ԴԱՍ 15
Կոկիկ արտաքին տեսք
ՄԱՐԴՈՒ արտաքին տեսքը շատ բան է ասում իր մասին։ Թեև Եհովան սրտին է նայում, բայց մարդիկ, ընդհանուր առմամբ, կարծիք են կազմում՝ տեսնելով իրենց «աչքի առաջինը» (Ա Թագ. 16։7)։ Եթե ֆիզիկապես մաքուր ես ու տեսքդ կոկիկ է, մյուսները, ըստ ամենայնի, կմտածեն, որ արժանապատվության զգացում ունես, և հակված կլինեն քեզ լսելու։ Քո վայելուչ հագուկապը նաև պատիվ կբերի այն կազմակերպությանը, որին ներկայացնում ես, և ունկնդիրներին դրականորեն կտրամադրի այն Աստծո հանդեպ, որին երկրպագում ես։
Ինչպես առաջնորդվել։ Աստվածաշնչում արտաքին տեսքի վերաբերյալ առանձնապես շատ կանոններ չկան։ Բայց կան սկզբունքներ, որոնց հետևելով՝ կարող ենք խելացի որոշումներ կայացնել։ Դրանցից գլխավորը հետևյալն է. «Ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք» (Ա Կորնթ. 10։31)։ Իսկ ուրիշ ի՞նչ սկզբունքներ կան, որ օգնում են մեզ առաջնորդվելու արտաքինի հարցում։
Առաջին՝ Աստվածաշունչը կոչ է անում մաքուր պահել և՛ մարմինը, և՛ հագուստը։ Հնագույն ազգ Իսրայելին տրված Օրենքում Եհովան սահմանել էր մաքրության վերաբերյալ չափանիշներ։ Օրինակ՝ քահանաներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս որոշակի դեպքերում պետք է իրենց մարմինն ու հագուստը լվանային (Ղեւտ. 16։4, 24, 26, 28)։ Քրիստոնյաներն այդ Օրենքի տակ չեն, բայց այնտեղ պարփակված սկզբունքները շարունակում են մնալ կիրառելի (Յովհ. 13։10; Յայտն. 19։8)։ Հատկապես երբ գնում ենք ծառայության կամ երկրպագության վայր, մեր մարմինն ու հագուստը պետք է մաքուր լինեն, նաև մեր բերանից չպետք է վատ հոտ գա, որպեսզի ուրիշների վրա տհաճ տպավորություն չթողնենք։ Նրանք, ովքեր ժողովում ելույթներ են ունենում կամ մասնակցում են ցուցադրումներին, պետք է այս առումով օրինակելի լինեն։ Արտաքին տեսքին ուշադրություն դարձնելը վկայում է, որ անհատը հարգում է Եհովային ու նրա կազմակերպությունը։
Երկրորդ՝ Աստվածաշունչը հորդորում է համեստ ու ողջամիտ լինել։ Պողոս առաքյալը քրիստոնյա կանանց հորդորում է, որ «ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց» (Ա Տիմոթ. 2։9, 10)։ Այս խոսքերը, որ արտահայտում են համեստություն և ողջամտություն, հավասարապես վերաբերում են նաև տղամարդկանց։
Համեստ անձնավորությունը չի ցանկանա տհաճություն պատճառել շրջապատին կամ ավելորդ ուշադրություն գրավել։ Եթե նա ողջամիտ է, ապա մտածված կգործի։ Դրսևորելով այս հատկությունները՝ անհատը ցույց է տալիս, որ ինքը հավասարակշռված անձնավորություն է և հարգում է Աստծո չափանիշները։ Իհարկե, նման հատկություններ դրսևորելը չի նշանակում ընդհանրապես հրաժարվել գեղեցիկ հագուկապ ունենալուց, բայց դա օգնում է մեզ ողջախոհ լինել հագուստի ու հարդարանքի հարցում և խուսափել ծայրահեղություններից (Ա Յովհ. 2։16)։ Մենք ցանկանում ենք այս սկզբունքներին հետևել երկրպագության վայրում, ծառայության ժամանակ և այլուր։ Նույնիսկ մեր ամենօրյա հագուստը պետք է համեստություն և ողջամտություն արտացոլի։ Դպրոցում կամ աշխատանքի վայրում ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորություններ կառաջանան։ Ուստի՝ թեև այս վայրերում կարիք չկա հագնվել այնպես, ինչպես ժողով կամ համաժողով գնալիս, այնուամենայնիվ այս պարագայում ևս մեր հագուստը պետք է լինի կոկիկ, մաքուր և համեստ։
Անշուշտ, բոլոր մարդիկ չեն հագնվում միևնույն ձևով, և դա նրանցից չի էլ պահանջվում։ Մարդկանց ճաշակները տարբեր են, և դա միանգամայն բնական է։ Բայց ինչ վերաբերում է աստվածաշնչյան սկզբունքներին, ապա դրանք հարկավոր է միշտ կիրառել։
Պետրոս առաքյալը նշեց, որ մեզ պետք է զարդարի սանրվածքից ու հագուստից ավելի կարևոր մի բան՝ «սրտի ծածուկ մարդը» (Ա Պետ. 3։3, 4)։ Եթե մեր սիրտը լի է սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ, բարությամբ և ամուր հավատով, ապա կարելի է ասել, որ հագել ենք հոգևոր հանդերձներ։ Սրանցով է, որ իսկապես պատվում ենք Աստծուն։
Երրորդ՝ Աստվածաշունչը քաջալերում է մեզ ուշադիր լինել, որ մեր տեսքը կոկիկ ու վայելուչ լինի։ Այս միտքն արտահայտված է Ա Տիմոթէոս 2։9–ում, որտեղ հիշատակվում է «վայելուչ հագուստի» մասին։ Թեև այստեղ Պողոս առաքյալը կանանց հագուստի մասին է խոսում, բայց սա վերաբերում է նաև տղամարդկանց։ Կոկիկ՝ նշանակում է մաքուր, տեղը տեղին։ Անկախ այն բանից, նյութապես ապահովված ենք, թե ոչ՝ մենք կարող ենք կոկիկ տեսք ունենալ։
Առաջին բանը, որի վրա սովորաբար մարդիկ ուշադրություն են դարձնում, մազերն են։ Մազերը պետք է մաքուր և սանրված լինեն։ Թե ինչպիսի սանրվածք կունենան մարդիկ, շատ բան կախված է և՛ տեղի սովորույթներից, և՛ ժառանգական գործոններից։ Ա Կորնթացիս 11։14, 15–ում սանրվածքի վերաբերյալ կարելի է գտնել խորհուրդ, որում այս երկու գործոններն էլ նկատի են առնված։ Բայց եթե անհատն իր սանրվածքով այնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես թե ուզում է նմանվել հակառակ սեռին, նա խախտում է աստվածաշնչային սկզբունքները (Բ Օրին. 22։5)։
Տղամարդկանց համար կոկիկ արտաքին տեսք ունենալը նաև նշանակում է խնամքով սափրված լինել։ Կան վայրեր, որտեղ բեղեր պահելը համարվում է արժանապատվության նշան։ Նման դեպքում հարկավոր է դրանք պարբերաբար կտրել։
Չորրորդ՝ մեր արտաքին տեսքը չպետք է արտահայտի սեր աշխարհի հանդեպ։ Հովհաննես առաքյալը նախազգուշացնում է. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է» (Ա Յովհ. 2։15–17)։ Աշխարհը ողողված է մեղավոր ցանկություններով։ Հովհաննեսը մասնավորապես հիշատակում է մեղավոր մարմնի ցանկության և ունեցվածքով ‘հպարտանալու’ (ԱՆԹ) մասին։ Գրությունները մեր ուշադրությունը հրավիրում են նաև ապստամբության, կամ այլ կերպ ասած՝ իշխանության հանդեպ անհնազանդության ոգի դրսևորելու վրա (Առակ. 17։11; Եփես. 2։2)։ Մարդկանց այս ցանկություններն ու վերաբերմունքը հաճախ իրենց արտացոլումն են գտնում հագուստի ու հարդարանքի մեջ։ Ուստի նրանց արտաքին տեսքը լինում է անհամեստ, ցանկահարույց, աչք ծակող, փնթի, թափթփված։ Մենք Եհովայի ծառաներ ենք, այդ իսկ պատճառով պետք է խուսափենք նման ձևով հագնվելուց։ Դա վայել չէ քրիստոնյաներին։
Հագուկապի ու հարդարանքի հարցում աշխարհին ընդօրինակելու փոխարեն՝ շատ ավելի խելացի կլիներ հետևել քրիստոնեական ժողովի հոգևորապես հասուն տղամարդկանց ու կանանց օրինակին։ Այն պատանիները, որոնք ցանկություն ունեն մի գեղեցիկ օր ելույթով հանդես գալու ժողովում, կարող են ուշադրություն դարձնել, թե ինչպես են հագնվում հանրային ելույթներով հանդես եկող եղբայրները։ Հագվելակերպի հարցում բոլորս էլ կարող ենք շատ բան սովորել տարիներ շարունակ հավատարմորեն ծառայող եղբայրներից ու քույրերից (Ա Տիմոթ. 4։12; Ա Պետ. 5։2, 3)։
Հինգերորդ՝ որոշելով, թե ինչն է պատշաճ, ինչը՝ ոչ՝ մենք պետք է միշտ հիշենք, որ նույնիսկ Քրիստոսը իր անձին չհաճեցրեց (Հռովմ. 15։3)։ Հիսուսին ամենից շատ հետաքրքրում էր Աստծո կամքը կատարելը։ Բացի այդ, ուրիշներին օգնելը նա վեր էր դասում իր ցանկություններից։ Օրինակ՝ ի՞նչ պետք է անենք, եթե այնտեղ, որտեղ ծառայում ենք, հագվելակերպի ու հարդարանքի հարցում առաջանում են ինչ–ինչ խնդիրներ, որոնք պատնեշ են դնում մեր ու մյուս մարդկանց միջև։ Եթե ընդօրինակենք Հիսուսի խոնարհության օրինակին, ապա կկարողանանք խոհեմ որոշում կայացնել։ Պողոս առաքյալը հետևյալ սկզբունքը սահմանեց. «Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս» (Բ Կորնթ. 6։3)։ Դրանից ելնելով՝ թերևս ավելի ճիշտ կլիներ հրաժարվել սանրվածքի որևէ ձևից կամ որոշակի հագուստից, քան թե դրանց պատճառով խոչընդոտել, որ բարի լուրը հասնի մարդկանց սրտերին։
Կեցվածքը։ Կոկիկ արտաքին տեսքի մեջ մտնում է նաև ճիշտ կեցվածք ունենալը։ Անշուշտ, ամեն մեկը կանգնելու իր ձևն ունի, ու ոչ ոք չպետք է իրեն ստիպված զգա հետևելու ինչ–որ չափանիշի։ Բայց ուշադրության է արժանի այն, որ Աստվածաշնչում ուղիղ կեցվածք ունենալը կապվում է մարդու արժանապատվության ու լավատեսության հետ (Ղեւտ. 26։13; Ղուկ. 21։28)։ Բայց կան եղբայրներ ու քույրեր, որոնք տարիներ շարունակ աշխատանքի վայրում անընդհատ կռացած են գործ արել, կամ արդեն ծերացել են, տկար են ու այժմ չեն կարող ուղիղ կանգնել, կամ էլ կանգնելիս պետք է հենվեն ինչ–որ մի բանի։ Սակայն նրանք, ովքեր չունեն այսպիսի դժվարություններ, պետք է ուղիղ կանգնեն, երբ խոսում են մարդկանց հետ։ Հակառակ դեպքում մենք գուցե այնպիսի կեցվածք ընդունենք, որ կարծես թե անտարբեր ենք մարդկանց հանդեպ կամ, ասենք, ներողություն ենք հայցում իրենցից անհանգստություն պատճառելու համար։ Եվս մի պահ։ Սխալ չէ, երբ ելույթ ունեցողը ժամանակ առ ժամանակ ձեռքերը դնում է գրակալին, բայց նա ավելի լավ տպավորություն կթողնի ունկնդիրների վրա, եթե չհենվի գրակալին։
Մեր ամեն ինչը պետք է կոկիկ լինի։ Ոչ միայն մեր արտաքին տեսքը պետք է մաքուր և կոկիկ լինի, այլև այն ամենը, ինչ օգտագործում ենք ծառայության ժամանակ։
Վերցնենք, օրինակ, Աստվածաշունչը։ Թերևս բոլորը չէ, որ հնարավորություն ունեն մաշված Աստվածաշունչը փոխարինել նորով։ Այդուհանդերձ, անկախ այն բանից, թե որքան ժամանակ է, ինչ օգտագործում ենք մեր Աստվածաշունչը, նրա տեսքից պետք է երևա, որ տերը հետևում է իր գրքի վիճակին։
Քարոզչական պայուսակում Աստվածաշունչն ու գրականությունը կարելի է տարբեր ձևերով տեղավորել, բայց ինչպես էլ որ անենք, այնտեղ պետք է կարգուկանոն լինի։ Երևի տեսած կլինես, թե ինչպես է քարոզիչը ծառայության ժամանակ, կամ եղբայրը ժողովում հանրային ելույթ ունենալիս, պատրաստվելով սուրբգրային համար կարդալ, բացում Աստվածաշունչը ու... այնտեղից թղթեր են դուրս թռչում։ Ուշադրությունդ շեղվել էր, այդպես չէ՞։ Եթե Աստվածաշնչի մեջ դրված թղթերը շեղում են մարդկանց ուշադրությունը, ապա լավ կլիներ դրանք ուրիշ տեղ պահել։ Պետք է նաև հիշել, որ Աստվածաշունչը կամ կրոնական այլ գրականություն գետնին դնելը որոշ մշակույթներում խիստ անհարգալից վերաբերմունքի նշան է։
Մենք պետք է միշտ ուշադիր լինենք, որ մեր արտաքին տեսքը կոկիկ լինի։ Թե ուրիշները ինչ կմտածեն մեր մասին, շատ բան կախված է մեր տեսքից։ Բայց ամենից առաջ մենք ուշադրություն ենք դարձնում մեր արտաքինին այն պատճառով, որ ցանկանում ենք «մեր Փրկչի՝ Աստծու վարդապետութիւնը ամէն ինչում զարդարե[լ]» (Տիտոս 2։10, ԷԹ)։