Քրիստոնյաները երջանիկ են ծառայության մեջ
«Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։
1. Ինչպիսի՞ վերաբերմունք է գերակշռում այսօրվա աշխարհում, և ինչո՞վ է այն վնասակար։
«ԵՍԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ» բառը 20–րդ դարի վերջին տասնամյակների ընթացքում շատ հաճախ էր լսվում։ Ըստ էության, այն նշանակում է «առաջինը ես» և մատնացույց է անում մի վերաբերմունք, որում եսասիրությունն ու ագահությունը հանդես են գալիս համատեղ, իսկ մյուս մարդիկ անտեսվում են։ Անշուշտ, կարելի է ասել, որ «սեփական ես»–ի ու «եսասիրության» դերը չի նվազել նաև 2000 թվականին։ Քանի՞ անգամ եք լսել այսպիսի արտահայտություններ՝ «իսկ դրանից ինձ ի՞նչ օգուտ» կամ «ես ի՞նչ բաժին կունենամ այդտեղից»։ Նման եսասիրական վերաբերմունքը չի կարող նպաստել երջանկությանը։ Սա լրիվ հակառակն է այն սկզբունքին, որը սովորեցրել է Հիսուսը. «Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։
2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ տալը մեծ ուրախություն է պատճառում։
2 Մի՞թե տալը իրոք ավելի մեծ ուրախություն է պարգևում, քան ստանալը։ Այո՛։ Օրինակ՝ մտածենք Եհովա Աստծո մասին. նա «կեանքի աղբիւրն» է և մարդկությանն ապահովում է այն ամենով, ինչ որ հարկավոր է ուրախ ու բեղուն կյանք վայելելու համար (Սաղմոս 36։9)։ Նա «ամէն բարի շնորհի եւ ամէն կատարեալ պարգեւի» Աղբյուրն է (Յակոբոս 1։17)։ «Երանելի Աստված» Եհովան տալիս է անդադար (Ա Տիմոթէոս 1։11)։ Նա սիրում է իր ստեղծած մարդկանց, որոնց համար էլ այսքան շատ բարիքներ է գործում (Յովհաննէս 3։16)։ Կամ վերցնենք, օրինակ, ընտանիքը։ Եթե ծնող եք, ապա գիտեք, թե ինչ մեծ զոհողություններ են հարկավոր երեխա մեծացնելու համար։ Մինչդեռ այդ երկար տարիների ընթացքում երեխան ինքը չի գիտակցում, թե ի՜նչ զոհողություններ են դրանք։ Նրան թվում է, որ դա հենց այդպես էլ պետք է լինի։ Բայց, այնուամենայնիվ, տեսնելով, թե ինչպես է ձեր երեխան աճում ու փթթում՝ դուք երջանիկ եք, քանի որ տալիս եք անեսասիրաբար։ Ինչո՞ւ. որովհետև սիրում եք նրան։
3. Ինչո՞ւ ենք մեզ երջանիկ զգում՝ Եհովային և մեր հավատակիցներին ծառայելով։
3 Այսպիսով՝ կարելի է զուգահեռ անցկացնել ճշմարիտ երկրպագության հետ, որին նույնպես բնորոշ է սիրուց մղված տալը։ Սիրելով Եհովային և մեր հավատակիցներին՝ երջանիկ ենք ծառայել և մեր անձերը տալ հանուն նրանց (Մատթէոս 22։37–39)։ Նա, ով ծառայում է եսասիրական շարժառիթներից դրդված, դժվար թե որևէ ուրախություն քաղի իր ծառայությունից։ Սակայն նա, ով ծառայում է անեսասիրաբար և, դրա դիմաց որևէ բան ստանալու մասին մտածելու փոխարեն, առավել մտահոգված է, թե ինչ կարող է տալ, երջանկություն է գտնում։ Այս ճշմարտությունը ի հայտ է գալիս այն բանից, թե ինչպես են մեր երկրպագության հետ կապված որոշ բառեր՝ օգտագործված Աստվածաշնչում։ Այդ բառերից երեքը կքննարկենք այս և հաջորդ հոդվածում։
Հիսուսի հանրային ծառայությունը
4. Ի՞նչ առանձնահատկություն ունի քրիստոնեական աշխարհի կողմից ժողովրդի համար մատուցվող ծառայությունը։
4 Հունարեն բնագրում երկրպագության հետ կապված այդ երեք կարևոր բառերից մեկը «լեյտուրգիա»–ն է, որը «Նոր աշխարհ թարգմանությունը» ներկայացնում է «հանրային ծառայություն» արտահայտությամբ։ Քրիստոնեական աշխարհում, ժամանակակից բառարանների համաձայն, այս բառը հայտնի է որպես «լիտուրգիա»՝ «պատարագ»։a Սակայն ձևական պատարագները իրականում չեն կարող օգտակար հանրային ծառայություններ համարվել։
5, 6. ա) Ի՞նչ ծառայություն էր ժողովրդի համար մատուցվում հին Իսրայելում, և որո՞նք էին այդ ծառայության բերած օգուտները։ բ) Ի՞նչ ավելի մեծ ծառայությամբ փոխարինվեց Իսրայելում մատուցվող ծառայությունը և ինչո՞ւ։
5 Պողոս առաքյալը իսրայելացի քահանաների վերաբերյալ «լեյտուրգի՛այի» հետ կապված հունարեն մի բառ է օգտագործել։ «Ամէն մի քահանայապետ,— գրում է նա,— ամէն օր կանգնում է պաշտամունք («լեյտուրգի՛այի» բառաձևերից մեկը) մատուցելու համար և շատ անգամ է մատուցում նոյն զոհերը» (Եբրայեցիս 10։11)։ Իսրայելում ղևտացի քահանաները ժողովրդի համար գնահատելի ծառայություն էին կատարում։ Նրանք ժողովրդին Աստծո Օրենքն էին ուսուցանում և նաև զոհեր էին մատուցում ժողովրդի մեղքերը քավելու համար (Բ Մնացորդաց 15։3; Մաղաքիա 2։7)։ Երբ քահանաներն ու ժողովուրդը Եհովայի Օրենքի հետ ներդաշնակ էին վարվում, բոլորն էլ ուրախ լինելու բազում պատճառներ էին ունենում (Բ Օրինաց 16։15)։
6 Իսրայելացի քահանաների համար մեծ պատիվ էր Օրենքի ներքո իրենց ծառայությունը հանուն ժողովրդի ի կատար ածելը, սակայն այդ ծառայությունը կորցրեց իր արժեքը, երբ իսրայելացիներն իրենց անհավատարմության պատճառով մերժվեցին Աստծո կողմից (Մատթէոս 21։43)։ Եհովան հոգ տարավ մեկ այլ՝ ավելի մեծ ծառայության մասին. ժողովրդի համար ծառայություն պիտի մատուցեր մեծ Քահանայապետ Հիսուսը։ «Սա յաւիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայութիւն,— կարդում ենք Աստվածաշնչում,— ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է բարեխօս լինելու նրանց համար» (Եբրայեցիս 7։24, 25)։
7. Ինչո՞ւ է ժողովրդի համար Հիսուսի մատուցած ծառայությունը անզուգական օգուտներ բերում։
7 Հիսուսը հավիտենական քահանա է լինելու՝ առանց հետնորդների։ Ուստի միայն նա կարող է փրկել մարդկությանը։ Մարդկանց համար այդ անզուգական ծառայությունը Հիսուսը մատուցում է ոչ թե ձեռակերտ տաճարում, այլ այն տաճարում, որի նախապատկերն էր հինը։ Այս նոր, հոգևոր տաճարի գոյությունը սկսվեց մ.թ. 29–ին։ Հիսուսն այժմ ծառայում է այդ տաճարի Սրբությունների Սրբությունում՝ երկնքում։ Նա ««պաշտօնեայ» է [լեյտուրգոս] Սրբարանի եւ ճշմարիտ խորանի, որ Տէ՛րը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդը» (Եբրայեցիս 8։2; 9։11, 12)։ Իր բարձր դիրքում Հիսուսը դարձյալ «ծառայող» է և իր հեղինակավոր դիրքից օգտվում է ոչ թե առնելու, այլ՝ տալու համար, քանի որ տալը նրան երջանկություն է պարգևում։ Այն «իր առաջ դրուած ուրախութեան» մի մասնիկն է, որը ժամանակին ուժ տվեց նրան՝ իր երկրային ողջ ընթացքն անցնելու (Եբրայեցիս 12։2)։
8. Ի՞նչ ծառայություն մատուցեց Հիսուսը ժողովրդին՝ Օրենքի ուխտը փոխարինելու համար։
8 Ժողովրդի համար Հիսուսի մատուցած ծառայությունն արտահայտվում է նաև մեկ այլ բանում։ Պողոսը գրել է. «Յիսուս աւելի բարձր սպասաւորութեան էլ հասաւ, քանի որ միջնորդ է առաւել լաւ ուխտի, ուխտ, որ լաւագոյն խոստումների վրայ հիմնուեց» (Եբրայեցիս 8։6)։ Եհովայի հետ Իսրայելի ունեցած փոխհարաբերությունների համար հիմք էր հանդիսացել Մովսեսի միջնորդությամբ կապված ուխտը (Ելից 19։4, 5)։ Մինչդեռ Հիսուսը միջնորդ եղավ նոր ուխտի, որը հնարավոր դարձրեց ծնունդ առնելը «Աստծու Իսրայէլի»՝ շատ ժողովուրդներից հավաքված, ոգով օծված քրիստոնյաներից բաղկացած մի նոր ազգի (Գաղատացիս 6։16; Եբրայեցիս 8։8, 13; Յայտնութիւն 5։9, 10)։ Ինչպիսի՜ ծառայություն է կատարել Հիսուսը։ Եվ որքա՜ն ուրախ ենք, որ ճանաչում ենք Հիսուսին՝ ժողովրդի համար ծառայողին, որի միջոցով հնարավորություն ունենք երկրպագելու Եհովային իրեն իսկ հաճելի ձևով (Յովհաննէս 14։6)։
Քրիստոնյաները ևս հանրային ծառայություն են մատուցում
9, 10. Հանրային ի՞նչ ծառայություններ են կատարել քրիստոնյաները անցյալում և ներկայումս։
9 Դեռևս մարդկանցից և ոչ մեկի մատուցած ծառայությունն այնպես վեհ ու բարձր չի եղել, ինչպիսին որ Հիսուսինն էր։ Սակայն երբ օծյալ քրիստոնյաները ստանում են իրենց երկնային վարձատրությունը, նրանք նստում են Հիսուսի կողքին և՝ որպես երկնային թագավորներ ու քահանաներ, մասնակցում ժողովրդի համար նրա մատուցած ծառայությանը (Յայտնութիւն 20։6; 22։1–5)։ Մարդկանց ծառայելու գործում իրենց բաժինն ունեն և դրանից մեծ ուրախություն են ստանում նաև երկրի վրա գտնվող քրիստոնյաները։ Օրինակ՝ երբ Պաղեստինում սննդամթերքի պակաս զգացվեց, Պողոս առաքյալը Եվրոպայի եղբայրներից իր հետ նվիրատվություններ բերեց՝ որոշ չափով թեթևացնելու համար Հրեաստանում ապրող հրեա քրիստոնյաների վիճակը։ Դա հանրային ծառայություն էր (Հռովմայեցիս 15։27; Բ Կորնթացիս 9։12)։ Քրիստոնյաներն այսօր էլ ուրախությամբ նման ծառայություն են մատուցում՝ շտապ օգնություն ցուցաբերելով իրենց եղբայրներին, երբ վերջիններս զրկանքների մեջ են ընկնում կամ էլ բնական աղետների և այլ փորձանքների զոհ դառնում (Առակաց 14։21)։
10 Պողոսը խոսեց ժողովրդի համար մատուցվող մեկ այլ ծառայության մասին ևս՝ գրելով. «Թէկուզ եւ ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ եւ մասնակից ձեր բոլորի հրճուանքին» (Փիլիպպեցիս 2։17)։ Հօգուտ փիլիպպեցիների Պողոսի կատարած քրտնաջան աշխատանքը հանրային ծառայություն էր՝ սիրով ու ջանասիրությամբ մատուցված։ Նույնատիպ ծառայություն են մատուցում այսօր հատկապես օծյալ քրիստոնյաները, որոնք իր ժամանակին հոգևոր կերակուր մատակարարող «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգին են պատկանում (Մատթէոս 24։45–47)։ Բացի դրանից, բոլորը միասին նրանք «սուրբ քահանայութիւն» են կազմում (ԱԹ)՝ «Յիսուս Քրիստոսի միջոցով.... [Աստծուն հաճելի] հոգեւոր պատարագներ» մատուցելու և ‘նրա առաքինությունները հռչակելու’ համար նշանակված, որը ‘խավարից կանչել է նրանց դեպի իր սքանչելի լույսը’ (Ա Պետրոս 2։5, 9, Արևմտ. Աստ.)։ Ինչպես Պողոսին, այդ առանձնաշնորհումը նրանց ևս մեծ ուրախություն է պատճառում, թեպետև «ընծայվում» են՝ իրենց ուսերին դրված պատասխանատվությունը կատարելու համար։ «Այլ ոչխարները» իրենց այս ընկերակիցներին աջակցում են նրանով, որ պատմում են մարդկանց Եհովայի ու նրա նպատակների մասին (Յովհաննէս 10։16; Մատթէոս 24։14)։b Որքա՜ն գնահատելի է և ուրախալի հանրային այդ ծառայությունը (Սաղմոս 107։21, 22)։
Սուրբ ծառայություն ենք մատուցում
11. Ո՞ր հարցում է Աննա մարգարեուհին հիանալի օրինակ թողել ներկայիս քրիստոնյաների համար։
11 Մեր երկրպագությանը վերաբերող հաջորդ հունարեն բառը «լատրե՛ա»–ն է, որը «Նոր աշխարհ թարգմանությունում» թարգմանված է՝ «սուրբ ծառայություն»։ Վերջինս կապված է երկրպագության հետ։ Օրինակ՝ ութսունչորսամյա այրի մարգարեուհի Աննան Աստվածաշնչում ներկայացված է որպես մեկը, «որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր–ցերեկ ծառայում էր [«սուրբ ծառայություն էր մատուցում», ՆԱ; «լատրե՛ա»–ի մի ձև] Աստծուն» (Ղուկաս 2։36, 37)։ Աննան հավատարմորեն էր երկրպագում Եհովային։ Նա մեզ՝ երիտասարդներիս, թե տարեցներիս համար հիանալի օրինակ է։ Ինչպես որ Աննան էր միշտ անկեղծորեն աղոթում Եհովային ու կանոնավորաբար տաճարում նրան երկրպագություն մատուցում, մենք էլ մեր հերթին սուրբ ծառայություն ենք մատուցում մեր աղոթքների ու ժողովի հանդիպումների միջոցով (Հռովմայեցիս 12։12; Եբրայեցիս 10։24, 25)։
12. Ի՞նչ կարևոր առանձնահատկություն ունի մեր սուրբ ծառայությունը, և ի՞նչ առումով է այն նաև հանրային։
12 Պողոս առաքյալը նշել է սուրբ ծառայության մի շատ կարևոր առանձնահատկության մասին։ «Վկայ է ինձ Աստուած, որին պաշտում եմ [«սուրբ ծառայություն եմ մատուցում», ՆԱ] ես իմ հոգով նրա Որդու Աւետարանի քարոզութեամբ,— գրել է նա,— թէ ինչպէս եմ անդադար յիշում ձեզ՝ ամենայն ժամ իմ բոլոր աղօթքներում» (Հռովմայեցիս 1։9, 10)։ Այո՛, բարի լուրի քարոզչությունը ոչ միայն ծառայություն է նրանց, ովքեր լսում են այն, այլև երկրպագություն է՝ ուղղված Եհովա Աստծուն։ Անկախ այն բանից՝ լսում են մեզ, թե՝ ոչ, քարոզչությունը Եհովային մատուցվող սուրբ ծառայություն է։ Մեծ ուրախություն ենք ապրում, երբ մարդկանց ջերմորեն պատմում ենք մեր սիրելի երկնային Հոր հիանալի հատկությունների և հօգուտ մեզ նրա ունեցած նպատակների մասին (Սաղմոս 71։23)։
Որտե՞ղ ենք սուրբ ծառայություն մատուցում
13. Ի՞նչ հեռանկար ունեն նրանք, ովքեր սուրբ ծառայություն են մատուցում Եհովային նրա հոգևոր տաճարի ներսի գավիթում, և ովքե՞ր են նրանց հետ ուրախանում։
13 Օծյալ քրիստոնյաներին Պողոսը գրել է. «Քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք [«սուրբ ծառայություն մատուցենք», ՆԱ] Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով» (Եբրայեցիս 12։28)։ Թագավորությունը ժառանգելու վստահ սպասումներով լի՝ օծյալները անսասան հավատով երկրպագում են Բարձրյալին։ Միայն նրանք կարող են Եհովայի հոգևոր տաճարի Սրբարանում և ներսի գավթում սուրբ ծառայություն մատուցել, ուստի խիստ փափագով սպասում են այն ժամանակին, երբ Սրբությունների Սրբությունում՝ երկնքում, Հիսուսի հետ միասին ծառայության կանցնեն։ «Այլ ոչխարներ» դասակարգի նրանց ընկերակիցները ուրախ են նրանց այդ հրաշք–հեռանկարի համար (Եբրայեցիս 6։19, 20; 10։19–22)։
14. Ի՞նչ օգուտ է քաղում մեծ բազմությունը Հիսուսի մատուցած հանրային ծառայությունից։
14 Իսկ որտե՞ղ են իրենց սուրբ ծառայությունը մատուցում «այլ ոչխարները»։ Ինչպես կանխապես տեսիլքում ցույց էր տրվել Հովհաննես առաքյալին, այս վերջին օրերում նրանցից մի մեծ բազմություն է գոյացել, որոնք «իրենց զգեստները լուացել ու սպիտակեցրել են Գառան արիւնով» (Յայտնութիւն 7։14)։ Սա նշանակում է, որ, իրենց ընկերակից օծյալ երկրպագուների նման, նրանք նույնպես հավատ են ընծայում Հիսուսի մատուցած հանրային ծառայությանը՝ հանուն մարդկության տված իր կատարյալ մարդկային կյանքի արժեքին։ Իրենց հերթին՝ «այլ ոչխարների» խմբի անդամները ևս օգուտ են քաղում Հիսուսի մատուցած հանրային ծառայությունից և ‘պահում են Եհովայի ուխտը’ (Եսայիա 56։6)։ Թեև նրանք նոր ուխտի մասնակիցներ չեն, այն պահում են՝ հնազանդվելով այդ ուխտի հետ կապված օրենքներին ու համագործակցելով այն ամենին, որ կազմակերպված է շնորհիվ այդ ուխտի։ Նրանք համագործակցում են Աստծո Իսրայելի հետ, օգտվում միևնույն հոգևոր սեղանից և ուս–ուսի տված աշխատում նրա անդամների հետ՝ Աստծուն հանրորեն փառաբանելով և նրան հաճելի հոգևոր զոհեր մատուցելով (Եբրայեցիս 13։15)։
15. Որտե՞ղ է մեծ բազմությունը կատարում իր սուրբ ծառայությունը, և ինչպե՞ս է այդ օրհնությունն անդրադառնում նրանց վրա։
15 Մեծ բազմությունը «կանգնած [է] աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած» (ԱԹ)։ Բացի այդ, նրանք «Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ» (Յայտնութիւն 7։9, 15)։ Իսրայելում նորահավատները Աստծուն երկրպագում էին Սողոմոնի տաճարի դրսի գավիթում։ Նմանապես, մեծ բազմության անդամները Եհովային երկրպագում են նրա հոգևոր տաճարի դրսի գավիթում։ Այդ ծառայությունը անսահման ուրախություն է պատճառում նրանց (Սաղմոս 122։1)։ Նույնիսկ այն դեպքում, երբ իրենց օծյալ ընկերակիցներից ամենավերջինը ընդունի իր երկնային ժառանգությունը, մեծ բազմության անդամները՝ որպես Եհովայի ժողովուրդ, կշարունակեն նրան սուրբ ծառայություն մատուցել (Յայտնութիւն 21։3)։
Սուրբ ծառայություն, որն ընդունելի չէ
16. Ի՞նչ նախազգուշացում է տրված սուրբ ծառայության վերաբերյալ Աստվածաշնչում։
16 Հին Իսրայելում սուրբ ծառայությունը պետք է մատուցվեր միայն Եհովայի սահմանած օրենքների համաձայն (Ելից 30։9; Ղեւտացոց 10։1, 2)։ Նմանապես և այսօր, եթե ցանկանում ենք, որ մատուցվող սուրբ ծառայությունն ընդունելի լինի Եհովայի կողմից, գոյություն ունեն պահանջներ, որոնք հարկավոր է բավարարել։ Այդ իսկ պատճառով էլ Պողոսը գրել է կողոսացիներին. «Մենք.... չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցուէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն՝ ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար» (Կողոսացիս 1։9, 10)։ Մենք չէ, որ պետք է որոշենք Աստծուն երկրպագելու ճիշտ ձևը։ Այդ հարցում կենսական կարևորություն ունեն Գրությունների վրա հիմնված ճշգրիտ գիտությունը, հոգևոր բաների ըմբռնումն ու աստվածային իմաստնությունը։ Այլապես կարող ենք սխալվել։
17. ա) Ինչպե՞ս էր սուրբ ծառայությունն աղավաղվել Մովսեսի օրերում։ բ) Ինչպե՞ս կարող է սուրբ ծառայությունը շեղվել իր ճիշտ ուղղությունից այսօր։
17 Հիշենք Մովսեսի օրերում ապրած իսրայելացիներին. նրանց մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Աստուած.... երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին [«երկնքի զորքերին սուրբ ծառայություն մատուցելու», ՆԱ]» (Գործք 7։42)։ Այդ իսրայելացիները տեսել էին հօգուտ իրենց Եհովայի գործադրած բազկի զորությունը։ Սակայն, կարծելով, թե այլ աստվածներից ինչ–որ բան կարող են ակնկալել՝ դիմել էին նրանց։ Նրանք հավատարիմ չէին մնացել Եհովային, իսկ հավատարմությունն ընդունելի սուրբ ծառայության գլխավոր պահանջն է (Սաղմոս 18։25, ՆԱ)։ Ճիշտ է, քչերն են այսօր երես թեքում Եհովայից աստղեր կամ ոսկե հորթեր երկրպագելու պատճառով, սակայն գոյություն ունեն կռապաշտության այլ ձևեր։ Հիսուսը նախազգուշացրել էր մամոնային՝ հարստությանը ծառայելու մասին, իսկ Պողոսը ագահությունն անվանել էր կռապաշտություն (Մատթէոս 6։24; Կողոսացիս 3։5)։ Սատանան իրեն աստված է համարում (Բ Կորընթացիս 4։4)։ Կռապաշտության այդ ձևերը իսկական սպառնալիք են ու ծուղակ մարդկանց համար։ Մտաբերենք, օրինակ, նրանց, ովքեր պնդում են, թե Հիսուսի հետևորդն են, սակայն իրենց կյանքի իրական նպատակը հարստանալն է. այդպիսիները վստահում են միայն սեփական անձին ու սեփական գաղափարներին։ Ո՞ւմ են, իրականում, նրանք ծառայում։ Ինչո՞վ են այդպիսի մարդիկ տարբերվում Եսայիայի օրերում ապրող հրեաներից, որոնք երդվում էին Եհովայի անունով, բայց նրա զորավոր գործերը վերագրում էին կուռքերին (Եսայիա 48։1, 5)։
18. Ինչպե՞ս է անցյալում և հիմա սուրբ ծառայությունը սխալ ձևով կատարվել։
18 Հիսուսը նաև զգուշացրել էր. «Ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք [«սուրբ ծառայություն», ՆԱ] է մատուցում» (Յովհաննէս 16։2)։ Պողոս առաքյալը, նախքան իր քրիստոնյա դառնալը (երբ դեռ հայտնի էր Սողոս անունով), անշուշտ կարծում էր, թե, ‘համաձայնելով Ստեփանոսի սպանությանը’ ու «Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով» լցվելով, Աստծուն հաճելի ծառայություն է մատուցում (Գործք 7։59; 8։1; 9։1)։ Այսօր էլ ցեղասպանությունների ու էթնիկական մաքրումների մեջ պատասխանատու ոճրագործներից ոմանք հայտարարում են, թե Աստծուն են երկրպագում։ Այո, շատերն են այդպես պնդում, սակայն նրանց երկրպագությունն ուղղված է ազգայնամոլությանը, տոհմականությանը, հարստությանը և «սեփական ես»–ի կամ պաշտամունքի այլ առարկաների աստվածներին։
19. ա) Ի՞նչ է մեզ համար մեր մատուցած սուրբ ծառայությունը։ բ) Ո՞ր դեպքում կարելի է ուրախություն գտնել՝ սուրբ ծառայություն մատուցելիս։
19 Հիսուսն ասել է. «Պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն [«Եհովային», ՆԱ] եւ միայն նրա՛ն պիտի պաշտես» (Մատթէոս 4։10)։ Չնայած այս խոսքերը նա ուղղել էր Սատանային, սակայն որքա՜ն կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հետևի դրանց։ Տիեզերքի Գերիշխան Տիրոջը սուրբ ծառայություն մատուցելը բարձր ու հիասքանչ առանձնաշնորհում է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր երկրպագության հետ կապված հանրային ծառայություն մատուցելու մասին։ Մարդկանց օգտին կատարվող այդ ուրախ աշխատանքը մեծ երջանկություն է պարգևում (Սաղմոս 41։1, 2; 59։16)։ Սակայն այդ ծառայությունն իրական ուրախություն կպատճառի միայն այն դեպքում, եթե մատուցվի անկեղծ սրտով և ճշգրտորեն։ Ովքե՞ր են, որ ճիշտ ձևով են երկրպագում Աստծուն։ Ո՞ւմ մատուցած սուրբ ծառայությունն է ընդունելի Եհովային։ Այս հարցերի պատասխանները կարող ենք ստանալ հաջորդ հոդվածում, երբ քննարկենք մեր երկրպագության հետ կապված աստվածաշնչյան երրորդ բառը։
[ծանոթագրություններ]
a Քրիստոնեական աշխարհի «լիտուրգիաները» կամ «պատարագները» հիմնականում երկրպագության հետ կապված ծառայություններ են կամ ծիսակատարություններ, որոնցից է նաև Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սուրբ հաղորդությունը։
b Արարատ թարգմանության մեջ Գործք 13։2–ում կարդում ենք, որ մարգարեներն ու վարդապետները Անտիոքում «Տիրոջը պաշտօն էին մատուցանում»։ Հունարեն «լեյտուրգի՛ա»–ի հետ կապված այդ բառը Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանությունը» տալիս է՝ «հանրայնորեն ծառայում էին»։ Ըստ ամենայնի, հանրային այդ ծառայությունն իր մեջ ընդգրկում էր հասարակության առջև քարոզելը։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ հանրային ծառայություն է կատարել Հիսուսը։
• Ի՞նչ հանրային ծառայություն են կատարում քրիստոնյաները։
• Ի՞նչ է իրենից ներկայացնում քրիստոնյաների մատուցած սուրբ ծառայությունը, և որտե՞ղ են նրանք այն կատարում։
• Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի մեր մատուցած սուրբ ծառայությունն ընդունելի լինի Աստծուն։
[նկար 10–րդ էջի վրա]
Ծնողները իրենց երջանիկ են զգում, երբ տալիս են։
[նկարներ 12–րդ, 13–րդ էջերի վրա]
Քրիստոնյաները հանրային ծառայություն են կատարում, երբ օգնություն են ցույց տալիս մարդկանց և երբ քարոզում են բարի լուրը։
[նկար 14–րդ էջի վրա]
Որպեսզի վստահ լինենք, որ Աստծուն ընդունելի է մեր մատուցած սուրբ ծառայությունը, հարկավոր է ճշգրիտ գիտություն և հասկացողություն ունենալ։