Պատիվ տալու մեջ առաջի՞նն ես
«Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (ՀՌՈՄ. 12։10)։
1. Ի՞նչն է հազվադեպ դարձել աշխարհի շատ մասերում։
ԱՇԽԱՐՀԻ որոշ մասերում ընդունված է, որ երեխան մեծերի ներկայությամբ, որպես հարգանքի նշան, ոչ թե կանգնած մնա, այլ ծնկների վրա լինի։ Եթե կանգներ, ապա նա բարձրահասակ կերևար նրանցից։ Բացի դրանից, այդ վայրերում անհարգալից է համարվում, երբ երեխան մեջքը դարձնում է դեպի մեծը։ Ինչ խոսք, հարգանքը տարբեր մշակույթներում տարբեր ձևերով է արտահայտվում։ Երբ խոսում ենք հարգանքի մասին, ակամայից հիշում ենք Մովսիսական օրենքում գրված հետևյալ պատվերը. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց [ի նշան հարգանքի], եւ ծերին պատուիր» (Ղեւտ. 19։32)։ Սակայն, ցավոք, այսօր շատ վայրերում հազվադեպ կարելի է տեսնել հարգանք միմյանց հանդեպ։ Անհարգալից վերաբերմունքը արդեն սովորական բան է դարձել։
2. Ըստ Աստվածաշնչի՝ ո՞ւմ պետք է պատվենք։
2 Աստծու Խոսքը անչափ կարևորում է պատիվ տալը։ Այն ասում է, որ մենք պետք է պատվենք Եհովային ու Հիսուսին (Հովհ. 5։23)։ Աստվածաշունչը նաև հորդորում է պատվել ընտանիքի անդամներին և հավատակիցներին։ Բացի այդ, մեզ հատուկ պատվեր է տրված պատվել որոշ անձանց, օրինակ՝ «թագավորին» (Հռոմ. 12։10; Եփես. 6։1, 2; 1 Պետ. 2։17)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք պատվել Եհովային։ Ինչպե՞ս կարող ենք պատվել մեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Եկեք քննենք այս հարցերը։ Կանդրադառնանք նաև սրանց հետ կապված այլ հարցերի։
Պատվիր Եհովային և նրա անունը
3. Ո՞րն է Եհովային պատվելու կարևոր ձևերից մեկը։
3 Եհովային պատվելու կարևոր ձևերից մեկը նրա անունը հարգելն է։ Չէ՞ որ մենք «մի ժողովուրդ ենք իր անվան համար» (Գործ. 15։14)։ Իսկապես մեծ պատի՛վ է կրել Ամենակարող Աստծու՝ Եհովայի անունը։ Միքիա մարգարեն ասաց. «Բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր Աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր [Եհովա] Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից» (Միք. 4։5)։ Մենք «Եհովայի անունով ենք գնում»՝ ամեն օր ջանալով ապրել այնպես, որ պատիվ բերենք նրա անվանը։ Պողոս առաքյալը հռոմեացի քրիստոնյաներին հիշեցրեց, որ եթե քրիստոնյան չի ապրում իր քարոզած բարի լուրի համաձայն, ապա Աստծու անունը «հայհոյվում» է, այսինքն՝ անարգվում է (Հռոմ. 2։21–24)։
4. Ինչպե՞ս ես վերաբերվում Եհովայի մասին վկայելու առանձնաշնորհմանը։
4 Նաև, մենք պատվում ենք Եհովային՝ նրա մասին վկայություն տալով մարդկանց։ Անցյալում Եհովան Իսրայել ազգին հնարավորություն տվեց լինելու իր վկաները, բայց նրանք չգնահատեցին այդ առանձնաշնորհումը (Ես. 43։1–12)։ Հաճախ նրանք թիկունք էին դարձնում Աստծուն և «Իսրայէլի Սուրբին նեղացնում էին»՝ ցավ պատճառելով նրան (Սաղ. 78։40, 41)։ Վերջիվերջո, այդ ազգը լիովին կորցրեց Եհովայի հավանությունը։ Ի տարբերություն իսրայելացիների՝ մենք գնահատում ենք Եհովայի մասին վկայություն տալու և նրա անունը հռչակելու առանձնաշնորհումը։ Մենք Աստծու մասին խոսում ենք մարդկանց հետ, որովհետև սիրում ենք նրան և փափագում ենք տեսնել նրա անունը սրբացված։ Ինչպե՞ս կարող ենք չքարոզել, երբ գիտենք ճշմարտությունը մեր երկնային Հոր և նրա նպատակների մասին։ Մենք միանում ենք Պողոս առաքյալին, որն ասաց. «Ինձ վրա պարտավորություն է դրված։ Եվ իրոք, վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը» (1 Կորնթ. 9։16)։
5. Ինչպե՞ս է Եհովայի հանդեպ հավատը կապված նրան հարգելու հետ։
5 Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. որովհետեւ դու [Եհովա] չես ձգում քեզ խնդրողներին» (Սաղ. 9։10)։ Մենք ցույց տված կլինենք, որ իսկապես ճանաչում և հարգում ենք Եհովային, եթե մեր հույսը դնենք նրա վրա, ինչպես որ արեցին նրա հավատարիմ ծառաները հնում։ Աստծու վրա հույս դնելը և նրան հավատալը նրան պատվելու մեկ այլ ձև է։ Երբ իսրայելացիները չվստահեցին Եհովային, նա Մովսեսին ասաց. «Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չ’հաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ» (Թուոց 14։11)։ Նկատենք, որ այս համարում Եհովային արհամարհելը, կամ՝ չհարգելը, կապվում է նրան չհավատալու, կամ՝ չվստահելու հետ։ Այնինչ, եթե վստահ լինենք, որ Եհովան կպաշտպանի ու նեցուկ կլինի մեզ փորձությունների ժամանակ, ցույց կտանք, որ հարգում ենք նրան։
6. Ի՞նչն է մղում մեզ խորապես հարգելու Եհովային։
6 Հիսուսը նշեց, որ Եհովայի հանդեպ հարգանքը մարդու սրտից պետք է բխի։ Խոսելով նրանց հետ, ովքեր ձևականորեն էին երկրպագում՝ նա մեջբերեց Եհովայի խոսքերը. «Այս ժողովուրդը իր շուրթերով է ինձ պատվում, մինչդեռ նրա սիրտը հեռացած է ինձանից» (Մատթ. 15։8)։ Մենք իսկապես հարգում ենք Աստծուն, եթե անկեղծորեն սիրում ենք նրան (1 Հովհ. 5։3)։ Նաև միշտ հիշում ենք Եհովայի խոստումը. «Ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ» (Ա Թագ. 2։30, ՆԱ)։
Վերակացուները հարգում են մյուսներին
7. ա) Վերակացուները ինչո՞ւ պետք է պատվեն իրենց հոգածության տակ լինողներին։ բ) Պողոսն ինչպե՞ս հարգանք ցույց տվեց հավատակիցների հանդեպ։
7 Պողոսը իր հավատակիցներին հորդորեց. «Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմ. 12։10)։ Այն եղբայրները, ովքեր ժողովում պատասխանատվություններ ունեն, պետք է օրինակ լինեն պատիվ տալու մեջ, այլ խոսքով՝ առաջինը պատիվ տան իրենց հոգածության տակ լինողներին։ Նրանք լավ կանեն, եթե ընդօրինակեն Պողոսին (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։ Առաքյալն այցելում էր տարբեր ժողովներ, և այդ ժողովների եղբայրները գիտեին, որ նա երբեք իրենցից չի խնդրի անել մի բան, ինչը ինքն անձամբ ցանկություն չունի անելու։ Պողոսը հարգում էր իր հավատակիցներին, ինչի շնորհիվ էլ վայելում էր նրանց հարգանքը։ Կարող ենք համոզված լինել, որ երբ նա ասաց՝ «աղաչում եմ ձեզ, ընդօրինակեք ինձ», շատերը պատրաստակամորեն արձագանքեցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա լավ օրինակ էր թողնում (1 Կորնթ. 4։16)։
8. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ հարգում է իր աշակերտներին։ բ) Ինչպե՞ս կարող են վերակացուները ընդօրինակել Հիսուսին։
8 Վերակացուն հարգում է իր հոգածության տակ լինողներին, երբ բացատրում է նրանց, թե ինչու է խնդրում անել ինչ–որ բան կամ թե ինչու է նման խորհուրդ տալիս։ Այդպես անելով՝ նա ընդօրինակում է Հիսուսին։ Երբ Քրիստոսը իր աշակերտներին պատվիրեց աղոթել Աստծուն, որ ավելի շատ հնձվորներ ուղարկի, նաև բացատրեց, թե ինչու պետք է դա անեն։ Հիսուսն ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Մեկ ուրիշ անգամ, երբ աշակերտներին պատվիրեց «արթուն լինել», նա բացատրեց պատճառը. «Որովհետև չգիտեք, թե ո՛ր օրն է ձեր Տերը գալու» (Մատթ. 24։42)։ Այո՛, Հիսուսը հաճախ իր աշակերտներին ոչ միայն ասում էր, թե ինչ անեն, այլև բացատրում էր, թե ինչու դա անեն։ Վարվելով այդպես՝ նա ցույց էր տալիս իր հարգանքը նրանց հանդեպ։ Ինչպիսի՜ օրինակ ժողովի վերակացուների համար։
Հարգենք Եհովայի ժողովը և տրվող առաջնորդությունը
9. Ո՞ւմ ենք պատվում, երբ հարգում ենք համաշխարհային քրիստոնեական ժողովը, ինչպես նաև այդ ժողովի ներկայացուցիչներին։ Բացատրի՛ր։
9 Մենք պատվում ենք Եհովային, եթե հարգում ենք համաշխարհային քրիստոնեական ժողովը, ինչպես նաև այդ ժողովի ներկայացուցիչներին։ Երբ հնազանդվում ենք հավատարիմ ծառա դասակարգի տված սուրբգրային խորհուրդներին, ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովայի կազմակերպությունը և տրված առաջնորդությունը։ Առաջին դարում քրիստոնեական ժողովում կային մարդիկ, ովքեր նշանակում ունեցողներին չէին հարգում։ Ուստի Հովհաննես առաքյալը հարկ համարեց հանդիմանել նրանց (կարդա՛ 3 Հովհաննես 9–11)։ Առաքյալի խոսքերը ցույց են տալիս, որ այդ անհատները ոչ միայն չէին հարգում վերակացուներին, այլև չէին ընդունում նրանց տված ուսուցումը և խորհուրդները։ Բարեբախտաբար, քրիստոնյաների մեծամասնությունը այդպիսին չէր։ Քանի դեռ առաքյալները կենդանի էին, եղբայրությունը՝ որպես ամբողջություն, ակներևաբար խոր հարգանք էր ցույց տալիս առաջնորդություն վերցնողների հանդեպ (Փիլիպ. 2։12)։
10, 11. Աստվածաշնչի հիման վրա բացատրիր, թե ինչու է տեղին, որ քրիստոնեական ժողովում որոշ մարդիկ իշխանություն ունենան։
10 Ոմանք կարծում են, որ եթե Հիսուսն իր աշակերտներին ասաց՝ «դուք բոլորդ եղբայրներ եք», ուրեմն քրիստոնեական ժողովում չպիտի լինեն իշխանություն ունեցողներ (Մատթ. 23։8)։ Սակայն թե՛ Եբրայերեն և թե՛ Հունարեն Գրություններում կան բազմաթիվ օրինակներ, որ մարդիկ Աստծու կողմից օժտված են եղել իշխանությամբ։ Եբրայեցի նահապետների, դատավորների և թագավորների մասին պատմությունները կասկած չեն թողնում, որ Եհովան առաջնորդություն է տվել իրեն ներկայացնող անհատների միջոցով։ Երբ մարդիկ չեն հնազանդվել իր ներկայացուցիչներին, Աստված պատժել է նրանց (Դ Թագ. 1։2–17; 2։19, 23, 24)։
11 Նույն ձևով էլ, առաջին դարի քրիստոնյաները ընդունել են առաքյալների իշխանությունը (Գործ. 2։42)։ Պողոս առաքյալը, օրինակ, զանազան հարցերի հետ կապված եղբայրներին ասում էր, թե ինչ է հարկավոր անել (1 Կորնթ. 16։1; 1 Թեսաղ. 4։2)։ Սակայն նա ինքը պատրաստակամորեն հնազանդվում էր իր վրա իշխանություն ունեցողներին (Գործ. 15։22; Գաղ. 2։9, 10)։ Անշուշտ, Պողոսը ճիշտ տեսակետ ուներ քրիստոնեական ժողովում գոյություն ունեցող իշխանության վերաբերյալ։
12. Ի՞նչ երկու բան ենք սովորում։
12 Մենք երկու բան ենք սովորում։ Առաջին՝ այն, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» իր Կառավարիչ մարմնի միջոցով ժողովում նշանակումներ է անում և որոշ անհատների իշխանություն է տալիս մյուս վերակացուների նկատմամբ, հիմնավորված է Աստվածաշնչով (Մատթ. 24։45–47; 1 Պետ. 5։1–3)։ Երկրորդ՝ մենք բոլորս, ներառյալ նշանակում ունեցողները, պետք է պատվենք նրանց, ում իշխանություն է տրված մեր նկատմամբ։ Ինչպե՞ս կարող ենք պատվել նրանց, ովքեր վերակացություն են անում համաշխարհային քրիստոնեական ժողովին։
Հարգենք շրջագայող վերակացուներին
13. Ինչպե՞ս կարող ենք հարգանք դրսևորել շրջագայող վերակացուների հանդեպ։
13 Պողոսը գրեց. «Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգե՛ք նրանց, ովքեր ծանր են աշխատում ձեր մեջ, ղեկավարում են ձեզ Տիրոջով ու հորդորում են ձեզ, նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տվեք իրենց կատարած աշխատանքի համար։ Խաղաղությա՛մբ վարվեք իրար հանդեպ» (1 Թեսաղ. 5։12, 13)։ Անկասկած, շրջագայող վերակացուները նրանցից են, ովքեր «ծանր են աշխատում»։ Ուստի եկեք «մեծագույն գնահատանք ցույց տանք» նրանց հանդեպ։ Դա կարող ենք անել՝ օրինակ, ամբողջ սրտով ընդունելով նրանց խորհուրդները։ Երբ նրանք մեզ ցույց են տալիս, թե հավատարիմ և իմաստուն ծառան ինչ է ասում որևէ հարցի վերաբերյալ, «վերին իմաստությունը» կօգնի մեզ «պատրաստակամորեն հնազանդվելու» (Հակ. 3։17)։
14. Ինչպե՞ս են ժողովի անդամները ցույց տալիս, որ ամբողջ սրտով հարգում են շրջագայող վերակացուին և ի՞նչ օգուտ են ստանում։
14 Իսկ ինչպե՞ս ենք արձագանքում, երբ մեզ ասում են՝ «լավ կլինի, որ սա այսպես արվի», այն դեպքում երբ մենք դա սովորաբար այլ կերպ ենք անում։ Որպեսզի հարգանք ցուցաբերած լինենք, երբեմն գուցե հարկ լինի խուսափել այնպիսի առարկություններ անելուց, ինչպիսիք են՝ «մենք այդպես չենք անում», կամ «գուցե դա հնարավոր է ուրիշ տեղ, բայց ոչ մեր ժողովում»։ Փոխարենը՝ եկեք ձգտենք հնազանդվել։ Եթե միշտ հիշենք, որ ժողովը Եհովայինն է, իսկ ժողովի Գլուխը Հիսուսն է, կկարողանանք հնազանդվել։ Երբ ժողովի անդամները ուրախությամբ են հետևում շրջագայող վերակացուի տված առաջնորդությանը, նրանք ցույց են տալիս, որ ամբողջ սրտով հարգում են նրան։ Պողոս առաքյալը կորնթացի եղբայրներին գովեց, որ նրանք հնազանդորեն ընդունեցին իրենց այցելած երեցի՝ Տիտոսի առաջնորդությունը (2 Կորնթ. 7։13–16)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե պատրաստակամորեն հետևենք շրջագայող վերակացուների առաջնորդությանը, քարոզչական ծառայությունը մեծ ուրախություն կպատճառի (կարդա՛ 2 Կորնթացիներ 13։11)։
«Պատվե՛ք ամեն տեսակ մարդկանց»
15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հարգանքը հավատակիցների հանդեպ։
15 Պողոսը գրեց. «Խստորեն մի՛ քննադատիր մեծահասակ տղամարդուն։ Ընդհակառակը՝ մեղմությամբ հորդորիր նրան ինչպես հոր, երիտասարդ տղամարդկանց՝ ինչպես եղբայրների, մեծահասակ կանանց՝ ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ։ Պատվիր այրի կանանց, որոնք իսկապես այրի են» (1 Տիմոթ. 5։1–3)։ Ինչպես տեսնում ենք, Աստծու Խոսքը մեզ հորդորում է պատվել քրիստոնեական ժողովի յուրաքանչյուր անդամի։ Իսկ ինչպե՞ս կվարվենք, եթե տարաձայնություն ունենանք մեր եղբոր կամ քրոջ հետ։ Կխանգարի՞ դա մեզ, որ կատարենք հավատակցի հանդեպ ունեցած մեր պարտականությունը, այն է՝ հարգել նրան։ Կկարողանա՞նք վերանայել մեր վերաբերմունքը՝ ուշադրություն դարձնելով Աստծու այդ ծառայի լավ հատկություններին։ Հատկապես նրանք, ովքեր իշխանություն ունեն ժողովում, պետք է հարգեն իրենց եղբայրներին՝ երբեք «չտիրապետելով հոտի վրա» (1 Պետ. 5։3)։ Քրիստոնեական ժողովը բնորոշվում է իր անդամների միջև եղած ջերմ սիրով, և մենք, անշուշտ, միմյանց պատվելու բազմաթիվ հնարավորություններ ունենք (կարդա՛ Հովհաննես 13։34, 35)։
16, 17. ա) Ինչո՞ւ է կարևոր հարգել բոլորին, ում քարոզում ենք, այդ թվում նաև հակառակորդներին։ բ) Ինչպե՞ս ենք «պատվում ամեն տեսակ մարդկանց»։
16 Ինչ խոսք, մենք միայն քրիստոնեական ժողովի անդամներին չէ, որ հարգում ենք։ Պողոսը իր օրերի քրիստոնյաներին գրեց. «Քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար, եկեք բարին գործենք բոլորի հանդեպ» (Գաղ. 6։10)։ Անշուշտ, հեշտ չէ կիրառել այս սկզբունքը, երբ աշխատավայրում կամ դպրոցում մեզ վատ են վերաբերվում։ Նման դեպքերում կարող ենք հիշել հետևյալ խոսքերը. «Մի բարկանար չարերի վերայ» (Սաղ. 37։1)։ Այս խորհուրդը կիրառելը կօգնի մեզ հարգանք դրսևորել նույնիսկ հակառակորդների հանդեպ։ Եթե մեր մասին համեստ տեսակետ ունենանք, ծառայության ժամանակ կկարողանանք բոլորին պատասխանել «մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Անգամ մեր արտաքինից և հագուկապից է երևում, թե արդյոք հարգում ենք նրանց, ում քարոզում ենք։
17 Եվ այսպես՝ անկախ նրանից՝ մեր դիմացինը հավատակից է, թե՝ ոչ՝ պետք է ձգտենք վարվել հետևյալ հորդորի համաձայն. «Պատվե՛ք ամեն տեսակ մարդկանց, սիրե՛ք ողջ եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվե՛ք թագավորին» (1 Պետ. 2։17)։
Ինչպե՞ս կպատասխանեք
Ինչպե՞ս կարող ես հարգանք դրսևորել
• Եհովայի հանդեպ,
• ժողովի երեցների և շրջագայող վերակացուների հանդեպ,
• ժողովի յուրաքանչյուր անդամի հանդեպ,
• նրանց հանդեպ, ում քարոզում ես։
[նկար 23–րդ էջի վրա]
Առաջին դարի քրիստոնյաները հարգում էին կառավարիչ մարմնի իշխանությունը
[նկար 24–րդ էջի վրա]
Բոլոր երկրներում երեցները պատվում են շրջագայող վերակացուներին, որոնք նշանակված են Կառավարիչ մարմնի կողմից