Ազատվեցիք անզուգական բարության շնորհիվ
«Մեղքը չպետք է տիրի ձեզ, քանի որ դուք ոչ թե օրենքի տակ եք, այլ անզուգական բարության» (ՀՌՈՄ. 6։14)։
ԵՐԳ 2, 61
1, 2. Ինչո՞ւ ենք հաճախ գործածում Հռոմեացիներ 5։12-ը։
ԵԹԵ կազմեիր այն աստվածաշնչյան համարների ցուցակը, որոնք հաճախ ես գործածում, Հռոմեացիներ 5։12-ը ո՞ր հորիզոնականը կզբաղեցներ։ Մտածիր, թե մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրելիս քանի անգամ ես ընթերցել այս խոսքերը. «Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։
2 Այս համարը հաճախ է մեջբերվում «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում, օրինակ՝ 3-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում։ Հռոմեացիներ 5։12-ի օգնությամբ մեր երեխաներին և Աստվածաշունչ ուսումնասիրողներին բացատրում ենք, թե ինչու երկիրը դրախտ չէ, ինչու փրկանքի կարիք ունենք, և ինչու են մարդիկ մահանում։ Բայց որքա՞ն հաճախ է այս համարը միտքդ գալիս, երբ մտածում ես Եհովայի հետ քո ունեցած փոխհարաբերությունների, քո արարքների և ապագա օրհնությունների մասին։
3. Ո՞ր իրողությունը պետք է ընդունենք։
3 Ինչ խոսք, բոլորս պետք է ընդունենք այն իրողությունը, որ անկատար ենք և ամեն օր սխալներ ենք գործում։ Սակայն վստահ ենք, որ Աստված հիշում է մեր հողեղեն կազմությունը և պատրաստ է գթալու մեզ (Սաղ. 103։13, 14)։ Տիպար աղոթքի մեջ Հիսուսը ներառեց Աստծուն ուղղված հետևյալ խնդրանքը. «Ներիր մեզ մեր մեղքերը» (Ղուկ. 11։2–4)։ Հետևաբար պատճառ չունենք կենտրոնանալու այն սխալների վրա, որ Աստված արդեն ներել է։ Այդուհանդերձ, կարող ենք օգուտ քաղել՝ խորհրդածելով այն մասին, թե ինչի շնորհիվ է նա մեզ ներում։
ՆԵՐՈՒՄ՝ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ
4, 5. ա) Ի՞նչն է օգնում, որ ավելի լավ հասկանանք Հռոմեացիներ 5։12-ը։ բ) Ի՞նչ է նշանակում Հռոմեացիներ 3։24-ում գործածված «անզուգական բարություն» արտահայտությունը։
4 Հռոմեացիներ 5-րդ գլխին նախորդող և հաջորդող գլուխները, հատկապես 6-րդ գլուխը, օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Եհովան ներում մեզ։ 3-րդ գլխում կարդում ենք. «Բոլորը մեղք գործեցին.... և ձրի պարգև է այն, որ նրա անզուգական բարության շնորհիվ նրանք արդար են հայտարարվում այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով» (Հռոմ. 3։23, 24)։ «Անզուգական բարություն» ասելով՝ Պողոսը ի՞նչ նկատի ուներ։ Մի աշխատության համաձայն՝ Պողոսի օգտագործած հունարեն բառը նշանակում է «շնորհ, մի բան, որ արվում է առանց որևէ բան պահանջելու կամ ակնկալելու»։ Եվ մարդը արժանի չէ այդ բարությանը։
5 Աստվածաշնչագետ Ջոն Պարկերստը գրել է. «Երբ այդ բառը վերաբերում է Աստծուն և Քրիստոսին, այն շատ հաճախ մատնանշում է մարդկանց քավության ու փրկության համար նրանց դրսևորած անհատույց բարությունը կամ շնորհը, որին, սակայն, մարդիկ արժանի չեն»։ Իսկ ինչպե՞ս է Աստված անզուգական բարություն դրսևորել։ Եվ այն ինչպե՞ս է առնչվում մեր հույսին և Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերություններին։ Տեսնենք։
6. Աստծու անզուգական բարությունը ի՞նչ օգուտ կարող է բերել մարդկանց։
6 Պողոսը գրում է, որ Ադամը այն «մեկ մարդն» էր, որի միջոցով մեղքն ու մահը «մտան աշխարհ»։ Այդպիսով՝ «մեկ մարդու հանցանքով մահը թագավորեց»։ Պողոսը նաև ասում է, որ «Աստծու անզուգական բարության.... ձրի պարգևի առատությունը» դրսևորվեց ուրիշ «մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 5։12, 15, 17)։ Եվ այդ անզուգական բարությունը օգուտ բերեց ողջ մարդկությանը։ «Մեկ մարդու [Հիսուսի] հնազանդությամբ շատերը արդարներ կդառնան»։ Աստծու անզուգական բարությունը կարող է «հավիտենական կյանք բերել.... մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 5։19, 21)։
7. Ինչո՞ւ է փրկանքը անզուգական բարության դրսևորում։
7 Եհովան պարտավոր չէր իր Որդուն երկիր ուղարկել, որ նա իր կյանքը որպես փրկանք տար։ Բացի այդ, անկատար, մեղավոր մարդիկ արժանի չէին այդ փրկանքին, ինչի հիման վրա կարող են ներվել նրանց մեղքերը։ Ուստի այն, որ մենք ներում ստանալու և հավիտյան ապրելու հնարավորություն ունենք, իրոք որ անզուգական բարության դրսևորում է։ Մենք պետք է բարձր գնահատենք Աստծու անզուգական բարության պարգևը և թույլ տանք, որ այն ազդի մեր կյանքի վրա։
ԳՆԱՀԱՏԱՆՔ ԱՍՏԾՈՒ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
8. Ոմանք ի՞նչ սխալ տեսակետ ունեն մեղք գործելու վերաբերյալ։
8 Լինելով Ադամի անկատար սերունդը՝ մենք հակված ենք սխալվելու, վատ բաներ անելու, մեղքեր գործելու։ Բայց դա չի նշանակում, որ կարող ենք չարաշահել Աստծու անզուգական բարությունը՝ մտածելով, որ եթե սխալ բան անենք՝ Աստծու դեմ մեղք գործենք, մտահոգվելու կարիք չկա, քանի որ նա մեզ կների։ Ցավալի է, որ նույնիսկ առաքյալների օրերում որոշ քրիստոնյաներ այդպես էին մտածում (կարդա Հուդա 4)։ Հնարավոր է՝ մենք այդպիսի մտքեր չարտահայտենք, սակայն մեր սրտում լինեն նման սխալ մտածելակերպի սերմեր կամ էլ այդ մտածելակերպը սերմանվի ուրիշների կողմից։ Արդյունքում այդ սերմերը կարող են ծիլ տալ և աճել։
9, 10. Ինչպե՞ս էին Պողոսը և մյուս քրիստոնյաները ազատվել մեղքից ու մահից։
9 Պողոսը հստակ ցույց տվեց, որ պետք է մերժել հետևյալ տեսակետը. «Աստված հասկանում է ինձ։ Նա աչք կփակի իմ սխալ արարքների վրա»։ Ինչո՞ւ է սխալ այսպես մտածելը։ Քանի որ, ինչպես Պողոսն է ասում, քրիստոնյաները «մահացան մեղքի հանդեպ» (կարդա Հռոմեացիներ 6։1, 2)։ Ինչո՞ւ նա կարող էր այսպես ասել։
10 Փրկանքի շնորհիվ Աստված ներեց Պողոսի ու նրա օրերում ապրող մյուս քրիստոնյաների մեղքերը, օծեց նրանց սուրբ ոգով և կանչեց իր ոգեղեն որդիները լինելու։ Այդպիսով նրանք երկնային հույս ստացան։ Եթե այդ քրիստոնյաները մինչև վերջ հավատարիմ մնային, Հիսուսի հետ կապրեին ու կթագավորեին երկնքում։ Թեև նրանք դեռ կենդանի էին ու երկրի վրա ծառայում էին Աստծուն, Պողոսը արդեն իսկ կարող էր ասել, որ նրանք «մահացան մեղքի հանդեպ»։ Նա բերեց Հիսուսի օրինակը, ով մահացել էր որպես մարդ և հարություն էր առել երկնքում որպես անմահ ոգեղեն էակ։ Մահն այլևս իշխանություն չուներ Հիսուսի վրա։ Նույն ձևով էլ օծյալ քրիստոնյաները «մեռած էին համարվում մեղքի հանդեպ», բայց «կենդանի էին համարվում Աստծու համար Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 6։9, 11)։ Նրանց կյանքը ամբողջովին փոխվել էր։ Նրանք այլևս չէին շարժվում իրենց մեղսական ցանկություններով ու հակումներով, քանի որ մահացել էին նախկին ապրելակերպի համար։
11. Մենք ի՞նչ իմաստով ենք «մահացել մեղքի հանդեպ»։
11 Ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Նախքան քրիստոնյա դառնալը մենք հաճախ էինք մեղք գործում, հավանաբար չէինք էլ գիտակցում, որ մեր արարքները սխալ են ու հաճելի չեն Աստծուն։ Մենք «անմաքրության ու անօրենության» ծառաներ էինք, այլ խոսքով՝ «մեղքի ծառաներ» (Հռոմ. 6։19, 20)։ Հետո իմացանք աստվածաշնչյան ճշմարտությունը, փոխեցինք մեր կյանքը, նվիրվեցինք Աստծուն և մկրտվեցինք։ Այդուհետ մեր ցանկությունն է «ի սրտե հնազանդ լինել» Աստծու ուսմունքներին և ապրել նրա չափանիշներով։ Այդպիսով՝ մենք «ազատվեցինք մեղքից» և «ծառաներ դարձանք արդարությանը» (Հռոմ. 6։17, 18)։ Ուստի կարելի է ասել, որ մենք էլ «մահացանք մեղքի հանդեպ»։
12. Ի՞նչ ընտրության առաջ է կանգնած մեզանից յուրաքանչյուրը։
12 Այժմ մտածիր, թե քեզ ինչպես են վերաբերում Պողոսի հետևյալ խոսքերը. «Թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի թագավորել ձեր մահկանացու մարմիններում, որպեսզի չհնազանդվեք նրանց ցանկություններին» (Հռոմ. 6։12)։ Եթե անում ենք այն ամենը, ինչի դրդում է մեր անկատար մարմինը, այդպիսով թույլ ենք տալիս, որ «մեղքը շարունակի թագավորել» մեզ վրա։ Մենք կարող ենք թույլ տալ կամ թույլ չտալ, որ մեղքը թագավորի մեզ վրա։ Ուստի հարցն այն է, թե իրականում ինչ է ուզում մեր սիրտը։ Հարցրու ինքդ քեզ. «Լինո՞ւմ է այնպես, որ թույլ եմ տալիս՝ իմ անկատար մարմինը կամ միտքը ինձ սխալ բանի դրդի։ Թե՞ «մահացել եմ մեղքի հանդեպ» և ապրում եմ «Աստծու համար Քրիստոս Հիսուսով»»։ Դա կախված է այն բանից, թե ինչքան ենք գնահատում Աստծու անզուգական բարությունը, որ նա դրսևորում է մեր հանդեպ՝ ներելով մեզ։
ՊԱՅՔԱՐ, ՈՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՂԹԵԼ
13. Ի՞նչն է մեզ վստահեցնում, որ հնարավոր է թողնել մեղսալի ապրելակերպը։
13 Եհովայի ծառաները թողել են այն ապրելակերպը, որ ունեին նախքան նրան ճանաչելը, սիրելը և ծառայելը։ Հնարավոր է՝ նախկինում նրանք անում էին մահվան արժանի բաներ, «որոնց համար հիմա ամաչում են»։ Դա էր «այն ժամանակ նրանց ունեցած պտուղը» (Հռոմ. 6։21)։ Սակայն նրանք փոխվեցին։ Այդպես եղավ Կորնթոսում ապրած շատ քրիստոնյաների կյանքում։ Պողոսը գրեց, որ նրանցից ոմանք կռապաշտներ էին, շնացողներ, համասեռամոլներ, գողեր, հարբեցողներ և այլն։ Բայց «լվացվեցին» և «սրբացվեցին» (1 Կորնթ. 6։9–11)։ Ըստ ամենայնի, Հռոմի ժողովում էլ նման մարդիկ կային։ Պողոսը նրանց գրեց. «Ձեր անդամները մեղքին մի՛ ներկայացրեք իբրև անարդարության զենքեր, այլ ինքներդ ձեզ Աստծուն ներկայացրեք իբրև մահացածների միջից կենդանացածներ, և ձեր անդամները Աստծուն ներկայացրեք իբրև արդարության զենքեր» (Հռոմ. 6։13)։ Պողոսը վստահ էր, որ նրանք կարո՛ղ էին հոգևորապես մաքուր մնալ և շարունակել օգուտ քաղել Աստծու անզուգական բարությունից։
14, 15. Ի՞նչ պետք է ինքներս մեզ հարցնենք Աստծուն «ի սրտե հնազանդ լինելու» վերաբերյալ։
14 Մեր օրերում ապրող որոշ եղբայրներ և քույրեր կորնթացիների պես մի ժամանակ սխալ ապրելակերպ ունեին։ Բայց նրանք նույնպես փոխվեցին, թողեցին իրենց մեղավոր անցյալը, «լվացվեցին» ու «սրբացվեցին»։ Եթե սա ինչ-որ չափով քեզ էլ է վերաբերում, ապա ինչպիսի՞ն ես դու Աստծու աչքերում այսօր։ Այժմ, երբ օգուտ ես քաղել Աստծու անզուգական բարությունից և ներում ստացել, վճռե՞լ ես «քո անդամները մեղքին չներկայացնել», այլ «Աստծուն ներկայացնել իբրև մահացածների միջից կենդանացած»։
15 Դա անելու համար պետք է վճռենք չգործել այնպիսի լուրջ մեղքեր, ինչպիսիք որոշ կորնթացիներ նախկինում գործել էին։ Դա շատ կարևոր է, եթե ուզում ենք, որ Աստված անզուգական բարություն դրսևորի մեր հանդեպ, և որ մեղքը չտիրի մեզ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մեղքերի մասին, որոնք այդքան էլ լուրջ չեն թվում։ Վճռե՞լ ենք «ի սրտե հնազանդ լինել» Եհովային՝ ամեն ջանք թափել՝ խուսափելու նույնիսկ այդպիսի մեղքերից (Հռոմ. 6։14, 17)։
16. Ի՞նչն է ցույց տալիս, որ քրիստոնյան պետք է ավելին անի, քան պարզապես հետ կանգնի լուրջ մեղքեր գործելուց։
16 Նկատի առնենք Պողոս առաքյալի օրինակը։ Կարող ենք վստահ լինել, որ նա չէր գործում այնպիսի լուրջ մեղքեր, ինչպիսիք նշված են 1 Կորնթացիներ 6։9–11 համարներում։ Սակայն նա խոստովանեց, որ ինքն էլ էր մեղքեր գործում։ Նա գրեց. «Ես մարմնավոր եմ՝ մեղքին ծախված։ Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչու եմ այդպես անում, որովհետև ինչը որ ուզում եմ, այն չեմ անում, այլ ինչը որ ատում եմ, այն եմ անում» (Հռոմ. 7։14, 15)։ Ըստ այս խոսքերի՝ ուրիշ բաներ էլ կան, որ Պողոսը մեղք էր համարում, ուստի պայքարում էր դրանց դեմ (կարդա Հռոմեացիներ 7։21–23)։ Եկեք մենք էլ այդպես վարվենք՝ ձգտենք «ի սրտե հնազանդ լինել»։
17. Ինչո՞ւ ես ցանկանում ազնիվ լինել։
17 Օրինակ՝ քննենք ազնվության հարցը։ Քրիստոնյաներից պահանջվում է ազնիվ լինել (կարդա Առակներ 14։5; Եփեսացիներ 4։25)։ Գիտենք, որ Սատանան «ստության հայրն» է։ Եվ հիշում ենք, որ սուտ խոսելու պատճառով Անանիան ու նրա կինը կորցրին իրենց կյանքը։ Ուստի չենք ցանկանում նրանց նմանվել և խուսափում ենք ստելուց (Հովհ. 8։44; Գործ. 5։1–11)։ Բայց ազնիվ լինելը ավելին է նշանակում, քան պարզապես սուտ չխոսելը։ Մեր ազնվությունը պետք է արտացոլի մեր խոր գնահատանքը Աստծու անզուգական բարության համար։
18, 19. Ի՞նչ է նշանակում ազնիվ լինել։
18 Ստել նշանակում է ասել այն, ինչը ճիշտ չէ։ Սակայն Եհովան իր ծառաներից ավելին է ակնկալում, քան պարզապես բացահայտ ստեր չասելը։ Վաղեմի իսրայելացիներին նա ասաց. «Սուրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ»։ Հետո նա նշեց, թե ինչ է ներառում սուրբ վարքը. «Գողություն չանեք, չստեք, և ձեզնից ոչ ոք իր մերձավորի հետ խարդախությամբ թող չվարվի» (Ղևտ. 19։2, 11)։ Այստեղ «ստել» թարգմանված եբրայերեն բառը ունի նաև խաբելու կամ մոլորեցնելու իմաստ։ Գուցե մարդը բացահայտ սուտ չասի, բայց դիմացինին մոլորության մեջ գցի, նրա հետ խարդախությամբ վարվի։
19 Պատկերացնենք՝ մի մարդ իր գործատիրոջը կամ գործընկերներին ասում է, որ հաջորդ օրը չի կարող գալ աշխատանքի կամ աշխատավայրից շուտ է դուրս գալու, քանի որ պետք է բժշկի գնա։ Բայց իրականում նա պետք է պարզապես դեղատուն մտնի կամ էլ բժշկի մոտ գնա ընդամենը վճարումներ անելու համար։ Բացակայության իրական պատճառն այն է, որ նա ծրագրել է հանգստի մեկնել և ցանկանում է ավելի վաղ ճանապարհ ընկնել կամ էլ պլանավորել է ընտանիքի հետ ժամանակ անցկացնել ծովափին։ Նրա նշած պատճառի մեջ ճշմարտության նշույլ կա։ Բայց կարո՞ղ ենք ասել, որ այդ մարդը ազնիվ վարվեց, թե՞ նրա խոսքերը մոլորեցնող էին։ Գուցե քեզ ծանոթ են ուրիշներին միտումնավոր կերպով մոլորության մեջ գցելու նմանատիպ դեպքեր։ Հնարավոր է՝ մարդիկ այդպես են վարվում պատժից խուսափելու կամ ուրիշի հաշվին ինչ-որ օգուտ ստանալու համար։ Ուստի, նույնիսկ եթե բացահայտ սուտ չենք խոսում, որքանո՞վ ենք հնազանդվում Աստծու պատվերին. «Չստեք»։ Նկատի առնենք նաև Հռոմեացիներ 6։19-ը, որտեղ ասվում է. «Ձեր անդամները իբրև ծառաներ ներկայացրեք արդարությանը՝ սրբության համար»։
20, 21. Աստծու անզուգական բարությունը ի՞նչ անելու է մեզ մղում։
20 Այսպիսով՝ Աստծու անզուգական բարության համար մեր գնահատանքը մղում է մեզ ավելին անելու, ոչ միայն խուսափելու շնությունից, հարբեցողությունից և կորնթացիների գործած այլ մեղքերից։ Աստծու անզուգական բարությունից օգտվելու համար պետք է հեռու մնալ ոչ միայն սեռական անբարոյությունից, այլև անվայել զվարճանքներից։ Եթե «մեր անդամները իբրև ծառաներ ներկայացնենք արդարությանը», ոչ միայն կխուսափենք հարբեցողությունից, այլև չենք խմի այնքան, որ մոտենանք հարբելու սահմանին։ Գուցե մեզանից մեծ ջանքեր պահանջվեն նման սխալ բաների դեմ պայքարելու համար, սակայն մենք կարո՛ղ ենք հաղթել այս պայքարում։
21 Մենք պետք է ձգտենք խուսափել թե՛ լուրջ մեղքերից, թե՛ այն սխալներից, որոնք այնքան էլ սարսափելի չեն թվում։ Ճիշտ է, մենք չենք կարող լիարժեքորեն հասնել այս նպատակին, սակայն պետք է ջանքեր թափենք, ինչպես Պողոսն էր անում։ Նա հորդորեց իր եղբայրներին. «Թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի թագավորել ձեր մահկանացու մարմիններում, որպեսզի չհնազանդվեք նրանց ցանկություններին» (Հռոմ. 6։12; 7։18–20)։ Եթե պայքարում ենք ամեն տեսակ մեղքերի դեմ, ցույց ենք տալիս, որ իսկապես գնահատում ենք Քրիստոսի միջոցով Աստծու դրսևորած անզուգական բարությունը։
22. Ինչպե՞ս կվարձատրվենք, եթե գնահատենք Աստծու անզուգական բարությունը։
22 Աստված, անզուգական բարություն դրսևորելով, ներել է մեր մեղքերը և կարող է շարունակել ներել։ Ուստի եկեք գնահատենք այդ բարությունը և ջանքեր թափենք, որ չանենք այնպիսի բաներ, որոնք ուրիշների աչքին գուցե լուրջ մեղք չթվան։ Պողոսը շեշտեց, որ այդպես վարվելով՝ մենք կվարձատրվենք. «Հիմա, քանի որ դուք ազատվել եք մեղքից և Աստծու ծառաներն եք դարձել, ձեր պտուղը ձեր սրբությունն է, և դրա վերջը հավիտենական կյանքն է» (Հռոմ. 6։22)։