Ուրախանանք մեր հույսով
«Հավիտենական կյանքի [հույս ունենք], ինչը և Աստված, որը չի կարող ստել, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ» (ՏԻՏՈՍ 1։2)։
ԱՄՓՈՓԵՆՔ
Որտեղի՞ց գիտենք, որ երբ մեկ օծյալ ավարտում է երկրային կյանքը՝ պահելով իր անարատությունը, երկնքում ցնծություն է լինում։
Ուրիշ ոչխարների հույսի իրականացումը ի՞նչ առնչություն ունի օծյալների հույսի իրականացման հետ։
Որպեսզի մեր հույսն իրականանա, ի՞նչ «աստվածանվեր գործեր» և «սուրբ վարքին բնորոշ արարքներ» պետք է անենք։
1. Եհովայի տված հույսն ինչպե՞ս է օգնում մեզ տոկալու։
ԵՀՈՎԱՆ «հույս պարգևող Աստված» է։ Այսպես ասաց Պողոս առաքյալը և ավելացրեց, որ նա կարող է «լցնել մեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի մենք սուրբ ոգու զորությամբ առատանանք հույսով» (Հռոմ. 15։13)։ Եթե մեր հույսը առատ լինի մեր մեջ, կկարողանանք տոկալ ցանկացած իրավիճակում՝ մեր սրտերը լի ուրախությամբ ու խաղաղությամբ։ Ինչպես օծյալ, այնպես էլ մյուս քրիստոնյաների համար «այս հույսը խարսխի նման է.... հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբր. 6։18, 19)։ Մեր հույսը մի բան է, որից կարող ենք կառչել կյանքի փոթորիկների ժամանակ, մի բան, որը կօգնի մեզ ճանապարհից չշեղվելու՝ կասկածներ զարգացնելով կամ հավատը թուլացնելով (կարդա՛ Եբրայեցիներ 2։1; 6։11)։
2. Այսօր քրիստոնյաները ի՞նչ հույս ունեն, և ինչո՞ւ է «ուրիշ ոչխարներին» հետաքրքրում օծյալների ունեցած հույսը։
2 Այս վերջին օրերում ապրող քրիստոնյաները երկու տեսակ հույս ունեն։ Օծյալ քրիստոնյաներից բաղկացած «փոքր հոտի» մնացած անդամները երկնքում անմահ կյանքի հույս ունեն. նրանք Քրիստոսի հետ թագավորներ ու քահանաներ են լինելու նրա Թագավորության մեջ (Ղուկ. 12։32; Հայտն. 5։9, 10)։ Իսկ «ուրիշ ոչխարների» «մեծ բազմությունը» հույս ունի հավիտյան ապրելու երկրային դրախտում. այդ մարդիկ լինելու են Մեսիական Թագավորության հպատակները (Հայտն. 7։9, 10; Հովհ. 10։16)։ Ուրիշ ոչխարները երբեք չպետք է մոռանան, որ իրենց փրկությունը կախված է նրանից, թե արդյոք ակտիվորեն աջակցում են երկրի վրա մնացած Քրիստոսի օծյալ «եղբայրներին» (Մատթ. 25։34–40)։ Օծյալները ստանալու են իրենց վարձատրությունը։ Ուրիշ ոչխարների հույսը, անկասկած, նույնպես իրականանալու է (կարդա՛ Եբրայեցիներ 11։39, 40)։ Եկեք նախ քննենք որոշ մանրամասնություններ օծյալների ունեցած հույսի մասին։
ՕԾՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ «ԿԵՆԴԱՆԻ ՀՈՒՅՍԸ»
3, 4. Օծյալ քրիստոնյաները ինչպե՞ս են «վերստին ծնվում», որպեսզի ունենան «կենդանի հույս», և ի՞նչ հույս է դա։
3 Պետրոս առաքյալը երկու նամակ գրեց օծյալ քրիստոնյաներին, որտեղ նրանց կոչեց «ընտրվածներ» (1 Պետ. 1։1)։ Նա մանրամասնություններ հայտնեց փոքր հոտի ունեցած հիասքանչ հույսի մասին՝ առաջին նամակում գրելով. «Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, որովհետև նրա մեծ ողորմությամբ մենք վերստին ծնվեցինք, որպեսզի Հիսուս Քրիստոսի հարության միջոցով ունենանք այն կենդանի հույսը, որ ստանալու ենք անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգությունը։ Այն պահված է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծու զորությամբ հավատի միջոցով պահված եք փրկության համար, որը հայտնի է դառնալու վերջին ժամանակում։ Սրանով դուք մեծապես ուրախանում եք» (1 Պետ. 1։3–6)։
4 Սահմանափակ թվով այն քրիստոնյաները, որոնք ընտրվել են Եհովայի կողմից, որ Քրիստոսի ընկերակիցները լինեն երկնային Թագավորությունում, «վերստին ծնվում» են որպես ոգուց ծնված Աստծու որդիներ։ Նրանք օծված են սուրբ ոգով, որ թագավորներ ու քահանաներ լինեն (Հայտն. 20։6)։ Պետրոսն ասում է, որ «վերստին ծնվելը» նրանց «կենդանի հույս» է տալիս, որը նա անվանում է «անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգություն»՝ պահված իրենց համար «երկնքում»։ Զարմանալի չէ, որ օծյալները «մեծապես ուրախանում են» իրենց կենդանի հույսով։ Սակայն կիրականանա այդ հույսը, թե ոչ, կախված է նրանց հավատարմությունից։
5, 6. Ինչո՞ւ օծյալ քրիստոնյաները պետք է իրենց լավագույնն անեն, որ որպես կանչվածներ հավատարիմ մնան։
5 Իր երկրորդ նամակում Պետրոսը օծյալ քրիստոնյաներին հորդորեց, որ իրենց «լավագույնն անեն, որ որպես կանչվածներ ու ընտրվածներ հավատարիմ մնան» (2 Պետ. 1։10)։ Նրանք պետք է ջանք թափեն, որ քրիստոնեական այնպիսի հատկություններ զարգացնեն, ինչպիսիք են՝ հավատ, Աստծու հանդեպ նվիրվածություն, եղբայրասիրություն և սեր։ Պետրոսն ասաց. «Եթե այս հատկություններն առատապես ունեք և շարունակում եք զարգացնել, ապա.... անգործ կամ անպտուղ չեք լինի» (կարդա՛ 2 Պետրոս 1։5–8)։
6 Հարություն առած Քրիստոսը Ֆիլադելֆիայի (Փոքր Ասիա)՝ առաջին դարի ժողովի երեցներին, որոնք ծնվել էին սուրբ ոգուց, ասաց. «Քանի որ դու հետևեցիր տոկունության իմ օրինակին, ես էլ քեզ կպահեմ փորձության ժամին, որը գալու է ամբողջ երկրի վրա՝ փորձության ենթարկելու երկրի վրա բնակվողներին։ Շուտով գալիս եմ։ Ամո՛ւր պահիր այն, ինչ ունես, որ ոչ ոք չվերցնի քո պսակը» (Հայտն. 3։10, 11)։ Եթե որևէ օծյալ քրիստոնյա անհավատարիմ դառնար, չէր ստանա «փառքի անթառամ պսակը», որը խոստացված էր այն ընտրյալներին, որոնք մինչև մահ հավատարիմ կմնային (1 Պետ. 5։4; Հայտն. 2։10)։
ԴՈՒՌ ԴԵՊԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
7. Իր նամակում ո՞ր հրաշալի հույսի մասին նշեց Հուդան։
7 Մոտ 65թ.-ին Հիսուսի եղբայր Հուդան իր օծյալ հավատակիցներին մի նամակ գրեց և նրանց կոչեց «կանչվածներ» (Հուդա 1; համեմատի՛ր Եբրայեցիներ 3։1)։ Սկզբում նա ուզում էր գրել փրկության փառահեղ հույսի մասին, որն ունեն բոլոր նրանք, ովքեր կանչված են մտնելու Աստծու երկնային Թագավորություն (Հուդա 3)։ Սակայն փոխարենը այլ կարևոր հարցերի մասին խոսեց։ Այնուամենայնիվ, իր կարճ նամակի վերջում նա նշեց օծյալ քրիստոնյաների հրաշալի հույսի մասին՝ գրելով. «Իսկ նրան, ով կարող է օգնել ձեզ, որ չգայթակղվեք, և մեծ ցնծությամբ անարատ կանգնեցնել իր փառքի առջև, միակ Աստծուն՝ մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով թող փառք լինի։ Նրանն են փառքը, մեծությունը, հզորությունը և իշխանությունը անցած ողջ հավիտենության մեջ, հիմա և գալիք հավիտենության մեջ» (Հուդա 24, 25)։
8. Ըստ Հուդա 24-ի՝ ի՞նչն է ցույց տալիս, որ երկնքում ցնծություն է լինում, երբ օծյալներից մեկը փաստում է իր անարատությունը։
8 Անշուշտ, հավատարիմ օծյալները ցանկանում են ամեն ինչ անել, որ չգայթակղվեն ու չկործանվեն։ Նրանք Աստվածաշնչի հիման վրա հույս ունեն, որ Հիսուս Քրիստոսը մահացածների միջից հարություն կտա իրենց՝ թույլ տալով, որ մեծ ցնծությամբ ներկայանան Աստծու առաջ որպես կատարյալ ոգեղեն էակներ։ Երբ օծյալներից մեկը մահանում է՝ պահելով իր հավատարմությունը, նա հաստատ հույս ունի «հարություն առնելու ոգեղեն մարմնով», «առանց ապականության» և «փառքով» (1 Կորնթ. 15։42–44)։ Եթե երկնքում «մեծ ուրախություն է լինում զղջացող մեկ մեղավորի համար», պատկերացրու, թե ինչպիսի ուրախություն է տիրում երկնային գավիթներում, երբ Քրիստոսի օծյալ եղբայրներից մեկը երկրի վրա ավարտում է իր կյանքը՝ մնալով անարատ (Ղուկ. 15։7)։ Երբ նա ստանա իր վարձատրությունը, Եհովան և հավատարիմ ոգեղեն արարածները նրա հետ միասին կցնծան «մեծ ցնծությամբ» (կարդա՛ 1 Հովհաննես 3։2)։
9. Ինչպե՞ս է «լայն դուռ բացվում» հավատարիմ օծյալների առաջ դեպի Թագավորություն, և ի՞նչ ազդեցություն է ունենում այդ հույսը երկրի վրա գտնվող օծյալների վրա։
9 Նմանապես, Պետրոսը գրեց օծյալ քրիստոնյաներին, որ եթե որպես կանչվածներ հավատարիմ մնան, «[նրանց] առջև լայն դուռ կբացվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը» (2 Պետ. 1։10, 11)։ Նրանց առջև երկնային վարձատրության «լայն դուռ կբացվի» այն իմաստով, որ նրանք երկինք կմտնեն մեծ փառքով։ Այդ արտահայտությունը կարող է մատնանշել նաև այն մեծագույն օրհնությունները, որ կստանան կյանքի մրցավազքում իրենց լավագույնն արած այդ անհատները։ Հետ նայելով իրենց հավատարիմ ընթացքին՝ նրանց սրտերը կլցվեն ցնծությամբ ու երախտագիտության զգացումով։ Այս հեռանկարը դեռևս երկրի վրա գտնվող օծյալ քրիստոնյաներին, անկասկած, ուժ է տալիս, որ «պատրաստեն իրենց մտքերը [անընդմեջ] գործունեության համար» (1 Պետ. 1։13)։
ՈՒՐԻՇ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ
10, 11. ա) Ի՞նչ հույս ունեն ուրիշ ոչխարները։ բ) Երկրի վրա ապրելու հույսի իրականացումը ինչպե՞ս է կապված Քրիստոսի և «Աստծու որդիների հայտնվելու» հետ։
10 Պողոս առաքյալը ոգուց ծնված «Աստծու որդիներին» գրեց Քրիստոսի «ժառանգակիցները» լինելու նրանց փառահեղ հույսի մասին։ Ապա նշեց, թե Եհովան ինչ հրաշալի հույս է տալիս անսահմանափակ թվով ուրիշ ոչխարներին։ Նա ասաց. «[Մարդկային] ստեղծագործությունը մեծ ակնկալությամբ սպասում է Աստծու որդիների [օծյալների] հայտնվելուն։ Ստեղծագործությունը հպատակվեց ունայնությանը ոչ թե իր սեփական կամքով, այլ նրա միջոցով, ով հպատակեցրեց նրան այն հույսի հիման վրա, որ ստեղծագործությունը ինքն էլ ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։14–21)։
11 Եհովան մարդկանց հույս տվեց, երբ խոստացավ, որ «սերնդի» միջոցով կազատագրի նրանց «առաջին օձից»՝ Բանսարկու Սատանայից (Հայտն. 12։9; Ծննդ. 3։15)։ Այդ «սերնդի» գլխավոր մասը Հիսուս Քրիստոսն է (Գաղ. 3։16)։ Իր մահով ու հարությամբ նա մարդկանց հույս տվեց, որ ազատվելու են մեղքի ու մահվան ստրկությունից։ Այդ հույսի իրականացումը կապված է «Աստծու որդիների հայտնվելու» հետ։ Փառավորված օծյալները «սերնդի» երկրորդական մասն են կազմում։ Նրանք «կհայտնվեն», երբ Քրիստոսի հետ կործանեն Սատանայի ամբարիշտ համակարգը (Հայտն. 2։26, 27)։ Այդպիսով ուրիշ ոչխարները կփրկվեն՝ դուրս գալով մեծ նեղությունից (Հայտն. 7։9, 10, 14)։
12. Օծյալների հայտնվելը ի՞նչ փառահեղ օգուտներ կբերի մարդկությանը։
12 Ի՜նչ թեթևացում կունենա մարդկային «ստեղծագործությունը» Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Այդ ժամանակ փառավորված «Աստծու որդիները» կշարունակեն «հայտնվել», երբ Քրիստոսի հետ գործեն որպես քահանաներ՝ հօգուտ մարդկության կիրառելով նրա քավիչ զոհը։ Որպես երկնային Թագավորության հպատակներ՝ մարդկային «ստեղծագործությունը» կսկսի ազատագրվել մեղքի հետևանքներից ու մահվանից։ Հնազանդ մարդկությունը աստիճանաբար «ազատ կարձակվի ապականության ստրկությունից»։ Եթե Հազարամյակի ընթացքում, ինչպես նաև վերջին փորձության ժամանակ հավատարիմ մնան Եհովային, նրանց անունները հավիտյան կգրվեն «կյանքի գրքում»։ Այդ մարդիկ կունենան «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հայտն. 20։7, 8, 11, 12)։ Դա իսկապես փառահեղ հույս է։
ՎԱՌ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ
13. Ինչի՞ վրա է հիմնված մեր հույսը, ու ե՞րբ կլինի Քրիստոսի հայտնությունը։
13 Սուրբ ոգով ներշնչված Պետրոսի երկու նամակները մեծապես օգնում են օծյալներին և ուրիշ ոչխարներին, որ իրենց հույսը վառ պահեն։ Առաքյալը նշեց, որ նրանց հույսը հիմնված է ոչ թե իրենց գործերի, այլ Եհովայի անզուգական բարության վրա։ Նա գրեց. «Ամեն ինչում զգոն եղեք, ձեր հույսը դրեք անզուգական բարության վրա, որը պիտի տրվի ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ» (1 Պետ. 1։13)։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը կլինի այն ժամանակ, երբ նա գա՝ վարձատրելու իր հավատարիմ հետևորդներին և իրագործելու Եհովայի դատաստանը անաստված մարդկանց հանդեպ (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 1։6–10)։
14, 15. ա) Որպեսզի մեր հույսը վառ պահենք, ինչի՞ վրա պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Պետրոսը։
14 Որպեսզի մեր հույսը վառ պահենք, պետք է մեր ուշադրությունը, ինչպես նաև մեր ողջ կյանքը կենտրոնացնենք «Եհովայի օրվա» վրա, որը մոտենում է։ Այն կկործանի ներկայիս «երկինքը»՝ մարդկային կառավարությունները, ու «երկիրը»՝ ամբարիշտ մարդկային հասարակությունն ու նրա «տարրերը»։ Պետրոսը գրեց. «Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք.... սպասելով ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը, որի միջոցով երկինքը՝ կրակով այրված, կլուծվի, և սաստիկ շիկացած տարրերը կհալվեն» (2 Պետ. 3։10–12)։
15 «Նոր երկինքը [Քրիստոսի Թագավորությունը] ու նոր երկիրը [մարդկային նոր հասարակությունը]» կփոխարինեն ներկայիս «երկնքին» ու «երկրին» (2 Պետ. 3։13)։ Այնուհետև Պետրոսը հստակ խորհուրդ տվեց նրանց, ովքեր «սպասում են», այսինքն՝ իրենց հույսը վառ են պահում այս խոստացված նոր աշխարհի հանդեպ։ Նա ասաց. «Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ ի վերջո նա ձեզ գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։14)։
ՄԵՐ ՀՈՒՅՍԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՅԼԵՆՔ
16, 17. ա) Ի՞նչ «աստվածանվեր գործեր» և «սուրբ վարքին բնորոշ արարքներ» պետք է անենք։ բ) Ինչպե՞ս կիրականանա մեր հույսը։
16 Մենք ոչ միայն պետք է մեր հույսը վառ պահենք, այլև պետք է մեր հույսին ներդաշնակ ապրենք։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, թե ինչպիսին է մեր հոգևոր անձնավորությունը։ «Սուրբ վարքին բնորոշ արարքների» մեջ է մտնում «լավ վարք ունենալը ազգերի մեջ»՝ պահելով բարոյական մաքրություն (2 Պետ. 3։11; 1 Պետ. 2։12)։ Մենք պետք է «սիրենք իրար»։ Դա նշանակում է, որ մեր լավագույնը պետք է անենք, որ պահպանենք համաշխարհային եղբայրության միասնությունը՝ սկսած մեր իսկ ժողովից (Հովհ. 13։35)։ «Աստվածանվեր գործերը» այն գործերն են, որոնք ցույց են տալիս, որ մտերիմ փոխհարաբերություններ ունենք Եհովայի հետ։ Դրանց մեջ են մտնում մեր աղոթքների որակը, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը, խոր ուսումնասիրությունը, ընտանեկան երկրպագությունը և ակտիվորեն Թագավորության բարի լուրի քարոզչությանը մասնակցելը (Մատթ. 24։14)։
17 Յուրաքանչյուրս ցանկանում է այնպիսի մարդ լինել, որին Եհովան կհավանի և կփրկի, երբ ներկայիս ամբարիշտ համակարգը «լուծվի»՝ կործանվի։ Այդպիսով կիրականանա մեր հույսը՝ «հավիտենական կյանքի հույսը, ինչը և Աստված, որը չի կարող ստել, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ» (Տիտոս 1։2)։
[նկար 22-րդ էջի վրա]
Օծյալ քրիստոնյաները «վերստին ծնվում են», որպեսզի «կենդանի հույս» ունենան
[նկար 24-րդ էջի վրա]
Ընտանիքիդ հույսը վառ պահիր