«Հիւրասէր եղէք իրար հետ»
ՓԻԲԵՆ՝ առաջին դարում ապրող քրիստոնյա մի քույր, կանգնել էր խնդրի առջև։ Հունաստանի Կենքրա քաղաքից նա ճամփորդել էր Հռոմ, սակայն այդ քաղաքում ապրող իր հավատակիցներին անձամբ չէր ճանաչում (Հռովմայեցիս 16։1, 2)։ Ինչպես նշում է Աստվածաշնչի թարգմանիչ Էդգար Գուդսփիդը, «[այդ օրերի] հռոմեական աշխարհը աչքի էր ընկնում իր ապականությամբ ու դաժանությամբ, իսկ իջևանատները վատ համբավ ունեին և հարմար վայր չէին պարկեշտ կանանց համար, հատկապես՝ քրիստոնյա կանանց»։ Ուստի որտե՞ղ Փիբեն պիտի իջևաներ։
Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ հաճախ էին ճանապարհորդում։ Հիսուսը և իր աշակերտները նույնպես ճանապարհորդում էին, որպեսզի քարոզեին բարի լուրը ամբողջ Հուդայում և Գալիլեայում։ Հետագայում քրիստոնյա միսիոներները, ինչպես օրինակ՝ Պողոսը, բարի լուրը հասցրեցին Միջերկրական ծովի շրջակայքում գտնվող քաղաքները, այդ թվում նաև Հռոմ՝ Հռոմեական կայսրության մայրաքաղաք։ Սակայն որտե՞ղ էին իջևանում առաջին դարի քրիստոնյաները, երբ ճանապարհորդում էին Հրեաստանի տարածքում կամ այդ երկրից դուրս։ Ի՞նչ դժվարությունների էին նրանք հանդիպում կացարան փնտրելիս։ Եվ ի՞նչ կարող ենք նրանցից սովորել հյուրասիրություն ցուցաբերելու հարցում։
«Ինձ այսօր պէտք է քո տանը կենալ»
Հյուրասիրությունը միշտ եղել է Եհովայի ճշմարիտ երկրպագուներին բնորոշ հատկություններից մեկը։ Օրինակ՝ հյուրասիրություն են ցուցաբերել Աբրահամը, Ղովտը և Ռեբեկան (Ծննդոց 18։1–8; 19։1–3; 24։17–20)։ Իսկ Հոբ նահապետը, նկարագրելով, թե ինչպես է վերաբերվել օտարականներին, ասել է. «Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին» (Յոբ 31։32)։
Իրենց ազգակից իսրայելացիների կողմից հյուրընկալվելու նպատակով՝ բավական էր ընդամենը, որ ճանապարհորդները նստեին քաղաքի հրապարակում և հրավերի սպասեին (Դատաւորաց 19։15–21)։ Տանտերերը սովորաբար լվանում էին իրենց հյուրերի ոտքերը, ուտելիք և խմելու ջուր էին տալիս նրանց, ինչպես նաև կերակրում էին նրանց անասուններին (Ծննդոց 18։4, 5; 19։2; 24։32, 33)։ Սակայն այն ճանապարհորդները, որոնք չէին ցանկանում հոգս պատճառել տանտերերին, իրենց հետ վերցնում էին անհրաժեշտ ուտելիքներ՝ հաց, գինի, ինչպես նաև կեր և ծղոտ իրենց անասունների համար։ Նրանց հարկավոր էր միայն գիշերելու տեղ։
Թեև Աստվածաշնչում հազվադեպ է նշվում այն մասին, թե Հիսուսն իր շրջագայությունների ընթացքում կոնկրետ որտեղ էր օթևանում, այնուհանդերձ նա և իր աշակերտները անշուշտ ինչ–որ տեղ գիշերում էին (Ղուկաս 9։58)։ Երբ Հիսուսը Երիքով քաղաքում էր, նա ուղղակի ասաց Զաքեոսին. «Ինձ այսօր պէտք է քո տանը կենալ»։ Զաքեոսն էլ «ուրախութինով» ընդունեց իր հյուրին (Ղուկաս 19։5, 6)։ Հիսուսը հաճախ էր հյուրընկալվում իր ընկերներ Մարթայի, Մարիամի և Ղազարոսի տանը, որոնք ապրում էին Բեթանիայում (Ղուկաս 10։38; Յովհաննէս 11։1, 5, 18)։ Շատ հավանական է, որ Կափառնայումում Հիսուսը գիշերել է Սիմոն Պետրոսի տանը (Մարկոս 1։21, 29–35)։
Ծառայության գնալու վերաբերյալ Հիսուսի հրահանգները՝ ուղղված իր 12 աշակերտներին, նույնպես ցույց էին տալիս, թե ինչպիսի հյուրընկալություն նրանք կարող էին ակնկալել Իսրայելում։ Հիսուսը նրանց ասաց. «Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ. Ոչ [ճանապարհ գնալու համար ուտելիքի] պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ, եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։ Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք» (Մատթէոս 10։9–11)։ Նա գիտեր, որ անկեղծ սրտով մարդիկ կընդունեին իր աշակերտներին և նրանց կապահովեին ուտելիքով, օթևանով և այլ անհրաժեշտ բաներով։
Սակայն օրեր էին գալու, երբ ավետարանիչները ճանապարհ գնալիս իրենք պիտի հոգային իրենց կարիքներն ու ծախսերը։ Հաշվի առնելով այն, որ մոտ ապագայում իր հետևորդներին թշնամական վերաբերմունք էր սպասում, և որ բարի լուրը պետք է քարոզվեր Իսրայելից դուրս՝ Հիսուսն ասաց. «Քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ [ուտելիքի] պարկը» (Ղուկաս 22։36)։ Փաստորեն, բարի լուրը տարածելու համար անհրաժեշտ կլիներ ճանապարհորդել և կացարաններ փնտրել։
«Հիւրասիրութեան հետեւեցէք»
Առաջին դարում Հռոմեական կայսրության մեջ տիրող հարաբերական խաղաղությունը և ամբողջ երկրում գոյություն ունեցող սալարկված ճանապարհների մեծ ու խիտ ցանցը պատճառ դարձան, որ երթևեկությունը աշխուժանա, և մարդիկ սկսեն ավելի հաճախակի ճանապարհորդել։a Ճանապարհորդներն այնքան շատ էին, որ կացարանների մեծ պահանջ կար, որը լրացնում էին իջևանատները։ Դրանք գտնվում էին գլխավոր մայրուղիներից մեկ օրվա հեռավորության վրա։ Մի գրքում ասվում է. «Այն, ինչ մեզ գրականությունից հայտնի է այդ կացարանների մասին, իրենից բավականին տխուր պատկեր է ներկայացնում։ Մեզ հասած գրական և հնագիտական աղբյուրները հաճախ վկայում են կիսավեր դարձած հարմարությունների, կեղտոտ պայմանների, կահավորանքի բացակայության, փայտոջիլների, ցածրորակ սննդի ու խմելու ջրի, անվստահելի տերերի և ծառաների, կասկածելի հաճախորդների և տիրող անբարոյականության մասին» («The Book of Acts in Its Graeco-Roman Setting»)։ Ուստի հասկանալի է, որ բարոյական բարձր չափանիշներ ունեցող ճանապարհորդը հնարավորության դեպքում կխուսափեր նման իջևանատներում գիշերելուց։
Ուստի զարմանալի չէ, որ Գրությունները հորդորում էին քրիստոնյաներին հյուրասիրություն ցուցաբերել ուրիշների հանդեպ։ Հռոմի քրիստոնյաներին Պողոսը հետևյալ հորդորը տվեց. «Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք» (Հռովմայեցիս 12։13)։ Իսկ եբրայեցի քրիստոնյաներին նա հիշեցրեց. «Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին» (Եբրայեցիս 13։2)։ Պետրոսը նույնպես խրախուսեց իր հավատակիցներին. «Հիւրասէր եղէք իրար հետ առանց տրտնջանքի» (Ա Պետրոս 4։9)։
Սակայն որոշ իրավիճակներում հյուրասիրություն ցուցաբերելը տեղին չէր լինի։ «Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ,— ասում է Հովհաննես առաքյալը,— մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին» (Բ Յովհաննէս 9–11)։ Բացի այդ, չզղջացող մեղավորների վերաբերյալՊողոսը գրում է. «Չ’խառն[վեք], որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել» (Ա Կորնթացիս 5։11)։
Ինքնակոչ և խարդախ մարդիկ ըստ երևույթին փորձում էին շահագործել ճշմարիտ քրիստոնյաների այդ գովելի հատկությունը։ Քրիստոնեական հավատի վերաբերյալ մ.թ. երկրորդ դարի ոչ սուրբգրային մի տեղեկագրի մեջ նշվում է այն մասին, որ շրջագայող քարոզչին պետք էր հյուրընկալել «մեկ օր, կամ, եթե անհրաժեշտ է, երկու օր»։ Դրանից հետո, եթե նա ուզենար գնալ, «թող իր հետ բացի հացից ուրիշ ոչինչ չվերցնի.... Եթե նա փող խնդրի, ուրեմն կեղծ մարգարե է»։ Տեղեկագիրը շարունակում է. «Եթե նա ցանկանում է ապրել քո տանը և որևէ արհեստի տեր է, թող իր աշխատանքով իր հացը վաստակի։ Բայց եթե դու տեսնում ես, որ նա որևէ արհեստով չի զբաղվում իր կարիքները հոգալու համար, թող որ ծուլությամբ չապրի քեզ հետ, որովհետև քրիստոնյա է։ Իսկ եթե նա չուզենա աշխատել, ուրեմն քրիստոնյա լինելը օգտագործում է իր անձնական շահերի համար. այդպիսիներից զգուշացիր» («The Didache», կամ՝ «Teaching of the Twelve Apostles»)։
Պողոս առաքյալը զգուշանում էր, որ որոշ քաղաքներում իր երկարատև շրջագայությունների ժամանակ տանտերերին ավելորդ հոգս չպատճառի։ Իր կարիքները հոգալու համար նա զբաղվում էր վրանագործությամբ (Գործք 18։1–3; Բ Թեսաղոնիկեցիս 3։7–12)։ Այդպիսի օրինակելի ճանապարհորդներին օգնելու համար վաղ քրիստոնյաները ակներևաբար երաշխավորական նամակներ էին ուղարկում տվյալ անհատի մասին, ինչպես որ Պողոսը վարվեց Փիբեի պարագայում։ Նա գրեց. «Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը.... որ նորան ընդունէք Տէրով.... եւ հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ» (Հռովմայեցիս 16։1, 2)։
Օրհնություններ, որ գալիս են հյուրասեր լինելուց
Առաջին դարի քրիստոնյա միսիոներները իրենց բոլոր կարիքները հոգալու հարցը վստահում էին Եհովային։ Սակայն կարո՞ղ էին նրանք ակնկալել, որ հավատակիցները հյուրասիրություն կցուցաբերեն իրենց հանդեպ։ Օրինակ՝ Լիդիան իր տան դռները բաց արեց Պողոսի և մյուսների առջև։ Իսկ Կորնթոսում Պողոսը հյուրընկալվեց Ակյուղասի և Պրիսկիղայի տանը։ Փիլիպպեում բանտապետը սեղան գցեց Պողոսի և Շիղայի համար։ Թեսաղոնիկեում Պողոսի հանդեպ հյուրասիրություն ցուցաբերեց Յասոնը, Կեսարիայում՝ Փիլիպպոսը, և Կեսարիայից Երուսաղեմ գնալու ճանապարհին՝ Մնասոնը։ Իսկ Հռոմ գնալու ճանապարհին Պողոսը հյուրընկալվեց Պատիողոսում ապրող եղբայրների տանը։ Հոգևոր ի՜նչ հրաշալի պարգևներ են եղել այս հանդիպումները հյուրընկալների համար (Գործք 16։33, 34; 17։7; 18։1–3; 21։8, 16; 28։13, 14)։
Աստվածաշնչի վերլուծաբան Ֆրեդերիկ Բրուսը նշում է. «Այս ընկերներին, ծառայողներին, տանտերերին ու տանտիրուհիներին միայն Պողոսի և Տիրոջ հանդեպ ունեցած սերն էր մղում լինել այդքան հյուրասեր։ Նրանք հասկանում էին, որ Պողոսին ծառայելով՝ իրականում ծառայում էին Քրիստոսին»։ Սա հոյակապ շարժառիթ է հյուրասեր լինելու համար։
Հյուրասիրություն ցույց տալու անհրաժեշտությունն այսօր էլ կա։ Շրջագայական ծառայության մեջ գտնվող հազարավոր Եհովայի վկաներ հյուրընկալվում են իրենց հավատակիցների կողմից։ Թագավորության քարոզիչներից ոմանք ճանապարհորդում են իրենց սեփական միջոցներով, որպեսզի քարոզեն այն վայրերում, որտեղ բարի լուրը գրեթե չի քարոզվել։ Մենք մեծ օգուտներ կարող ենք ստանալ նման անհատների առջև մեր տան դռները միշտ բաց պահելով՝ անկախ այն բանից, թե որքան համեստ են մեր պայմանները։ Սիրտ ջերմացնող հյուրասիրությունը, որը կարող է բաղկացած լինել ընդամենը մի տեսակի կերակուրից, լավ հնարավորություն է փոխադարձ քաջալերություն ստանալու, ինչպես նաև մեր եղբայրների և Աստծու հանդեպ սեր ցույց տալու համար (Հռովմայեցիս 1։11, 12 ՆԱ)։ Նման առիթները օրհնություն են հատկապես տանտերերի համար, քանի որ «աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
[ծանոթագրություն]
a Ըստ հաշվարկների՝ մ.թ. մոտ 100 թվականին Հռոմեական կայսրությունում սալարկված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասնում էր 80 000 կիլոմետրի։
[նկար 23–րդ էջի վրա]
Քրիստոնյաները ‘հետևում են հյուրասիրության’