Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Հռոմեացիներ» նամակից
ՄԵՐ թվարկության մոտավորապես 56–ին իր երրորդ միսիոներական ճանապարհորդության ընթացքում Պողոս առաքյալը ժամանում է Կորնթոս քաղաք։ Նա տեղեկություն է ստանում, որ Հռոմում ապրող հրեա և ոչ հրեա քրիստոնյաների միջև տարակարծություններ կան։ Ցանկանալով նրանց լիակատար միասնության մեջ բերել Քրիստոսում՝ Պողոսը որոշում է նամակ գրել նրանց։
Հռոմեացիներին գրած նամակում Պողոսը բացատրում է, թե ինչպես են մարդիկ արդար հայտարարվում, և թե ինչպես նրանք պետք է ապրեն։ Նամակը ավելացնում է մեր գիտելիքները Աստծու և նրա Խոսքի մասին, ընդգծում է Աստծու անարժան բարությունը, ինչպես նաև մեր փրկության մեջ Քրիստոսի ունեցած դերը (Եբր. 4։12)։
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ. ԻՆՉՊԵ՞Ս
«Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին,— գրում է Պողոսը։— Ձրի պարգև է այն, որ նրանք արդար են հայտարարվում [Աստծու] անարժան բարության շնորհիվ այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով»։ Առաքյալը նաև ասում է. «Մարդ արդար է հայտարարվում հավատով՝ անկախ օրենքի գործերից» (Հռոմ. 3։23, 24, 28)։ Հավատ ընծայելով «արդարացում բերող մեկ արարքի» հանդեպ՝ թե՛ օծյալ քրիստոնյաները և թե՛ «ուրիշ ոչխարների» «մեծ բազմության» անդամները կարող են «արդար հայտարարվել»՝ առաջինները երկնային կյանքի համար՝ որպես Քրիստոսի ժառանգակիցներ, վերջինները՝ որպես Աստծու ընկերներ, որոնք կվերապրեն «մեծ նեղությունից» (Հռոմ. 5։18; Հայտն. 7։9, 14; Հովհ. 10։16; Հակ. 2։21–24; Մատթ. 25։46)։
«Մե՞ղք գործենք, քանի որ օրենքի տակ չենք, այլ անարժան բարության»,— հարցնում է Պողոսը։ «Երբե՛ք»,— պատասխանում է նա ու բացատրում. «[Դուք ծառաներ] եք.... եթե մեղքին՝ դեպի մահ, եթե հնազանդությանը՝ դեպի արդարություն» (Հռոմ. 6։15, 16)։ «Եթե ոգով սպանեք մարմնի գործերը, դուք կապրեք»,— ասում է նա (Հռոմ. 8։13)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։24–32 — Այս համարներում նկարագրված բարոյական անկումը ո՞ւմ է վերաբերում՝ հրեաների՞ն, թե՞ ոչ հրեաներին։ Դա կարող էր վերաբերել երկուսին էլ, բայց Պողոսը հատկապես նկատի ուներ հավատուրաց հին իսրայելացիներին։ Թեև նրանք գիտեին Աստծու արդար վճիռը, սակայն «չուզեցին ամուր բռնել Աստծու մասին ճշգրիտ գիտությունը»։ Ուստի արժանի էին դատապարտության։
3։24, 25 — Ինչպե՞ս կարող էր «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքը» ծածկել «անցյալում կատարված մեղքերը», այն դեպքում երբ այդ փրկանքը դեռ չէր տրվել։ Մեսիայի վերաբերյալ առաջին մարգարեությունը, որ գրված է Ծննդոց 3։15–ում, կատարվեց մ.թ. 33–ին, երբ Հիսուսը մահացավ տանջանքի ցցի վրա (Գաղ. 3։13, 16)։ Այն պահին, երբ Եհովան ասաց այդ մարգարեությունը, նրա տեսանկյունից փրկանքը արդեն վճարված էր, քանի որ ոչինչ չի կարող խանգարել Աստծուն, որ նա իրականացնի իր նպատակները։ Ուստի Հիսուս Քրիստոսի ապագա զոհաբերության հիման վրա Եհովան կարող էր ներել Ադամի այն հետնորդների մեղքերը, ովքեր հավատ ընծայեցին այդ խոստմանը։ Փրկանքը նաև հնարավոր է դարձնում նախաքրիստոնեական շրջանում մահացած մարդկանց հարությունը (Գործ. 24։15)
6։3–5 — Ի՞նչ է նշանակում մկրտվել Քրիստոս Հիսուսում և մկրտվել նրա մահվան մեջ։ Երբ Եհովան սուրբ ոգով օծում է Քրիստոսի հետևորդներին, նրանք միանում են Հիսուսին և դառնում այն ժողովի անդամներ, որը Քրիստոսի մարմինն է, և որի Գլուխը Հիսուսն է (1 Կորնթ. 12։12, 13, 27; Կող. 1։18)։ Սա է նշանակում մկրտվել Քրիստոս Հիսուսում։ Օծյալ քրիստոնյաները «մկրտվում են Քրիստոսի մահվան մեջ» այն իմաստով, որ նրանք ապրում են անձնազոհ կյանքով և մերժում են երկրի վրա հավիտյան ապրելու ցանկացած հեռանկար։ Ուստի նրանց մահը զոհաբերական է, ինչպես որ Հիսուսի մահն էր զոհաբերական, թեպետև նրանց մահը չունի փրկանքի արժեք։ Քրիստոսի մահվան մեջ մկրտվելն ամբողջանում է, երբ օծյալ քրիստոնյաները մահանում են և հարություն են առնում երկնային կյանքի։
7։8–11 — Ինչպե՞ս «մեղքը դրդվեց պատվիրանից»։ Օրենքն օգնեց մարդկանց ամբողջությամբ գիտակցելու մեղքի էությունը. նրանք ավելի լավ հասկացան, որ իրենք մեղավորներ են։ Նրանք տեսան, որ իրենք բազմաթիվ բաներ են արել, որոնք մեղքեր են, և, բացի այդ, ավելի շատ մարդիկ հասկացան, որ իրենք մեղավորներ են։ Ուստի կարելի է ասել, որ մեղքը դրդվեց պատվիրանից Օրենքի միջոցով։
Դասեր մեզ համար
1։14, 15. Մենք բարի լուրը եռանդորեն հռչակելու շատ պատճառներ ունենք։ Դրանցից մեկն այն է, որ մենք «պարտական» ենք, կամ այլ խոսքով՝ պարտք ենք այն մարդկանց, որոնք գնվել են Քրիստոսի արյունով, ուստի պարտավոր ենք նրանց հոգևորապես օգնելու։
1։18–20. Ամբարիշտ և անարդար մարդիկ «արդարացում չունեն», քանի որ Աստծու անտեսանելի հատկությունները ակնհայտ երևում են նրա ստեղծագործությունների մեջ։
2։28; 3։1, 2; 7։6, 7. Պողոսն ասում է մեղմացնող խոսքեր այն խոսքերից հետո, որոնք գուցե վիրավորական լինեին հրեաների համար։ Մենք նրանից սովորելու բան ունենք։ Նուրբ հարցերի վերաբերյալ պետք է նրբանկատորեն և խորագիտությամբ խոսենք։
3։4. Երբ մարդկանց խոսքերը հակասում են Աստծու խոսքերին, որոնք գրված են Աստվածաշնչում, մենք ասում ենք «թող Աստվա՛ծ ճշմարիտ լինի»՝ վստահելով Աստվածաշնչին և գործելով Աստծու կամքին համաձայն։ Եռանդորեն մասնակցելով Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին՝ կարող ենք օգնել մարդկանց համոզվելու, որ Աստված ճշմարիտ է։
4։9–12. Աբրահամի հավատը նրա համար արդարություն համարվեց դեռ շատ առաջ այն բանից, երբ նա 99 տարեկանում թլփատվեց (Ծննդ. 12։4; 15։6; 16։3; 17։1, 9, 10)։ Սա անչափ տպավորիչ է։ Աստված այս կերպով ցույց տվեց, թե ինչպես է հնարավոր արդար լինել իր աչքում։
4։18. Հույսը հավատի կարևոր տարրերից է։ Մեր հավատը հույսի վրա է հիմնված (Եբր. 11։1)։
5։18, 19. Տրամաբանորեն ցույց տալով, թե ինչով է Հիսուսը նման Ադամին՝ Պողոսը հակիրճ, բայց հստակ բացատրում է, թե ինչպես կարող է մեկ մարդը «իր կյանքը որպես փրկանք տալ շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Տրամաբանորեն և հակիրճ խոսելը գերազանց ուսուցողական մեթոդ է։ Մենք պետք է ընդօրինակենք Պողոսին այս հարցում (1 Կորնթ. 4։17)։
7։23. Մարմնի այնպիսի անդամներ, ինչպիսիք են ձեռքերը, ոտքերը և լեզուն, կարող են մեզ «գերի տանել մեղքի օրենքին», ուստի պետք է զգուշանանք դրանք սխալ օգտագործելուց։
8։26, 27. Երբ գտնվում ենք դժվարին, բարդ ու շփոթեցնող իրավիճակներում և չգիտենք՝ ինչի մասին աղոթել, «ոգին ինքը բարեխոսում է մեզ համար»։ Այդ ժամանակ Եհովան՝ «աղոթք լսողը», իր Խոսքում գրված համապատասխան աղոթքները ընդունում է որպես մեր կողմից իրեն ուղղված աղոթք (Սաղ. 65։2)։
8։38, 39. Ծանր իրավիճակները, ոգեղեն չար էակները և մարդկային իշխանությունները չեն կարող արգելք լինել, որ Եհովան սիրի մեզ։ Մենք էլ, մեր հերթին, չպետք է թույլ տանք, որ դրանք խանգարեն մեզ սիրելու նրան։
9։22–28; 11։1, 5, 17–26. Իսրայելի վերականգնման մասին բազմաթիվ մարգարեություններ իրականացան օծյալ քրիստոնյաների ժողովի վրա, որի անդամներին Աստված «կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաև ուրիշ ազգերի»։
10։10, 13, 14. Մենք քրիստոնեական ծառայությանը եռանդորեն մասնակցում ենք ոչ միայն այն պատճառով, որ սիրում ենք Եհովային և մերձավորին, այլև որ հավատում ենք Նրան և Նրա խոստումներին։
11։16–24, 33. Ինչպիսի՜ ներդաշնակություն «Աստծու բարության և խստության» միջև։ Այո՛, «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են» (Բ Օրին. 32։4)։
ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ
«Ուրեմն, եղբայրնե՛ր, Աստծու կարեկցանքով խնդրում եմ ձեզ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի»,— ասում է Պողոսը (Հռոմ. 12։1)։ «Ուրեմն» բառով նա ընդգծում է այն, որ քրիստոնյաները, որոնք արդար են հայտարարվում իրենց հավատի շնորհիվ, պետք է ականջ դնեն առաքյալի հաջորդ խոսքերին։ Դրանք վերաբերում են այն բանին, թե նրանք ինչ տեսակետ պետք է ունենան սեփական անձի, ուրիշների և պետական իշխանությունների մասին։
Պողոսը գրում է. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել»։ Նա հորդորում է. «Թող ձեր սերը առանց կեղծավորության լինի» (Հռոմ. 12։3, 9)։ «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին» (Հռոմ. 13։1)։ Խղճի վերաբերյալ հարցերի առնչությամբ առաքյալը քրիստոնյաներին կոչ է անում «չդատելու մեկը մյուսին» (Հռոմ. 14։13)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
12։20 — Ինչպե՞ս ենք «այրվող ածուխներ կուտակում» թշնամու գլխին։ Աստվածաշնչյան ժամանակներում, երբ վառարանի մեջ հանքանյութ էին դնում, այն տակից և վերևից ծածկում էին ածխով։ Վերևում դրված ածուխը ավելացնում էր ջերմությունը, ինչը նպաստում էր, որ մետաղը հալվի և առանձնանա խարամից։ Նմանապես, մենք թշնամու գլխին այրվող ածուխներ ենք դնում՝ բարի գործեր անելով նրա համար։ Դրա շնորհիվ նրա «կարծրությունը» չքանում է, և ի հայտ են գալիս լավ հատկությունները։
12։21 — Ինչպե՞ս ենք «շարունակում բարիով հաղթել չարին»։ Կերպերից մեկն այն է, որ անվախորեն և վճռականությամբ շարունակում ենք կատարել Թագավորության բարի լուրը քարոզելու աստվածատուր գործը, մինչև որ այն ավարտվի Եհովայի որոշած ժամանակին (Մարկ. 13։10)։
13։1 — Ի՞նչ իմաստով են վերին իշխանությունները «Աստծու կողմից դրված իրենց հարաբերական դիրքերում»։ Պետական իշխանությունները «Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում» այն իմաստով, որ նրանք կառավարում են Աստծու թույլտվությամբ, իսկ որոշ դեպքերում այդ կառավարումը կանխագուշակվել է նրա կողմից։ Սա երևում է մի քանի կառավարիչների վերաբերյալ Աստվածաշնչում գրված մարգարեություններից։
Դասեր մեզ համար
12։17, 19. Եթե չարին չարով ենք պատասխանում, նշանակում է՝ մեր ձեռքն ենք վերցնում այն, ինչ պետք է թողնեինք Եհովային։ Մեր կողմից մեծ հանդգնություն կլիներ «չարի փոխարեն չարով հատուցելը»։
14։14, 15. Մենք չպետք է մեր եղբորը տրտմեցնենք կամ գայթակղեցնենք այն ուտելիքով կամ ըմպելիքով, որ առաջարկում ենք նրան։
14։17. Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալը հիմնականում կախված չէ այն բանից, թե անհատը ինչ է ուտում և խմում կամ ինչ չի ուտում և չի խմում։ Դա առավելապես առնչություն ունի արդարության, խաղաղության և ուրախության հետ։
15։7. Մենք պետք է անաչառորեն ժողով ընդունենք բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը, և հռչակենք Թագավորության լուրը մեզ հանդիպած բոլոր մարդկանց։
[նկար 31–րդ էջի վրա]
Կարո՞ղ է փրկանքը կիրառվել այն մեղքերի համար, որոնք կատարվել են նախքան դրա վճարվելը