Փոխադարձ քաջալերություն բոլորի համար
1. Ի՞նչ հատուկ հնարավորություններ են տալիս շրջանային վերակացուների այցելությունները։
1 Պողոս առաքյալը Հռոմում գտնվող ժողովի քրիստոնյաներին գրեց. «Փափագում եմ տեսնել ձեզ, որպեսզի որևէ հոգևոր պարգև ձեզ փոխանցեմ, որ հաստատուն լինեք, կամ, ավելի շուտ, որ փոխադարձ քաջալերություն ստանանք մեկս մյուսիս հավատով՝ ինչպես ձեր, այնպես էլ իմ» (Հռոմ. 1։11, 12)։ Մեր օրերում շրջանային վերակացուների այցելությունները նույնպես փոխադարձ քաջալերության առիթներ են ստեղծում։
2. Ինչո՞ւ է շրջանային վերակացուի այցելության մասին նախօրոք հայտարարվում։
2 Ժողովը։ Շրջանային վերակացուի այցելության մասին սովորաբար ժողովում հայտարարվում է մոտ երեք ամիս առաջ։ Դա մեզ հնարավորություն է տալիս փոփոխություններ մտցնելու մեր գրաֆիկում, որպեսզի կարողանանք լիարժեք օգուտներ քաղել (Եփես. 5։15, 16)։ Եթե դու աշխատում ես, հավանաբար կկարողանաս աշխատանքից բացակայելու թույլատրություն խնդրել, որպեսզի այդ շաբաթ մասնակցես ծառայությանը։ Ոմանք այնպես են կազմակերպում իրենց գործերը, որ այցելության շաբաթվա ամսին ծառայեն որպես ենթառահվիրա։ Եթե պլանավորել ես բացակայել քաղաքից, ապա թերևս կարող ես փոխել ծրագրերդ, որպեսզի ներկա լինես այդ շաբաթ։
3. Ի՞նչ կարող ենք անել շրջանային վերակացուի այցելության ժամանակ, որպեսզի քաջալերանք ստանանք։
3 Շրջանային վերակացուի այցելության գլխավոր նպատակը բոլորիս քաջալերելն է և սովորեցնելը, թե ինչպես կատարենք մեր քարոզչական ծառայությունը։ Կարող ես խնդրել, որ ծառայես նրա հետ կամ, եթե նա ամուսնացած է, իր կնոջ հետ։ Շրջանային վերակացուները հաճույքով են համագործակցում տարբեր քարոզիչների, այդ թվում նաև նրանց հետ, ովքեր այդքան էլ փորձառու չեն ծառայության մեջ։ Բոլորս կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես է նա մատուցում բարի լուրը, և կիրառել նրա՝ սիրալիր կերպով տրված բոլոր խորհուրդները (1 Կորնթ. 4։16, 17)։ Նրան ճաշի հրավիրելը ևս մեկ հնարավորություն կտա նրա հետ քաջալերիչ շփում ունենալու (Եբր. 13։2)։ Քանի որ նրա ելույթները հարմարեցված են տեղական կարիքներին, ուշադիր լսիր դրանք։
4. Ինչպե՞ս կարող ենք քաջալերել մեր շրջանային վերակացուին։
4 Շրջանային վերակացուն։ Պողոս առաքյալը չէր տարբերվում իր հավատակիցներից, որոնց նա ծառայում էր, քանի որ նա նույնպես բախվում էր դժվարությունների և անհանգստությունների։ Ուստի նա քաջալերության կարիք ուներ և երախտապարտ էր, երբ քաջալերում էին իրեն։ Երբ Հռոմում գտնվող ժողովի քրիստոնյաները իմացան, որ Պողոսը՝ որպես բանտարկյալ, գալիս է Հռոմ, նրանցից ոմանք ճանապարհ ընկան դեպի Ապփիոսի շուկայի հրապարակը, որը գտնվում էր յոթանասունչորս կիլոմետր հեռավորության վրա։ «Նրանց տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործեր 28։15)։ Նմանապես և դու կարող ես քաջալերել ձեր շրջանային վերակացուին։ «Կրկնակի պատվի» արժանացրու նրան՝ եռանդորեն աջակցություն ցույց տալով նրան իր այցելության ժամանակ (1 Տիմոթ. 5։17)։ Անկեղծորեն երախտագիտություն հայտնիր քո օգտին ցուցաբերված ջանքերի համար։ Նա և իր կինը կուրախանան՝ տեսնելով ձեր հավատը, սերը և տոկունությունը (1 Թեսաղ. 1։3, 4)։
5. Ինչո՞ւ այսօր մենք բոլորս քաջալերության կարիք ունենք։
5 Այս «չափազանց դժվար ժամանակներում» մեզանից ո՞վ քաջալերանքի կարիք չունի (2 Տիմոթ. 3։1)։ Արդեն հիմա վճռիր ներկա լինել և լիարժեք մասնակցություն հանդես բերել շրջանային վերակացուի այցելության հատուկ շաբաթվա ժամանակ։ Ե՛վ շրջանային վերակացուն, և՛ քարոզիչները կարող են փոխադարձ քաջալերություն ունենալ։ Այդպես մենք նույնպես «կշարունակենք մխիթարել միմյանց և կերտել միմյանց» (1 Թեսաղ. 5։11)։