Եհովան սիրում է նրանց, ովքեր տոկալով պտուղ են բերում
«Լավ հողի մեջ ընկածները նրանք են, որ.... տոկունություն դրսևորելով պտուղ [են] բերում» (ՂՈՒԿ. 8։15)։
1, 2. ա) Ինչո՞ւ ենք քաջալերվում նրանց օրինակով, ովքեր ծառայում են այնպիսի տարածքում, որտեղ քչերն են դրականորեն արձագանքում բարի լուրին (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Հիսուսն ի՞նչ ասաց իր «հայրենի վայրերում» քարոզելու մասին (տես ծանոթագրությունը)։
ՍԵՐՋԻՈՆ ԵՎ ՕԼԻՆԴԱՆ 80-ն անց ռահվիրա ամուսիններ են, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում։ Նրանք դժվարությամբ են քայլում, քանի որ իրենց ոտքերը ցավում են։ Սակայն վաղ առավոտյան նրանք տնից դուրս են գալիս ու գնում հրապարակ՝ քաղաքի մարդաշատ տարածք, ինչպես որ արել են տասնյակ տարիներ շարունակ։ Ժամը 7-ին նրանք հասնում են հրապարակ, ավտոբուսի կանգառի մոտ զբաղեցնում են իրենց տեղը և անցորդներին աստվածաշնչյան գրականություն են առաջարկում։ Շատերն անտարբերությամբ անցնում-գնում են, բայց ամուսինները շարունակում են իրենց ծառայությունը և ժպտում նրանց, ովքեր իրենց կողմն են նայում։ Կեսօրին նրանք դանդաղ քայլերով վերադառնում են տուն։ Հաջորդ առավոտ նրանք նորից գնում են հրապարակ։ Եվ այսպես՝ շաբաթը վեց օր այս հավատարիմ զույգը քարոզում է Թագավորության լուրը և դա անում է ողջ տարվա ընթացքում։
2 Սերջիոյի և Օլինդայի պես՝ ամբողջ աշխարհում հավատարիմ շատ եղբայրներ ու քույրեր տասնամյակներ շարունակ քարոզում են իրենց հայրենի վայրերում, որտեղ քչերն են դրականորեն արձագանքում բարի լուրին։ Եթե քո տարածքն էլ է այդպիսին, սրտանց գովում ենք քեզ տոկունությանդ համար։a Ծառայության մեջ քո դրսևորած հաստատակամությունը կարող է շատերին քաջալերել, նույնիսկ այն հավատակիցներին, ովքեր երկար տարիների փորձ ունեն։ Ուշադրություն դարձրու, թե ինչ են ասել մի քանի շրջանային վերակացուներ։ «Երբ ծառայում եմ այսպիսի հավատարիմ եղբայրների ու քույրերի հետ, նրանց օրինակը ինձ շատ է զորացնում»։ «Նրանց հավատարմությունը քաջալերում է ինձ հաստատակամ մնալու և համարձակ լինելու իմ ծառայության մեջ»։ «Նրանց օրինակը ջերմացնում է սիրտս»։
3. Ի՞նչ երեք հարց ենք քննարկելու և ինչո՞ւ։
3 Որպեսզի ավելի վճռական լինենք մինչև վերջ անելու Հիսուսի հանձնարարած գործը, եկեք քննարկենք երեք հարց։ Ինչո՞ւ գուցե երբեմն վհատվենք։ Ինչպե՞ս կարող ենք պտուղ բերել։ Ի՞նչը կօգնի, որ շարունակենք տոկունություն դրսևորելով պտուղ բերել։
ԻՆՉՈ՞Ւ ԳՈՒՑԵ ՎՀԱՏՎԵՆՔ
4. ա) Հրեաների բացասական արձագանքը ինչպե՞ս էր ազդում Պողոսի վրա։ բ) Պողոսն ինչո՞ւ էր ցավ զգում։
4 Եթե երբևէ վհատվել ես՝ քարոզելով այնպիսի տարածքում, որտեղ դրական արձագանք չկա, հիշիր, որ նման զգացում է ունեցել նաև Պողոս առաքյալը։ Իր ծառայության մոտավորապես 30 տարիների ընթացքում նա բազմաթիվ մարդկանց օգնեց դառնալու Քրիստոսի աշակերտ (Գործ. 14։21; 2 Կորնթ. 3։2, 3)։ Սակայն քիչ հրեաներ ընդունեցին բարի լուրը և դարձան ճշմարիտ երկրպագու։ Շատերը հակառակվեցին Պողոսին, ոմանք էլ նույնիսկ հալածեցին նրան (Գործ. 14։19; 17։1, 4, 5, 13)։ Ինչպե՞ս էր Պողոսի վրա ազդում հրեաների թշնամական վերաբերմունքը։ Նա անկեղծորեն խոստովանեց. «Ես ճշմարտությունն եմ ասում Քրիստոսում.... մեծ տրտմություն և անվերջանալի ցավ ունեմ իմ սրտում» (Հռոմ. 9։1–3)։ Ինչո՞ւ էր Պողոսը այսպես զգում։ Քարոզչական գործի մեջ նա իր սիրտն էր դրել։ Նա խորապես մտահոգվում էր հրեաների մասին, դրա համար էլ քարոզում էր նրանց։ Ուստի ցավ էր ապրում, երբ նրանք մերժում էին Աստծու ողորմությունը։
5. ա) Ի՞նչն է մղում մեզ քարոզելու մեր տարածքում ապրող մարդկանց։ բ) Ինչո՞ւ զարմանալի չէ, որ երբեմն վհատվում ենք։
5 Պողոսի նման մենք էլ ենք անկեղծորեն անհանգստանում մարդկանց համար ու քարոզում ենք նրանց (Մատթ. 22։39; 1 Կորնթ. 11։1)։ Չէ՞ որ մեր փորձից գիտենք, թե որքան շատ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր որոշում են ծառայել Եհովային։ Երբ մտածում ենք մեր տարածքում ապրող մարդկանց մասին, ինքներս մեզ ասում ենք. «Երանի՜ կարողանանք օգնել նրանց տեսնելու, թե ինչ են կորցնում»։ Ուստի շարունակում ենք հորդորել մարդկանց իմանալ Եհովա Աստծու և մարդկությանն առնչվող նրա նպատակի մասին։ Մենք կարծես ասում ենք նրանց. «Մի հրաշալի նվեր ենք բերել ձեզ։ Խնդրում ենք, ընդունեք այն»։ Ուստի զարմանալի չէ, որ երբ մարդիկ մերժում են մեր բերած նվերը, մենք «ցավ ենք ունենում մեր սրտում»։ Նման զգացումները ցույց չեն տալիս, թե հավատ չունենք։ Դրանք վկայում են այն մասին, որ քարոզչական գործի մեջ մեր սիրտն ենք դրել։ Եվ չնայած որ վհատության պահեր են լինում, մենք տոկունություն ենք դրսևորում։ Էլենան, որն ավելի քան 25 տարի որպես ռահվիրա է ծառայում, ասում է. «Քարոզչական գործը դժվար է ինձ համար։ Այնուամենայնիվ, չկա ուրիշ աշխատանք, որ ես կնախընտրեի անել»։ Հավանաբար շատերս նույն բանն ենք զգում։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊՏՈՒՂ ԲԵՐԵԼ
6. Ո՞ր հարցի պատասխանը պետք է գտնենք և այդ նպատակով ի՞նչ ենք քննելու։
6 Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ անկախ այն բանից, թե որտեղ ենք քարոզում՝ մեր ծառայությունը կարող է պտղաբեր լինել։ Այս կարևոր հարցին պատասխանելու համար եկեք քննենք Հիսուսի պատմած երկու առակներ, որոնցում նա ընդգծում է «պտուղ տալու» անհրաժեշտությունը (Մատթ. 13։23)։ Առաջինը որթատունկի մասին առակն է։
7. ա) Ո՞ւմ են ներկայացնում «մշակը», «որթատունկը» և «ճյուղերը»։ բ) Ո՞ր հարցի պատասխանն է մեզ հետաքրքրում։
7 Կարդա Հովհաննես 15։1–5, 8։ Նկատիր, որ Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք»։ Հիսուսն իր առակում Եհովային կոչեց «մշակ», իրեն՝ «ճշմարիտ որթատունկ», իսկ իր աշակերտներին՝ «ճյուղեր»b։ Ի՞նչ պտուղ պետք է բերեն Քրիստոսի հետևորդները։ Հիսուսն ուղղակիորեն չասաց, թե ինչ պտուղ է դա, բայց մի կարևոր մանրամասնություն հայտնեց, որն օգնում է գտնել պատասխանը։
8. ա) Ինչո՞ւ Հիսուսի պատմած առակում պտուղ բերելը չի կարող վերաբերել նոր աշակերտներ պատրաստելուն։ բ) Եհովան ինչպիսի՞ պահանջներ է դնում մեր առաջ։
8 Հիսուսն իր Հոր մասին ասաց. «Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա հեռացնում է»։ Այլ կերպ ասած՝ Եհովան մեզ իր ծառաներն է համարում միայն այն դեպքում, երբ պտուղ ենք տալիս (Մատթ. 13։23; 21։43)։ Ուստի այս առակում նշված պտուղը, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է բերի, չի վերաբերում նոր աշակերտներ պատրաստելուն (Մատթ. 28։19)։ Հակառակ դեպքում այն հավատարիմ Վկաները, ովքեր քարոզում են այնպիսի տարածքում, որտեղ դրական արձագանք չկա, և դրա պատճառով չեն կարողանում աշակերտներ պատրաստել, նման կլինեին անպտուղ ճյուղերին։ Սակայն այսպիսի եզրակացությունը անտրամաբանական է։ Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ աշակերտ դառնան։ Եհովան միշտ սիրով է վարվում, ուստի չի կարող իր ծառաներին անարժան համարել այնպիսի բան չանելու համար, ինչը նրանց կարողություններից վեր է։ Եհովան միշտ մեզնից պահանջում է այն, ինչ կարող ենք անել (2 Օրենք 30։11–14)։
9. ա) Ո՞ր գործին մասնակցելով ենք պտուղ բերում։ բ) Ի՞նչ առակ ենք քննելու և ինչո՞ւ։
9 Ի՞նչ է այն պտուղը, որ պետք է բերենք։ Ակնհայտ է, որ պտուղը պետք է վերաբերի այն գործին, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է անել։ Ուստի «պտուղ տալը» հիմնականում վերաբերում է Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու գործին (Մատթ. 24։14)։c Սերմնացանի մասին Հիսուսի պատմած առակը հաստատում է այս միտքը։ Եկեք քննենք այն։
10. ա) Սերմնացանի մասին առակում ի՞նչ են ներկայացնում սերմը և հողը։ բ) Ի՞նչ պտուղ է զարգանում ցորենի ցողունի վրա։
10 Կարդա Ղուկաս 8։5–8, 11–15։ Սերմնացանի մասին առակում սերմը «Աստծու խոսքն է», այսինքն՝ Թագավորության լուրը։ Հողը մարդու այլաբանական սիրտն է։ Լավ հողի մեջ ընկած սերմը արմատ է գցում, ծիլ է տալիս և աճում։ Օրինակ՝ դա կարող է լինել ցորենի ցողուն։ Ի վերջո այն «հարյուրապատիկ պտուղ է տալիս»։ Իսկ ի՞նչ պտուղ է զարգանում ցորենի ցողունի վրա։ Փոքր ցողուննե՞ր։ Ո՛չ։ Դրա վրա նոր սերմեր են հասունանում, որոնցից հետագայում կարող են նոր ցողուններ աճել։ Այս առակում ցորենի մեկ հատիկը հարյուր հատիկ է բերում։ Ինչպե՞ս է սա վերաբերում մեր ծառայությանը։
11. ա) Սերմնացանի մասին առակը ինչպե՞ս է վերաբերում մեր ծառայությանը։ բ) Ինչպե՞ս ենք Թագավորության նոր սերմեր տալիս։
11 Բերենք օրինակ։ Տարիներ առաջ որոշ Վկաներ կամ մեր քրիստոնյա ծնողները մեզ հայտնեցին Թագավորության լուրը։ Նրանք շատ ուրախացան՝ տեսնելով, որ մենք ընդունեցինք այն ու պահեցինք մեր սրտում, ինչպես որ լավ հողն է պահում սերմը։ Արդյունքում Թագավորության լուրը արմատներ գցեց և աճեց՝ վերածվելով ցորենի ցողունի, որն ի վերջո սկսեց պտուղ բերել։ Եվ ինչպես որ ցորենի ցողունի վրա զարգանում են նոր սերմեր և ոչ թե նոր ցողուններ, այնպես էլ մեր բերած պտուղը ոչ թե նոր աշակերտներն են, այլ Թագավորության նոր սերմերը։d Իսկ ինչպե՞ս ենք դրանք բերում։ Ամեն անգամ, երբ քարոզում ենք Թագավորության լուրը, մենք բազմացնում և տարածում ենք մեր սրտում ցանված սերմը (Ղուկ. 6։45; 8։1)։ Ուստի այս առակից սովորում ենք, որ քանի դեռ շարունակում ենք հռչակել Թագավորության լուրը, «տոկունություն դրսևորելով պտուղ ենք բերում»։
12. Ի՞նչ ենք սովորում որթատունկի ու սերմնացանի մասին առակներից, և դա իմանալով՝ ի՞նչ ես զգում։
12 Ի՞նչ ենք սովորում որթատունկի ու սերմնացանի մասին Հիսուսի պատմած առակներից։ Դրանք օգնում են մեզ հասկանալ, որ պտուղ բերելու մեր կարողությունը կախված չէ մեր տարածքում ապրող մարդկանց արձագանքից։ Իրականում այն կախված է մեր հավատարմությունից։ Պողոսն ընդգծեց այս միտքը, երբ ասաց. «Յուրաքանչյուրը կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ աշխատանքի համեմատ» (1 Կորնթ. 3։8)։ Վարձատրությունը տրվում է աշխատանքի համեմատ, ոչ թե դրա արդյունքների։ Մատիլդան, որը 20 տարի է՝ որպես ռահվիրա է ծառայում, ասում է. «Ուրախալի է իմանալ, որ Եհովան մեր ջանքերի համար է մեզ վարձատրում»։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
13, 14. Հռոմեացիներ 10։1, 2 համարների համաձայն՝ ինչո՞ւ Պողոսը չէր հանձնվում՝ տեսնելով, որ հրեաները բացասաբար են արձագանքում Թագավորության լուրին։
13 Ի՞նչը կօգնի, որ շարունակենք տոկունություն դրսևորելով պտուղ բերել։ Ինչպես արդեն նշեցինք, Պողոսը վհատվեց՝ տեսնելով, որ հրեաները բացասաբար են արձագանքում Թագավորության լուրին, սակայն չհանձնվեց։ Նկատիր, թե Հռոմում գտնվող քրիստոնյաներին նա ինչ գրեց հրեաների հանդեպ իր ունեցած զգացմունքների մասին. «Իմ սրտի փափագը և իսրայելացիների համար արած իմ աղաչանքն առ Աստված նրանց փրկության համար է։ Ես վկայում եմ նրանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն» (Հռոմ. 10։1, 2)։ Պողոսը ի՞նչ պատճառներ նշեց իր ծառայությունը շարունակելու համար։
14 Նախ, ինչպես գրեց առաքյալը, ինքը շարունակում էր քարոզել հրեաներին, քանի որ իրեն մղում էր «սրտի փափագը»։ Այո՛, նա սրտանց ցանկանում էր, որ նրանք փրկվեին (Հռոմ. 11։13, 14)։ Երկրորդ՝ Պողոսը հրեաների համար աղաչանք էր անում առ Աստված։ Նա թախանձագին աղոթում էր Աստծուն և խնդրում, որ օգնի նրանց ընդունել Թագավորության լուրը։ Երրորդ՝ Պողոսն ասաց, որ հրեաները «Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն»։ Նա տեսնում էր, որ մարդիկ կարող են փոխվել դեպի լավը։ Եթե նախանձախնդրությանը ճիշտ ուղղություն տրվի, անկեղծ մարդիկ կարող են դառնալ Քրիստոսի եռանդուն աշակերտներ։ Պողոսը շատ լավ գիտեր դա։
15. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին։ Բեր օրինակ։
15 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին։ Առաջին՝ մենք անկեղծ ցանկություն ունենք գտնելու նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ»։ Երկրորդ՝ աղոթում ենք Եհովային ու աղաչում, որ բաց անի անկեղծ մարդկանց սրտերը (Գործ. 13։48; 16։14)։ Սիլվանան, ով մոտ 30 տարի է՝ որպես ռահվիրա է ծառայում, ասում է. «Իմ տարածքում գտնվող որևէ տուն գնալուց առաջ աղոթում եմ Եհովային, որ օգնի ինձ դրական տրամադրվածություն ունենալ»։ Բացի այդ, մենք խնդրում ենք Աստծուն, որ հրեշտակների միջոցով առաջնորդի մեզ և օգնի գտնել ազնվասիրտ մարդկանց (Մատթ. 10։11–13; Հայտն. 14։6)։ Ռոբերտը, որն ավելի քան 30 տարվա ռահվիրա է, նշում է. «Որքա՜ն քաջալերական է աշխատել հրեշտակների հետ, որոնք գիտեն, թե ինչ է կատարվում տանտերերի կյանքում»։ Երրորդ՝ մենք ջանում ենք տեսնել, որ մարդիկ կարող են փոխվել դեպի լավը։ Կառլ անունով մի երեց, որը մկրտվել է ավելի քան 50 տարի առաջ, ասում է. «Փորձում եմ նկատել ցանկացած փոքր բան, որը թերևս խոսում է մարդու անկեղծության մասին, օրինակ՝ նրա ժպիտը, բարի հայացքը կամ անկեղծ հարցը»։ Այո՛, Պողոսի պես՝ մենք էլ կարող ենք տոկունություն դրսևորել և պտուղ բերել։
«ՁԵՌՔԻԴ ՀԱՆԳԻՍՏ ՄԻ՛ ՏՈՒՐ»
16, 17. ա) Ի՞նչ ենք սովորում Ժողովող 11։6-ից։ բ) Բեր օրինակ, թե մեր ցանքը ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա։
16 Նույնիսկ երբ թվում է, թե Թագավորության լուրը չի հասնում մարդկանց սրտերին, չպետք է թերագնահատենք մեր ցանքի արդյունքները (կարդա Ժողովող 11։6)։ Ճիշտ է, շատերը չեն լսում մեզ, բայց տեսնում են։ Նրանք նկատում են մեր կոկիկ հագուկապը, քաղաքավարությունն ու ջերմ ժպիտը։ Հնարավոր է՝ մեր վարքի շնորհիվ ոմանք հետագայում հասկանան, որ մեր մասին սխալ կարծիք ունեն։ Սերջիոն և Օլինդան, որոնց մասին արդեն խոսեցինք, նման փոփոխություն նկատել են։
17 Սերջիոն պատմում է. «Հիվանդության պատճառով որոշ ժամանակ չէինք կարողանում գնալ հրապարակ։ Երբ գնացինք, անցորդները սկսեցին հարցնել մեզ. «Ի՞նչ էր պատահել։ Կարոտում էինք ձեզ»»։ Օլինդան ժպտալով ասում է. «Ավտոբուսի վարորդները մեզ ձեռքով էին անում, ոմանք էլ գոչում էին՝ ապրե՛ք։ Նրանք նույնիսկ ամսագրեր էին խնդրում»։ Բացի այդ, ամուսինները շատ զարմացան, երբ մի տղամարդ կանգ առավ գրականության ցուցատախտակի մոտ, ծաղկեփունջ նվիրեց և շնորհակալություն հայտնեց իրենց արած աշխատանքի համար։
18. Ինչո՞ւ ես վճռել «տոկունություն դրսևորելով պտուղ բերել»։
18 Մենք մեր «ձեռքերին հանգիստ չենք տալիս»՝ ցանելով Թագավորության սերմերը, և դրանով մեր արժեքավոր ներդրումն ենք ունենում «բոլոր ազգերին վկայություն» տալու գործում (Մատթ. 24։14)։ Եվ որ ամենակարևորն է, մենք շատ ուրախ ենք՝ իմանալով, որ Եհովան հավանում է մեզ։ Չէ՞ որ նա սիրում է բոլոր նրանց, ովքեր «տոկունություն դրսևորելով պտուղ են բերում»։
a Անգամ Հիսուսն էր ընդունում, որ իր «հայրենի վայրերում» քարոզելը հեշտ չէր։ Սրա մասին կարող ենք կարդալ բոլոր չորս Ավետարաններում (Մատթ. 13։57; Մարկ. 6։4; Ղուկ. 4։24; Հովհ. 4։44)։
b Թեև այս առակում ճյուղերը վերաբերում են նրանց, ովքեր երկնային կյանք ստանալու հնարավորություն ունեն, Աստծու բոլոր ծառաներն էլ կարող են դասեր քաղել դրանից։
c Թեև «պտուղ տալը» վերաբերում է նաև «ոգու պտուղը» բերելուն, այս և հաջորդ հոդվածում կխոսենք «շուրթերի պտուղը» բերելու, այսինքն՝ Թագավորության քարոզչության մասին (Գաղ. 5։22, 23; Եբր. 13։15)։
d Ուրիշ առիթներով Հիսուսը ցանելու և հնձելու աշխատանքը համեմատեց աշակերտներ պատրաստելու գործի հետ (Մատթ. 9։37; Հովհ. 4։35–38)։