«Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք»
«Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք։ Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։17)։
1. Այսօր ո՞ր վարվելակերպն է տարածված։
ԵՐԵԽԱՆԵՐԸ տանը խաղում են իրար հետ։ Հանկարծ նրանցից մեկը հրում է մյուսին։ Վերջինս էլ նրան է հրում։ Ցավոք, նման ձևով վարվում են ոչ միայն երեխաները, այլև շատ չափահասներ։ Երբ ինչ–որ մեկը վիրավորում է իրենց, նրանք ցանկանում են փոխհատուցել։ Իհարկե, չափահասների մեծամասնությունը բառացիորեն չի հարվածում, սակայն շատերը փոխհատուցում են խորամանկ ձևերով։ Հնարավոր է՝ նրանք չարախոսություններ տարածեն վիրավորողի մասին կամ կերպեր փնտրեն խանգարելու նրան, որ հաջողությունների չհասնի։ Ինչ միջոցների էլ որ նրանք դիմեն, նպատակը մեկն է՝ հատուցել նույն ձևով, վրեժխնդիր լինել։
2. ա) Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները պայքարում չարին չարով հատուցելու հակման դեմ։ բ) Ի՞նչ հարցեր և աստվածաշնչյան ի՞նչ հատված ենք քննարկելու։
2 Փոխհատուցելու մղումը շատ խորն է նստած մեր մեջ։ Բայցևայնպես, ճշմարիտ քրիստոնյաները պայքարում են այդ հակման դեմ։ Նրանք ձգտում են հետևել Պողոս առաքյալի հորդորին. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12։17)։ Ի՞նչը կմղի մեզ ապրելու այդ բարձր չափանիշի համաձայն։ Մասնավորապես ո՞ւմ չպետք է չարով հատուցենք։ Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե խուսափենք այդպիսի վարքից։ Այս հարցերին պատասխանելու համար եկեք քննենք Պողոսի խոսքերի համատեքստը և տեսնենք, թե ինչպես է «Հռոմեացիներ» գրքի 12–րդ գլուխը ցույց տալիս, որ չարին չարով չհատուցելը ճիշտ է, սիրո դրսևորում է և համեստության նշան է։ Այժմ մեկ առ մեկ քննարկենք այս երեք կետերը։
«Ուրեմն, խնդրում եմ ձեզ»
3, 4. ա) Սկսած Հռոմեացիներ 12–րդ գլխից՝ ի՞նչ է քննարկում Պողոսը, և ի՞նչ նշանակությամբ է նա օգտագործել «ուրեմն» բառը։ բ) Ի՞նչ ազդեցություն պետք է ունենար Աստծու կարեկցանքը հռոմեացի քրիստոնյաների վրա։
3 Սկսած 12–րդ գլխից՝ Պողոսը խոսում է չորս իրար հետ կապված բաների մասին, որոնք առնչվում են քրիստոնյայի կյանքին։ Դրանք են՝ մեր փոխհարաբերությունները Եհովայի, հավատակիցների, մեր հավատը չընդունող մարդկանց և պետական իշխանությունների հետ։ Պողոսը նշում է, որ հիմնավոր պատճառ կա պայքարելու մեր սխալ հակումների, այդ թվում նաև չարին չարով հատուցելու հակման դեմ։ Նա գրում է. «Ուրեմն, եղբայրնե՛ր, Աստծու կարեկցանքով խնդրում եմ ձեզ» (Հռոմեացիներ 12։1)։ Ուշադրություն դարձնենք «ուրեմն» բառին, որն ունի «հետևություն անել ասված մտքերից» իմաստը։ Պողոսը, ըստ էության, ասում է. «Հաշվի առնելով այն, ինչ հենց նոր բացատրեցի՝ խնդրում եմ ձեզ անել այն, ինչ հիմա կասեմ»։ Իսկ ի՞նչ էր Պողոսը բացատրել Հռոմի քրիստոնյաներին։
4 Իր նամակի առաջին 11 գլուխներում Պողոսը խոսում է այն հրաշալի հնարավորության մասին, որը տրվել էր թե՛ հրեաներին և թե՛ ոչ հրեաներին. նրանք կարող էին դառնալ Քրիստոսի իշխանակիցները Աստծու Թագավորությունում, մի հրավեր, որը հրեաները՝ որպես ազգ, չընդունեցին (Հռոմեացիներ 11։13–36)։ Այդ թանկագին առանձնաշնորհումն ունենալը հնարավոր էր միայն «Աստծու կարեկցանքի» շնորհիվ։ Ինչպե՞ս պիտի քրիստոնյաները արձագանքեին Աստծու անարժան բարության այս դրսևորմանը։ Նրանց սրտերը պետք է այնքան լցված լինեին երախտագիտության զգացումով, որ մղվեին վարվելու Պողոսի խոսքերի համաձայն. «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սրբազան ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12։1)։ Ինչպե՞ս կարող էին քրիստոնյաները իրենց անձերը ներկայացնել որպես Աստծուն ընդունելի «զոհ»։
5. ա) Ինչպե՞ս կարող է քրիստոնյան իրեն որպես «զոհ» ներկայացնել Աստծուն։ բ) Ո՞ր սկզբունքով պետք է առաջնորդվի քրիստոնյան։
5 Պողոսը բացատրում է. «Այլևս մի՛ ընդունեք իրերի այս համակարգի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Նրանք չպետք է թույլ տային, որ իրենց մտածելակերպը ձևավորվեր աշխարհի ոգու ազդեցությամբ, փոխարենը՝ այն պետք է համապատասխանեցնեին Քրիստոսի մտածելակերպին (1 Կորնթացիներ 2։16; Փիլիպպեցիներ 2։5)։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ամենօրյա կյանքում պետք է առաջնորդվեին այդ սկզբունքով։ Նույնը վերաբերում է նաև մեզ։
6. Համաձայն Հռոմեացիներ 12։1, 2–ի՝ ի՞նչն է մեզ մղում չարին չարով չհատուցելու։
6 Ի՞նչ օգտակար մտքեր կան Հռոմեացիներ 12։1, 2–րդ համարներում։ Ոգով օծված հռոմեացի քրիստոնյաների պես՝ այսօր մենք մեծապես երախտապարտ ենք Աստծուն նրա շարունակական և բազում ձևերով արտահայտվող կարեկցանքի համար, որը Աստված ցուցաբերել և ամեն օր ցուցաբերում է մեր հանդեպ։ Հետևաբար, երախտագիտությամբ լի սիրտը մղում է մեզ ծառայելու Եհովային ամբողջ ուժով, միջոցներով և ընդունակություններով։ Այդ սրտանց ցանկությունը նաև մղում է ջանք անելու, որ ձեռք բերենք Քրիստոսի՛ մտածելակերպը և ոչ թե աշխարհի։ Իսկ Քրիստոսի միտքն ունենալը կանդրադառնա այն բանի վրա, թե ինչպես ենք վերաբերվում մեր հավատակիցներին և ոչ հավատակիցներին (Գաղատացիներ 5։25)։ Օրինակ՝ եթե ունենանք Քրիստոսի մտածելակերպը, ապա կդիմադրենք չարին չարով հատուցելու հակմանը (1 Պետրոս 2։21–23)։
«Թող ձեր սերը առանց կեղծավորության լինի»
7. Սիրո ո՞ր տեսակի մասին է խոսվում Հռոմեացիներ 12–րդ գլխում։
7 Մենք չարին չարով չենք հատուցում ոչ միայն այն պատճառով, որ այդպես վարվելը ճիշտ է, այլև՝ որ դա սիրո դրսևորում է։ Ուշադրություն դարձնենք, թե Պողոս առաքյալն այնուհետև ինչ է ասում սիրո մասին։ «Հռոմեացիներ» գրքում նա մի քանի անգամ օգտագործում է «սեր» բառը (հունարեն՝ ագա՛պե)՝ նկատի ունենալով Աստծու և Քրիստոսի սերը (Հռոմեացիներ 5։5, 8; 8։35, 39)։ Սակայն 12–րդ գլխում առաքյալը ագա՛պե–ն օգտագործում է՝ խոսելով մարդկանց հանդեպ դրսևորվող սիրո մասին։ Նշելով, որ հոգևոր պարգևները տարբեր են լինում և որ ժողովի անդամներից ոմանք ունեն դրանք՝ Պողոսը հիշատակում է մի հատկություն, որը պետք է զարգացնեն բոլոր քրիստոնյաները։ Նա ասում է. «Թող ձեր սերը առանց կեղծավորության լինի» (Հռոմեացիներ 12։4–9)։ Սերը քրիստոնյաներին բնորոշող հատկություններից է (Մարկոս 12։28–31)։ Պողոսը խրախուսում է մեզ հավաստիանալ, որ մեր ցուցաբերած քրիստոնեական սերն անկեղծ է։
8. Ինչպե՞ս կարող ենք դրսևորել կեղծավորությունից զերծ սեր։
8 Հետո Պողոսը նշում է, թե ինչպես է դրսևորվում կեղծավորությունից զերծ սերը։ Նա ասում է. «Զզվե՛ք չարից, բարո՛ւն կառչեք» (Հռոմեացիներ 12։9)։ «Զզվել» և «կառչել» բառերը ուժեղ բառեր են։ «Զզվել» բառը կարելի էր թարգմանել նաև «ատելով ատել»։ Այո՛, մենք պետք է ատելով ատենք չարը և նրա տարբեր դրսևորումները (Սաղմոս 97։10)։ Իսկ «կառչել» բառը թարգմանված է հունարեն մի բառից, որը բառացի նշանակում է «սոսնձել»։ Այն քրիստոնյան, որն անկեղծ սեր ունի, այնքան ամուր է «սոսնձված», կամ՝ կառչած բարուն, որ այդ հատկությունը դառնում է նրա անձնավորության անբաժանելի մասը։
9. Ի՞նչ հորդոր է մի քանի անգամ տալիս Պողոսը։
9 Պողոսը մի քանի անգամ հիշատակում է սիրո մի առանձնահատուկ դրսևորում։ Նա գրում է. «Շարունակե՛ք օրհնել հալածողներին. օրհնե՛ք և մի՛ անիծեք։ Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» (Հռոմեացիներ 12։14, 17–19, 21)։ Պողոսի խոսքերը ոչ մի կասկած չեն թողնում, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր հավատը չընդունող մարդկանց և նույնիսկ հակառակորդներին։
«Շարունակե՛ք օրհնել հալածողներին»
10. Ինչպե՞ս կարող ենք օրհնել մեզ հալածողներին։
10 Ինչպե՞ս ենք հետևում Պողոսի՝ «շարունակե՛ք օրհնել հալածողներին» հորդորին (Հռոմեացիներ 12։14)։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։44; Ղուկաս 6։27, 28)։ Ըստ այս խոսքերի՝ մեր հալածողներին կարող ենք օրհնել՝ աղոթելով նրանց համար, աղերսելով Աստծուն, որ եթե ինչ–որ մեկը անիրազեկ լինելու պատճառով է մեզ հակառակվում, Եհովան բացի նրա աչքերը ճշմարտության հանդեպ (2 Կորնթացիներ 4։4)։ Ճիշտ է, Աստծուն աղոթելը, որ օրհնի հալածողին, գուցե տարօրինակ թվա։ Բայց որքան ավելի շատ ընդօրինակենք Քրիստոսի մտածելակերպը, այնքան ավելի կկարողանանք սեր ցուցաբերել մեր թշնամիների հանդեպ (Ղուկաս 23։34)։ Ի՞նչը կլինի այդպիսի սիրո արդյունքը։
11. ա) Ի՞նչ կարող ենք սովորել Ստեփանոսից։ բ) Ինչպես երևում է Պողոսի դեպքից, ի՞նչ փոփոխություններ գուցե կատարեն որոշ հալածողներ իրենց կյանքում։
11 Ստեփանոսը մեկն էր այն քրիստոնյաներից, ովքեր աղոթել են իրենց հալածողների համար, և նրա աղոթքը իզուր չէր։ 33 թ. Պենտեկոստեից շատ չանցած նա ձերբակալվեց քրիստոնեական ժողովի հակառակորդների կողմից. նրան քարշ տալով դուրս հանեցին Երուսաղեմից և քարկոծեցին։ Մահանալուց առաջ Ստեփանոսն աղաղակեց. «Եհո՛վա, այս մեղքը մի՛ հաշվիր նրանց վրա» (Գործեր 7։58–8։1)։ Սողոսը այն մարդկանցից էր, ում համար Ստեփանոսն այդ օրը աղոթեց. նա ներկա էր և հավանություն էր տալիս նրա սպանությանը։ Ավելի ուշ, հարություն առած Հիսուսը հայտնվեց Սողոսին։ Նախկին հալածողը դարձավ Քրիստոսի հետևորդ և դրանից հետո սկսեց կոչվել Պողոս առաքյալ. նա էր, որ գրեց «Հռոմեացիներ» նամակը (Գործեր 26։12–18)։ Ստեփանոսի աղոթքին համահունչ՝ Եհովան ներեց Պողոսին, որը մեղավոր էր նրա ծառաներին հալածելու մեջ (1 Տիմոթեոս 1։12–16)։ Ուստի զարմանալի չէ, որ Պողոսը քրիստոնյաներին գրեց. «Շարունակե՛ք օրհնել հալածողներին»։ Նա իր սեփական փորձից գիտեր, որ որոշ հալածողներ գուցե ի վերջո դառնան Աստծու ծառաներ։ Նմանապես, մեր օրերում որոշ հակառակորդներ դարձել են մեր հավատակիցները՝ շնորհիվ Եհովայի ծառաների խաղաղ վարքի։
«Խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ»
12. Ինչպե՞ս են Հռոմեացիներ 12։9 և 12։17 համարներում գրված հորդորները կապված իրար հետ։
12 Պողոսի հաջորդ հորդորը այն մասին է, թե ինչպես վերաբերվել մեր հավատակիցներին, ինչպես նաև մեր հավատը չընդունող մարդկանց։ Նա գրում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք»։ Այս միտքը վերևում նշված նրա խոսքերի տրամաբանական շարունակությունն է, այն է՝ «զզվե՛ք չարից»։ Ինչպե՞ս կարող է անհատն ասել, որ իսկապես զզվում է չարից, եթե չարով է հատուցում ուրիշներին։ Այդպես վարվելը հակառակ կլիներ «ձեր սերը առանց կեղծավորության լինի» հորդորին։ Հետո Պողոսն ասում է. «Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ» (Հռոմեացիներ 12։9, 17)։ Ինչպե՞ս կարող ենք վարվել այս խոսքերի համաձայն։
13. Ի՞նչ վարք պետք է դրսևորենք «բոլոր մարդկանց առաջ»։
13 Ավելի վաղ կորնթացիներին ուղղված նամակում Պողոսը գրեց առաքյալների հալածանքների մասին։ Նա ասաց. «Մենք թատերական տեսարան դարձանք աշխարհի համար, հրեշտակների և մարդկանց համար.... Երբ մեզ չարախոսում են, օրհնում ենք, երբ հալածում են, դիմանում ենք, երբ վարկաբեկում են, աղերսում ենք» (1 Կորնթացիներ 4։9–13)։ Նմանապես, այսօր քրիստոնյաները տեսարան են այս աշխարհի մարդկանց համար։ Երբ մեր շրջապատի մարդիկ տեսնեն այն բարի բաները, որ մենք անում ենք նույնիսկ երբ մեզ հետ անարդար կերպով են վարվում, նրանք գուցե ավելի բարյացակամորեն տրամադրվեն մեր հաղորդած քրիստոնեական պատգամի հանդեպ (1 Պետրոս 2։12)։
14. Ի՞նչ չափով պետք է ձգտենք խաղաղության։
14 Իսկ ի՞նչ չափով պետք է ձգտենք խաղաղության։ Այնքան, որքան հնարավոր է։ Պողոսը իր քրիստոնյա եղբայրներին ասում է. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։ «Եթե հնարավոր է» և «որքանով որ ձեզանից է կախված» արտահայտությունները մատնացույց են անում այն բանին, որ ուրիշների հետ խաղաղ փոխհարաբերությունների մեջ լինելը ոչ միշտ է հնարավոր։ Օրինակ՝ մենք չենք խախտի Աստծու պատվերը՝ մարդկանց հետ խաղաղություն ունենալու համար (Մատթեոս 10։34–36; Եբրայեցիներ 12։14)։ Այնուամենայնիվ, ողջամտության սահմաններում ամեն բան անում ենք, որ խաղաղության մեջ լինենք «բոլոր մարդկանց հետ»՝ իհարկե, առանց զիջումների գնալու արդար սկզբունքների հարցում։
«Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար»
15. Ի՞նչ պատճառ կա չարին չարով չհատուցելու, ինչպես կարդում ենք Հռոմեացիներ 12։19–ում։
15 Պողոսը մեկ այլ ծանրակշիռ պատճառ է նշում, թե ինչու չպետք է չարին չարով հատուցենք. դա համեստությունն է։ Նա ասում է. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. «Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան» (Հռոմեացիներ 12։19)։ Այն քրիստոնյան, որը փորձում է վրեժ լուծել, ինքնավստահություն է դրսևորում։ Նա իր վրա է վերցնում այն դերը, որը պատկանում է Աստծուն (Մատթեոս 7։1)։ Բացի այդ, խնդրի լուծումն իր ձեռքը վերցնելով՝ նա ցույց է տալիս, որ չի վստահում Եհովայի տված հավաստիացմանը, այն է՝ «ե՛ս կհատուցեմ»։ Ճշմարիտ քրիստոնյաները վստահ են, որ Եհովան «արդարադատություն ի գործ կդնի իր ընտրյալների համար» (Ղուկաս 18։7, 8; 2 Թեսաղոնիկեցիներ 1։6–8)։ Սխալի համար վրեժխնդիր լինելը նրանք համեստորեն թողնում են Աստծուն (Երեմիա 30։23, 24; Հռոմեացիներ 1։18)։
16, 17. ա) Ի՞նչ է նշանակում մեկի գլխին «այրվող ածուխներ կուտակել»։ բ) Անձամբ դու նկատե՞լ ես, թե ինչպես է բարությունը փափկացրել մեր հավատը չընդունող մարդու սիրտը։ Եթե այո, բեր մի օրինակ։
16 Եթե թշնամուց վրեժ առնենք, ապա դա, ըստ ամենայնի, կկարծրացնի նրա սիրտը, իսկ եթե բարությամբ վարվենք, նրա սիրտը գուցե փափկի։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասում Պողոսը Հռոմի քրիստոնյաներին։ Նա գրում է. «Եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան, քանզի այդպես անելով՝ այրվող ածուխներ կկուտակես նրա գլխին» (Հռոմեացիներ 12։20; Առակաց 25։21, 22)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։
17 «Այրվող ածուխներ կկուտակես նրա գլխին» արտահայտությունը պատկերավոր խոսք է, որը կապ ունի աստվածաշնչյան ժամանակներում մետաղ հալեցնելու մեթոդի հետ։ Հանքանյութը գցվում էր վառարանը. այրվող ածուխները դրվում էին ոչ միայն հանքանյութի տակ, այլև նրա վրա։ Վրայի ածուխները ավելացնում էին ջերմությունը, և մետաղը սկսում էր հալվել ու առանձնանալ մետաղախարամից։ Նմանապես, բարի գործեր անելով հակառակորդի համար՝ մենք կարող ենք «հալեցնել» նրա կարծր սիրտը և դուրս հանել նրա լավ հատկությունները (Դ Թագաւորաց 6։14–23)։ Իրողությունն այն է, որ քրիստոնեական ժողովի բազմաթիվ անդամներ եկել են դեպի ճշմարիտ երկրպագություն նախևառաջ այն պատճառով, որ Եհովայի ծառաները նրանց համար բարի գործեր են արել։
Ինչու չարին չարով չենք հատուցում
18. Ինչո՞ւ է չարին չարով չհատուցելը ճիշտ, սիրո դրսևորում և համեստության նշան։
18 Հռոմեացիներ 12–րդ գլխի այս համառոտ քննարկումից տեսնում ենք մի քանի կարևոր պատճառներ, թե ինչու չարին չպետք է չարով հատուցենք։ Առաջին՝ այդպես վարվելը ճիշտ է։ Քանի որ Աստված մեր հանդեպ կարեկցանք է դրսևորում, ճիշտ է և տրամաբանական է, որ մեր անձը տանք Եհովային ու պատրաստակամորեն հնազանդվենք նրա պատվիրաններին, այդ թվում նաև մեր թշնամիներին սիրելու պատվիրանին։ Երկրորդ՝ չարին չարով չհատուցելը սիրո դրսևորում է։ Հրաժարվելով փոխհատուցելուց և ձգտելով խաղաղության՝ մենք հույս ունենք նույնիսկ որոշ մոլեգին հակառակորդների օգնել դառնալու Եհովայի երկրպագուներ։ Երրորդ՝ չարին չարով չհատուցելը համեստության նշան է։ Եթե վրեժխնդիր լինենք, ապա դա կլինի ինքնավստահության և հպարտության դրսևորում։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան ասում է. «Վրեժխնդրությունը ի՛մն է»։ Աստծու Խոսքում նաև գրված է. «Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. բայց խոնարհների [«համեստների», ՆԱ] հետ իմաստութիւն կայ» (Առակաց 11։2)։ Իմաստնորեն թույլ տալով, որ Աստված ինքը վրեժ լուծի՝ մենք համեստություն դրսևորած կլինենք։
19. Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
19 Պողոսը քրիստոնյաներին ուղղված իր ասելիքն ամփոփում է հետևյալ խոսքերով. «Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» (Հռոմեացիներ 12։21)։ Իսկ ի՞նչ չար ուժերի ենք բախվում այսօր։ Ինչպե՞ս կարող ենք հաղթել դրանց։ Այս և նման այլ հարցերի պատասխանները կքննարկենք հաջորդ հոդվածում։
Կարո՞ղ եք բացատրել
• Հռոմեացիներ 12–րդ գլխում ի՞նչ հորդոր է մի քանի անգամ տրվում։
• Ի՞նչը կմղի մեզ, որ չարին չարով չհատուցենք։
• Ի՞նչ օգուտներ կքաղենք մենք և ուրիշները, եթե «չարին չարով չհատուցենք»։
[շրջանակ 22–րդ էջի վրա]
Հռոմեացիներ 12–րդ գլխում քննարկվում են քրիստոնյայի փոխհարաբերությունները
• Եհովայի,
• հավատակիցների,
• մեր հավատը չընդունող մարդկանց հետ։
[նկար 23–րդ էջի վրա]
Պողոսի՝ հռոմեացիներին ուղղած նամակը գործնական խորհուրդներ է պարունակում
[նկար 25–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող ենք սովորել Ստեփանոսից