-
Եհովային դարձրու քո ապավենը2003 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
Ինչո՞ւ է Եհովան թույլատրում տառապանքը
10, 11. ա) Ըստ Հռովմայեցիս 8։19–22-ի՝ ի՞նչ պատահեց ‘բոլոր ստեղծվածներին’։ բ) Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ստեղծվածներին ով հնազանդեցրեց ունայնության։
10 Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի մի հատված լույս է սփռում այս կարևոր հարցի վրա։ Պողոսը գրեց. «Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։ Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են» (Հռովմայեցիս 8։19–22)։
11 Այս խոսքերի իմաստը հասկանալու համար նախ և առաջ կարիք ունենք մի քանի առաջնային հարցերի պատասխաններն իմանալու։ Օրինակ՝ ստեղծվածներին ո՞վ հնազանդեցրեց ունայնության։ Որոշ մարդիկ ասում են, թե Սատանան, մյուսները՝ Ադամը։ Բայց նրանցից ոչ մեկն էլ չէր կարող հնազանդեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետև նա, ով հնազանդեցնում է ստեղծվածներին ունայնության, անում է դա ‘հույսի’ հիման վրա։ Այո՛, նա հույս է տալիս, որ հավատարիմները վերջիվերջո «ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին»։ Ո՛չ Ադամը, ո՛չ էլ Սատանան չէին կարող այսպիսի հույս տալ։ Միայն Եհովան կարող էր։ Պարզ է, ուրեմն, որ ստեղծվածներին նա է հնազանդեցրել ունայնության։
12. Ի՞նչ շփոթություն է առաջացել ‘բոլոր ստեղծվածների’ ինքնության վերաբերյալ և ինչպե՞ս կարելի է պատասխանել այս հարցին։
12 Սակայն այս հատվածում նշված «բոլոր ստեղծուածները» արտահայտությունը ո՞ւմ է վերաբերում։ Ոմանք ասում են, որ դա վերաբերում է ամբողջ աշխարհին, ներառյալ կենդանիներին և բուսականությանը։ Բայց արդյո՞ք կենդանիներն ու բույսերը հույս ունեն ‘Աստծո որդկանց փառավոր ազատությանը’ հասնելու։ Ո՛չ (Բ Պետրոս 2։12)։ Ուրեմն «բոլոր ստեղծուածները» արտահայտությունը կարող է վերաբերել միայն մարդկանց։ Սա է այն ստեղծագործությունը, որը վնասված է մեղքով ու մահով Եդեմում տեղի ունեցած ապստամբության պատճառով և որն ապրում է՝ հույսի խիստ կարիք ունենալով (Հռովմայեցիս 5։12)։
13. Եդեմում տեղի ունեցած ապստամբությունը ի՞նչ բերեց մարդկությանը։
13 Ի՞նչ բերեց այդ ապստամբությունը մարդկությանը։ Պողոսը նկարագրում է դրա հետևանքները մի բառով՝ ունայնություն։a Ըստ մի աշխատության՝ այս բառը նկարագրում է «որևէ իրի ունայն լինելը, որ չի գործում այնպես, ինչպես որ նախատեսված էր»։ Նախատեսված էր, որ մարդիկ հավերժ ապրեին և դրախտ–երկրին հոգ տանեին՝ միասին աշխատելով որպես կատարյալ, միասնական ընտանիք։ Փոխարենը՝ նրանք կարճ, ցավով լի և հաճախ հիասթափեցնող կյանք են վարում։ Հոբն ասել է. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Իսկապես ունայնությո՛ւն։
14, 15. ա) Արդարության ի՞նչ ապացույց ենք գտնում մարդկության հանդեպ Եհովայի կայացրած դատավճռի մեջ։ բ) Ինչո՞ւ է Պողոսն ասում, որ ստեղծագործությունը ունայնության հնազանդվեց «ոչ թէ [իր] կամքով»։
14 Այժմ հանգում ենք գլխավոր հարցին. ինչո՞ւ է «բոլոր երկրի դատաւորը» ենթարկել մարդկանց այս ցավալի, հուսահատ վիճակին (Ծննդոց 18։25)։ Արդյո՞ք, այդպես վարվելով, նա արդարություն է դրսևորել։ Հիշեք, թե ինչ արեցին մեր նախածնողները։ Ապստամբելով Աստծո դեմ՝ նրանք Սատանայի կողմը դիրք բռնեցին, որը Եհովայի գերիշխանության վերաբերյալ մեծ հարց բարձրացրեց։ Իրենց արարքներով նրանք աջակցեցին այն պնդմանը, թե մարդը առանց Եհովայի, ապստամբ ոգեղեն էակի առաջնորդության ներքո ինքն իրեն կառավարելով, ավելի լավ վիճակում կլինի։ Ապստամբներին դատապարտելով՝ Եհովան, փաստորեն, տվեց նրանց այն, ինչ նրանք ցանկանում էին։ Նա թույլ տվեց, որ մարդը Սատանայի ազդեցության ներքո կառավարի ինքն իրեն։ Այս հանգամանքներում ո՞ր որոշումը ավելի արդար կլիներ, եթե ոչ մարդկանց ունայնության հնազանդեցնելը, բայց հույսով։
15 Իհարկե, սա ստեղծվածների «կամքով» չէր։ Մենք ծնվում ենք որպես մեղքի ու ապականության ստրուկներ և ընտրություն չունենք այս հարցում։ Սակայն Եհովան ողորմածորեն թույլ տվեց, որ Ադամն ու Եվան ապրեն ու սերունդ առաջ բերեն։ Թեև մենք, լինելով նրանց հետնորդները, ենթակա ենք մեղքի ու մահվան ունայնությանը, սակայն հնարավորություն ունենք անելու այն, ինչ որ Ադամն ու Եվան չարեցին։ Մենք կարող ենք լսել Եհովային ու սովորել, որ նրա գերիշխանությունը արդարացի և կատարյալ է, մինչդեռ Եհովայից անջատ մարդկային կառավարումը բերում է միայն ցավ, հիասթափություն և ունայնություն (Երեմիա 10։23; Յայտնութիւն 4։11)։ Սատանայի ազդեցությունն էլ իր հերթին միայն բարդացնում է իրավիճակները։ Մարդկության պատմությունը սատար է կանգնում այս ճշմարտություններին (Ժողովող 8։9)։
16. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան պատասխանատու չէ աշխարհում գոյություն ունեցող տառապանքի համար։ բ) Եհովան, սիրուց մղված, ի՞նչ հույս է տվել հավատարիմ մարդկանց։
16 Հստակ է, որ Եհովան մարդկությանը ունայնության հնազանդեցնելու հիմնավոր պատճառներ ուներ։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, թե Եհովան է այն ունայնության և տառապանքի պատճառը, որ յուրաքանչյուրիս ցավ է պատճառում։ Եկեք մտածենք մի դատավորի մասին, որն արդար դատավճիռ է կայացնում հանցագործի հանդեպ։ Դատապարտյալը, մինչ կրում է իր պատիժը, հնարավոր է՝ զգալի տառապանքներ կրի, բայց կարո՞ղ է նա արդարացիորեն մեղադրել դատավորին իր տառապանքի պատճառը լինելու մեջ։ Իհարկե, ո՛չ։ Ինչ վերաբերում է Եհովային, նա երբեք չի եղել չարության աղբյուրը։ Յակոբոս 1։13–ն ասում է. «Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում»։ Եկեք նաև հիշենք, որ Եհովան արձակեց այս դատավճիռը «յոյսով»։ Նա սիրով նախապատրաստություն տեսավ Ադամի ու Եվայի հետնորդների համար, որոնք հավատարիմ են իրեն, որպեսզի նրանք տեսնեն ունայնության վերջը և վայելեն ‘Աստծո որդկանց փառավոր ազատությունը’։ Ամբողջ հավիտենականության ընթացքում հավատարիմ մարդկությունը երբեք ստիպված չի լինի անհանգստանալ, որ բոլոր ստեղծվածները նորից կընկնեն ունայնության ցավալի վիճակի մեջ։ Խնդիրները լուծելու Եհովայի արդար ձևը կհաստատի նրա արդար գերիշխանությունը բոլոր ժամանակներում (Եսայիա 25։8)։
-
-
Եհովային դարձրու քո ապավենը2003 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
a Հունարեն բառը, որ Պողոսն օգտագործել է ‘ունայնության’ համար, այն նույն բառն է, որ օգտագործված է հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ՝ փոխանցելու այն արտահայտությունը, որ Սողոմոնը բազմիցս օգտագործել է «Ժողովող» գրքում, օրինակ՝ հետևյալ արտահայտության մեջ՝ «ամեն բան ունայն է» (Ժողովող 1։2, 14; 2։11, 17; 3։19; 12։8)։
-