Լինենք ճկուն ծառայողներ
«Ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 9։22)։
1, 2. ա) Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ արդյունավետ ծառայող է։ բ) Ինչպե՞ս Պողոսն արտահայտվեց իր ստացած առաջադրանքի մասին։
ՆԱ ԻՐԵՆ ազատ էր զգում ինչպես գիտուն ու զարգացած անձնավորությունների, այնպես էլ հասարակ վրանագործների կողքին։ Նրա խոսքը համոզիչ էր թե՛ հռոմեական բարձրաստիճան պաշտոնյաների և թե՛ փռյուգիացի գյուղացիների համար։ Նրա գրությունները գործերի էին մղում և՛ ազատախոհ հույներին, և՛ պահպանողական հրեաներին։ Նրա տրամաբանությունը նույնքան անհերքելի էր, ինչքան որ ազդեցիկ էր զգացմունքներով լի նրա խոսքը։ Ամեն մարդու հետ նա փորձում էր ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի գոնե մի քանիսին բերեր դեպի Քրիստոսը (Գործք 20։21)։
2 Այդ մարդը Պողոս առաքյալն էր, որը, անկասկած, արդյունավետ և ճկուն ծառայող էր (Ա Տիմոթէոս 1։12)։ Նա առաջադրանք ստացավ Հիսուսից, որ «[Քրիստոսի] անունը տանէ հեթանոսների, թագավորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին» (Գործք 9։15)։ Ինչպիսի՞ն էր Պողոսի վերաբերմունքն այդ հանձնարարությանը։ Նա ասաց. «Ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։ Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ» (Ա Կորնթացիս 9։19–23)։ Պողոսի օրինակը կարող է օգնել մեզ ավելի արդյունավետ լինել քարոզչության և ուսուցման գործում։ Իսկ կոնկրետ ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
Փոխվում է և կատարում դժվարին հանձնարարությունը
3. Նախքան իր դարձը Պողոսն ի՞նչ զգացումներ էր տածում քրիստոնյաների հանդեպ։
3 Պողոսը մի՞շտ էր եղել երկայնամիտ և ուշադիր անձնավորություն, պիտանի՝ իրեն տրված առաջադրանքը կատարելու։ Բոլորովի՛ն։ Կրոնական մոլեռանդությամբ համակված՝ Սողոսը (Պողոսը նախկինում հայտնի էր այդ անունով) դաժանորեն հալածել էր Քրիստոսի հետևորդներին։ Երիտասարդ հասակում նա հավանություն էր տվել Ստեփանոսի սպանությանը։ Դրանից հետո Պողոսը կատաղաբար ընկել էր քրիստոնյաների ետևից (Գործք 7։57, 59բ; 8։1, 3; Ա Տիմոթէոս 1։13)։ Նա ամեն ժամանակ «սպառնալիք եւ մահ [էր շնչում] Տիրոջ աշակերտների վերայ»։ Չբավարարվելով երուսաղեմցի հավատացյալներին հալածելով՝ նա սկսել էր իր ատելությունը տարածել նաև հյուսիսում՝ հեռավոր Դամասկոսում (Գործք 9։1, 2)։
4. Իր տեսակետի մեջ ի՞նչ շտկում պետք է Պողոսն աներ ստացած հանձնարարությունը կատարելու համար։
4 Միանգամայն հնարավոր է, որ քրիստոնեության նկատմամբ Պողոսի ունեցած ուժգին ատելության պատճառը նրա համոզվածությունն էր այն բանում, թե նոր հավատն իր օտար, անցանկալի գաղափարներով կքայքայի հուդայականությունը։ Չէ՞ որ Պողոսը «փարիսեցի» էր եղել, անուն, որը նշանակում էր «առանձնացած անձնավորություն» (Գործք 23։6)։ Պատկերացրու, թե, ըստ ամենայնի, ինչպիսի ցնցում էր զգացել Պողոսը՝ իմանալով, որ Աստված իրեն է ընտրել Քրիստոսի մասին ոչ հրեաներին քարոզելու համար (Գործք 22։14, 15; 26։16–18)։ Փարիսեցիները նույնիսկ չէին ցանկանում ուտել նրանց հետ, ում իրենք մեղավոր էին համարում (Ղուկաս 7։36–39)։ Անկասկած, Պողոսից պահանջվում էր մեծ ջանքեր գործադրել սեփական տեսակետը քննելու և այն համապատասխանեցնելու Աստծու կամքին, որն է՝ ամեն տեսակի մարդիկ պետք է փրկվեն (Գաղատացիս 1։13–17)։
5. Ծառայության հետ կապված՝ ինչո՞ւմ կարող ենք ընդօրինակել Պողոսին։
5 Թերևս մենք էլ պետք է այդպես վարվենք։ Եթե մեր քարոզչական տարածքում գնալով ավելի շատ ենք հանդիպում տարբեր ազգերի մարդկանց, ուրեմն կարիք ունենք գիտակցական ջանքեր թափել՝ ստուգելու նրանց վերաբերյալ ունեցած մեր տեսակետը և ազատվելու ամեն մի նախապաշարումից (Եփեսացիս 4։22–24)։ Գիտակցում ենք, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ մենք ձևավորվում ենք այն հասարակության մեջ, որտեղ դաստիարակություն և կրթություն ենք ստանում։ Այս հանգամանքը կարող է մեր մեջ սերմանել կանխակալ և ոչ ճկուն հայացքներ։ Եթե ուզում ենք հեզ ու խոնարհ անհատներ գտնել և նրանց օգնել, ուրեմն պետք է փոխենք նման հայացքները (Հռովմայեցիս 15։7)։ Պողոսը հենց դա արեց։ Նա չվախեցավ այն դժվարություններից, որ բերելու էր ծառայությունն ընդարձակելը։ Սիրուց մղված՝ Պողոսն իր մեջ զարգացրեց ընդօրինակման արժանի ուսուցողական հմտություններ։ Այո, ‘հեթանոսների առաքյալի’ ծառայությունն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ նա քարոզելիս և ուսուցանելիս ուշադիր էր, ճկուն և հնարամիտ (Հռովմայեցիս 11։13)։a
Ինչպես էր ճկուն ծառայողը վարվում տարբեր իրավիճակներում
6. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց, որ հաշվի է առնում իր ունկնդիրների ով լինելը, և ի՞նչ եղավ արդյունքը։
6 Լինելով ուշադիր անձնավորություն՝ Պողոսը հաշվի էր առնում, թե ովքեր են իր ունկնդիրները, և ինչ համոզմունքներ ունեն նրանք։ Օրինակ՝ Ագրիպպաս II թագավորի հետ խոսելիս Պողոսն ընդունեց, որ նա «տեղեակ [է] Հրէից բոլոր սովորութիւններին եւ խնդիրներին»։ Իմանալով, թե Ագրիպպասն ինչ համոզմունքներ ուներ՝ Պողոսը հմտորեն քննարկեց բաներ, որոնք թագավորը լավ էր հասկանում։ Նա այնքան հստակ և համոզիչ կերպով էր տրամաբանում, որ Ագրիպպասն ասաց. «Քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ» (Գործք 26։2, 3, 27, 28)։
7. Ինչպե՞ս Պողոսը ճկունություն դրսևորեց Լյուստրայում հավաքված բազմությանը քարոզելիս։
7 Պողոսը նաև ճկուն էր։ Ուշադրություն դարձրու, որ նա ուրիշ մոտեցում հանդես բերեց, երբ փորձեց Լյուստրա քաղաքում հավաքված բազմությանը համոզել, որ չերկրպագեն իրեն ու Բառնաբասին ինչպես աստվածների։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ մարդիկ, որ խոսում էին լիկաոներեն, համեմատած ուրիշների հետ, համարվում էին քիչ կրթված ու շատ սնահավատ։ Համաձայն Գործք 14։13–17-ի՝ Պողոսը ճշմարիտ Աստծու գերազանցությունը շեշտելու համար վկայակոչեց արարչությունն ու բնության բարիքները։ Նրա խոսքը բավական համոզիչ էր, և այն ակներևաբար ‘ժողովրդին զսպեց, որ Պողոսին և Բառնաբասին զոհ չմատուցեն’ (ԱԱ)։
8. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց իր ճկունությունը, չնայած որ երբեմն բուռն կերպով էր արձագանքում տեղի ունեցածին։
8 Իհարկե, Պողոսը կատարյալ չէր ու երբեմն բուռն կերպով էր արձագանքում տեղի ունեցածին։ Օրինակ՝ մի անգամ, երբ ստորացուցիչ և անարդար ձևով վարվեցին իր հետ, նա, չիմանալով, թե ում հետ է խոսում, կոպիտ ձևով պատասխանեց Անանիա անունով քահանայապետին։ Բայց երբ Պողոսին ասացին, թե ում է վիրավորել, նա անմիջապես ներողություն խնդրեց (Գործք 23։1–5)։ Աթենքում Պողոսը սկզբում «սաստիկ զայրանում էր իրանում, որ տեսնում էր քաղաքը կուռքերով լիքը»։ Սակայն Արիսպագոսում ասած իր ելույթում Պողոսը որևէ ձևով չարտահայտեց իր զայրույթը։ Փոխարենը՝ նա, դիմելով հրապարակում հավաքված աթենացիներին, իր խոսքը կառուցեց ընդհանուր հիմքի վրա. Պողոսը հիշատակեց մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ «անծանօթ աստուծուն», ինչպես նաև մեջբերեց նրանց բանաստեղծներից մեկի խոսքերը (Գործք 17։16–28)։
9. Տարբեր մարդկանց հետ խոսելով՝ ինչպե՞ս Պողոսը հնարամտություն դրսևորեց։
9 Տարբեր մարդկանց հետ խոսելով՝ Պողոսը ուշագրավ հնարամտություն էր դրսևորում։ Նա հաշվի էր առնում իր ունկնդիրների նիստուկացն ու շրջապատը, որոնք ազդեցություն էին գործում նրանց մտածելակերպի վրա։ Հռոմի քրիստոնյաներին նամակ գրելիս Պողոսը շատ լավ գիտեր, որ նրանք ապրում են այն ժամանակվա ամենից զորեղ պետության մայրաքաղաքում։ Նրա նամակի հիմնական միտքը հետևյալն էր. Ադամի գործած մեղքի ապականելու զորությունը հաղթվում է Քրիստոսի փրկելու զորությամբ։ Պողոսը հռոմեացի քրիստոնյաներին և նրանց շրջապատի մարդկանց դիմեց այնպիսի խոսքերով, որոնք կհասնեին նրանց սրտին (Հռովմայեցիս 1։4; 5։14, 15)։
10, 11. Ինչպե՞ս էր Պողոսն իր օրինակները հարմարեցնում ունկնդիրներին (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
10 Իսկ ի՞նչ էր անում Պողոսը, երբ ցանկանում էր աստվածաշնչային խոր ճշմարտություններն ու բարդ գաղափարները բացատրել իր ունկնդիրներին։ Առաքյալը հմտորեն կիրառում էր բոլորին ծանոթ ու հասկանալի լուսաբանումներ։ Օրինակ՝ Պողոսը գիտեր, որ Հռոմի բնակիչները ծանոթ էին Հռոմեական կայսրությունում տիրող ստրկատիրական կարգերին։ Կարելի է ասել, որ այն մարդկանցից շատերը, ում նա հասցեագրել էր իր նամակը, ստրուկներ էին։ Ուստի Պողոսը ստրկության գաղափարն օգտագործեց, որպեսզի է՛լ ավելի համոզիչ դարձնի իր զորավոր փաստարկն այն մասին, որը անհատը ընտրում է կա՛մ մեղքին հնազանդվելը, կա՛մ արդարությանը (Հռովմայեցիս 6։16–20)։
11 Մի աշխատությունում գրված է. «Հռոմեացիների շրջանում ստրկատերը կարող էր առանց որևէ պայմանի ազատ արձակել ստրուկին, կամ ստրուկը, իր տիրոջը վճարելով, կարող էր գնել իր ազատությունը։ Ազատություն կարելի էր ստանալ նաև այն դեպքում, երբ սեփականության իրավունքը փոխանցվում էր աստծու»։ Ազատված ստրուկը կարող էր վարձի դիմաց շարունակել աշխատել իր տիրոջ համար։ Պողոսն ակներևաբար հենց սա նկատի ուներ, երբ գրեց անհատի ընտրության մասին, թե որ տիրոջը հնազանդվել՝ մեղքի՞ն, թե՞ արդարությանը։ Հռոմեացի քրիստոնյաները ազատվել էին մեղքի ծառայությունից, և այժմ նրանց տերը Աստված էր։ Նրանք ազատ էին ծառայելու Աստծուն, բայցևայնպես, եթե ցանկանային, կարող էին ծառայել մեղքին՝ նախկին տիրոջը։ Այս պարզ ու ծանոթ օրինակը կմղեր հռոմեացի քրիստոնյաներին հարց տալ. «Ո՞ր տիրոջն եմ ես ծառայում»։b
Պողոսի օրինակից սովորենք
12, 13. ա) Ի՞նչ ջանքեր են հարկավոր, եթե ուզում ենք հասնել տարբեր ազգերի մարդկանց սրտին։ բ) Ի՞նչն է քեզ օգնել, որ արդյունավետորեն քարոզես տարբեր ազգերի մարդկանց։
12 Մենք պետք է Պողոսի պես լինենք ուշադիր, ճկուն և հնարամիտ, եթե ուզում ենք հասնել տարբեր ազգերի մարդկանց սրտին։ Որպեսզի նրանց օգնենք հասկանալ բարի լուրի իմաստը, ցանկանում ենք ավելին անել, քան պարզապես մակերեսային շփում ունենալ նրանց հետ՝ ասել պատրաստված մատուցումը կամ թողնել սուրբգրային որևէ գրականություն։ Մենք ջանում ենք նկատել նրանց կարիքներն ու մտահոգությունները, այն, թե ինչն է նրանց դուր գալիս և ինչը ոչ, ինչից են վախենում և ինչ նախապաշարումներ ունեն։ Չնայած որ դրա համար պահանջվում է բավականաչափ միտք և ջանք, Թագավորության քարոզիչները, որտեղ էլ որ ապրելիս լինեն, մեծ ցանկություն ունեն դա անելու։ Օրինակ՝ Եհովայի վկաների հունգարական մասնաճյուղը տեղեկացնում է. «Եղբայրները հարգանքով են վերաբերվում ուրիշ ազգերի մարդկանց սովորություններին և ապրելակերպին ու չեն ակնկալում նրանցից, որ հարմարվեն տեղի սովորություններին»։ Ուրիշ վայրերում ապրող Վկաները ձգտում են նույն կերպ վարվել։
13 Հեռավորարևելյան մի երկրում բնակչության մեծամասնությանը հետաքրքրում են առողջությունը, երեխաների դաստիարակությունը և կրթությունը։ Այնտեղ ապրող քարոզիչները փորձում են ա՛յս թեմաները շոշափել և ոչ թե, օրինակ, աշխարհի վատացող վիճակը կամ բարդ սոցիալական խնդիրները։ Նմանապես, ամերիկյան մի մեծ քաղաքում ապրող քարոզիչները նկատել են, որ մի որոշակի քարոզչական տարածքում մարդկանց հետաքրքրում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ կաշառակերությունը, ճանապարհային խցանումները և հանցագործությունը։ Շոշափելով այս թեմաները՝ Վկաները հաջողությամբ աստվածաշնչային քննարկումներ են սկսում։ Աստվածաշունչը արդյունավետորեն ուսուցանող քարոզիչները, անկախ նրանից, թե ինչ թեմայով կխոսեն, ջանում են լավատեսություն արտահայտել և քաջալերական մտքեր ասել, ինչպես նաև շեշտել սուրբգրային սկզբունքների կիրառության ներկա գործնական արժեքը և ապագայի այն վառ հեռանկարը, որ առաջարկում է Աստված (Եսայիա 48։17, 18; 52։7)։
14. Ինչպե՞ս կարող ենք հարմարվել տարբեր մարդկանց կարիքներին ու հանգամանքներին։
14 Օգտակար կլինի նաև, որ ծառայության ժամանակ փոփոխենք մեր մոտեցումը, քանի որ մարդիկ ունեն ամենատարբեր մշակութային, կրթական և կրոնական ծագում։ Արարչին հավատող, բայց Աստվածաշնչին չհավատող մարդու հանդեպ մեր մոտեցումը կտարբերվի այն մոտեցումից, որ կցուցաբերենք Աստծու գոյությանը չհավատող մարդու նկատմամբ։ Այն մարդուն, որը ամեն տեսակի կրոնական գրականություն համարում է պրոպագանդիստական գործիք, մենք կմոտենանք մի մատուցումով, իսկ Աստվածաշնչի ուսմունքներն ընդունող մարդուն՝ մեկ այլ։ Ճկունությունն անհրաժեշտ է նաև կրթական տարբեր մակարդակ ունեցող մարդկանց հետ խոսելիս։ Հմուտ քարոզիչները կտրամաբանեն և օրինակներ կօգտագործեն՝ տվյալ իրավիճակին համապատասխան (Ա Յովհաննէս 5։20, ԷԹ)։
Օգնություն՝ նոր ծառայողներին
15, 16. Ինչո՞ւ է անհրաժեշտ ուսուցանել նոր ծառայողներին։
15 Պողոսը միայն սեփական ուսուցողական մեթոդները կատարելագործելով չէր մտահոգված։ Նա տեսնում էր, որ երիտասարդները, ինչպիսիք էին Տիմոթեոսն ու Տիտոսը, արդյունավետ ծառայողներ դառնալու համար պետք է ուսուցում ստանան (Բ Տիմոթէոս 2։2; 3։10, 14; Տիտոս 1։4)։ Նույն ձևով, այսօր ուսուցում տալու և ստանալու խիստ կարիք կա։
16 1914 թ.–ին ամբողջ աշխարհում կար մոտավորապես 5 000 Թագավորության քարոզիչ։ Այսօր միայն ամեն շաբաթ մոտ 5 000 մարդ է մկրտվում (Եսայիա 54։2, 3; Գործք 11։21)։ Նորերը դառնում են քրիստոնեական ժողովի անդամ և ցանկանում են մասնակցել ծառայությանը, ուստի նրանք կրթվելու և առաջնորդություն ստանալու կարիք ունեն (Գաղատացիս 6։6)։ Շատ կարևոր է, որ մենք Տիրոջ՝ Հիսուսի մեթոդները կիրառենք աշակերտներին ուսուցանելու և մարզելու գործում։c
17, 18. Ինչպե՞ս կարող ենք օգնել նորերին վստահություն ձեռք բերել ծառայության մեջ։
17 Հիսուսը պարզապես չէր գտնում ինչ–որ բազմություն, իսկ հետո առաքյալներին պատվիրում սկսել խոսել։ Նախևառաջ՝ նա շեշտում էր քարոզչական գործի կարևորությունը և քաջալերում էր ծառայության հետ կապված հաճախակի աղոթել։ Այնուհետև՝ իր աշակերտներին տալիս էր երեք հիմնական բան՝ ընկերակից, քարոզչական տարածք և ասելիք (Մատթէոս 9։35–38; 10։5–7; Մարկոս 6։7; Ղուկաս 9։2, 6)։ Մենք կարող ենք նույն կերպ վարվել։ Անկախ նրանից՝ օգնում ենք մեր երեխային, նոր աշակերտին կամ մեկին, որը միառժամանակ դադարեցրել է քարոզչական գործին մասնակցելը՝ լավ կլինի, եթե ջանանք Հիսուսի տված օրինակով ուսուցանել նրանց։
18 Թագավորության լուրը վստահ ներկայացնելու համար նորերը զգալի օգնության կարիք ունեն։ Կարո՞ղ ես օգնել նրանց պատրաստել և կիրառության մեջ դնել մի պարզ ու գրավիչ մատուցում։ Ծառայության ժամանակ նոր քարոզիչը կարող է սովորել քեզնից, երբ ինքդ անես առաջին մի քանի այցերը։ Դու կարող ես հետևել Գեդեոնի օրինակին, որն իր մարտիկներին ասաց. «Ինձանից տեսեք եւ այնպես արեք» (Դատաւորաց 7։17)։ Հետո նոր աշակերտին հնարավորություն տուր մասնակցելու։ Ջերմորեն գովիր ջանքերի համար, իսկ անհրաժեշտության դեպքում հակիրճ խորհուրդ տուր, թե ինչպես կարելի է բարելավումներ կատարել։
19. Ի՞նչ ես վճռել անել, որպեսզի «լիուլի» կատարես քո ծառայությունը։
19 Ծառայությունը «լիուլի» (ԷԹ) կատարելու համար մենք վճռականորեն տրամադրված ենք է՛լ ավելի ճկուն լինելու և ցանկանում ենք նոր ծառայողներին ուսուցանել, որ նույնն անեն։ Խորհըրդածելով այն մասին, թե որքան կարևոր է մեր նպատակը, այն է՝ Աստծու մասին տալ գիտելիքներ, որոնք մարդուն կարող են փրկության առաջնորդել՝ մենք համոզվում ենք, որ արժե ամեն ջանք թափել, որ ‘ամենին ամեն բան դառնանք, որ ինչևիցե մի քանիսին ապրեցնենք’ (Բ Տիմոթէոս 4։5; Ա Կորնթացիս 9։22)։
[ծանոթագրություններ]
a Այդ հատկությունները փաստող օրինակների համար տե՛ս Գործք 13։9, 16–42; 17։2–4; 18։1–4; 19։11–20; 20։34; Հռովմայեցիս 10։11–15 և Բ Կորնթացիս 6։11–13 համարները։
b Նման ձևով, բացատրելով Աստծու և ոգով օծված նրա ‘որդիների’ նոր փոխհարաբերությունը՝ Պողոսը կիրառեց մի իրավական հասկացություն, որը բավական ծանոթ էր իր նամակն ընթերցող մարդկանց, որոնք ապրում էին Հռոմեական կայսրությունում (Հռովմայեցիս 8։14–17)։ «Որդեգրությունը հիմնականում հռոմեական սովորություն էր և սերտորեն կապված էր ընտանիքի վերաբերյալ հռոմեական պատկերացումների հետ»,— ասվում է Պողոս առաքյալի մասին գրված մի գրքում («St. Paul at Rome»)։
c Ներկայումս Եհովայի վկաների բոլոր ժողովներում գործադրվում է «Ռահվիրաներն օգնում են մյուսներին» ծրագիրը։ Այդ ծրագրի շնորհիվ պակաս փորձառու քարոզիչները լիաժամ ծառայողներից ստանում են փորձ և գիտելիքներ։
Հիշո՞ւմ եք
• Ծառայության հետ կապված ինչո՞ւմ կարող ենք ընդօրինակել Պողոսին։
• Ի՞նչ փոփոխություններ թերևս պետք է անենք մեր մտածելակերպում։
• Ինչպե՞ս կարող ենք մեր լուրը դրականորեն ներկայացնել։
• Իրենց մեջ վստահություն զարգացնելու համար ինչի՞ կարիք ունեն նոր ծառայողները։
[մեջբերում 29–րդ էջի վրա]
Պողոս առաքյալը ուշադիր, ճկուն և հնարամիտ էր քարոզչության և ուսուցման գործում
[մեջբերում 31–րդ էջի վրա]
Հիսուսն իր աշակերտներին տվեց երեք հիմնական բան՝ ընկերակից, քարոզչական տարածք և ասելիք
[նկարներ 28–րդ էջի վրա]
Ճկունություն հանդես բերելով՝ Պողոսը կարողացավ շարժել տարբեր մարդկանց սրտերը
[նկար 30–րդ էջի վրա]
Արդյունավետ ծառայողները հաշվի են առնում իրենց ունկնդիրների նիստուկացը
[նկար 31–րդ էջի վրա]
Ճկուն քարոզիչներն օգնում են նորերին պատրաստվելու ծառայությանը