ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10
ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է
Մկրտությունից հետո շարունակիր հետևել Քրիստոսին
«Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (ՂՈՒԿ. 9։23)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Հոդվածը կօգնի մեզ տեսնել, թե ինչպես է նվիրումը ազդում մեր ապրելակերպի վրա։ Այն հատկապես կարող է օգնել վերջերս մկրտված քրիստոնյաներին, որ պահեն իրենց հավատարմությունը։
1-2. Ի՞նչ օրհնություններ է բերում մկրտությունը։
ՄԿՐՏՎԵԼՈՎ և Եհովայի ընտանիքի մի մասը դառնալով՝ մենք մեծ ուրախություն ենք ապրում։ Նրանք, ովքեր վայելում են այդ մեծ պատիվը, կհամաձայնվեն սաղմոսերգու Դավթի հետևյալ խոսքերի հետ. «Երջանիկ է այն մարդը, որին դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում, որպեսզի [Եհովայի] գավիթներում բնակվի» (Սաղ. 65։4)։
2 Եհովան ոչ բոլորին է թույլ տալիս մտնել իր «գավիթներ»։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, նա մտերմանում է նրանց հետ, ովքեր փաստում են, որ իր հետ մտերմանալու ցանկություն ունեն (Հակ. 4։8)։ Երբ նվիրվում ես Եհովային ու մկրտվում, առանձնահատուկ կերպով ես մտերմանում նրա հետ։ Կարող ես համոզված լինել, որ այդուհետ նա քեզ վրա «օրհնություն կթափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղ. 3։10; Երեմ. 17։7, 8)։
3. Ի՞նչ լուրջ պատասխանատվություն ունեն Աստծուն նվիրված և մկրտված քրիստոնյաները (Ժողովող 5։4, 5)։
3 Ինչ խոսք, մկրտությունը քրիստոնեական կյանքի սկիզբն է միայն։ Կարևոր է, որ այդ քայլն անելուց հետո ամեն ջանք գործադրես քո երդման համաձայն ապրելու համար նույնիսկ գայթակղությունների և հավատի փորձությունների բախվելիս (կարդա Ժողովող 5։4, 5)։ Հիսուսի աշակերտը լինելով՝ դու պետք է սերտորեն հետևես նրա հետքերին և հնարավոր ամեն բան անես նրա պատվերներին հնազանդվելու համար (Մատթ. 28։19, 20; 1 Պետ. 2։21)։ Այս հոդվածը կօգնի քեզ այդ հարցում։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀԵՏԵՎԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ՝ ՉՆԱՅԱԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
4. Ի՞նչ իմաստով են Հիսուսի աշակերտները «տանջանքի ցից» վերցնում (Ղուկաս 9։23)։
4 Մկրտությունից հետո քո կյանքը խնդիրներից զերծ չի լինելու։ Հիսուսը հստակ ասաց, որ ով ուզում է իր հետևորդը լինել, պետք է վերցնի իր «տանջանքի ցիցը» և այն «ամեն օր» կրի (կարդա Ղուկաս 9։23)։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ իր հետևորդները միշտ տառապելու են։ Ամենևի՛ն։ Նա պարզապես ընդգծում էր այն հանգամանքը, որ օրհնությունների հետ մեկտեղ նրանք նաև դժվարություններ են ունենալու, երբեմն նույնիսկ շատ ծանր (2 Տիմոթ. 3։12)։
5. Ի՞նչ օրհնություններ է Հիսուսը խոստացել նրանց, ովքեր զոհողություններ են անում։
5 Թերևս արդեն հակառակության ես բախվել ընտանիքիդ կողմից կամ էլ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար որոշ նյութական զոհողություններ ես արել (Մատթ. 6։33)։ Կարող ես համոզված լինել, որ այդ ամենը չի վրիպել Եհովայի աչքից (Եբր. 6։10)։ Հավանաբար, քո փորձով ես համոզվել, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Չկա մեկը, որ թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ արտեր իմ անվան և բարի լուրի համար, որ այժմ՝ այս ժամանակում, չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր՝ հալածանքների հետ մեկտեղ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանք» (Մարկ. 10։29, 30)։ Ինչ խոսք, քո ստացած օրհնությունները շատ ավելին են, քան այն զոհողությունները, որ արել ես (Սաղ. 37։4)։
6. Ինչո՞ւ պետք է մկրտությունից հետո շարունակես պայքարել «մարմնի ցանկության» դեմ։
6 Մկրտությունից հետո էլ դու պետք է պայքարես «մարմնի ցանկության» դեմ, քանի որ մկրտվելով՝ դու կատարյալ չես դառնում (1 Հովհ. 2։16)։ Երբեմն գուցե ունենաս այն նույն զգացումները, որ ուներ Պողոս առաքյալը։ Նա գրեց. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է» (Հռոմ. 7։22, 23)։ Մեղավոր հակումների պատճառով դու գուցե վհատվես, բայց Եհովային նվիրվելու քո խոստման շուրջ խորհրդածելը կօգնի քեզ, որ ավելի վճռական լինես պայքարելու գայթակղությունների դեմ։ Իրականությունն այն է, որ քո նվիրման երդումը կօգնի քեզ ճիշտ վարվել, երբ գայթակղության առաջ կանգնես։ Ինչպե՞ս։
7. Նվիրման խոստումը ինչպե՞ս կօգնի քեզ, որ հավատարիմ մնաս Եհովային։
7 Եհովային նվիրվել նշանակում է ուրանալ անձը, այսինքն՝ հրաժարվել այնպիսի ցանկություններից ու նպատակներից, որոնք տհաճ են նրան (Մատթ. 16։24)։ Եթե այդպես վարվես, փորձության բախվելիս անտեղի ժամանակ չես վատնի՝ մտածելով, թե ինչ անես։ Քեզ համար միակ ընդունելի տարբերակը կլինի Եհովայի հանդեպ հավատարմությունդ պահելը։ Եհովային հաճեցնելու հարցում դու վճռական կլինես և նույնիսկ ծանր փորձությունների միջով անցնելիս Հոբի պես հաստատակամորեն կասես. «Չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5)։
8. Քո նվիրման աղոթքի շուրջ խորհրդածելը ինչպե՞ս կօգնի քեզ դիմակայել գայթակղությանը։
8 Քո նվիրման աղոթքի շուրջ խորհրդածելը քեզ ուժ կտա, որ պայքարես ցանկացած գայթակղության դեմ։ Օրինակ՝ ուրիշի կողակցի հետ երբեք ֆլիրտ չես անի. չէ՞ որ այդ աղոթքում Եհովային խոստացել ես նման բաներ չանել։ Եթե անպատշաճ զգացմունքներ չզարգացնես քո սրտում, հետագայում ստիպված չես լինի պայքարել դրանցից ձերբազատվելու համար։ Այդպես վարվելով՝ դու «կհեռանաս» «ամբարիշտների ճանապարհից» (Առակ. 4։14, 15)։
9. Նվիրման աղոթքի շուրջ խորհրդածելը ինչպե՞ս կօգնի քեզ, որ հոգևոր գործերը առաջնային համարես։
9 Ինչպե՞ս կվարվես, եթե քեզ այնպիսի աշխատանք առաջարկեն, որի պատճառով չես կարողանա կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Վստահաբար, դու չես տարակուսի՝ ինչպես վարվել, քանի որ մինչ այդ արդեն վճռել ես չանել այնպիսի աշխատանք, որը կխանգարի քեզ հաճախել ժողովի հանդիպումներին։ Այդ դեպքում դու ստիպված չես լինի մտածել, թե ինչպես շտկել սխալ որոշման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Խորհելով այն մասին, թե որքան վճռական էր Հիսուսը իր Հորը ուրախացնելու հարցում՝ դու առանց հապաղելու և հաստատակամորեն կհրաժարվես ցանկացած բանից, ինչը կտհաճեցնի Աստծուն, նրան, ում նվիրվել ես (Մատթ. 4։10; Հովհ. 8։29)։
10. Ինչպե՞ս Եհովան կօգնի քեզ, որ մկրտությունից հետո «շարունակ [Հիսուսին] հետևես»։
10 Իրականում, փորձություններն ու գայթակղությունները հնարավորություն են տալիս փաստելու, որ վճռական ես շարունակ Հիսուսին հետևելու։ Համոզված եղիր, որ Եհովան կօգնի քեզ այդ հարցում։ Աստվածաշունչն ասում է. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթ. 10։13)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԵՏԵՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ
11. Ո՞րն է Հիսուսին հետևելու կերպերից մեկը (տես նաև նկարը)։
11 Հիսուսը նախանձախնդիր էր ծառայության մեջ և հաճախ էր աղոթում (Ղուկ. 6։12)։ Մկրտությունից հետո Հիսուսին հետևելու կերպերից մեկը այնպիսի գործեր անելն է, որոնք կմտերմացնեն քեզ Եհովայի հետ։ Աստվածաշունչն ասում է. «Որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի համաձայն վարվել» (Փիլիպ. 3։16)։ Ժամանակ առ ժամանակ գուցե լսես այնպիսի եղբայրների ու քույրերի մասին, ովքեր ընդլայնել են իրենց ծառայությունը։ Թերևս նրանք սովորել են Թագավորության քարոզիչների դպրոցում կամ տեղափոխվել են այնպիսի տարածքներ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Եթե հանգամանքներդ թույլ են տալիս, դու նույնպես կարող ես նման նպատակների ձգտել։ Եհովայի ժողովուրդը միշտ էլ կերպեր է փնտրում, որ ավելին անի (Գործ. 16։9)։ Բայց եթե հիմա հանգամանքներդ թույլ չեն տալիս ավելին անելու ծառայության մեջ, քեզ անարժեք մի՛ զգա։ Հիշիր, որ քրիստոնյայի համար կարևորն այն է, որ մինչև վերջ հավատարիմ մնա Եհովային (Մատթ. 10։22)։ Մի՛ մոռացիր, որ Եհովան թանկ է համարում այն ամենը, ինչ քո հնարավորության սահմաններում կարողանում ես անել իր համար։ Դա մկրտությունից հետո Հիսուսին հետևելու կարևոր կերպերից է (Սաղ. 26։1)։
12-13. Ի՞նչ կարող ես անել, եթե նկատում ես, որ եռանդդ թուլացել է (1 Կորնթացիներ 9։16, 17; տես նաև «Մնա մրցավազքում» շրջանակը)։
12 Ժամանակի ընթացքում գուցե նկատես, որ մեխանիկորեն ես աղոթում կամ ծառայությունից այլևս հաճույք չես ստանում։ Գուցե առաջվա պես օգուտներ չես ստանում Աստվածաշնչի ընթերցանությունից։ Եթե մկրտությունից որոշ ժամանակ հետո նման բան լինի, մի՛ մտածիր, թե այլևս չունես Եհովայի ոգին։ Անկատարության պատճառով երբեմն զգացմունքներդ կարող են կտրուկ փոխվել։ Եթե եռանդդ սկսել է մարել, մտածիր Պողոս առաքյալի օրինակի շուրջ։ Ճիշտ է, նա ձգտում էր ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, բայց նաև հասկանում էր, որ երբեմն գուցե ցանկություն չունենա անելու այն, ինչ պետք է անի (կարդա 1 Կորնթացիներ 9։16, 17)։ Նա գրել է. «Եթե [դա] անում եմ հակառակ իմ կամքի, միևնույն է, ինձ պարտականություն է հանձնված»։ Այլ կերպ ասած՝ Պողոսը վճռել էր կատարել իր ծառայությունը՝ անկախ նրանից, թե ինչ էր զգում տվյալ պահին։
13 Ուստի զգացմունքներիդ ազդեցության տակ որոշումներ մի՛ կայացրու։ Վճռիր ճիշտն անել՝ անկախ նրանից, թե ինչ ես զգում։ Եթե այդպես վարվես, կտեսնես, որ ժամանակի ընթացքում զգացմունքներդ փոխվում են։ Անկախ ամեն ինչից՝ հոգևոր լավ գրաֆիկ ունեցիր։ Դա կօգնի քեզ, որ շարունակես մկրտությունից հետո հետևել Հիսուսին։ Եթե հետևողական լինես այս հարցերում, քաջալերության աղբյուր կլինես հավատակիցներիդ համար (1 Թեսաղ. 5։11)։
«ՇԱՐՈՒՆԱԿ ՍՏՈՒԳԵՔ.... ՇԱՐՈՒՆԱԿ ՓՈՐՁԵՔ»
14. Ո՞ր հարցերին պետք է կանոնավորաբար ուշադրություն դարձնես և ինչո՞ւ (2 Կորնթացիներ 13։5)։
14 Մկրտությունից հետո կարևոր է նաև կանոնավորաբար ինքնաքննություն անել (կարդա 2 Կորնթացիներ 13։5)։ Ժամանակ առ ժամանակ ուշադրություն դարձրու քո ապրելակերպին ու սովորություններին, որպեսզի տեսնես, թե արդյոք աղոթում ես ամեն օր, կարդում և ուսումնասիրում ես Աստվածաշունչը, հաճախում ես ժողովի հանդիպումներին կամ մասնակցում ես ծառայությանը։ Կերպեր փնտրիր, որ ավելի հետաքրքիր ու հաճելի դարձնես քո երկրպագության այս ոլորտները։ Ինքդ քեզ հարցրու. «Կարո՞ղ եմ ուրիշներին բացատրել Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Ինչպե՞ս ծառայությունս ավելի հաճելի դարձնեմ։ Կոնկրետ բաների մասի՞ն եմ աղոթում, և աղոթքներս ցույց տալի՞ս են, որ լիովին վստահում եմ Եհովային։ Կանոնավորաբար մասնակցո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին։ Ինչպե՞ս կարող եմ ավելի ուշադիր լինել հանդիպումների ժամանակ և լիարժեքորեն մասնակցել դրանց»։
15-16. Գայթակղությանը դիմադրելու վերաբերյալ ի՞նչ ես սովորում մի եղբոր օրինակից։
15 Լավ կլինի՝ անկեղծ ինքնաքննություն անես և տեսնես, թե որոնք են քո թույլ կողմերը։ Ռոբերտ անունով մի եղբոր հետ պատահածը ընդգծում է այդպես վարվելու կարևորությունը։ Նա ասում է. «Երբ մոտ 20 տարեկան էի, կես դրույքով աշխատանք ունեի։ Մի օր գործից հետո աշխատակցուհիս մոտեցավ ինձ ու հրավիրեց իր տուն։ Նա ասաց, որ մենք մենակ կլինենք և «լավ ժամանակ» կանցկացնենք։ Սկզբում անհեթեթ պատճառներով մերժում էի նրան, բայց հետո հստակ ասացի, որ չեմ գնալու և բացատրեցի, թե ինչու»։ Ռոբերտը դիմակայեց գայթակղությանը, և դա գովելի է։ Հետագայում, սակայն, հետադարձ հայացք նետելով՝ Ռոբերտը հասկացավ, որ այդ իրավիճակում կարող էր իրեն ավելի լավ դրսևորել։ Նա ասում է. «Ես չմերժեցի առաջարկը այնքան հստակ ու արագ, որքան դա արեց Հովսեփը՝ մերժելով Պետափրեսի կնոջը (Ծննդ. 39։7-9)։ Ես անակնկալի եկա՝ տեսնելով, թե որքան դժվար էր ինձ համար մերժել այդ առաջարկը։ Այդ դեպքը օգնեց ինձ հասկանալ, որ պետք է ամրացնեմ իմ ընկերությունը Եհովայի հետ»։
16 Դու էլ կարող ես մեծ օգուտներ քաղել՝ Ռոբերտի նման ինքնաքննություն անելով։ Նույնիսկ երբ քեզ հաջողվում է դիմակայել փորձությանը, ինքդ քեզ հարցրու. «Որքա՞ն ժամանակ է պահանջվում ինձանից «ոչ» ասելու համար»։ Վատ մի՛ զգա այն մտքից, որ բարելավումներ անելու կարիք ունես։ Ուրախացիր, որ հասկացել ես, թե որ հարցում ես թերանում։ Աղոթիր այդ մասին և քայլեր ձեռնարկիր, որ ամրացնես Եհովայի սահմանած բարոյական չափանիշներով ապրելու քո վճռականությունը (Սաղ. 139։23, 24)։
17. Ռոբերտի հետ տեղի ունեցածը ինչպե՞ս էր առնչվում Եհովայի անվանը։
17 Եվս մի բան կա, որ կարող ենք սովորել Ռոբերտի օրինակից։ Եղբայրը պատմում է. «Երբ մերժեցի աշխատակցուհուս հրավերը, նա ասաց. «Դու անցար փորձությունը»։ Ես հարցրի նրան, թե ինչ նկատի ունի։ Պարզվեց՝ իր ընկերներից մեկը, ով նախկինում Վկա է եղել, ասել էր, որ բոլոր երիտասարդ Վկաներն էլ երկակի կյանք են վարում։ Եվ եթե առիթ ստեղծվի, նրանք փոխզիջման կգնան։ Ուստի նա պայմանավորվել էր իր ընկերոջ հետ, որ փորձի ինձ։ Ես անչափ ուրախ էի, որ փառք եմ բերել Եհովայի անվանը»։
18. Ի՞նչ ես վճռել անել մկրտությունից հետո (տես նաև «Երկու հոդված, որ օգտակար կլինեն քեզ համար» շրջանակը)։
18 Երբ նվիրվում ես Եհովային և մկրտվում, ցույց ես տալիս, որ ցանկանում ես սրբացնել նրա անունը՝ անկախ ամեն ինչից։ Կարող ես համոզված լինել, որ Եհովան գիտի, թե ինչ փորձությունների ու գայթակղությունների ես բախվում։ Նա կօրհնի քո ջանքերը, որ գործադրում ես նրան հավատարիմ մնալու համար։ Վստահ եղիր, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով կզորացնի քեզ, որ այդպես վարվես (Ղուկ. 11։11-13)։ Եհովայի օգնությամբ քեզ կհաջողվի մկրտությունից հետո շարունակ հետևել Հիսուսին։
Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ի՞նչ իմաստով են քրիստոնյաները «ամեն օր.... տանջանքի ցից» կրում։
Ի՞նչ կարող ես անել, որպեսզի մկրտությունից հետո «շարունակ [Քրիստոսին] հետևես»։
Քո նվիրման աղոթքի շուրջ խորհրդածելը ինչպե՞ս կարող է օգնել, որ հավատարիմ մնաս։
ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր