ԳԼՈՒԽ 23
«Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»
Պողոսը պաշտպանում է ճշմարտությունը զայրացած ամբոխների և Սինեդրիոնի առաջ
1-2. Ինչո՞ւ Պողոսը գնաց Երուսաղեմ, և այնտեղ ի՞նչ փորձություններ էին սպասում նրան։
ԵՐՈՒՍԱՂԵՄ։ Պողոսը նորից քայլում է այս քաղաքի նեղլիկ ու աղմկոտ փողոցներով։ Եհովայի ժողովրդի պատմության մեջ ոչ մի ուրիշ քաղաք այդքան մեծ դեր չի խաղացել։ Զարմանալի չէ, որ տեղի բնակիչները հպարտ են իրենց քաղաքի փառավոր անցյալով։ Ցավոք, դրան մեծ նշանակություն են տալիս նաև Երուսաղեմի քրիստոնյաներից շատերը։ Այդ պատճառով էլ նրանք դժվարանում են ընդունել նոր առաջնորդությունը և, հետևաբար, չեն աճում հոգևորապես։ Ուստի Պողոսը, ով դեռևս Եփեսոսում որոշել էր վերադառնալ Երուսաղեմ և նյութական օգնություն բերել, հասկանում է, որ տեղի քրիստոնյաները նաև հոգևոր օգնության կարիք ունեն (Գործ. 19։21)։ Առաքյալը հետ չկանգնեց Երուսաղեմ գալու իր որոշումից, նույնիսկ երբ իմացավ, որ այստեղ իրեն մեծ վտանգ է սպառնում։
2 Իսկ Պողոսին ի՞նչ փորձություններ են սպասում Երուսաղեմում։ Դժվարություններ են ծագում որոշ հավատակիցների պատճառով, ովքեր ուշադրություն են դարձրել առաքյալի մասին տարածվող բամբասանքներին։ Բայց շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծում են Քրիստոսի թշնամիները։ Նրանք Պողոսի դեմ կեղծ մեղադրանքներ են հարուցում, ծեծում են և փորձում սպանել։ Այնուամենայնիվ, այդ փոթորկալի դեպքերը առաքյալին հնարավորություն են տալիս պաշտպանելու իր հավատը։ Այդ դժվար իրավիճակում Պողոսը խոնարհություն, համարձակություն ու հավատ է ցուցաբերում՝ գերազանց օրինակ թողնելով մերօրյա քրիստոնյաների համար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
«Նրանք սկսեցին փառավորել Աստծուն» (Գործեր 21։18-20ա)
3-5. ա) Ի՞նչ հանդիպում տեղի ունեցավ Երուսաղեմում, և ի՞նչ քննարկվեց այդ հանդիպման ժամանակ։ բ) Երեցների հետ Պողոսի հանդիպումից ի՞նչ դասեր ենք քաղում։
3 Երուսաղեմ գալու հաջորդ օրը Պողոսն ու նրա ուղեկիցները հանդիպեցին ժողովի երեցների հետ։ Հետաքրքիր է, որ այս դեպքերի նկարագրության մեջ առաքյալներից ոչ ոք չի հիշատակվում։ Հավանաբար այդ ժամանակ նրանք բոլորը ծառայում էին աշխարհի տարբեր մասերում։ Սակայն Հիսուսի եղբայր Հակոբոսը դեռ Երուսաղեմում էր (Գաղ. 2։9)։ Նա ակներևաբար այդ հանդիպման նախագահողն էր, որին «բոլոր երեցները ներկա էին» (Գործ. 21։18)։
4 Նրանց ողջունելուց հետո Պողոսը «սկսեց մանրամասնորեն պատմել այն ամենը, ինչ Աստված արել էր ազգերի մեջ իր ծառայության միջոցով» (Գործ. 21։19)։ Պատկերացնո՞ւմ ես, թե նրա պատմածը որքան քաջալերեց եղբայրներին։ Այսօր մենք նույնպես շատ ենք քաջալերվում, երբ լսում ենք այլ երկրներում տեղի ունեցող աճի մասին (Առակ. 25։25)։
5 Ըստ ամենայնի, Պողոսն այդ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Եվրոպայից նյութական օգնություն է բերել։ Հեռավոր երկրներում ապրող եղբայրների ու քույրերի հոգատարությունը ջերմացրեց երեցների սրտերը, և «նրանք սկսեցին փառավորել Աստծուն» (Գործ. 21։20ա)։ Նմանապես այսօր աղետների կամ հիվանդությունների պատճառով տուժած քրիստոնյաները շատ են մխիթարվում, երբ հավատակիցները շտապում են օգնելու և քաջալերելու իրենց։
Շատերը դեռ «նախանձախնդիր են Օրենքի հանդեպ» (Գործեր 21։20բ, 21)
6. Ի՞նչ խնդրի մասին տեղեկացավ Պողոսը։
6 Այս ամենից հետո երեցները Պողոսին տեղեկացրին, որ Հրեաստանում մի խնդիր է ծագել, որն անձամբ իրեն է վերաբերում։ Նրանք ասացին. «Տե՛ս, եղբա՛յր, թե քանի հազար հավատացյալներ կան հրեաների մեջ, և նրանք բոլորը նախանձախնդիր են Օրենքի հանդեպ։ Բայց նրանք լուրեր են լսել քո մասին, թե դու ազգերի մեջ բոլոր հրեաներին հավատուրացություն ես սովորեցնում, դրդում ես հեռանալ Մովսեսի օրենքից՝ ասելով, որ նրանք ո՛չ թլփատեն իրենց երեխաներին, ո՛չ էլ հաստատված սովորույթներով շարժվեն»a (Գործ. 21։20բ, 21)։
7-8. ա) Ի՞նչ սխալ տեսակետ ունեին Հրեաստանի քրիստոնյաներից շատերը։ բ) Հրեա քրիստոնյաների սխալ պատկերացումները ինչո՞ւ հավատուրացության նշան չէին։
7 Բայց ինչո՞ւ էր Օրենքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյաների թիվն այդքան մեծ։ Չէ՞ որ արդեն 20 տարի էր անցել այն ժամանակվանից, երբ Օրենքը դադարել էր գործելուց (Կող. 2։14)։ Մ. թ. 49 թ.-ին առաքյալներն ու երեցները որոշում կայացրին այս հարցի վերաբերյալ։ Դրանից հետո նրանք նամակ ուղարկեցին ժողովներին՝ բացատրելով, որ այլազգի քրիստոնյաները չպետք է թլփատվեն ու պահեն Մովսիսական օրենքը (Գործ. 15։23-29)։ Սակայն այդ նամակում չէին հիշատակվում Հրեաստանի եղբայրները։ Իրականում նրանցից շատերն անգամ չգիտեին, որ Օրենքն այլևս ուժի մեջ չէ։
8 Կարո՞ղ էին արդյոք այդ անհատները քրիստոնյա համարվել, եթե նման սխալ մտածելակերպ ունեին։ Այո՛։ Նրանք անցյալում չէին պաշտել հեթանոսական աստվածների և այժմ չէին պահում իրենց նախկին կրոնական ծեսերը։ Մովսիսական օրենքը, որ անչափ կարևոր էր այդ քրիստոնյաների համար, Եհովայից էր տրվել։ Ուստի այն ոչ մի դիվական կամ սխալ տարր չէր պարունակում։ Սակայն Օրենքը կապ ուներ հին ուխտի հետ, մինչդեռ քրիստոնյաներն արդեն նոր ուխտի մեջ էին։ Հետևաբար անիմաստ էր պահել հին ուխտին վերաբերող սովորույթները։ Փաստորեն, Օրենքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյաները լավ չէին հասկանում ճշմարտությունը և ամբողջությամբ չէին վստահում քրիստոնեական ժողովին։ Նրանք պետք է փոխեին իրենց մտածելակերպը և քայլեին ճշմարտությանը համընթացb (Երեմ. 31։31-34; Ղուկ. 22։20)։
«Քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն» (Գործեր 21։22-26)
9. Պողոսն ի՞նչ էր սովորեցնում Մովսիսական օրենքի վերաբերյալ։
9 Իսկ ինչո՞ւ էին լուրեր տարածվել, թե Պողոսը այլ երկրներում ապրող հրեաներին սովորեցնում է, որ «ո՛չ թլփատեն իրենց երեխաներին, ո՛չ էլ հաստատված սովորույթներով շարժվեն»։ Պողոսն ուղարկված էր այլազգիներին քարոզելու։ Նա էր այլազգի քրիստոնյաներին ներկայացրել այն որոշումը, համաձայն որի՝ կարիք չկար, որ հնազանդվեին Օրենքին։ Պողոսը նաև հայտնում էր, որ սխալ է ստիպել այլազգիներին թլփատվել՝ ի նշան Օրենքի հանդեպ հպատակության (Գաղ. 5։1-7)։ Երբ Պողոսը այցելում էր տարբեր քաղաքներ, բարի լուրը քարոզում էր նաև այնտեղ ապրող հրեաներին։ Անկասկած, նա անկեղծ սիրտ ունեցողներին բացատրում էր, որ Հիսուսի մահով հին ուխտը չեղյալ է հայտարարվել, և որ մարդը արդար է համարվում ոչ թե Օրենքի գործերի, այլ իր հավատի շնորհիվ (Հռոմ. 2։28, 29; 3։21-26)։
10. Պողոսն ի՞նչ հավասարակշռված տեսակետ ուներ Օրենքի և թլփատության մասին։
10 Մյուս կողմից՝ Պողոսը հաշվի էր առնում նաև այն մարդկանց զգացմունքները, ովքեր մեծ կարևորություն էին տալիս հրեական որոշ սովորույթներին, օրինակ՝ շաբաթ կամ ծոմ պահելուն (Հռոմ. 14։1-6)։ Ավելին՝ առաքյալը թլփատության հետ կապված կանոններ չէր սահմանում։ Հիշենք, որ նա թլփատեց Տիմոթեոսին, որպեսզի փարատի հրեաների անվստահությունը։ Դա թերևս ծագեր այն պատճառով, որ այդ երիտասարդի հայրը հույն էր (Գործ. 16։3)։ Յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ որոշեր՝ թլփատվել, թե ոչ։ Պողոսը գաղատացիներին գրեց. «Ո՛չ թլփատությունը արժեք ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որը դրսևորվում է սիրո միջոցով» (Գաղ. 5։6)։ Սակայն եթե անհատը թլփատվեր Օրենքին հպատակվելու նպատակով կամ պնդեր, թե դա Եհովայի հավանությունը շահելու պարտադիր միջոց է, դա կվկայեր, որ նա հավատի պակաս ունի։
11. Երեցները ի՞նչ խորհուրդ տվեցին Պողոսին, և նա ի՞նչ պետք է աներ դրան հետևելու համար (տես ծանոթագրությունը)։
11 Ակնհայտ է, որ Պողոսի մասին տարածվող լուրերը չափազանցված էին։ Այդուհանդերձ, դրանք անհանգստացնում էին հրեա քրիստոնյաներին։ Խնդիրը լուծելու նպատակով երեցները Պողոսին առաջարկեցին. «Մենք չորս մարդիկ ունենք, որոնք ուխտ են արել։ Այդ մարդկանց քեզ հետ վերցրու և նրանց հետ ծիսականորեն մաքրվիր ու նրանց ծախսերը հոգա, որ իրենց գլուխներն ածիլեն։ Այդպիսով՝ բոլորը կիմանան, որ քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն, և որ դու պատշաճ կերպով ես վարվում, ու ինքդ էլ պահում ես Օրենքը»c (Գործ. 21։23, 24)։
12. Պողոսն ինչպե՞ս ճկունություն և համագործակցության ոգի դրսևորեց։
12 Պողոսն, իհարկե, կարող էր առարկել և ասել, որ իրականում խնդիրը ոչ թե իր մասին տարածվող բամբասանքն է, այլ հրեա քրիստոնյաների նախանձախնդրությունը Մովսիսական օրենքի հանդեպ։ Սակայն նա ճկուն էր և պատրաստ էր զիջելու, եթե իրենից չէր պահանջվում խախտել Աստծու սկզբունքները։ Ժամանակին առաքյալը գրել էր. «Օրենքի տակ լինողների համար օրենքի տակ լինողի պես եղա (թեև ինքս օրենքի տակ չեմ), որպեսզի օրենքի տակ լինողներին շահեմ» (1 Կորնթ. 9։20)։ Տվյալ դեպքում Պողոսը համագործակցեց Երուսաղեմի երեցների հետ և «օրենքի տակ լինողի պես» եղավ։ Այդպես վարվելով՝ նա լավ օրինակ թողեց մեզ։ Մենք նույնպես պետք է համագործակցենք երեցների հետ և համառորեն չպնդենք մեր կարծիքը (Եբր. 13։17)։
«Դա արժանի չէ ապրելու» (Գործեր 21։27-22։30)
13. ա) Հրեաներից ոմանք ինչո՞ւ խառնաշփոթ ստեղծեցին տաճարում։ բ) Պողոսի կյանքն ինչպե՞ս փրկվեց։
13 Երբ վերոհիշյալ մարդկանց ուխտավորության օրերը մոտենում էին ավարտին, Պողոսին տաճարում նկատեցին Ասիայի հրեաները։ Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, առաքյալին մեղադրեցին հույներին տաճար բերելու մեջ և հասարակական անկարգություն հրահրեցին։ Պողոսին հավանաբար կսպանեին, եթե չմիջամտեր հռոմեացի զորապետը։ Վերջինս կալանավորեց առաքյալին։ Այս դեպքից հետո Պողոսը ազատություն ստացավ միայն 4 տարի անց։ Սակայն կալանքը նրան չփրկեց վտանգից։ Երբ զորապետը հրեաներին հարցրեց, թե ինչու են հարձակվել Պողոսի վրա, վերջիններս սկսեցին տարբեր բաներ գոռալ, այնպես, որ ոչինչ հասկանալի չէր։ Ի վերջո, հարկ եղավ առաքյալին հեռացնելու այդտեղից։ Երբ Պողոսն ու հռոմեացի զինվորները մոտեցան զորանոցին, առաքյալը զորապետին ասաց. «Աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր ինձ խոսել ժողովրդի հետ» (Գործ. 21։39)։ Ստանալով նրա համաձայնությունը՝ Պողոսը սկսեց համարձակորեն պաշտպանել իր հավատը։
14-15. ա) Պողոսն ի՞նչ բացատրեց հրեաներին։ բ) Ի՞նչ քայլեր ձեռնարկեց հռոմեացի զորապետը, որպեսզի պարզի հրեաների զայրույթի պատճառը։
14 «Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»,— ասաց Պողոսը (Գործ. 22։1)։ Առաքյալը խոսեց եբրայերենով, ինչի շնորհիվ ամբոխը հանդարտվեց։ Նա անկեղծորեն բացատրեց, թե ինչու է դարձել Քրիստոսի հետևորդը։ Պողոսը հմտորեն այնպիսի փաստեր նշեց, որոնք հրեաները կարող էին հեշտությամբ ստուգել։ Առաքյալը հայտնեց, որ սովորել էր Գամաղիելի ոտքերի մոտ և հալածել էր Քրիստոսի հետևորդներին, ինչի մասին հավաքվածներից ոմանք թերևս տեղյակ էին։ Սակայն Դամասկոսի ճանապարհին նա տեսիլք էր տեսել. նրան երևացել էր հարություն առած Հիսուսը և խոսել էր իր հետ։ Իր ուղեկիցները պայծառ լույս էին տեսել և ինչ-որ ձայն լսել, սակայն չէին հասկացել, թե ինչ է այն ասում (Գործ. 9։7; 22։9)։ Դրանից հետո Պողոսը կուրացել էր։ Ուղեկիցները նրան հասցրել էին Դամասկոս։ Այնտեղ Անանիա անունով մի տղամարդ, որին քաղաքի հրեաները լավ ճանաչում էին, հրաշքով վերականգնել էր առաքյալի տեսողությունը։
15 Պողոսն ասաց նաև, որ երբ Երուսաղեմ էր վերադարձել, Հիսուսը տաճարում հայտնվել էր իրեն։ Այդ ժամանակ հրեաները խիստ բարկացան և սկսեցին գոռալ. «Վերացրո՛ւ այս մարդուն երկրից, որովհետև դա արժանի չէ ապրելու» (Գործ. 22։22)։ Պողոսին փրկելու նպատակով զորապետը կարգադրեց, որ նրան զորանոց տանեն։ Նա վճռեց պարզել, թե ինչու էին հրեաներն այդքան զայրացել առաքյալի վրա, ուստի հրամայեց խարազանելով հարցաքննել նրան։ Սակայն Պողոսն օգտվեց օրենքի միջոցով պաշտպանվելու իր հնարավորությունից և հայտնեց, որ Հռոմի քաղաքացի է։ Մեր օրերում Եհովայի վկաները նույնպես հաճախ դիմել են օրենքին՝ իրենց հավատը պաշտպանելու համար (տես «Հռոմի օրենքն ու քաղաքացիները» շրջանակը, ինչպես նաև այս էջի վրա գտնվող «Դատական պայքար մեր օրերում» շրջանակը)։ Երբ զորապետն իմացավ, որ Պողոսը Հռոմի քաղաքացի է, որոշեց մեկ այլ ձևով տեղեկություններ ստանալ նրանից։ Հաջորդ օրը նա առաքյալին կանգնեցրեց Սինեդրիոնի՝ հրեական գերագույն դատարանի առաջ։
«Ես փարիսեցի եմ» (Գործեր 23։1-10)
16-17. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պողոսը սկսեց խոսել Սինեդրիոնի առաջ։ բ) Խոնարհության ի՞նչ օրինակ ցույց տվեց Պողոսը, երբ նրան հարվածեցին։
16 Փորձելով Սինեդրիոնի առաջ պաշտպանել իրեն՝ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, մինչև այս օրը ես Աստծու առաջ բացարձակապես մաքուր խղճով եմ վարվել» (Գործ. 23։1)։ Բայց առաքյալը չկարողացավ շարունակել իր խոսքը։ Կարդում ենք. «Սա լսելով՝ Անանիա քահանայապետը կարգադրեց նրա կողքը կանգնածներին, որ նրա բերանին խփեն» (Գործ. 23։2)։ Ի՜նչ վիրավորական և անարդարացի արարք։ Փաստորեն, քահանայապետը առաքյալին ստախոսի պիտակ կպցրեց՝ առանց վերջինիս լսելու։ Զարմանալի չէ, որ Պողոսն ասաց. «Աստված պիտի հարվածի՛ քեզ, ա՛յ սպիտակեցրած պատ։ Դու նստում ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես և միևնույն ժամանակ Օրենքը ոտնահարելով՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն» (Գործ. 23։3)։
17 Ներկաներից ոմանք ցնցվեցին, բայց ոչ թե Պողոսին հարվածողի պատճառով, այլ առաքյալի խոսքերի։ Ուստի նրանք բացականչեցին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»։ Պողոսն էլ, խոնարհություն և Օրենքի հանդեպ հարգանք ցուցաբերելով, ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետ է, որովհետև գրված է. «Քո ժողովրդի իշխանի մասին անարգանքով մի՛ խոսիր»»d (Գործ. 23։4, 5; Ելք 22։28)։ Այնուհետև նա փոխեց իր մոտեցումը։ Հաշվի առնելով, որ Սինեդրիոնը բաղկացած էր փարիսեցիներից ու սադուկեցիներից՝ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ՝ փարիսեցիների որդի։ Մահացածների հարության հույսի համար եմ դատվում» (Գործ. 23։6)։
18. Պողոսն ինչո՞ւ իրեն «փարիսեցի» անվանեց, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այլ կրոնի մարդկանց քարոզելիս։
18 Ինչո՞ւ Պողոսն իրեն «փարիսեցի» անվանեց։ Քանի որ նա «փարիսեցիների որդի» էր, այսինքն՝ այդ աղանդին պատկանող ընտանիքից էր։ Ուստի շատերը թերևս շարունակում էին նրան փարիսեցի համարել։e Բայց ինչպե՞ս կարող էր Պողոսն իրեն փարիսեցի անվանել։ Չէ՞ որ փարիսեցիները հարության հետ կապված կեղծ գաղափարների էին հարում։ Նրանք պնդում էին, թե մահից հետո մարդու միջից դուրս է գալիս բանականությամբ օժտված հոգի, և թե արդարների հոգիները նորից մարմին են առնում։ Պողոսն, իհարկե, մերժում էր այդ գաղափարները։ Նա հավատում էր հարության այն ուսմունքին, որը Հիսուսն էր սովորեցրել (Հովհ. 5։25-29)։ Այնուամենայնիվ, մի հարցում առաքյալը համամիտ էր փարիսեցիների հետ. մահացածները անհույս վիճակում չեն։ Մինչդեռ սադուկեցիները հակառակվում էին այդ մտքին և չէին հավատում ապագա կյանքին։ Մենք կարող ենք նույն մոտեցումը ցուցաբերել, երբ զրուցում ենք այն մարդկանց հետ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում։ Թերևս ասենք, որ նրանց պես հավատում ենք Աստծուն։ Ինչ խոսք, այդ անհատների աստվածը գուցե Երրորդությունն է։ Այնուհանդերձ, նրանք մեզ նման ընդունում են, որ Աստված կա։
19. Ինչո՞ւ Սինեդրիոնում կռիվ սկսվեց։
19 Պողոսի խոսքերը պառակտում մտցրին Սինեդրիոնում։ Կարդում ենք. «Բարձրաձայն գոռգոռոցներ լսվեցին, ու փարիսեցիների միջից որոշ դպիրներ ելան ու սկսեցին բորբոքված վիճել ու ասել. «Մենք ոչ մի սխալ բան չենք գտնում այս մարդու մեջ, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ...»» (Գործ. 23։9)։ Նույնիսկ թեթև ակնարկն այն մասին, որ Պողոսը խոսել է հրեշտակի հետ, անընդունելի էր սադուկեցիների համար, քանի որ նրանք չէին հավատում հրեշտակների գոյությանը (տես «Սադուկեցիներ և փարիսեցիներ» շրջանակը)։ Սինեդրիոնում այնպիսի կռիվ սկսվեց, որ հռոմեացի զորապետը մեկ անգամ ևս փրկեց Պողոսին (Գործ. 23։10)։ Սակայն դրանով առաքյալը վերջնականապես չազատվեց վտանգից։ Ի՞նչ էր սպասում նրան։ Այդ մասին կխոսենք հաջորդ գլխում։
a Ըստ երևույթին, այդ ժամանակ արդեն բազմաթիվ ժողովներ հրեա քրիստոնյաների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով հանդիպումներն անցկացնում էին մասնավոր տներում։
b Մի քանի տարի անց Պողոս առաքյալը գրեց «Եբրայեցիներ» նամակը։ Նա ընդգծեց, որ նոր ուխտը առավելություն ունի հնի նկատմամբ։ Առաքյալը պարզ ցույց տվեց, որ նոր ուխտից հետո հինն այլևս չի գործում։ Պողոսն իր նամակում հիմնավոր փաստարկներ բերեց, որոնք եբրայեցի քրիստոնյաները կարող էին օգտագործել հրեա հակառակորդներին պատասխան տալու համար։ Այդ փաստարկները նաև ամրացրին այն քրիստոնյաների հավատը, ովքեր մեծ նշանակություն էին տալիս Մովսիսական օրենքին (Եբր. 8։7-13)։
c Աստվածաշնչագետներն ասում են, որ այդ մարդիկ հավանաբար ուխտավորներ են եղել (Թվեր 6։1-21)։ Թեև Պողոսը գիտեր, որ Մովսիսական օրենքով նախատեսված նման ուխտերն այլևս վավեր չեն, բայց չէր կարծում, թե վերոհիշյալ մարդիկ սխալ կվարվեն՝ կատարելով Եհովային տված իրենց խոստումը։ Հետևաբար սխալ չէր լինի նաև փակել այդ անհատների ծախսերը և ուղեկցել նրանց։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ ուխտ էին կապել այդ մարդիկ։ Սակայն եթե վերջիններս, մյուս ուխտավորների նման, որևէ կենդանի զոհաբերեին՝ մեղքերից ազատվելու համար, Պողոսը հաստատ թիկունք չէր կանգնի նրանց։ Քրիստոսի կատարյալ զոհից հետո կենդանական զոհերը կորցրել էին իրենց արժեքը։ Դրանց միջոցով այլևս հնարավոր չէր մեղքերի թողություն ստանալ։ Թեև մանրամասները հայտնի չեն, բայց կարող ենք վստահ լինել, որ Պողոսը չէր համաձայնվի իր խղճին հակառակ որևէ բան անել։
d Ոմանք ենթադրում են, որ Պողոսը չկարողացավ ճանաչել քահանայապետին վատ տեսողության պատճառով։ Ոմանք էլ ասում են, որ առաքյալն այնքան երկար չէր եղել Երուսաղեմում, որ չէր ճանաչում նոր քահանայապետին։ Հնարավոր է նաև, որ Պողոսը ամբոխի պատճառով չկարողացավ տեսնել, թե ով հրամայեց հարվածել իրեն։
e Մ. թ. 49 թ.-ին, երբ առաքյալներն ու երեցները քննարկում էին թլփատության հարցը, Երուսաղեմի ժողովում կային «փարիսեցիների աղանդից [քրիստոնյաներ], որ հավատացյալ էին դարձել» (Գործ. 15։5)։ Թեև վերջիններս արդեն ընդունել էին Քրիստոսին, սակայն, ինչպես տեսնում ենք, նրանց շարունակում էին «փարիսեցի» անվանել իրենց անցյալի պատճառով։