Իմաստուն խորհուրդներ ամուրիության և ամուսնության վերաբերյալ
«Սա.... եմ ասում.... որպեսզի մղեմ ձեզ արժանավայել կերպով վարվելու և առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայելու» (1 ԿՈՐՆԹ. 7։35)։
1, 2. Ինչո՞ւ է հարկավոր ամուրիության ու ամուսնության հարցում փնտրել աստվածաշնչյան առաջնորդությունը։
ԿՅԱՆՔՈՒՄ քիչ բաներ են այդքան մեծ ուրախություն, հիասթափություն և անհանգստություն բերում, որքան հակառակ սեռի հետ փոխհարաբերությունները։ Այսպիսի զգացումներ ունենալն արդեն իսկ հիմնավոր պատճառ է Աստծու առաջնորդությունը փնտրելու համար։ Սակայն մենք ուրիշ պատճառներ էլ ունենք այդպես վարվելու։ Ընտանիքի անդամներն ու ընկերները գուցե ճնշում բանեցնեն այն քրիստոնյայի վրա, որը ցանկանում է ամուրի մնալ, ու ստիպեն, որ ամուսնանա։ Մեկ այլ քրիստոնյա գուցե ուզում է ամուսնանալ, բայց դեռևս չի գտել համապատասխան կողակից։ Մեկ ուրիշն էլ առաջնորդության կարիք ունի, որ պատրաստ լինի կատարելու ամուսնու կամ կնոջ իր պարտականությունները։ Եվ, ի վերջո, թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրիստոնյաները իրենց բարոյական մաքրությունը պահպանելու հարցում բախվում են դժվարությունների։
2 Այս հարցերից ոչ միայն կախված է մեր երջանկությունը, այլև դրանք ազդում են Եհովա Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Պողոսը Կորնթացիներին գրած իր առաջին նամակի 7-րդ գլխում ամուրիության ու ամուսնության վերաբերյալ առաջնորդություն տվեց։ Նրա նպատակն էր ընթերցողներին մղել «արժանավայել կերպով վարվելու և առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայելու» (1 Կորնթ. 7։35)։ Այս կարևոր հարցերի վերաբերյալ նրա խորհուրդները քննելիս մտածիր, թե քո հանգամանքներում, անկախ նրանից՝ ամուսնացած ես, թե ամուրի, ինչպես կարող ես լիարժեքորեն ծառայել Եհովային։
Կարևոր անձնական որոշում
3, 4. ա) Ի՞նչ դժվարություններ են երբեմն առաջ գալիս, երբ մարդիկ չափազանց շատ են մտահոգվում, որ իրենց ընկերը կամ հարազատը չի ամուսնանում։ բ) Պողոսի խոսքերը ինչպե՞ս են օգնում հավասարակշռված տեսակետ ունենալու ամուսնության վերաբերյալ։
3 Ինչպես որ առաջին դարում հրեական հասարակության մեջ էր, այնպես էլ այսօր շատ մշակույթներում մեծ կարևորություն է տրվում ամուսնությանը։ Եթե տղան կամ աղջիկը անցնում է որոշակի տարիքը ու չի ամուսնանում, անհանգստացած հարազատներն ու ընկերները սկսում են խորհուրդներ տալ։ Նրանք գուցե ասեն, որ այդ անհատը պետք է ավելի ակտիվորեն կողակից փնտրի, ակնարկներ անեն հակառակ սեռի ներկայացուցիչներից ոմանց մասին։ Նույնիսկ կարող են խորամանկ քայլերի դիմել, որպեսզի ծանոթացնեն նրանց։ Երբեմն այդպիսի արարքների պատճառով անհատը դժվարին իրավիճակում է հայտնվում, խզվում են ընկերական փոխհարաբերությունները և վիրավորվում զգացմունքները։
4 Պողոսը երբեք ուրիշների վրա ճնշում չէր բանեցնում, որ ամուսնանան կամ ամուրի մնան (1 Կորնթ. 7։7)։ Նա ուրախ էր, որ ամուսնացած չէ և այդպես է ծառայում Եհովային, բայցև հարգում էր ամուսնանալու ուրիշների իրավունքը։ Այսօր էլ քրիստոնյան իրավունք ունի որոշելու՝ ամուսնանալ, թե ամուրի մնալ։ Ուրիշները չպետք է ճնշում բանեցնեն նրա վրա, որ վարվի այս կամ այն կերպ։
Ուրախություն ստացիր ամուրիությունից
5, 6. Ինչո՞ւ Պողոսը խորհուրդ տվեց ամուրի մնալ։
5 Կորնթացիներին ուղղված Պողոսի խոսքերում ակնհայտ է ամուրիության հանդեպ նրա դրական տեսակետը (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։8)։ Թեև նա ամուսնացած չէր, բայց իրեն բարձր չէր դասում ամուսնացածներից, ինչպես որ անում են քրիստոնյա աշխարհի կուսակրոն հոգևորականները։ Սակայն առաքյալն ընդգծեց, որ բազում չամուսնացած ծառաներ առավելություն ունեն։ Ի՞նչ նկատի ուներ նա։
6 Ամուրի քրիստոնյան հաճախ ազատություն ունի նշանակումներ ստանձնելու ծառայության մեջ, ինչը գուցե չկարողանա անել ամուսնացածը։ Օրինակ՝ Պողոսը հատուկ առանձնաշնորհում ստացավ լինելու «առաքյալ ազգերի համար» (Հռոմ. 11։13)։ Կարդալով Գործեր 13–20-րդ գլուխները՝ կտեսնես, թե ինչպես է նա իր ընկերակիցների հետ նոր տարածքներ գնում ու ժողովներ հիմնում։ Ծառայության մեջ Պողոսը այնպիսի դժվարություններ էր կրում, որոնց այսօր քչերն են բախվում (2 Կորնթ. 11։23–27, 32, 33)։ Սակայն այդ դժվարությունները չնչին էին՝ համեմատած այն ուրախության հետ, որը ստանում էր, երբ օգնում էր մարդկանց դառնալու Քրիստոսի աշակերտներ (1 Թեսաղ. 1։2–7, 9; 2։19)։ Կկարողանա՞ր Պողոսը այդքան բան անել, եթե ամուսնացած լիներ կամ ընտանիք ունենար։ Հավանաբար ոչ։
7. Բե՛ր օրինակ, թե ինչպես են չամուսնացած Վկաները օգտվում իրենց հանգամանքներից, որ առաջ տանեն Թագավորության շահերը։
7 Չամուսնացած բազմաթիվ քրիստոնյաներ օգտվում են իրենց հանգամանքներից, որ շատ բան անեն Թագավորության համար։ Սառան ու Լիմբանիան, որոնք ամուրի ռահվիրաներ են Բոլիվիայում, տեղափոխվեցին մի գյուղ, որտեղ տարիներ շարունակ Վկաներ չեն եղել։ Գյուղում էլեկտրական հոսանք չկար, բայց արդյո՞ք դա խնդիր էր։ Քույրերն ասում են. «Քանի որ չկա ռադիո և հեռուստացույց, մարդիկ իրենց ազատ ժամանակը հիմնականում անցկացնում են որևէ բան ընթերցելով»։ Գյուղացիներից մի քանիսը այդ ռահվիրաներին ցույց տվեցին Եհովայի վկաների որոշ հրատարակություններ, որոնք թեև արդեն չէին տպագրվում, սակայն նրանք դեռ կարդում էին։ Քանի որ գրեթե յուրաքանչյուր տանը հետաքրքրություն էին դրսևորում, քույրերի համար դժվար էր բոլոր բնակիչներին այցելել։ Մի տարեց կին ասաց. «Վերջը երևի թե մոտ է, որ Եհովայի վկաները վերջապես եկան մեզ մոտ»։ Շուտով գյուղացիներից մի քանիսը սկսեցին հաճախել ժողովի հանդիպումներին։
8, 9. ա) Ի՞նչ ի մտի ուներ Պողոսը, երբ ասաց, որ լավ է մնալ ամուրի։ բ) Ի՞նչ առավելություններ ունեն չամուսնացած քրիստոնյաները։
8 Իհարկե, ամուսնացած քրիստոնյաները նույնպես հրաշալի արդյունքների են հասնում, երբ բարի լուրը հայտնում են դժվար քարոզվող տարածքներում։ Սակայն որոշ նշանակումներ, որոնք կարող են ստանձնել ամուրի ռահվիրաները, գուցե դժվար լինեն ամուսնացածների կամ նրանց համար, ովքեր երեխաներ ունեն։ Պողոսը մտածում էր բարի լուրի տարածման հարցում ժողովների ունեցած մեծ հնարավորությունների մասին։ Նա ուզում էր, որ, իր նման, բոլորը ուրախություն ստանան։ Այդ պատճառով ասում էր, որ լավ է մնալ ամուրի։
9 Մի ամուրի ռահվիրա քույր, որն ապրում է Միացյալ Նահանգներում, հետևյալը գրեց. «Որոշ մարդիկ կարծում են, որ չամուսնացածները չեն կարող երջանիկ լինել։ Սակայն ես գիտեմ, որ հարատև երջանկությունը կախված է Եհովայի հետ մտերիմ լինելուց։ Թեև ամուրի մնալը զոհողություն է, բայց այն կարող է հրաշալի պարգև լինել, եթե առավելագույնս օգտվես դրանից»։ Իսկ երջանիկ լինելու մասին նա ասաց. «Ամուրիությունը կարող է ոչ թե փակուղի լինել, այլ ճանապարհ դեպի երջանկություն։ Ես գիտեմ, որ Եհովան իր գորովանքից չի զրկում ոչ մեկին՝ ո՛չ ամուրիներին, ո՛չ էլ ամուսնացածներին»։ Այս քույրն այժմ ծառայում է այնպիսի երկրում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա, և ուրախություն է ստանում դրանից։ Եթե ամուրի ես, կարո՞ղ ես քո ազատությունն օգտագործել, որ ավելի շատ մարդկանց սովորեցնես ճշմարտությունը։ Այդ դեպքում ինքդ կտեսնես, որ ամուրիությունը անգին պարգև է Եհովայի կողմից։
Ամուրիներ, որոնք ցանկանում են ամուսնանալ
10, 11. Ինչպե՞ս է Եհովան օգնում նրանց, ովքեր ուզում են ամուսնանալ, սակայն դեռևս չեն գտել համապատասխան կողակից։
10 Եհովայի բազմաթիվ հավատարիմ ծառաներ որոշ ժամանակ ամուրի մնալուց հետո որոշում են կողակից փնտրել։ Գիտակցելով, որ առաջնորդության կարիք ունեն՝ նրանք դիմում են Եհովային, որ օգնի իրենց գտնելու համապատասխան կողակից (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։36)։
11 Եթե ուզում ես ամուսնանալ մեկի հետ, ով քեզ պես ցանկանում է ամբողջ հոգով ծառայել Եհովային, աղոթիր այդ մասին (Փիլիպ. 4։6, 7)։ Անկախ այն բանից՝ որքան հարկավոր կլինի սպասել, չհուսալքվես։ Ապավինիր մեր սիրառատ Աստծուն՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ և կտա անհրաժեշտ էմոցիոնալ աջակցությունը (Եբր. 13։6)։
12. Ինչո՞ւ քրիստոնյան պետք է ծանրութեթև անի ամուսնության առաջարկը։
12 Ամուսնանալ ցանկացող ամուրի քրիստոնյան գուցե ամուսնության առաջարկ ստանա հոգևորապես ոչ հասուն անհատից կամ նույնիսկ ոչ Վկայից։ Եթե այդպիսի անհատ քեզ առաջարկություն անի, մտածիր այն մասին, որ սխալ կողակից ընտրելու դեպքում շատ ավելի մեծ զգացական ցավ կապրես, քան հիմա, երբ ամուրի ես ու թերևս քեզ միայնակ ես զգում։ Հիշիր, որ ամուսնանալով՝ ամբողջ կյանքում կապված ես լինելու նրա հետ (1 Կորնթ. 7։27)։ Մի՛ որոշիր ամուսնանալ հուսալքությունից դուրս գալու համար, քանի որ հետո կափսոսաս (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։39)։
Իրատեսորեն նայիր ամուսնությանը
13–15. Մտերմության շրջանում զույգը ո՞ր հարցերը պետք է քննարկի, որոնք հետագայում գուցե դժվարությունների պատճառ դառնան։
13 Թեև Պողոսը քրիստոնյաներին խորհուրդ տվեց ամուրի մնալ, սակայն նա անհարգալից չէր վերաբերվում նրանց, ովքեր որոշում էին ամուսնանալ։ Ընդհակառակը՝ սուրբ ոգու ներշնչմամբ նա խորհուրդներ տվեց, որոնք օգնում են զույգերին իրատեսորեն նայելու ամուսնական կյանքին ու իրենց միությունը հարատև դարձնելու։
14 Որոշ զույգեր պետք է փոխեն իրենց ակնկալիքները։ Մտերմության շրջանում երկուսն էլ գուցե մտածեն, որ իրենց սերը առանձնահատուկ է, եզակի և որ այն ամուսնական երջանկության երաշխիք է։ Այդպիսի անհատները ամուսնանում են վարդագույն երազանքներով ու մտածում, որ երբեք ոչինչ չի խաթարի իրենց երջանկությունը։ Սակայն այսպիսի մտածելակերպը իրատեսական չէ։ Ճիշտ է, ամուսնական կյանքի ռոմանտիկ կողմերը շատ հաճելի են, բայց միայն դրանք չեն կարող պատրաստել հարսին ու փեսային՝ դիմագրավելու այն դժվարություններին, որոնք առաջ են գալիս յուրաքանչյուր ամուսնության մեջ (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։28)a։
15 Շատ նորապսակներ զարմանում, նույնիսկ հիասթափվում են, երբ իրենց կողակցի կարծիքը կարևոր հարցերի շուրջ տարբերվում է իրենց կարծիքից։ Հնարավոր է՝ նրանք տարաձայնություններ ունենան փողը ծախսելու, հանգիստն անցկացնելու, բնակավայր ընտրելու, ինչպես նաև այն հարցում, թե որքան հաճախ պետք է այցելեն ծնողներին։ Բացի այդ, յուրաքանչյուրն իր թերություններն ունի, որոնք կարող են նյարդայնացնել կողակցին։ Մտերմության շրջանում հեշտ է անտեսել այս կարևոր հարցերը, բայց հետագայում դրանք կարող են մեծ լարվածություն առաջացնել ամուսնության մեջ։ Ուստի լավ կլինի, որ զույգը ամուսնանալուց առաջ մտածի այդ հարցերի շուրջ։
16. Ինչո՞ւ զույգը պետք է համաձայնության գա այն հարցում, թե ինչպես է լուծելու ամուսնական կյանքում ծագող խնդիրները։
16 Հաջողակ ու երջանիկ լինելու համար զույգը պետք է միասին դիմագրավի դժվարություններին։ Ամուսինները պետք է համաձայնության գան, թե ինչպես դաստիարակեն իրենց երեխաներին ու հոգ տանեն տարեց ծնողներին։ Նրանք չպետք է թույլ տան, որ ընտանեկան խնդիրների պատճառով առաջ եկած ճնշումները բաժանեն իրենց։ Կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները՝ նրանք կլուծեն բազմաթիվ խնդիրներ, կտոկան դժվարությունների ժամանակ ու երջանիկ կլինեն (1 Կորնթ. 7։10, 11)։
17. Ինչո՞ւ են ամուսնացած զույգերը «մտահոգվում աշխարհի բաների համար»։
17 1 Կորնթացիներ 7։32–34-ում Պողոսը խոսում է ամուսնական կյանքի մեկ այլ իրողության մասին (կարդա՛)։ Ամուսնացածները ստիպված են «մտահոգվել աշխարհի բաների», օրինակ՝ սննդի, հագուստի, կացարանի և ֆիզիկական այլ կարիքների համար։ Ինչո՞ւ։ Երբ եղբայրը ամուրի է, նա կարող է լիովին տրամադրել իրեն ծառայությանը։ Բայց երբ ամուսնանում է, իր ժամանակի և ուժի որոշ մասը պետք է հատկացնի՝ հոգ տանելու իր կնոջը, և այդպիսով ստանա նրա հավանությունը։ Նույնն է պարագան կնոջ դեպքում։ Եհովան, լինելով իմաստության աղբյուր, հասկանում է դրա անհրաժեշտությունը։ Նա գիտի, որ հաջող ամուսնություն ունենալու համար ամուսինն ու կինը իրենց ժամանակի և ուժի որոշ մասը, որ ամուրի ժամանակ հատկացնում էին իրեն ծառայելուն, այժմ պետք է հատկացնեն միմյանց։
18. Ամուսնանալուց հետո զույգերը ի՞նչ փոփոխություններ պետք է անեն՝ կապված իրենց ընկերների հետ։
18 Սակայն սա դեռ ամենը չէ։ Եթե ամուսինները իրենց ժամանակի և ուժերի մի մասը կտրում են ծառայությունից, որպեսզի իրար հատկացնեն, ապա մի՞թե այդպես չպետք է վարվեն այն ժամանակի հետ, որն ամուրիության տարիներին անցկացնում էին իրենց ընկերների հետ։ Ինչպե՞ս կզգա իրեն կինը, եթե ամուսինը երկար ժամանակ տրամադրի ընկերների հետ սպորտով զբաղվելուն։ Կամ ինչպե՞ս կզգա իրեն ամուսինը, եթե կինը ժամեր շարունակ իր հոբբիով զբաղվի ընկերուհիների հետ։ Անուշադրության մատնված կողակիցը շուտով իրեն միայնակ, դժբախտ ու չսիրված կզգա։ Սակայն ամուսինները դրանից կխուսափեն, եթե հնարավոր ամեն բան անեն իրենց ամուսնական կապը ամրացնելու համար (Եփես. 5։31)։
Եհովան պահանջում է բարոյական մաքրություն
19, 20. ա) Ինչո՞ւ ամուսնացածները ազատված չեն անբարոյություն գործելու գայթակղությունից։ բ) Ի՞նչ ռիսկի են դիմում ամուսինները, եթե երկար ժամանակ հեռու են լինում իրարից։
19 Եհովայի ծառաները վճռել են բարոյապես մաքուր մնալ։ Ոմանք որոշում են ամուսնանալ, որ խուսափեն բարոյականության հետ կապված խնդիրներից։ Այդուհանդերձ, ամուսնությունը մեխանիկորեն չի պաշտպանում սեռական անմաքրությունից։ Աստվածաշնչյան ժամանակներում բերդաքաղաքները պաշտպանություն էին միայն այն դեպքում, եթե ժողովուրդը մնում էր քաղաքի ներսում։ Եթե անհատը դուրս էր գալիս դարպասներից, երբ ավազակներն ու կողոպտիչները թափառում էին շուրջբոլորը, նրան կարող էին թալանել ու սպանել։ Նմանապես, ամուսնացածները պաշտպանված կլինեն անբարոյությունից միայն այն դեպքում, եթե մնան այն սահմաններում, որոնք ամուսնության Հիմնադիրը հաստատել է նրանց համար։
20 Այդ սահմանները Պողոսը նկարագրեց 1 Կորնթացիներ 7։2–5-ում։ Միայն կինը իրավունք ունի իր ամուսնու հետ սեռական հարաբերություններ ունենալու։ Նույնն է պարագան ամուսնու դեպքում։ Յուրաքանչյուրը պետք է իր կողակցին տա ամուսնական «պարտքը», այսինքն՝ սեռական հարաբերությունները, որը ստանալու իրավունքը ունի ամուսնացած անհատը։ Սակայն որոշ զույգեր երկար ժամանակ առանձին են լինում. առանձին են արձակուրդ գնում կամ աշխատանքի պատճառով իրարից հեռու են լինում և այդպիսով զրկում են իրար «պարտքը» ստանալու իրավունքից։ Պատկերացրու, թե ինչ ողբերգություն կլինի, եթե «ինքնատիրապետում» չդրսևորելու պատճառով անհատը ենթարկվի Սատանայի ճնշմանը ու շնություն գործի։ Եհովան օրհնում է ընտանիքի այն գլուխներին, ովքեր հոգ են տանում իրենց ընտանիքի կարիքները՝ առանց ամուսնությունը վտանգի ենթարկելու (Սաղ. 37։25)։
Աստվածաշնչյան խորհուրդներին հնազանդվելու օգուտները
21. ա) Ինչո՞ւ են ամուրիությանն ու ամուսնությանը վերաբերող որոշումները դժվար։ բ) Ինչո՞վ են 1 Կորնթացիներ 7-րդ գլխում գրված խորհուրդներն օգտակար։
21 Մարդու կայացրած որոշումների մեջ ամուրիությանն ու ամուսնությանը վերաբերող որոշումները ամենադժվարներից են։ Ոչ մեկը զերծ չէ անկատարությունից, որը մարդկային փոխհարաբերություններում ծագող խնդիրների մեծ մասի բուն պատճառն է։ Նույնիսկ նրանք, ովքեր Եհովայի հավանությունն ունեն և բազում օրհնություններ են ստացել նրանից, չեն կարող խուսափել հիասթափություններից՝ լինեն ամուրի, թե ամուսնացած։ Եթե կիրառես 1 Կորնթացիներ 7-րդ գլխում գրված իմաստուն խորհուրդները, այդպիսի խնդիրները նվազագույնի կհասցնես։ Անկախ նրանից՝ ամուրի ես, թե ամուսնացած, դու հաճելի կլինես Եհովայի աչքին (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։37, 38)։ Աստծու հավանությանն արժանանալը ամենամեծ նպատակն է, որին կարող ես հասնել։ Նրա հավանությունն ունենալով՝ կշարունակես ընթանալ այն ճանապարհով, որը տանում է դեպի կյանք նոր աշխարհում։ Այնտեղ կանայք ու տղամարդիկ իրենց փոխհարաբերություններում զերծ կլինեն այն ճնշումներից, որ ունեն այսօր։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը, 2-րդ գլուխ, պարբ. 16–19։
Կարո՞ղ ես պատասխանել
• Ինչո՞ւ ոչ ոք չպետք է ճնշում բանեցնի որևէ մեկի վրա, որ ամուսնանա։
• Եթե ամուրի ես, ինչպե՞ս կարող ես լավագույնս օգտագործել ժամանակդ։
• Ինչպե՞ս մտերմության շրջանում կարելի է պատրաստվել ամուսնական կյանքում ծագող խնդիրներին։
• Ինչո՞ւ ամուսնությունը մեխանիկորեն չի պաշտպանում սեռական անբարոյությունից։
[նկարներ 14-րդ էջի վրա]
Ամուրի քրիստոնյաները ուրախություն են ստանում՝ ընդարձակելով իրենց ծառայությունը
[նկար 16-րդ էջի վրա]
Ի՞նչ փոփոխություններ թերևս ոմանք անեն ամուսնությունից հետո