Մոտեցեք Աստծուն
«Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ»
ԱՆԾԱՅՐԱԾԻՐ տիեզերքի հետ համեմատած՝ մարդիկ շատ փոքր են։ Հավանաբար մտածել եք՝ հնարավո՞ր է արդյոք, որ մարդիկ մտերիմ փոխհարաբերություններ ունենան Ամենակարող Աստծու հետ։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Աստված, որի անունը Եհովա է, ցանկանա, որ մենք մտերիմ լինենք իր հետ։ Իսկ նա ցանկանո՞ւմ է դա։ Մխիթարող պատասխան կարող ենք գտնել աթենացիներին ուղղած Պողոս առաքյալի խոսքերում, որոնք արձանագրված են Գործեր 17։24–27 համարներում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ չորս բաներ է հիշատակում Պողոսը Եհովայի մասին։
Առաջին՝ Պողոսն ասում է, որ Աստված «ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան» (համար 24)։ Այն գեղեցկությունը և զանազանությունը, որի շնորհիվ կյանքն այսքան հաճելի է, վկայում են մեր Արարչի հոգատարության և սիրո մասին (Հռոմեացիներ 1։20)։ Խելամիտ չի լինի մտածել, որ նման Աստվածը ցանկանում է հեռու լինել իր սիրած արարածներից։
Երկրորդ՝ Եհովան «բոլոր մարդկանց տալիս է կյանք, շունչ և ամեն բան» (համար 25)։ Նա կյանքի Պահապանն է (Սաղմոս 36։9)։ Կյանքի համար անհրաժեշտ օդը, ջուրը, ուտելիքը պարգևներ են մեր Արարչի կողմից (Հակոբոս 1։17)։ Խելամի՞տ է արդյոք մտածել, որ մեր առատաձեռն Աստվածը հեռու կպահի իրեն մեզնից և հնարավորություն չի տա մեզ իմանալու, թե ով է նա, և թե ինչպես կարող ենք մոտենալ իրեն։
Երրորդ՝ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (համար 26)։ Եհովան անկողմնակալ չէ և լիովին զերծ է ցանկացած տեսակի կանխակալ կարծիքից (Գործեր 10։34)։ Այլ կերպ նա չէր կարող լինել։ Նա ստեղծեց «մեկ մարդուն»՝ Ադամին, որից էլ առաջ եկան մյուս բոլոր ազգերն ու ռասաները։ Աստծու «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ փրկվեն» (1 Տիմոթեոս 2։4)։ Ուստի մենք կարող ենք մոտենալ նրան՝ անկախ այն բանից, թե ինչ մաշկի գույն ունենք, ինչ ազգի ենք պատկանում կամ ինչ էթնիկական ծագում ունենք։
Եվ չորրորդ՝ Պողոսը նշեց ամենահամոզիչ ճշմարտությունը. Եհովան «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (համար 27)։ Թեև Եհովան շատ բարձր է մեզնից, նա միշտ հասանելի է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն ցանկանում են մոտենալ իրեն։ Նրա Խոսքը հավստիացնում է մեզ, որ նա հեռու չէ, այլ «մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին» (Սաղմոս 145։18)։
Պողոսի խոսքերից պարզ է դառնում հետևյալը. Աստված ցանկանում է, որ մենք մոտենանք իրեն։ Այնուամենայնիվ, ինչպես Պողոսն է բացատրում, Եհովան մտերիմ կլինի միայն նրանց հետ, ովքեր ցանկանում են «փնտրել» և «գտնել» իրեն (համար 27)։ Աստվածաշնչի թարգմանիչների համար նախատեսված մի աշխատության մեջ նշվում է, որ «[այս] երկու բայերն էլ արտահայտում են թե՛ հասանելի հնարավորություն .... թե՛ հասանելի ցանկություն»։ Բերենք օրինակ. երբ մութ, բայց ձեզ ծանոթ սենյակում փնտրում եք լույսի կամ դռան տեղը, գիտեք, որ հաստատ կգտնեք։ Ուստի եթե անկեղծորեն փնտրենք Աստծուն և գտնենք նրան, կարող ենք համոզված լինել, որ մեր ջանքերը կպարգևատրվեն։ Պողոսը վստահեցնում է մեզ, որ մենք «կգտնենք նրան» (համար 27)։
Ցանկանո՞ւմ եք մոտենալ Աստծուն։ Եթե հավատով «փնտրեք Աստծուն և գտնեք նրան», դուք չէք հիասթափվի։ Դժվար չէ գտնել Եհովային, քանի որ «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ»։