ԳԼՈՒԽ 26
«Ձեզնից ոչ մի հոգի չի կորչի»
Պողոսը նավաբեկության է ենթարկվում։ Ցուցաբերում է մեծ հավատ և սեր՝ մարդկանց հանդեպ
1-2. Ի՞նչ ճանապարհորդություն էր սպասում Պողոսին, և հավանաբար ի՞նչն էր անհանգստացնում նրան։
«ԿԱՅՍՐԻ մոտ էլ կգնաս»։ Պողոսը շարունակ մտածում է Ֆեստոսի այս խոսքերի մասին։ Կայսրի մոտ գնալը կարող է շատ բան փոխել։ Առաքյալը երկու տարի անցկացրել է բանտում։ Իսկ հիմա նա պետք է երկար ճանապարհորդություն կատարի դեպի Հռոմ ու ներկայանա կայսրին (Գործ. 25։12)։ Նրան թերևս այդ հանդիպման հետ կապված բազում հարցեր են տանջում։ Պողոսը չի ակնկալում, որ ճանապարհին միայն վայելելու է ծովաշունչ, թարմացնող զեփյուռը և զմայլվելու է անծայրածիր հորիզոնով։ Չէ՞ որ նա առաջին անգամ չէ նավ նստում։
2 Պողոսը բազմիցս վտանգների է բախվել ծովում. երեք անգամ նավաբեկության է ենթարկվել, նույնիսկ մի գիշեր ու մի օր անցկացրել է բաց ծովում (2 Կորնթ. 11։25, 26)։ Բացի դրանից՝ այս ճանապարհորդությունը մեծապես տարբերվելու է իր միսիոներական շրջագայություններից։ Այս անգամ Պողոսը բանտարկյալ է ու Կեսարիայից Հռոմ հասնելու համար պետք է ահռելի հեռավորություն անցնի՝ ավելի քան 3 000 կմ (2 000 մղոն)։ Արդյոք նա անվնաս տեղ կհասնի՞։ Եվ եթե այո, նրան մահ չի՞ սպառնա Հռոմում։ Ի վերջո, նա դատվելու է Սատանայի աշխարհի ամենահզոր ղեկավարի կողմից։
3. Ի՞նչ էր վճռել Պողոսը, և ինչի՞ մասին ենք խոսելու այս գլխում։
3 Արդյո՞ք Պողոսը հուսալքվեց և խուճապի մատնվեց։ Հաշվի առնելով նրա անցած ուղին, որի մասին այսքան կարդացինք՝ կարող ենք վստահությամբ ասել, որ ո՛չ։ Առաքյալը ակնկալում էր դժվարություններ, սակայն չգիտեր, թե ինչ տեսակի կլինեն դրանք։ Ինչո՞ւ նա կորցներ իր ուրախությունը՝ մտահոգվելով այնպիսի բաների մասին, որոնք դուրս էին նրա վերահսկողությունից (Մատթ. 6։27, 34)։ Պողոսը գիտեր, թե որն է Եհովայի կամքը իր առնչությամբ. նա պետք է Թագավորության բարի լուրը քարոզեր ամեն առիթի դեպքում՝ բոլոր մարդկանց, նույնիսկ պաշտոնյաներին (Գործ. 9։15)։ Առաքյալը վճռել էր ամեն գնով այդպես էլ անել։ Մի՞թե մենք նույնը չենք վճռել։ Ուրեմն Պողոսի հետ կատարենք այդ պատմական ճանապարհորդությունը և փորձենք դասեր քաղել նրա օրինակից։
Քամիները «հակառակ կողմից էին փչում» (Գործեր 27։1-7ա)
4. Պողոսն ինչպիսի՞ նավով սկսեց իր ճանապարհը, և ովքե՞ր էին նրա ուղեկիցները։
4 Պողոսին և մի քանի այլ բանտարկյալների հանձնեցին հռոմեացի հարյուրապետ Հուլիոսի հսկողությանը։ Վերջինս վճռեց, որ նրանք պետք է ճանապարհ ընկնեն մի առևտրական նավով։ Այն Կեսարիա էր եկել Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող Ադրամիտա նավահանգստից և անցել էր Լեսբոս կղզում գտնվող Միտիլինե քաղաքի կողքով։ Այդ նավը նախ շարժվելու էր դեպի հյուսիս, ապա արևմուտք՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով բեռնաթափվելու և բեռնվելու համար։ Այդպիսի նավերը նախատեսված չէին ուղևորներ, առավել ևս բանտարկյալներ տեղափոխելու համար, ուստիև համապատասխան հարմարություններ չունեին (տես «Ծովային ուղևորություններ» շրջանակը)։ Լավն այն է, որ Պողոսի հետ կային նաև ուրիշ քրիստոնյաներ, առնվազն երկու հոգի՝ Արիստարքոսն ու Ղուկասը։ Հենց վերջինս գրի առավ այդ դեպքերը։ Չգիտենք՝ այդ հավատարիմ եղբայրները վճարել էին նավ նստելու համար, թե ներկայացել էին իբրև Պողոսի ծառաներ (Գործ. 27։1, 2)։
5. Ո՞ւմ հանդիպեց Պողոսը Սիդոնում, և ի՞նչ ենք սովորում այդ դեպքից։
5 Նավը շարժվեց դեպի հյուսիս։ Ուղևորները մեկ օր անցկացրին ծովում՝ անցնելով մոտ 110 կմ (70 մղոն), և կանգ առան Ասորիքի Սիդոն քաղաքում։ Հուլիոսը Պողոսին թերևս սովորական բանտարկյալ չէր համարում, քանի որ վերջինս Հռոմի քաղաքացի էր, և նրա մեղքը չէր ապացուցվել (Գործ. 22։27, 28; 26։31, 32)։ Այդ հարյուրապետը թույլ տվեց առաքյալին ափ իջնել և հանդիպել հավատակիցների հետ։ Որքա՜ն նրանք ուրախացան՝ տեսնելով Պողոսին, ով երկու տարի բանտում էր եղել։ Անշուշտ, նրանք մեծ հաճույքով հոգ տարան նրա մասին։ Իսկ դու ո՞ր դեպքերում կարող ես նման հյուրասիրություն ու սեր ցուցաբերել և արդյունքում մեծապես քաջալերվել (Գործ. 27։3)։
6-8. Ինչպիսի՞ն էր Պողոսի ճանապարհը Սիդոնից մինչև Կնիդոս, և նա քարոզելու ի՞նչ առիթներ ունեցավ։
6 Սիդոնից դուրս գալով՝ նավը ափի երկայնքով բարձրացավ վերև և անցավ Կիլիկիայի Տարսոն քաղաքի կողքով, որտեղ մեծացել էր Պողոսը։ Ղուկասը չի նշում, որ իրենք որևէ այլ տեղում կանգ առան, սակայն մի չարաբաստիկ փաստ է հայտնում՝ քամիները «հակառակ կողմից էին փչում» (Գործ. 27։4, 5)։ Պողոսն, իհարկե, ոչ մի առիթ բաց չէր թողնում, որ քարոզեր բարի լուրը։ Նա անկասկած վկայություն էր տալիս մյուս բանտարկյալներին, ուղևորներին, նավի անձնակազմին ու զինվորներին։ Պողոսը Թագավորության լուրը հայտնում էր նաև այն նավահանգիստներում, որտեղ նրանք կանգ էին առնում։ Արդյոք մենք է՞լ ենք ամեն առիթի դեպքում քարոզում բարի լուրը։
7 Ի վերջո, նավը հասավ Միռա նավահանգիստ, որը գտնվում է Փոքր Ասիայի հարավում։ Այնտեղ Պողոսն ու մյուսները մեկ այլ նավ նստեցին, որը նրանց տանելու էր մինչև իրենց նպատակակետը՝ Հռոմ քաղաք (Գործ. 27։6)։ Այն օրերում Հռոմին հացահատիկով էր ապահովում Եգիպտոսը։ Ցորենով բեռնված նավերը ճանապարհին կանգ էին առնում հենց Միռայում։ Հուլիոսն այդպիսի մի նավ գտավ, և զինվորներին ու բանտարկյալներին կարգադրեց տեղափոխվել այնտեղ։ Այդ նավն, ըստ երևույթին, շատ ավելի մեծ էր, քան նախորդը։ Բացի արժեքավոր բեռից՝ դրանում տեղավորվեց նաև 276 մարդ՝ անձնակազմը, զինվորները, բանտարկյալները և, հավանաբար, Հռոմ մեկնող այլ անհատներ։ Սա նշանակում է, որ Պողոսի քարոզչական տարածքն ավելի ընդարձակվեց, և նա, անկասկած, օգտվեց այդ առիթից։
8 Ճանապարհորդների հաջորդ կանգառը լինելու էր Կնիդոսում, որ գտնվում է Փոքր Ասիայի հարավարևմտյան անկյունում։ Բարենպաստ քամու դեպքում նավն այնտեղ կհասներ մոտ մեկ օրում։ Սակայն Ղուկասը գրում է, որ նրանք «շատ օրեր դանդաղ նավարկելուց» հետո «դժվարությամբ» հասան Կնիդոս (Գործ. 27։7ա)։ Եղանակը ավելի ու ավելի անբարենպաստ էր դառնում նավարկության համար (տես «Միջերկրածովյան հակընթաց քամիները» շրջանակը)։ Պատկերացրու, թե ինչ վիճակում էին ուղևորները, երբ նավը պայքարում էր ուժեղ քամիների և մոլեգին ալիքների դեմ։
«Սաստիկ տարուբերվում էինք փոթորկից» (Գործեր 27։7բ-26)
9-10. Ի՞նչ դժվարություններ առաջացան Կրետեի մոտակայքում։
9 Նավապետը ծրագրել էր շարունակել Կնիդոսից դեպի արևմուտք շարժվել, բայց դեպքերի ականատես Ղուկասը գրում է, որ «քամին չէր թողնում» առաջ գնալ (Գործ. 27։7բ)։ Այդուհանդերձ, նավը հետզհետե հեռացավ ցամաքից, և այլևս չէր ընթանում ափամերձ ծովային հոսանքներով։ Հանկարծ ուժեղ հյուսիսարևմտյան քամի սկսվեց, որը կատաղի արագությամբ նավը քշեց դեպի հարավ։ Որոշ ժամանակ առաջ նախորդ նավը քամիներից պաշտպանել էր Կիպրոս կղզին։ Այս անգամ նույն դերը կատարեց Կրետե կղզին։ Հենց որ նավն անցավ Սաղմոնիա հրվանդանը, որ գտնվում է Կրետեի արևելքում, քամին փոքր-ինչ թուլացավ։ Ինչո՞ւ։ Որովհետև նավը հայտնվեց կղզու հարավային ափի մոտ, իսկ կղզին կոտրում էր հյուսիս-արևմուտքից փչող քամու ուժը։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ թեթևացում ապրեցին ճանապարհորդները։ Բայց դա երկար չտևեց։ Մոտենում էր ձմեռը։ Ուստի նրանք մտահոգվելու հիմնավոր պատճառ ունեին։
10 Ղուկասը նշում է. «Դժվարությամբ [Կրետեի] երկայնքով նավարկելով՝ եկանք մի վայր, որը Գեղեցիկ նավահանգիստ է կոչվում»։ Նավը շատ դժվար էր ղեկավարել, թեև կղզին հսկայական պարսպի նման պաշտպանում էր այն։ Ի վերջո, նավաստիները խարիսխ գցեցին մի փոքրիկ ծովածոցում։ Ասում են, որ դա հեռու չէր այն վայրից, որտեղից կղզին սկսում էր ձգվել դեպի հյուսիս։ Ինչպես վկայում է Ղուկասը, նրանք «բավականին ժամանակ» մնացին այնտեղ։ Սակայն դա իրենց օգտին չէր, քանի որ արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն էին։ Իսկ այդ ժամանակ նավարկելը շատ վտանգավոր էր (Գործ. 27։8, 9)։
11. Պողոսն ի՞նչ խորհուրդ տվեց, սակայն ի՞նչ որոշվեց։
11 Հավանաբար ուղևորներից ոմանք խորհուրդ հարցրին Պողոսից, քանի որ առաքյալը շատ էր ճանապարհորդել Միջերկրական ծովով։ Նա էլ առաջարկեց ծով դուրս չգալ։ Հակառակ դեպքում՝ նրանք «վնասներ ու մեծ կորուստներ» կունենային, նույնիսկ կարող էին կորցնել իրենց կյանքը։ Բայց նավի տերը, ինչպես նաև նավավարը որոշեցին շարունակել ճանապարհը։ Նրանք գուցե ցանկանում էին հնարավորինս շուտ ավելի անվտանգ տեղ գտնել։ Այդ մարդիկ Հուլիոսին և ուղևորներից շատերին համոզեցին, որ լավ կլինի գնալ Փյունիկ՝ Կրետեի նավահանգիստներից մեկը։ Ըստ երևույթին, այնտեղի ծովածոցն ավելի մեծ ու հարմար էր ձմեռելու համար։ Ուստի երբ հարավից մեղմ քամի փչեց, նրանք սխալմամբ կարծեցին, թե եկել է ծով դուրս գալու հարմար պահը (Գործ. 27։10-13)։
12. Ի՞նչ վտանգի մեջ հայտնվեց նավը, և նավաբեկությունից խուսափելու համար ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին։
12 Հանկարծ մի սարսափելի բան եղավ՝ հյուսիսարևելյան կողմից «կատաղի քամի բարձրացավ»։ Ուղևորները որոշ ժամանակ ապաստան գտան «Կլավդա կոչվող մի փոքրիկ կղզու» մոտ՝ Գեղեցիկ նավահանգստից մոտ 65 կմ (40 մղոն) հեռավորության վրա։ Սակայն քամին նավը քշեց դեպի հարավ։ Վտանգ կար, որ այն կխրվի աֆրիկական ափի ծանծաղուտների մեջ ու ջարդուփշուր կլինի։ Նավաստիները վախեցան, որ նավին կապված մակույկը նույնպես կկոտրվի, և նրանք չեն կարողանա ափ դուրս գալ, ուստի սկսեցին այն քաշել դեպի վեր։ Դա մեծ ջանքեր պահանջեց, քանի որ մակույկը թերևս լցվել էր ջրով։ Այնուհետև պարաններ կամ շղթաներ անցկացրին նավի տակով, որպեսզի այն ամուր լինի, և նրա տախտակները իրարից չանջատվեն։ Նավաստիներն իջեցրին առագաստները և հավաքեցին նավի մյուս սարքավորումները՝ ամեն ճիգ գործադրելով դուրս գալ փոթորկի գոտուց։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան սարսափած էին ուղևորները։ Չնայած նրանց ձեռնարկած բոլոր միջոցներին՝ նավը շարունակում էր «սաստիկ տարուբերվել»։ Երրորդ օրը նավաստիները ծովը նետեցին բոլոր սարքավորումները, որպեսզի նավը ջրի տակ չանցնի (Գործ. 27։14-19)։
13. Ի՞նչ հանգամանքներում հայտնվեցին Պողոսն ու նրա ուղեկիցները։
13 Ուղևորները խուճապի մեջ էին։ Սակայն Պողոսն ու իր ընկերակիցները վստահ էին, որ կփրկվեն։ Ինչո՞ւ։ Որոշ ժամանակ առաջ Հիսուսը հավաստիացրել էր առաքյալին, որ վերջինս պետք է քարոզի բարի լուրը Հռոմում։ Նույն հավաստիացումը տրվել էր նաև հրեշտակի միջոցով (Գործ. 19։21; 23։11)։ Ինչևէ, կատաղի փոթորիկը երկու շաբաթ չէր դադարում։ Հորդառատ անձրևների և ամպամածության պատճառով չէին երևում արևն ու աստղերը։ Հետևաբար նավավարը չէր կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է գտնվում նավը և ուր է ընթանում։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէր նույնիսկ հաց ուտել։ Եվ ո՞ւմ մտքով դա կանցներ, չէ՞ որ ցուրտ էր, անձրև էր գալիս, մարդիկ տառապում էին ծովախտով և սարսափահար էին։
14-15. ա) Ինչո՞ւ Պողոսը հիշեցրեց մարդկանց, որ խորհուրդ էր տվել ծով դուրս չգալ։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Պողոսը հուսադրող լուր էր հայտնում մարդկանց։
14 Պողոսը դիմեց մարդկանց։ Նա հիշեցրեց, որ խորհուրդ էր տվել ծով դուրս չգալ։ Բայց առաքյալը չէր հանդիմանում նրանց։ Պարզապես ցանկանում էր ցույց տալ, որ արժեր ականջ դնել իր խոսքերին։ Եվ փոթորիկը դրա վառ ապացույցն էր։ Ապա առաքյալն ասաց. «Ձեզ կոչ եմ անում սրտապնդվել, որովհետև ձեզնից ոչ մի հոգի չի կորչի, այլ միայն այս նավը կկորչի» (Գործ. 27։21, 22)։ Այս խոսքերը որքա՜ն սփոփեցին բոլորի սրտերը։ Պողոսի համար անչափ հաճելի էր, որ նա Եհովայի միջոցով կարող էր հուսադրող լուր հայտնել։ Շատ կարևոր է հիշել, որ Աստծու համար թանկ է յուրաքանչյուրի կյանքը։ Պետրոս առաքյալը գրել է. «Եհովան.... չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Ուստի այսօր անչափ կարևոր է, որ Աստծու տված հուսադրող լուրը հայտնենք հնարավորինս շատերին։ Չէ՞ որ դրանից է կախված նրանց կյանքը, որն այդքան արժեքավոր է Աստծու աչքում։
15 Պողոսն, անկասկած, նավում գտնվողներին պատմել էր Եհովայի տված հուսադրող խոստման մասին (Գործ. 26։6; Կող. 1։5)։ Բայց փոթորկի ժամանակ, երբ թվում էր, թե իրենք ուր որ է կխորտակվեն, առաքյալը նույն մարդկանց հուսադրեց Աստծու մեկ այլ խոստումով. նրանք փրկվելու էին մահից։ Նա ասաց. «Այս գիշեր Աստծու հրեշտակներից մեկը, այն Աստծու, որին ես երկրպագում եմ.... կանգնեց կողքիս և ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես»»։ Ապա առաքյալը հորդորեց. «Մի՛ հուսալքվեք, որովհետև ես հավատում եմ Աստծուն, որ կլինի ճիշտ այնպես, ինչպես ասվեց ինձ։ Մենք պետք է մի կղզու ափ ընկնենք» (Գործ. 27։23-26)։
«Բոլորը ապահով ցամաք դուրս եկան» (Գործեր 27։27-44)
16-17. ա) Պողոսը ո՞ր առիթն օգտագործեց աղոթելու համար, և դա ի՞նչ արդյունք բերեց։ բ) Ինչպե՞ս կատարվեցին առաքյալի խոսքերը։
16 Փոթորիկը նավը քշեց մոտ 870 կմ (540 մղոն)։ Երկու տանջալից շաբաթ անց նավաստիները զգացին, որ մի ցամաքի են մոտենում։ Հավանաբար նրանք ափին հարվածող ալիքների ձայն լսեցին։ Ուստի գցեցին խարիսխները, որպեսզի ջուրն իրենց չքշի, ապա նավն ուղղեցին դեպի ափ՝ հույս ունենալով ցամաք դուրս գալ։ Այդ ժամանակ նավաստիները փորձեցին փախչել նավից, սակայն Պողոսը հարյուրապետին և զինվորներին զգուշացրեց. «Եթե այս մարդիկ նավի մեջ չմնան, դուք չեք կարողանա փրկվել»։ Ուստի վերջիններս թույլ չտվեցին նավաստիներին իրականացնել իրենց մտադրությունը։ Քանի որ նավն արդեն շատ չէր տարուբերվում, առաքյալը բոլորին խրախուսեց հաց ուտել և նորից վստահեցրեց, որ իրենք կփրկվեն։ Ապա «ամենքի առաջ շնորհակալություն հայտնեց Աստծուն» (Գործ. 27։31, 35)։ Պողոսն իր այդ աղոթքով լավ օրինակ թողեց ոչ միայն Ղուկասի և Արիստարքոսի, այլև այսօրվա քրիստոնյաների համար։ Հանրության առջև ասված քո աղոթքները քաջալերանքի ու մխիթարության աղբյո՞ւր են ուրիշների համար։
17 Պողոսի աղոթքի շնորհիվ «բոլորն ուրախացան, և իրենք էլ սկսեցին ուտել» (Գործ. 27։36)։ Դրանից հետո նավաստիները ծով նետեցին ցորենը, որպեսզի նավը թեթև լինի և կարողանա մոտենալ ափին։ Երբ լույսը բացվեց, նրանք կտրեցին խարիսխները, արձակեցին նավախելում գտնվող թիակները և բարձրացրին առաջամասի առագաստը, որպեսզի նավը չկորցնի շարժունակությունը, երբ հայտնվեն ծանծաղուտում։ Հանկարծ նավը խրվեց ավազի կամ տիղմի մեջ, և նավախելը ալիքների ուժգին հարվածներից սկսեց կոտրվել։ Զինվորներից ոմանք ցանկացան սպանել բանտարկյալներին, որպեսզի ոչ ոք չկարողանա փախչել, սակայն Հուլիոսը թույլ չտվեց։ Նա պատվիրեց լողալով կամ որևէ առարկայից բռնվելով ափ հասնել։ Արդյունքում նավի վրա գտնվող բոլոր 276 հոգին էլ փրկվեցին։ Ինչպես և ասել էր Պողոսը, այդ մարդիկ «ապահով ցամաք դուրս եկան»։ Բայց որտե՞ղ էին նրանք (Գործ. 27։44)։
«Արտասովոր մարդասիրություն» (Գործեր 28։1-10)
18-20. Մալթացիներն ինչպե՞ս «արտասովոր մարդասիրություն ցուցաբերեցին», և Աստված ի՞նչ հրաշք արեց Պողոսի միջոցով։
18 Պարզվեց, որ փրկվածներն ընկել էին Մալթա կղզի՝ Սիցիլիայից դեպի հարավ (տես «Մալթա. որտե՞ղ էր այն» շրջանակը)։ Այդ կղզու բնակիչները, որ բոլորովին այլ լեզվով էին խոսում, «արտասովոր մարդասիրություն ցուցաբերեցին» (Գործ. 28։2)։ Նրանք խարույկ վառեցին ափ հասած օտարականների համար, ովքեր ոտքից գլուխ թրջված՝ դողում էին։ Ցուրտ էր, և անձրև էր գալիս։ Սակայն կրակը տաքացրեց փրկվածներին։ Այն նաև պատճառ դարձավ, որ հրաշք տեղի ունենա։
19 Պողոսը, ցանկանալով օգնություն ցույց տալ, ցախ հավաքեց և գցեց խարույկի մեջ։ Այդ ժամանակ մի իժ դուրս սողաց ու խայթեց առաքյալին՝ ամուր կպչելով նրա ձեռքին։ Մալթացիները կարծեցին, թե դա պատիժ էր աստվածների կողմից։a
20 Նրանք վստահ էին, որ Պողոսի մարմինը ուր որ է «կբորբոքվի և կուռչի»։ Ըստ մի աշխատության՝ բնագրում վերոհիշյալ բառերի փոխարեն բժշկական տերմին է օգտագործվում։ Եվ դա զարմանալի չէ։ Առաջին հերթին հենց այդ տերմինը պետք է ծագեր «սիրելի բժիշկ Ղուկասի» մտքում (Գործ. 28։6; Կող. 4։14)։ Ինչևէ, Պողոսն ընդամենը թափ տվեց ձեռքը և վայր գցեց թունավոր օձին։ Նրան ոչինչ չպատահեց։
21. ա) Ղուկասը մեծ ճշգրտությամբ ի՞նչ տեղեկություններ է հայտնում։ բ) Ի՞նչ հրաշքներ գործեց Պողոսը, և դրանք ինչպե՞ս անդրադարձան մալթացիների վրա։
21 Մոտակայքում ապրում էր Պոպլիոս անունով մի հարուստ կալվածատեր։ Հավանաբար նա այդ կղզում աչքի ընկնող հռոմեական պաշտոնյա էր։ Ղուկասը նրան «կղզու գլխավոր» է անվանում։ Ուշագրավ է, որ հենց այդ տիտղոսն է օգտագործվում Մալթայում հայտնաբերված երկու արձանագրություններում։ Այդ պաշտոնյան երեք օր հյուրընկալեց Պողոսին ու նրա ուղեկիցներին։ Բայց Պոպլիոսի հայրը հիվանդ էր։ Ղուկասն, ինչպես միշտ, հայտնում է, թե կոնկրետ ինչ հիվանդություն էր դա։ Նա «ջերմություն ուներ և տառապում էր դիզենտերիայով»։ Պողոսն աղոթեց ու իր ձեռքերը դրեց Պոպլիոսի հոր վրա, և վերջինս ապաքինվեց։ Այդ հրաշքից տպավորված՝ մալթացիները սկսեցին ուրիշ հիվանդների էլ բերել առաքյալի մոտ։ Նրանք բազմաթիվ նվերներ տվեցին Պողոսին ու մյուս քրիստոնյաներին՝ ապահովելով նրանց բոլոր անհրաժեշտ բաներով (Գործ. 28։7-10)։
22. ա) Մի պրոֆեսոր ի՞նչ է գրել Ղուկասի արձանագրության մասին։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։
22 Պողոսի ճանապարհորդության այս հատվածը մեծ ճշգրտությամբ է ներկայացված։ Ըստ մի պրոֆեսորի՝ «Ղուկասի կողմից արձանագրված այս պատմությունը.... Աստվածաշնչում տեղ գտած ամենավառ նկարագրություններից է։ Այնտեղ այնպիսի ճշգրիտ մանրամասներ կան առաջին դարի նավավարության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելքում տիրող եղանակային պայմանների վերաբերյալ», որ դրանք պետք է որ գրված լինեին օրագրում արված նշումների հիման վրա։ Բացառված չէ, որ Պողոսի հետ ճանապարհորդելիս Ղուկասը նման գրառումներ էր անում։ Եթե այդպես է, ապա նա բավական բան կունենար գրելու նաև իրենց հետագա ճանապարհորդության մասին։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Պողոսի հետ, երբ նա վերջապես հասավ Հռոմ։
a Կղզու բնակիչները չզարմացան՝ այդ օձին տեսնելով։ Այստեղից հետևում է, որ այն օրերում Մալթայում իժեր կային։ Սակայն այսօր չկան։ Թերևս դարերի ընթացքում դրանք վերացել են շրջակա միջավայրի փոփոխության հետևանքով։ Հնարավոր է նաև, որ Մալթայի հետզհետե աճող բնակչությունն է ոչնչացրել այդ սողուններին։