Սատանայի իշխանությունը դատապարտված է ձախողման
«Ամբարշտին բարութիւն չի լինիլ» (ԺՈՂ. 8։13)։
1. Ի՞նչ մխիթարական լուր է հայտնում Աստվածաշունչը։
ՎԱՂ թե ուշ չարերը կստանան իրենց արժանի պատիժը։ Նրանք պատասխան կտան իրենց արարքների համար (Առակ. 5։22; Ժող. 8։12, 13)։ Կպատժվի նաև գլխավոր ոճրագործը՝ չարության հայր Սատանան (Հովհ. 8։44)։ Ինչպիսի՜ մխիթարական լուր արդարություն սիրող մարդկանց համար։ Այն սփոփում է նաև նրանց, ովքեր անարդարության են բախվել ու տառապանքներ են կրել չարագործների պատճառով։
2. Ինչո՞ւ Եհովան ժամանակ սահմանեց։
2 Սատանան, սնապարծությունից մղված, դրդեց առաջին մարդկային զույգին մերժելու Եհովայի իշխանությունը։ Արդյունքում Ադամն ու Եվան միացան նրան ու մեղսագործներ դարձան (Հռոմ. 5։12–14)։ Եհովան անշուշտ գիտեր, թե ինչ դառը պտուղներ է բերելու նրանց ըմբոստությունը։ Սակայն նա ուզում էր, որ բոլոր բանական էակները համոզվեն դրանում։ Ուստի ժամանակ սահմանեց, որի ընթացքում գերիշխանության հարցը լուծում կստանար, և բոլորը կտեսնեին, որ ըմբոստները չարաչար սխալվում են։
3. Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում մարդկային իշխանություններին։
3 Հրաժարվելով Եհովայից՝ մարդիկ ստեղծեցին կառավարման իրենց ձևերը։ Պողոսը հռոմեացիներին ուղղած իր նամակում դրանք անվանեց «վերին իշխանություններ», որոնք «Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում» (կարդա՛ Հռոմեացիներ 13։1, 2)։ Արդյո՞ք առաքյալն ուզում էր ասել, թե Եհովան կառավարում է այդ իշխանությունների միջոցով, որոնցից ամենաազդեցիկը այն օրերում Հռոմեական տերությունն էր՝ Ներոն կայսրի գլխավորությամբ (մ.թ. 54–68 թթ.)։ Իհարկե ո՛չ։ Պողոսը պարզապես նշեց, որ քանի դեռ Աստված թույլ է տալիս մարդկային իշխանությունների գոյությունը, ճշմարիտ քրիստոնյաները պետք է հարգեն դրանք՝ հնազանդվելով «Աստծու սահմանած կառույցին»։
Կործանման տանող ուղի
4. Ինչո՞ւ մարդկային իշխանությունը երբեք հաջողության չի հասնի։
4 Սատանայի ազդեցության տակ գտնվող մարդկային կառավարությունները երբեք հաջողության չեն հասնի։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք չեն արտացոլում Աստծու իմաստությունը։ Կատարյալ իմաստություն ունի միմիայն Եհովան։ Հետևաբար միայն նա կարող է կառավարման հուսալի համակարգ ստեղծել, որը հաջողություն կունենա (Երեմ. 8։9; Հռոմ. 16։27)։ Ի տարբերություն մարդկանց, ովքեր հաճախ դառը փորձից են դասեր քաղում, Եհովան միշտ գիտի, թե որն է լավագույն լուծումը։ Ուստի Աստծու առաջնորդությունը մերժող յուրաքանչյուր իշխանություն անհաջողության կմատնվի։ Փաստորեն, Սատանայի իշխանությունը ի սկզբանե ձախողման էր դատապարտված ոչ միայն վերջինիս եսասիրական մղումների պատճառով, այլև Աստծու իշխանությանը հակառակ լինելու։
5, 6. Ինչո՞ւ Սատանան դուրս եկավ Եհովայի դեմ։
5 Ողջամիտ մարդը երբեք չի սկսի մի գործ, որը սկզբիցևեթ դատապարտված է ձախողման։ Հակառակ դեպքում՝ նա փաստի առաջ կկանգնի։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անիմաստ է վարվել Ամենակալ Արարչի կամքին հակառակ (կարդա՛ Առակաց 21։30)։ Այդուհանդերձ, Սատանան, սնապարծությունից ու հպարտությունից կուրացած, դուրս եկավ Եհովայի դեմ և համառորեն բռնեց մի ուղի, որը կործանման է տանում։
6 Սատանայի հանդուգն մտայնությունը հետագայում ցուցաբերեց Բաբելոնի ղեկավարներից մեկը, որը պարծենում էր. «Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ» (Ես. 14։13–15)։ Սակայն այդ կառավարչի անխոհեմ մտադրությունը հաջողությամբ չպսակվեց. Բաբելոնական կայսրությունն անփառունակ վախճան ունեցավ։ Նույնն է սպասում նաև Սատանային ու նրա չար աշխարհին։
Ինչո՞ւ Աստված չմիջամտեց
7, 8. Ի՞նչ դրական արդյունքների հասավ Եհովան՝ ժամանակավորապես թույլատրելով տառապանքը։
7 Ոմանք գուցե հարցնեն. «Մի՞թե Եհովան չէր կարող արգելել մարդկանց միանալու Սատանային»։ Անշուշտ կարող էր։ Չէ՞ որ նա Ամենակալ է (Ելից 6։3)։ Այնուամենայնիվ, Աստված չմիջամտեց, այլ թույլ տվեց, որ մարդիկ որոշ ժամանակ իրենից անկախ ապրեն։ Եհովան գիտեր, որ դա ի վերջո կծառայի նրանց հավիտենական բարօրությանը։ Ժամանակը, միևնույն է, կփաստեր, որ նա արդար ու սիրալիր Ղեկավար է։ Այդպես վարվելով՝ Աստված անզուգական իմաստություն դրսևորեց։
8 Իսկ ի՞նչ օգուտներ բերեց Եհովայի այդ որոշումը։ Մարդիկ դարերի ընթացքում կառավարման տարբեր ձևեր ստեղծեցին։ Բայց դրանցից ոչ մեկը չհաջողվեց։ Սա տեսնելով՝ ազնվասիրտ անհատները հասկացան, թե որքան իմաստուն է լսել և ապավինել Աստծուն։ Նրանք համոզվեցին, որ Եհովայի կառավարման ձևը լավագույնն է։ Ինչ խոսք, Սատանայի չար իշխանությունը բազում ցավ ու տառապանք պատճառեց մարդկանց, այդ թվում նաև Աստծու հավատարիմ ծառաներին։ Բայց վերջիններս նույնպես օգուտ քաղեցին դրանից։
Սատանայի ըմբոստությունը հակառակ արդյունք բերեց
9, 10. Սատանայի ապստամբությունն ինչպե՞ս նպաստեց Եհովայի փառավորմանը։
9 Ճիշտ է, Եհովան թույլ տվեց, որ մարդիկ Սատանայի ազդեցության ներքո ստեղծեն իրենց կառավարման համակարգերը։ Բայց դրա պատճառն ամենևին էլ այն չէր, որ Աստված ի վիճակի չէ հաջողությամբ ղեկավարելու։ Ընդհակառակը՝ մարդի՛կ ունակ չեն լավ կառավարություն ստեղծելու։ Այս մասին վաղուց ի վեր ասել է Երեմիա մարգարեն, և պատմությունը փաստել է նրա խոսքերի ճշմարտացիությունը (կարդա՛ Երեմիա 10։23)։ Իրականում, Սատանայի ըմբոստությունը հակառակ արդյունք բերեց, քանի որ հնարավորություն տվեց տեսնելու Եհովայի աննման հատկությունները։ Ինչպե՞ս։
10 Բանսարկուի աղետաբեր իշխանությունը պատճառ դարձավ, որ մարդիկ ավելի հստակ տեսնեն Եհովայի կատարյալ հատկությունները, որոնք այլ հանգամանքներում գուցե ցայտուն չերևային։ Աստված փառավորվեց այն անհատների առաջ, ովքեր սիրում են իրեն։ Այո՛, որքան էլ զարմանալի թվա, Սատանայի իշխանությունը նպաստեց Եհովայի փառավորմանը։ Ակնհայտ դարձավ, որ մեր Հայրը գերազանց լուծում է տվել գերիշխանության հարցին։ Եկեք այժմ քննենք Եհովայի հատկություններից մի քանիսը և տեսնենք, թե ինչպես են դրանք վառ կերպով արտահայտվում Սատանայի չար իշխանության ներքո։
11. Ինչպե՞ս Եհովան սեր դրսևորեց։
11 Սեր։ «Աստված սեր է»,— ասվում է Սուրբ Գրություններում (1 Հովհ. 4։8)։ Սերը մղեց Եհովային ստեղծելու մարդկանց։ Ավելին, Աստված նրանց հրաշալիորեն արարեց։ Նա մարդկանց տվեց հիանալի «բնակարան»՝ Երկիր մոլորակը, և այն ապահովեց բոլոր անհրաժեշտ բաներով (Ծննդ. 1։29–31; 2։8, 9; Սաղ. 139։14–16)։ Իսկ երբ աշխարհը չարությամբ լցվեց, Եհովան նորովի արտահայտեց իր սերը։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Այո՛, մեղավոր մարդկանց փրկելու համար Եհովան զոհեց իր միածին Որդուն։ Սիրո ավելի մեծ դրսևորում դժվար է պատկերացնել (Հովհ. 15։13)։ Այդպիսով Աստված օրինակ թողեց իր ծառաներին, որպեսզի նրանք նույնպես անձնազոհ լինեն ու սեր ցուցաբերեն։ Այդպես էր վարվում նաև Հիսուսը (Հովհ. 17։25, 26)։
12. Ինչի՞ց է երևում Եհովայի զորությունը։
12 Զորություն։ Միմիայն «Ամենակարող Աստված» զորություն ունի արարելու կյանքը (Հայտն. 11։17; Սաղ. 36։9)։ Երբ մարդը ծնվում է, նրա կյանքը նման է լինում դատարկ թղթի։ Ժամանակի ընթացքում այդ թղթի մեջ «գրվում» են նրա գործերը, որոշումները, կյանքում տեղի ունեցած դեպքերը և այն ամենը, ինչ ձևավորել է նրա անձնավորությունը։ Երբ նա մահանում է, այդ տեղեկությունները չեն կորչում, այլ մնում են Եհովայի հիշողության մեջ։ Դրա շնորհիվ Աստված կարող է հարություն տալ այդ անհատին ճիշտ այնպիսին, ինչպիսին որ նա եղել է մահանալուց առաջ (Հովհ. 5։28, 29)։ Եհովան, անշուշտ, չէր նախատեսել մահը։ Այդուհանդերձ, դա հնարավորություն է տալիս գնահատելու Աստծու գերազանց զորությունը։ Չէ՞ որ նա ի զորու է քանդելու մահվան կապանքները։ Իրոք որ, Եհովան «Ամենակարող Աստված» է։
13. Հիսուսի զոհաբերությունն ինչպե՞ս է ընդգծում Եհովայի կատարյալ արդարությունը։
13 Արդարություն։ Աստված երբեք չի ստում և անարդարացիորեն չի վարվում (Բ Օրին. 32։4; Տիտոս 1։2)։ Նա միշտ առաջնորդվում է ճշմարտության ու արդարության իր վեհ չափանիշներով, նույնիսկ եթե ստիպված է լինում թանկ վճարել (Հռոմ. 8։32)։ Ի՜նչ մեծ ցավ ապրեց Եհովան, երբ նրա Որդուն մեղադրեցին իրեն հայհոյելու մեջ և տանջանքի ցցի վրա սպանեցին։ Սակայն նա հանդուրժեց դա, քանի որ սիրում է անկատար մարդկանց և միշտ վարվում է արդարության իր կատարյալ սկզբունքների համաձայն (կարդա՛ Հռոմեացիներ 5։18–21)։ Այո՛, այս անարդար աշխարհում Եհովան ցույց է տալիս իր կատարյալ արդարությունը։
14, 15. Ինչպե՞ս է Եհովան դրսևորել իր իմաստությունն ու համբերությունը։
14 Իմաստություն։ Ադամի ու Եվայի մեղքից հետո Աստված հայտնեց, թե ինչ է անելու ըմբոստության հետևանքները վերացնելու համար (Ծննդ. 3։15)։ Նա անհապաղ գործի անցավ և դարերի ընթացքում աստիճանաբար բացահայտեց իր նպատակը։ Այդպիսով երևան եկավ Եհովայի անզուգական իմաստությունը (Հռոմ. 11։33)։ Քանի որ Աստված անսահման իմաստության աղբյուր է, ոչինչ չի կարող խանգարել նրան հաջողությամբ իրագործելու իր մտադրությունը։ Պատերազմներից պառակտված այս աշխարհում, ուր տարածված են անբարոյությունը, անհնազանդությունը, դաժանությունն ու կեղծավորությունը, ցայտուն կերպով ընդգծվում է Եհովայի իմաստությունը։ Հակոբոս աշակերտն ասաց. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության» (Հակ. 3։17)։
15 Համբերություն ու երկայնամտություն։ Քանի որ մարդիկ դարձան անկատար, սկսեցին սխալներ թույլ տալ ու մեղքեր գործել։ Ուստի կարիք առաջացավ, որ Եհովան դրսևորի իր համբերությունն ու երկայնամտությունը։ Այս հրաշալի հատկությունները Աստված ցուցաբերում է հազարամյակներ շարունակ։ Դա փաստում է, որ նա կատարելապես է դրսևորում դրանք։ Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք նրա անսահման համբերության ու երկայնամտության համար։ Պետրոս առաքյալն իրավամբ ասաց. «Տիրոջ համբերությունը փրկություն համարեք» (2 Պետ. 3։9, 15)։
16. Ինչո՞ւ է Եհովայի ներողամտությունը անսահման ուրախություն պատճառում մեզ։
16 Ներողամտություն։ Եհովան «շատ ներող է» (Ես. 55։7)։ Որքա՜ն երախտապարտ ենք դրա համար։ Չէ՞ որ բոլորս էլ հաճախ մեղանչում ենք (Հակ. 3։2; 1 Հովհ. 1։8, 9)։ Աստծու ներողամտությունը նաև անսահման ուրախության պատճառ է (Սաղ. 51։5, 9, 17)։ Երբ զգում ենք, որ Եհովան ներել է մեր սխալները, անսահման սիրով ենք լցվում նրա հանդեպ, և մղվում ենք ընդօրինակելու մեր Աստծուն՝ ներողամիտ լինելով ուրիշների նկատմամբ (կարդա՛ Կողոսացիներ 3։13)։
Այս աշխարհը հիվանդ է
17, 18. Ինչո՞ւ է Սատանայի ղեկավարումը անհաջողության մատնվել։
17 Սատանայի չար աշխարհի պատմությունը ձախողությունների մի ամբողջ շղթա է։ Զարմանալի չէ, որ 1991 թ.–ին մի թերթում ասվում էր. «Այս աշխարհն անշուշտ հիվանդ է։ Բայց դրա պատճառը ոչ թե Աստված է, այլ... մարդիկ» (The European)։ Եվ իրոք, Սատանայի դրդմամբ Ադամն ու Եվան մերժեցին Եհովայի կառավարման ձևը և սկիզբ դրեցին մարդկային կառավարմանը. մի բան, որը սկզբիցևեթ դատապարտված էր ձախողման։ Մարդկային իշխանության արդյունքում առաջ եկավ այս հիվանդ աշխարհը։ Այդ սարսափելի հիվանդության ախտանիշներն են ցավն ու տառապանքը, որ տարածված են ամենուր։
18 Սատանայի կառավարման հիմքում ընկած է եսասիրությունը։ Հետևաբար այդ իշխանությունը երբեք չի կարող գերազանցել Աստծու կառավարումը, որը հիմնված է սիրո վրա։ Բանսարկուն չկարողացավ ստեղծել կայուն հասարակարգ։ Նրա իշխանությունը երջանկություն և ապահովություն չբերեց։ Այս ամենն արդարացրեց Եհովայի գերիշխանությունը և ապացուցեց, որ նրա կառավարումը հաջողությամբ կպսակվի։ Մեր օրերում տեղի ունեցող որոշ իրադարձություններ նույնպես փաստում են դա։ Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում։
Ի՞նչ սովորեցինք կառավարման մասին
• Հռոմեացիներ 13։1, 2–ից։
• Առակաց 21։30–ից։
• Երեմիա 10։23–ից։
• Կողոսացիներ 3։13–ից։
[Նկարներ 25–րդ էջի վրա]
Սատանայի ղեկավարումը երբեք օգուտներ չի բերել
[Թույլտվությամբ]
U.S. Army photo
WHO photo by P. Almasy
[Նկար 26–րդ էջի վրա]
Եհովան ի զորու է քանդելու մահվան կապանքները
[Նկար 27–րդ էջի վրա]
Զոհաբերելով իր Որդուն՝ Եհովան սեր և արդարություն դրսևորեց