«Ես սիրում եմ քո հիշեցումները»
«Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15։4)։
1. Ինչպե՞ս է Եհովան մեզ հիշեցումներ տալիս, և ինչո՞ւ դրանց կարիքն ունենք։
ԵՀՈՎԱՆ մեզ՝ իր ծառաներին, հիշեցումներ է տալիս, որպեսզի կարողանանք դիմանալ ներկայիս ճնշումներին։ Հիշեցումներից մի քանիսը ստանում ենք Աստվածաշունչ ընթերցելիս, մյուսները քրիստոնեական ժողովի հանդիպումներին ելույթներ և մեկնաբանություններ լսելիս։ Մեր ընթերցածը կամ լսածը մեծամասամբ նոր բան չէ։ Թերևս նախկինում տվյալ տեղեկությանը արդեն հանդիպել ենք։ Բայց քանի որ հակված ենք մոռանալու, միշտ կարիք ունենք թարմացնելու մեր հիշողությունը՝ կապված Եհովայի նպատակների, օրենքների և առաջնորդության հետ։ Մենք պետք է գնահատե՛նք Աստծու հիշեցումները։ Նրանք նոր լիցք են հաղորդում մեզ և օգնում են չմոռանալ, թե ինչ պատճառներով ենք ընտրել աստվածահաճո կյանքի ուղին։ Ուստի պատահական չէ, որ սաղմոսերգուն Եհովային ասաց. «Ես սիրում եմ քո հիշեցումները» (Սաղմոս 119։24, ՆԱ)։
2, 3. ա) Ինչո՞ւ է Եհովան հոգ տարել, որ մինչև մեր օրերը պահպանվեն աստվածաշնչյան պատմությունները։ բ) Սուրբգրային ո՞ր դրվագները կքննարկենք այս հոդվածում։
2 Թեպետ Աստծու Խոսքը գրվել է դարեր առաջ, այն շարունակում է զորավոր ազդեցություն ունենալ (Եբրայեցիս 4։12)։ Աստվածաշունչը պատմում է իրական անձանց մասին։ Ճիշտ է, աստվածաշնչյան ժամանակներից ի վեր սովորություններն ու տեսակետները շատ են փոխվել, բայց այն դժվարությունները, որոնց բախվում ենք այսօր, հաճախ նման են հնում եղած դժվարություններին։ Աստվածաշնչյան շատ պատմություններ այն մարդկանց մասին են, որոնք սիրել են Եհովային ու, չնայած դժվարություններին, նրան հավատարմորեն ծառայել։ Մյուս դեպքերը ուշադրություն են հրավիրում այնպիսի վարքի վրա, որն Աստված ատում է։ Եհովան այնպես է արել, որ այս բոլոր պատմությունները՝ լավ թե վատ, գրի առնվեն Աստվածաշնչում՝ մեզ հիշեցում լինելու համար։ Պողոս առաքյալը հենց այդ մասին գրեց. «Ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք» (Հռովմայեցիս 15։4)։
3 Եկեք ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան երեք դրվագների վրա։ Դրանք են՝ Դավթի և Սավուղի, Անանիայի և Սափիրայի, Հովսեփի ու Պետափրեսի կնոջ մասին պատմությունները։ Յուրաքանչյուր դրվագից արժեքավոր բաներ ենք սովորում։
Նվիրվածություն Աստծու հաստատած կարգին
4, 5. ա) Ինչպիսի՞ն էր Սավուղ թագավորի վերաբերմունքը Դավթի հանդեպ։ բ) Ինչպե՞ս Դավիթն արձագանքեց Սավուղի թշնամանքին։
4 Սավուղ թագավորը անհավատարիմ գտնվեց Եհովային և այլևս արժանի չէր կառավարելու Նրա ժողովրդին։ Ուստի Աստված մերժեց նրան ու Սամուել մարգարեին ուղարկեց օծելու Դավթին որպես Իսրայելի ապագա թագավոր։ Երբ Դավիթը մեծ սխրանք գործեց ռազմի դաշտում, և ժողովուրդը նրան բուռն կերպով ողջունեց, Սավուղը սկսեց թշնամաբար վերաբերվել նրան։ Նա մի քանի անգամ փորձեց սպանել Դավթին։ Բայց ամեն անգամ Դավիթը կենդանի էր մնում, քանի որ Եհովան նրա հետ էր (Ա Թագաւորաց 18։6–12, 25; 19։10, 11)։
5 Դավիթը ստիպված էր երկար տարիներ փախստական լինել։ Երբ Սավուղին սպանելու հնարավորություն ստեղծվեց, նրա ընկերները խրախուսեցին իրեն օգտվել առիթից՝ ասելով, որ Եհովան նրա ձեռքն է տվել իր թշնամուն։ Բայց Դավիթը հրաժարվեց։ Նա այդպես վարվեց այն պատճառով, որ նվիրված էր Եհովային և հարգում էր Սավուղի դիրքը՝ որպես Աստծու ժողովրդի օծյալ թագավորի։ Չէ՞ որ Եհովան էր նշանակել Սավուղին որպես Իսրայելի թագավոր։ Ուստի Եհովան էլ կհեռացներ նրան այդ պաշտոնից, երբ հարմար գտներ։ Դավիթը մտածում էր, որ ինքը այդ իրավասությունը չունի։ Ստեղծված հանգամանքներում անելով հնարավոր ամեն բան՝ թուլացնելու Սավուղի թշնամությունն իր հանդեպ՝ Դավիթն ասաց. «Տէրը նորան կ’զարկէ կամ նորա օրը կ’գայ կ’մեռնէ, կամ թէ պատերազմի մէջ կ’մտնէ ու կ’մեռնէ։ Տէրը չ’անէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ» (Ա Թագաւորաց 24։4–16; 26։7–20)։
6. Ինչո՞ւ է Դավթի և Սավուղի պատմությունը հետաքրքրում մեզ։
6 Այս պատմությունից շատ կարևոր դաս ենք քաղում։ Երբևէ ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե քրիստոնեական ժողովում ինչու են խնդիրներ ծագում։ Կարող է այնպես լինել, որ ինչ–որ մեկը պատշաճ վարք չի դրսևորում։ Նրա գործողությունները գուցե լուրջ սխալ չեն, բայց այդպիսի վարքը քեզ անհանգստացնում է։ Ինչպե՞ս պետք է վարվես նման իրավիճակում։ Անկեղծորեն անհանգստանալով քո հավատակցով և Եհովայի հանդեպ նվիրված լինելով՝ գուցե որոշես սիրալիր կերպով խոսել նրա հետ՝ նրան շահելու նպատակով։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հարցը չի լուծվում։ Ողջամտության սահմաններում հնարավոր ամեն բան անելուց հետո գուցե ցանկանաս հարցը թողնել Եհովային։ Դավիթը հենց այդպես վարվեց։
7. Դավթին ընդօրինակելով՝ ինչպե՞ս պետք է վարվենք, երբ մեզ հետ անարդար են վարվում կամ կանխակալ կարծիք ունեն մեր մասին։
7 Կամ գուցե խնդիրներ ես ունենում՝ կապված սոցիալական անարդարության և կրոնական նախապաշարումների հետ։ Հնարավոր է, շատ քիչ բան կամ ընդհանրապես ոչինչ չկարողանաս անել տվյալ իրավիճակում։ Նման դեպքերում ամուր մնալը կարող է շատ դժվար լինել, բայց այն, թե ինչպես Դավիթը վերաբերվեց իր հանդեպ անարդարությանը, մեզ ինչ–որ բան է սովորեցնում։ Դավթի սաղմոսները միայն սրտաբուխ աղոթքներ չեն, որոնցում նա Եհովային խնդրում է փրկել Սավուղի հետապնդումներից։ Դրանք նաև հուզիչ խոսքեր են, որոնք արտահայտում են Եհովայի հանդեպ Դավթի նվիրվածությունը և Նրա անունը փառաբանելու փափագը (Սաղմոս 18։1–6, 25–27, 30–32, 48–50; 57։1–11)։ Չնայած Սավուղը տարիներ շարունակ անարդար վերաբերվեց Դավթին, վերջինս պահպանեց իր նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Մենք նույնպես պետք է հավատարիմ մնանք Եհովային ու նրա կազմակերպությանը՝ անկախ մեր նկատմամբ ցուցաբերված անարդարությունից և ուրիշների վարքից։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան լիովին տեղյակ է մեր իրավիճակից (Սաղմոս 86։2)։
8. Ինչպե՞ս վարվեցին Եհովայի վկաները Մոզամբիկում, երբ նրանց նվիրվածությունը փորձության ենթարկվեց։
8 Քննենք Մոզամբիկում ապրող քրիստոնյաների օրինակը, ովքեր փորձությունների ժամանակ պահպանեցին իրենց հավատարմությունը։ 1984 թ.–ին նրանց գյուղերը բազմիցս հարձակման ենթարկվեցին դիմադրության շարժման զինված անդամների կողմից։ Վերջիններս կողոպտում էին գյուղերը, այրում էին տները և սպանում էին մարդկանց։ Թվում էր, որ այդ ճշմարիտ քրիստոնյաները ոչինչ չէին կարող անել իրենց պաշտպանելու համար։ Տեղի բնակիչներին հարկադրում էին միանալ ռազմական շարժմանը կամ էլ որևէ ձևով աջակցել։ Եհովայի վկաները դա համարեցին քրիստոնեական չեզոքության խախտում, ուստի հրաժարվեցին։ Զինվորները սաստիկ զայրացան։ Այդ փոթորկուն օրերին սպանվեց 30 Վկա, բայց նույնիսկ մահվան սպառնալիքը չկարողացավ կոտրել Աստծու ժողովրդի նվիրվածությունը։a Դավթի պես՝ նրանք անարդարություններ կրեցին, բայց վերջիվերջո հաղթական դուրս եկան։
Նախազգուշական հիշեցում
9, 10. ա) Ինչպե՞ս կարող ենք օգուտ ստանալ սուրբգրային որոշ օրինակներից։ բ) Ի՞նչն էր սխալ Անանիայի և Սափիրայի արարքում։
9 Գրություններում հիշատակվում են նաև շատ անհատներ, որոնք սխալ քայլեր են արել և կրել դրանց հետևանքները։ Նրանց օրինակը մեզ համար նախազգուշացում է։ Այդ անհատներից ոմանք նույնիսկ եղել են Աստծու ծառաներ (Ա Կորնթացիս 10։11)։ Նրանցից էին Անանիան և Սափիրան, ամուսիններ, որոնք առաջին դարում Երուսաղեմի քրիստոնեական ժողովի անդամներ էին։
10 Մ. թ. 33–ի Պենտեկոստեից հետո նոր հավատակիցներին նյութական օգնություն ցույց տալու անհրաժեշտություն առաջացավ։ Նրանք մնացել էին Երուսաղեմում՝ առաքյալների հետ հոգևորապես շփվելու համար։ Ժողովի անդամներից ոմանք վաճառեցին իրենց սեփականությունը, որպեսզի օգնեն բոլոր կարիքավորներին (Գործք 2։41–45)։ Անանիան ու Սափիրան վաճառեցին իրենց արտը, բայց ստացած գումարի միայն մի մասը բերեցին առաքյալների մոտ՝ ասելով, թե դա էր վաճառքից ստացված ամբողջ գումարը։ Իհարկե, նրանք կարող էին տալ այնքան, ինչքան որ ցանկանային՝ շատ կամ քիչ։ Բայց խնդիրն այն էր, որ Անանիան և Սափիրան սխալ մղումներ ունեին և անազնիվ քայլեր կատարեցին։ Նրանք ցանկանում էին լավ տպավորություն թողնել և ցույց տալ, որ իրենք ավելին են անում, քան հնարավոր է։ Պետրոս առաքյալը սուրբ ոգու ներշնչանքով քողազերծեց նրանց անազնվությունն ու կեղծավորությունը, և Եհովան մահով պատժեց նրանց (Գործք 5։1–10)։
11, 12. ա) Ի՞նչ է հորդորում Աստվածաշունչը ազնվության վերաբերյալ։ բ) Որո՞նք են ազնիվ լինելու օգուտները։
11 Եթե երբևէ մեր մեջ գայթակղություն առաջանա աղավաղելու ճշմարտությունը՝ մեր մասին լավ կարծիք ստեղծելու նպատակով, ապա լավ կլինի հիշել Անանիայի և Սափիրայի սթափեցնող օրինակը։ Գուցե մեզ հաջողվի խաբել մարդկանց, բայց մենք չենք կարող խաբել Եհովային (Եբրայեցիս 4։13)։ Աստվածաշունչը բազմիցս կոչ է անում ազնիվ լինել ուրիշների հետ։ Ինչո՞ւ։ Քանի որ ամեն ստության աղբյուրը Բանսարկու Սատանան է, և բացի այդ, ստախոսները տեղ չեն ունենա անարդարությունից մաքրված մոլորակի վրա (Առակաց 14։2; Յովհաննէս 8։44; Յայտնութիւն 21։8; 22։15)։
12 Ազնիվ լինելը բազմաթիվ օրհնություններ է բերում։ Մեր խիղճը մաքուր է դառնում։ Մարդիկ սկսում են մեզ վստահել, և մենք մեզ բավարարված ենք զգում։ Շատ դեպքերում գործատերերը քրիստոնյաներին աշխատանքի են վերցնում կամ չեն կրճատում այն պատճառով, որ վերջիններս ազնիվ են։ Բայց ազնիվ լինելու ամենամեծ օգուտն այն է, որ մենք մտերմանում ենք Ամենակարող Աստծու հետ (Սաղմոս 15։1, 2)։
Պահպանենք մեր բարոյական մաքրությունը
13. Ի՞նչ իրավիճակում հայտնվեց Հովսեփը, և ինչպե՞ս նա վարվեց։
13 Նահապետ Հակոբի որդի Հովսեփը ստրկության վաճառվեց 17 տարեկան հասակում։ Ի վերջո նա հայտնվեց եգիպտական արքունիքի պաշտոնյա Պետափրեսի տանը։ Վերջինիս կինը սկսեց ուշադրություն դարձնել Հովսեփին։ Նա ցանկանում էր սեռական հարաբերություն ունենալ Հովսեփի հետ, որը գեղեցիկ տղամարդ էր, ուստի ամեն օր նրան ասում էր. «Պառկիր ինձ հետ»։ Հովսեփը գտնվում էր իր ընտանիքից շատ հեռու, մի երկրում, որտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում։ Նա հեշտությամբ կարող էր այդ կնոջ հետ հարաբերություն ունենալ՝ առանց նկատվելու ուրիշների կողմից։ Բայց երբ Պետափրեսի կինը ձեռքը գցեց նրան, Հովսեփը փախավ (Ծննդոց 37։2, 18–28; 39։1–12)։
14, 15. ա) Ինչո՞ւ է Հովսեփի մասին պատմությունը հետաքրքրում մեզ։ բ) Ինչո՞ւ է մի քրիստոնյա կին շնորհակալ Եհովային նրա տված հիշեցումների համար։
14 Հովսեփը դաստիարակվել էր աստվածավախ ընտանիքում և հասկանում էր, որ սխալ է, երբ տղամարդն ու կինը, որոնք ամուսիններ չեն, իրար հետ սեռական կապի մեջ են մտնում։ «Ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ»,— ասաց նա։ Նա, հավանաբար, գիտեր, թե որն էր Աստծու չափանիշը այդպիսի հարաբերության համար, այն է՝ մենամուսնություն, որը Եհովան սահմանեց Եդեմում (Ծննդոց 2։24)։ Աստծու ծառաներն այսօր կարող են օգուտ քաղել Հովսեփի օրինակից՝ խորհրդածելով նրա վարվելակերպի շուրջ։ Որոշ վայրերում ապօրինի սեռական հարաբերություններն այնքան սովորական են դարձել, որ այն երիտասարդները, ովքեր մերժում են այդպիսի անբարոյությունը, ծաղրանքի են ենթարկվում հասակակիցների կողմից։ Արտամուսնական հարաբերությունները նույնպես տարածված են։ Այո՛, Հովսեփի պատմությունը ժամանակահարմար հիշեցում է մեզ համար։ Աստված շարունակում է պոռնկությունը և շնությունը դիտել որպես մեղքեր (Եբրայեցիս 13։4)։ Շատերը, ովքեր չեն դիմացել և ապօրինի սեռական կապի մեջ են մտել, ընդունում են, որ համոզիչ պատճառ կա դա չանելու։ Անցանկալի հետևանքներից են նվաստացած լինելու զգացումը, անհանգիստ խիղճը, խանդը, հղիությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունը։ Գրությունները մեզ հիշեցում են տալիս, որ պոռնկություն գործողը «իր մարմնի մէջ [«դէմ», ԱԱ] է մեղանչում» (Ա Կորնթացիս 5։9–12; 6։18; Առակաց 6։23–29, 32)։
15 Ջենինb, որ ամուրի Եհովայի վկա է, մեծ հիմքեր ունի Եհովային շնորհակալ լինելու նրա տված հիշեցումների համար։ Աշխատավայրում մի գեղեցիկ տղամարդ սկսեց հետաքրքրություն ցույց տալ նրան։ Տեսնելով, որ Ջենին չի արձագանքում՝ երիտասարդը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել աղջկան։ «Ես զգացի, որ պայքար եմ մղում մաքուր մնալու համար,— խոստովանում է Ջենին,— որովհետև հաճելի է, երբ հակառակ սեռի ներկայացուցիչը ուշադրություն է ընծայում քեզ»։ Բայց նա գիտակցում էր, որ այդ մարդը պարզապես փորձում էր իրեն ավելացնել այն կանանց թվին, որոնց հետ նա սեռական հարաբերություն էր ունեցել։ Երբ Ջենին զգում էր, որ իր վճռականությունը թուլանում է, նա աղերսում էր Եհովային, որ օգնի իրեն հավատարիմ մնալ։ Ջենին հասկացավ, որ Աստվածաշնչի և քրիստոնեական հրատարակությունների ուսումնասիրության ընթացքում գտած մտքերը իր համար հիշեցումներ էին, որոնք մղում էին իրեն աչալուրջ լինել։ Այդ հիշեցումներից մեկը Հովսեփի և Պետափրեսի կնոջ մասին պատմությունն էր։ Ջենին ասում է. «Քանի դեռ ինքս ինձ հիշեցնում եմ, թե որքան շատ եմ սիրում Եհովային, գիտեմ, որ չեմ գործի նրա դեմ այդ մեծ չարությունը և մեղքը»։
Ականջ դիր Աստծու հիշեցումներին
16. Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ՝ խորհրդածելով աստվածաշնչյան կերպարների կյանքի շուրջ։
16 Մենք բոլորս կարող ենք ավելացնել մեր երախտագիտությունը Եհովայի չափանիշների համար՝ ձգտելով հասկանալ, թե ինչու է նա որոշ պատմություններ պահպանել Աստվածաշնչում։ Ի՞նչ են դրանք մեզ սովորեցնում։ Աստվածաշնչյան կերպարների դրսևորած ո՞ր հատկությունները պետք է ընդօրինակենք, և որոնցի՞ց՝ խուսափենք։ Աստծու Խոսքի էջերում հարյուրավոր անհատներ են հայտնվում։ Բոլոր նրանք, ովքեր սիրում են կրթվել Աստծուց, կարող են մեծ օգուտներ ստանալ՝ ձգտելով կյանքի տանող իմաստության, ինչպես նաև սովորելով շատ բաներ այն պատմություններից, որ Եհովան խնամքով պահպանել է մեզ համար։ Այս պարբերագիրը հաճախ է տպագրում հոդվածներ այն անհատների մասին, որոնցից կարող ենք ինչ–որ բան սովորել։ Ինչո՞ւ ժամանակ չտրամադրենք դրանք քննելու։
17. Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը Եհովայի հիշեցումներին, և ինչո՞ւ։
17 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ սիրալիր հոգատարություն է ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր ձգտում են կատարել նրա կամքը։ Մենք, իհարկե, կատարյալ չենք, ինչպես որ կատարյալ չէին Աստվածաշնչում հիշատակված տղամարդիկ ու կանայք։ Բայցևայնպես, նրանց մասին պատմությունները շատ օգտակար են։ Ականջ դնելով Եհովայի հիշեցումներին՝ մենք կարող ենք մի կողմից՝ խուսափել լուրջ սխալներից և մյուս կողմից՝ ընդօրինակել նրանց, ովքեր քայլեցին արդարության ճանապարհով։ Եթե այդպես անենք, ապա կկարողանանք երգել սաղմոսերգուի պես. «Երանելի են [Եհովայի] վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ] պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։ Իմ անձը պահում է քո [հիշեցումները]. եւ ես շատ սիրում եմ նորանց» (Սաղմոս 119։2, 167)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս 1996 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը» (էջ 160–162, ռուս.)։
b Անունը փոխված է։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ կարող ենք սովորել Սավուղի հանդեպ Դավթի վերաբերմունքից։
• Անանիայի ու Սափիրայի պատմությունն ի՞նչ է սովորեցնում մեզ։
• Հովսեփի մասին պատմությունն ինչո՞ւ է այսօր առանձնակի հետաքրքրություն ներկայացնում մեզ համար։
[նկար 26-րդ էջի վրա]
Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց սպանել Սավուղին
[նկար 27-րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում Անանիայի ու Սափիրայի պատմությունից
[նկար 28-րդ էջի վրա]
Ինչո՞ւ Հովսեփը մերժեց անբարո առաջարկները