ԳԼՈՒԽ 21
«Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից»
Պողոսը մեծ եռանդով ծառայում է և խորհուրդ է տալիս երեցներին
1-3. ա) Ի՞նչ հանգամանքներում մահացավ Եվտիքոսը։ բ) Ի՞նչ արեց Պողոսը, և այդ դեպքն ի՞նչ է բացահայտում նրա մասին։
ՊՈՂՈՍԸ Տրովադայում է։ Նա ելույթ է ունենում մի վերնասենյակում, որում ասեղ գցելու տեղ չկա։ Առաքյալը շատ բան ունի ասելու եղբայրներին, քանի որ սա իր վերջին հանդիպումն է նրանց հետ։ Կեսգիշեր է։ Առանց այն էլ տոթ սենյակում ճրագների ծուխը ավելի է ծանրացնում օդը։ Պատուհանի գոգին նստած է Եվտիքոս անունով մի երիտասարդ։ Ելույթի ընթացքում նա խոր քուն է մտնում ու վայր ընկնում պատուհանից։
2 Բժիշկ Ղուկասը հավանաբար առաջինն է այն եղբայրներից, ովքեր անմիջապես դուրս են վազում, որպեսզի օգնություն ցույց տան Եվտիքոսին։ Սակայն երիտասարդին անհնար է օգնել։ Երբ գալիս են նրա մոտ, տեսնում են, որ նա մահացել է (Գործ. 20։9)։ Պողոսն իր գիրկն է առնում տղային և ներկաներին ասում է. «Աղմուկ մի՛ արեք, քանի որ նրա կյանքն իր մեջ է»։ Եվ... ա՜յ քեզ հրաշք... Եվտիքոսը հարությո՛ւն է առնում (Գործ. 20։10)։
3 Այս դեպքից պարզ երևում է, թե որքան զորեղ է Աստծու սուրբ ոգին։ Ինչ խոսք, Պողոսը մեղավոր չէր Եվտիքոսի մահվան մեջ։ Բայց նա չէր ուզում, որ դա բիծ բերեր այդ կարևոր հանդիպման վրա կամ գայթակղեր որևէ մեկին։ Ուստի հարություն տալով երիտասարդին՝ Պողոսը մխիթարեց ժողովի անդամներին, և նրանք ավելի մեծ վճռականությամբ շարունակեցին իրենց ծառայությունը։ Հստակ է, որ առաքյալի համար կյանքը շատ թանկ էր։ Հետագայում նա ասաց. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից» (Գործ. 20։26)։ Ուստի քննենք, թե Պողոսի օրինակն ինչպես կարող է օգնել մեզ կյանքի հանդեպ հարգանք ունենալու հարցում։
Նա «դուրս եկավ, որ գնա Մակեդոնիա» (Գործեր 20։1, 2)
4. Ի՞նչ փորձության միջով էր անցել Պողոսը։
4 Ինչպես նշվեց նախորդ գլխում, Եփեսոսում եղած ժամանակ Պողոսը ծանր փորձության միջով էր անցել։ Նրա ծառայությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Քաղաքի արծաթագործները, որոնց եկամտի աղբյուրը կուռքերի վաճառքն էր, հասարակական անկարգություն էին հրահրել։ Գործեր 20։1-ում կարդում ենք. «Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկավ, որ գնա Մակեդոնիա»։
5-6. ա) Պողոսը հավանաբար որքա՞ն ժամանակ մնաց Մակեդոնիայում, և ի՞նչ արեց այնտեղի եղբայրների համար։ բ) Պողոսն ինչպե՞ս էր վերաբերվում իր հավատակիցներին։
5 Մակեդոնիայի ճանապարհին Պողոսը որոշ ժամանակ մնաց նավահանգստային Տրովադա քաղաքում։ Առաքյալը սպասում էր, որ իրեն միանա Տիտոսը, ով ուղարկվել էր Կորնթոս (2 Կորնթ. 2։12, 13)։ Բայց երբ պարզ դարձավ, որ Տիտոսը չի գալու, Պողոսը մեկնեց Մակեդոնիա։ Ամենայն հավանականությամբ, նա Մակեդոնիայում անցկացրեց մոտ մեկ տարի՝ «շատ խոսքերով այնտեղ եղողներին քաջալերելով»a (Գործ. 20։2)։ Որոշ ժամանակ անց Տիտոսը եկավ Մակեդոնիա և լավ լուրեր բերեց առաքյալին այն մասին, թե կորնթացիներն ինչպես են արձագանքել նրա առաջին նամակին (2 Կորնթ. 7։5-7)։ Դա մղեց Պողոսին մեկ այլ նամակ գրելու, որն այսօր հայտնի է «2 Կորնթացիներ» անվամբ։
6 Ուշագրավ է, որ Ղուկասը «քաջալերել» բառն է օգտագործում, երբ նկարագրում է Պողոսի այցելությունը եփեսացի ու մակեդոնացի եղբայրներին։ Դա պարզ ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ուներ առաքյալը իր հավատակիցների հանդեպ։ Ի տարբերություն փարիսեցիների, որոնք արհամարհանքով էին վերաբերվում ուրիշ մարդկանց՝ Պողոսը Եհովայի գառնուկներին համագործակիցներ էր անվանում (Հովհ. 7։47-49; 1 Կորնթ. 3։9)։ Նա չէր կորցնում իր այդ վերաբերմունքը, նույնիսկ երբ խիստ խորհուրդ տալու անհրաժեշտություն էր առաջանում (2 Կորնթ. 2։4)։
7. Քրիստոնյա վերակացուներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Պողոսին։
7 Այսօր երեցներն ու շրջանային վերակացուները ձգտում են ընդօրինակել Պողոսին։ Նույնիսկ եթե կարիք է լինում հանդիմանություն տալու ինչ-որ մեկին, նրանք նպատակ են ունենում զորացնել այդ անհատին։ Կարեկցանք ցուցաբերելով՝ վերակացուները ձգտում են քաջալերել, ոչ թե դատապարտել հավատակիցներին։ Ահա թե ինչ է ասում մի փորձառու շրջանային վերակացու. «Մեր եղբայրների ու քույրերի մեծամասնությունը ցանկանում է ճիշտն անել։ Բայց հաճախ նրանք պայքար են մղում հուսալքության ու վախի դեմ և իրենք իրենց օգնելու ուժ չեն գտնում»։ Վերակացուները կարող են զորության աղբյուր լինել այդ հավատակիցների համար (Եբր. 12։12, 13)։
«Նրա դեմ դավադրություն էր ծրագրվել» (Գործեր 20։3, 4)
8-9. ա) Պողոսն ինչո՞ւ փոխեց իր ծրագրերը։ բ) Հրեաներն ինչո՞ւ էին թշնամաբար վերաբերվում Պողոսին։
8 Պողոսը Մակեդոնիայից մեկնեց Կորնթոս։b Երեք ամիս այդ քաղաքում մնալուց հետո նա որոշեց գնալ Կենքրա, ապա նավով մեկնել Ասորիք։ Այնտեղից նա հեշտությամբ կգնար Երուսաղեմ և տեղ կհասցներ կարիքավոր քրիստոնյաների համար հավաքված նյութական օգնությունըc (Գործ. 24։17; Հռոմ. 15։25, 26)։ Սակայն անսպասելի մի բան փոխեց Պողոսի ծրագրերը։ Գործեր 20։3-ում կարդում ենք. «Հրեաների կողմից նրա դեմ դավադրություն էր ծրագրվել»։
9 Զարմանալի չէ, որ հրեաները թշնամաբար էին վերաբերվում Պողոսին։ Չէ՞ որ նրանք առաքյալին հավատուրաց էին համարում։ Նրա ծառայության արդյունքում քրիստոնյա էր դարձել Կրիսպոսը, որը Կորնթոսի ժողովարանի պետն էր (Գործ. 18։7, 8; 1 Կորնթ. 1։14)։ Բացի այդ՝ երբ հրեաները Պողոսի դեմ մեղադրանքներ էին ներկայացրել Աքայիայի պրոկոնսուլ Գալլիոնին, վերջինս դրանք անհիմն էր անվանել և փակել էր գործը։ Այդ որոշումն ավելի էր կատաղեցրել առաքյալի թշնամիներին (Գործ. 18։12-17)։ Կորնթոսի հրեաները, ըստ երևույթին, իմացել էին կամ գլխի էին ընկել, որ Պողոսը շուտով մեկնելու է մոտակա Կենքրա քաղաք։ Ուստի նրանք ծրագրեցին այնտեղ սպասել Պողոսին ու սպանել նրան։ Ի՞նչ էր անելու առաքյալը։
10. Արդյո՞ք Պողոսը վախկոտություն ցուցաբերեց՝ որոշելով չմեկնել Կենքրա։ Բացատրիր։
10 Առաքյալը որոշեց անտեղի չվտանգել իր կյանքը և այն նյութական օգնությունը, որ վստահվել էր իրեն։ Ուստի նա չմեկնեց Կենքրա, այլ հետ դարձավ նույն ճանապարհով՝ Մակեդոնիայի միջով։ Ինչ խոսք, ցամաքով նույնպես վտանգավոր էր ճանապարհորդել։ Ճամփորդները հաճախակի էին ենթարկվում ավազակային հարձակումների։ Անգամ իջևանատները ապահով չէին։ Այնուամենայնիվ, Պողոսը գերադասեց վտանգի ենթարկվել ճանապարհներին, քան Կենքրայում ընկնել հրեաների ձեռքը։ Ու լավն այն էր, որ նա մենակ չէր։ Միսիոներական շրջագայության այդ ժամանակահատվածում Պողոսի հետ էին Արիստարքոսը, Գայոսը, Սեկունդոսը, Սոպատրոսը, Տիմոթեոսը, Տյուքիկոսն ու Տրոֆիմոսը (Գործ. 20։3, 4)։
11. Քրիստոնյաներն ինչպե՞ս են խուսափում վտանգից, և այս առումով ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
11 Պողոսի նման՝ այսօր քրիստոնյաները իրենց ծառայությունը կատարելիս ձգտում են խուսափել վտանգներից։ Որոշ վայրերում նրանք քարոզում են խմբով կամ էլ առնվազն երկու հոգով։ Իսկ ինչպե՞ս են վարվում հալածանքի բախվելիս։ Ինչ խոսք, նրանք հասկանում են, որ հալածանքն անխուսափելի է (Հովհ. 15։20; 2 Տիմոթ. 3։12)։ Սակայն գիտակցաբար վտանգի չեն ենթարկում իրենց։ Այդպիսով նրանք ընդօրինակում են Հիսուսին։ Մի անգամ, երբ հակառակորդները փորձեցին քարկոծել նրան, նա «թաքնվեց ու հեռացավ տաճարից» (Հովհ. 8։59)։ Ավելի ուշ, երբ թշնամիները որոշեցին սպանել Հիսուսին, նա «այլևս բացահայտ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատի մոտ գտնվող տեղանքը» (Հովհ. 11։54)։ Աստծու Որդին ամեն ինչ անում էր, որպեսզի խուսափի վտանգից, քանի դեռ չէր հասել այն ժամը, երբ կկատարեր իր առնչությամբ Եհովայի կամքը։ Այսօր քրիստոնյաները նույնն են անում (Մատթ. 10։16)։
Նրանք «անչափ մխիթարվեցին» (Գործեր 20։5-12)
12-13. ա) Եվտիքոսի հարությունն ինչպե՞ս անդրադարձավ ժողովի վրա։ բ) Աստվածաշնչյան ո՞ր հույսն է մխիթարում նրանց, ովքեր հարազատ են կորցրել։
12 Պողոսն ու նրա ուղեկիցները միասին անցան Մակեդոնիայի միջով։ Սակայն դրանից հետո ակներևաբար բաժանվեցին և նորից միացան Տրովադայում։d Ղուկասը գրում է. «[Մենք] հինգ օրվա մեջ եկանք նրանց մոտ՝ Տրովադա»e (Գործ. 20։6)։ Հենց այստեղ էր, որ Պողոսը հարություն տվեց Եվտիքոսին։ Պատկերացնո՞ւմ ես, թե դա որքան ուրախացրեց եղբայրներին և քույրերին։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք «անչափ մխիթարվեցին» (Գործ. 20։12)։
13 Ինչ խոսք, նման հրաշքներ այսօր չեն լինում։ Այդուհանդերձ, բոլոր նրանք, ովքեր հարազատ են կորցրել, կարող են «անչափ մխիթարվել» հարության հույսով, որ տալիս է Աստվածաշունչը (Հովհ. 5։28, 29)։ Խորհենք. Եվտիքոսը անկատարության պատճառով ի վերջո նորից մահացավ (Հռոմ. 6։23)։ Մինչդեռ նրանք, ովքեր հարություն կառնեն Աստծու նոր աշխարհում, հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Իսկ նրանք, ովքեր հարություն են առնում՝ Հիսուսի հետ երկնքում կառավարելու, անմահություն կստանան (1 Կորնթ. 15։51-53)։ Ուստի թե՛ օծյալները և թե՛ ուրիշ ոչխարները «անչափ մխիթարվելու» հիմնավոր պատճառ ունեն (Հովհ. 10։16)։
«Թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործեր 20։13-24)
14. Պողոսն ի՞նչ ասաց Եփեսոսի երեցներին։
14 Պողոսն ու նրա ուղեկիցները Տրովադայից գնացին Ասոս, ապա Միտիլինե, Քիոս, Սամոս և Միլետոս։ Առաքյալը մտադիր էր Երուսաղեմ հասնել նախքան Պենտեկոստեի տոնը։ Այդ պատճառով նա այնպիսի նավ նստեց, որը կանգ չէր առնում Եփեսոսում։ Բայց Պողոսն ուզում էր տեսնել այդ քաղաքի երեցներին, ուստի խնդրեց նրանց իր հետ հանդիպել Միլետոսում (Գործ. 20։13-17)։ Երբ վերջիններս եկան, Պողոսն ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, թե ինչպես առաջին օրվանից, երբ ոտք դրեցի Ասիա՝ ամբողջ ժամանակ ձեզ հետ էի և ծառայում էի Տիրոջը մեծ խոնարհամտությամբ, արտասուքով ու փորձությունների մեջ լինելով, որոնք պատահեցին ինձ հրեաների դավադրությունների պատճառով, և որ ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն։ Բայց ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին ես հիմնովին վկայություն տվեցի Աստծու հանդեպ զղջման և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին» (Գործ. 20։18-21)։
15. Ի՞նչ դրական արդյունքներ է տալիս տնետուն ծառայությունը։
15 Այսօր բարի լուրը քարոզելու բազմաթիվ կերպեր կան։ Պողոսի պես՝ մենք ձգտում ենք ծառայել մարդաշատ վայրերում՝ կանգառներում, փողոցներում կամ շուկաներում։ Սակայն մեր քարոզչական ծառայության հիմնական ձևը տնետունն է։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին այն պատճառով, որ տնից տուն ծառայությունը բոլորին հնարավորություն է տալիս կանոնավորաբար լսելու Թագավորության լուրը, ինչը վկայում է Աստծու անկողմնակալության մասին։ Բացի այդ՝ ազնվասիրտ մարդիկ իրենց կարիքների համապատասխան անհատական օգնություն են ստանում։ Ավելին՝ տնից տուն ծառայությունը ամրացնում է քարոզիչների հավատն ու դիմացկունությունը։ Իրոք, ճշմարիտ քրիստոնյաների այցեքարտը եռանդուն ծառայությունն է «թե՛ հրապարակորեն, թե՛ տնից տուն»։
16-17. Ինչի՞ց է երևում Պողոսի անվախությունը, և քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս են ընդօրինակում նրան։
16 Պողոսը եփեսացի երեցներին ասաց, որ չգիտի, թե իրեն ինչ վտանգներ են սպասում Երուսաղեմում։ Ապա ավելացրեց. «Այնուհանդերձ, ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։ Այս անվախ առաքյալը թույլ չտվեց, որ որևէ բան՝ լինի վատ առողջությունը թե հալածանքը, խանգարի իրեն մինչև վերջ կատարելու իր ծառայությունը։
17 Այսօր նույնպես քրիստոնյաները տարբեր դժվարություններ են կրում։ Ոմանք ապրում են այնպիսի վայրերում, որտեղ մեր գործունեությունն արգելված է, ու Վկաներին հալածում են։ Ոմանք էլ ստիպված են պայքարել քայքայիչ հիվանդությունների դեմ՝ ֆիզիկական թե զգացական։ Քրիստոնյա երեխաները դպրոցում ենթարկվում են հասակակիցների ճնշմանը։ Ինչ հանգամանքներում էլ որ հայտնվեն, Եհովայի վկաները անսասան են, ինչպես Պողոսը։ Նրանք վճռականորեն շարունակում են «հիմնովին վկայություն տալ.... բարի լուրի մասին»։
«Ուշադիր եղեք ձեր անձերին և ամբողջ հոտին» (Գործեր 20։25-38)
18. Ինչի՞ շնորհիվ էր Պողոսը մաքուր բոլորի արյունից, և ինչպե՞ս կարող էին եփեսացի երեցներն ընդօրինակել նրան։
18 Պողոսը եփեսացի երեցներին հայտնեց, որ ամենայն հավանականությամբ վերջին անգամ է տեսնում նրանց։ Ապա սրտանց հորդորելով հետևել իր օրինակին՝ ասաց. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից, որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց»։ Ինչպե՞ս կարող էին երեցներն ընդօրինակել առաքյալին և այդպիսով մաքուր լինել բոլորի արյունից։ Կիրառելով նրա հետևյալ խորհուրդը. «Ուշադիր եղեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց Աստծու ժողովը հովվելու համար, որը նա գնեց իր Որդու արյունով» (Գործ. 20։26-28)։ Պողոսը նախազգուշացրեց, որ հոտի մեջ «գիշատիչ գայլեր» կմտնեն։ Նրանք «ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար»։ Ի՞նչ պետք է անեին երեցները։ «Արթո՛ւն եղեք,— խրախուսեց առաքյալը,— և հիշե՛ք, որ երեք տարի շարունակ օր ու գիշեր ես չդադարեցի ամեն մեկիդ արտասուքով հորդորելուց» (Գործ. 20։29-31)։
19. Առաջին դարի վերջում ինչպե՞ս գլուխ բարձրացրեց հավատուրացությունը, և ի՞նչ եղավ հետագայում։
19 «Գիշատիչ գայլերը» հայտնվեցին առաջին դարի վերջում։ Մ. թ. մոտ 98 թ.-ին Հովհաննես առաքյալը գրեց. «Շատ նեռեր են հայտնվել.... Նրանք մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային» (1 Հովհ. 2։18, 19)։ Երրորդ դարում հավատուրացության հետևանքով առաջ եկավ քրիստոնեական աշխարհի հոգևոր դասը, իսկ չորրորդ դարում Կոստանդին կայսրը պաշտոնապես ճանաչեց այսպես կոչված քրիստոնեությունը։ Որդեգրելով հեթանոսական ծեսերն ու ավանդույթները և դրանց «քրիստոնեական» տեսք տալով՝ հոգևորականներն իրոք «ծուռումուռ բաներ» էին խոսում։ Այդ հավատուրացության հետքերը առայսօր պահպանվել են քրիստոնեական կրոնների ուսմունքների և սովորույթների մեջ։
20-21. Ինչի՞ց է երևում Պողոսի անձնազոհությունը, և երեցներն այսօր ինչպե՞ս կարող են նույն ոգին ցուցաբերել։
20 Պողոսի ապրելակերպը հակապատկերն էր այն մարդկանց վարքի, ովքեր հետագայում սկսեցին շահագործել Աստծու հոտը։ Առաքյալը, չցանկանալով բեռ լինել ժողովի անդամների համար, աշխատում էր, որպեսզի վաստակեր իր ապրուստը։ Նա եղբայրներին օգնում էր անշահախնդրորեն։ Պողոսը եփեսացի երեցներին խրախուսեց անձնազոհություն ցուցաբերել՝ ասելով. «Դուք պետք է օգնեք թույլերին և հիշեք Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»» (Գործ. 20։35)։
21 Այսօր երեցները, Պողոսի նման, անձնազոհ ոգի ունեն։ Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի հոգևորականների, որոնք պարզապես կողոպտում են իրենց հոտը՝ այն եղբայրները, ովքեր «Աստծու ժողովը հովվելու» պատիվ ունեն, իրենց պարտականությունները կատարում են անշահախնդրորեն։ Քրիստոնեական ժողովում հպարտությունն ու փառասիրությունը տեղ չունեն։ Նրանք, ովքեր «իրենց սեփական փառքն են փնտրում», ի վերջո կընկնեն (Առակ. 25։27)։ Հանդգնությունը միմիայն անպատվություն է բերում (Առակ. 11։2)։
22. Եփեսոսի երեցներն ինչո՞ւ էին թանկ գնահատում Պողոսին։
22 Եղբայրները Պողոսին թանկ էին գնահատում նրա անկեղծ սիրո համար։ Երբ առաքյալը պետք է հեռանար, «բոլորը սկսեցին շատ լաց լինել, և նրանք Պողոսի վզովն էին ընկնում ու համբուրում էին նրան» (Գործ. 20։37, 38)։ Այսօր քրիստոնյաները նույնպես գնահատում ու սիրում են այն անհատներին, ովքեր Պողոսի նման անշահախնդրորեն ծառայում են հոտին։ Ուսումնասիրելով առաքյալի հիանալի օրինակը՝ մի՞թե համաձայն չես, որ նա ո՛չ չափազանցնում էր, ո՛չ էլ գլուխ էր գովում, երբ ասաց. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից» (Գործ. 20։26)։
a Տես «Պողոսի նամակները՝ Մակեդոնիայից» շրջանակը։
b Հավանաբար հենց Կորնթոսում եղած ժամանակ է Պողոսը գրել «Հռոմեացիներ» նամակը։
c Տես «Պողոսը նյութական օգնություն է հավաքում» շրջանակը։
d Գործեր 20։5, 6-ում Ղուկասը օգտագործում է «մենք» դերանունը, ինչը ցույց է տալիս, որ նա Փիլիպպեում կրկին միացավ Պողոսին, երբ վերջինս մեկնում էր Տրովադա (Գործ. 16։10-17, 40)։
e Փիլիպպեից Տրովադա հասնելու համար պահանջվեց հինգ օր։ Հավանաբար դրա պատճառը անբարենպաստ քամիներն էին, քանի որ մինչ այդ Պողոսը նույն ճանապարհորդությունը կատարել էր երկու օրում (Գործ. 16։11)։