Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ կլինես գոհունակ և բավարարված
ԱՆԿԱՍԿԱԾ, տեսել ես, թե ինչպես է կատուն, փափուկ բազմոցի վրա կծիկ դարձած, գոհունակ մռմռում։ Բավարարվածություն պատկերող ինչպիսի՜ տեսարան։ Որքա՜ն հաճելի կլիներ, եթե մենք էլ նման բավարարվածություն զգայինք։ Սակայն շատերի համար դժվար է այդ զգացումն ունենալ։ Իսկ եթե ունենում էլ են, ապա այն արագորեն անհետանում է։ Ինչո՞ւ է այդպես։
Մենք անկատար ենք։ Մի կողմից՝ ինքներս ենք սխալներ թույլ տալիս, և մյուս կողմից՝ ուրիշներն են սխալներ գործում մեր հանդեպ։ Բացի այդ, ապրում ենք այնպիսի ժամանակներում, որոնք Աստվածաշնչում կոչվում են ‘վերջին օրեր’ (ԱԱ) և բնորոշվում են որպես «չափազանց դժվար ժամանակներ» (ՆԱ) (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Նույնիսկ եթե հաճելի և ուրախ հիշողություններ ունենք մանկությունից, դրանք խամրում են այս ‘չար ժամանակների’ ծանր ճնշման տակ։ Արդյոք հնարավո՞ր է մեր օրերում գոհունակ և բավարարված լինել։
Հավանաբար նկատեցիր, թե ինչ է ասում Աստվածաշունչը. այդ ժամանակները լինելու են «չափազանց դժվար» և ոչ թե անտանելի։ Դրանք տանելի կլինեն, եթե կիրառենք աստվածաշնչյան սկզբունքները։ Գուցե մեզ միշտ չհաջողվի լուծել մեր խնդիրները, սակայն կկարողանանք որոշակի բավարարվածություն զգալ։ Եկեք քննարկենք դրանցից երեքը։
Եղիր իրատես
Բավարարված և գոհունակ լինելու համար մենք պետք է իրատեսորեն նայենք մեր և ուրիշների կարողություններին։ Հռոմեացիներին ուղղած նամակում Պողոս առաքյալը նշեց. «Ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3։23)։ Եհովայի փառքի բազում երեսակներ անչափ վեր են մեր ըմբռնումից։ Ահա մի պարզ օրինակ։ Աստվածաշնչում ասվում է. «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի է» (Ծննդոց 1։31)։ Երբ էլ որ Եհովան ետ նայի իր արած գործերին, նա միշտ կարող է ասել, որ դրանք «շատ բարի» են։ Բայց ոչ մի մարդ չի կարող այդպես ասել իր արած գործերի մասին։ Բավարարված և գոհունակ լինելու համար առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ մեր կարողությունները սահմանափակ են։ Բայց ուրիշ բան էլ է հարկավոր։ Մենք պետք է հասկանանք Եհովայի տեսակետը և ընդունենք այն։
«Մեղք» թարգմանված հունարեն բառը ծագում է մի բառարմատից, որն ունի թիրախից վրիպելու իմաստ (Հռովմայեցիս 3։9)։ Բացատրենք օրինակով։ Պատկերացրու մի անհատի, որը երազում է մրցանակ շահել նետաձգության մրցումներում։ Նա ունի նետ արձակելու երեք հնարավորություն։ Առաջին անգամ նետաձիգը թիրախից շեղվում է մեկ մետր։ Ավելի լավ նշան բռնելով՝ երկրորդ անգամ վրիպում է 30 սանտիմետր։ Ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով՝ նա բաց է թողնում վերջին նետը և շեղվում է ընդամենը 2 սանտիմետր։ Ինչպիսի՜ հիասթափություն։ Թիրախն այնքա՜ն մոտ էր։
Մենք բոլորս նման ենք այդ հուսահատ նետաձիգին։ Երբեմն թվում է, թե կյանքում բավականին վրիպում ենք «թիրախից»։ Երբեմն էլ՝ շատ մոտ ենք, բայց, միևնույն է, «թիրախին» չենք դիպչում։ Վհատվում ենք, որովհետև մեծ ջանքեր էինք թափել, բայց, ավա՜ղ, դա բավարար չէր ուղիղ «թիրախին» խփելու համար։ Վերադառնանք նետաձիգի օրինակին։
Ընկճված՝ նա շրջվում է ու դանդաղ հեռանում։ Այնքա՜ն շատ էր ցանկանում հաղթել։ Բայց հանկարծ դատավորը նրան ետ է կանչում ու նրա ձեռքն է տալիս մրցանակը՝ ասելով. «Ես ցանկանում եմ սա քեզ տալ, քանի որ դու ինձ դուր եկար։ Տեսա, թե որքան ջանքեր գործադրեցիր»։ Նետաձիգը ցնծո՛ւմ է։
Ցնծո՛ւմ է։ Ամեն ոք, ով Աստծուց ստանում է հավիտենական կատարյալ կյանքի «պարգեւը», այսպիսի զգացում կունենա (Հռովմայեցիս 6։23, ԱԱ)։ Ինչ էլ որ նա անի, «բարի» կլինի. նա այլևս երբեք չի «վրիպի» թիրախից, ինչպես որ նախկինում էր վրիպում։ Այդ անհատը կատարելապես գոհունակ և բավարարված կլինի։ Իսկ մինչ այդ, եթե իրատես լինենք, ապա ճիշտ տեսակետ կունենանք մեր և ուրիշների կարողությունների մասին։
Ընդունիր, որ ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր
Փաստ է, որ ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր։ Նկատե՞լ ես, թե որքան դժվար է շարունակել գոհունակ և բավարարված մնալ, երբ քո սպասելիքները երկար ժամանակ չեն իրականանում, կամ թվում է, թե տհաճ իրավիճակը վերջ չունի։ Այնուամենայնիվ, շատերին հաջողվել է գոհունակ և բավարարված մնալ նման իրավիճակներում։ Քննենք Հիսուսի օրինակը։
Նախքան երկիր գալը՝ երկնքում, Հիսուսը հնազանդության գերազանց օրինակ էր։ Սակայն հենց երկրի վրա նա ‘հնազանդություն սովորեց’։ Ինչպե՞ս։ «Չարչարանքներիցը»։ Դեռ երկնքից նա տեսել էր, թե ինչպես են մարդիկ չարչարվում, բայց երբեք անձամբ չէր չարչարվել։ Երկրի վրա բազմաթիվ ծանր դժվարություններ կրեց, հատկապես Հորդանան գետում իր մկրտությունից հետո մինչև իր մահը Գողգոթայում։ Մենք չգիտենք բոլոր մանրամասնությունները, թե ինչպես Հիսուսն այս առումով «կատարեալ եղաւ» (ԱԱ), բայց գիտենք, որ հնազանդություն սովորելը նրանից ժամանակ պահանջեց (Եբրայեցիս 5։8, 9)։
Հիսուսը հաջողության հասավ, քանի որ խորհրդածեց «իր առջեւ կեցած ուրախութեանը»՝ այն պարգևի մասին, որ ստանալու էր իր հավատարմության համար (Եբրայեցիս 12։2, ԱԱ)։ Այդուհանդերձ, երբեմն նա «աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցան[եց]» (Եբրայեցիս 5։7)։ Որոշ դեպքերում գուցե մենք էլ ենք այդպես աղոթում։ Ինչպե՞ս է Եհովան արձագանքում։ Այդ նույն համարից երևում է, որ Եհովան Հիսուսին լսեց «բարեհաճությամբ» (ՆԱ)։ Աստված նույնը կանի մեզ համար։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։
Եհովան գիտի, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, և օգնության է գալիս մեզ։ Ամեն մարդ ունի դժվարություններին դիմանալու իր չափը։ Բենինում (Աֆրիկա) մարդիկ ասում են. «Շատ ջրում գորտերն էլ կխեղդվեն»։ Եհովան մեզնից ավելի լավ գիտի, թե երբ են սպառվում մեր ուժերը։ Նա սիրառատ կերպով ‘ողորմություն և շնորհք [«անարժան բարություն», ՆԱ] է ցույց տալիս պատշաճ ժամանակին օգնելու համար’ (Եբրայեցիս 4։16)։ Աստված դա արել է Հիսուսի և բազմաթիվ ուրիշ մարդկանց համար։ Քննենք, թե ինչպես է Մոնիկա անունով մի կին զգացել Եհովայի օգնությունը։
Մոնիկան մանուկ հասակում անհոգ և կենսուրախ աղջիկ էր։ 1968 թ.–ին՝ քսան տարեկան հասակում, նա իմացավ, որ տառապում է ցրված կարծրախտով, հիվանդություն, որը սովորաբար հանգեցնում է մասնակի կաթվածահարության։ Այդ լուրը ցնցեց նրան։ Հիվանդությունը ամբողջությամբ փոխեց աղջկա կյանքը։ Նա մեծ փոփոխություններ կատարեց՝ կապված լիաժամ ծառայության հետ։ Մոնիկան գիտակցում էր, որ հիվանդությունը դեռ երկար կտանջի իրեն։ Տասնվեց տարի անց նա ասաց. «Իմ հիվանդությունը դեռևս անբուժելի է, և շատ հավանական է, որ չեմ լավանա, մինչև որ Աստված չհաստատի իրերի նոր համակարգը»։ Նա խոստովանեց, որ իր համար հեշտ չի եղել. «Թեև ընկերներս ասում են, թե ես առաջվա պես կենսուրախ եմ, և նույնիսկ ավելի շատ, .... բայց մտերիմ ընկերներս գիտեն, որ երբեմն արցունքներս առատորեն գետի պես հոսում են»։
Սակայն Մոնիկան ավելացրեց. «Ես սովորեցի լինել համբերող և ուրախանալ առողջությանս ամենաչնչին բարելավումով։ Եհովայի հետ իմ անձնական փոխհարաբերությունները ամրացել են այն բանից, որ տեսել եմ, թե որքան անզոր է մարդը հիվանդության դեմ։ Միայն Աստված կարող է լիակատար ապաքինում բերել»։ Եհովայի օգնությամբ Մոնիկան պահպանեց գոհունակության և բավարարվածության զգացումը, և այժմ նա ավելի քան 40 տարվա լիաժամ ծառայող է։
Ինչ խոսք, նման իրավիճակները հեշտ չեն։ Բայց, անկասկած, դու ավելի գոհունակ և բավարարված քեզ կզգաս, եթե ընդունես, որ որոշ բաներ ավելի շատ ժամանակ են պահանջում, քան ակնկալում ես։ Մոնիկայի պես դու էլ կարող ես վստահ լինել, որ Եհովան ‘պատշաճ ժամանակին կօգնի’։
Համեմատելու փոխարեն՝ ողջամիտ նպատակներ դիր
Դու անհատականություն ես։ Ոչ ոք նման չէ քեզ։ Աֆրիկական գան լեզվում կա մի ասացվածք, որն այդ փաստը ներկայացնում է շատ պարզ. «Մատները նույն երկարության չեն լինում»։ Անմտություն կլինի մատները համեմատել իրար հետ։ Անշուշտ, չէիր ցանկանա, որ Եհովան քեզ համեմատեր ուրիշի հետ, և նա երբեք դա չի անի։ Սակայն, մարդիկ հակված են միմյանց անընդհատ համեմատելու, ինչը կարող է զրկել իրենց գոհունակության զգացումից։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես Հիսուսն այս միտքը պարզաբանեց՝ մի ազդեցիկ օրինակ պատմելով։ Դա գրված է Մատթէոս 20։1–16-ում։
Հիսուսը հիշատակեց մի ‘տիրոջ’, որը ցանկացավ մարդ վարձել իր այգում աշխատելու համար։ «Առաւօտանց կանուխ»՝ հավանաբար ժամը 6։00–ին, նա մի քանի «մշակներ» վարձեց, որոնք գործ չունեին։ Նրանք համաձայնվեցին աշխատել այն ժամանակներում ընդունված օրավարձով, այսինքն՝ մեկ դահեկան՝ 12–ժամյա աշխատանքի դիմաց։ Անկասկած, այդ մարդիկ շատ ուրախ էին աշխատանք գտնելու համար, այն էլ՝ սովորական վարձատրությամբ։ Ավելի ուշ, տերը վարձեց այլ մշակների՝ ժամը 9։00–ին, 12։00–ին, 15։00–ին և նույնիսկ 17։00–ին։ Այդ մարդկանցից և ոչ մեկը չէր աշխատելու լրիվ աշխատանքային օր։ Տերը խոստացավ նրանց տալ որպես աշխատավարձ «ինչ որ արժան է», և նրանք համաձայնվեցին։
Օրվա վերջում տերը հրամայեց իր տան վերակացուին կանչել մշակներին և վճարել աշխատավարձերը։ Նա ասաց, որ վերակացուն առաջինը վճարի նրանց, ովքեր ամենավերջում էին կանչվել։ Սրանք աշխատել էին ընդամենը մեկ ժամ, բայց, որքան էլ որ զարմանալի է, վարձատրվեցին ամբողջ օրավարձի չափով։ Կարելի է պատկերացնել, թե ինչ թեժ քննարկում սկսվեց։ 12 ժամ աշխատած մշակները եզրակացրին, թե իրենք ավելի շատ կստանան։ Բայց նրանք էլ մեկ դահեկան ստացան։
Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։ «Երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում. Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք»։
Սակայն տերը ուրիշ տեսակետ ուներ։ Նա նշեց, որ իրենք ստացան հենց այն, ինչին համաձայնվել էին, և ոչ մի լումա պակաս։ Իսկ մյուսներին տերը որոշեց տալ ամբողջ օրավարձը, որն անկասկած նրանց ակնկալածից շատ էր։ Իրականում ոչ ոք պայմանավորվածից պակաս չստացավ, իսկ շատերը, փաստորեն, ավելի շատ ստացան։ Վերջում տերը հարց տվեց. «Մի՞թէ ես իշխանութիւն չ’ունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին»։
Այժմ պատկերացրու, որ տան վերակացուն նախ վճարեր առաջին խմբին։ Նրանք կհեռանային ուրախ և գոհ։ Դժգոհությունն առաջացավ այն բանից հետո միայն, երբ նրանք տեսան, որ մյուսները ստացան այնքան, որքան իրենք, թեև ավելի քիչ էին աշխատել։ Դրանից նրանք վրդովվեցին և սկսեցին տրտնջալ տիրոջ դեմ, որի հանդեպ նրանք սկզբում մեծ երախտագիտությամբ էին լցվել իրենց վարձելու համար։
Այս պատմությունը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք համեմատություններ ենք անում։ Եթե խորհրդածես Եհովայի հետ ունեցած քո անձնական փոխհարաբերությունների շուրջ և երախտագետ լինես նրա տված օրհնությունների համար, ապա գոհունակ ու բավարարված կլինես։ Մի՛ համեմատիր քո իրավիճակը ուրիշների իրավիճակի հետ։ Եթե քեզ այնպես է երևում, որ Եհովան որոշել է ուրիշների համար հավելյալ բաներ անել, ուրախ եղիր նրանց համար և նրանց հետ։
Սակայն Եհովան քեզանից ակնկալիքներ ունի։ Ի՞նչ ակնկալիքներ։ Գաղատացիս 6։4–ում ասվում է. «Ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ»։ Այլ խոսքով՝ ողջամիտ նպատակներ դիր քո առջև։ Նախատեսիր անել այն, ինչ իրականում կարող ես, և ապա քայլեր ձեռնարկիր դրանց հասնելու համար։ Եթե խոհեմ նպատակ դնես և հասնես դրան, ապա «պարծանք»՝ ուրախանալու պատճառ, կունենաս։ Դու գոհունակ և բավարարված կլինես։
Քեզ պարգևատրում է սպասում
Մեր քննարկած երեք սկզբունքները ցույց են տալիս, որ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելով՝ կարող ենք գոհունակություն և բավարարվածություն գտնել՝ չնայած մեր անկատարությանը և չնայած որ ապրում ենք վերջին օրերում։ Աստվածաշնչի քո ամենօրյա ընթերցանության ժամանակ ինչո՞ւ չփնտրես այդպիսի սկզբունքներ, որոնք կա՛մ պարզ կերպով են գրված, կա՛մ էլ «թաքնված» են պատմություններում և օրինակներում։
Եթե զգում ես, որ գոհունակությունդ պակասում է, ձգտիր բացահայտել իրական պատճառը։ Այնուհետև գտիր սկզբունքներ, որոնք կօգնեն քեզ իրավիճակը շտկել։ Օրինակ՝ կարող ես օգտվել ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկից (bsi06, էջ 22, 23)։a Այնտեղ քննարկվում է «Առակաց» գիրքը։ Դու կգտնես 12 ենթակետեր, որոնցում տրված են բազմաթիվ սկզբունքներ և խորհուրդներ։ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը»* և ««Դիտարանի» գրադարանը» կոմպակտ սկավառակի վրա»* ինֆորմացիայի գերազանց աղբյուր են։ Դրանց միջոցով կհմտանաս համապատասխան սկզբունքներ գտնելու հարցում։
Մոտենում է ժամանակը, երբ Եհովան արժանիներին կատարյալ հավիտենական կյանք կպարգևի դրախտային երկրում։ Այդ ժամանակ բոլոր մարդկանց սրտերը լի են լինելու գոհունակությամբ և բավարարվածությամբ։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[ներդիր 12–րդ էջի վրա]
«Ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3։23)
[ներդիր 13-րդ էջի վրա]
Հիսուսն իր «չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց» (Եբրայեցիս 5։8, 9)
[ներդիր 15-րդ էջի վրա]
«Միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ» (Գաղատացիս 6։4)