ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ
Գոհունակություն և առատաձեռնություն
ՀԱՃԱԽ ԵՆՔ ԼՍՈՒՄ, ՈՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՎ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ։ Այսպես մտածող միլիոնավոր մարդիկ ծանրաբեռնված գրաֆիկով երկար աշխատում են, որպեսզի, որքան հնարավոր է, շատ փող վաստակեն։ Բայց մի՞թե փողն ու հարստությունը կարող են հարատև երջանկություն բերել։ Ի՞նչ են ցույց տալիս փաստերը։
Ինչպես նշվում է երջանկության մասին մի հանդեսում, երբ մարդու հիմնական կարիքները բավարարվում են, ավելի շատ փող ունենալը այլևս մեծ դեր չի խաղում երջանիկ լինելու հարցում (Journal of Happiness Studies)։ Իրականում, փողը չէ, որ դժբախտացնում է մարդուն։ Հոգեբանական մի ամսագրում ասվում է, որ «մարդուն դժբախտացնում է [փող] ունենալու անհագ ցանկությունը» (Monitor on Psychology)։ Այս խոսքերը հիշեցնում են մոտ քսան դար առաջ Աստվածաշնչում գրված մի նախազգուշացում. «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք.... իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Իսկ ի՞նչ «ցավերի» մասին է խոսքը։
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎԱԽ ԵՎ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ։ «Աշխատավորի քունը քաղցր է, անկախ նրանից՝ նա շատ է ուտում, թե քիչ, բայց հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի» (Ժողովող 5։12)։
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ՍՊԱՍՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԳԱԼԻՍ։ Հիասթափության պատճառը մասամբ այն է, որ փողի հանդեպ փափագը հնարավոր չէ բավարարել։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից» (Ժողովող 5։10)։ Բացի այդ՝ հարստանալու տենչը կարող է պատճառ լինել, որ մարդ զոհի այն կարևոր բաները, որոնք իսկապես նպաստում են երջանկությանը, օրինակ՝ այն թանկ ժամանակը, որ կարող էր անցկացնել ընտանիքի և ընկերների հետ կամ տրամադրել հոգևոր գործերին։
ՍԹՐԵՍ ԵՎ ՎՀԱՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ՓՈՂԸ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է, ԿԱՄ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ԳՈՐԾԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է։ «Հարստություն ձեռք բերելու համար տքնաջան մի՛ աշխատիր։ Դադարիր քո հասկացողության վրա հիմնվելուց։ Մի՞թե աչքերդ հարստության վրա ես հառում, չնայած որ այն ոչինչ է։ Այն անպայման արծվի թևերի պես թևեր կշինի իր համար և դեպի երկինք կթռչի» (Առակներ 23։4, 5)։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ
ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ «Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել, ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։7, 8)։ Գոհունակ մարդիկ սովորաբար չեն տրտնջում և քանի որ ճիշտ տրամադրվածություն ունեն, հակված չեն նախանձելու։ Նրանք չեն ձգտում ձեռք բերել բաներ, որոնց հնարավորությունը չունեն, ուստի զերծ են մնում ավելորդ մտահոգություններից ու սթրեսից։
ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Առատաձեռն մարդիկ երջանիկ են, քանի որ սիրում են երջանկացնել ուրիշներին, նույնիսկ եթե իրենց հնարավորությունները սահմանափակ են, և իրենք կարող են միայն մի փոքր ժամանակ և ուժ տրամադրել դիմացինին։ Հաճախ այդպիսի մարդիկ իրենց արածների դիմաց ձեռք են բերում այն, ինչը փողով հնարավոր չէ գնել՝ սեր, հարգանք և իսկական ընկերներ, ովքեր ի պատասխան՝ նույնպես առատաձեռնություն են դրսևորում (Ղուկաս 6։38)։
ՄԱՐԴԿԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՆԵՐԻՑ ԹԱՆԿ ՀԱՄԱՐԵԼ։ «Ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ, քան պարարտ ցուլ՝ ատելության հետ միասին» (Առակներ 15։17)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մարդկանց հետ ունեցած ջերմ, սիրառատ փոխհարաբերությունները շատ ավելի թանկ են, քան հարստությունը։ Եվ ինչպես դեռ կտեսնենք, առանց սիրո հնարավոր չէ երջանիկ լինել։
Սաբինա անունով մի կին, ով ապրում է Հարավային Ամերիկայում, իր փորձից հասկացավ, թե որքան արժեքավոր են աստվածաշնչյան սկզբունքները։ Երբ Սաբինայի ամուսինը լքեց նրան, նա ստիպված էր ծանր աշխատել, որպեսզի կարողանար հոգալ իր և իր երկու դուստրերի ամենաանհրաժեշտ կարիքները։ Սաբինան երկու տեղ էր աշխատում և ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը չորսին։ Բայց չնայած իր խիստ լարված գրաֆիկին՝ նա որոշեց ժամանակ հատկացնել Աստվածաշունչ ուսումնասիրելուն։ Ի՞նչ եղավ արդյունքը։
Սաբինայի ֆինանսական վիճակը չփոխվեց, բայց էապես փոխվեց կյանքի հանդեպ նրա տրամադրվածությունը։ Նա ձեռք բերեց ուրախություն, որը գալիս է հոգևոր կարիքները բավարարելուց (Մատթեոս 5։3)։ Սաբինան իսկական ընկերներ գտավ իր հավատակիցների շրջանում։ Բացի այդ՝ նա զգաց այն երջանկությունը, որ գալիս է տալուց, երբ սկսեց Աստվածաշնչից իր սովորած բաների մասին պատմել ուրիշներին։
Աստվածաշնչում ասվում է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։19)։ Այս խոսքերից կարող ենք եզրակացնել, որ եթե գոհունակ և առատաձեռն լինենք ու մարդկանց նյութական բաներից վեր դասենք, ապա մեր ջանքերը լիովին կարդարացվեն, և մենք մեզ երջանիկ կզգանք։