Թող Եհովան առաջնորդի քեզ դեպի իրական ազատություն
«Աչքեր[դ] հառած նայ[իր] ազատության կատարյալ օրենքին» (ՀԱԿ. 1։25)։
ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ
Ո՞ր օրենքն է առաջնորդում իրական ազատության, և ովքե՞ր են օգուտ քաղում այդ օրենքից։
Ո՞րն է իրական ազատության հասնելու գաղտնիքը։
Ի՞նչ ազատություն է սպասում նրանց, ովքեր մնում են կյանքի ճանապարհին։
1, 2. ա) Ինչպիսի՞ն է ներկայիս աշխարհում մարդկանց ունեցած ազատությունը և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ ազատություն է սպասում Եհովայի ծառաներին։
ՄԵՆՔ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ագահությունը, անօրենությունն ու բռնությունը գնալով շատանում են (2 Տիմոթ. 3։1–5)։ Այդ պատճառով կառավարությունները ավելի շատ օրենքներ են սահմանում և ոստիկանության ու տեսախցիկների միջոցով ուժեղացնում են վերահսկողությունը։ Որոշ երկրներում քաղաքացիները ապահովության համար իրենց տներում տեղադրում են ազդանշանային համակարգ, տան շուրջը՝ էլեկտրական ցանկապատ, իսկ դռներին՝ լրացուցիչ կողպեքներ։ Շատերը գիշերը տնից դուրս չեն գալիս և իրենց երեխաներին արգելում են առանց հսկողության խաղալ բակում, անկախ նրանից, թե օրվա որ ժամն է։ Ակնհայտ է, որ ազատությունը գնալով սահմանափակվում է, և թվում է՝ հակառակն ակնկալելը անիմաստ է։
2 Եդեմի պարտեզում Սատանան հավաստիացրեց, որ իսկական ազատության հնարավոր է հասնել Եհովայից անկախ լինելով։ Ի՜նչ չարամիտ և հրեշավոր սուտ։ Որքան մարդիկ անտեսում են Աստծու կողմից հաստատված բարոյական և հոգևոր սահմանները, այնքան ավելի տառապալից է դառնում ողջ հասարակության կյանքը։ Տառապանքներից զերծ չէ նաև Եհովայի ժողովուրդը։ Սակայն մենք հույս ունենք տեսնելու մեղքի և ապականության ստրկության վերջը և ճաշակելու այն, ինչն Աստվածաշունչը կոչում է «Աստծու զավակների փառահեղ ազատություն» (Հռոմ. 8։21)։ Իրականում, Եհովան արդեն սկսել է իր ծառաներին պատրաստել այդ ազատությանը։ Ինչպե՞ս։
3. Եհովան Քրիստոսի հետևորդներին ի՞նչ օրենք է տվել, և ի՞նչ հարցեր ենք քննելու։
3 Պատասխանը գտնում ենք Հակոբոս աշակերտի խոսքերում. Եհովան դա անում է «ազատության կատարյալ օրենքի» միջոցով (կարդա՛ Հակոբոս 1։25)։ Մեկ այլ թարգմանության մեջ այս արտահայտությունը թարգմանված է՝ «ազատարար և կատարյալ Օրենք» (Աշխարհաբար նոր թարգմանություն)։ Սովորաբար օրենքը ասոցացվում է սահմանափակումների հետ, ոչ թե ազատության։ Այդ դեպքում ի՞նչ է «ազատության կատարյալ օրենքը», և ինչպե՞ս է այն ազատում մեզ։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՕՐԵՆՔԸ
4. Ի՞նչ է «ազատության կատարյալ օրենքը», և ովքե՞ր են օգուտ քաղում դրանից։
4 «Ազատության կատարյալ օրենքը» Մովսիսական օրենքը չէ, քանի որ վերջինս տրվել էր մեղքերը հայտնի դարձնելու համար, և հետագայում այդ օրենքին վերջ դրվեց, երբ Քրիստոսը կատարեց այն (Մատթ. 5։17; Գաղ. 3։19)։ Ուրեմն ի՞նչ օրենքի մասին էր խոսում Հակոբոսը։ Նա նկատի ուներ «Քրիստոսի օրենքը», որը կոչվում է նաև «հավատի օրենք» և «ազատ ժողովրդի օրենք» (Գաղ. 6։2; Հռոմ. 3։27; Հակ. 2։12)։ «Կատարյալ օրենքն» ընդգրկում է այն ամենը, ինչ Եհովան պահանջում է մեզանից։ Եվ այդ օրենքից օգուտ են քաղում թե՛ օծյալ քրիստոնյաները, թե՛ «ուրիշ ոչխարները» (Հովհ. 10։16)։
5. Ինչո՞ւ ազատության օրենքը ծանրաբեռնող չէ։
5 Ի տարբերություն շատ երկրներում սահմանված օրենքների՝ «կատարյալ օրենքը» բարդ և ծանրաբեռնող չէ։ Այն բաղկացած է պարզ պատվերներից և հիմնական սկզբունքներից (1 Հովհ. 5։3)։ Հիսուսն ասաց. «Իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։29, 30)։ «Կատարյալ օրենքում» չկա կանոնների ու պատժամիջոցների երկար ցանկ և անհրաժեշտ էլ չէ, քանի որ դրա հիմքում սերն է ընկած և այն փորագրված է մարդկանց մտքում ու սրտի վրա, ոչ թե քարե տախտակների (կարդա՛ Եբրայեցիներ 8։6, 10)։
ԻՆՉՊԵՍ Է «ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԵՆՔԸ» ԱԶԱՏՈՒՄ ՄԵԶ
6, 7. Ի՞նչ կարելի է ասել Եհովայի չափանիշների մասին, և ի՞նչ է ազատության օրենքը թույլ տալիս մեզ անելու։
6 Բանական ստեղծագործությունների համար Եհովայի դրած սահմանները նրանց օգտի ու պաշտպանության համար են նախատեսված։ Օրինակ՝ կան ֆիզիկական օրենքներ, որոնց ենթարկվում են մատերիան և էներգիան։ Ենթարկվելով այդ օրենքներին՝ մարդիկ իրենց ճնշված չեն զգում։ Ընդհակառակը՝ նրանք գնահատում են այդ օրենքները՝ գիտակցելով, որ դրանք նպաստում են իրենց բարօրությանը։ Նմանապես, բարոյականության ու հոգևորի վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշները, որոնք արտահայտված են Քրիստոսի «կատարյալ օրենքում», մարդու բարօրության համար են։
7 Ազատության օրենքը ոչ միայն պաշտպանում է մեզ, այլև օգնում, որ բավարարենք մեր բոլոր պատշաճ ցանկությունները՝ առանց ինքներս մեզ վնասելու և ոտնձգություն կատարելու ուրիշների իրավունքների ու ազատության վրա։ Փաստորեն, եթե ուզում ենք իսկապես ազատ լինել, այսինքն՝ կարողանանք անել մեր ուզածը, պետք է ճիշտ ցանկություններ զարգացնենք, ցանկություններ, որոնք կհամապատասխանեն Եհովայի տեսակետին ու չափանիշներին։ Այլ խոսքերով՝ պետք է սովորենք սիրել այն, ինչ Եհովան է սիրում, և ատել այն, ինչ նա է ատում։ Եվ ազատության օրենքը հենց դա է օգնում մեզ անելու (Ամոս 5։15)։
8, 9. Ի՞նչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր հավատարմորեն պահում են ազատության օրենքը։ Բացատրի՛ր օրինակով։
8 Լինելով անկատար՝ մենք պայքարում ենք մեր սխալ ցանկությունների դեմ։ Սակայն երբ հավատարմորեն պահում ենք ազատության օրենքը, նույնիսկ հիմա զգում ենք դրա ազատարար զորությունը։ Ջեյ անունով մի տղամարդ, որը սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել, ծխող էր։ Իմանալով, որ Աստծուն դուր չի գալիս իր այդ սովորությունը՝ հասկացավ, որ պետք է որոշում կայացնի. շարունակե՞լ ենթարկվել մարմնի ցանկություններին, թե՞ հնազանդվել Եհովային։ Ջեյը իմաստուն որոշում կայացրեց. ծառայել Աստծուն, թեպետ օրգանիզմը նիկոտինի պահանջ ուներ։ Ի՞նչ է նա զգում այդ սովորությունը թողնելուց հետո։ «Ինձ հրաշալի եմ զգում, ազատ և ուրախ»,— ասում է նա։
9 Ջեյն իր փորձով համոզվեց, որ աշխարհի առաջարկած ազատությունը, որը թույլ է տալիս «մարմնավոր բաների մասին մտածել», իրականում ստրկացնում է, մինչդեռ Եհովայի տված ազատությունը, որը նշանակում է «ոգու համաձայն մտածել», իսկապես ազատություն է տալիս և առաջնորդում է «դեպի կյանք և խաղաղություն» (Հռոմ. 8։5, 6)։ Ինչ խոսք, իր ուժերով չէր, որ Ջեյը կարողացավ ձերբազատվել այդ սովորությունից։ Աստված էր, որ ուժ տվեց նրան։ «Ես կանոնավորաբար ուսումնասիրում էի Աստվածաշունչը, աղոթքով սուրբ ոգի էի խնդրում նրանից և օգնություն էի փնտրում քրիստոնեական ժողովում, որտեղ պատրաստ էին սիրով ինձ աջակցելու»,— պատմում է նա։ Այն, ինչն օգնեց Ջեյին, մեզ նույնպես կարող է օգնել գտնելու իսկական ազատություն։ Տեսնենք, թե ինչպես։
ԱՉՔԵՐԴ ՀԱՌԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՆ
10. Ի՞նչ է նշանակում «աչքերը հառած նայել» Աստծու օրենքին։
10 Հակոբոս 1։25-ում կարդում ենք. «Ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և հարատևում է դրանում, այդպես անելով՝ երջանիկ կլինի»։ Հունարեն բնագրում «աչքերը հառած նայել» թարգմանված բառը նշանակում է «կռանալ մոտիկից նայելու համար», ինչը ենթադրում է որոշակի ջանքեր։ Եթե ուզում ենք, որ ազատության օրենքը ազդի մեր մտքի և սրտի վրա, պետք է ջանասիրաբար քննենք Աստվածաշունչը և աղոթքով խորհրդածենք ընթերցածի շուրջ (1 Տիմոթ. 4։15)։
11, 12. ա) Հիսուսն ինչպե՞ս ընդգծեց ճշմարտությունը մեր կյանքի ուղին դարձնելու անհրաժեշտությունը։ բ) Ինչպես ցույց է տալիս բերված օրինակը, հատկապես ո՞ր վտանգից երիտասարդները պետք է խուսափեն։
11 Միևնույն ժամանակ մենք պետք է «հարատևենք» Աստծու Խոսքը կիրառելու մեջ և այդպիսով ճշմարտությունը դարձնենք մեր կյանքի ուղին։ Հիսուսը իրեն հավատացած մարդկանց հետ խոսելիս նման միտք արտահայտեց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։31, 32)։ Ինչպես ասվում է մի աշխատության մեջ, «իմանալ» բառն այստեղ նշանակում է նաև գնահատել, քանի որ «այն, ինչ մարդը «գիտի», արժեքավոր ու կարևոր է իր համար»։ Մենք լիարժեք «կիմանանք» ճշմարտությունը, երբ այն դարձնենք մեր կյանքի ուղին։ Այդ ժամանակ իրավամբ կարող ենք ասել, որ «Աստծու խոսքը» «ներգործում է» մեր մեջ՝ ձևավորելով մեր անձնավորությունը, որպեսզի ավելի լավ արտացոլենք մեր երկնային Հոր հատկությունները (1 Թեսաղ. 2։13)։
12 Հարցրու ինքդ քեզ. «Իսկապես գիտե՞մ ճշմարտությունը։ Այն իմ կյանքի ուղի՞ն եմ դարձրել։ Թե՞ դեռևս ցանկանում եմ ունենալ այն «ազատությունից», որն աշխարհն է առաջարկում»։ Մի քույր, որը մեծացել է Եհովայի վկաների ընտանիքում, իր մանկության տարիներին հայացք գցելով՝ հետևյալը գրեց. «Նրանց կյանքում, ովքեր մեծանում են ճշմարտության մեջ, Եհովան, այսպես ասած, միշտ ներկա է։ Բայց ես նրան չէի ճանաչում։ Չէի սովորել ատել այն, ինչ նա է ատում։ Չէի կարծում՝ նրան հետաքրքրում է, թե ես ինչ եմ անում։ Երբեք նրան չէի դիմում, երբ խնդիրներ էի ունենում։ Ես իմ հասկացողությանն էի վստահում, ինչը հիմա ծիծաղելի է ինձ համար, քանի որ ոչ մի բան չէի հասկանում»։ Հետագայում այդ քույրը գիտակցեց, որ սխալ մտածելակերպ ունի, և մեծ փոփոխություններ արեց իր կյանքում։ Նա նույնիսկ սկսեց ծառայել որպես լիաժամ ռահվիրա։
ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՔԵԶ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ
13. Աստծու սուրբ ոգին ինչպե՞ս է օգնում մեզ ազատություն ունենալու։
13 2 Կորնթացիներ 3։17-ում կարդում ենք. «Ուր որ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա»։ Ինչպե՞ս է սուրբ ոգին նպաստում մեր ազատությանը։ Օրինակ՝ այն մեր մեջ այնպիսի հատկություններ է առաջ բերում, որոնք կարևոր են ազատություն ունենալու համար։ Դրանք են՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղ. 5։22, 23)։ Առանց այս հատկությունների, հատկապես առանց սիրո՝ մարդկային ոչ մի հասարակություն չի կարող իսկապես ազատ լինել։ Սա ակնհայտ փաստ է այսօրվա աշխարհում։ Ուշագրավ է, որ ոգու պտուղը նշելուց հետո Պողոս առաքյալն ավելացրեց. «Այսպիսի բաների դեմ օրենք չկա»։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Չկա օրենք, որ սահմանափակի Աստծու ոգու պտղի աճը (Գաղ. 5։18)։ Ի վերջո, ո՞րն է այդ օրենքի նպատակը։ Եհովայի կամքն է, որ մենք հավիտյան իրեն հաճելի հատկություններ զարգացնենք ու առանց սահմանափակումների դրսևորենք դրանք։
14. Ինչպե՞ս է աշխարհի ոգին ստրկացնում նրանց, ովքեր հպատակվում են դրան։
14 Ովքեր հնազանդվում են աշխարհի ոգուն և տրվում են մարմնի ցանկություններին, գուցե մտածեն, թե ազատ են (կարդա՛ 2 Պետրոս 2։18, 19)։ Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է։ Անթիվ-անհամար օրենքներ ու կանոններ են սահմանվում՝ սանձելու նրանց վնասակար ցանկություններն ու վարքը։ «Օրենքը սահմանված է ոչ թե արդար մարդու համար, այլ նրանց, ովքեր անօրեն են ու անկառավարելի»,— ասաց Պողոսը (1 Տիմոթ. 1։9, 10)։ Նրանք նաև մեղքի ծառա են և ակամայից «մարմնի.... ուզած բաներն» են անում, իսկ մարմինը, ինչ խոսք, դաժան տեր է (Եփես. 2։1–3)։ Այսպիսի մարդկանց կարելի է համեմատել միջատների հետ, որոնք գնում լցվում են մեղրով լի ամանի մեջ։ Առաջնորդվելով իրենց ախորժակով՝ նրանք հայտնվում են ծուղակում (Հակ. 1։14, 15)։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ
15, 16. Ի՞նչ օգուտներ ենք ստացել՝ դառնալով քրիստոնեական ժողովի անդամ, և ի՞նչ ազատություն ենք վայելում։
15 Դու քրիստոնեական ժողովի անդամ ես դարձել ոչ թե այն պատճառով, որ դիմել ես դրա համար, ինչպես անում են ակումբի անդամ դառնալիս, այլ որ Եհովան է ձգել քեզ (Հովհ. 6։44)։ Ի՞նչն է մղել նրան այդպես վարվելու։ Նա քո մեջ արդար ու աստվածավախ մա՞րդ է տեսել։ Գուցե պատասխանես՝ բոլորովի՛ն։ Այդ դեպքում ի՞նչ է տեսել Եհովան։ Նա տեսել է քո սիրտը, որը պատրաստ էր հնազանդվելու նրա ազատության օրենքին և հետևելու նրա առաջնորդությանը։ Ժողովում նա սնել է քո սիրտը՝ տալով հոգևոր կերակուր, ազատել է կրոնական կեղծիքներից ու սնահավատությունից և սովորեցրել, թե ինչպես նմանվել Քրիստոսին (կարդա՛ Եփեսացիներ 4։22–24)։ Արդյունքում՝ այժմ պատիվ ունես լինելու աշխարհի այն միակ ժողովրդի մեջ, որը կարող է հիրավի կոչվել «ազատ ժողովուրդ» (Հակ. 2։12)։
16 Մտածիր այս հարցերի շուրջ. վախի զգացում ունենո՞ւմ ես, երբ շրջապատված ես լինում այնպիսի մարդկանցով, ովքեր ամբողջ սրտով սիրում են Եհովային։ Թագավորության սրահում հավատակիցներիդ հետ շփվելիս աչքդ իրերիդ վրա՞ ես պահում։ Շարունակ կողքե՞րդ ես նայում։ Իհա՛րկե ոչ։ Դու քեզ ազատ ու հանգիստ ես զգում։ Արդյոք այդպես կզգայի՞ր աշխարհիկ մարդկանց շրջապատում։ Հավանաբար ոչ։ Այն ազատությունը, որ այսօր վայելում ես Աստծու ժողովրդի մեջ, պարզապես նախաշուքն է ապագայում սպասվող ազատության։
«ԱՍՏԾՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՓԱՌԱՀԵՂ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
17. Ինչպե՞ս է մարդկության ազատությունը առնչվում «Աստծու որդիների հայտնվելուն»։
17 Խոսելով այն ազատության մասին, որը Եհովան պատրաստել է իր երկրային ծառաների համար, Պողոսը գրեց. «Ստեղծագործությունը մեծ ակնկալությամբ սպասում է Աստծու որդիների հայտնվելուն»։ Այնուհետև ավելացրեց. «Ստեղծագործությունը ինքն էլ ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։19–21)։ «Ստեղծագործությունը» վերաբերում է երկրային հույս ունեցող մարդկանց, որոնք օգուտ կքաղեն, երբ «հայտնվեն» Աստծու օծյալ որդիները։ Դա կսկսվի այն ժամանակ, երբ երկնային ոլորտում հարություն առած այդ «որդիները» Քրիստոսի հետ երկիրը մաքրեն չարությունից և «մեծ բազմությանը» առաջնորդեն դեպի նոր աշխարհ (Հայտն. 7։9, 14)։
18. Ինչպե՞ս հնազանդ մարդկությունը ավելի մեծ ազատության կհասնի, և ի՞նչ ազատություն է դա։
18 Այդ ժամանակ փրկագնված մարդկությունը առանձնահատուկ ազատություն կունենա՝ ազատություն Սատանայի և դևերի ազդեցությունից (Հայտն. 20։1–3)։ Ինչպիսի՜ թեթևություն կլինի։ Դրանից հետո Քրիստոսի 144000 թագավորակիցներն ու քահանայակիցները կշարունակեն ազատել մարդկանց՝ կիրառելով քավիչ զոհի օգուտները, մինչև որ ադամական մեղքն ու անկատարությունը ի սպառ վերանան (Հայտն. 5։9, 10)։ Փորձության ներքո իրենց հավատարմությունը փաստելուց հետո մարդիկ վերջապես կունենան այն կատարյալ ազատությունը, որը Եհովան նպատակադրել է տալ նրանց, այսինքն՝ «Աստծու զավակների փառահեղ ազատությունը»։ Պատկերացրու. այլևս չես պայքարելու, որ անես այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում, քանի որ մարմինդ, միտքդ ու սիրտդ կատարյալ կլինեն, և դու կկարողանաս կատարելապես արտացոլել Աստծու պատկերը։
19. Ի՞նչ պետք է շարունակենք անել, որպեսզի մնանք իրական ազատության տանող ճանապարհին։
19 Փափագո՞ւմ ես ունենալ «Աստծու զավակների փառահեղ ազատությունը»։ Եթե այո, ապա թույլ տուր, որ «ազատության կատարյալ օրենքը» շարունակի ազդել մտքիդ ու սրտիդ վրա։ Ջանասիրաբար ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Ճշմարտությունը քոնը դարձրու, ապրիր դրան համաձայն։ Աղոթքով սուրբ ոգի խնդրիր։ Լիարժեք օգուտ քաղիր քրիստոնեական ժողովից ու Եհովայի տված հոգևոր կերակուրից։ Թույլ մի՛ տուր, որ Սատանան խաբի քեզ, ինչպես որ խաբեց Եվային՝ տալով այն միտքը, թե Աստծու պահանջները չափազանց խիստ են։ Անշուշտ, Սատանան շատ խորամանկ է։ Սակայն ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, մենք կարող ենք «չխաբվել Սատանայի կողմից, քանի որ անտեղյակ չենք նրա դիտավորություններին» (2 Կորնթ. 2։11)։
[նկար 9-րդ էջի վրա]
Դեռևս ցանկանո՞ւմ եմ ունենալ այս աշխարհի «ազատությունից»
[նկար 9-րդ էջի վրա]
Ճշմարտությունը դարձրե՞լ եմ իմ կյանքի ուղին