալ իր հետ (Սաղ. 145։18)։ Ուշագրավ է, որ Պողոսն այստեղ օգտագործեց «մեզանից» դերանունը, այսինքն՝ իրեն էլ ընդգրկեց այն մարդկանց մեջ, ովքեր Աստծուն «փնտրելու» և «խարխափելով գտնելու» կարիք ունեն։
17-18. Մարդիկ ինչո՞ւ պետք է Աստծուն մտերիմ համարեն, և Պողոսն ինչպե՞ս հասավ իր ունկնդիրների սրտին։
17 Մարդիկ պետք է ցանկանան ճանաչել Աստծուն։ Պողոսն ասաց. «Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք»։ Որոշ գիտնականներ կարծում են, թե առաքյալն այստեղ հիշատակում է մ. թ. ա. 6-րդ դարի կրետացի բանաստեղծ Էպիմենիդեսի խոսքերը, ով «մեծ դեր է խաղացել Աթենքի կրոնի ու ավանդույթների ձևավորման մեջ»։ Պողոսը բերեց ևս մի փաստարկ, թե մարդիկ ինչու պետք է ձգտեն մոտենալ Աստծուն. «Ձեր բանաստեղծներից ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»» (Գործ. 17։28)։ Մարդիկ պետք է մոտ զգան Աստծուն։ Չէ՞ որ նա է ստեղծել այն մեկին, ումից առաջ է եկել ողջ մարդկությունը։ Իր ունկնդիրների սրտին հասնելու նպատակով Պողոսը մեջբերում արեց հունական աղբյուրներից, որոնք աթենացիները հեղինակություն էին համարում։e Ընդօրինակելով առաքյալին՝ մենք երբեմն մեջբերումներ ենք անում հանրագիտարաններից, պատմական գրքերից և այլ հեղինակավոր աշխատություններից, որպեսզի հիմնավորենք մեր խոսքերը, օրինակ՝ բացատրենք որևէ կեղծ կրոնական ավանդույթի կամ տոնի ծագումը։
18 Ինչպես տեսնում ենք, Պողոսը հիմնարար ճշմարտություններ հայտնեց Աստծու մասին՝ իր խոսքերը հմտորեն հարմարեցնելով լսարանին։ Իսկ այդպիսով առաքյալն ի՞նչ գործերի էր ուզում մղել աթենացիներին։ Նա չհապաղեց հայտնել։
«Բոլորը ամենուրեք պետք է զղջան» (Գործեր 17։29-31)
19-20. ա) Պողոսն ինչպե՞ս նրբանկատորեն ցույց տվեց, որ կուռքերին պաշտելը անմտություն է։ բ) Ի՞նչ պետք է անեին աթենացիները։
19 Նպատակ ունենալով իր ունկնդիրներին գործերի մղելու՝ Պողոսը կրկնեց հույն բանաստեղծի խոսքերն ու ասաց. «Ուրեմն քանի որ Աստծու զավակներն ենք, չպետք է մտածենք, թե Աստվածային Էությունը նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման է մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված» (Գործ. 17։29)։ Եվ իրոք, եթե մարդն Աստծու ձեռքի գործն է, ինչպե՞ս կարող է Աստված նման լինել մարդու ձեռքի գործի, օրինակ՝ որևէ կուռքի։ Այս տրամաբանական փաստարկի միջոցով Պողոսը նրբանկատորեն ցույց տվեց, որ կուռքերին երկրպագելը անմտություն է (Սաղ. 115։4-8; Ես. 44։9-20)։ Առաքյալը խոսեց առաջին դեմքով. ասաց՝ «չպետք է մտածենք»։ Դրա շնորհիվ աթենացիների համար թերևս ավելի հեշտ եղավ լսել նրա խորհուրդը։
20 Այս ամենից հետո առաքյալը հայտնեց, թե ինչ է պահանջվում նրանցից. «Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները, [երբ մարդիկ կարծել են, թե կուռքեր պաշտելով կարելի է հաճեցնել Աստծուն], բայց հիմա նա մարդկանց ասում է, որ բոլորը ամենուրեք պետք է զղջան» (Գործ. 17։30)։ Պողոսի ունկնդիրներից ոմանք հավանաբար ցնցվեցին՝ լսելով, որ պետք է զղջան։ Սակայն առաքյալն իր ելույթում պարզ ցույց էր տվել, որ այդ անհատները իրենց կյանքով պարտական են Աստծուն, հետևաբար հաշվետու են նրան։ Ուստի նրանք պետք է փնտրեին Արարչին, սովորեին նրա մասին ճշմարտությունը և իրենց կյանքը համապատասխանեցնեին այդ ճշմարտությանը։ Աթենացիները առաջին հերթին պետք է հրաժարվեին կռապաշտությունից, որը մեղք է։
21-22. Պողոսն ի՞նչ խոսքերով ավարտեց իր ելույթը, և դրանք ի՞նչ են նշանակում մեզ համար։
21 Պողոսը իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. «[Աստված] մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց, և բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ հարություն տվեց նրան» (Գործ. 17։31)։ Այն միտքը, որ Դատաստանի օր է լինելու, պետք է որ սթափեցներ աթենացիներին և մղեր նրանց փնտրելու ու գտնելու ճշմարիտ Աստծուն։ Պողոսը չտվեց Դատավորի անունը, սակայն մի ապշեցուցիչ բան ասաց նրա մասին. այդ անձնավորությունը ապրել է երկրի վրա, մահացել է և Աստծու կամքով հարություն է առել։
22 Որքա՜ն շատ բան են նշանակում այս տպավորիչ խոսքերը մեզ համար։ Մենք գիտենք, որ այդ Դատավորը հարություն առած Հիսուս Քրիստոսն է (Հովհ. 5։22)։ Գիտենք նաև, որ Դատաստանի օրը տևելու է հազար տարի, և որ այն շատ արագ մոտենում է (Հայտն. 20։4, 6)։ Մենք չենք վախենում այդ օրվանից, քանի որ այն հրաշալի օրհնություններ է բերելու հավատարիմ անհատներին։ Այս փառահեղ ապագայի հույսը երաշխավորված է մեծագույն հրաշքով՝ Հիսուս Քրիստոսի հարությամբ։
«Մի քանի մարդիկ.... հավատացյալներ դարձան» (Գործեր 17։32-34)
23. Ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի ունկնդիրները։
23 Պողոսի ունկնդիրները տարբեր կերպերով արձագանքեցին նրա ելույթին։ Լսելով հարության մասին՝ «նրանցից ոմանք սկսեցին ծաղրել» առաքյալին։ Ոմանք էլ թեև քաղաքավարի էին, սակայն փորձեցին խուսափել հետագա քայլերից՝ ասելով. «Այս մասին մի ուրիշ անգամ էլ քեզ կլսենք» (Գործ. 17։32)։ Բայց կային նաև այնպիսիք, ովքեր դրականորեն արձագանքեցին. «Մի քանի մարդիկ միացան նրան և հավատացյալներ դարձան, որոնցից էին նաև Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի դատարանի մի դատավոր, և Դամարիս անունով մի կին ու նրանցից բացի, ուրիշներ էլ» (Գործ. 17։34)։ Այսօր նույն բանն ենք տեսնում ծառայության ժամանակ։ Ոմանք ծաղրում են մեզ, ոմանք էլ քաղաքավարի են, բայց անտարբեր։ Հուրախություն մեզ՝ կան նաև մարդիկ, ովքեր լսում են Թագավորության լուրն ու դառնում Քրիստոսի հետևորդներ։
24. Ի՞նչ կարող ենք սովորել Արեոպագոսում ներկայացրած Պողոսի ելույթից։
24 Խորհրդածելով Պողոսի այս ելույթի մասին՝ բազմաթիվ արժեքավոր դասեր ենք քաղում։ Սովորում ենք, թե ինչպես կարող ենք տրամաբանորեն զարգացնել միտքը, համոզիչ փաստարկներ բերել և ընդհանուր եզրեր գտնել։ Նաև հասկանում ենք, որ պետք է համբերատար ու նրբանկատ լինենք նրանց հանդեպ, ովքեր գտնվում են կեղծ կրոնի ճիրաններում։ Այս ամենից բացի՝ սովորում ենք, որ երբեք չպետք է աղավաղենք աստվածաշնչյան ճշմարտությունը՝ մեր ունկնդիրներին գոհացնելու համար։ Ընդօրինակելով Պողոսին՝ կարող ենք Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ լինել ծառայության մեջ։ Վերակացուներն էլ կարող են ավելի հմուտ ուսուցիչներ դառնալ ժողովում։ Եթե այդպես վարվենք, պատրաստ կլինենք օգնելու մարդկանց «փնտրել Աստծուն» և «գտնել նրան» (Գործ. 17։27)։
a Տես «Աթենք՝ հին աշխարհի մշակութային կենտրոն» շրջանակը։
b Տես «Էպիկուրյաններ և ստոյիկներ» շրջանակը։
c Արեոպագոսը, որը Ակրոպոլիսի հյուսիս-արևմուտքում գտնվող մի բլուր էր, Աթենքի ավագանու խորհրդի հանդիպման վայրն էր։ Ընդ որում այդպես էին կոչում թե՛ բլուրը, թե՛ ավագանու խորհուրդը։ Ուստի գիտնականները տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ուր են տարել Պողոս առաքյալին՝ հենց Արեոպագոս բլուրը կամ դրա մոտակայքը, թե կանգնեցրել են ավագանու առջև, որը կարող էր հավաքված լինել ցանկացած վայրում, օրինակ՝ շուկայի հրապարակում։
d «Աշխարհ» թարգմանված կո՛սմոս բառն օգտագործելիս հույները սովորաբար նկատի ունեին նյութական տիեզերքը։ Ուստի Պողոսը, ով ձգտում էր ընդհանուր եզրեր գտնել իր ունկնդիրների հետ, այդ բառը հավանաբար գործածեց հենց «տիեզերք» իմաստով։
e Պողոսը մեջբերում արեց ստոյիկ բանաստեղծ Արատուսի «Երևույթներ» պոեմից։ Նմանատիպ խոսքեր կարելի է գտնել նաև հունական այլ աղբյուրներում, օրինակ՝ ստոյիկ գրող Քլինտեսի «Օրհներգություն Զևսին» ստեղծագործության մեջ։