«Մեզ նման զգացումների տեր» մարդիկ
ՆԱ ԹԱԳԱՎՈՐ էր, մարգարե, նաև սիրող հայր։ Նրա որդիներից մեկը մեծանալով դարձավ փառամոլ և ամբարտավան մի անձնավորություն։ Գահը զավթելու ու հորը սպանելու վճռական մտադրությամբ՝ այս որդին քաղաքացիական պատերազմ է սկսում, սակայն սպանվում դրան հաջորդած ճակատամարտում։ Ստանալով որդու մահվան լուրը՝ հայրը առանձնանում է տան ձեղնահարկում ու ողբում. «Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս» (Բ Թագաւորաց 18։33)։ Այդ հայրը Դավիթ թագավորն էր։ Ինչպես Եհովայի մնացած մարգարեները, նա նույնպես «մեզ նման զգացումների տեր մարդ էր» (Յակոբոս 5։17, ՆԱ)։
Աստվածաշնչական ժամանակներում Եհովայի խոսնակները հասարակության բոլոր խավերից եկած, իրենց առօրյա կյանքով ապրող մարդիկ էին։ Նրանք էլ մեզ նման բազում խնդիրներ ունեին և տառապում էին անկատարության պատճառով։ Ովքե՞ր էին այս մարգարեներից ոմանք, և ի՞նչ առումով էին նրանք իրենց զգացումներով մեզ նման։
Մովսեսի ինքնավստահությունը և խոնարհությունը
Մովսեսը նախաքրիստոնեական ժամանակների հայտնի մարգարեներից էր։ Քառասուն տարեկան հասակում նա դեռևս պատրաստ չէր Եհովայի խոսքը ներկայացնելու։ Ինչո՞ւ։ Մինչ իր եղբայրները Եգիպտոսում գտնվում էին փարավոնի լծի տակ, Մովսեսը մեծանում էր փարավոնի տանը և «զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով»։ Հաղորդագրության մեջ կարդում ենք այն մասին, որ նա «մտածում էր, թէ իր եղբայրները կ’իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու»։ Սեփական զորությանը վստահելով՝ Մովսեսը, եբրայեցի ստրուկին պաշտպանելու նպատակով, սպանում է մի եգիպտացու (Գործք 7։22—25; Ելից 2։11—14)։
Շատ չանցած՝ ստիպված է լինում փախուստի դիմել և հաջորդ չորս տասնամյակներն անց է կացնում Մադիամի հեռավոր երկրում՝ հովվություն անելով (Ելից 2։15)։ Չորրորդ տասնամյակի ավարտին՝ արդեն ութսուն տարեկան հասակում, Մովսեսը Եհովայից հանձնարարություն է ստանում նրա մարգարեն լինելու։ Մովսեսն այլևս ինքնավստահ անձնավորություն չէր։ Նա իրեն այնքան անհամապատասխան էր համարում այդ գործի համար, որ սկսում է կասկածել, թե որքանով է հարմար այդ գործին իր նշանակվելը՝ ասելով. «Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ», կամ թե՝ «ես ի՞նչ ասեմ» (Ելից 3։11, 13)։ Մովսեսը Եհովայի սիրալիր վստահության և աջակցության շնորհիվ անցնում է իր նշանակումը հաջողությամբ կատարելուն։
Երբևէ պատահե՞լ է, որ դու էլ Մովսեսի նման թույլ ես տվել, որ ինքնավստահությունդ անմիտ արարքների կամ խոսքերի պատճառ դառնա։ Եթե այո, ապա խոնարհությամբ շարունակիր դասեր քաղել պատահածից։ Կամ գուցե քրիստոնեական որոշակի պատասխանատվություններ կրելու համար քեզ այնքա՞ն էլ պատրաստված չես համարում։ Դրանցից հրաժարվելու փոխարեն ընդունիր Եհովայի և նրա կազմակերպության առաջարկած օգնությունը։ Նա, ով անօգնական չթողեց Մովսեսին, օգնության ձեռք կմեկնի նաև քեզ։
Եղիայի ապրած մեզ ծանոթ զգացումները ժողովուրդն իր պատիժը կրելու ժամանակ
«Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ [զգացումների տեր, ՆԱ]. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց» (Յակոբոս 5։17)։ Եղիայի աղոթքն Աստծո կամքի հետ ներդաշնակ էր, որն, ըստ էության, կայանում էր նրանում, որ նրանից երես դարձրած ժողովուրդն իր արարքի համար պատիժ կրեր։ Բայց և այնպես, Եղիան գիտակցում էր, որ երաշտը, ինչը և նրա աղոթքի նյութն էր, մարդկային բազում տառապանքների պատճառ կդառնար։ Ժողովուրդը հիմնականում հողագործությամբ էր զբաղվում, և ցողն ու անձրևը մարդկանց համար կենսական նշանակություն ունեին։ Երկարատև երաշտը մեծ աղետ կպատճառեր. բուսականությունը կչորանար, հողը բերք չէր տա։ Աշխատանքի համար պահվող ընտանի կենդանիները կսատկեին, իսկ որոշ ընտանիքների էլ սով կսպառնար։ Ամենից շատ ո՞վ կտուժեր. հասարակ ժողովուրդը։ Օրինակ՝ այրի մի կին Եղիային հայտնում է, որ մի բուռ ալյուրի ու մի քիչ յուղի հույսին է մնացել։ Կինը՝ հույսը կորցրած, կարծում էր, թե ինքն ու որդին սովի պատճառով շուտով հրաժեշտ կտան կյանքին։ (Գ Թագաւորաց 17։12)։ Եղիան դիմում է Եհովային. սակայն դրա համար այդ մարդն ամուր հավատ պետք է ունենար այն հարցում, որ Աստված հոգ է տանում իր ծառաների մասին՝ լինեն նրանք հարուստ, թե աղքատ, հոգ է տանում այն բոլոր անհատների մասին, որոնք չեն լքում ճշմարիտ պաշտամունքը։ Ինչպես ցույց է տալիս արձանագրությունը, Եղիան հուսախաբ չեղավ (Գ Թագաւորաց 17։13—16; 18։3—5)։
Երբ երեք տարի անց Եհովան հայտնեց երկրի վրա անձրև բերելու իր նպատակը, երաշտի ավարտը տեսնելու Եղիայի անկեղծ փափագը երևաց նրա շարունակական և եռանդուն աղոթքներից, երբ ‘ծռված էր մինչեւ գետինը եւ երեսը դրել էր իր ծունկերի մէջտեղը» (Գ Թագաւորաց 18։42)։ Կրկին ու կրկին նա ստիպում էր իր սպասավորին. «Վեր գնա մտիկ արա դէպի ծովակողմը»՝ որևէ նշան տեսնելու, որ Եհովան լսել է իր աղոթքը (Գ Թագաւորաց 18։43)։ Ուրախության ինչպիսի՜ զգացում պատեց նրան, երբ, ի պատասխան իր թախանձանքներին, «երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը» (Յակոբոս 5։18)։
Եթե դու երեխաներ ունես կամ քրիստոնեական ժողովում որպես երեց ես ծառայում, խրատներ տալուց, հավանաբար, պայքարում ես խորը զգացումների դեմ։ Այնուամենայնիվ, նման հույզերն անհրաժեշտ է հավասարակշռել այն հիմնավոր տեսակետի հիման վրա, որ խրատը երբեմն տեղին է, և որ խրատն ամենայն սիրով տալուց հետո «արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում» (Եբրայեցիս 12։11)։ Եհովայի օրենքներին հնազանդվելուց ստացած արդյունքները միշտ էլ ցանկալի են։ Եղիայի նման մենք էլ սրտանց աղոթում ենք դրանց կիրառման համար։
Չնայած հուսահատությանը՝ Երեմիայի ցուցաբերած քաջությունը
Աստվածաշունչը գրողներից իր զգացումների մասին բոլորից շատ արտահայտվող անձնավորությունը, թերևս, Երեմիան է։ Երբ դեռ երիտասարդ էր, տարիքը փոքր ինչ խոչընդոտ էր հանդիսանում իրեն հանձնարարված առաջադրանքն ընդունելու համար (Երեմիա 1։6)։ Այնուհանդերձ, նա մեծ խիզախությամբ առաջ ընթացավ Աստծո խոսքը հռչակելու, թեև հանդիպեց ընդամենը ազգակիցների խիստ հակառակությանը՝ սկսած հասարակ ժողովրդից մինչև թագավորը։ Այդ հակառակությունները հաճախ զայրույթի և դառն արտասուքների պատճառ էին դառնում (Երեմիա 9։3; 18։20—23; 20։7—18)։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ հարձակվել են նրա վրա, ծեծել, ծաղրել, բանտարկել, սպառնացել մահով և հետո թողել, որ մահանա դատարկ ջրամբարի տիղմի մեջ։ Երբեմն նույնիսկ Եհովայի պատվերն էր նրան տառապալի ցավ պատճառում, որը երևում է նրա աղաղակից՝ «որովա՜յնս, որովա՜յնս, ցաւով բռնուած եմ, սրտիս խուցերը տակնուվրայ է սրտովս» (Երեմիա 4։19)։
Սակայն Երեմիան սիրում էր Եհովայի խոսքը. «Քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ» (Երեմիա 15։16)։ Միևնույն ժամանակ հուսախաբությունը դրդում էր նրան կանչելու Եհովային. «Մի՞թէ դու ինձ համար իրաւ խաբողի նման ես դառնալու, ջրերի՞ պէս՝ որ հաւատարիմ չեն» (Երեմիա 15։18)։ Բայց և այնպես, Եհովան հասկանում էր նրա՝ միմյանց հակասող զգացմունքները և շարունակում աջակցել, որպեսզի նա ուժ ունենար ավարտին հասցնելու իր հանձնարարությունը (Երեմիա 15։20; տես նաև 20։7—9)։
Իսկ դո՞ւ. Երեմիայի նման նո՞ւյնպես հիասթափություն ես ապրում, կամ, գուցե, հակառակության ես հանդիպում ծառայությունդ կատարելիս։ Նայի՛ր Եհովայի կողմը։ Շարունակի՛ր հետևել նրա առաջնորդած ճանապարհին, և Եհովան քո ջանքերի համար վարձահատույց կլինի։
Հիսուսը մեր զգացումների նման զգացումներ ուներ
Բոլոր ժամանակների մեծագույն մարգարեն եղել է Աստծո հարազատ Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Կատարյալ մարդ լինելով հանդերձ՝ Հիսուսը չէր թաքցնում իր զգացումները։ Հաճախ ենք կարդում նրա ապրած զգացումների մասին, որոնք պետք է որ արտահայտված լինեին նրա դեմքի վրա և դրսևորեին այս կամ այն առիթով նրա տված արձագանքներում։ Հիսուսը հաճախ ‘գթությամբ’ էր լցվում. այս բառը նաև օգտագործվել է նրա կողմից՝ որոշ օրինակներում կերպարներ բնութագրելիս (Մարկոս 1։41; 6։34; Ղուկաս 10։33)։
Հավանաբար, նա բարձրացրել է իր ձայնը առևտրականներին և կենդանիներին տաճարից վտարելիս՝ արտահայտվելով. «Դրանք այստեղից վերցրէ՛ք» (Յովհաննէս 2։14—16)։ Պողոսի բացականչությանը՝ «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի», հետևեց Հիսուսի խիստ պատասխանը՝ «ետե՛ւս գնա, սատանա՛» (Մատթէոս 16։22, 23)։
Հիսուսը հատուկ կապվածություն էր զգում իր մտերիմների հանդեպ։ Հովհաննես առաքյալը նկարագրվում է որպես «այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր» (Յովհաննէս 21։7, 20)։ Կարդում ենք նաև այն մասին, որ «Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին» (Յովհաննէս 21։7, 20)։
Հիսուսը կարող էր նաև կսկիծ զգալ։ Վերապրելով Ղազարոսի մահվան ողբերգությունը՝ «Յիսուս արտասուեց» (Յովհաննէս 11։32—36)։ Արտահայտելով Հուդա Իսկարիովտացու մատնության պատճառած ցավը՝ նա սաղմոսներից հիշատակեց հետևյալ խոսքերը. «Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ» (Յովհաննէս 13։18; Սաղմոս 41։9)։
Նույնիսկ ցցի վրա, տանջալի մահվան պահին ակներև էր Հիսուսի ապրած զգացումների խորությունը։ Նա քնքշորեն վստահեց իր մորն այն աշակերտի հոգատարությանը, «որին նա սիրում էր» (Յովհաննէս 19։26, 27)։ Նկատելով իր կողքին գամված ոճրագործներից մեկի ապաշխարելու պատրաստակամությունը՝ Հիսուսը կարեկցաբար ասաց. «Ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկաս 23։43)։ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» նրա բացականչության մեջ նշմարելի է Հիսուսի հույզերի պոռթկումը (Մատթէոս 27։46)։ Նրա վերջին խոսքերն իր անկեղծ սերն ու վստահությունն էին արտահայտում. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին» (Ղուկաս 23։46)։
Այս ամենն ինչպիսի՜ հավաստիացում է մեզ համար։ «Քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է» (Եբրայեցիս 4։15)։
Եհովայի հավաստիացումը
Եհովան երբեք չի զղջացել իր ներկայացուցիչների ընտրության համար։ Թեպետ նա տեսնում էր իր հանդեպ ունեցած նրանց հավատարմության զգացումը և ներողամտորեն էր վերաբերվում անկատար մարդկանց տկարություններին, բայց, միևնույն ժամանակ, նրանցից ակնկալում էր, որ ի կատար ածեին ստացած հանձնարարությունները։ Իր օգնությամբ նրանք ի վիճակի էին դա անելու։
Եկե՛ք համբերատարությամբ վստահություն ցուցաբերենք մեր հավատարիմ եղբայրների և քույրերի նկատմամբ։ Քանի դեռ գտնվում ենք իրերի ներկա համակարգում, բոլորս էլ դեռ անկատար ենք։ Այնուամենայնիվ, չպետք է նրանց անարժան համարենք մեր սիրուն և ուշադրությանը։ Պողոսը գրել է. «Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել» (Հռովմայեցիս 15։1; Կողոսացիս 3։13, 14)։
Եհովայի մարգարեները բոլորիս քաջածանոթ հույզերի տեր մարդիկ են եղել։ Այնուհանդերձ, նրանք վստահել են Եհովային, իսկ Եհովան նեցուկ է կանգնել վերջիններիս։ Դեռ ավելին, Եհովան ուրախության բազում առիթներ է տվել նրանց՝ բարի խղճմտանք, իր հաճությունը վայելելու զգացում, իրենց թիկունք կանգնող հավատարիմ ընկերներ և երջանիկ ապագայի հանդեպ վստահություն (Եբրայեցիս 12։1—3)։ Եկե՛ք մենք էլ ամենայն վստահությամբ ամուր կառչենք Եհովային՝ հետևելով հին մարգարեների՝ «մեզ նման» մարդկանց հավատի օրինակին։