Եռանդագին հռչակենք բարի լուրը
«Ջերմեռանդ հոգիով Տիրոջ ծառայեցէք» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 12։11, ՆԿ–ի ՆԱԹ)։
1, 2. Ինչպիսի՞ վերաբերմունք են քրիստոնյաները ջանում պահպանել Թագավորության ավետիսի նկատմամբ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ տղան նոր աշխատանք է գտել։ Առաջին աշխատանքային օրը սկսվելուն պես նա հուզված սպասում է ձեռնարկատիրոջ ցուցումներին։ Ապա ուշադիր լսում է իրեն հանձնարարված առաջադրանքը՝ ցուցաբերելով ամենայն լրջություն։ Երիտասարդը պատրաստ է իր կարողություններն ու ընդունակություններն անմնացորդ ներդնել այդ գործի մեջ։
2 Մենք էլ՝ որպես քրիստոնյաներ, կարող ենք մեզ նոր աշխատողներ համարել։ Նկատի ունենալով այն, որ հավիտյան ապրելու հույս ունենք, կարելի է ասել, որ բոլորս էլ կարծես նոր աշխատողներ լինենք Եհովայի համար։ Եվ ինչ խոսք, մեր Արարիչը դեռ բազում հանձնարարություններ ունի մեզ տալու, ինչի շնորհիվ երբեք անգործ չենք մնա։ Սակայն Աստծո կողմից մեր ստացած առաջին հանձնարարությունը նրա Թագավորության ավետիսի հռչակումն է (Ա Թեսաղոնիկեցիս 2։4)։ Իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում Աստծուց ստացած այս առաջադրանքին։ Հոդվածի սկզբում հիշատակված երիտասարդի նման մենք էլ ենք ցանկանում մեր ամբողջ կարողությամբ, ջանասիրությամբ, ուրախությամբ, մի խոսքով եռանդագին կատարել այդ գործը։
3. Ի՞նչ է հարկավոր բարի լուրը քարոզելու մեջ հաջողության հասնելու համար։
3 Հարկ է նշել, որ հեշտ չէ մշտապես պահպանել այդ մոտեցումը, քանի որ ծառայությունից բացի մենք ունենք բազում այլ պարտականություններ, որոնց մի մասը ֆիզիկական և էմոցիոնալ ուժերի մեծ լարում է պահանջում։ Մեծ մասամբ մեզ հաջողվում է դրանք կատարել՝ միևնույն ժամանակ բավարար չափով ուշադրություն հատկացնելով ծառայությանը։ Սակայն դրա համար, թերևս, հարկավոր լինի քրտինք թափել (Մարկոս 8։34)։ Հիսուսը շեշտեց, որ քրիստոնեական գործունեության մեջ հաջողության հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում (Ղուկաս 13։24)։
4. Ինչպե՞ս կարող են առօրյա հոգսերը ազդել մարդու հոգեվորի վրա։
4 Բազմաթիվ պարտականություններով ծանրաբեռնված լինելը երբեմն կարող է մեզ ճնշվածության ու ընկճվածության զգացում պատճառել։ «Ապրուստի հոգսերը» (ԱԹ) կարող են մեր մեջ խեղդել աստվածապետական գործունեության հանդեպ ունեցած մեր եռանդն ու երախտագիտության զգացումը (Ղուկաս 21։34, 35; Մարկոս 4։18, 19)։ Մարդկային անկատարությունը կարող է պատճառ դառնալ, որ թողնենք մեր «առաջին սերը» (Յայտնութիւն 2։1–4)։ Եհովային մատուցվող մեր ծառայությունը որոշ առումով կարող է վերածվել զուտ սովորության։ Ինչպե՞ս է Աստվածաշունչը խրախուսում մշտապես վառ պահել մեզ անչափ անհրաժեշտ այդ եռանդը։
Ինչպես մի «վառվող կրակ» մեր սրտերում
5, 6. Ինչպե՞ս էր Պողոս առաքյալը վերաբերվում քարոզելու իր առանձնաշնորհմանը։
5 Եհովայի կողմից մեզ վստահված ծառայությունը մենք պետք է չափազանց թանկ գնահատենք և ոչ մի դեպքում թույլ չտանք, որ այն սովորական երևույթ դառնա։ Ունենալով նման մոտեցում՝ Պողոս առաքյալը շատ մեծ պատիվ էր համարում բարի լուրը քարոզելը, նույնիսկ գտնելով, որ ինքն արժանի չէ այդ գործն անելու։ «Ես, որ յետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրուեց այս շնորհը՝ աւետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծութիւնը եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ի՛նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր ի յաւիտենից Աստծու մօտ, որ ստեղծեց ամէն ինչ»,— գրում է նա (Եփեսացիս 3։8, 9)։
6 Պողոսը ծառայության հանդեպ դրական տրամադրվածության մի հիանալի օրինակ թողեց։ «Որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ [«ձգտում եմ», ՆԱ] յօժարութեամբ աւետարանելու»,— գրում է նա հռոմեացիներին ուղղված իր նամակում։ Պողոսը չէր քաշվում բարի լուրը մարդկանց հայտնելուց (Հռովմայեցիս 1։15, 16)։ Նա ճիշտ մոտեցում ուներ և ձգտում էր իր ծառայությունը կատարել։
7. Պողոսը հռոմեացիներին ուղղված իր նամակում ինչի՞ մասին նախազգուշացրեց։
7 Գիտակցելով քրիստոնեական եռանդի ողջ կարևորությունը՝ Պողոս առաքյալը այսպես գրեց հռոմեացիներին. «Եռանդագին աշխատեցէք առանց ծուլանալու։ Ջերմեռանդ հոգիով Տիրոջ ծառայեցէք» (Հռովմայեցիս 12։11, ՆԿ–ի ՆԱԹ)։ «Ծուլանալ» բառի հունարեն տարբերակը կրում է նաև «դանդաղելու», «հապաղելու» իմաստը։ Եթե նույնիսկ ծառայության մեջ ծուլություն չենք ցուցաբերում, այնուամենայնիվ մեզ հարկավոր է արթուն լինել՝ տեսնելու հոգևոր դանդաղկոտության նշանները և միջոցներ ձեռնարկելու, երբ մեր վարքի կամ մտածելակերպի մեջ նման նշաններ են նկատվում (Առակաց 22։3)։
8. ա) Ի՞նչն էր «վառվող կրակ» դարձել Երեմիայի սրտում և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ դաս կարող ենք քաղել Երեմիայի հետ կատարված դեպքից։
8 Աստծո ոգին նույնպես կարող է օգնել մեզ վհատության պահին։ Օրինակ՝ մի առիթով Երեմիա մարգարեին հուսահատության այնպիսի խոր զգացում պատեց, որ նա մտադիր էր այլևս մարգարեություն չանել։ Նա նույնիսկ ասաց Եհովայի մասին. «Նորան չ’յիշեմ, եւ չ’խօսեմ այլեւս նորա անունովը»։ Արդյո՞ք դա հոգևոր թուլության նշան էր։ Ո՛չ։ Իրականում Երեմիայի հոգևորապես ամուր լինելը, սերը դեպի Եհովան և ճշմարտության հանդեպ բուռն եռանդը ուժ տվեցին նրան, որպեսզի շարունակեր մարգարեանալ։ «Սրտիս մէջ [Եհովայի խոսքը] վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չ’կարողացայ»,— բացատրում է նա (Երեմիա 20։9)։ Միանգամայն բնական է, որ Աստծո հավատարիմ ծառաներն էլ երբեմն հուսահատության զգացում ապրեն։ Բայց, երբ օգնության համար նրանք դիմում են Եհովային, նա առատորեն տալիս է իր սուրբ ոգին, քանի որ տեսնում է, որ իր խոսքը նրանք Երեմիայի նման պահում են իրենց սրտերում (Ղուկաս 11։9–13; Գործք 15։8)։
«Մի՛ հանգցրեք ոգու կրակը»
9. Ի՞նչը կարող է խանգարել, որպեսզի ենթարկվենք սուրբ ոգու բարերար ազդեցությանը։
9 Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին հետևյալ քաջալերական խոսքերն ուղղեց. «Մի՛ հանգցրեք ոգու կրակը» (Ա Թեսաղոնիկեցիս 5։19, ՆԱ)։ Այո՛, Աստծո չափանիշներին հակասող գործերն ու մտածելակերպը կարող են արգելք հանդիսանալ, որ մենք ենթարկվենք սուրբ ոգու բարերար ազդեցությանը (Եփեսացիս 4։30)։ Քրիստոնյաներն այսօր հանձնարարություն ունեն ամենուր քարոզելու բարի լուրը։ Մենք խոր հարգանքով ենք վերաբերվում այս առանձնաշնորհմանը։ Զարմանալի չէ, որ նրանք, ովքեր չեն ճանաչում Աստծուն, արհամարհանքով են վերաբերվում մեր քարոզչական գործունեությանը։ Սակայն, երբ քրիստոնյան է գիտակցորեն անտեսում իր ծառայությունը, դա կարող է ավարտվել նրանով, որ նա թերևս հանգցնի Աստծո ոգու կրակը, որը մղում է գործելու։
10. ա) Ինչպե՞ս կարող է մարդկանց կարծիքն ազդել մեզ վրա։ բ) Մեր ծառայությունը ի՞նչ վեհ նպատակ է հետապնդում՝ համաձայն Բ Կորնթացիս 2։17 խոսքի։
10 Քրիստոնեական ժողովից դուրս ոմանք կարող են կարծել, թե մեր գործունեությունը կայանում է զուտ գրականություն տարածելու մեջ։ Ուրիշներին էլ սխալմամբ կարող է թվալ, թե մենք մարդկանց այցելում ենք դրամական նվիրատվություններ հավաքելու նպատակով։ Եթե թույլ տանք, որ նման բացասական կարծիքները ազդեն մեր տրամադրվածության վրա, ապա դա կթուլացնի ծառայության մեջ մեր արդյունավետությունը։ Փոխանակ ազդվելու նման կարծիքներից, եկեք ծառայությանը նայենք Եհովայի և Հիսուսի տեսանկյունից։ Նկատի ունենալով քրիստոնեական վեհ մղումները՝ Պողոս առաքյալն այսպես գրեց. «Նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ» (Բ Կորնթացիս 2։17)։
11. Ինչի՞ շնորհիվ առաջին դարի քրիստոնյաները նույնիսկ հալածանքների ներքո կարողացան պահպանել իրենց եռանդը, և ինչպիսի՞ ազդեցություն պետք է թողնի նրանց օրինակը մեզ վրա։
11 Հիսուսի մահից կարճ ժամանակ անց Երուսաղեմում սկսվեցին նրա աշակերտների հալածանքները։ Նրանց սպառնում էին և հրամայում քարոզելը դադարեցնել։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ նրանք սուրբ ոգով լցված «համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում» (Գործք 4։17, 21, 31)։ Դրանից մի քանի տարի անց Պողոսը Տիմոթեոսին ուղղված իր նամակում ընդգծեց քրիստոնյաներին այնքա՜ն անհրաժեշտ դրական տրամադրվածության կարևորությունը։ Նա գրեց. «Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։ Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբն Աստուծոյ» (Բ Տիմոթէոս 1։7, 8)։
Ի՞նչ ենք պարտական մեր դրացուն
12. Ո՞րն է բարի լուրը քարոզելու հիմնական պատճառը։
12 Ծառայության հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալու համար նախևառաջ հարկավոր է ունենալ ճիշտ մղումներ։ Ինչո՞ւ ենք մենք քարոզում։ Հիմնական պատճառը երևում է սաղմոսերգուի խոսքերից. «Տէր.... քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։ Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը» (Սաղմոս 145։10–12)։ Այո, մենք քարոզում ենք Եհովային հրապարակայնորեն փառաբանելու և նրա անունը ողջ մարդկության առջև սրբացնելու համար։ Փրկության լուրը հավատարմորեն հռչակելով՝ մենք փառաբանում ենք Եհովային, նույնիսկ եթե քչերն են մեզ լսում։
13. Ի՞նչն է մեզ մղում մարդկանց պատմել փրկության հույսի մասին։
13 Կա ևս մի հանգամանք, որը մեզ մղում է քարոզել. դա մարդկանց հանդեպ սերն է և արյունապարտ չլինելու ցանկությունը (Եզեկիէլ 33։8; Մարկոս 6։34)։ Հենց դա նկատի ունենալով էր, որ Պողոս առաքյալը քրիստոնեական ժողովից դուրս գտնվող մարդկանց մասին արտահայտվեց այսպես. «Պարտական եմ ե՛ւ յոյներին ու բարբարոսներին, ե՛ւ իմաստուններին ու անգէտներին» (Հռովմայեցիս 1։14)։ Պողոսն իրեն պարտական էր զգում բարի լուրը քարոզել ամենքին, քանի որ Աստված «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն» (Ա Տիմոթէոս 2։4)։ Այսօր մենք էլ միևնույն սերն ու պարտավորվածության զգացումն ունենք դեպի մեր դրացին։ Եհովայի սերը մարդկության հանդեպ մղեց նրան երկիր ուղարկել իր Որդուն, որպեսզի վերջինս նրանց համար զոհի իր մարդկային կյանքը (Յովհաննէս 3։16)։ Դա շատ մեծ զոհաբերություն էր։ Եվ երբ ինքներս էլ ժամանակ ու ջանքեր ենք ներդնում, որպեսզի մարդկանց հասցնենք Հիսուսի զոհաբերության վրա հիմնված փրկության բարի լուրը, դրանով ընդօրինակում ենք Եհովայի սերը։
14. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում քրիստոնեական ժողովից դուրս գտնվող աշխարհը։
14 Մենք՝ Եհովայի վկաներս, մեր շուրջը գտնվող բոլոր մարդկանց դիտում ենք որպես քրիստոնեական եղբայրության հնարավոր անդամներ։ Մենք համարձակ քարոզում ենք, սակայն այդ համարձակությունը չափազանց հեռու է հարձակողական բնույթ կրելուց։ Փաստ է, որ Աստվածաշնչում իրոք շատ կտրուկ արտահայտություններ կան, երբ խոսքը գնում է այսօր տիրող աշխարհակարգի մասին ընդհանրապես։ Պողոսն, անշուշտ, բացասական իմաստ էր դնում «աշխարհ» բառի մեջ, երբ այն օգտագործում էր այնպիսի արտահայտություններում, ինչպիսիք են՝ «այս աշխարհի իմաստությունը» և «աշխարհիկ ցանկությունները» (Ա Կորնթացիս 3։19; Տիտոս 2։12)։ Պողոսը նաև Եփեսոսի քրիստոնյաներին հիշեցրեց, որ երբ նրանք ընթանում էին «ըստ այս աշխարհի սովորութեան», հոգևորապես «մեռած» էին (Եփեսացիս 2։1–3)։ Այս և սրանց նման ուրիշ հայտարարություններ ներդաշնակ են Հովհաննես առաքյալի խոսքերի հետ. «Ամբողջ աշխարհը չարի մէջ է» (Ա Յովհաննէս 5։19)։
15. Քրիստոնեական ժողովից դուրս գտնվող մարդկանց նկատմամբ ի՞նչ չենք անում և ինչո՞ւ։
15 Սակայն չմոռանանք, որ նման հայտարարությունները վերաբերվում են ոչ թե առանձին անհատների, այլ՝ ընդհանուր առմամբ աշխարհին. այն աշխարհին, որը հեռացած է Աստծուց։ Քրիստոնյան ինքը չի փորձում եզրակացություններ անել, թե ինչպես կարձագանքի քարոզին այս կամ այն անհատը։ Նա ոչ մի հիմք չունի նաև որևէ մեկին «այծերի» դասին կարգելու։ Մենք չէ, որ պետք է որոշենք, թե ի՛նչ կպատահի, երբ Հիսուսը գա բաժանելու «այծերին» «ոչխարներից» (Մատթէոս 25։31–46)։ Հիսուսն է դատավորը, և ոչ թե մենք։ Բացի այդ, փաստերը ցույց են տալիս, որ շատերը, ովքեր մի ժամանակ ներգրավված են եղել ամենավատ գործերի մեջ, ընդունել են Աստվածաշնչի լուրը, փոխվել են և դարձել մաքուր կյանք վարող քրիստոնյաներ։ Ուստի, թեև չենք ձգտում սերտ փոխհարաբերությունների մեջ մտնել որոշ մարդկանց հետ, սակայն առիթի դեպքում չենք տատանվում նրանց էլ հասցնել Թագավորության հույսը։ Գրություններում խոսվում է ոմանց մասին, ովքեր դեռ անհավատ էին, սակայն տրամադրված էին «հավիտենական կյանքի հանդեպ» (Գործք 13։48, ՆԱ)։ Երբեք չենք կարող իմանալ, թե ո՛վ է իսկապես լավ տրամադրված, մինչև որ չքարոզենք նրան, և թերևս շատ անգամներ։ Սա նկատի ունենալով է, որ փրկության լուրը դեռ չընդունած մարդկանց հանդեպ մենք վերաբերվում ենք «հանդարտութեամբ» և «խոր հարգանքով» (Բ Տիմոթէոս 2։25; Ա Պետրոս 3։15, ՆԱ)։
16. Ինչո՞ւ ենք ցանկանում ուսուցչական հմտություն զարգացնել։
16 Ուսուցանելու մեջ հմտանալը կնպաստի, որ աճի բարի լուրը քարոզելու մեր եռանդը։ Դա երեվում է հետևյալ պատկերավոր օրինակից. անչափ հետաքրքրաշարժ մի խաղ կամ սպորտաձև անհետաքրքիր կարող է թվալ այն մարդուն, ով չգիտի խաղալ։ Մինչդեռ խաղալ իմացողը դրանից մեծ բավականություն է ստանում։ Նույն ձևով էլ այն քրիստոնյան, որն աշխատում է ուսուցչական արվեստ զարգացնել իր մեջ, դրանով նպաստում է, որ ծառայությունից ստացվող իր ուրախությունը բազմապատկվի (Բ Տիմոթէոս 4։2; Տիտոս 1։9)։ Պողոսը Տիմոթեոսին խրատում էր. «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմոթէոս 2։15)։ Իսկ ինչպե՞ս կարելի է զարգացնել նման ընդունակությունները։
17. Ինչպե՞ս կարելի է փափագ առաջացնել Աստվածաշնչի գիտության հանդեպ, և ինչպե՞ս կարող է այդ գիտությունը օգնել մեզ ծառայության մեջ։
17 Միջոցներից մեկն է ճշմարիտ գիտելիքների համալրումը։ Պետրոս առաքյալն այդ առիթով մեզ խրախուսում է. «Որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար» (Ա Պետրոս 2։2)։ Առողջ մանուկը բնազդաբար ձգտում է դեպի մայրական կաթը։ Սակայն քրիստոնյային թերևս հարկավոր է զարգացնել նմանօրինակ փափագ դեպի Աստվածաշնչի գիտությունը։ Դա կարելի է անել՝ մշակելով խորը ուսումնասիրության և ընթերցանության սովորություններ (Առակաց 2։1–6)։ Ու թեև Աստծո Խոսքի հմուտ ուսուցիչ դառնալը ջանքեր և ինքնահսկում է պահանջում, սակայն նման ջանքերը վարձատրվում են։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից բխող ուրախության շնորհիվ Աստծո ոգու կրակը կայրվի մեր սրտերում, և մեր մեջ ցանկություն կառաջանա մեր սովորածը ուրիշներին էլ պատմել։
18. Ինչպե՞ս են քրիստոնեական հանդիպումներն օգնում մեզ ճշմարտության խոսքից ճիշտ օգտվել։
18 Աստծո Խոսքից օգտվելու մեր հմտությանը էապես նպաստում են նաև քրիստոնեական հանդիպումները։ Հանրային նյութի կամ Աստվածաշնչի վրա հիմնված այլ քննարկումների ընթացքում, երբ Գրություններից մեջբերումներ են ընթերցվում, յուրաքանչյուրիս համար օգտակար կլինի, եթե ինքներս էլ մեր Աստվածաշնչերում բացենք այդ համարները։ Խելամիտ կլինի ուշադիր լինել ժողովի հանդիպումներին, այդ թվում՝ նաև այնպիսիներին, որոնք սերտորեն կապված են մեր քարոզչական գործունեության հետ։ Աշխատենք չթերագնահատել ցուցադրումների նշանակությունը՝ չզբաղվելով այդ ընթացքում կողմնակի բաներով։ Իսկ դա իր հերթին պահանջում է ներքին կարգապահություն և մտքով կենտրոնացած լինելու կարողություն (Ա Տիմոթէոս 4։16)։ Քրիստոնեական հանդիպումները ամրապնդում են մեր հավատը, նպաստում են, որ մեր սրտում Աստծո Խոսքի հանդեպ փափագ հասունանա, և որ բարի լուրը եռանդագին հռչակենք։
Մենք կարող ենք հույս դնել Եհովայի աջակցության վրա
19. Ինչո՞ւ է կարևոր կանոնավորաբար մասնակցել քարոզչական ծառայությանը։
19 Ոգու կրակը վառ պահող և բարի լուրը եռանդագին հռչակող քրիստոնյան ձգտում է ծառայությանը կանոնավորաբար մասնակցել (Եփեսացիս 5։15, 16)։ Ճիշտ է, տարբեր են բոլորիս հանգամանքները, և բոլորը չեն կարող միևնույն չափով մասնակցել այդ փրկարար աշխատանքին (Գաղատացիս 6։4, 5)։ Սակայն, ծառայությանը հատկացված ժամերի ընդհանուր քանակից առավել ևս կարևոր է այն, թե ի՛նչ հաճախականությամբ ենք մարդկանց հետ խոսում մեր հույսի մասին (Բ Տիմոթէոս 4։1, 2)։ Որքան շատ քարոզենք, այնքան ավելի ճիշտ կգնահատենք այս աշխատանքի կարևորությունը (Հռովմայեցիս 10։14, 15)։ Հաճախակի շփումը այն անկեղծ մարդկանց հետ, ովքեր տնքում ու հառաչում են անհուսության մեջ, մեզ կօգնի դառնալ ավելի կարեկից ու մարդամոտ (Եզեկիէլ 9։4; Հռովմայեցիս 8։22)։
20, 21. ա) Ի՞նչ գործ է դեռ մեզ սպասվում։ բ) Ինչպե՞ս է Եհովան օրհնում մեր ջանքերը։
20 Եհովան բարի լուրը մեզ է վստահել։ Սա առաջին հանձնարարությունն է, որը ստացել ենք նրանից որպես նրա համագործակիցներ (Ա Կորնթացիս 3։6–9)։ Մենք պատրաստ ենք Աստծուց ստացած այս պատասխանատու գործը կատարել սրտանց՝ ներդնելով մեր ողջ ուժն ու կորովը (Մարկոս 12։30; Հռովմայեցիս 12։1)։ Դեռևս ճշմարտության հանդեպ լավ տրամադրված շատ մարդիկ կան աշխարհում։ Ու թեև դեռ շատ աշխատանք կա կատարելու, սակայն կարող ենք հույս դնել Եհովայի աջակցության վրա, որպեսզի լիակատար կերպով կարողանանք իրագործել մեր ծառայությունը (Բ Տիմոթէոս 4։5)։
21 Եհովան մեզ իր ոգին է տալիս, ինչպես նաև զինում է հոգևոր «սուսերով»՝ իր Խոսքով։ Նա օգնում է մեր «բերանը բանալու համարձակութեամբ՝ ցոյց տալու համար Աւետարանի խորհուրդը» (Եփեսացիս 6։17–20)։ Թող որ մեր մասին էլ հնարավոր լինի ասել այն, ինչ որ Պողոսը գրեց Թեսաղոնիկե քաղաքի քրիստոնյաներին. «Մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ» (Ա Թեսաղոնիկեցիս 1։5)։ Ուստի, եկեք եռանդագին քարոզենք բարի լուրը։
Համառոտ ամփոփում
• Առօրյա հոգսերի պատճառով ի՞նչ կարող է պատահել ծառայության մեջ ունեցած մեր եռանդին։
• Ի՞նչ իմաստով պետք է բարի լուրը հռչակելու ցանկությունը «վառվող կրակի» պես լինի մեր սրտերում։
• Ծառայության հանդեպ ինչպիսի՞ բացասական մոտեցումից պետք է խուսափել։
• Ընդհանուր առմամբ ինչպե՞ս պետք է վերաբերվել նրանց, ովքեր չեն կիսում մեր կրոնական համոզմունքները։
• Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ պահպանել ծառայության մեջ ներդրվող մեր եռանդը։
[նկարներ 9–րդ էջի վրա]
Քրիստոնյաներն ընդօրինակում են Երեմիայի և Պողոսի դրսևորած եռանդը։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Մենք եռանդով ենք քարոզում, քանի որ դրան մեզ մղում է սերը դեպի Աստված և մեր դրացին։