ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42
Պատրա՞ստ ես հնազանդվելու
«Վերին իմաստությունը.... հնազանդվելու պատրաստ [է]» (ՀԱԿ. 3։17)։
ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Հնազանդվելը ինչո՞ւ գուցե դժվար լինի։
ԵՐԲԵՎԷ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ դժվարացել ես հնազանդվել։ Դավթի կյանքում եղավ այդպիսի իրավիճակ, և նա Աստծուց հետևյալը խնդրեց. «Իմ մեջ բոցավառիր քեզ հնազանդվելու ցանկությունը» (Սաղ. 51։12, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.)։ Թեև Դավիթը սիրում էր Եհովային, բայց երբեմն դժվարանում էր հնազանդվել նրան։ Մեզ համար էլ հնազանդվելը երբեմն հեշտ չէ։ Ո՞րն է պատճառը։ Նախ՝ մենք ծնվել ենք անհնազանդ լինելու հակումով։ Երկրորդ՝ Սատանան անդադար դրդում է մեզ, որ ըմբոստանանք Եհովայի դեմ, ինչպես որ ինքն է վարվել (2 Կորնթ. 11։3)։ Երրորդ՝ մեզ վրա ազդում է այս աշխարհի ըմբոստ մտածելակերպը, «այն ոգին, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Եփես. 2։2)։ Այսպիսով՝ հնազանդ լինելու համար մենք պայքարում ենք թե՛ մեղք գործելու մեր հակման դեմ, թե՛ Սատանայի և այս աշխարհի կողմից եկող ճնշումների դեմ։ Ուստի մեզանից մեծ ջանքեր են պահանջվում, որ հնազանդվենք Եհովային, և նրանց, ում նա որոշակի իշխանություն է տվել։
2. Ի՞նչ է նշանակում «հնազանդվելու պատրաստ» լինել (Հակոբոս 3։17)։
2 Կարդա Հակոբոս 3։17։ Աստծուց ներշնչված Հակոբոսը գրեց, որ իմաստուն մարդիկ «հնազանդվելու պատրաստ» են։ Դա նշանակում է, որ մենք պետք է մեծ ցանկությամբ և պատրաստակամորեն հնազանդվենք նրանց, ում Եհովան որոշակի իշխանություն է տվել։ Իհարկե, Եհովան չի ակնկալում, որ հնազանդվենք մեկին, ով մեզանից պահանջում է անտեսել Աստծու պատվերները (Գործ. 4։18-20)։
3. Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ հնազանդվենք նրանց, ում նա իշխանություն է տվել մեզ վրա։
3 Մեզ համար գուցե ավելի հեշտ լինի հնազանդվել Եհովային, քան մարդկանց. չէ՞ որ Եհովան միշտ կատարյալ առաջնորդություն է տալիս (Սաղ. 19։7)։ Սակայն նույնը չի կարելի ասել իշխանություն ունեցող մարդկանց առնչությամբ։ Այնուամենայնիվ, մեր երկնային Հայրը որոշակի իշխանությամբ է օժտել ծնողներին, պետական պաշտոնյաներին և երեցներին (Առակ. 6։20; 1 Թեսաղ. 5։12; 1 Պետ. 2։13, 14)։ Երբ հնազանդվում ենք նրանց, իրականում հնազանդվում ենք Եհովային։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ենք հնազանդվել այն մարդկանց, ում Եհովան իշխանություն է տվել, նույնիսկ եթե այդպես վարվելը դժվար լինի։
ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԾՆՈՂՆԵՐԻԴ
4. Ինչո՞ւ շատ երեխաներ չեն հնազանդվում իրենց ծնողներին։
4 Այսօր երեխաները մեծանում են այնպիսի շրջապատում, որտեղ շատերը «ծնողներին անհնազանդ» են (2 Տիմոթ. 3։1, 2)։ Ինչո՞ւ։ Որոշ երեխաներ մտածում են, որ ծնողների կողմից անարդար է իրենցից պահանջել մի բան, ինչը նրանք անձամբ չեն անում։ Մյուսներն էլ կարծում են, որ իրենց ծնողների խորհուրդները հնացած են, ոչ գործնական կամ չափազանց խիստ։ Թերևս դու էլ ես այդպես մտածում։ Իրականում, շատերի համար է դժվար հնազանդվել Եհովայի հետևյալ պատվերին. «Հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ դա է արդար» (Եփես. 6։1)։ Տեսնենք, թե ինչը կօգնի քեզ հնազանդ լինել։
5. Ինչո՞ւ է ծնողներին հնազանդվելու հարցում Հիսուսը կատարյալ օրինակ (Ղուկաս 2։46-52)։
5 Դու կարող ես հնազանդություն սովորել Հիսուսից, ով այդ հարցում լավագույն օրինակն է (1 Պետ. 2։21-24)։ Նա կատարյալ երեխա էր, իսկ նրա ծնողները՝ անկատար։ Սակայն Հիսուսը պատվում էր իր ծնողներին, նույնիսկ երբ նրանք սխալներ էին թույլ տալիս կամ ճիշտ չէին հասկանում իրեն (Ելք 20։12)։ Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը 12 տարեկան էր (կարդա Ղուկաս 2։46-52)։ Նրա ծնողները Երուսաղեմից վերադառնալիս չէին նկատել, որ նա իրենց հետ չէ։ Բայց չէ՞ որ Հովսեփի ու Մարիամի պատասխանատվությունն էր հավաստիանալ, որ իրենց բոլոր երեխաները լինեին տուն վերադարձողների խմբում։ Երբ նրանք ի վերջո գտան Հիսուսին, Մարիամը Հիսուսին մեղադրեց տեղի ունեցածի համար։ Հիսուսը կարող էր ասել, որ իր հետ անարդարացի են վարվում, բայց նա պարզ ու հարգալից պատասխան տվեց իր ծնողներին։ Այնուամենայնիվ, Հովսեփն ու Մարիամը «չհասկացան այն, ինչ [Հիսուսն] իրենց ասաց»։ Չնայած դրան՝ Հիսուսը «շարունակեց ենթարկվել նրանց»։
6-7. Ի՞նչը կարող է օգնել պատանիներին, որ հնազանդվեն իրենց ծնողներին։
6 Երբ ծնողներդ սխալներ են թույլ տալիս կամ ճիշտ չեն հասկանում քեզ, դժվարանո՞ւմ ես հնազանդվել նրանց։ Ի՞նչը կարող է օգնել քեզ այս հարցում։ Նախ՝ մտածիր, թե ինչ է զգում Եհովան։ Աստվածաշունչն ասում է, որ ծնողներին հնազանդվելը «հաճելի է Տիրոջը» (Կող. 3։20)։ Եհովան գիտի, որ ծնողներդ երբեմն չեն հասկանում քեզ կամ այնպիսի կանոններ են սահմանում, որոնց հնազանդվելը հեշտ չէ։ Բայց երբ, անկախ ամեն ինչից, հնազանդվում ես նրանց, Եհովան ուրախանում է։
7 Երկրորդ՝ մտածիր, թե ինչ են զգում ծնողներդ։ Հնազանդ երեխաները ուրախացնում են իրենց ծնողներին և վաստակում նրանց վստահությունը (Առակ. 23։22-25)։ Եթե հնազանդ լինես, կմտերմանաս ծնողներիդ հետ։ Ալեքսանդր անունով մի եղբայր, ով ապրում է Բելգիայում, ասում է. «Երբ սկսեցի ավելի հաճախ հնազանդվել ծնողներիս, մեր փոխհարաբերությունները դարձան ավելի ջերմ, և դա նպաստեց մեր ուրախությանը»։b Երրորդ՝ մտածիր, թե հնազանդությունը ինչ օգուտներ կբերի քեզ ապագայում։ Պաուլո անունով մի եղբայր, ով ապրում է Բրազիլիայում, ասում է. «Ծնողներիս հնազանդվելով՝ սովորել եմ հնազանդվել Եհովային և իշխանություն ունեցողներին»։ Աստծու Խոսքը ծնողներին հնազանդվելու հիմնավոր պատճառ է նշում։ Այնտեղ ասվում է. «Որպեսզի քեզ լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա» (Եփես. 6։2, 3)։
8. Ինչո՞ւ են շատ պատանիներ որոշել հնազանդվել իրենց ծնողներին։
8 Շատ պատանիներ սեփական փորձով են համոզվել, թե ինչ լավ արդյունքներ է բերում հնազանդությունը։ Լուիզան, ով Բրազիլիայից է, սկզբում չէր հասկանում, թե ինչու են իր ծնողները որոշ ժամանակով արգելել իրեն բջջային հեռախոս ունենալ, հատկապես որ իր հասակակիցներից շատերը ունեին։ Բայց հետո նա հասկացավ, որ ծնողների այդ որոշումը իրեն պաշտպանելու համար էր։ Այժմ նա ասում է. «Ծնողներիս հնազանդվելը նման է ոչ թե զսպաշապիկ հագնելուն, այլ ամրագոտի կապելուն, ինչը կարող է պաշտպանել իմ կյանքը»։ Միացյալ Նահանգներում ապրող Էլիզաբեթի համար էլ երբեմն դժվար է լինում հնազանդվել ծնողներին։ Նա ասում է. «Երբ լիովին չեմ հասկանում, թե ինչու են ծնողներս սահմանել տվյալ կանոնը, փորձում եմ մտաբերել այն դեպքերը, երբ նրանց սահմանած կանոնները պաշտպանել են ինձ»։ Իսկ Մոնիկան, ով ապրում է Հայաստանում, ասում է, որ իր փորձով է համոզվել, որ ծնողներին հնազանդվելը միշտ ավելի լավ արդյունքներ է բերում, քան չհնազանդվելը։
ՀՆԱԶԱՆԴՎԻՐ «ՎԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
9. Շատերը ինչպե՞ս են վերաբերվում օրենքներին հնազանդվելուն։
9 Շատ մարդիկ ընդունում են, որ հարկավոր է ունենալ կառավարություն և հնազանդվել «վերին իշխանությունների» սահմանած որոշ օրենքների (Հռոմ. 13։1)։ Բայց այդ նույն մարդիկ չեն ցանկանում հնազանդվել այն օրենքներին, որոնք իրենց կարծիքով անարդար են կամ ծանրաբեռնող։ Խոսենք, օրինակ, հարկեր վճարելու մասին։ Եվրոպական երկրներից մեկում անցկացված հարցման մասնակիցների մեկ քառորդը կարծում է, որ կարող ես չհնազանդվել հարկեր վճարելու այն օրենքներին, որոնք, քո կարծիքով, անարդար են։ Ուստի զարմանալի չէ, որ այդ երկրում քաղաքացիները վճարում են կառավարության պահանջած հարկերի ընդամենը մոտ 65 տոկոսը։
10. Ինչո՞ւ ենք հնազանդվում այն օրենքներին, որոնք մեր սրտով չեն։
10 Աստվածաշնչում նշվում է, որ մարդկային կառավարությունները ցավ ու տառապանք են պատճառում մարդկությանը, դրանք Սատանայի իշխանության տակ են և շուտով ոչնչացվելու են (Սաղ. 110։5, 6; Ժող. 8։9; Ղուկ. 4։5, 6)։ Այնտեղ նաև ասվում է. «Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու սահմանած կառույցին է դեմ կանգնում»։ Եհովան դեռևս թույլ է տալիս, որ մարդկային կառավարություններն իշխեն, որպեսզի կարգուկանոն տիրի, և նա ակնկալում է, որ հնազանդվենք դրանց։ Հետևաբար մենք կառավարություններին պետք է «տանք իրենց հասանելիքը», ինչը ներառում է հարկեր վճարելը և նրանց հարգելն ու հնազանդվելը (Հռոմ. 13։1-7)։ Հնարավոր է՝ որևէ օրենք մեզ համար անհարմարություններ առաջացնի, անարդար թվա կամ ֆինանսապես ծանրաբեռնող լինի, բայց մենք պահում ենք այն, քանի որ հնազանդվում ենք Եհովային, ով պատվիրում է հնազանդվել իշխանություններին, քանի դեռ վերջիններս չեն պահանջում խախտել իր օրենքները (Գործ. 5։29)։
11-12. Համաձայն Ղուկաս 2։1-6-ի՝ ի՞նչ արեցին Հովսեփն ու Մարիամը իշխանություններին հնազանդվելու համար, և ի՞նչ եղավ արդյունքում (տես նաև նկարները)։
11 Մենք շատ բան կարող ենք սովորել Հովսեփի ու Մարիամի օրինակից, ովքեր պատրաստ էին հնազանդվել իշխանություններին, անգամ երբ այդպես վարվելը անհարմարություններ էր ստեղծում իրենց համար (կարդա Ղուկաս 2։1-6)։ Երբ Մարիամը հղիության իններորդ ամսում էր, նրա և Հովսեփի հնազանդությունը փորձության ենթարկվեց։ Հռոմի Օգոստոս կայսրը հրամայեց, որ մարդահամար անցկացվի։ Հովսեփն ու Մարիամը պետք է գնային Բեթլեհեմ, որտեղ հասնելու համար պետք է անցնեին մոտ 150 կիլոմետր (93 մղոն) ձգվող բլրոտ տարածքով։ Այդ ճամփորդությունը շատ անհարմար էր լինելու, հատկապես Մարիամի համար։ Նրանք թերևս անհանգստանում էին Մարիամի և իրենց դեռ չծնված երեխայի անվտանգության մասին։ Ի՞նչ կլիներ, եթե ճամփորդության ընթացքում սկսվեր ծննդաբերությունը. չէ՞ որ Մարիամն իր արգանդում ապագա Մեսիային էր կրում։ Արդյո՞ք նրանք այս իրավիճակը որպես արդարացում կօգտագործեին կառավարությանը չհնազանդվելու համար։
12 Հովսեփն ու Մարիամը թույլ չտվեցին, որ այդ մտահոգությունները ազդեին օրենքին հնազանդվելու իրենց որոշման վրա։ Եհովան օրհնեց նրանց հնազանդությունը. նրանք անվտանգ հասան Բեթլեհեմ, Մարիամը լույս աշխարհ բերեց առողջ երեխայի և այդպիսով նպաստեց աստվածաշնչյան մարգարեության կատարմանը (Միք. 5։2)։
13. Մեր հնազանդությունը ինչպե՞ս կարող է օգուտներ բերել մեր հավատակիցներին։
13 Վերին իշխանություններին հնազանդվելը օգուտներ է բերում թե՛ մեզ, թե՛ ուրիշներին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Պատճառներից մեկն այն է, որ այդպես վարվելով՝ խուսափում ենք այն պատժից, որին արժանանում են օրենքին չհնազանդվողները (Հռոմ. 13։4)։ Բացի այդ՝ քո հնազանդությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչ տեսակետ կունենան իշխանությունները Եհովայի վկաների մասին՝ որպես խմբի։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Նիգերիայում զինվորները ժողովի ժամանակ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք փնտրում էին խռովարարների, որոնք դեմ էին հարկեր վճարելուն, բայց նրանց հրամանատարը հեռանալու հրահանգ տվեց՝ ասելով. «Եհովայի վկաները միշտ վճարում են հարկերը»։ Այո՛, ամեն անգամ օրենքին հնազանդվելով՝ դու Եհովայի վկաների համբավը բարձր ես պահում, և դա կարող է մի օր քո հավատակիցների համար պաշտպանություն լինել (Մատթ. 5։16)։
14. Ի՞նչն օգնեց մի քրոջ փոխել իր մտածելակերպը իշխանություններին հնազանդվելու հետ կապված։
14 Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հակված ենք հնազանդվելու իշխանություններին։ Միացյալ Նահանգներում ապրող Ջոանա անունով մի քույր ասում է. «Ինձ համար հնազանդ լինելը ծայրաստիճան դժվար էր, քանի որ իմ ընտանիքում ոմանք տուժել էին իշխանությունների անարդար վերաբերմունքի պատճառով»։ Բայց Ջոանան որոշեց քայլեր ձեռնարկել իր մտածելակերպը փոխելու համար։ Նախ՝ նա դադարեց սոցիալական ցանցերում կարդալ այնպիսի նյութեր, որոնք նրան բացասական զգացումներով էին լցնում իշխանությունների հանդեպ (Առակ. 20։3)։ Հետո՝ աղոթեց Եհովային, որ օգնի իրեն ավելի շատ վստահել նրան, ոչ թե հույսը դնել իշխանափոխության վրա (Սաղ. 9։9, 10)։ Բացի այդ՝ նա սկսեց մեր հրատարակություններում կարդալ չեզոքության մասին հոդվածներ (Հովհ. 17։16)։ Ջոանան ասում է, որ հարգելով և հնազանդվելով իշխանություններին՝ անասելի խաղաղություն է ձեռք բերել։
ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
15. Ինչո՞ւ գուցե դժվար լինի հետևել Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությանը։
15 Եհովան ակնկալում է, որ «հնազանդվենք.... նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» ժողովում (Եբր. 13։17)։ Թեև մեր առաջնորդը՝ Հիսուսը, կատարյալ է, սակայն եղբայրները, ում նա նշանակել է առաջնորդություն վերցնելու համար, անկատար են։ Ուստի մեզ համար գուցե դժվար լինի հնազանդվել նրանց, հատկապես եթե տրված առաջնորդությունը մեր սրտով չէ։ Նման բան եղավ Պետրոս առաքյալի հետ։ Երբ հրեշտակը նրան պատվիրեց ուտել կենդանիների մսից, որոնք, ըստ Մովսիսական օրենքի, անմաքուր էին համարվում, նա հրաժարվեց, և ոչ թե մեկ, այլ երեք անգամ (Գործ. 10։9-16)։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Քանի որ նա այլ բանի էր սովոր, նոր առաջնորդությունը անտրամաբանական թվաց նրան։ Եթե Պետրոսը դժվարացավ հետևել կատարյալ հրեշտակի տված առաջնորդությանը, ապա որքան ավելի դժվար է մեզ համար հնազանդվել անկատար մարդկանց։
16. Թեև տրված առաջնորդությունը Պողոսի համար անտրամաբանական էր, սակայն ի՞նչ արեց նա (Գործեր 21։23, 24, 26)։
16 Պողոս առաքյալը «հնազանդվելու պատրաստ էր», նույնիսկ երբ տրված առաջնորդությունը անտրամաբանական էր թվում նրան։ Հրեա քրիստոնյաները ասեկոսեներ էին լսել Պողոսի մասին, իբր թե նա «հրեաներին հավատուրացություն է սովորեցնում [և] դրդում է հեռանալ Մովսեսի օրենքից» (Գործ. 21։21)։ Երուսաղեմի երեցները պատվիրեցին Պողոսին չորս մարդկանց հետ գնալ տաճար և ծիսականորեն մաքրվել ու այդպիսով փաստել, որ ինքը պահում է օրենքը։ Ինչ խոսք, Պողոսը գիտեր, որ քրիստոնյաները պարտավոր չեն պահել Մովսիսական օրենքը, և նա ոչ մի սխալ բան չէր արել։ Այնուամենայնիվ, նա առանց երկմտելու հետևեց եղբայրների տված առաջնորդությանը։ «Հաջորդ օրը Պողոսը վերցրեց այդ մարդկանց [և] ծիսականորեն մաքրվեց նրանց հետ» (կարդա Գործեր 21։23, 24, 26)։ Պողոսի հնազանդությունը նպաստեց եղբայրների միասնությանը (Հռոմ. 14։19, 21)։
17. Ի՞նչ ես սովորում Ստեֆանիի օրինակից։
17 Ստեֆանի անունով մի քույր դժվարանում էր ընդունել իրենց երկրի պատասխանատու եղբայրների տված առաջնորդությունը։ Նա և նրա ամուսինը ուրախությամբ ծառայում էին մի օտարախոս խմբում։ Բայց մի օր մասնաճյուղը լուծարեց նրանց խումբը, և այդ զույգը նշանակվեց իրենց մայրենի լեզվով անցկացվող ժողով։ Ստեֆանին ասում է. «Ես շատ տխուր էի։ Չէի կարծում, որ մեր մայրենի լեզվով անցկացվող դաշտում քարոզիչների կարիքը ավելի մեծ է»։ Այնուամենայնիվ, քույրը որոշեց հետևել տրված առաջնորդությանը։ Նա պատմում է. «Ժամանակի ընթացքում հասկացա, թե որքան իմաստուն էր այդ որոշումը։ Նոր ժողովում կային շատ հավատակիցներ, որոնց ընտանիքի անդամները չէին ընդունում ճշմարտությունը, և մենք ծնողի պես դարձանք նրանց համար։ Բացի այդ՝ ես ուսումնասիրություն եմ անցկացնում մի քրոջ հետ, ով ոչ ակտիվ է եղել։ Այժմ ավելի շատ ժամանակ ունեմ անձնական ուսումնասիրություն անելու համար»։ Ստեֆանին ավելացնում է. «Խիղճս մաքուր է, քանի որ գիտեմ, որ հնազանդվելու հարցում իմ լավագույնն եմ արել»։
18. Հնազանդությունը ի՞նչ օգուտներ է բերում մեզ։
18 Մենք կարող ենք սովորել հնազանդ լինել։ Հիսուսը «հնազանդություն սովորեց» ոչ թե կատարյալ պայմաններում, այլ «իր կրած չարչարանքներից» (Եբր. 5։8)։ Հիսուսի պես մենք էլ հաճախ դժվար հանգամանքներում ենք սովորում հնազանդ լինել։ Օրինակ՝ թերևս դժվարացել ես հնազանդվել, երբ COVID-19 համավարակի սկզբում առաջնորդություն ստացանք Թագավորության սրահներում հանդիպումներ չանցկացնել և կասեցնել տնետուն ծառայությունը։ Այնուամենայնիվ, քո հնազանդությունը պաշտպանել է քեզ, նպաստել է ժողովի միասնությանը և ուրախացրել Եհովային։ Կարող ենք ասել, որ այժմ բոլորս էլ ավելի լավ ենք պատրաստված մեծ նեղության ընթացքում հնազանդվելու ցանկացած առաջնորդության։ Դրանից է կախված լինելու մեր կյանքը (Հոբ 36։11)։
19. Ինչո՞ւ ես ուզում հնազանդ լինել։
19 Ինչպես տեսանք, հնազանդությունը անհամար օրհնություններ է բերում։ Մենք հնազանդվում ենք Եհովային նախևառաջ այն պատճառով, որ սիրում ենք նրան և ուզում ենք հաճեցնել (1 Հովհ. 5։3)։ Մենք երբեք չենք կարող փոխհատուցել Եհովային այն ամենի դիմաց, ինչ նա արել է մեզ համար (Սաղ. 116։12)։ Բայց մենք կարող ենք հնազանդվել նրան և նրանց, ում նա իշխանություն է տվել։ Եթե այդպես վարվենք, կփաստենք, որ իմաստուն ենք, իսկ իմաստուն մարդիկ ուրախացնում են Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։
ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր
a Անկատարության պատճառով բոլորիս համար էլ երբեմն դժվար է հնազանդվել, անգամ երբ պետք է հնազանդվենք մեկին, ում մեզ վրա իշխանություն է տրված։ Հոդվածում կքննենք, թե ինչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր հնազանդվում են իրենց ծնողներին, «վերին իշխանություններին» և քրիստոնեական ժողովում մեզ առաջնորդող եղբայրներին։
b Եթե դժվարանում ես հնազանդվել ծնողներիդ սահմանած կանոններին, jw.org կայքում տես «Ինչպե՞ս ծնողներիս հետ խոսեմ նրանց սահմանած կանոնների մասին» հոդվածը։
c ՆԿԱՐ։ Հովսեփն ու Մարիամը հնազանդվեցին կայսրի հրամանին և գնացին Բեթլեհեմ՝ մասնակցելու մարդահամարին։ Այսօր քրիստոնյաները հնազանդվում են «վերին իշխանությունների» կողմից սահմանված երթևեկության կանոններին, հարկային օրենքներին և առողջապահության հետ կապված անվտանգության ցուցումներին։